zarine karapetyan

Տո անխի՜ղճ

Նոյեմբերի հերթական ցուրտ ու մռայլ օրն էր։ Կյորեսյան արևի վերջին ճառագայթները աստիճանաբար իրենց տեղը զիջում էին ավանդական թոխպին։ Ամենքը իրենց տանը նստած հոգ էին անում ձմեռվա համար։

Այդ եղանակին միայն մի ծերունու կարելի էր նկատել. նվաղած աչքերով, կնճռոտված ձեռքերով միջահասակ ծերուկ էր, ով քայլում էր իր այգու միջով։ Վերարկուն ուսերին անփույթ գցած, ձեռնափայտը՝ ձեռքին՝ մոտեցավ իր սարքած նստարանին՝ թթենու տակ։ Նա հիացած նայում էր իր շուրջը։ Բայց հանկարծ մի միտք մռայլեցրեց ծերուկի գոհ ժպիտը։ Կարծես մի անախորժ բան հիշելով՝ հանդարտ շարժումով նստեց, ճակատը հենեց ձեռնափայտին, աչքերը հառեց գետնին՝ անտարբեր շրջապատի նկատմամբ։

Մտորումների այդ թեժ վայրկյանին մի չորացած տերև ծառից պոկվեց ու օրորվելով ընկավ ծերունու ոտքերի առաջ։ Դա գրավեց նրա ուշադրությունը։ Նոր մտքերի մեջ չնկատեց էլ, թե թոռն ինչպես թռչկոտելով մոտեցավ իրեն.

-Պապի, ե՛կ, տատին ասում ա՝ ճաշը սառեց։

Ծերունին կամաց բարձրացրեց գլուխը. այնպիսի տպավորություն էր՝ ասես չէր լսել փոքրիկին։ Նրա գլխի մի շարժումից տղան հասկացավ ու մոտեցավ սիրելի պապիկին, որի սառած շրթունքները համբուրեցին նրա ճակատը։ Այդ վայրկյանին երկու խոշոր արցունքներ պոկվեցին ծերունու աչքերից։

Խախտելով իր համար անտանելի լռությունը՝ տղան հարցրեց.

-Պապի՛, մաման ալ ա քու պես լյաց ինում իրիգյունին, ամա ինձ չի ասում, թե՝ խէ։

-Բալաս, քինա, տատուն ասի՝ կյամ եմ,- ասաց ծերունին ու աչքերը հառեց այն նույն տերևին։

-Պապի՛,- անփութորեն շարունակեց թոռը,- տատին պապուն ճաշն ալ ա լյիցալ, բա խէ՞ կյամ չի։

Այս խոսքերը սթափեցրին ծերունուն։

-Բալա՛ս, սպասում ենք։

-Պապի, բա խէ ա ուշանում։ Ես տեսած չեմ պապուն։

Պապը հայացքը հառեց հեռվին.

-Սահմանապահ էր բալաս, մի օր քինաց, ասեց՝ կկյամ։

Փոքրիկը դադարեց հարցեր տալը։ Պապի հոգոցը նշանակում էր, որ հերթական անգամ չի պատասխանելու իր հարցերին։ Ու որպես եզրափակիչ խոսք՝ ասաց.

-Պապի՛, վեր ես ալ մեծանամ, զինվոր եմ տռնալու, քինամ պոստերը։ Բայց ես յետ կկյամ, պապի՜, ես խաբում չեմ պապուն նման…

Ու լռեց տղան։ Խիստ վրդովմունքից կծեց շրթունքը։ Աչքերը լցվեցին, շուռ եկավ ու փախավ։

Պապը աչքերով հետևեց սիրելի թոռնիկին ու հազիվ լսելի ձայնով ասաց.

-Էս աշխարհքում աման հինչ տեսած եմ, ամա սենց պան… Բա չասե՞ս էս բախտ պիժանողին՝ տո անխի՛ղճ, մինչև մինուճար տղուս տանելը, էս խոխի մասին մտածա՞լ ես, հի՞նչ պատասխանեմ ես։

Մի հուսահատ հոգոց հանեց։ Աչքովն ընկավ այն տերևը։ Արհամարհական կերպով ոտքով քշեց մի կողմ, ուսերի վերարկուն ուղղեց ու քայլեց դեպի տուն։ Ծերուկի ունքերը դեռ խոժոռված էին։

Anahit Badalyan

Սիրո մոնոպոլիան

Երբ նոր էի սկսում տնտեսագիտություն ուսումնասիրել, նկատում էի, որ այն տարբեր է հումանիտար գիտություններում ներառված այլ առարկաներից՝ հոգեբանությունից, փիլիսոփայությունից, քաղաքագիտությունից և այլն: Հետո հիշեցի՝ հայկական ավագ դպրոցների հոսքային ուղղությունների համաձայն՝ տնտեսագիտականն առանձին է հումանիտարից: Սովորելուս վերջին տարիներին համոզվեցի՝ էդպես չպիտի լինի: Ըստ իս՝ մենք հումանիտար առարկաները վերանայելու խիստ կարիք ունենք: Լեզու-գրականություն-պատմությունից զատ «հումանները»՝ մարդիկ, շատ ավելիին են աղերսվում: Ու տնտեսագիտության աղերսը մարդու, նրա հոգեբանության ու վարվելակերպի հետ ամենաամուրն է: Տնտեսագիտությունը շա՜տ-շա՜տ ավելին է, քան մաթեմատիկական հաշվարկների, ստատիստիկայի ու էլի մի քանի բաների համադրությունը: Տնտեսագիտությունը սեր է:

Սիրո մեջ էլ, ինչպես տնտեսագիտությունում, միությունը հենվում է առաջարկի ու պահանջարկի վրա։ Տալու ու վերցնելու արվեստը տնտեսագիտության մեջ պատկերվում է արտադրողի ու սպառողի շնորհիվ ձևավորված շուկայի միջոցով։ Առանց մեկի մյուսը դադարում է գոյություն ունենալ։ Երկու ոլորտներում էլ կա հավասարակշռության կետ։ Դա այն կետն է, որտեղ արտադրվում և սպառվում է հավասար քանակությամբ բարիք։ Այն կետը, որտեղ տալիս և ստանում են նույնանման (ոչ երբեք՝ նույնչափ) սեր։ Հավասարակշռությունը խախտելը անհետևանք չի մնում շուկաներից և ոչ մեկում։ Թե՛ արտադրանքի, թե՛ պահանջարկի ավելցուկը համապատասխանաբար հանգեցնում են  ամբողջովին չսպառված կամ բավական քանակությամբ չարտադրված բարիքի։ Սրանից տուժում են կա՛մ արտադրողները, կա՛մ սպառողները։ Ստեղծված տատանման պատճառով շուկան ձգտում է վերադառնալ հավասարակշռության կետին, որտեղ ավել-պակաս ոչինչ չկար։ Սիրո մեջ ևս հավասարակշռություն է պետք։ Ստեղծված ավելցուկները անբավարար սպառողների կամ արտադրողների «թեթև ձեռքով» վերածվում են կորուստների ու վնասում ողջ տնտեսությանը։ Բայց տարբերն այն է, որ սիրո շուկայում արտադրանքն ու սպառումը թվերով ի հայտ չեն գալիս, ուստի տվածի և վերցրածի քանակները չափել փորձելիս մենք միշտ կարող ենք կանգնել հավասարակշռությունը կորցնելու վտանգի առաջ։ Իսկ եթե սերն իրոք տնտեսագիտության դրսևորումներից մեկն է, կամ գուցե հակառակը, պիտի ուրեմն համապատասխանաբար իջեցնել կամ բարձրացնել սիրո գինը այնքան, մինչև շուկան կարողանա հասնել իր հավասարակշռության կետին։ Բայց եթե պիտի սերն արժեզրկելով մի անփառունակ հավասարակշռություն նվաճել, էլ ինչների՞ս է էդ տնտեսությունը․․․

Սիրո ու գնի փոխադարձ կապն արտահայտվում է սիրո էլաստիկության միջոցով։ Կանոն է․ բարիքի պահանջարկն ավելի էլաստիկ (առաձգական) է, եթե դրա քանակը մեծապես պայմանավորված է գնով։ Այսինքն՝ թե գինը բարձրանա, բարիքի քանակն էլ դրա պատճառով իջնի, ուրեմն էլաստիկ պահանջարկ ունի բարիքը։ Ոչ էլաստիկ պահանջարկով բարիք պիտի լինի սերը։ Գնի բոլոր տատանումներից անկախ՝ սիրո դիագրամը պիտի միշտ ուղղահայաց գիծ լինի․ միշտ դեպի վեր, միշտ դեպի վեր։

Սիրո մեջ հարկերը փորձություններն են, որոնք կառավարությունը՝ կյանքը, դնում է մեր առաջ ու ասում՝ հաղթահարեք։ Էլի բարիքի պահանջարկի էլաստիկությունից կախված՝ հարկը ծանրանում է կա՛մ արտադրողի, կա՛մ սպառողի վրա։ Էս երկուսի փակած ծախսերից հարստանում է կյանքի բյուջեն, որը, ըստ դեմոկրատ կյանքի մասին օրենքի՝ հետագայում օգտագործվում է այլ տնտեսություններ՝ այլ սերեր հովանավորելու համար։

Սուբսիդիաները ուրիշ սերերի փորձություններից հարստացած կյանքի բյուջեից մեզ տրվող օգնություններն են։ Այն նոր հնարավորություններն են, որոնք պիտի փրկեն մեր տնտեսությունն անկումից ու բարձրացնեն մեր արդյունավետությունը։ Սուբսիդիաները տրվում են հաճախ այն ժամանակ, երբ կյանքը ցանկանում է խրախուսել մեր տնտեսությունը, որովհետև այն կարևոր է համարում ինչպես մեզ, այնպես էլ ողջ հասարակության համար։ Վարակիչ ու լուսավոր սերերին բաժին հասնող երկրորդ, երրորդ կամ գուցե հարյուրերորդ նոր հնարավորությունն են սուբսիդիաները․ որ սերը ճգնաժամերին տանուլ չտանք։

Ու վերջապես։ Սիրո մեջ էլ, ինչպես տնտեսագիտության մեջ, օգուտը հաշվելու համար ընդհանուր հասույթից հանում ենք ընդհանուր ծախսերը։ Արդյունքում մնացածը` մեր օգուտն է։ Ասվում է՝ 0-ից բարձր օգուտ գրանցող տնտեսությունները շարունակում են երկարաժամկետ արտադրությունը։ 0-ին հավասար օգուտ գրանցողները կարող են շարունակել արտադրել, այնուամենայնիվ, հեռանկարային անորոշությունը սահմանափակիչ դեր է խաղալու։ Դե իսկ 0-ից ցածր տնտեսությունների օգուտը շուկան վնաս է կոչում։

Բայց տնտեսությունների կարգավիճակը մեծապես կախված է շուկայի կառուցվածքից։ Տնտեսագիտության մեջ իմ ամենաչսիրած շուկայական կառուցվածքը մոնոպոլիան է եղել։ Անարդար եմ համարել այն, որ ինչ-որ բարիքի արտադրություն սահմանափակվում է մեկ արտադրողով, ու մյուսները չեն կարողանում մտնել շուկա բարձր պատնեշների ու անդիմակայելի մրցակցության պատճառով։ Բայց սիրո մեջ թող մի՛շտ մոնոպոլիա լինի։ Թող այլ արտադրողներ չկարողանան մտնել սիրո տնտեսություն, որովհետև բարձր են պատնեշները։ Կատարյալ մրցակցության միջով անցնող ու մոնոպոլիստիկ սկզբունքներ որդեգրող արտադրողներով ու սպառողներով թող ձևավորվի սիրո տնտեսությունը։

Թող շահո՛ւյթն էլ, հարկե՛րն էլ, օգուտնե՛րն էլ, վնասնե՛րն էլ մեկը կրի։ Թող անասելի բարձր լինի մեր սիրո գինը․․․ Բայց թող մենք երբեք չվաճառենք  մեր սերը․․․ Թող չվաճառվող բարիքի ավելցուկից դառնանք անհավասարակշիռ, ու ոչինչ, շուկան էլ թող ասի՝ վնաս ենք կրում։ Թող մեր կրած ամենամեծ վնասը սիրո ավելցուկը լինի։ Ու թող սերը լինի այն միակ մոնոպոլիան, որից կշահեն երկուսը․․․

tatev telunts

Մարդուն մարդ է պետք

Իմ մենակ սենյակում նստած, իմ մենակ ներկայի մեջ պարտադրված ես կարոտում եմ հին օրերը, որոնց մասին երբեք չեմ մտածել: Հիշողությունները գալիս են հեռուներից, այն օրերից, որոնք սկսել եմ ակամա, ավարտել եմ լուսնի հայտնվելուց մի քիչ հետո: Գեղեցիկ է ու առեղծվածային այն միտքը, որ մենք կողքից չենք կարողանում տեսնել, բայց մեր միտքը դա տեսնում է ու մեզ ցույց տալիս: Ինչքան էլ ասենք, որ ավելի լավ է հեռու մնանք մարդկանցից, թունավոր են, կծող, խոցող ու սպանող, բայց երջանկությունն իրական չէ, եթե այն չես կիսում ուրիշի հետ: Ես կարոտում եմ այն օրերը, երբ բոլորս մինչև գիշերվա ուշ ժամը փողոցում խոսում էին, միասին ժամանակ անցկացնում, խաղում: Հետո բոլորս ինչ-որ մի ժամի անհետանում էինք, տունը լիքն էր, ամեն ինչ պարզ էր ու անկեղծ: Ժամանակ, ի՞նչը փոխեց քեզ, կամ ինչո՞ւ փոխեցիր դու մեզ: Հիմա փողոցը դատարկ է, տունս նույնպես, ես էլ դատարկ եմ: Երբեմն կարոտում եմ այն օրերը, որտեղ նախընտրում էի մենակ մնալ, բայց կողքիս առնվազն մի քանիսը կային: Ընդհանրապես չեմ ափսոսում, որ ինձ ուրիշներից մեկ-մեկ հեռու եմ պահել: Պահն էր այդ զգացմունքները խցկում գլխիս ու տրամադրությանս մեջ: Ես ոչինչ չեմ ափսոսում, բայց կարոտում եմ: Մեկ-մեկ մտածում եմ, որ օրերը իրենց առեղծվածային օրինաչափությունը ունեն։ Օրերի մի շարք կա, երբ ամեն ինչ ջերմ է, աննկատ ու արագ, հետո կամաց-կամաց ամեն ինչ կորչում է, դու էլ խելքդ ես կորցնում, ուզում ես պահը կանգնեցնել, որ ամեն ինչ ավելի չկապտի, մեկուսացնի, մենակեցնի:

Դեմքիս միմիկաները սառում ու կանգնում են, երբ մտքերս ու հիշողություններս են ինձ հյուր գալիս ու սատանայի ձայնով, սրտիս զարկերակները քաշքշելով գլխուղեղիս մեջ կտկտացնում: Ու ես հիշում եմ, որովհետև կարոտում եմ, կարոտում եմ, որովհետև էլ չկա, էլ չկա, որովհետև ինձանից տարել են, ինձանից տարել են, որովհետև ես չեմ պահել: Ու որովհետև գնացածները էլ նույնը չեն լինում, եթե հանկարծ գալիս են։ Ինձ մնում է հուսալ, որ նոր եկողներն էլ կլինեն աննկատ, պարզ ու անկեղծ, որ հետո հիշելուց աչքերիս առաջ տատանվող պատկերներն ու ֆանտազիաները ներսս սիրուն կոտրեն էն զգացումով, որ կարոտում եմ, բայց չեմ ափսոսում:

Մինչ նոր հիշողություններ: Մինչ նոր մտքեր:

gayane stepanyan syunik

Ապրիլյան ձյունը Շամբում

Շամբի կլիման մեղմ է, սակայն ձյունը մեր բնակավայրը չշրջանցեց։

Համագյուղացիներից շատերն են տուժել։ Առավել հանգամանալից պարզաբանելու համար զրուցեցի տատիս հետ։

-Տատ, ձյուն հաճա՞խ է տեղում այս բնակավայրում։ Ձմռան ո՞ր ամիսն է առավել ձնառատ։

-Ոչ, հաճախ չի տեղում։ Ձմռան ամիսներից փետրվարն է առավել ձնառատ։

-Գարնան այս ամսին տեղած ձյունը մեր այգուն մե՞ծ վնաս է պատճառել։

-Այո, ծիրանենու բողբոջները ցրտահարվել են, և ոչ միայն ծիրանենու։ Ցրտահարվել են նաև սալորենու, ընկուզենու և շատ-շատ այլ պտղատու ծառերի բողբոջներ։ Ընդհանուր վնասը կազմում է համարյա ամբողջ այգու 80%-ը։

-Այգու բերքը հաճա՞խ է ցրտահարվում։ Մոտավոր քանի՞ տարին մեկ։

-Կլիման մեղմ է, սակայն 3 տարի անընդմեջ՝ ընկույզը, 2 տարի անընդմեջ ծիրանը ցրտահարվում են։ Մյուսները էլի ցրտահարվում են, բայց ոչ այդքան հաճախ։

-Ամենաթույլ բողբոջները ո՞ր ծառինն են։

-Ընկույզի բողբոջները։

-Իսկ միայն մրգերի՞ն է վնասել այս ապրիլյան ձյունը:

-Ոչ, խոշոր եղջերավոր անասունների մսուրային շրջանը երկարել է, անասունները պակաս են կաթ տալիս, հավերն էլ՝ պակաս ձու։

20200424_192307

-Հաճա՞խ ես հետևում եղանակի տեսությանը։

-Անպայման։

-Մայիսը դեռ առջևում է, ի՞նչ ես կարծում՝ մայիս ամսին ձյուն կգա՞։

-Իմ կարծիքով՝ վտանգ դեռ կա մինչև մայիսի կեսերը։

-Ինչի՞ հետ ես կապում այս ապրիլյան ձյունը։

-Բնության պատիժն է մարդկությանը։ Աստված նույնպես բարկացած է։

-Բանջարեղենին վնաս տվե՞լ է։

-Հետաձգում են վարը, պատճառը վախն է։

20200424_193011

105․ հիշում եմ և պահանջում

Վերջերս շատ եմ նկատել, որ բոլորը փոխում են իրենց գլխավոր նկարները` անմոռուկ ու Եղեռնի հետ կապված ինչ-որ նկարներ են դնում։

Շատերը տարածում են նյութեր` այն բովանդակությամբ, որ մյուսներն էլ նույն կերպ վարվեն։

Գիտե՞ք՝ նկար փոխելով չի, որ պիտի հարգվի անմեղ զոհերի հիշատակը, անմոռուկի նկար դնելով չենք դառնում հայրենասեր, այլ մեր արարքներով…

Հայ լինելը պիտի մարդու հոգուց գա, այլ ոչ թե նկար փոխելով ապացուցվի, էն էլ՝ ընդամենը մեկ օրով դրված ժամանակավոր նկարի։ Հայ լինելն ու նախնիներիդ հարգելը էդ չոր ու ցամաք նկարով չի ամփոփվում, գրողը տանի։ Ի՞նչ իմաստ կա, եթե էդ նկարը դրվելու է մի օրվա համար, մի քանի ժամվա համար։ Հա՛յ եղիր արարքներովդ ու գործերովդ, ոչ թե մի քանի ժամով դրած անմոռուկի ու Ծիծեռնակաբերդի նկարով։

Վերջ ի վերջո նախնիներին ու նրանց հանդեպ գործած ոճրագործության մասին պետք չէ հիշել միայն օրենքով սահմանված հիշատակի օրը ու մնացած 364 կամ 363 օրը մոռանալ դրա մասին, անցյալը պիտի հարգվի ամեն օր ու առանց ավելորդ ձևականությունների։

Լիլիթ Հարությունյան, Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն

 ***

Պատմությունը ուսումնասիրելիս անհնար է չկենտրոնանալ Հայոց հարցի վրա։ Հայերը պահանջում են, աշխարհը լռում է։ Հողերը մերն էին, բայց աշխարհը չցանկացավ մեզ օժանդակել։ Թուրքը կողոպտեց, ավերեց, ճնշեց, գրավեց։
Աշխարհը տեսավ, որ թուրքը հայ չի թողնի երկրագնդի վրա, նրան պետք էր հայոց հարցին վերջ դնել մեկընդմիշտ։ Բոլոր տարբերակներից ընտրվեց ամենադաժանը։ Ծրագրվող ջարդը Հայաստանում հայ չէր թողնելու, քարտեզի վրա՝ Հայաստան։
Մի ժողովուրդ, որը առաջինը ընդունեց քրիստոնեությունը, որը 4-րդ դարից աղոթում էր, այլևս չէր աղոթելու։ Հայը սակայն հայ մնաց, չենթարկվեց ոչ ոքի։ Հայի արյամբ ներկվեց իր հայրենիքը՝ Հայաստանը՝ պատերազմած, հաղթանակած: Հայը ծնկի չեկավ, գլուխը բարձրացրեց և արցունքները աչքերից սրբելով՝ նորից պայքարեց։
Մենք Անդրանիկի թոռներն ենք և պետք է իր և իր հետ կռված տղաների արյամբ ներկված հայրենիքը ամուր պահենք։
Արդեն 1 դար է անցել և մեր վերքերը չեն սպիացել, թեկուզ դարեր էլ անցնեն, մեր վրեժը չի մարի։

 Գայանե Ստեփանյան, Սյունիքի մարզ, Սիսիան համայնքի Շամբ բնակավայր
Anahit Badalyan

Եթե մենք իրո՛ք իսկական ենք

Բարև, բարեկամս․․․ Դժվար ժամանակներ են, բայց հույս ունեմ՝ լավ ես։ Ի՞նչ ես անում, ինչո՞վ ես զբավում։ Լիահույս եմ՝ չես նեղսրտում, չես տխրում։ Գիտեմ՝ ձանձրանում ես, հոգնում ես: Շատ ես մտածում երևի։ Մտածում ես հիմիկվա մասին, անցյալի մասին, եթե համարձակությունդ հերիքում է՝ նաև ապագայի մասին։ Երևի ինչ-որ դրվագներ ես հիշում անցյալից, մի քանի տարվա հնություն ունեցող պահեր, ժպտում ես, գուցե ծիծաղում ես անզուսպ, հետո հետ ես գալիս ներկա, մի պահ սառում ես գուցե էդ պահերի՝ արդեն ծիծաղելով հիշելու վաղեմություն ունենալու վրա, հետո ուզում ես ջերմանալ՝ ապագայի մասին մտածելով, ու կանգնեցնում է քեզ ինչ-որ բան․ էլի ներկան։

Դու նայում ես ներկային ու գիտակցում, որ քեզ ու նրան պատուհաններ են բաժանում, ներկան օրըստօրե ավելի է հեռանում, իսկ դու նրան ուզում ես մոտ լինել ագահաբար, էնպես, ոնց մեկ-մեկ կարոտել ես անցյալն ու երազել ապագայի մասին։

Ես իսկապես կուզենայի իմանալ, որ դու էս օրերին հետաքրքիր, հաճելի ու օգտակար գործերով ես զբաղված եղել։ Կուրախանայի, եթե իմանայի՝ չեղարկված պլաններ ու էդպես էլ անկատար մնացած կարևոր իրադարձություններ չկան էս օրերիդ մեջ։ Կնախանձեի երևի մի թեթև, եթե էս օրերը ուղղակի մի քիչ երկար արձակուրդ են քեզ համար ու դու հանգստանում ես։

Բայց ես քեզ հետ միշտ եմ անկեղծ եղել։ Մեր զրույցներում դու ես ունկնդիրը, բայց գիտեմ, որ դու էլ անկեղծ ես եղել, թե չէ վստահաբար չէի գրի․․․

Անկեղծներն իսկական են, իսկ իսկականներին ինչ-որ բան հասկանալու համար ոչինչ պետք չէ։ Հա, բարեկամս։ Պետք չէր, որ տանը փակվելու հետևանքով միայն հասկանայինք՝ կարևոր է ընտանիքի հետ շփվելը, խոսելը, ընթրելը։ Եթե իսկական ենք, մի սովորական օր առանց առիթի կամ պատճառի ուղղակի տորթ կթխեինք ու գուցե աշխարհի ամենաանհաջող հրդեհն առաջանար մեր՝ բարձր միացրած գազօջախից, կամ էլ գուցե էնպիսի հոտեր գցեինք՝ հարևանները պատուհանների մոտից էն կողմ չգնային։ Եթե իսկական ենք ընկերություն արել, պետք չէր մի որոշ ժամանակ չտեսնելուց հետո միայն հասկանալ, որ կարոտել ենք իրար։ Անկեղծ ընկերները զանգում են իրար ամեն օր, կամ ամիսը մեկ թեկուզ, բայց դրանով ու ոչ էլ հանդիպումների քանակով չէ, որ կարևորում ու գնահատում են իրար։ Եթե մենք իրոք իսկական ենք, ապա գլոբալ տաքացման ու կլիմայի փոփոխության մասին պիտի հասկացած լինեինք դեռ շատ վաղուց։ Պիտի խնայեինք լույսն ու էներգիան դեռ երկար ժամանակ առաջ ու պիտի հոգ տանեինք բնության մասին դեռ էն ժամանակ, երբ մեզ կարող էինք բնության գրկում ժամերով մնալու ճոխությունը թույլ տալ։

Եթե իսկական ենք եղել, պիտի կարդայինք և ա՛յն ժամանակ, երբ դասից հոգնած գալիս էինք, կամ աշխատատեղում ուժասպառ էինք լինում։ Էս արհեստական պարապությունը չէ, որ պիտի ընթերցասեր դարձներ մեզ, բարեկամս։ Կասես՝ էն ժամանակ ժամանակ չունեի։ Ունեիր, բայց ավելի քիչ։ Բայց ունեիր ու դու էիր որոշում՝ ոնց ծախսես։ Կամ վատնես։

Լավատես դառնալու համար պարտադիր չէր վատի միջով անցնել։ Ուրիշներին էս-էս ֆիլմերը նայել, էս-էս գրքերը կարդալ կամ ինչ-որ օգտակար բաներ խորհուրդ տալն էլ մերը չէր դառնա ոչ մի պահ ու ոչ մի հանգամանքում, եթե իսկապես իսկական ենք․․․

Մենք մեկ է՝ սիրում էինք դպրոցը։ Հոգու շա՜տ խորքում մեզնից ամենածույլիկն էլ ինչ-որ պատճառ ուներ՝ դպրոցը սիրելու։ Թեկուզ միայն այն, որ արդեն երկար տարիներ դա այն ուղղությունն է, որով իր ոտքերը քայլում էին ինքնաբերաբար ու աներկբա․․․

Մենք միշտ էլ ժամանակ էինք գտնում՝ մտածելու։ Որովհետև դու չես նստում ու որոշում մտածել։ Դու մտածում ես ուտելիս, խոսելիս, քնելիս․․․ շա՜տ։ Ու կապ չունի՝ ինչքան քիչ կամ շատ է քո ժամանակը, եթե մտածող ես՝ մտածելու ես։ Միշտ ես շատ մտածելու, դրանից փախուստ չկա։ Տանը փակվելն ու մտերիմներին կարոտելը չէ, որ պիտի ապացուցեին՝ մենք շատ ենք սիրում նրանց։ Էդ մտերիմներն «անցել են» ժամանակի ու տարածության միջով։ Վերջին տարիներին նրանց նիհարել-չաղանալը տեսնում էի հեռախոսով, տեսազանգով․․․ Քանի-քանի ծնունդներ էսպես տեսազանգով շնորհավորվել են կեսգիշերին արդեն ավելի, քան երկու տարի շարունակ։ Էդ մտերիմներից անիսկականները սղվել են դեռ ա՛յն ժամանակներից։ Իսկականների կողքով անտարբեր է անցել թե՛ ժամանակը, թե՛ տարածությունը: Նրանք անժամանակ են ու անհեռու…

Հիմա դժվար է, ու դժվար է ասել՝ ավելի դժվար էլի եղե՞լ է, թե՞ չէ։ Կիսատ մնացին շատ բաներ, անավարտ մնացին որոշները, անսկիզբ՝ շատերը։ Ընդմիջում է երևի։ Բայց արի ճանաչենք մեզ իսկական ու առանց ընմիջումների։ Արի գիտակցենք, որ մեր ուժը դրսևորվում է ոչ թե նրանում, որ մենք կարողանում ենք ճիշտ կերպով հաղթահարել էս չափազանց անսովոր պայմաններում ստեղծված դադարը, այլ նրանում, որ մենք կկարողանայինք դադար առնել ճիշտ պահին ցանկացած հանգամանքներում։ Մենք ուժեղ ենք, եթե ի վիճակի ենք չհանդիպել, չտեսնել ու չզգալ կարևոր մարդկանց ներկայությունը ոչ այն պատճառով, որ էդպես են թելադրում հանգամանքները, այլ նրա համար, որ էդպես ենք հարկավոր համարում էդ պահին: Եթե կարողանում ենք ժամանակ տալ ինքներս մեզ այն պահերին, երբ զբաղվածությունը ծորում է մեզնից, եթե կարողանում ենք չշտապել ու մտածել այն պահերին, երբ քիթ սրբելու ժամանակ չունենք, ապա մենք իրո՛ք ուժեղ ենք։ Ու մենք իսկական ենք ուրեմն։ Մենք իսկական ենք, եթե մի շա՜տ սիրուն գարնանային օր, երբ արևը ժպտում է, ծառերը՝ ճոճվում ապրիլյան քամուց, իսկ մարդիկ քայլում են փողոցներում՝ ամենանուրբ ծաղիկների փնջերն իրենց ձեռքին, որոշում ենք տանը մնալ ու ավարտել մեր սիրելի գիրքը։ Որոշում ենք տանը մնալ, որովհետև տանն են տանեցիներն ուղղակի։ Մենք իսկական ենք, եթե մեր քայլերը կախված չեն արտաքին հանգամանքներից։ Ու իսկական ենք մենք, եթե կարողանում ենք հոգալ դիմացինի մասին ամեն-ամեն ինչից անկախ, հանգամանքներից՝ ևս, հանգամանքներից՝ առավել ևս․․․

Ու եթե մենք իսկական ենք նաև հիմա՝ էս պայմաններում ու էս ամեն ինչի մեջ, ուրեմն ամենախրթինը՝ հոգու սովն ու սրտի աղքատությունը, արդեն իսկ հաղթահարված է։

 

gayane stepanyan syunik

Արտակարգ դրությունն ու մենք

Այսօր չքնաղագեղ գարնան սիրուն օրերից մեկն է, և ես չեմ կարող դուրս գալ ընկերներիս հետ քայլելու, գեղեցիկ նկարներ անելու։ Այսօր բացեցի նկարներս և ինձ ծանուցում եկավ, որ 1 տարի առաջ այս օրը մենք ընկերներով հավաքվել էինք ու նկարները դրանց գեղեցիկ ապացույցներ էին։ Ես դեմ չեմ տանը մնալուն, բայց ինչ եք կարծում՝ հաճելի՞ է տանը մնալն ու չվայելելը գարնան ծաղիկների բույրը։ Իհարկե, գիտեմ ոչ մեկին էլ հաճելի չէ։

Ես չէի ուզում խոսել կորոնավիրուսից, սակայն այս իրավիճակում ինչից էլ խոսես՝ հանգելու ես այս վարակին։ Երբ նույնիսկ ընտանիքով ընթրում ենք, խոսակցության առաջին թեման  կորոնավիրուսն է։

-Ասում են՝ այսօր 20 հոգով պակասել ա հիվանդացածների թիվը։

-Եթե էս շաբաթ նվազեց, ուրեմն վերջ։

-Հա, հազիվ կկարողանանք գնալ դպրոց։ Էս առցանց դասերի մեծ հոգսից էլ կազատվենք։

Այո, առցանց դասերը մեր և մի շարք այլ ընտանիքներում ոչ այլ ինչ է, քան հոգս։ Մայրս դաս է բացատրում, քույրս դաս է լսում, ես դաս եմ պատմում, իսկ կրտսեր քույրս, եթե ստացվի, մուլտֆիլմով կխաբվի, եթե չէ՝ գոռալով վազվզում է տանը։

Ինձ շատ զավեշտալի են թվում այն մարդիկ, ովքեր կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքից գնում են շատ-շատ (մեկ տարվա պաշար)։ Թող սա փնովանք չթվա, բայց իմ կարծիքով՝ կարող ենք գնել հիգիենայի ապրանքների մեծ պաշար, որոնք ունեն մի քանի տարվա պիտանելիության ժամկետ և կարող ենք հանգիստ մի քանի ամիս օգտագործել, իսկ սննդամթերքը (մանավանդ՝ ձուն) ունի մի քանի օրվա պիտանելիության ժամկետ։ Եվ դուք կարծում եք, որ 3 օրում կկարողանաք 100 ձու օգտագործե՞լ։

Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա այս կարանտինը հարմար ժամանակ է՝ պատրաստելու այն ամենը, որոնց համար ժամանակ չես ունեցել, և ոչ միայն պատրաստելու։ Ունես լայն հնարավորություններ ընթերցանությամբ զբաղվելու։ Ես էլ իմ կողմից գրքեր խորհուրդ կտամ, որոնք պետք է անպայման կարդալ։ Շատ լավ գրքեր կան մեր դպրոցական գրականության մեջ։ Եթե չես սիրում պարտադիր գրականությունը լրիվ կարդալ, ապա խորհուրդ կտամ բաց չթողնել Նար-Դոսի «Սպանված աղավնի», «Ես և Նա» ստեղծագործությունները։ Վիլյամ Սարոյան խորհուրդ կտամ, հատկապես՝ «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Ակսել Բակունցից «Մթնաձոր», «Ալպիական մանուշակը» կարճ, բայց շատ իմաստալից պատմվածքները։ Շատ գրքեր կան, որոնք կարդալիս բավականություն կստանաք։

Չմոռանանք ֆիլմերի մասին։ Էլի խորհուրդ եմ տալու մեր հայկական (սովետական) ֆիլմերը։ Եթե չեք դիտել «Թթենին», «Խոշոր շահումը», «01-99»-ը, ուրեմն՝ ճիշտ ժամանակն է, իսկ եթե դիտել եք, ուրեմն նորից դիտեք, հաստատ չեք փոշմանի։

#ՄՆԱՏԱՆԸ և մաքսիմալ քիչ շփվիր մարդկանց հետ։

armine karapetyan

Սովորական գարուն է

Սովորական գարուն է: Իմ տեսած 17 մնացած գարունների պես: Նույն գիժ մարտն էր, որ կեղծ արևի տակ միշտ արցունքանման անձրևի կաթիլներ էր պահում ու մեկումեջ մաղում երկնքից: Նույն ապրիլն է, երբ մնացած բոլոր վայրերում եղանակը գնալով մեղմում է, իսկ մեր ափաչափ գյուղում դեռ շարունակում է ձյուն գալ:

Շատ հնարավոր է, որ ինձնից շատ առաջ գարունները բոլորովին տարբեր են եղել՝ տաք, արևոտ, առանց տանիքների, որոնք հետո պիտի կորցնեին իրենցից դուրս եկող ծուխը: Այնուամենայնիվ, ամեն ինչ հարաբերական է, ամեն բան փոխվում է ու միշտ է փոխվելու։

Չէ՜, կներե՜ք, պիտի ասեի՝ նախորդ 16 գարունների պես՝ իրար շատ նման ու գունավոր: 17-րդը տարբեր է, մի քիչ արտասովոր, նստակյաց ու անգույն: Միգուցե տարիներ հետո միմյանց հետ զրուցելիս կարոտով կհիշենք այս օրերը ու կասենք՝ 2020-ի գարունն էր…

Համոզված չեմ կարող ասել, որ կկարոտենք, բայց մենք, պատմության մի մասնիկ լինելով, ահռելի մարտահրավերներ ենք ընդունել ու պարտավոր ենք արժանապատվորեն հաղթահարել կյանքի տված փորձությունը:

Երևի սա ևս մեկ անգամ հնարավորություն է մեզ համար, որ արժևորենք յուրաքանչյուր վայրկյանն ու րոպեն, որ պատրաստ լինենք ամեն ինչի, պայքարենք ամենատարբեր ձևերով՝ տանը մնալով, միմյանց սիրտ տալով ու հուսալով, որ ամեն ինչ լավ է լինելու… Ու չնայած, որ սա դեռևս իմ ամենատխուր գարունն է, բայց այն դեռ շարունակվում է ու մեզ անգարուն չի թողնի։

Դրսում ծառերը կուչ են եկել, փողոցները կյանքին կարոտ են մնացել, բայց մարդիկ շարունակում են ապրել, շարունակում են սիրահարված մնալ հույսի այն փոքրիկ նշույլին, որ պիտի մեծանա ու հույսի ծով դառնա մի օր։

Ես հավատում եմ ու դու էլ հավատա: Հավատա, որ եկող ամառը այնքան տաք ու լուսավոր պիտի լինի, որ զգացնել չտա գարնան պակասությունը մեր ոսկորներում, այնքան հրաշալի, հագեցած ու ուրախ պիտի լինի, որ երանելության մեջ հայտնվենք: Անպայման կգա, հաստա՛տ, խոսք է տվել, իսկ խոստացածը չկատարելը անազնվություն է, ինչը երբեք մեր Մոլորակը չի անի։

Դե իսկ դու՝ մեր ամենասիրելի Մոլորակ, մեր Երկիր, շուտ ապաքինվի՛ր, դու արժանապատվորեն անցել ես ավելի դժվար ճանապարհներով ու հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ, չընկճվե՛ս, չնահանջե՛ս։