Aspram Parsadanyan

Նյութս կլայքե՞ք

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ամեն ինչ մեքենայացված է: Նախորդ դարերում մարդկային կապը ապահովում էին աղավնինները, որոնք նամակներն էին փոխանցում հասցեատիրոջը, և բանբերները, որոնք լուրերը մի քաղաքից մյուսն էին տանում: Դրանց փոխարինելու եկան խելացի սարքավորումները՝ հեռախոսը, համակարգիչը, հեռուստացույցը, որոնք միաժամանակ և՛ խանգարում, և՛ օգնում են մարդկանց: Կարելի է ասել, թե ներկայումս մարդ էակը անկարող է ապրել առանց այդ սարքավորումների և իհարկե, դրանք գործի գցող ինտերնետի:

Արթնանում եմ հեռախոսիս զարթուցիչի ձայնից: Ի տարբերություն մեր նախահայրերի՝ ես իմ զարթուցիչի տհաճ ձայնից կարող եմ ազատվել ընդամենը մի կոճակի սեղմումով. վստահ եմ, որ աքաղաղի դեպքում դա բավականին դժվար կլիներ:
Օրս սկսում եմ հաղորդագրություններս ստուգելով: Նախ WhatsApp, ապա Gmail: Չեմ տառապում այն փաստից, որ գրանցված չեմ սոցցանցերում, բայց ընկերներիս հետ շփվելու, և նոր ընկերներ ձեռք բերելու համար օգնության է հասնում մայրիկիս ֆեյսբուքյան էջը: Չնայած ես այնտեղ էլ շատ անելիք չեմ ունենում. միայն ստուգում եմ ինձ ուղղված հաղորդագրությունները, մտնում եմ Ժուռնալիստիկա խումբ և հետևում կուրսընկերներիս հրապարակումներին:
Հերթական անգամ ներխուժեցի ֆեյսբուք:
-Օ՜յ, ունեի չորս նամակ. զարմանալի էր, միշտ ավելի քիչ հաղորդագրություններ են լինում: Ուրախությունս կարճ տևեց. երեքի մեջ խնդրում էին մեծացնել նկարը և լայքել: Ճիշտն ասած, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր, կոպիտ ասած, լայք են «մուրում» կամ ապրում են լայքերով:
Մինչ զայրացած ջնջում էի այդ նամակները, ինձ զանգահարեց ընկերուհիս: Խոսակցությունը հետևյալն էր.
-Բարի լույս:
-Բարև, ի՞նչ կա, առավոտ շուտ ինչի՞ ես զանգել:
-Մի բան եմ ուզում ասել, բայց չնեղանաս:
-Ասա, չեմ նեղանա (իրականում ես այդքան էլ նեղացկոտ չեմ):
-Կլինի՞ իմ ու քո էն նկարը ջնջեմ ֆբ-ից:
-Ի՞նչ նկար:
-Դե էն, որ անտառում նկարվել էինք:
-Ինչի՞ ես ջնջում, շատ էլ լավ նկար ա:
-Ա՜խր, քիչ լայք ունի, է՜:
-Այ քեզ բա՜ն: Դու լայքի՞ համար ես նկարվում:
-Բա դու ինչի՞ համար ես նկարվում:
-Լավ հիշողությունների: Կարճ ասած, ինչ ուզում ես` արա:
-Նեղանո՞ւմ ես:
-Չէ, ուղղակի զզվում եմ, որ լայքի համար կռիվ ես անում:
Ես անջատեցի հեռախոսը և սկսեցի նորություններ կարդալ: Բոլորն ունեին նմանատիպ բնույթ ու վերնագրեր. «Լայք, եթե սիրում ես քո մայրիկին», «Իրական շոկ՝ ի՞նչ գտավ տղան իր մահճակալի տակից»:
-Երևի կորած գուլպան,- քթիս տակ ասացի ես: Չեմ սիրում նաև նմանատիպ «լրագրողական հմտությունները»:
Նորից նամակ. «Լսի, նոր նկար եմ գցել, լայքի՛ ու մեկնաբանի, էլի»:
-Աստված իմ՜, բոլորը ձայնները մեկ են արել: Դուրս գամ վիրտուալ կյանքից, քանի դեռ չեմ գժվել:
Անկեղծ ասած, առհասարակ խուսափում եմ առցանց շփումից: Ավելի հաճելի է նայել մարդու աչքերին ու նոր խոսել, այլ ոչ ստեղներին:

Մարդի՛կ, երբեք մի մոռացե՛ք մարդկային պարզունակ շփման մասին: Ընկերություն մի սկսեք friend տալով և մի խզեք այն «սև ցուցակ» գցելով: Ի վերջո, մի ապրեք հանուն լայքերի:

Հ.Գ. Մոռացա ասեմ, որ խնդրեմ` մի հատ նյութս կլայքե՞ք:

davit aleqsanyan

Անձրև

Գեղեցիկ է անձրևը տարվա բոլոր եղանակներին, երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և ցնցուղի նման իր ձեռքի տակ առնում ողջ գյուղը:

Սիրում եմ շռնդալի անձրևը՝ ջրառատ, որ աղմկալի հարվածում է տանիքներին: Տեղատարափ ու հորդ անձրևն էլ ունի իր հմայքը: Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև երաշտին, երբ պապակված հողը կլանում է ամբողջ անձրևաջուրը այնպիսի արագությամբ, որ ոչ մի առվակ չի գոյանում փողոցներում: Գյուղը նոր երանգ և բույր է ստանում: Անձրևները ավելի հաճախակի լինում են գարնանը և աշնանը: Գարնանային ուրախ անձրևները անթիվ կյանքեր են արթնացնում: Աշնանայինը՝ թախիծ է բերում ու տխուր հուշեր: Անձրևը սիրում եմ իր բոլոր ձևերով, իր բոլոր արտահայտություններով՝ ջրառատ և կարճատև տեղատարափը: Հորդառատ անձրևների ժամանակ սիրում եմ քնել կամ էլ երազել: Երբ անձրև է տեղում, և ես դրսում եմ լինում, չեմ շտապում թաքնվել որևէ ծածկի տակ, ինչպես այդ անում է մարդկանց մեծամասնությունը: Սիրում եմ զբոսնել անձրևի տակ ու մտածել, միայն թե այն մաղի բարակ և միալար: Ինձ թվում է, թե անձրևը Աստծու կողմից շնորհված բարիք է՝ կյանքի ու կանաչ ճանապարհի խորհրդանիշը:

marine israyelyan

Ինչ է սովորեցրել ինձ կյանքը

Մարդկային կյանքը, համեմատած տիեզերքի հավերժության հետ, մի չնչին ոչինչ է, մի հիասքանչ ոչինչ, որ Արարչի ողորմածությամբ տրվում է մեզ` հիանալու նույն այդ տիեզերքի հարատևությամբ: Մենք հանդիսատես ենք, անմահ ստեղծագործության ականատեսներ: Մարդկային կյանքի հետ համեմատած` իմ կյանքն առավել ևս չնչին է, անծիր վարդաստանում ապրող չբացված մի թերթիկ, որը միասնության մեջ իր գույնն է տալիս աշխարհին: Բոլոր թերթիկներն էլ չքնաղ են, բայց շուտ են թառամում ու ընկնում, ոմանք ուրախությամբ, ոմանք կարոտով, ոմանք էլ անհուն թախիծով: Իսկ ի՞նչ է սովորեցրել ինձ կյանքը… Եթե սովորեցրել է, ապա շատ քիչ բան: Նա ինձ դեռևս միայն ցույց է տալիս, ծանոթացնում, հիացնում ու զարմացնում, երբեմն նաև հիասթափեցնում: Կյանքն ինձ ցույց է տվել, որ շատ հաճախ մանկական միամտությունն ու պարզությունը քեզ համար հիմարի պսակ են հյուսում, բայց չի սովորեցրել խորամանկ լինել: Նա ինձ ցույց է տվել, որ հավատարմությունը հնացած, միայն գրքերի խունացած էջերից մեզ նայող հիշողություն է, բայց չի սովորեցրել դավաճանել: Ցույց է տվել, որ անսահման հավատը մարդ արարածի նկատմամբ ծիծաղելի է, բայց չի սովորեցրել լինել կասկածամիտ: Կյանքն ինձ ցույց է տվել, որ հարգանքը երբեմն ընկալվում է որպես թուլության նշան, բայց չի սովորեցրել չհարգել: Ես ուրախ եմ, որ կյանքը խնայել է ինձ, ու չի դաստիարակել իր առօրեականությամբ, կամ որ ես վատ աշակերտ եմ, ու չեմ սովորել: Բայց դեռ օրորոցում կյանքը, բոլորից թաքուն, ինձ մի գանձ տվեց, որի համար, չնայած այն ամենին, ինչ ցույց տվեց, հավետ երախտապարտ պիտի լինեմ. նա ինձ սովորեցրեց սիրել… Մորս աչքերով սովորեցրեց, որտեղ առաջին անգամ սիրո անմար ճրագներ տեսա ու հետո… Հետո կյանքս սերմնավորվեց սիրով:

davit avagyan

Հրաձգության մրցումները

Աշխարագրության ժամն էր, ուսուցչի հեռախոսին զանգ եկավ: Նա դուրս եկավ խոսելու, իսկ այդ պահին ներս մտավ ՆԶՊ-ի դասատուն: Ես արագ ոտքի կանգնեցի ու ասացի.

-Բարև, ընկեր Բայրամյան:

-Բարև:

-Ընկեր Բայրամյան, մի բան եմ իմացել` ճի՞շտ ա:

-Հա, ճիշտ ա, բայց դասամիջոցին կասեմ:

Ես անհամբեր սպասում էի, թե երբ էր դասամիջոց լինելու: Հենց դասամիջոցի զանգը խփեց, արագ գնացի ընկեր Բայրամյանի մոտ: Նա ասաց, որ Կողբում մեծ մասշտաբներով կրակայինի մրցումներ են լինելու: Երեք տեսակի զենքերով պետք է կրակենք` «AK-74»-ով, «Տիրով» ու «Տոզով», բայց ինքն էլ դեռ չգիտեր, թե որ օրերին է լինելու, բայց ասաց, որ հավանաբար հոկտեմբերի 8-ին, 9-ին կամ 10-ին է լինելու: Ամեն դպրոցից երեք երեխա են մասնակցելու, ու դրանցից մեկը ես եմ: Երբ նա ասաց, որ ես էլ եմ գնալու, շատ ուրախացա: Հուսով եմ, գոնե երրորդ տեղ կգրավեմ:

Վերջապես գնացինք: Բայց անձրև էր գալիս ու մառախուղ էր, 70 մետր այն կողմ ոչ մի բան չէր երևում: Այդ պատճառով մենք «AK-74»-ով չկրակեցինք, որովհետև իրավունք չկա 150 մետրից մոտիկ «AK-74»-ով կրակել, բայց «Տիրով» ու «Տոզով» կրակեցինք:

Մինչև կրակելը մեզ ծանոթացրին տարբեր զենքերի, գիշերային հեռադիտակների, տարբեր տեսակի նռնակների հետ ու պատմեցին, թե ինչպես են օգտագործում դրանք: Նաև մեզ հյուրասիրեցին զինվորական ճաշեր, որոնք շատ համեղ էին պատրաստված: Հաց ուտելուց հետո գնացինք կրակելու:

Ցավոք սրտի, մեր գյուղից տեղ չգրավեցինք, բայց մեր դպրոցին նոր զենք նվիրեցին: Իսկ հաղթողներին խոշոր դրամական պարգևներ տվեցին:

Դիլիջանյան աշուն

Երևի բոլորս էլ լսել ենք Դիլիջանի գեղեցկության, նրա խիտ անտառների և  խոնավ  կլիմայի մասին: Իսկ աշնանը այս փոքր քաղաքը վերածվում է գույնզգույն մի վայրի, որտեղ կարծես թե իրականանում են երազանքները:

Ես շաբաթական երկու անգամ այնտեղ եմ լինում, քանի որ սովորում եմ այնտեղի Թումո կենտրոնում: Այս անգամ պիտի նկարեինք փողոցում: Վարժությունը լսելուց հետո մենք վերցրեցինք մեր ֆոտոխցիկները և դուրս եկանք թափառելու Դիլիջանի փողոցներով: Ես առաջին անգամ էի տեսնում Դիլիջանը ներսից, իր հնացած փողոցներով և բարեհամբյուր մարդկանցով: Մարդիկ նկատելով մեր ձեռքի խցիկները միանգամից ասում էին.

-Բալա ջան, մի նկարի մեզ:

Ճիշտ է, դա մեծերն էին ասում, իսկ երիտասարդները նկատելով, խուսափում էին մեզանից: Մենք` ես և ընկերներս, երևի շրջեցինք ամբողջ Դիլիջանը հետաքրքիր կադրեր որսալու համար: Մենք այնքան անուշադիր էինք գտնվել, որ անգամ չհասկացանք, թե ոնց հայտնվեցինք անտառում: Կարծես Դիլիջանը մեզ դյութում էր իր գեղեցկությամբ:

karen andreasyan

Նամակ արտերկրում բնակվող ընկերոջս

Բարև, սիրելի Անդրանիկ: Ես Կարենն եմ: Ապրում եմ սահմանամերձ Կոթի գյուղում: Շատ եմ սիրում գյուղս, այստեղ ինձ հանգիստ եմ զգում: Դու երևի չես տեսել այստեղի բնությունը, եթե տեսած լինեիր, չէիր մոռանա, և անպայման կայցելեիր մեր գյուղ:

Սիրում եմ մեր գյուղը, բայց այստեղ չկան խմբակներ, որոնք երեխաների առօրյան ավելի հետաքրքիր կդարձնեն: Օրինակ` կան երեխաներ, ովքեր երգում են, պարում, բայց խմբակ չլինելու պատճառով նրանք կորցնում են իրենց հմտանալու շանսը: Անկախ ամեն ինչից, սիրում եմ իմ գյուղը, իմ հողը… Այս հողի համար շատ~ արյուն է թափվել, բայց մեր գյուղը կանգուն է մնացել:

Գիտե՞ս, նամակիս վերջում ուզում էի քեզ հրավիրել մեր գյուղ, բայց ես լսեցի մի ձայն և շտապեցի դուրս: Եվ իհարկե` չէի սխալվել. կրկին կրակոցներ էին սկսել:

Արդեն մութ է… Մարել են գյուղի բոլոր լույսերը: Գյուղս կարծես մեռած լինի: Ուզում եմ գյուղս խաղաղ լինի, էլ ոչ ոք չզոհվի, այլևս ոչ մի լույս չմարի:

Ամեն դեպքում սպասում եմ քեզ, թեկուզ որպես հյուր…

maya harutyunyan

Արի` շլակեմ, սիրունս

Երբեք չեմ կարողանում մոռանալ, թե ինչպես խաբեցի հորեղբորս, ձևացնելով, իբր քնած եմ:

Երևի 5-6 տարեկան կլինեի, սարում էի, երբ ես ու հորեղբայրս ոտքով գնում էինք մոտիկ ուրթերից մեկը, ճանապարհը քարքարոտ էր, հորեղբարս ասաց.

-Սիրունս, արի` շլակեմ, որ քարերը ոտներդ ցվացնեն ոչ:

Նա ինձ միշտ ասում էր «սիրունս », երբեմն էլ՝ «բողոճ»: Դե իհարկե, ես չհրաժարվեցի այդ հաճույքից: Մենք տեղ հասանք, մի քիչ մնացինք: Երբ արդեն հետ էինք գալիս, նա այդ քարքարոտ ճանապարհում կրկին ինձ առաջարկեց, որ շալակի, և ես նորից չհրաժարվեցի: Երբ արդեն անցել էինք ադ քարերը, հորեղբարս հարցրեց.

-Վեր չես գալի՞, սիրունս:

Ես ձևացրեցի, իբր քնած եմ, ինձ մինչև վերջ շալակած տարավ: Հասանք տուն, սկսեցի ծիծաղել: Հետո՝ այդ «քնած» երեխան հարևանի հետ գնաց հորթերը բերելու, ընդ որում՝ հարևանի հորթերը:

Կարոտով եմ հիշում թե՛ հորեղբորս, թե՛ այն օրերը, որ անց եմ կացրել նրա հետ: Հիմա հորեղբայրս չկա, ու էլ ոչ ոք ինձ «սիրունս» կամ «բողոճ» չի ասում…

davit aleqsanyan

17.am-ն ու ես

Գրեթե 8 ամիս է` թղթակցում եմ 17.am-ին: 17.am-ը իմ կյանք մտավ այնպիսի արագությամբ, որ չհասցրեցի նկատել: Նրանց հետ ծանոթությունս եղավ այն ժամանակ երբ 6-րդ ժամ դասին էինք նստած, ու տնօրենը մտավ դասարան և ասաց, որ 9-12-րդ դասարացիններին ուզում են ինչ-որ մարդիկ տեսնել: Մտքիս մեջ ասացի` ի՞նչ պիտի լինի որ: Մնացած ծրագրերի նման պիտի գան ու հավետ անհետանան: Սակայն երբ հանդիպեցինք նրանց հետ, ու մեզ ներկայացրին ծրագրի մասին, միտքս անմիջապես փոխվեց: Երբ ցույց էին տալիս մեր հասակակիցների նկարահանած ֆիլմերը, ուղղակի ապշած էի մնացել: Երբ նրանք գնացին, ամբողջ 7-րդ ժամը ինքս ինձ պատկերացրել եմ ֆիլմ նկարելիս կամ, ասենք, իմ նյութերը այդ կայքում տեղադրված: Տուն հասնելուն պես 17.am-ին նամակ գրեցի, որ ես ուզում եմ դառնալ պատանի թղթակից: Հաջորդ օրը նամակ ստացա, որ պետք է 2 շարադրություն գրեմ` « Ինչն է ինձ հուզում» և « Իմ մասին»: Այդ ժամանակ դեռ նյութը և շարադրությունը չէի տարբերում իրարից: Շարադրությունները ուղարկելուց մի քանի օր անց ստացա նամակ, որ ես անցել եմ նախընտրական փուլը և պիտի մասնակցեմ մեդիա դասընթացին: Դասընթացի օրերին իսկապես իմ ամենաառաջին նյութս՝ «Խաչմերուկը», հայտնվեց կայքում: Այս դասընթացի ժամանակ ուսումնասիրեցինք կինոն, ֆոտոն և լրագրությունը, սովորեցինք գրել մեր առաջին նյութերը, լուսանկարել և հասկանալ, թե ինչպես է ստեղծվում ֆիլմը:

Դասընթացից հետո ես անընդհատ հոդվածներ էի ուղարկում, ուրախանում, երբ հոդվածներս տեղ էին գտնում կայքում:

Նրանց հետ հաջորդ հանդիպումս եղավ մեդիա ճամբարի ժամանակ, երբ Հայաստանի 10 մարզերից և Երևանից հավաքված երեխաների հետ մեկնեցինք Աղվերան, որպեսզի ավելի հմտանանք կինոյի, ֆոտոյի և լրագրության ոլորտներում: Ապրեցինք իսկապես ստեղծագործական հրաշալի շաբաթ. Ամեն օր նկարահանում, ֆոտոարշավ, հանդիպումներ, վարպետության դասեր… Չնկատեցինք` ոնց անցավ ժամանակը, ոնց եկավ բաժանման պահը…

Ես ուրախ եմ որ թղթակցում եմ 17.am-ին: