ella mnacakanyan yerevan

Սերունդները փոխարինվում են

-Հը՞ն, Գո՛ռ, դեռ «պավեստկադ» չե՞ն տվել:

Արդեն մի քանի օր էր, ինչ սկսվել էր ամառային զորակոչը, ու նույնքան օր էր, ինչ ես նույն հարցն էի տալիս ընկերներիցս մեկին, որը պիտի ծառայության գնար այս ամռանը: Ու ամեն անգամ ստանում էի բացասական պատասխան: Ծիծաղելով ասում էի.

-Աչքիս մոռացել են քո մասին:

Մի պահ ուրախանում էի, որ դեռ չի գնում, հետո հասկանում՝ միևնույնն է, գնալու է, ուրեմն, ինչքան շուտ՝ այնքան լավ:
Արդեն մի քանի օր էր, ինչ սկսվել էր ամառային զորակոչը, հետևաբար՝ նաև զորացրումը: Արդեն մի քանի օր էր՝ ընկերներիցս մեկին հարցնում էի՝ երբ է գալու, ասում էր՝ բան չմնաց, մի քանի օրից: Ուրախանում էի, որ շուտով գալու է, հետո հիշում էի, որ մյուսն էլ գնալու է, ու խառը զգացողություն էր ներսումս առաջանում: Ստացվում էր՝ ընկերներս փոխարինելու են միմյանց: Ես ասում եմ ընկեր՝ դուք հասկացեք եղբայր ու եղբորից էլ առավել, հասկացեք սյուն ու ապավեն, որոնցում մինչև վերջ վստահ եմ:

Արդեն մեկ-երկու օր էր, որ Գոռին էլ նույն հարցը չէի տալիս, այն օրը դրական պատասխան էի ստացել: Արդեն մեկ-երկու օր էր` ծառայող ընկեր-եղբորս էլ չէի հարցրել՝ երբ է գալու, օրն ասել է: Պարզվում է՝ Գոռը գնում էր նրա վերադարձից մեկ օր շուտ: Փաստորեն, երկու ընկեր չէին հասցնում իրար տեսնել, բայց փոխարինվում են մեկը մյուսով: Փաստորեն, նույնիսկ մեկ օր մեր բանակը չի զրկվում իր սյուներից, ու ես էլի կարող եմ հանգիստ խղճով գլուխս դնել բարձին:

Դե՜ ինչ, բարի ու անփորձանք ծառայություն բոլոր նրանց, ովքեր զորակոչվել են և բարի վերադարձ նրանց, ովքեր պատվով վերադարձել են հայրենի օջախներ:

mariam grigoryan

Մի քիչ բողոքեմ

Ավարտվեց ևս մեկ ամառ, ու հասկանում եմ, որ գնալու եմ 12-րդ դասարան: Ինչպես ասում էին մեր ուսուցիչները՝ սա մեր վերջին անհոգ ամառն է, երբ օրերով ուղղակի պառկում ենք և ոչինչ չենք անում: Հասկանում եմ, որ սա վերջին սեպտեմբերի 1-ն է, որ ոտք եմ դնելու դպրոց՝ աշակերտուհու կարգավիճակով: Բայց հիմա չեմ ասելու, որ կկարոտեմ դպրոցը կամ ուսուցիչներին: Սա էլ կյանքի փուլերից մեկն է, որը վաղ, թե ուշ ավարտվում է: Եվ հիմա կրկին պիտի բողոքեմ:

Չեմ կարոտի դպրոցը, գիտե՞ք՝ ինչու: Որովհետև կարծում եմ, որ 10-12-րդ դասարանները անիմաստ խլում են մեր՝ առանց այն էլ կարճ ու արագ սլացող կյանքից լրացուցիչ 3 տարի: Ինչպես գիտենք՝ ավագ դպրոցում դասարանները բաժանվում են հոսքերի՝ հումանիտար, տնտեսագիտական և բնագիտական: Սակայն կրթության առումով էական տարբերություն չկա: Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ դասավանդվեին որոշակի մասնագիտություններ կամ առարկաներ՝ կապված մասնագիտությունների հետ: Դա հետագայում ավելի կհեշտացներ ուսումը բուհերում:

Խոսեմ մեկ այլ թեմայից՝ հագուստ և շպար: Սա ավագ դպրոցում ավելի քան կարևոր և ակտուալ թեմա է: Իմ կարծիքով՝ եթե դպրոցում չկա համազգեստ, անիմաստ է հագուստի համար նկատողություն անել գրեթե չափահաս մարդկանց: Իհարկե, դպրոցում պետք է լինի կարգուկանոն, բայց դպրոցում առաջնայինը ուսումն է, և տնօրինությունն առաջին հերթին պետք է աշխատի ձեռք բերել այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան ապահովել թեմայի լիարժեք ուսուցումը, և որ ամենակարևորն է, այդ բարդ տարիքում կկարողանան հասկանալ աշակերտին և բացասական չազդել նրա ներաշխարհի վրա:

Ինչպես նշեցի՝ ես խոսում եմ ավագ դասարանների մասին: Այդ տարիքից մարդն սկսում է ինքնահաստատվել և կայանալ: Կայացման կարևոր մաս է կազմում այն հագուստը, որը մարդը կրում է՝ այդպիսով ներկայացնելով իր ճաշակը, ներաշխարհը և բնավորությունը: Ուսում ստանալն այն իրավունքներից է, որ մարդը ձեռք է բերում ծնված օրվանից, և ոչ ոք իրավունք չունի հագուստի կամ արտաքին այլ տվյալների պատճառով խլել այն: Ոչ ոք իրավունք չունի դեռահաս աղջկան արգելել ամենափոքր քանակի շպար օգտագործել՝ իրեն ավելի վստահ զգալու համար, իհարկե, միայն որոշ թերություններ շտկելու համար: Սա ավելի լուրջ է, քան կարող է թվալ: Այդ տարիքում մարդիկ ավելի դաժան են իրար հանդեպ և արտաքին թերությունները ծաղրելով՝ կարող են լուրջ հոգեբանական վնաս հասցնել միմյանց: Ի՞նչ կլինի, եթե մեր կարծիքն էլ հաշվի առնեն, որ փորձեն նայել այդ տարրական թվացող, բայց խնդիր ներկայացնող չնչին հարցերին մեր աչքերով:

Մեկ ուրիշ բան ասեմ: Բոլորը սովոր են մեղքը բարդել հեռախոսների և համակարգիչների վրա՝ բազում առողջական խնդիրների համար, բայց ոչ ոքի մտքով չի անցնում, որ դա կարող է տասներկու տարիների ընթացքում յոթ ժամ անընդմեջ անհարմար աթոռների վրա անցկացնելու արդյունքը լինել, իսկ դուրս գալ չի կարելի ոչ մի պարագայում, որովհետև «դպրոցում ստուգողներ կան», որոնք առաջին դասարանից գալիս են, բայց տեղ չեն հասնում:

Ամեն տարի մենք դասագրքեր ենք ստանում: Ես հարց ունեմ. ինչո՞ւ ենք վճարում դասագրքերի համար: Հաճախ մեզ տալիս են հին գրքեր, բայց բացի դրանից՝ տարվա վերջում գրքերը վերադարձնում ենք: Ավելի ճիշտ կլիներ փոխհատուցել միայն հասցրած վնասների համար: Չեմ կարող չնշել մեր գրադարանավարուհու մասին, որն իր ներկայությամբ ավելի մռայլ է դարձնում գրադարանը:

Լավ, շատ բողոքեցի: Իհարկե, պետք է բարձրաձայնել առկա խնդիրները և փորձել լուծում տալ դրանց, բայց այդքան վատատես չեմ: Դպրոցն այն վայրն է, որտեղ անցկացնում ենք մեր օրվա մեծ մասը, մեր կյանքի ամենաանհոգ տարիները, ձեռք ենք բերում ընկերներ և հիշողություններ ողջ կյանքի համար:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Ձեր լվացքը չորացել է

amalya harutyunyan

Հոգեբան-լրագրող Ամալյա Հարությունյան

Եթե աշակերտ ես կամ ուսանող, հավանաբար քեզ էլ են հազարերորդ անգամ տվել օգոստոսյան ամենատարածված հարցը.

-Պատրաստվո՞ւմ ես սեպտեմբերին:

Գուցե դու հիշել ես ամենադաժան օրերը ու պատասխանդ «ոչ» է եղել: Կամ էլ երջանկացել ես, որ սկսվելու են հետաքրքիր օրերը ու դրական պատասխան տվել:
Իսկ ես ամեն անգամ պատասխան հարց կտամ.
-Հոգեպե՞ս, թե՞ ֆիզիկապես:
Կասես.
-Երկուսն էլ հարցնում եմ:
Ես էլ կպատասխանեմ.
-Ֆիզիկապես` այո, հոգեպես՝ ոչ:
Հա, որ գաս մեր տուն, կտեսնես՝ դարակիս ամենակարևոր անկյունում սեպտեմբերմեկյան հագուստս եմ դրել, պահարանում՝ կոշիկներս:
Պայուսակս իր իրերով պատրաստ դրել եմ, բայց ինձ համոզել, որ դպրոց չեմ գնալու, դեռ չեմ հասցրել:

Դեռ ոչինչ չեմ պատկերացնում: Չեմ պատկերացնում, որ ոչ թե 5 րոպե քայլելով հասնելու եմ դպրոց, այլ 30 րոպե երթուղայինով երթևեկելուց հետո՝ համալսարան, որ ոչ թե ունենալու եմ դասասենյակ, այլ լսարան, ոչ թե դասարան, այլ կուրս, դասերը լինելու են ոչ թե 45 րոպե, այլ 90:
Մասնագիտությունս էլ ընտրել եմ, բայց թե ոնց եմ սովորելու, նույնիսկ դա չեմ պատկերացնում:
7-րդ դասարանում էի, երբ հարցրին՝ ինչ եմ դառնալու: Երկար մտածելուց հետո ասացի.
-Հոգեբան կամ լրագրող:
Հետո 5 տարվա ընթացքում է՛լ բժիշկ դարձա, է՛լ դիվանագետ, պատմաբան ու արևելագետ, մանկավարժ ու բանասեր: Բայց երբ 12-րդ դասարանում նորից հարցրին՝ ինչ եմ դառնալու, իմ պատասխանը նույնն էր՝ հոգեբան կամ լրագրող:
Որպես մասնագիտություն հոգեբանությունն ընտրեցի: Որոշել եմ՝ պիտի շատ-շատ լավ հոգեբան լինեմ: Բայց եթե հարցնես՝ ոնց եմ պատկերացնում այդ ճանապարհը, չեմ կարողանա պատասխանել: Անկեղծ ասած՝ ընդհանրապես չեմ պատկերացնում:
Ու կյանքիս ամեն մի քայլից առաջ էսպես է: Երևակայությունս լարում եմ ու ինքս ինձ հազարավոր պատկերներ կառուցում, բայց իրականությունը երբեք չեմ պատկերացնում:
Եթե ճիշտն ասեմ՝ վախենում եմ, վախենում եմ նոր միջավայրից, մարդկանցից, նոր ծանոթություններից ու նոր հանդիպումներից: Վախենում եմ նոր շրջապատում սխալվելուց, նույնիսկ խոսելուց եմ վախենում:
Ավագ դպրոցի առաջին օրերն էլ էին էսպես: Եթե միայն իմանաք, թե քանի նկատողություն ու անբավարար գնահատական եմ ստացել այն պատճառով, որ ամաչել եմ խոսել նոր դասարանիս մոտ: Վախենում եմ, որ նույնը կլինի:
Մարդիկ ֆոբիա ունեն մթությունից, բարձրությունից, փակ տարածքից, իմն էլ փոփոխություններից է, այն ամենից, ինչ նոր է կյանքումս, դրան էլ նեոֆոբիա են կոչում:
Բայց ես մի բան էլ գիտեմ. ես ամենահետաքրքիր ու ամենաբազմաբովանդակ տարիներս պիտի անցկացնեմ համալսարանում, որոշել եմ, որ ուսանողական կյանքս պիտի անսահման լավ անցնի: Եթե իմ առաջ նպատակ եմ դնում, ինձ ոչինչ երբեք չի կանգնեցնի, նույնիսկ նեոֆոբիան:
Ու հիմա դու կարող ես ինձ նորից հարցնել, թե ինչ եմ դառնալու:
Կասեմ.
-Հոգեբան-լրագրող (գծիկը՝ չմոռանաս):
Ամենամեծ ձգտումս էլ ուսանողական կյանքում և հետագայում 2 մասնագիտությունները համատեղելն է: Կապ չունի, թե ինչ կսովորեմ համալսարանում, ես երբեք չեմ դադարի ինձ լրագրող համարել:
Ես նպատակ ունեմ, ուրեմն ամեն ինչ կարող եմ:

Լուսանկարը` Եվա Հախվերդյանի

Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է կոռուպցիան (մաս 4)

-Գիտե՞ք, թե ինչ է կոռուպցիան:

-Այո, գիտեմ, թե ինչ է կոռուպցիան՝ կաշառք, հովանավորչություն, պետական փողերի լվացում (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Կոռուպցիա՞ն, իհարկե գիտեմ: Հայաստանում, ի դեպ, բավականին տարածված է: Գումարի միջոցով հասնել ուզածիդ, կաշառքը, դիրքը, շանտաժը, որ կոռուպցիայի հիանալի օրինակներ են (Նանե Վարդանյան, Երևան, 14 տարեկան, աշակերտ):

-Երբ գումար կամ նվեր են տալիս իրենց գործը առաջ տանելու համար՝ դա կաշառքն է: Երբ որ կաշառքը մեծ մասշտաբներ է ընդունում, կամ կաշառում են պետական պաշտոնատար անձի, այդ դեպքում սովորական կաշառակերությունը դառնում է կոռուպցիա: Այսինքն՝ կոռուպցիան այն է, երբ կաշառքը մուտք է գործում պետական համակարգ (Ռուզաննա Ազիզյան, Երևան, 41 տարեկան, լրագրող):

-Համակարգային հանցագործություն է: Տվյալ համակարգում վերևից ներքև ոչ թե համակարգի շահերից բխող գործողություններ են կատարվում, այլ հակառակը. ամեն ինչ կատարում են իրենց անձնական շահի համար: Այդ թվում և համակարգի աշխատողներից կարող են շահույթ ստանալ, և համակարգից դուրս մյուս անձնավորություններից (Վազգեն Վարդանյան, Երևան, 70 տարեկան, թոշակառու):

-Կոռուպցիան՝ պաշտոնական դիրքի չարաշահումն է (Գայանե Ղուկասյան, Երևան, 68 տարեկան, թոշակառու):

-Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում մի օր կվերանա կոռուպցիան:

-Չեմ հավատում, որ կոռուպցիան կվերանա ոչ միան Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ուղղակի կարող է չափերը կրճատվեն, ու այդքան ակնհայտ չլինի կոռուպցիայի ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքում (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Հայաստանում կոռուպցիայի վերացմանը դժվար է հավատալ: Կարծում եմ՝ հնարավոր է, բայց բավականին տանջվել է պետք (Նանե Վարդանյան, Երևան, 14 տարեկան, աշակերտ):

-Այո, իհարկե հավատում եմ (Ռուզաննա Ազիզյան, Երևան, 41 տարեկան, լրագրող):

-Դժվարությամբ, բայց՝ գուցե (Վազգեն Վարդանյան, Երևան, 70 տարեկան, թոշակառու):

-Ոչ, չեմ հավատում (Գայանե Ղուկասյան, Երևան, 68 տարեկան, թոշակառու):

-Ինչո՞ւ չի վերանա:

-Չի վերանա, որովհետև կոռուպցիան այնքան հին է, որքան մարդկությունը: Զուտ հայաստանյան երևույթ չէ կոռուպցիան: Բայց կարող ենք քննարկել ծավալների կրճատումը, ու այո՛, հավատում եմ, որ ժամանակի ընթացքում կոռուպցիայի ծավալները Հայաստանում կկրճատվեն (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Որովհետև արդարություն չկա (Գայանե Ղուկասյան, Երևան, 68 տարեկան, թոշակառու):

-Եթե կվերանա, ի՞նչ է դրա համար պետք: 

-Պետք է ուժեղացնել հակակոռուպցիոն օրենսդրությունը: Պետք է աշխատեցնել եղած օրենքները: Պետք են կոռուպցիայի դեմ հաղթանակի մի քանի լավ օրինակներ, որ հասարակությունը տեսնի, որ իրավիճակը փոխվում է: Պետք է մարդիկ իրենք դա ամոթ համարեն ու կաշառք չտան (Գեղամ Վարդանյան, Երևան, 43 տարեկան, լրագրող):

-Առաջին հերթին կարևոր է երիտասարդ բնակչության մտածողությունը, մնացածը ինքն իրեն կլուծվի (Նանե Վարդանյան, Երևան, 14 տարեկան, աշակերտ):

-Կամքի ուժ (Ռուզաննա Ազիզյան, Երևան, 41 տարեկան, լրագրող):

-Միայն արդարություն, դատական համակարգի անկախություն և արդարության հաստատում (Վազգեն Վարդանյան, 70 տարեկան, թոշակառու):

Հարցումներն անցկացրեց Լիլիթ Վարդանյանը

milena barseghyan

Կարո՛տ, էլ չգրկես ինձ

Ուզում եմ մեր թաղի մասին պատմել։ Մեր թաղը Նար-Դոսի հետ կապ չունի։ Կամ էլ՝ եսիմ, հնարավոր է մի օր պատմվածաշար գրեմ ու նմանվի։ Լավ, դա դեռ թող մնա յոթ սարի հետևում, հիմա դարդս ուրիշ է։

Հուլիսին, երբ երկու անգամ մեկ շաբաթով լքեցի մեր թաղն ու համայնքը, կարոտը պինդ փաթաթվեց ու հիմա նոր-նոր, օգոստոսով մեկ ընկած, ջանում եմ ազատվել նրա գրկից։

Շատ ուրիշ է իմ համայնքը։ Նորք-Մարաշն է, հարուստների թաղամաս են ասում, դրա համար ես էլ մտածում եմ՝ ինչ լավ է, հարուստ ենք։ Փողի մասին չեմ գրում, չխառնեք։ Չկա մի համայնք, որտեղ ամեն ինչ լինի: Ուրեմն սկսեմ թվարկել. հեռուստաընկերություն ունենք ու ամենասլացիկ հեռուստաաշտարակը. էնքան լուսավոր ու սիրուն է, փոքր ժամանակ գիտեի՝ մեծ ներարկիչ է։ Նման է։ Ասում են՝ Երևանի հեռուստաաշտարակ, բայց ես մարաշեցիներիս սեփականությունն եմ համարում, դե, ամեն օր մենք ենք իրեն բարևում, ինքն էլ՝ մեզ։ Գիտե՞ք՝ Փարիզի Էյֆելյանը ընդամենը մի քանի սանտիմետր է բարձր։ Լիահույս եմ, որ բոլորդ կգաք ու աշտարակիս տակ կնկարվեք, կգնահատեք ու կհպարտանաք, որ մեր երկրում էլ ունենք։

Հիվանդանոցների լայն ընտրանի ունենք. ինչդ ուզում է՝ ցավի, միևնույնն է՝ դեմն առնող տարատեսակ հիվանդանոցներ կան։ Եկեղեցի ունենք՝ ներդաշակ այգով ու հյուրընկալ Ս. Մարիամ Աստվածածինը։ Մանկատուն ու ծերանոց ունենք։ Երկուսից էլ երբեք տխուր դուրս չեմ եկել։ Երբ այցելում եմ մանկատուն, սկսվում է «Միլենան հրաշքների աշխարհում»-ը: Աննման են մանուկները՝ ժպիտը դեմքներին բակում խաղում ու խաղացնում են իրենց մոտ եկած յուրաքանչյուրին։ Ծերանոցի մասին էլ ասեմ, որ մանուկներից քիչ են տարբերվում, իրենք էլ սպասում են, որ իրենց կոնֆետ տաս, ու երբ տալիս ես, տատիկներն արագ դնում են շալի տակ ու սպասում՝ «ինձ չեք տվել» դեմքով։ Էլի ենք տալիս: Շատ եմ սիրում Նորքի ծերուկներիս։

Մշակութային ու սպորտային խմբակները մի էդպիսի ամիս չկա, որ հյուրընկալ եկեղեցու բակում միջոցառում չկազմակերպեն։ Երաժշտական դպրոցի անդավաճան սաները շատ են սիրում, երբ իրենց ամեն նոտայից կամ պարային շարժումից հետո բոլորով հավասար ծափահարում ենք ու գոչում՝ ապրե՜ք դուք։

Օգոստոսով մեկ պետք է կարոտս առնեմ, սեպտեմբերից դժվար թե հասցնեմ երեխեքի հետ «ման գալու» գնալ ու թաղամասս վայելել։ Իմ թաղի հանդեպ կարո՛տ, էլ ինձ չգրկես։

ellaMnacakanyan

Օրիորդ երջանկություն կամ` Կապույտը

Ասում են՝ հեղինակի համար գիրքը նման է սեփական երեխային: Շատ տարածված ու հայտնի համեմատություն է, երևի լսած կլինեք: Դե՜, տարածված մտքերն էլ միշտ մի տեսակ ձևական են հնչում, բայց այս մեկը վստահաբար բացառություն է: Վստահաբար, որովհետև սեփական փորձով եմ համոզվել դրանում: Իսկապես, երբ ամիսներ շարունակ աշխատում ես մի ստեղծագործության վրա, ակամա անգիր սովորում յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը, ինքդ քո մեջ վերծանում ու վերլուծում ես գրածիդ միտքն ու ասելիքը, կապվում կերտածդ հերոսների հետ ու սկսում ինչ-որ պահի ապրել նրանց ճակատագրերով, զգում ես, որ դեռ լույս չընծայված գիրքդ դարձել է այնքան հարազատ, ինչքան դեռ չծնված փոքրիկն իր մոր համար: Միակ տարբերությունն այն է, որ գիրքը սնվում ու ձևավորվում, փոփոխությունների է ենթարկվում նախ գլխումդ, ապա համակարգչիդ ֆայլերում՝ որովայնի փոխարեն: Ու հա՜, միշտ չէ, որ հենց 9 ամսից է լույս աշխարհ գալիս:

Եվ ուրեմն կարելի է ասել, որ ես արդեն կրկնակի մայր եմ, որովհետև պաշտոնապես ծնվել է իմ երկրորդ «մանկիկը»՝ «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» անունը կրող գիրքը: Փաստորեն, «Նամակ»-ն արդեն կրտսեր քույր ունի (իմ 2 գրքերն էլ, չգիտեմ ինչու, մի տեսակ իգական սեռի են իմ աչքերում): Եվ այս պահից ի վեր, «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» գիրքն այլևս ոչ միայն իմն է, այլև հանրությանը: Ես հույս ունեմ, որ ընթերցողը կծանոթանա նրա հետ, կկարդա ու կբացահայտի նրա էությունը, գուցե նաև լիովին կընկալի ու կսիրի նրան, բայց ավելի շատ կցանկանամ, որ իր ճիշտ քննադատությամբ, դիպուկ նկատառումներով օգնի դառնալ ավելի լավը եթե ոչ իմ «մանկիկին», ապա գոնե նրա՝ դեռ չծնված «քույր-եղբայր»-ներին, քանզի միայն ու միայն թերությունները շտկելով է հնարավոր կատարելագործվել:

Ձեզ էլ թվա՞ց, որ այս նյութս մի տեսակ տարբեր էր նախորդ նյութերիցս: Ինձ այդպես թվաց: Ուրեմն, թո՛ղ այս անգամվա վերջաբանս էլ տարբեր լինի մնացածից: Որպես վերջաբան՝ պարզապես մի մեծ շնորհակալություն այն մարդկանց, որոնք հավատացին իմ ուժերին ու սատարեցին անիրական թվացող նպատակս իրագործելու ճանապարհին:

Հ.Գ. Քանի որ «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» գիրքն այսուհետ ավելի շատ ձերն է, քան իմը, այն կարող եք գտնել Երևանի «Բուկինիստ» գրախանութում:

Լուսանկարը՝ Ամալյա Հարությունյանի

Երևանից 60 կիլոմետր այն կողմ

Երբ հոգնում ես երևանյան միապաղաղ առօրյայից ու առաջին միտքդ փախչելն է լինում, դու գտնում ես մի հարմար տեղ, որտեղ մտքերդ կհանգստանան: Ես գտել եմ այդ վայրը: Դեռ մանկուց ամեն տարի ամռանը գալիս եմ Ապարան: Էստեղ շատ բարեկամներ ունենք, ու առօրյաս միշտ էլ հագեցած է անցնում: Բայց այս անգամ ամեն ինչ ուրիշ էր: Ձեռքումս ֆոտոխցիկ կար, ու ամենահասարակ լվացքը ամենագեղեցիկն էր թվում: Արդեն պատմել եմ այն տան մասին, որտեղ անցել է մանկությունս: Լուսանկարելով ամեն մի անկյունը՝ ես վերհիշում էի անցած օրերը:

Մի շաբաթը բավական է դառնում, որ ես սիրեմ ու սկսեմ կարոտել ամենահին լուսամուտը, ամենաշատ ծակծկող խոտերը, ամենաքարքարոտ ճանապարհները, ամենահետաքրքիր երկինքը, ամենավառ լվացքները, ամենապայծառ երեխաներին ու ամենալուսավոր մարդկանց:

milena baghdasaryan

Այս տետրն էլ վերջացավ…

Գրչիս թանաքն ավարտվում է, փոխում եմ գրիչս, տետրիս 48 թերթերը  լցվում են, 96 թերթանոցն եմ վերցնում: Տանը բոլորը ննջում են, հաճելի լռություն է, միայն գրչիս՝  թղթին  թեթև հպվելու հազիվ նշմարվող ու  խորհրդավոր ձայնն է լսվում:

Մութ փողոցում մի լուսավոր պատուհան կա. իմն է: Իսկ պատուհանից ներս պատեր չեն, այլ մի ուրիշ մոլորակ՝ հեռու առօրյա հոգսերից ու դուրս` ժամանակ և տարածություն հասկացություններից: Իմ մոլորակում չարը տեղ չունի, աշխատում եմ միայն բարու, բարության և բարի արմատով կամ այն իրենց մեջ կրող այլ բառերի հետ աշխատել,  հերոսներս էլ՝ անշոշափելի, բայց երևակայությանս մեջ ապրող արևագույն էակներ են: Արևագու՞յն. այո՛, չէ՞ որ  ամեն երեկո, երբ ամոթխած  արևը տխրությամբ  կարմրում ու հետաձգում է հրաժեշտի պահը, որ մի քիչ էլ մնա մեզ հետ, ես աչքերով փորձում եմ կլանել լույսն ու ջերմությունը և ժամեր անց դրանք արտացոլել իմ տողերում, հերոսներիս էլ այդպես պայծառ ու ջերմ ստեղծել:

Առաջին փոքրիկ բանաստեղծությունս գրել եմ 39 տառերը յուրացնելուց հետո. մայրիկիս էր նվիրված: Անկեղծ էի գրել, մանկական միամիտ մտքերով ու  բառերով: Դրան հաջորդող այլ փորձերից հետո, չեմ հիշում՝ ինչու՞, չշարունակեցի գրել: Մի օր էլ՝  մյուս օրերի նման սովորական մի օր, դասից տուն վերադառնալու ճանապարհին գլխումս սկսեցին պտտվել նոր բանաստեղծությանս առաջին երկու տողերը: Արագ գնացի տուն ու գրի առա դրանք. մի քանի գեղեցիկ տողեր էլ ավելացրի ու կրկին գրեցի բանաստեղծություն՝ առաջին բանաստեղծությունիցս տարիներ անց: Երբեք չսիրահարված մարդու ձեռքով գրված բանաստեղծություն սիրո մասին, որ շատ բան փոխեց իմ կյանքում ու նորանոր արձակ և չափածո  ստեղծագործություններիս նախաբանը եղավ:

Երկարատև ու ցրտաշունչ ձմեռվանից հետո մի փոքրիկ ձնծաղիկով նոր գարուն մուտք գործեց իմ կյանք:  Գուցե ճիշտ են ասում, որ երկար ժամանակ չգրելուց հետո ավելի մեծ սիրով ես գրիչը ձեռքդ վերցնում ու խոսում թղթի հետ, կարծես գրկում ես  երկար տարիներ չտեսած մերձավորիդ, որին շատ էիր կարոտել ու ամբողջ կարոտդ փորձում ես արտահայտել ամուր գրկախառնության միջոցով:  16 տարեկանում մեծ հանդգնություն կլինի իմ կողմից ինձ գրող անվանելը, չգիտեմ էլ՝ կհամարձակվե՞մ երբևէ կրել գրող-լրագրողի պատվավոր տիտղոսը, թե՞ ոչ, բայց մի բան գիտեմ հաստատ. յուրաքանչյուր ավարտվող տետրին նորն է փոխարինելու, ու գրիչի միջուկի դատարկվելուն պես նոր գրիչ եմ ձեռքս վերցնելու, որպեսզի նոր գրիչով նոր հեքիաթներ «խզբզեմ» թղթին ու նոր մոլորակներ հայտնագործեմ:

Այս տետրն էլ վերջացավ, ներշնչածս արևի ջերմությունն էլ արդեն սպառվում է: Սենյակիս լույսն անջատեմ՝ վաղն էլ արևին հանդիպելու, ջերմություն ու լույս կլանելու և մի նոր սպիտակ տետր սևացնելու ակնկալիքով, մի նոր ձնծաղիկ ստեղծելու ու կրկին կյանքումս գարուն բերելու հույսով:

Ռիսկային միքսերից մինչև վերբաֆոբիա

«-Բժիշկ, ինչպե՞ս է հիվանդը։
-Շատ շուտ է գիտակցության եկել,-ամպամած դեմքով պատասխանեց բժիշկը։»
Դուք չհասկացա՞ք խոսքն ինչի մասին է։ Հիանալի է՝ դուք չեք դիտում հայկական սերիալներ։ Բժշկի դերակատարի պրոֆեսիոնալ դերասանական խաղն ապշեցուցիչ էր, շլացուցիչ։ Այնքան, որ աչքիցդ չի վրիպի, որքան էլ արագ փոխես ալիքը։
Հիմա պատկերացրու՝ հիվանդանոցում սրտաթրթիռ սպասում ես մեկի վիրահատության ավարտին, բժիշկը մոտենում է այնպիսի հայացքով, որ արդեն կցանկանաս հոգեհանգստի պատրաստություն տեսնել, մեկ էլ հրաշք՝ «Ձեր հիվանդը ժամանակից շուտ է գիտակցության եկել»։ Ինչպիսի՞ն կլինի քո պատասխանը։ Եթե սկզբունքից չշեղվենք՝ պիտի ասես՝ «Ներեցեք, բժիշկ, որ մեր հիվանդը չարդարացրեց ձեր սպասումները: Քիչ է, որ ողջ է, մի հատ էլ շուտ եկավ գիտակցության»։

Իմաստային, սցենարային, իրավիճակային՝ գրողի տանի ո՞ր դիտանկյունից էր արդարացված այդ մելամաղձոտ դեմքի արտահայտությունը։ Հատուկ ժամանա՞կ կա, որից շուտ հիվանդը պարտավորվում է գիտակցության չգալ։
Սերիալի անունը չնշեմ։ Թե չէ մոլի երկրպագուները կասեն, թե «քննադատելով ինքնահաստատվում եմ, պարապ եմ, դրանից ա»։ Հասկանում եմ՝ իրենց համար ուրբաթից երկուշաբթի ընկած ժամանակահատվածը իսկական մահ էր։ Շաբաթ օրվա անոնսով մի կերպ դիմացած՝ երկուշաբթի կոնկրետ ժամին ալիքը փոխել ու դիտում էին։ Է՜, ասա ո՞ւմ էր պետք՝ բժիշկը լա՞վ է խաղում, թե՞ վատ, ի՞նչ դեմքով է ասում նորությունը, գլխավորը՝ բժիշկը փրկել է Պողոսի կյանքը։ էհ, ի՞նչ անենք, որ հեչ էլ ուրախ չի, որ փրկել է։
Սա միակ օրինակը չի, որ իրականությունը սերիալի հետ, մեղմ ասած, «յոլա չի գնում»։ Ստորև մի քանի անհեթեթ «ֆրազներ» ևս. բառացի մեջբերում եմ՝
«֊Աղջի, ես առանց քեզ ապրել չեմ կարող»։
Սերն արտահայտելու ավելի գռեհիկ ձև հնարավո՞ր չէր մտածել։ Լո՞ւրջ։ Չէ, դուք իրո՞ք մտածում եք, որ աղջկան «աղջի»-ով դիմող «քյարթ» աշխարհում անհավանական մականուն ունեցող մեկն այնքան անտարբեր չի ոսկեղենիկ հայերենի նկատմամբ, որ մի հատ էլ «աղջի»-ից հետո ականջին կշշնջա՝ «սիրելի՜ս»…
Կամ ասենք՝ «Չեմ կարում քեզ հասկանալ»։ Իսկ հեռուստադիտողը «կկարանա՞» քեզ հասկանալ։ Անաղարտ մայրենիի ու խոսակցականի հերթական սերիալային խղճուկ միքսի փորձ։ Միքսված բաները միշտ ռիսկային են։ Մանավանդ, երբ խոսքը հայերենի ու բակի «քաղցրահունչ» ժառգոնային բառերի մասին է, ուղեղդ սթրեսի է ենթարկվում։ Նույն ուղեղդ, որ սոված-ծարավ դիմանում է ու նույնիսկ ունակ է հիշելու տասնյակ հեռախոսահամարներ ու մտաբերել՝ անցած Ամանորին ինչքան ես կերել, կարող է ցավ զգալ։ Ինֆորմացիայի ընկալման բարդ գործընթացի օբյեկտին սուբյեկտիվ բնութագրերի շնորհման վերջին պատասխանատու փուլին հասնելուց հետո, հավանաբար, մոտդ կառաջանա վերբաֆոբիայի սինդրոմ (վախ բառերից)։ Էսպես գնա՝ բառաֆոնդում կհայտնվի «սերիալային բառապաշար» տերմինը։ Կամ էլ կսահմանվի հատուկ ժամանակ, հիվանդը որքան էլ ցանկանա դրանից աջ ու ձախ անել՝ գիտակցության գալ, չի կարողանա։ Թե բա բժիշկը կասի՝ «Ժամանակից շուտ է գիտակցության եկել»։