Պատմություններ Ադրիատիկի ափերից․ Էստեղ` տանը

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Ահա և ես: Վերադարձա: Երևան-Վարշավա, երկու ժամ՝ Վարշավայի օդանավակայանի սառը պատուհաններին գամված՝ մանրազնին հետազոտելով եղյամի մանր սպիտակ կետիկները, Վարշավա-Վենետիկ, ավտոբուսի կանգառի որոնումներ, Վենետիկ-Տրիեստե, ու հետո արդեն հարազատացած Տրիեստե-Դուինո: Իսկ վերջում՝ վերադարձ: Հիմա մտածում եմ՝ հետաքրքիր է, էստեղից Հայաստան մեկնելիս էլ եմ վերադարձի մասին գրում, Հայաստանից էստեղ գալիս էլ: Որտե՞ղ են մարդիկ վերադառնում: Մարդիկ երևի վերադառնում են էնտեղ, որտեղ եղել են ժամանակին, հուշեր են ունեցել ու հետո լքել են: Ստացվում է՝ ես հուշեր ունեմ և՛ էստեղ՝ Իտալիայում՝ Ադրիատիկի ափին, և՛ Հայաստանում՝ Զվարթնոցից մինչև Չերեմուշկա (անպայման 8 համարի ավտոբուսով գնալով): Այնքան տարբեր են զգացածներս՝ բառերով արտահայտելու համար մի քիչ ավելի խուճուճ․․․

Դու ի՞նչ կզգայիր, եթե նայեիր լուսնին ու հիշեիր, որ վերջին լիալուսնի ժամանակ դու հերթական բլինչիկն էիր ուտում ձեր խոհանոցում: Եթե բացեիր պահարանդ ու տեսնեիր, որ շա՜տ շոկոլադներ ունես, որոնք մաման խնամքով դասավորել էր, որ դու քոլեջում քաղցրի պակաս չունենաս: Նայեիր գրադարակիդ, հիշեիր, որ մի քանի ամիս կարդացել ես քո լեզվով գրված էդ գրքերը, որ ինչ-որ տեղ կարոտդ առնես, հետո թողել ես դարակն էլ, գրքերն էլ ու գնացել ես տուն՝ կարոտդ հենց տնից առնելու: Հիմա նորից տեսնում ես էդ գրքերը ու հիշում ես դրանց՝ տան կարոտ առնելու միջոց լինելը: Դու կնայես պատուհանիցդ, մայրամուտը սարսափելի, անբացատրելի, աննկարագրելի սիրուն կլինի՝ քո սիրած գույնի՝ մանուշակագույնի, ամենանուրբ երանգներով: Դու կսիրես այդ մայրամուտն էլ, այդ երեկոն էլ, այդ պատուհանն էլ ու այդ օրն էլ: Դու կսիրես այն, որ այդ պահին այդտեղ ես ու այդ մայրամուտի մեջ: Հետո էլի մի պահ կհիշես, որ վերջին անգամ այդ մայրամուտին նայել էիր հաջորդ առավոտյան աչքիդ առաջ Խուստուփի պատկերը ունենալու ակնկալիքով: Ու կթախծես դու մի պահ․․․

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Չէ, չես տխրի: Նորից Խուստուփը տեսնել էլ չես ուզենա, չես էլ հասցրել կարոտել: Դա կարոտ չի: Տուն վերադարձած օրերիդ դու քաջ գիտակցել ես, որ ցանկանալու ես կրկնել մամայի ծնկներին նստած պահերը, Մարիի հետ երգել-պարելը, Կապանով քայլելը, պապայի հետ զրուցելը: Դու գիտակցել ես, դրա համար էլ վայելել ես այդ օրերը՝ ամբողջ ուժովդ: Դրա համար էլ էս պահին մեջդ եղածը կարոտ չի ամենևին էլ: Դու թախծում ես մանուշակագույն մայրամուտի մեջ, որովհետև զգում ես, որ մտերմացել ես էդ տեսարանին, որ ուղղակի գեղեցկություն ու նրբագեղություն չի տեսածդ, որ ներդաշնակության սիրունագույն դրսևորում չի միայն սփռվում աչքերիդ առաջ, այլ հարազատացած մի տեսարան՝ աչքերիդ ծանոթ, սրտիդ՝ մոտիկ: Դու քո սենյակի լույսերը սիրում ես՝ կարմիր ու կանաչ: Դու սիրում ես քո գրասեղանը, որ կոկիկ դասավորում ես ամեն օր՝ դասերդ ավարտելուց հետո, ու որի անկյունում էկոնոմիկայի հաստ գրքերն են խնամքով շարված, դու թողել էիր քո ամենասիրելի բաժակը մահճակալիդ վերևի պահարանին՝ «Ապրած և չապրած տարիներ»-ի հարևանությամբ: Ու դու սիրում ես թեյ խմել քո այդ հին բաժակով: Տնից բերած թեյդ: Իսկ տա՞նը: Տանը թեյ էիր խմում էն բաժակով, որով չէիր խմի երբեք, եթե քո էն ամենասիրածը հետդ տարած լինեիր: Բայց չէիր տարել: Թողել էիր քոլեջում՝ տանը․․․

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Մաման կողքիդ չի լինի, երբ արթնանաս, Մարին էլ, բայց դու փակցրել ես իրենց նկարները քո գրասեղանի ու մահճակալի պատին, դու պապայի, տատիկի, Անուշիկի, Հռիփսիմեի, ընկեր Ոսկանյանի ու էլի թանկ մարդկանց նկարներն էլ ես փակցրել: Որովհետև դու ուզում ես քեզ տանը զգալ, իսկ տանը դու գիտես, որ քո թանկերը միշտ քեզ հետ են: Բայց դու սիրում ես դաս անել ոչ թե ընդհանուր, այլ գիշերալամպի լույսով: Դու սիրում ես քեզ լուսամփոփի պես աղջիկը զգալ, դե հա, փիլիսոփայության 1421 բառանոց էսսեից հետո մի քիչ դժվար է լինել Աստվածամոր աչքերով, բայց ինչևէ․․․ Դու սիրում ես նոթբուքով արագ-արագ էսսե գրել, հետո, երբ կավարտես դասերդ, կնստես, կհագնես տատիկի գործած գուլպաներն ու կխմես քո սիրած դեղձի թեյը: Էնպես, ինչպես հայտնի ֆիլմերում է լինում, ու ինչպես դու սիրում ես: Ու հա, ինչքան էլ դու ռոմանտիկ ես, քեզ անձրև պետք չի, մայրամուտն ինքնին հերիք է:

Դու կլսես քո սիրելի երգերը, որոնք կշարվեն Յութուբիդ փլեյլիսթում քեզ հազար տարի ճանաչող ընկերոջ նման: Հետո դու կիջնես միջանցք ու մի քիչ կնստես երեխեքի հետ: Դուք կզրուցեք դեսից-դենից: Կպարզես, որ բոլորն էլ շատ դաս ունեն անելու, ու դու միակը չես, ով ծանրաբեռնված է ու մի քիչ անհանգիստ: Դուք կխոսեք, ու դու մի բաժակ թեյ կառաջարկես ընկերներիդ՝ հենց նոր թեյ խմած լինելով ու գուցե առանձնապես թեյ չցանկանալով այդ պահին: Նրանք չեն հրաժարվի թեյից (թեյից շա՜տ դժվար է հրաժարվելը), ու դու ջերմության ևս մի բաժակ կլցնես քո սիրտը: Թեյը խմելուց հետո աչքերդ կսառեն մի պահ, դու կլռես քեզ ոչ բնորոշ անտրամաբանական լռությամբ, ու ընկերներդ կհարցնեն՝ ինչո՞ւ ես տխուր: Իսկ դու կուրախանաս, որ տվածդ ջերմությունը սառած աչքերդ անարձագանք չթողնելու խթան է դարձել, ու որ գտել ես այնպիսիններին, ովքեր աննկատ չեն թողնի դեմքիդ փոխված արտահայտությունը: Հետո դու կբարձրանաս սենյակ ու կգրես: Դու շատ ես սիրում գրել: Ու այն ժամանակ, երբ որոշես քնել, դու կխմես վերջին բաժակ թեյդ, որ խոստացել էիր պահել վաղվա համար: Դու կխմես այն փոխարեն այն թեյերի, որոնք կխմեիր պապայի հետ, եթե նա կողքիդ լիներ․․․Դու կանջատես լույսն ու կքնես՝ առանց ականջակալների: Ու քնելուց առաջ դու միշտ կհիշես մի դրվագ՝ տնից: Հետո կզգաս, որ տանն ես, որովհետև սիրում ես էս տեղը սիրելի բաժակդ էստեղ թողնելու աստիճան շատ: Սիրում ես էս տունդ, շա՜տ ես սիրում…

Մեր Կաղանդ պապը

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ոչ բոլորը գիտեն Կաղանդ պապիկի գոյության մասին, քանի որ ժամանակի ընթացքում նրան փոխարինել է Ձմեռ պապը կամ Սանտա Կլաուսը: Կաղանդ պապիկը մեր ազգային Ձմեռ պապն է, ում շատ պատմագետներ ցանկանում են ճանաչում նվիրել: Ինչո՞ւ են մեզ հետաքրքրում ոչ թե հին հայկական ավանդույթները, այլ օտարերկրյա ծագում ունեցող տոները, ավանդույթները և այլն: Պատճառն այն է, որ հայկական ազգային ավանդույթները հին են, իսկ նոր սերնդին հետաքրքրում է նորը, ինչ-որ նորություն: Թեև Սանտա Կլաուսն էլ Սուրբ Նիկողայոսի կերպարով է ոգեշնչված, սակայն նորացվել է ու ժամանակակից ոգի ստացել: Եթե մենք մեր ավանդույթները ներկայացնենք նորովի ու թարմացված, ապա մեծ թվով մարդկանց հետաքրքրությունը կշարժենք: Օրինակ՝ կարող ենք ազգային տարազի զարդանախշերի մեջ ներառել ավելի վառ և ուրախ գույներ: Եթե Կաղանդ պապիկի կերպարը ավելի հետաքրքիր և համակրելի լինի, ապա այն կհետաքրքրի ներկայիս սերնդին,  և Ձմեռ պապիկի փոխարեն կգա մեր հայկական Կաղանդ պապիկը:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ հենց Կաղանդ պապը, ով նվերների փոխարեն բաժանում էր տոնական յոթ խորհուրդներ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Կաղանդ պապիկը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Կաղանդ պապիկին ընկերակցում են խլվլիկները և արալեզները: Իմ կարծիքով այս կերպարները ներկայիս Ձյունանուշն ու էլֆերն են: Այս կերպարները իրենց հետ կբերեն ազնվություն և բարություն: Կաղանդ պապին հագնում էր լական հեդի ձմեռային կոշիկներ, որոնք ժամանակին հայերն են հագել, գուլպաներն ու գլխարկը կարմիր են, քուրքի օձիքը ոչխարի մորթուց է, մեջքին կենաց ծառն է նկարված:

Այսօր` Սուրբ Ծննդյան տոնին գոնե ինքներս մեզ հիշենք բոլոր այն խորհուրդները, որոնք Կաղանդ պապն էր բաժանում և նոր սկսվող տարին ապրենք այդ խորհուրդներով:

anahit aharonyan

2019, սպասում եմ քեզ

Եվ այսպես, 2018 թվականը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Մինչդեռ մեր տանը իսկական ամանորյա իրարանցում է, բոլորը զբաղված են, փորձեմ կտրվել առօրյա բոլոր խնդիրներից և ինչքան հնարավոր է կարճ ամփոփել այս տարին (ինչպես անում եմ ամեն տարի):

2018-ը տարի էր, որը լի էր տարատեսակ հաջողություններով և ձախողումներով: Նախևառաջ ինձ տրվեց մի մեծ հնարավորություն ինքս ինձ բացահայտելու մի այլ, շատ տարբերվող կողմից: Ես այս 365 օրվա ընթացքում այնքան փոխվեցի, որ չեմ էլ կարող նկարագրել: Իմ ներքին փոփոխությունների վրա ազդել են նաև որոշակի իրադարձություններ և մարդիկ, ում ես անսահման շնորհակալ եմ: Նախկին ամաչկոտ, ինքնամփոփ, կոմպլեքսներով լի Անահիտից գրեթե ոչինչ չի մնացել: Հիմա կա ինքնավստահ (ընկալեք այս բառը իր դրական կողմից), պոզիտիվ, միշտ զվարթ, աշխատասեր և պատրաստակամ Անահիտը, ով դեռ շատ պատնեշներ պետք է հաղթահարի:

2018-ին ես շատ բաներ առաջին անգամ փորձեցի անել: Ես առաջին անգամ կամավոր աշխատեցի, առաջին անգամ երեխաների հետ աշխատեցի և հասկացա, որ ուսուցչի աշխատանքը ամենադժվարն է: Ես առաջին անգամ մասնակցեցի միջազգային ճամբարի և ուղիղ երկու շաբաթ օտար երկրում ապրեցի և աշխատեցի 100-ից ավելի մարդկանց հետ: Թավշյա հեղափոխության օրերին արթնացավ իմ քաղաքական գիտակցությունը, ես սկսեցի հետաքրրվել քաղաքականությամբ(ինչը մի քանի տարի առաջ ուղղակի անհավանական էր):
Հենց այդ իրադարձությունից հետո ես մեկնարկեցի իմ սեփական, «ներքին հեղափոխությունը»` ընդդեմ իմ բոլոր վախերի, թույլ կողմերի և անիմաստ սովորությունների: Հենց 2018-ին ես արեցի իմ առաջին քայլերը դեպի իմ կյանքի ամենամեծ նպատակը, որը արդեն 95%-ով իրականություն է: Ես հասկացա, թե ինչի համար եմ ապրում, թե ինչի համար ես գոյություն ունեմ, ես գտա շատ հարցերի պատասխաններ, որոնք երկար ժամանակ ինձ համար անբացատրելի էին թվում: Եթե ես նախկինում մտածում էի, որ ապագայում անպայման դուրս եմ գալու Հայաստանից, գնամ շատ հեռու ու էլ չվերադառնամ, ապա միայն հիմա եմ հասկանում, որ սա ամենահիմար որոշումը կլիներ: Ես պարտավոր եմ մնալ իմ հայրենիքում և շենացնել այն(իմ փոխարեն դա ոչ մեկ չի անի): Իսկ ինչ վերաբերվում է իմ ձախողումներին, ապա ես միայն կասեմ, որ դրանք ինձ համար շատ մեծ դասեր էին, հնարավորություն՝ մի պահ կանգ առնելու և շունչ քաշելու: Ես կարող եմ այս շարքը անվերջ թվարկել, բայց եկեք այսքանով սահմանափակվենք:

Ես անհամբեր սպասում եմ 2019-ին, սպասում եմ բոլոր մարտահրավերներին և փորձություններին: Մնացած բոլոր մարդկանց նման ես էլ եմ նոր տարվա գիշերը երազանք պահելու, մեկը շատ անձնական է, չեմ կիսվի, իսկ մյուսը այն է, որ 2019-ը նույնքան հաջողակ և ուրախ լինի, ինչքան 2018-ն էր: Թող բոլոր- բոլորիս համար էլ այն հաջողակ տարի լինի: Թող բոլորս երջանիկ լինենք, խաղաղ երկնքի տակ ապրենք, բոլորս ամեն օր ժպտալու մինիմալ 1 պատճառ ունենանք: Լավ, եկեք ևս մեկ անգամ սահմանափակվենք, որովհետև գնալով ավելի ու ավելի եմ ծավալվում: Ուղղակի ցանկանում եմ բոլորից լավ Ամանոր և Սուրբ Ծնունդ: Իսկ հիմա վազեմ խոհանոց և օգնեմ մայրիկիս, միաժամանակ մի քանի հատ բլինչիկի լիստ «թռնցեմ» ու Ֆրենկ Սինատրայի սուրբ ծննդյան երգերը լսեմ:

Տուն բերող ճամփաները

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Բարև: 2018-ն ամփոփոխ սիրառատ, պատմությամբ ու հիշողություններով լիքը բարևով եմ բարևում այսօր: Այն բարևով, որով հրաժեշտ պիտի տամ կյանքիս ամենագունավոր տարիներից մեկին: Տարեվերջին մարդիկս սովորաբար մտովի հետ ենք գնում ու փորձում ամփոփել այն ամենը, ինչ ձեռք ենք բերել այս տասներկու ամիսներին, փորձում ենք վերհիշել ամենապայծառ ու ուրախ օրերը, ամենախրթին դժվարությունները, որոնք հաղթահարեցինք ու թողեցինք պատմության գրկում, վերապրել այն րոպեները, երբ մեկի ծնունդի, մյուսի վերելքի կամ սեփական նվաճման ու հաղթանակի երջանկությամբ արբած, խելակորույս բղավում կամ թռչկոտում էինք: Հետադարձ հայացք ենք գցում այն 365 հնարավորություններին, որոնց արժանացել ենք շնորհիվ կյանքի՝ մեր հանդեպ դրսևորած առատաձեռնության: Իսկ հետո ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք կարողացել ենք ըստ արժանվույն օգտվել այդ հնարավորություններից ու գոհացնել կյանքին՝ որպես շնորհակալություն մեզ՝ ընտրյալներիս, ժպտալու, երջանկանալու, փորձելու ու հաղթելու 365 լուսավոր առիթ պարգևելու համար: Հետո մի պահ նայում ենք մեր շուրջը ու մարդկանց ենք տեսնում: Մեր մարդկանց, որոնց ձեռք ենք բերել հազարավոր ժպիտների, միլիոնավոր արցունքների, վայրէջքների ու վերելքների արանքում ու արդյունքում: Այն մարդկանց, առանց որոնց մի հարազատ ծիծաղի, մի հոգատար «այ գիժ»-ի, մի ջերմ հայացքի ու միշտ անհանգիստ ու մտահոգ նամակների այս 365 օրերը դարեր կթվային՝ սառը, անհոգի ու անջիգյար, հեռավորությունը կթվար անհաղթահարելի, իսկ ժամանակը՝ գուցե անանցանելի:

2018-ն իմ կյանքի հեղափոխության տարին էր, քանի ու քանի երկու հազար տասնքանիսներ գլորել եմ՝ պայքարելով, որ հասնեմ նրան, ինչին 2018-ին հասա: Հասունացման, ինքնուրույնացման, հայրենասիրության, ազգանվիրության ու ամենասիրուն հեղափոխությունների տարին էր: Ու երևի պատահական չի, որ իմ կյանքի հեղափոխությունը համընկավ Հայաստանիս հեղափոխության հետ: Մենք իրար մեջ ենք ու իրարից միշտ անբաժան: Հիմա ես հստակ գիտեմ՝ ինչ է սպասվում ինձ 2019-ին: Հստակ գիտեմ, որ Ամանորից օրեր անց նորից մեկնելու եմ Իտալիա ու շարունակեմ ուսումս: Գիտեմ թռիչքիս օրը, ժամը: Կանխագուշակումների ու եթե-ների տարի չի լինելու 2019-ը: Գծած, գծագրված, ինքնաբերաբար պլանավորված ու ծրագրավորված է արդեն գալիք տարիս: Բայց, այդուհանդերձ, կյանքն ինձ համար գունավոր է իր անկանխատեսելիության ու անգուշակելի լինելու սիրունագույն առեղծվածով:

2018-ին երջանկության անհաշվելի մեծ թվով արցունքներ եմ թափել, աչքերս հիացմունքի արժանի հարյուրավոր վայրեր են տեսել ու լցվել դրանցով, սիրտս վերիվարումների ենթարկվելու, հոգիս՝ տակնուվրա լինելու, կարոտի, երջանկության ու թախծի միախառնման աստիճան զգացողություններ է տեսել ու ապրել: Փոխվել է բնակությանս վայրը, դասավանդմանս լեզուն, կլիմաս, ճաշացանկս, բայց և այնպես, ես նույնն եմ: Նույնն եմ թե՛ մազերիս գույնով, թե՛ Հախվերդյան լսելովս, թե՛ ժպիտովս ու, ամենակարևորը՝ միշտ ու միշտ հայ մնալովս: Ու 2018-ի ամենասիրուն նվերն ինձ համար երբեք չփոխվելը, ազգային ու հոգևոր արժեքներին ու սեփական դաստիարակությանը հավերժ հավատարիմ մնալը ու թանկերին, թանկագիններին ու թանկագույններին միշտ ու միշտ սրտում, մտքում, հոգում, աչքերի փայլում ու դեպքի ժպիտում պահելն ու փայփայելն էր: 2018-ի մեծագույն նվերը ունեցածս անչափ սիրելու ու գնահատելու կարողությունն է, տան մեջ չմնալով՝ տունը միշտ մեջս պահելու ունակությունն ու համառորեն չհանձնվելու գնով ձեռք բերված հաղթանակս էր: 18-ի մեծագույն նվերը 16 տարեկան Անահիտն էր, որ ուզում է միշտ ու միշտ 16 մնալ, երբեք չմեծանալ ու շարունակել վայելել միայն 16-ում ապրվող երջանկությունն ու միայն 16-ում ժպտացվող ժպիտը:

Ինչ վերաբերում է 2019-ին․․․ Ես մե՜ծ, անսահման մե՜ծ խաղաղություն եմ մաղթում բոլորիս, խաղաղություն՝ մեր չկրկնվող, մեր միակ ու մեր պանծալի երկրին, խաղաղություն՝ մեր ամենախիզախ ու հպարտ զինվորներին, մեր՝ հային բնորոշ մի տեսակ հարազատացած տագնապով լցված աչքերին, խաղաղություն՝ մեր երբեմնի լարված ու լարվածությունից աննկատորեն ծամածռված ժպիտներին, խաղաղություն՝ մեր հոգետանջ մտքերին, գիշերը շուտ պառկող, բայց խառնիխուռն մտագրոհներից երբեք քնով չանցնող մեր ուղեղներին, մեր՝ ժպտալու ընդունակ, բայց հաճախ արցունքոտվող դեմքերին, մեզ ու մեր մտերիմներին․․․ Ես ուզում եմ, որ բոլորիս սրտերի դռները բաց լինեն, ինչպես իսկական հայի սիրտն է միշտ լինում, բայց կողպեքներ ունենան ու կարողանան օգտագործել այդ կողպեքները ճիշտ ժամանակին՝ հնարավոր անկոչ հյուրերից զերծ մնալու համար: Ես իրականում ուզում եմ, որ մեր սրտերի կողպեքները փոշոտվեն երկար ժամանակ չօգտագործվելուց, որ մեր սրտերի դռները թակեն միայն սպասված, արժանի ու ճիշտ հյուրեր, հյուրեր, որոնք կմնան մեր սրտում ու կդառնան դրա մշտական բնակիչները, որոնք էլ երբեք դուրս չեն գա մեր սրտից ու որոնց հետևից մեր սրտերի դռները չեն փակվի երբեք: Ես ուզում եմ, որ միակ ծանրությունը, որ բաժին կհասնի մեզ, լինի ամանորյա առևտրի ծանր տոպրակներինը, որը կկարողանանք հաղթահարել խանութի դիմացի բարեհամբույր տաքսիստի օգնությամբ: Ուզում եմ՝ մեր հոգիները ծանրություն չզգան երբևէ, որովհետև, վախենամ՝ ոչ մի բարեհամբույր տաքսիստ մեզ օգնել չկարողանա այդժամ: Կուզեմ՝ մի փոքր ավելի թեթև ապրենք 2019-ին, բայց և ոչ՝ թեթևամտությամբ: Միշտ խոհեմ մնանք ու լուրջ, բայց և չմոռանանք խելակորույս ծիծաղել ու պահպանել մեր միջի համով խենթությունը: Ուզում եմ՝ չկորցնենք մեր համը, բայց և այնպես չանենք, որ համներս դուրս գա: Խենթ լինենք ու խենթ մնանք 2019-ին էլ, բայց չխենթանանք սեփական խենթությունը չափել չկարողանալու չափ: Լինենք ու մնանք անչափ անկեղծ, բայց չափի մեջ անկեղծանանք բոլորի հետ, որ հետո չափից դուրս չզղջանք: Ժպտանք ու ժպիտ տանք 2019-ին, փայլենք ու փայլեցնենք ամբողջ տարին, փայլատակենք ամբողջովին: Եթե լավն ենք, դառնանք ավելի լավը: Չլճանանք, լճից ծով դառնանք, ծովից՝ օվկիանոս, օվկիանոսում էլ․․․ Օվկիանոսում էլ նավերով երթևեկենք ու սփռենք մեր միջի սերն ու ջերմությունը:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Եվ ամենակարևորը: Ուր էլ գնանք ու ինչի էլ հասնենք, միշտ տուն դառնանք: Մեր տունը դառնանք: Գանք ու մինչև ականջների ծայրը ժպտանք մեր հին ու անդավաճան տունը գեղեցկացած ու հյուրընկալ տեսնելիս: Գանք մեր տուն ու ուրիշ աչքերով նայենք մեր տանը՝ կորցնելու ու լքելու ներքին վախով, գրկելու ու գրկվելու անհագ ցանկությամբ ու ջերմանալու ջերմագին տենչով:

Տուն գանք․․․

Իսկ այս տարի իմ տունն ամենասիրունն է․․․ Իմ Կապան քաղաքը զգացել էր, որ գալու եմ՝ բառերով երբեք նկարագրել չկարողանալու չափ կարոտով, ու գեղեցկացել էր այնպես, ինչպես երբեք այս 16 տարիներին:

Շուտով 2019-ն է, իսկ ես վայելում եմ Կապանիս գրկում լինելը:

Շնորհավոր 2019:

sona zakaryan

Ամանորյա խոսք ու զրույց

2018-ն էլ մոտեցավ իր ավարտին։ Խառը տարի էր՝ խառը հույզերով, զգացողություններով ու հեղափոխական շնչով։ Հայ ազգի համար բավականին հիշարժան տարի էր՝ բացառիկ իրադարձություններով։

Յուրաքանչյուրիս համար տարին տարբեր էր։ Ոմանց երազանքներն ու նպատակները իրականացան, ոմանք հիասթափություններ ապրեցին, ոմանք գտան իրենց կեսերին, ոմանց սրտերն էլ կոտրվեցին և հազար ու մի այսպիսի իրադարձություններ։ Անկախ նրանից, թե տարին ինչպիսին էր յուրաքանչյուրիս համար, գալիք տարվա հետ կապված բոլորս էլ մեծ հույսեր ունենք։ Այ օրինակ մեր նոր, գլխավոր տոնածառը շատերին հույս տվեց։

Դե գիտեք, որ դեկտեմբերի ամենաթեժ քննարկումներից մեկն էլ Հայաստանի գլխավոր տոնածառն էր, որի վրա բավականին գումար էր ծախսվել։ Շատերը անչափ ուրախ էին տոնածառի տեղադրման համար, շատերն էլ անընդհատ բողոքում ու իրենց դժգոհությունն էին արտահայտում, թե բա` ինչո՞ւ եք այդքան գումար ծախսել այդ տոնածառի վրա, եթե բազում աղքատ ընտանիքներին այդ գումարն ավելի անհրաժեշտ էր։ Երբ այդպիսի մեկնաբանություններ կարդացի, մտածում էի. «Իսկ ինչո՞ւ այդ նույն մարդիկ իրենց տանը շքեղ տոնածառ դնելիս գոնե մեկ անապահով ընտանիքի մասին չեն մտածում և որ այդ շքեղ լույսերի ու զարդարանքների փոխարեն կարող են օգնել թեկուզ մեկ անապահով ընտանիքի»։

Ակամայից հիշեցի նաև, որ նախորդ տարիներին անընդհատ բողոքում էին հին տոնածառից, ուզում էին, որ փոխվեր։ Դե ինչ արած, ամեն ինչից բողոքողներ միշտ էլ կլինեն։

Այս տարի էլ տոնածառի մասին գրված կատակների վրա էլ չենք ծիծաղի։

Տոնածառը փոխեցին, բայց շատ մարդիկ չփոխվեցին։ Գուցե տարին փոխվի, նրա՞նք էլ փոխվեն։ Բա որ ասում են` կարմիր կովը կաշին չի փոխում, ճի՞շտ են ասում, թե՞ սխալ։ Կարծում եմ մարդուց է կախված։

Անկախ շատ մարդկանց փոխվել կամ չփոխվելուց մեր Ամանոր նշելու սովորույթները չեն փոխվի։ Ինչպես միշտ, կնշենք ճոխ սեղաններով, եթե պետք լինի` վարկերի տակ ճռռալով, թանկացումներից բողոքելով։ Ինտերնետում անդադար կքնարկվեն տոլման, խոզի բուդը, «ստալիչնին», հավի քրքրված մսով աղցանն ու բլինչիկը։ Նոր տարին կավարտվի, մի անգամ էլ հին Նոր տարին կնշենք։ Ու այսպես ամեն տարի։

Դե ինչ, այս տարին էլ ավարտվեց։ Անկախ ամեն ինչից, եկեք Նոր տարին նոր և ուրախ սրտով դիմավորենք։ Բարի եղեք, ժպտացեք ու դրական էներգիա տարածեք։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Սիրում եմ բոլորիդ։

Հ. Գ. Հատուկ ուզում եմ շնորհավորել սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ բոլորիդ ու խաղաղություն մեր սահմաններին։

izaaastsaryan1

Իմ 2018թ.-ի ու գալիք 2019թ.-ի մասին

Այս տարի վերջին անգամ եմ գրում: Ուզում եմ ամփոփել իմ 2018թ.-ը և խոսել 2019թ.-ի նպատակներիս մասին:
2018թ.-ը հետաքրքիր էր, ինչ խոսք: Տարին բավականին հետաքրքիր սկսեցի և ավարտում եմ նույն կերպ:
Պետք է ասեմ, որ 2018թ.-ը նոր ձեռքբերումների տարի էր, չնայած նրան, որ կորուստներ ևս ունեցա:
2018թ.-ին շարունակեցի ակտիվ գործունեությունս, չնայած նրան, որ հոկտեմբերից սկսեցի պասիվ գործել, այո, պատճառը դասերս էին:
Չեմ ուզում շատ խոսել 2018թ.-ի մասին, կարծում եմ այն, ինչը որոշել էի անել 2018թ-.ին, որոշ չափով կարողացա անել:
2018թ.-ը կեզրափակեմ բարեհաջող հանձնած քննություններովս:
Կարծում եմ, որ 2019թ.-ը հետաքրքիր տարի կլինի, կյանքիս կարևոր իրադարձությունները կապված են 2019թ.-ի հետ, հենց 2019թ.-ին կավատեմ դպրոցը, կընդունվեմ համալսարան: Մի խոսքով, հետաքրքիր տարի է սպասում:
Եզրափակելով խոսքս, ուզում եմ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը ու մաղթել, որ կատարվեն բոլորի նպատակները:
Թող բոլոր շրջանավարտները՝ իմ գլխավորությամբ, ընդունվեն իրենց ուզած բաժինները, որովհետև մեր կյանքի կարևոր իրադարձություններից մեկը, հենց դա է:
Թող այս տարի ոչ մի կորուտ չլինի, թող ոչ ոք չկորցնի իր սիրելի մարդկանց:
Թող բոլորը լինեն առողջ ու երջանիկ: Կհանդիպենք 2019թ.-ին:

izaaastsaryan1

Հալիձորի խոսվածքը

Ես  խոսեցի  և՛ Հալիձորի մասին, և՛ Հալիձորի երեխաների  մասին, կարճ  ասած, խոսեցի  Հալիձորի  մասին, բայց  մոռացա  խոսել մեր  բարբառի մասին: Բարբառ, որը  դժվար  չէ  յուրացնել:
Մեր բարբառը  հետաքրիքր է, որովհետև  այն  գրեթե  գրական  հայերենի նման  է, մի  երկու տառ  ավել, կամ պակաս:
Լավ  եկեք ծանոթանանք, մեր  բարբառի հետ:
Այգի-Բոստան
Ամոթ-Աբուռ
Աչք-Աշկ
Անձրևանոց -Զոնթիկ
Արյուն-Արին
Ավելուկ-Վուլուկ
Աքլոր-Վորցակ
Անկողին-Տեղաշոր
Անձրև-Թոռ
Այս ժամանակի-մհեկվա

Արանք-Ղաթ
Ափսե-Տալեք
Աղբ-Զիբիլ
Ականջ-Անջոկ
Ասել-Ասիլ
Այն-էն
Այն կողմ-Էնղոլ

Ամեն ինչ-Աման հինչ
Աշխատել-Ըշխադիլ
Աստիճան-Փալաքան
Բարի լույս-Պալուս
Բլուր-Պիլու
Բարձ-Պարց
Բերան-Պիրան
Բարձր-Պարցուր
Բացել-Պանալ
Բանալի-Պիլանի
Բարեկամ-Պարիկամ
Բարի  գիշեր-պարի քշեր
Գալ-Կալ
Գառ-Կառնը
Գնալ-Քինալ
Գրտնակ-Վրթանակ
Գդալ-Քիթոլ
Գող-Կող
Գլխարկ-Փափաղ
Գորգ-Գաբա
Գիշեր-Քիշեր
Գլուխ-Կիլոխ

Դիտավորյալ-Ինադու
Դդում-Բրղանի
Դեռ-Հալա
Դուռ-Տուռ
Դանակ-Տանակ
Երշիկ-Կալբաս
Երազ-Արազ
Երկաթ-Արկաթ
Երեխա-Խոխա
Էլ-Ալ
Ընկույզ-Ճուղուպեր
Թավա-Ժարոնիկ
Թաքուն-Դալդա
Թուղթ-Թողտ
Ինչպե՞ս  ես-Հո՞ւց ես
Ինչ կա՞, չկա՞-Հիշկա՞, չկա՞
Լուսամուտ-Ակուշկա
Լեզու-Լուզու
Լոլիկ-Պամինդոր
Խնձոր-Խինձոր
Խողովակ-Շլանգ
Խանութ-Կամիսյոն
Կոկորդ-Պոկ, բողազ
Կեռաս-Գիլաս
Կտրել-Կտրիլ
Կշեռք-Քշեռք
Կորել-Կորիլ
Կանաչի-Կնանչի
Կաթսա-Ղազղան
Հին-Քոյնա
Հանգստանալ-Դինջանալ
Հալբաթ-Երևի
Հյուր-Ղոնաղ
Հոն-Հուն
Հարևան-Հրևան
Հողաթափ-Դամաշնիկ
Ձագար- Ըռըհաթի
Ձու-Ծու
Ձեթ-Ծեթ
Ղաթումը-հազարից մեկ
Մառախուղ-Քշթոխպը , թոխպ
Մուրաբա-Վարենի
Մի ժամանակ-Մաղուլ
Նոր-Թազա
Ներբան-Դաբան
Ներքնակ-Դոշակ
Շոգ-Տաք
Շիշ-Բոթուլ
Շերեփ-Շիրեփ
Որոտ-Կծպեծին
Ոտք-Ոնդ
Պարան-Քանդիր
Պահարան-Գարդիրոֆ
Պղտոր-Պրտող
Պատառաքաղ-Չանգալ
Սոխ-Սողան
Սովորույթ-Ադաթ
Սերկևիլ-Սավգուլ
Սավան-Պրոստին
Վերմակ-Յորղան
Վիշտ-Դարդ, Ցավ
Վառարան-Փիչ
Վարունգ-Խիար
Տաբատ-Շալվար
Տապակել-Ժարիտ անել
Ունք-Օնք
Ուղիղ-Դուզ
Փոքր-Կուճիր
Փայտ-Փեդ
Փողոց-Մահլա
Փոշի-Թոզ
Օճառ-Սապուն

Ահա  և  վերջ, կասեմ, որ  շատ  բառեր  դեռ  մնացին օդում, որովհետև  անհնար  է ամբողջը  գրի  առնել, հույս  ունեմ, որ  գրածս  մի  քանի  բառից  էլ  պարզ և  հասկանալի  էր  մեր բարբառը, եթե նկատեցիր` շատ բառեր գործածվում են կամ ռուսերենով, կամ պարսկերենով, կամ էլ թուրքերենով, բայց արդեն ընկալվում են իբրև բարբառային:

izaaastsaryan1

Որոնողները

Երբ դու երեխա ես, քո երջանկությունը փորձում ես տիկնիկների և այլ խաղալիքների մեջ գտնել: Չնայած նրան, որ վաղուց տիկնիկներին այֆոններն ու համակարգիչներն են փոխարինում: Այնուամենայնիվ, երբ այդ շրջանը անցնում է, վերը նշածներս սկսում են քեզ չհետաքրքրել:

Անցնում է ժամանակը, և դու ուրիշ արժեքներ ես որոնում, չնկատելով և չգնահատելով երջանկության այն արժեքները, որոնք քո կողքին են:
Դպրոց գնալով՝ սկզբնական շրջանում գրենական պիտույքներից այն կողմ երջանկություն չկա:
Անցնում են տարիները, գուցե դպրոցի թվանշաններն են համարժեք դառնում երջանկությանը:
Մենք մեծանում ենք, և տարիների ընթացքում փոխվում են մեր երջանկության արժեքները:
Դու ունենում ես ընկերներ, որոնց շատ ես սիրում, հարգում, և նրանք քեզ համար երջանկություն են հանդիսանում: Սակայն, երբ առիթ է լինում, և նրանք քեզ վիրավորում են, չգիտակցելով, կամ էլ ձևացնելով, թե ոչինչ չի եղել, դու սկսում ես ամենը հասկանալ և երջանկության այլ արժեքներ որոնել:
Իսկ երբ աչքերիցդ հանում ես «վարդագույն ակնոց»-ը, որով աշխարհին ես նայել, հասկանում ես, որ չկա իրական երջանկություն, քան քո ընտանիքը: Ընտանիք, որը քեզ պահել և մեծացրել է, ընտանիք, որտեղ անցել է մանկությունդ և կյանքիդ շրջադարձային իրադարձությունները: Դու նոր ես սկսում գիտակցել և արժեվորել այն, ինչ ունես:
«Կյանքի օրենք»-ն է այդպիսին, կորցնելուց հետո ենք սկսում գնահատել, բայց ինչ, չէ՞ որ արդեն ուշ է:
Կենսաբանորեն մարդը կենդանուց բանականությամբ է տարբերվում, այդ դեպքում ինչո՞ւ մանկուց չենք հասկանում կյանքը և երջանկության իրական արժեքները, ինչո՞ւ ենք այն ժամանակ հասկանում, երբ ուշ է լինում…
Չնայած, եթե հենց սկզբից գիտակցենք և պարփակվենք, գուցե կյանքը միապաղաղ ընթանա, գուցե ֆիլմի աղջիկը կամ տղան ֆիլմը միապաղաղ դարձնեն:
Չգիտեմ, միայն կասեմ` գնահատենք այն, ինչ ունենք:

sona zakaryan

Մի քանի օրից քննություններ 12-րդ դասարաններում

Արդեն բավական ժամանակ է, ինչ լոգարիթմների և սինուսների աշխարհում եմ և փորձում եմ համակերպվել նրանց ապրելակերպին, բայց կարծում եմ, որ չի ստացվում։ Հիմա կմտածեք, որ տարօրինակ բաներ եմ ասում։ Լավ, կփորձեմ տարօրինակ ձևով չարտահայտվել ու կոնկրետ ասել, թե ինչի մասին է խոսքս։

Շուտով մաթեմատիկայի քննության եմ։ Ես՝ Սոնա Զաքարյանս 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտ եմ և պատրաստվում եմ մաթեմատիկայի քննություն հանձնել։ Մի տեսակ չի հնչում, չէ՞։ Ինչ արած, ոչինչ չեմ կարող փոխել և ուզեմ, թե չուզեմ, պետք է քննությունը հանձնեմ և բավարար կամ բավարարից բարձր ստանամ։

Քննություններ հանձնելու այս համակարգը դպրոցում, ինչ խոսք, ապշեցուցիչ է։ Հիմա բացատրեմ, թե ինչպես է ամեն ինչ իրականանում։

Սկսեմ գյուղերից։ Գյուղերում դպրոցները հիմնականում միջնակարգ են և 12-ամյա։ Այդ պատճառով գյուղի դպրոցներում հոսքեր ընտրելու հնարավորություն չի լինում։ Անցնում են ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի դասագրքերով։

Ավագ դպրոցում տարբեր հոսքեր կան։ Աշակերտները ընտրում են այն հոսքը, որ համապատասխանում է իրենց նախասիրություններին, շատ դեպքերում էլ ուղղակի ցանկություններին։ Օրինակ, եթե դու սովորում ես լեզվաբանական հոսքում, դեկտեմբերին պետք է հանձնես մաթեմատիկա և պատմություն առարկաներից քննություններ և երկրորդ կիսամյակում կենտրոնանաս այն առարկաների վրա, որոնք քեզ պետք են։ Սա նշանակում է, որ հունվարից անցնում ես միայն հայոց լեզու, գրականություն և որևէ օտար լեզու։ Դրանցից էլ քննություն կհանձնես հունիսին։ Լավ է, չէ՞, որ մաթեմատիկա էլ չենք անցնի երկրորդ կիսամյակից, բայց մի բայց կա։ Անընդհատ փորձում ենք հասկանալ թե ի՞նչ իմաստ ունի մաթեմատիկա առարկան կես կիսամյակ անցնելը, այն էլ 12-ի լեզվաբանական հոսքում։

Դե մնացած հոսքերի մասին էլ հերթով չպատմեմ։ Ում ինչ պետք չէ` կհանձնի դեկտեմբերի վերջին, ինչ պետք է՝ հունիսին։

Ընդհանուր հոսքի աշակերտներն էլ բոլորը հունիսին կհանձնեն, որովհետև ըստ ավագ դպրոցի կանոնադրության, այդ աշակերտները չեն պատրաստվում պետական բուհեր ընդունվել։

Բայց չէ՞ որ գյուղերում էլ շատ երեխաներ կան և նրանք էլ են ցանկանում ընդունվել։ Եվ բնականաբար ընդունվում են, ինչ անենք, թե ընդհանուր հոսք են։

Մի շատ հետաքրքիր փաստ ևս։ Ֆիզկուլտուրա առարկան այս կիսամյակով ավարտում ենք, բայց արի ու տես, որ մայիսին ֆիզկուլտուրայից քննություն ենք հանձնելու։

Այս ամենի մասին գրելիս ինքս էլ եմ փորձում հասկանալ` ինչ եմ գրում, որովհետև այս ամենը ուղղակի շիլաշփոթ է։ Երբեք չես կարող ավագ դպրոցի վերաբերյալ ինչ-որ հստակ բան ասել։

Միակ հստակ բանը այն է, որ ավագ դպրոցը ժամանակի կորուստ է։ Ժամանակի կորուստ է, ոչ թե ուսուցիչների կամ աշակերտների պատճառով, այլ բուն կրթական համակարգի։ Տարբեր դասագրքեր կան սովորելու համար, տարբեր շտեմարաններ, տարբեր ուսուցիչներ են դասավանդում, տարբեր կրկնուսույցներ։

Եթե երեխան գնում է կրկնուսույցի մոտ պարապելու, նրա ինչի՞ն է պետք ավագ դպրոցը։ Իսկ եթե դպրոցը այսպիսի խառը վիճակում չլիներ, նորմալ ծրագիր ունենար, ու երեխաները սովորեին` ինչ իրենց պետք է, ապա էլ առանձին չէին պարապի։ Եթե ուսուցիչները գնահատված լինեին իրենց աշխատանքի համար և նորմալ վարձատրվեին, ապա առանձին պարապմունքներ չէին անցկացնի։

Այս ամենը գալիս է վատ կրթական համակարգից և անընդհատ կատարվող փոփոխություններից։ Ավագ դպրոցը այսօր փորձադաշտ է դարձել։ Տարբեր փորձեր են իրականացվում, բայց ցավոք, ոչ մեկն էլ օգուտ չեն տալիս։

Հ. Գ. Հաջողություն բոլոր նրանց, ովքեր քննություն են հանձնելու։ Պի՛նդ մնացեք։

Պատմություններ Ադրիատիկի ափերից

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Տիպիկ ուսանողի կյանքով ապրելուն արդեն սովորել եմ Ադրիատիկի դպրոցում․․․Դեռ ընթացքի մեջ եմ, դեռ շատ ու շատ նրբություններ կան յուրացնելու, բայց կարող եմ ասել՝ ապրում եմ իմ երազած ուսանողական կյանքով։ Նկատած կլինեք՝ հաճախ եմ ժամանակի մեջ սավառնում, որովհետև երկար ժամանակ է պահանջվել հասնելու այն ամենին, ինչն ունեմ հիմա ու այս պահին, ու եթե անցած ժամանակս աչքիս առաջ անընդհատ չունենամ, չեմ կարողանա ըստ արժանվույն գնահատել ձեռք բերածս։

Դասերը, եռուզեռը, խմբակները, ժողովները, համերգներն ու միջոցառումները, որոնք արդեն իմ առօրյայի անբաժանելի մասն են, ավելի ու ավելի հաճելի են դառնում մշակութային այցերի շնորհիվ։ Ես ուզում եմ անպայման ասել, որ էստեղ եղած էս ամիսների ընթացքում ինձ անբացատրելի երջանիկ եմ զգում՝ հենց Իտալիայում սովորելու համար։ Այն մշակույթն ու պատմությունը, որ էստեղ կա, արժե տեսնել, ճանաչել ու սիրել։ Այս շաբաթ այցելել էինք Պադովա։

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Պադովան Իտալիայի հնագույն քաղաքներից է, իսկ համալսարանը երկրորդն է հնությամբ՝ Բոլոնիայի համալսարանից հետո։ Ուսանողական քաղաք է, մեծաթիվ ուսանողներ կան։ Ամենաշատը այն եմ սիրել, որ քաղաքը կյանքով լի էր, եռուզեռ կար, անցուդարձ։ Չէ, աղմուկ ու աղաղակ չէր․․․ Էդպես չէի սիրի․․․ Ես սիրում եմ, երբ քաղաքը խաղաղ է, հանգիստ, բայց մարդիկ կան, քայլում են, վազում են, շտապում են, զանգում են ճանապարհին, մեքենա են վարում, ականջակալներով երաժշտություն են լսում, ավտոբուսի կանգառում կանգնած են, կամ գնումների ծանր պայուսակներով ճեմում են։ Պադովայում շուկա կար․․․ Կապանում էլ․․․Գիտե՞ք՝ շուկան ուրիշ մաքրություն ու անկեղծություն ունի, այն բաց է բոլորի առաջ, դռներ ու ցուցափեղկեր չկան, վերելակներ կամ աստիճաններ՝ նույնպես․․․ Ու էստեղ էլ, Հայաստանի նման, շուկայում, խորամանկ լինելու դեպքում, սակարկել կստացվի․․․ Ես, ավաղ, երբեք ինքս ինձ էդ տաղանդը մեջս բացահայտելու հնարավորություն չեմ տվել․․․ Շուկայի հարևանությամբ կրակ էին վառել, ինչ-որ մրգեր էին կրակի վրա պատրաստում ու վաճառում․․․ Քոլեջի իտալացիների ասելով՝ դա ձմեռվա սկիզբն է ազդարարում․․․ Ջերմություն զգացի, ես ջերմանում եմ ձմեռվանից (ցուրտը խոչընդոտ չի): Եկեղեցիների մասին չեմ խոսում․ նայելուց կշտանալ հնարավոր չէ։ Համալսարանում էլ եղանք։ Կառույցը հին էր, պատմության ու դարերի շունչն էր զգացվում, հին ու արժեքավոր, թանկ ու մնայուն․․․

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Ու գիտե՞ք, ավտոբուսով վերադառնալիս միշտ նայում եմ մայրամուտին․․․Մայրամուտներն իմ տեսած ամենաշքեղ գեղեցկությունն են էստեղ․․․ Մայրամուտին նայելիս կարող ենք հիշել ամեն ինչ, այդ թվում՝ ամենամոռացվածը, ամենահինը, ամենաանցածը․․․ Երկար ճանապարհ գնալիս իմ ամենաշատ հիշածը Թասի ոլորաններն են, Վայքի բենզալցակայանն ու այն մե՜ծ, կարմիր հինգ տառերը, որոնք իրար միացնելիս իմ քաղաքի անունը կտեսնենք` Կապան․․․ Իմ ամենաերկար ճանապարհների վերջին կետը միշտ էդ հինգ տառերն են եղել, երբ սիրտս կարծես համաչափորեն ու հանգիստ իր տեղն է ընկել, սկսել եմ շնչել ավելի ազատ ու ժպտալ ավելի լայն․․․ Բայց էստեղ էլ հինգ տառ կա, որոնք տեսնելիս էլի հարազատություն ու ջերմություն եմ զգում, էստեղի վերջին կետս, էստեղի տունս ու էստեղի «ջերմատեղիս»՝ իմ Դուինոն․․․ Ու ամեն գիշեր քնելիս, ամեն առավոտ արթնանալիս ու ամեն-ամեն անգամ, ես շնորհակալ ու երջանիկ եմ: Երկու վերջակետ ունեցող նախադասության ու, Վարդգես Պետրոսյանի ասած՝ բազմաթիվ անհայտներով հավասարման նման երջանիկ․․․