Seroj araqelyan

Արդեն մի գյուղացի ենք

Երևի տեղյակ կլինեք, որ ՀՀ կառավարությունը օրենք ընդունեց, որ որոշ համայնքներ պետք է միանան: Այդ թվում նաև մեր գյուղը՝ Բաղանիսը: Համայնքների միացման լուրը բնականաբար վատ անդրադարձ ունեցավ գյուղացիների վրա, քանի-որ բոլորի մտքին այն էր, որ էլ ուշադրության կենտրոնում չեն լինելու: Այն ժամանակ մեկ գյուղ մեկ անուն էր, իսկ հիմա չորս գյուղ՝ մեկ անուն: Մինչ որոշման ընդունելը գյուղացիները ցույցեր կազմակերպեցին՝ պլակատներ գրելով «Դեմ ենք միացմանը», Նոյեմբերյան քաղաքի մեջ ճանապարհ փակեցին, բայց այդ ամենը ոչինչ չփոխեց, համայնքները միացվեցին:

Էն ժամանակ, որ գյուղապետի ընտրություններ էր լինում, հիմա էլ չի լինելու: Համայնքների խոշորացման վատ կողմերից են՝ որ գյուղապետ չի լինելու, քաղաքապետի կողմից ավագանի է ընտրվելու ով կղեկավարի այդ տարածքը: Մինչդեռ մեր գյուղապետը հովանավորներ էր գտնում գյուղի խնդիրները լուծելու համար, անգամ ֆեյսբուքով, և մենք՝ Բաղանիսի թղթակիցներս հաճախ ենք այդ մասին գրել:  էն ժամանակ նշվում էր գյուղի անունը, իսկ հիմա ասում են անվանվելու է Նոյեմբերյանի համայնք:  «Առաջ, երբ ինչ-որ հարց կամ խնդիր էր լինում՝ դիմում էինք գյուղապետին, հիմա դիմելու ենք ավագանուն, ով պետք է տեղեկացնի քաղաքապետին»,- ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

Չգիտեմ՝ հիմա, որ հարցնեն, թե որտեղ եմ նկարչության գնում, ի՞նչ ասեմ. կողքի գյո՞ւղ, բայց չէ՞որ մենք արդեն մի գյուղ ենք. էլ Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար կամ Ջուջևան չի լինելու, արդեն Նոյեմբերյան է: Մեկի մոտ էլ ասեն նոյեմբերյանցի, կասեն հենց Նոյեմբերյան քաղաքում ա ապրում: Երբ գնում եմ նկարչության, էնտեղի ընկերներս կատակում են. «Ի՞նչ կա համագյուղացի, ո՞նց ես»,- ու էդպես ամեն տեսնելիս:

Ճիշտ է, ճանապարհի մոտից հանելու են ցուցանակները, որոնց վրա գրված է լինելու Բաղանիս, Ոսկևան, Ջուջևան, բայց մեկ է, Բաղանիսը մնալու է Բաղանիս, Ոսկևանը՝ Ոսկևան:

Արարատի մարզ, գ. Լուսառատ
Ֆոտո՝ Աստղիկ Քեշիշյանի

Հայաստանի մեկ րոպեն

Օգոստոսի 17-ին, ժամը 17:17 Հայաստանի տարբեր մարզերում գտնվող մեր թղթակիցները զինվել էին տեսախցիկներով եւ լուսանկարել այն, ինչ կատարվում է իրենց շուրջը։ Հյուսիսային Ամասիայից մինչեւ Սյունյաց Դարբասը, Մալիշկայից մինչեւ Ստեփանավան, Աբովյանից մինչեւ Լուսառատ. տասնյակ գյուղերի ու քաղաքների կյանքը նույն օրվա նույն րոպեին մի ֆոտոշարքում։

davit aleqsanyan

Իմ առաջին որսը

Պայծառ օր էր: Ես սովորականի պես հայրիկիս հետ գնում եմ անասունների հետևից՝ Հարսնաքար լեռան ստորոտը: Ես հայրիկիս ասացի.

-Պապ, խի՞ չես զենքը վերցնում հետդ: Մի բան ռաստ կգա, էլի:

Հայրս թե՝  ուզում ես բեր: Ես վերցրեցի զենքը և ճանապարհ ընկանք: Ճանապարհը երկար չէր՝ մոտ մեկից երկու ժամ: Գրեթե տեղ էինք հասել, և հանկարծ շունս՝ Լեսին, սկսեց հաչալ:

-Ի՞նչ ա եղել, ի՞նչ տեսար:

Հարցիցս անմիջապես հետո սկսեց վազել: Գնացի նրա հետևից, չալ (աղվես) էր տեսել: Թեև նրա միսն ուտելու չէր, սակայն գյուղի  հավ գողացողներից մեկն էր: Իմ և նրա միջև հեռավորությունը 200-300 մետր էր: Ես նշան բռնեցի, շունչս պահեցի և առաջին անգամ կրակեցի կենդանու վրա: Գնդակը կպել էր նրա թոքերին: Մոտեցա և համոզվեցի, որ սատկած է: Ինչ ասեմ, համ վատ էի զգում, որ մի կրակոցով վերջ եմ տվել չալի կյանքին, բայց համ էլ ինքս ինձ մխիթարում էի, որ գյուղում էլ չեն անիծելու հավագողին ու վաշ-վիշ անելու կորցրած հավի համար:

Վրդիվորի նազուկը

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

-Է՜, ի՛մ բալա, հըմի լավ ա էլի, րեխեքս ուրախ Վրդիվոր (Վարդավառ) են անըմ… Մեր վախտը սով ա լել, պատերազմն ա լել, ես էլ՝ դաշնակի րեխա… Երեսունյոթ թվից մինչև քառասունմեկ թիվը հաշվի էլի. չորս տարեկան եմ լել, պատերազմն սկսվել ա, վեր պրծավ, ութն ի… Տրանից եդն էլ պակաս տարենի ա լել, շա՜տ պակաս տարենի… Ի՞նչ Վրդիվեր, ի՞նչ պյան… տուժվըմ ինք… Մեկ էլ սկսել ենք նշիլը, երբ վեր րեխեքս ծնված ին, բայց դեռ սակավ ինք անըմ: Վեր աշխարհքը լիուբոլացավ, մարդիք սկսեցին տեղը տեղին Վրդիվոր անիլը: Հուլիսի քսանից եդը առաջին կիրակին, եկեղեցին երբ կասեր, չէր ասի, մեզ հմար քսանից եդը առաջին կիրակին էր Վրդիվոր, գիդըմ չեմ խի, համա տհենց էր… Ով սարըմ օդա չուներ, կա՛մ կեղըմ ին նշըմ, կա՛մ անտառըմ, կա՛մ աղբյուրըմ: Բայց շատերը սարն ին քյըմ: Էն վախտ բարա ինք ասըմ, մե՜ծ բացատ էր, կովերն իրիկունը ըտեղ ին հվաքվըմ, էդ բարեն ժղովուրդը Վրդիվորի առաջին օրը լցվըմ ին. ջահելնին խաղեր ին խաղ անըմ՝ ջնջլախտի, գզրի, իշըգլդի… մեծերն էլ պատրաստութին ին տենըմ: Իրիկունն էլ մեծ կրակին անըմ, նվագ ածըմ, պար կալի, թվանքով կրակըմ…

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

Կիրակի ռավետը քըմ ինք մատաղի: Եկեղեցի ունինք, համա շա՜տ հեռու էր, մի մեծ քար կար, ըտեղից էր եկեղեցին րևըմ, տրա հմար ըտեղ ինք ոչխար մատաղ անըմ: Է՜, էն վախտ լավ էր էլի, Նոր տարուց լավ ինք նշըմ, ահագին ծախս անըմ, կեղի ժղովուրդը սարվորների հմար պետք ա ընտիր նվերնի տանեին, բա դե Վրդիվոր ին քըմ, ուտելիքի մասին էլ չեմ ասըմ… Հարգված ուտելիք էր նազուկը, մեջն էլ ի՞նչ՝ կարագ, ալիր, պեսոկ, շաջի վրա ին թխըմ, ու թխըմ ին սարի մեծ, լավ, հարգված կնանիքը: Տղամարդիկ ոչխար ին մաշկըմ, խրոված անըմ, կնանիք սեղամ քցըմ, րեխեքն էլ ջրվըմ, խաղ անըմ, ուրխանըմ… Էն վախտ լավ էր, բալա ջան, շատ լավ էր, մարդիկ սիրով ին…

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի

Հ.Գ. Այսօր էլ Տավուշ աշխարհում Վարդավառը տոնվում է տատիկիս պատմածի նման համ ու հոտով, բարեբախտաբար շատ քիչ բան է փոխվել, ու ես երջանիկ եմ, որ իմ տատերից ու պապերից ժառանգել եմ այս գեղեցիկ ավանդույթները: Ու մի բան էլ տատիկիս ասեմ.

-Ամա՛յ ջան, հմի էլ ա լավ, վախիլ մի, սիրով մարդիկ էլ դեռ կան…

davit avagyan

Խոտհունձ

Օգոստոսի տասն էր։ Ճամբար գալուս մնացել էր երկու օր, բայց ես գնացել էի խոտ հավաքելու։ Ասեմ, որ մեր հողերը, որոնք մենք հնձում ենք, մոտ երեսուն հեկտար տարածք, գտնվում են ադրբեջանական սահմանից 200-300 մետր հեռավորության վրա, այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում այդ հողերը հնձել։ Պատահել է, որ մի անգամ ադրբեջանցիներն այրել են ամբողջ երեսուն հեկտար տարածքը։ Գնում ենք մոտիկ գյուղերից հողեր ենք առնում ու հնձում։

Ես այնքան էի հոգնել, որ տուն հասնելուն պես քնեցի։ Առավոտ շուտ ընկերս զանգեց.

-Ալո։

-Բայլուս, Դավ։

-Բայլուս։

-Ի՞նչ կա։

-Բան չկա։

-Խո՞ւ քնած չէիր։

Ես ասացի, որ քնած չէի, բայց իրականում քնած էի, խաբեցի, որ ընկերս իրեն վատ չզգա։

-Դավ, գնում ենք խոտի, կարո՞ղ ա գաս։

-Հա, բա ոնց, տասը րոպեից ձեր տանն եմ, սպասի։

-Լավ։

Ես արագ հագա շորերս ու վազեցի։ Մենք գնացինք, խոտն արդեն հնձած էր։ Հօգուտ մեզ, մենք շատով էինք ու այդքան էլ չհոգնեցինք, արագ-արագ հավաքեցինք ու նստեցինք, սպասեցինք, որ պրեսսը (մամլիչը) գա։ Պրեսսն ուշանում էր, իսկ տղաներից մի քանիսը գործ ունեին ու չկարողացան սպասել: Նրանք գնացին, մնացինք չորս հոգով։ Պրեսսը մի քիչ հետո եկավ։ Մենք արագ գործի անցանք, որովհետև արդեն շատ ժամանակ էինք կորցրել սպասելով։ Մենք տուկը կապեցինք, բարձեցինք մեքենաներին ու տուն վերադարձանք։

Շատ էինք հոգնել, որովհետև 257 հատ տուկ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 20 կիլոգրամ, չորս հոգով բարձեցինք մեքենաներին։ Ւմ մեջքը ցավում էր ու նաև գործ ունեի. պետք է տեղ գնայի, բայց չէի կարող ընկերներիս մենակ թողնել։ Մենք արագ դատարկեցինք, ու ես շուտ գնացի։

Իսկ հաջորդ օրը ես եկա ճամբար։

Երևի չնկատեցիք, թե մեջքս ոնց էր ցավում…

marine israyelyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Հրաժեշտից առաջ

Միշտ գնահատել եմ ճամբարային ծրագրերը առավելպես նոր ընկերների ձեռքբերման համար: Իհարկե, հնարավոր չէ միաժամանակ բոլոր մասնակիցների հետ ընկերանալ, բոլորի հետ ծանոթանում ես, բայց երբ կարողանում ես երկուսի հետ մտերմանալ, դա իսկապես մեծ ձեռքբերում է:

Բացի բազմազան մեդիագիտելիքներից Դիլիջանի ճամբարում ես երկու մեծ տիեզերք բացահայտեցի. Մարիամը՝ Ամասիայից և Նոնան՝ Եղեգնաձորից: Նրանք երկուսն էլ տարբեր են, ունեն ինքնատիպ հետաքրքրություններ: Մարիամը թունդ հայրենասեր-համայնքասեր է և հարգում է բոլոր այն ամասիացիներին, որոնք ձգտում են ինչ-որ լավ գործ անել իրենց հայրենի գյուղի համար, իսկ Նոնան պայծառություն է, լավ տրամադրություն, ուղղակի հրաշք աղջիկ:

Այնքան ուրախ եմ, որ գոնե ինտերնետի միջոցով կարող եմ շարունակել շփումս այնքան հաճելի մարդկանց հետ, որոնցից պիտի բաժանվեմ ճամբարի ավարտին: Բացի նրանցից ճամբարի անձնակազմի և մասնակիցների շրջապատում գտնվելը, միասին աշխատելը իսկական երջանկություն է: Այնքան հաճելի է տեսնել բոլորի անկեղծ սիրալիր վերաբերմունքը բոլորիս նկատմամբ:

Երբ մասնակցում ես բազմաթիվ ճամբարների, զուգահեռներ անցկացնելով համեմատում և գնահատում ես յուրաքանչյուր մանրուք: Վեցօրյա հաշվարկներից և փորձից հետո իմ մասնակցած ճամբարների բուրգի գագաթին հայտնվեց Դիլիջանի մեդիա ճամբարը, որի համար շնորհակալությունս հայտնում եմ «Մանանա» կենտրոնին:

Seroj araqelyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Առավոտից մինչ ուշ գիշեր անակնկալներ

Մեդիա ճամբարի այս օրը ինձ համար մի քիչ յուրահատուկ էր: Ասեմ ինչի. գնացինք մոտակա գյուղերից մեկը՝ Գետիկ գյուղը: Գնացել էինք հարցազրույց վերցնելու տեղի բնակիչներից: Ճանապարհին երեխաների հանդիպեցինք, և հարցազրույցի ժամանակ նշեցին. «Մը քիչ յեգին արեք էլի, գորձիցը ուշանըմ ենք»: Հարցրեցինք, թէ ի՞նչ գործից են ուշանում: Ասացին. «Նկարչուհու բաղը մաքրող տինք գնալ, հետն էլ` կես ժամ ա ուշացել ենք»: Որոշեցինք հետները գնալ ու նկարչուհուց հարցազրույց վերցնել: 

Գնա~նք, գնա~նք, մեկ էլ ո՞ւմ տեսնենք. հայ տարազագետ Լուսիկ Ագուլեցուն: Մի տեսակ անսպասելի էր իրեն հանդիպել այդ գյուղում:  Երեխաների հետ զրույցից հետո որոշեցինք հարցազրույց վերցնել նաև Լուսիկ Ագուլեցուց: Երկար հարցազրուց վերցրեցինք: Մեզ ասաց, որ ամեն տարի գալիս է այդ գյուղ, որպեսզի ստեղծագործի: Տիկին Լուսիկը նշեց, որ տասը օրով է եկել ու տասը օրվա մեջ պետք է երեսուն կտավ նկարի՝ օրը երեք հատ: Տեղեկացրեց նաև նրա մասին, որ ձմեռները նունպես այցելում է Գետիկ: Տունը ձևավորված էր հին ավանդական ոճով, որտեղ աչքի էր ընկնում հնությունը, ձեռքի գեղեցիկ աշխատանքներ և ազգային տարազ, որը ինքն էր կրում: Սկզբից չէր ուզում նկարահանվել, քանի որ շորերը ամբողջությամբ յուղաներկոտ էին: Մի քիչ համոզելուց հետո ստացանք համաձայնությունը և սկսեցինք հարցազրույցը: Հարցազրույցից հետո մեր կամքին հակառակ, հյուրասիրեց և նկարվելու թույլտվություն ստանալուց հետո նկարվեցինք ու վերադարձանք: Երեկոյան Մուշեղ Բաղդասարյանը, որը «Մանանաֆիլմս» ստուդիայի համահիմնադիրներից է, դոկումենտալ կինոյի վարպետության դաս անցկացրեց, պատմեց, թե ինչպես է ստեղծվել իրենց ստուդիան, ինչ ֆիլմեր է նկարել և որտեղ, ընթացքում նաև ցուցադրեց իրենց նկարած ֆիլմերի թրեյլերները: Ես շատ էի դիտել «Մանանա» կենտրոնի ֆիլմերից, բայց «Մանանաֆիլմսի» ֆիլմերով մինչև հիմա տպավորված եմ: Եթե անկեղծ, ֆիլմերն իրենց պրոֆեսիոնալիզմով չէին տարբերվում Հոլիվուդյան կամ արտասահմանյան հայտնի ստուդիաների նկարած ֆիլմերից: Ֆիլմերը դիտելուց հետո մեզ հետաքրքրող հարցերը տվեցինք Մուշեղին, ով սիրով պատասխանեց մեր բոլոր հարցերին:

Դիլիջանյան մեդիա ճամբար. եթե չեք սիրում, փորձեք պարզել` ինչու

Վաղուց էի լսել մեդիա ճամբարի մասին, բայց նախկինում երբեք չեմ մասնակցել: Ես նախկինում չեմ սիրել մեդիան, կինոարտադրությունը և լրագրողի գործը: Ինձ թվում էր, որ երբեք չեմ սիրի այս ոլորտները: Սակայն հասկանալով, որ ես շատ քիչ տեղեկություն ունեմ այս ոլորտների վերաբերյալ, որոշեցի գնալ ճամբար և իմանալ ավելին նրանց մասին: Այնուամենայնիվ, մտածում էի, որ մեկ օրից ավել չեմ կարող մնալ ճամբարում, որովհետև քննարկվող թեմաները չեն հետաքրքրի ինձ:

Առաջին օրն էր, մտա այն դահլիճը, որտեղ տեղի էր ունենալու սեմինարը: Մի քիչ տարակուսանք կար իմ մեջ: Գրեթե բոլորը իրար ճանաչում էին: Իսկ ես դեռևս ծանոթներ չունեի:

Սեմինարը սկսվեց: Մեզ բացատրեցին նկարահանումների հիմունքները: Մենք անգամ հարցազրույց վերցնելու փորձ արեցինք: Եվ ահա թե ինչ: Իմ բոլոր պատկերացումները մեդիայի մասին փոխվեցին: Ես հասկացա, որ մեդիան  հետաքրքիր և մարտահրավերներով լի մի կյանք է: Զարմանում եմ, թե ինչու մինչև հիմա չեմ սիրել:

Եվ ահա, ժամեր անց, մասնակցեցի վարպետության դասի: Մեր հյուրն էր ֆոտոլրագրող Արամ Կիրակոսյանը: Այդ դասից հետո, ես հասկացա, որ ինչ մասնագիտություն էլ որ ընտրեմ, լուսանկարչական սարքը միշտ կլինի ինձ հետ:

Երկրորդ օրը մեզ պատմեցին կինոարտադրության մասին: Դասը շատ հետաքրքիր էր: Մենք անգամ փորձեցինք թղթի վրա նկարել մի կադր, ըստ մեր երևակայության: Ճիշտ է, շատ սխալներ ունեի, բայց դա իմ առաջին փորձն էր: Դասը այնքան էի հավանել, որ քիչ էր մնում որոշեի դառնալ կինոռեժիսոր, կամ գոնե սցենարիստ: Բայց, քանի որ բիզնեսից շատ ոչինչ չեմ սիրում, չփոխեցի նախկին որոշումս, սակայն ինքս ինձ խոստացա, որ պարբերաբար կփորձեմ նկարել ֆիլմեր:

«Մանանա» կենտրոնը փոխեց կյանքս երկու օրում: Ես հասկացա մի շատ կարևոր բան, որ երբեք չի կարելի չսիրել մի բան հենց այնպես: Եթե չեք սիրում, փորձեք պարզել` ինչու: Համոզված եմ, որ եթե բոլորը այսպես մտածեն, բոլորի կյանքը կփոխվի դեպի լավը:

Meri Muradyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Անսպասելի դասեր

Մարգահովիտ տանելու ճանապարհին տեսա, որ սարերի վրայի խոտը ամբողջությամբ հնձել և հավաքել են: Նման բան առաջին անգամ էր, որ տեսնում էի: Գյուղ գնալու ճանապարհին մոլոկանները բանջարեղեն էին վաճառում:  Հենց առաջին պատահած մոլոկանի մոտ կանգնեցինք: Ուրախ-զվարթ մոտեցանք տատիկին` նրանից հարցազրույց վերցնելու համար, բայց նա կտրականապես հրաժարվեց թե՛ նկարվելուց, թե՛ հարցազրույց տալուց: Նա վաճառում էր թթու, գազար, լոբի: Հենց իր  հետևում նկատեցինք մի ընտանիք, որ արտում խոտ էր հավաքում: Նրանք նույնպես մոլոկաններ էին՝ տատիկն էր, պապիկը և նրանց երկու թոռնիկները: Սկզբից մոտեցանք նրանց և սկսեցինք բացատրել թե մենք ովքեր ենք և ինչ ենք ուզում: Տատիկը նույնիսկ հրաժարվեց խոսել մեզ հետ, ներկայանալ: Միայն կարողացա հարցնել, թե` արդյոք սիրո՞ւմ է իր աշխատանքը: Եվ ի զարմանս ինձ, ստացա պատասխան.
-Այո՛, սիրում եմ:
Դրանից հետո նայեց մեզ և ասաց, որ մենք խանգարում ենք իրեն, և արդյոք մեզ դուր կգա՞ր, որ մեր աշխատանքը անելու ժամանակ ինչ-որ մեկը գար և խանգարեր մեզ, կամ  կթողնեի՞նք արդյոք, որ անծանոթ մարդիկ մեզ նկարեին:
Պապիկը  բարի մարդ էր և ավելի հետաքրքիր: Նրա դեմքին նայելով կարող էիր հաստատ ասել, որ նա հայ չի, և շատ ջանասիրությամբ էր անում իր աշխատանքը:  Նրանք ունեին երկու թոռներ ՝ Սաշան և Ալյոշան: Սաշան ապրում էր Ռոստովում , ուղղակի մի քանի օրով եկել էր հյուր:
Երբ արդեն հետ էինք գնում, պապիկը  ասաց.
-Կարելի՞ է ձեզ մի բան հարցնել: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե մենք ինչի՞  համար ենք այստեղ, ինչի՞  համար ենք մեր երկիրը թողել ու եկել այստեղ: Մեզ վռնդել են մեր երկրից, մեր հարազատ հողից : Իսկ դուք սիրո՞ւմ եք ձեր հողը:
Եվ այստեղ մեր դերերը  փոխվեցին: Հիմա մեզ են հարցեր տալիս:
-Այո, սիրում ենք,- ասացինք մենք»
- Ես շատ եմ ցավում, որ դուք թողնում ու հեռանում եք ձեր երկրից :
Ու մենք կարկամեցինք, հետո առանց բան ասելու հեռացանք:
Նա հակառակ իր կամքի, հեռացել էր իր երկրից, իսկ մեր հայ ժողովուրդը իր կամքով թողնում և հեռանում է այն հողից, որում ծնվել և մեծացել է: