elina

Ինչ է նշանակում ապրել սահմանապահ Կոթիում

Ընկերուհուս` Մերի Ազիբեկյանի ընտանիքը ապրում է սահմանապահ ԿՈԹԻՈՒՄ: Մի օր նրանք հավաքված են լինում տանը: Մերին այդ օրվա մասին ինձ պատմեց հետևյալը. «Փետրվարի 5-ն էր, երեկոյան մոտ ժամը 11-ը: Մեր ընտանիքում սովորական երեկոներից մեկն էր, երբ մենք ամբողջ ընտանիքով նստած զրուցում էինք: Մեր տանն էին նաև հորաքույրս` Հասմիկը, հորս հորեղբոր աղջիկը և նրա մայրը` տիկին Էմման: Հանկարծ լսվեց մի խուլ կրակոցի ձայն, այդ պահին մայրս գրկեց 7 տարեկան եղբորս, որը քնած էր բազմոցին և վազեց դեպի ապահով սենյակ: Այդ ամենը տևեց ընդամենը 2-3 վայրկյան: Մինչ մենք կհասնեինք ապահով սենյակ, երկրորդ արկը խփեց մեր տանը, հենց այն սենյակի պատուհանին, որտեղ մենք նստած էինք մինչ այդ:

Անհնար էր նկարագրել, թե ինչ էի զգում: Ես լսեցի մի ուժեղ պայթյուն, տեսա այդ պայթյունի լույսը և սկսեցի բարձր գոռալ,այնքան բարձր, որ մեր բոլոր հարևանները լսեցին իմ ձայնը:

Այդ հարվածից փոշի էր բարձրացել, և ես ոչինչ և ոչ ոքի չէի տեսնում, ու երբ փոշին ցրվեց, ես տան մյուս ծայրում տեսա հորս: Իմ առջև գետնին ուշագնաց ընկած էր հորաքույրս: Նա նստած էր պատուհանի տակ, և ուժգին հարվածից ուշագնաց էր եղել: Այդ պահին ես ոչինչ չէի հասկանում, չէի կարողանում խոսել և զարմացած նայում էի շուրջս: Չէի կարողանում նույնիսկ հասնել ապահով սենյակ, քանի որ ամենուրեք ապակու կտորտանքներ և քարի բեկորներ էին: Մայրս, որ եղբորս տարել էր ապահով սենյակ, քինչ անց վերադարձավ իմ հետևից: Ինձ ապահով սենյակ տանելուց հետո հայրս և մայրս գրկեցին հորաքրոջս և բերեցին մեզ մոտ: Բոլորս վերջապես հավաքվեցինք ապահով տեղում, սակայն վտանգը դեռ չէր անցել, և հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի ականներով գնդակոծել գյուղը: Այդ պահին մենք միայն մտածում էինք հորաքրոջս ուշքի բերելու մասին: Սենյակում անհրաժեշտ ոչինչ չկար,սակայն տատիկս, վտանգելով իր կյանքը, կրակոցների ներքո դուրս եկավ սենյակից, ջուր և դեղորայք բերելու համար:

Մայրս ասաց. «Վերջ, ռավոդը ռեխանցս էլ վիրեմ ունըմ ու գնամ էս գեղիցը»:

Դե, վատ լուրերը շուտ են տարածվում: Հորս անընդհատ զանգահարում էին և հարցնում, թե ինչ է պատահել: Ես նոր-նոր սկսում էի ուշքի գալ, և երբ հասկացա, թե ինչ է կատարվել, սկսեցի արտասվել:

Ամեն ինչ այնքան խառն էր, տունն այնքան ցուրտ էր, քանի որ բոլոր պատուհանները ջարդվել էին: Այդ գիշեր ոչ մեկս չքնեցինք, պատմում էր Մերին,- հակառակորդը շարունակ կրակում ու կրակում էր, ու թվում էր, թե այս մղձավանջը չի վերջանալու: Վերջապես լույսը բացվեց, կամաց-կամաց մարդիկ սկսում էին հավաքվել, և ես չցանկանալով տեսնել այդ ամենը, գնացի դպրոց:

Ամբողջ գիշեր կրակել էին, և բնականաբար երեխաները դպրոց չէին գնալու: Սակայն ինձ համար ավելի լավ էր հեռու լինել այդ ամենից: Ուսուցիչներս տեսնելով ինձ, շատ զարմացան: Դպրոցում ընդամենը 6 հոգի էինք: Մի ժամ հետո մեզ տուն ուղարկեցին, քանի որ դաս չէր լինելու: Մեր տանը հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, ովքեր եկել էին այդ ամենը տեսնելու: Նրանք սարսափում էին ու խաչակնքում, որ նման հարվածից հետո ոչ մեկիս բան չէր եղել: Մեր տուն էր եկել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, նա տեսավ ամեն բան և ասաց. «Դուք այսօր նորից եք ծնվել, և պետք է ձեր համար նոր ծննդականներ հանեք»: Քանի որ դժվար էր հավատալ, որ այդ ամենից հետո կարող էր այդտեղ ողջ մարդ մնալ: Բայց մեզնից ոչ մեկը չէր վիրավորվել և ոչ մի վնասվածք չէր ստացել, սակայն այն հոգեկան ապրումները, որը ես զգում էի, ցանկացած վնասվածքից էլ ավելի ծանր էին: Մի՞թե սա հրաշք չէ, իհարկե, հրաշք է, մի մեծ ընտանիք, 7 հոգի, և ոչ ոք չէր տուժել»: Նա շարունակում էր պատմել. «Եթե արկը հարվածեր ընդամենը 5սմ ներքև, մեզնից և ոչ մեկը ողջ չէր մնա: Աստված փրկեց մեր կյանքը:

Ինձ ու եղբորս ուղարկեցին Դիլիջան` մեր բարեկամների տուն, սակայն մի քանի օրից մենք վերադարձանք և շարունակեցինք մեր բնականոն կյանքը: Նույնիսկ այս ամենից հետո իմ ընտանիքը չլքեց իր հայրենի գյուղը` սահմանապահ ԿՈԹԻՆ»:

Ահա ամբողջ պատմությունը: Այս ամենը պատմելու ընթացքում դասընկերուհուս աչքերը արցունքով էին լցված:

Ահա, թե ինչ է նշանակում բնակվել սահմանապահ ԿՈԹԻՈՒՄ:

davit alexanyan

Արագիլներն են գարուն բերում

«Մի ժամանակ կարծում էի` արագիլներն են գարուն բերում: Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Ամեն գարնան սկզբին ուղիղ քաղաքի վերևում Աֆրիկայից, թե մի այլ տեղից, գալիս էին արագիլներն ու պտտվում: Սկզբում պտույտների շրջանը մեծ էր: Կկոցում էի աչքերս` գտնելու նրանց ամպերի ճերմակ փրփուրների մեջ: Հետո շրջանը փոքրանում էր… Ասես ներքևից մեկը անընդհատ փաթաթում, կարճացնում էր նրանց ոտքերից կապված թելը: Եվ այս անգամ նրանք պտտվում էին լայն բնի շուրջը: 

Երբ արդեն կանգնում էին տանիքին, թվում էր` նրանք ոտքեր չունեն: Ոտքերը կարմիր էին, տանիքը` նույնպես: Մայր արագիլը երկար կտուցով կսմթում էր ինքն իրեն, հարդարում գզգզված, կեղտից փոշոտված փետուրները: Իսկ արուն գործարար տղամարդկային հայացքով զննում էր շրջապատը` որևէ փոփոխություն չի՞ եղել ձմեռվա ընթացքում: Այդ օրվանից ճերմակում էին ծիրանենիները, կարճահասակ բալենիները, հետո դեղձենիներն էին ներկոտվում նուրբ, թափանցիկ ծաղիկներով:

Այդ օրվանից հարևան աղջիկները կարմիր, դեղին, կապույտ գոգնոցները սպիտակ ոտքերի արանքներում խճճելով դաշտ էին գնում բանջար քաղելու, իսկ ողջ գիշերները տանիքն էին ճանկռում մըռմըռ կատուները: Եվ մեր խաղերն էին սկսվում, գարնանային խաղերը:

Այսպես էր գարունը գալիս: Արագիլներն էին բերում»:
Ռուբեն Հովսեփյան «Արագիլները վերադարձան»

Այս հիանալի գարունը Բաղանիսում չի լինում: Գարուն, որը լինում է Արարատ լեռան ստորոտում գտնվող մի փոքրիկ գյուղում՝ Լուսառատում, որտեղ բնակվում է հորաքույրս: Ես գարնան առաջին 2-3 օրը անց եմ կացրել այնտեղ: Ես նստած թշնամու դիրքերից 100 մետր հեռավորության վրա հետևում էի անասուններին և մտածում էի, թե ինչ նյութ կարելի է գրել և հանկարծ հիշեցի այն 3 օրը, որ անց էի կացրել Լուսառատում ու գրեցի այս նյութը:

Ես նոր եմ հասկանում գարնան գալը:

sona saribekyan

Ծերացումի արցունքները

Դե, ինչպես գիտեք ես Պատանի թղթակիցների ցանցի անդամ եմ  և նյութ էի ուղարկել «Տատս ու պապս» վերնագրով, որը Վարդուհի տատիս ու Լևոն պապիս մասին էր: Ուղարկելուց մի քանի օր հետո կայքում տեսա իմ նկարը ու նյութը և շատ ուրախացա: Կանչեցի մայրիկիս ու հայտնեցի, որ տեղադրել են, մայրս նույնպես շատ ուրախացավ:

Հաջորդ առավոտյան սովորականի պես գնացի դպրոց: Բոլոր ընկերներս ոգևորված սպասում էին ինձ, և ունեին մի շարք հարցեր իմ համար պահած:

Դասերս ավարտելուց  հետո գնացի տուն, ու մայրս տեղեկացրեց, որ  գնալու ենք Ոսկեպար՝ տատիս ու պապիս տուն:

Տատիս ծննդյան օրն էր: Տատս շատ ուրախացավ մեզ տեսնելով:

Ես ու քեռուս կինը սեղան գցեցինք, քեռին գնաց խորոված անելու: Նստեցինք սեղանի շուրջ, զրուցում էինք, ու հանկարծ մայրս հայտնեց տատիս նյութի մասին:

Բոլորը ուրախացան ու շնորհավորանքներ հղեցին ինձ, չէ՞ որ դա իմ առաջին աշխատանքն էր, որը տեղ էր գտել 17.am-ում:

Հարազատներս ոգևորված պահանջում էին, որ կարդամ իրենց համար:

Սկսեցի կարդալ:

«Գարնանային արևոտ օր էր…»,- ամեն նախադասությունը ավարտելուց հետո տատս խորը շունչ էր քաշում ու արտաբերում:

-Հա՛, դուզ ա:

«Կոկոլի առաջ երևաց տատս՝սպիտակ մազերի երկար հյուսով,- շարունակում էի կարդալ, ու մի պահ բոլորս լռեցինք ու ակամա նայեցինք տատիս մազերին: Էլ չկար այդ երկար սպիտակ հյուսը: Դրա փոխարեն կարճ սանրվածք էր, որը նույնիսկ ուսերին չի հասնում:

Շարունակում եմ կարդալ: Բոլորը լուռ են, միայն տատս ու պապս անընդհատ նշում են գրածիս ճիշտ լինելու փաստը:

«Հիմա արդեն մեկ տարի է անցել: Չնայած տատս ու պապս մեկ տարով էլ են ծերացել, բայց այն նույն խանդավառությամբ ու ոգևորությամբ էլ պատրաստվում են այս տարվա մեծ ուղևորությանը՝ դեպի Չալտաշ, այն փոքրիկ կոկոլը, Պոպոզ խաշը, որտեղ շատ ու շատ ուրախ ու տխուր օրեր են անցկացրել միասին»,- կարդալով նյութի վերջին տողերը, մի պահ հետ շրջվեցի ու տեսա տատիս՝ մաքրում էր արցունքները:

Արտասվում էր ու հասկանում, որ մի տարով էլ է ծերացել, ու արդեն հետևում են այդ ուրախ ու տխուր օրերը:

Ղուշիկ տատը

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Ղուշիկ տատը մեր գյուղի՝ Ջուջեւանի «խորհրդարանի» նախագահն է: Ղուշիկ՝ մի քիչ զարմանալի անուն է, չէ՞: Նրա իրական անունը Վարդանուշ է, բայց նրան ընկերուհիները Ղուշիկ են ասում, քանի որ նա երիտասարդ ժամանակ գեղեցիկ է եղել, և ամուսինը նրան համեմատել է ղուշի (աղավնի) հետ, և այդպես էլ նրա անունը մնացել է Ղուշիկ: 

Ղուշիկ տատը գյուղում շատ հայտնի է: Նա գիտի և՛ գյուղի, և՛ Հայաստանի, և՛ աշխարհի բոլոր նորությունները: Նրանց տունը շատ մոտ է մեր տանը: Եվ եթե ինձ ինչ-որ բան է հետաքրքրում, ես նրան եմ դիմում: Հաճախ նաև նստում եմ մեր պատշգամբում և լսում նրան: Մի անգամ նա ինձ պատմեց, որ Սուրբ Սարգսի օրը  իրեն տվել են աղի բլիթ, որպեսզի ուտի և երազ տեսնի: Երբ առավոտյան արթնացել է, ասել է.

-Աղչի, էդ աղի բլիթը կերա, էրազումս մի խումբ իշան (ավանակ) զռռալով էկան, անց կացան առաջովս…

Նրա մշտական «նստավայրը» իրենց պատշգամբում գտնվող թախտն է, որի շուրջը հավաքվում են գյուղի տատիկներն ու սկսում են զրուցել: Նրանք զրուցում են ամեն ինչի մասին: Քննարկում են գյուղում ապրող յուրաքանչյուր ընտանիքի մասին: Քննարկում են սահմանին տիրող իրավիճակը: Ինչպես սիրում են ասել, մեր գյուղացիները` «պարապ ժըղովուրդ»:

-Բա իմացա՞ր, Շավաշը եդ էկավ:

-Հա, իմացա, եկել էր ինձ տենող, ջահելացել էր:

-Էնա տղեն կգա` հետը կտանի, թէ չէ, մընըմ ա ստի, ի՞նչ անի:

-Գուլգազն էլ մեռավ:

-Հա… Նա էլ գնաց:

-Ասին` ուզըմ են բասեինը սարքեն, հա՞:

-Հա, արդեն սարքըմ են:

-Էրեկ ջրերը կտրել էին, տանը մի կաթիլ ջուր չկար: Էրեխին ասի, գնաց նավիցը բերուց:

-Օ, բա իմացա՞ր, Ղարաբաղ ինչ ա կատարվըմ: Հավաքնին սկսել ա: Էրեկ տելևիզրն ասավ:

-Հա, հա, իմացա, էս ո՞նց տի ըլի:

Եվ խփում է ծնկներին:

-Ես ի՞նչ գիդեմ, թե ասա` ի՞նչ եք ուզում էս խեղճ ժողովրդիցը: Մեր գեղիցը ահագին էրեխա կա ընդի:

Եվ այսպես շարունակ: Դե, ինչ անենք, ես է Ղուշիկ տատի «մասնագիտությունը»:

Մենակ թե քննարկելու թեման թող պարզ բաներ լինեն. ջուրը, հարևանի ջահելանալը, լողավազանը…

Մենք այստեղ ենք՝ սահմանին

Ուզում եմ մի քիչ գրել մեր ժամանակների երեխաների մասին:

Ի՞նչ են գերադասում անել նրանք այսօր: Դե, բնականաբար, շատերը դաս անել չեն սիրում: Շա՜տ են սիրում խաղալ: Հիմա երևի մտածում եք, թե խոսքս համակարգչային խաղերի մասին է, այնպես չէ՞: Չգիտեմ, ով ոնց, բայց մեր՝ «վերի թաղի» երեխաները բակում խաղալն ավելի շատ են սիրում, քան, համենայն դեպս, ինձ համար «դարդ» համարվող այդ սարքի՝ համակարգչի առաջ նստելն ու անիմաստ խաղեր խաղալը:

Մեր թաղի երեխաների համար շաբաթվա մեջ ամենաուրախ օրերը հանգստյան օրերն են՝ շաբաթ, կիրակի, երբեմն էլ՝ ուրբաթ: Չնայած դա այդքան էլ էական չէ, նրանց համար ուրախն այն օրն է, որ օրը հաջողվում է խաբել մայրիկին, համոզել, որ վերջացրել են բոլոր դասերը և շտապել խաղալու: Խաղալու վայրը մեկն է՝ երեխաների խոսքով՝ «Սայադիկանց քուչեն»: Սայադիկը եղբորս ընկերն է՝ կռվի ու խաղի ընկերը: Քույրս էլ, եղբորս հետ հաճախ է գնում խաղալու: Խաղացողները քրոջս ու եղբորս համադասարանցիներն են, մեկ էլ մեր փոքրիկ թաղակիցները, որ խաղի ընթացքում, այսպես ասած, գլխացավանք են համարվում մեր մեծ` 4-րդ և 7-րդ դասարանցի խաղացողների համար: Սկսում են խաղալ, ու բոլորն էլ կարծես մոռանում են, որ իրենք էլ տուն ունեն, որ մութն ընկնում է, որ սոված են, որ ցուրտ է: Մի խոսքով, Սայադիկենց բակը մոռանալ է տալիս ամեն-ամեն ինչ:
Գարնան պայծառ օր է, տանը նստած եմ անբաժան  ընկերոջս՝ շտեմարանիս առաջ, մեկ էլ՝ հեռախոսիս զանգը: Պատասխանում եմ, քրոջս կանչում են խաղի: Որոշում եմ ես էլ գնալ լուսանկարելու, վերցնում եմ տեսախցիկս ու արագ դուրս վազում: Տնից դուրս եմ գալիս 10-15 րոպե հետո վերադառնալու և պարապմունքս շարունակելու մտադրությամբ, բայց Սայադիկենց բակի կախարդանքն ինձ վրա էլ է ազդում, և ես մնում եմ ու սկսում խաղալ, մոռանալով անգամ շտեմարանիս մասին: Քիչ-քիչ խաղացողների թիվը շատանում է, հասնելով շուրջ 20-ի: Այդտեղ երևի խաղացած կլինեի մեկ էլ այն ժամանակ, երբ քրոջս տարիքին էի՝ 2-3 տարի առաջ:

Մի խոսքով, հիանալի օր, լի երեխաների ուրախ ճիչերով, որ հատկապես վերջին ժամանակներում՝ սահմանային լարված իրավիճակում, երբ ծնողները վախենում են դուրս թողնել երեխաներին, ինձ համար ամեն ինչ արժեն:

Թվում է, թե ամեն ինչ հիանալի է, բայց…  Ուժեղ պայթյունի ձայն, որ սովորական է սահմանապահ Կոթիի թե՛ մանուկ, թե՛ մեծ բնակիչների համար: Պայթյունի ձայնը լսվելուց անմիջապես հետո, մեզ տուն կանչելու մտադրությամբ տնից վախեցած դուրս է գալիս Սայադիկի մայրը՝ Ալլան, բայց տեսնում է, որ մեր շարքերում ոչինչ չի փոխվել, որ մենք կրկին խաղում ենք նույն ոգևորությամբ, ինչ կրակոցներից առաջ, ու մի քիչ մեր խաղին նայելուց հետո, կրկին մտնում է տուն:
Խաղում եմ, բայց մտքումս միայն սահմանին կանգնած տղերքն են, որոնց շնորհիվ մենք վայելում ենք մեր հանգստյան օրերը:

Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ նրանց ոչինչ չպատահի, որ ամեն բան լավ լինի: Քիչ անց՝ էլի կրակոց, ու մենք ստիպված ամեն մեկս մեր տուն ենք գնում: Ճանապարհին տեսնում եմ գյուղ եկող պաշտպանության նախարարության մեքենաներ, որ սովորականից շատ ավելի արագ էին ընթանում, հետո՝ առաջին օգնության մեքենա, հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Քիչ անց էլ իմանում եմ, որ Կոթիի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Պտղավան գյուղի  32-ամյա բնակիչ Աշոտ Ռևազյանը: Ընդամենը մի քանի րոպեում իմ չափազանց բարձր տրամադրությունը կարծես հօդս է ցնդում: Եվ իմ այդչափ ուրախ օրը դառնում է ինձ համար ամենատխուրներից մեկը:
Խաղալու ընթացքում, երբ մեր թաղի երեխաների մասին նյութ գրելու միտք առաջացավ, որոշեցի, որ այն պետք է լինի շա՜տ ուրախ, այնքան ուրախ, որ կարդալիս այդ ուրախ տրամադրությունը փոխանցվի ընթերցողին, որ գոնե այս նյութի  մեջ խոսք անգամ չգնա կրակոցի մասին: Բայց… Կրկին չստացվեց, չստացվեց, որովհետև մենք այստեղ ենք՝ սահմանին՝ սահմանապահ Զինվորի կողքին: Մենք այստեղ ենք՝ ամուր կանգնած մեր հողին, մի քիչ անորոշ ու մռայլ ներկայով, բայց՝ վառ ապագայի հույսով:

erik alexsanyan tavush

Մենք չենք վախենալու

Ամանորը  յուրահատուկ է Բաղանիսում:  Ամանորի երեկոյան Բաղանիսի երիտասարդները հավաքվում են և գնում են այսպես կոչված «ակ վառելու»: Մենք ամբողջ տարի անվադող ենք հավաքում, որ գնանք  «ակ վառելու»: Այնտեղ, որտեղ ակ ենք վառում, գտնվում է ուղիղ հակառակորդի դիրքերի դիմաց: Եթե մենք մի տարի ակ չվառենք, ապա հակառակորդը կմտածի, թե մենք վախենում ենք:

Թեև դա վտանգավոր է, սակայն մենք այնտեղ լավ ժամանակ ենք անցկացնում: Եվ թող հակառակորդը իմանա, որ մենք ամեն տարի ակ ենք վառելու և երբեք իրենից չենք վախենալու:

Հիմա գարուն է, և մենք էլի սկսել ենք անվադողեր հավաքել: 

anna gharakeshishyan

Կյանքը կրակոցների տակ

6-րդ ժամն էր:  Բոլորս հոգնած էինք, անհամբեր սպասում էինք դասամիջոցի զանգին: Այդ ժամանակ մեր մտքում միայն  գնդակն էր ու դահլիճը:

-Վերջապես,- կամացուկ բացականչեցի ես:

Վերջապես ավարտվեց հանրահաշվի ժամը: Արագ հավաքվեցինք և իջանք դահլիճ՝ խաղալու: Դրանից առաջ տնօրենին խնդրել էինք թույլ տալ բոլորով խաղալ դահլիճում, և ինչպես միշտ, մեր սիրելի տնօրենը համաձայնվել էր: Քանի որ ստացել էինք նրա թույլտվությունը, հավաքվեցինք և իջանք ներքև:  Բոլորս այնտեղ էինք, բայց դահլիճը փակ էր: Մենք հուսահատ կանգնել էինք: Չկար ելք դահլիճ մտնելու:

-Մտածեցի՜,- բացականչեց Գագիկը,- մենք դահլիճ կմտնենք վերևի հարկով:

-Բայց ինչպե՞ս;

-Եկե՛ք, գնացինք:

Բոլորս հետևեցինք Գագիկին: Մտանք դահլիճի վերնամաս, որտեղից հնարավոր է աստիճաններով իջնել դահլիճ: Ճիշտ է, կարող էինք տնօրենին խնդրել, որպեսզի բացի դահլիճը, սակայն չցանկացանք անհանգստացնել նրան, քանի որ  գիտեինք, որ խիստ զբաղված է:

Շուտով տրամադրվեցինք խաղին և թիմերի բաժանվեցինք: Այնքան ոգևորվածությամբ էինք խաղում,  որ ոչինչ մեզ չէր հետաքրքրում: Նույնիսկ տուն գնալու մասին չէինք մտածում: Ժամանակը անցնում էր շատ արագ, սակայն մենք դա էլ չէինք նկատում: Հանկարծ մի բարձր ձայն լսվեց, և կոտրվեցին դահլիճի ապակիները: Մենք չհասկացանք, թե ինչ կատարվեց: Մի պահ էլ թվաց՝ մեր գնդակի «անփույթ» հարվածից  եղավ: Ընկեր Ազատյանը գոռում էր և բացականչում:

-Դու՛րս եկեք դահլիճից, արագ  դուրս եկեք:

Մենք չէինք հասկանում՝ ի՞նչ էր տեղի ունեցել, զարմացած կանգնել էինք և նայում էինք ընկեր Ազատյանի վախեցած դեմքին, որի աչքերը վախ էին արտահայտում:

Մենք արագ դուրս եկանք  դահլիճից և հարցրինք, թե ինչ է եղել:

-Արագ վազեք թաքստոց:

Արդեն ամեն ինչ պարզ էր: Մի պահ մոռացել էինք, որ մենք ապրում ենք սահմանամերձ Բարեկամավան գյուղում…

-Էհ, երեխե՛ք ջան, էլի կրկնվում է,- ասում էր ընկեր Ազատյանը շատ տխուր հայացքով,- բայց մի վախեցեք, դուք շատ ուժեղ եք, և ես վստահ եմ, որ դուք ավելի ուժեղ կգտնվեք, և ձեր հույսով ու հավատով կկասեցնեք թշնամուն:

-Ընկե՛ր Ազատյան, ճիշտն ասած մենք մտածեցինք, որ գնդակի հարվածից էին կոտրվել լուսամուտները: Եվ նույնիսկ վախեցանք ձեզնից, որ կբարկանաք մեզ վրա:

-Երանի, երանի ձեր անմեղ  գնդակից կոտրվեին լուսամուտները:  Երանի ամեն մի տան լուսամուտ երեխաների խաղի շնորհիվ կոտրվեր, այլ ոչ թե թշնամու  գնդակից:

Չէին դադարում կրակոցները: Անբացատրելի է,  թե ինչ էինք զգում այդ պահին: Ամեն ինչ տարօրինակ էր:  Շատ ցավալի էր, որ թշնամին կրակում էր քո սիրելի դպրոցի վրա: Մենք չէինք հուսահատվում և անընդհատ կրկնում էինք՝ ամեն ինչ լավ կլինի…

Ես ցանկանում  եմ , որ ոչ  մեկը չունենա այսպիսի օրեր: Բոլորի դպրոցական տարիները անցնեն խաղաղ ու անհոգ:  Ես ուզում եմ, որ սրանից հետո միայն երջանիկ պահեր հիշեմ իմ դպրոցական տարիներից, ինչպես սովորաբար բոլոր երեխաները…

Ու այսօր այդ ցանկությունս շատ ավելի հրատապ է դարձել: