Աննա Անդրեասյանի բոլոր հրապարակումները

Anna Andreasyan

Գյումրի գնալու ճանապարհին

Գնացք նստել էի փոքր ժամանակ ու լավ չէի հիշում: Բայց մի անգամ գնացք նստելը հերիք էր նորից հիշողություններս թարմացնելու համար, մանկական քաղցր ու գեղեցիկ հիշողություններս:

Առհասարակ մենք միշտ ափսոսում ենք անցած-գնացած ժամանակների համար: Հետադարձ հայացք նետելով՝ հասկանում ենք, որ շատ հաճելի պահեր ենք ունեցել: Անընդհատ մտածելով՝ մենք չենք հասկանում, որ հենց այդ պահն է ամենաուրախն ու երջանիկը:

Ա՜հ, էլի շեղվեցի թեմայից: Ի՞նչ էի ասում: Հա, հիշեցի:

Գնացքում հարմար տեղավորվելուց ու հիշողություններին տրվելուց հետո, մտածեցի, թե ինչ կավելացնեի իմ փոքրիկ ճամփորդության ընթացքում, որը ընդամենը 2 ժամ էր տևելու: Ինչքա՜ն հաճելի կլիներ, եթե քարքարոտ լինելու փոխարեն՝ ճանապարհն անցներ անտառի միջով ու գեղեցիկ տեսարանը ուղեկցեր մեզ ամբողջ ընթացքում:

Մի խոսքով, գնացքով ինչ-որ տեղ գնալը հրաշալի է: Մանավադ, երբ ընկերներիդ հետ ես լինում: Այսուհետ առիթը բաց չեմ թողնի՝ այն կրկնելու համար:

Anna Andreasyan

Ես էլ վարակվեցի

Բողոք, բողոք, բողոք… Որտեղ նայում ես, ում տեսնում ես, բոլորը բողոքում են: Լուրեր ես նայում` նորությունների 10 %-ն անգամ լավ լուր չի պարունակում: Խոսում ես մարդկանց հետ կամ նույնիսկ չես էլ խոսում, ուղղակի լսում ես՝ բողոքում են: Չկա մեկը, որ գոհ լինի, և դա համատարած է: Ցավն այն է, որ այդ բողոքների կարիքը իսկապես կա: Բայց չէ՞ որ այդքան հոռետեսական մթնոլորտի մեջ դժվար է պահել լավատեսությունը:

Վառելիք չկա, ցուրտ է, երկիրը երկիր չի, և այսպես շարունակ: Ու մեկ էլ նկատում ես` դու էլ ես վարակվել ու բողոքում ես ամեն ինչից: Սկսում ես դժգոհել առօրյա սովորական բաներից՝ դասերից, օլիմպիադաներից, դասալսողներից…

Էս ցուրտն էլ մի կողմից չի թողնում հանգիստ ապրենք: Մենք՝ Արարատյան դաշտում ապրողներս, որ արևի պակաս չենք ունեցել, կարոտել ենք մեր հին բարեկամին:

Միայն մի բան եմ ցանկանում՝ վառարանի մոտ լավ տեղ զբաղեցնել ու հանգստանալ (չգիտես՝ ինչից): Միակ բանը, որի համար կարելի է ոգևորվել՝ շաբաթը մեկ հեռարձակվող սիրելի սերիալի նոր սերիան է: Էն հնդկական սերիալներն էլ` մյուս կողմից: Վախենում ես հեռուստացույց միացնես: Ու անընդհատ պայքար՝ պարտականությունների ու քո սիրելի զբաղմունքների միջև: Ուզում ես գիրք կարդալ՝ ստիպված ես դաս անել: Ուզում ես հոդված գրել՝ ստիպված ես տնայինները գրել:

Նկատեցի՞ք, որ իմ ամբողջ հողվածը մի հսկայական բողոք էր՝ շրջապատում տեղի ունեցող գրեթե ամեն ինչի դեմ, որը որոշ դեպքերում, գուցեև անհիմն էր:

Ձմռան գեղեցկությունն ու դժվարությունը

Այս տարի, ինչպես տեսնում ենք, ձմեռը այնքան էլ չի շտապում հեռանալ: Հատկապես Արարատյան դաշտում այն դրսևորվեց առանձնակի դաժանությամբ: Իհարկե, շատ ցուրտ է, ու մեզ մի լավ տանջում է: Համարյա բոլորն իրենց վառելիքի պաշարները սպառել են, որը նախատեսել էին օգտագործել ամբողջ ձմռան ընթացքում: Բայց, ինչ խոսք, վերջին օրերի տեղումները կրկնապատկեցին ձմռան գեղեցկությունը: 

Ձմռան սկզբին մենք այնքան էլ լավ չվայելեցինք ձյունը և որոշեցինք «տեղը հանել»: Ամբողջ դպրոցով այնքան ձնագնդի խաղացինք, որ ամբողջ ձմռան տեղը լրացրինք: Մնում էր միայն ձնեմարդը: Դա էլ պատրաստեցինք: Բայց միևնույն է, այդքան ուրախանալուց և ձյունը վայելելուց հետո, ես նայում էի այդ ամենին հասուն մարդու աչքերով ու տեսնում, թե ինչքան դժվար է մարդկանց համար վառելիք հայթայթել՝ այս ցրտին դիմակայելու համար:

Ձմռան ավարտին մնաց 15 օր, դիմացեք:

Սուրբ Սարգսի տոնը

Հիշում եմ, որ շատ տարիներ առաջ քույրս պատրաստում էր աղի բլիթներ և մեր փողոցի աղջիկներին էր բաժանում: Ես միշտ խուսափել եմ աղի բլիթ ուտելուց: Հիշում եմ նաև այն, որ փոքր տարիքում չէի հասկանում, թե քույրս ինչ է պատրաստում, մայրս ասում էր՝ թող լավ աղի լինի, որ շատ ծարավեք։ Մի անգամ, երբ քույրս կրկին աղի բլիթներ էր պատրաստում, մեկ րոպեով դուրս եկավ խոհանոցից, ես մի տուփ աղը ամբողջությամբ դատարկեցի խմորի մեջ: Երբ քույրս եկավ, զգաց, թե ինչ եմ արել և բարկացավ։ Մի կերպ «ուշքի բերեց» խմորը ու ինձ արգելեց մոտ գնալ: Միշտ չեմ հավատացել, որ երազ պիտի տեսնեմ կամ ջուր տվող ունենամ կամ որևէ մեկը կունենա, բայց պարզվում է, որ իսկապես կան մարդիկ, ովքեր հենց իրենց ծարավը հագեցնողի հետ են ամուսնացել:

Մայրիկիս հարցրեցի, թե իր երիտասարդ տարիներին ինչպես են նշել տոնը.

-Մեր ժամանակ այնպիսի դժվար կյանքով էինք ապրում, որ Սուրբ Սարգսի տոնի մասին անգամ չենք էլ լսել: Հիմա երիտասարդությունը գեղեցիկ կերպով նշում է, մեր եկեղեցին իր պատարագներով և եկեղեցական ծեսերով ավելի է գեղեցկացնում տոնը:

Նույն հարցը տվեցի իմ ուսուցչուհիներից մեկին.

-Ես, որ պատմեմ, թե ինչ կյանքով եմ ապրել, կզարմանաս, կհարցնես, թե ինչպե՞ս եմ ուսում ստացել: Ես 10-րդ դասարանի աղջիկ էի, պայուսակիս կանթերը 7 անգամ կարելով, գնացել եմ Վերջին զանգ: Կոշիկներս սոսնձում, դնում էի սեղանի ոտքի տակ, որ կպչի, հետո հագնում, գնում էի դասի: Ի՞նչ տոն այդ պայմաններում, ո՞վ կհիշեր տոնի մասին այդ տարիներին:

Ուսուցիչներիցս մեկը պատմեց ինձ, որ, աղի բլիթ ուտելով, երազ է տեսել և ամուսնացել է իր երազում տեսած նույն մարդու հետ:

Տեսնո՞ւմ եք, որ տոնը առաջ կարելի է ասել չի նշվել, կամ նշվել է միայն աղի բլիթով:

Սոնա Մխիթարյան,16 տարեկան, Արմավիրի մարզ, գյուղ Ակնալիճ

***

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Սուրբ Սարգիսը

Մայիսյան գյուղի մեր փողոցում մի հետաքրքիր սովորույթ կա Սուրբ Սարգսի տոնի հետ կապված: Այն միայն մեր փողոցում է ընդունված, որովհետև այնտեղ ապրում են հայրենադարձներ, և այդ սվորույթը նրանց է պատկանում:

Ամեն տարի Ս. Սարգսի տոնին բոլոր տներում պատրաստում են հալվա, աղանձ, կոնֆետեր, չիր և այլն: Ամեն ինչ նախապես պատրաստում են և սպասում, թե երբ շարֆերը դռան ճեղքից ներս կընկնեն: Հիմա բացատրեմ: Մութն ընկնելուն պես երեխաներով հավաքվում էինք փողոցի ծայրում և մտնում մեկի բակը: Մեզնից մեկը կիսաբաց էր անում դուռը մյուսները շարֆերը ներս էին գցում և դուռը փակում: Եվ սպասում էինք մինչև մեր շարֆերի մեջ կապեն տարբեր քաղցրեղեններ: Հետո նշան էին անում, և մենք հետ էինք քաշում մեր շարֆերը: Եվ այդպես բոլոր տները մտնում էինք: Իսկ վերջում մեր «ավարը» տանում էինք տուն: Կարևոր էր, որ մեր դեմքերը չտեսնեին: Իհարկե, երբեմն փորձում էին դուռը բացել: Մենք զգուշանում էինք, դրա համար էլ դուռը դրսից ամուր պահում էինք:

Ահա թե ինչու էինք մենք միշտ այդքան խանդավառությամբ ու անհամբերությամբ սպասում Ս. Սարգսի տոնին:

Աննա Անդրեասյան, 16 տ., Արմավիրի մարզ, գ. Մայիսյան

***

Օրվա թեմայից հետ չմնալով կցանկանամ ես նույնպես խոսել Սբ Սարգսի տոնի մասին: Ես անձամբ շատ եմ սիրում այդ տոնը, և որպես հետաքրքրասեր լրագրող, ցանկացա իմանալ, թե ինչպես են այդ տոնը նշել նախկինում: Հարցրեցի հայոց լեզվի ուսուցչուհուս: Պատմեց, որ երբ իրենք են եղել մեր տարիքին, նրանց չի թույլատրվել գնալ եկեղեցի, ուր մնաց թե տոն նշեին: Խորհրդային Միության տարիներին արգելվել է տոնել եկեղեցական տոները: Իսկ հիմա մեծ ուրախությամբ և ճոխությամբ են տոնում բոլոր տոները:  

Ավելի հանգամանալից  պատասխան ստանալու համար դիմեցի պատմության ուսուցչուհուս՝ Ռուզաննա Հարությունյանին.

-Նախ վերհիշենք, թե ո՞վ է եղել Սբ Սարգիսը: Նա զինվորական էր: Ինչպես գիտենք, Սարգիս անունը նշանակում է՝ մաքուր, պարզ, անաղարտ: Երբ պարսից արքան պահանջում է, որ Սարգիսը կրոնափոխ լինի և հրաժարվի քրիստոնեությունից, փախչում է: Շրջում է քրիստոնյա երկրներով և օգնում մարդկանց: Նա օգնում էր հովիվներին, փոթորիկների մեջ ընկած մարդկանց և իհարկե սիրահարներին: Եվ Հայոց եկեղեցին որոշեց ստեղծել սիրահարների տոնը՝ Սբ Սարգիսի տոնը: Հիմա երիտասարդները շփոթում են Սբ Սարգիսին և Սբ Վալենտինին: Եկեք տարբերենք Սբ Վալենտինը կաթոլիկ եկեղեցու սրբերից է, իսկ Սբ Սարգիսը Հայ առաքելական եկեղեցու:

Հռիփսիմե Վարդանյան, 16 տ., Արարատի մարզ, գյուղ Մրգավան

***

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Աշուղ Ղարիբն ու Շահ Սանամեն

Ս.Սարգսի տոնի հետ կապված կան բազմաթիվ ավանդազրույցներ: Ըստ դրանցից մեկի, լինում է մի աղքատ տղա՝ Աշուղ Ղարիբը, ով սիրահարված է լինում հարուստի աղջիկ Շահ Սանամեին: Վերջինս նույնպես սիրում էր տղային, բայց քանի որ տարբեր խավերից էին, հայրը դեմ է լինում նրանց  հարաբերություններին:

Տղան որոշում է երկրից դուրս գալ՝աշխատելու և հարստանալու նպատակով, և աղջկան պատվիրում է 7 տարի սպասել: Եթե 7 տարի հետո նա չվերադառնա, ապա կարող է ամուսնանալ նրա հետ, ում հայրը կառաջարկի: Եվ տղան, ոչ մի ջանք չխնայելով, աշխատում է 7 տարի, բավական փող կուտակում ու հետդարձի ճանապարը բռնում:

Ճանապարհին խոչընդոտների հանդիպելով՝ Աշուղ Ղարիբը աղոթում է Ս. Սարգիս զորավարին՝ հայցելով նրա օգնությունը: Եվ Ս. Սարգիսը իր ճերմակ ձիով գալիս է, տղային նստեցնում ձիուն և շուտ հասցնում Շահ Սանամեին: Աղջկա հայրը, տեսնելով հրաշքը, տղայի անկոտրում կամքն ու անկեղծ սերը՝ օրհնում է նրանց  միությունը:

Գեղեցին տոն է Ս. Սարգիսը, եթե հավատաս ու անկեղծ լինես:

Ստելլա Ավետիքյան, 14տ., Լոռու մարզ, գ.Դսեղ

Anna Andreasyan

Արարատյան դաշտի առավոտը

Շատերիս համար առավոտյան վաղ արթնանալը այնքան էլ հեշտ չէ: Եվ ես բացառություն չեմ: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ դպրոց գնալու, միակ երազանքս է շուտ տուն վերադառնալ ու քնել: Իհարկե, այդ երազանքը հազվադեպ է իրականանում:

Ամբողջ տունը արթնանում է, ես դեռ ասում եմ.

-Հինգ րոպե էլ քնեմ:

Այդ պահին երազում եմ արձակուրդների մասին, որ կարողանամ հանգիստ քնել: Իսկ արձակուրդների ժամանակ, երբ այդ հնարավորությունը ունեմ և լիարժեքորեն օգտագործում եմ, մի ուրիշ խնդիր է առաջ գալիս: Իհարկե, շատ հաճելի է քնել այնքան, ինչքան ուզում ես, բայց հետո ամբողջ օրը ուշքի չես գալիս: Հոգնած ես զգում, ու այնպիսի տպավորություն է, ասես շուտ արթնացել և շատ գործ ես արել: Ինչքան բան չես անում, այնքան շատ ես հոգնում: Պարապությունը ամենաշատն է հոգնեցնում:

Տատս մեր տանը շուտ արթնանալու ջատագովն է, և մեր տանը ամենաշուտը նա է արթնանում: Ինձ միշտ ասում է, որ առավոտյան շուտ արթնանալուց և թարմ ու մաքուր օդը շնչելուց լավ բան չկա:

Մի անգամ ամռանը, չգիտեմ ինչ հրաշքով, առավոտյան 6-ին էի արթնացել:

Ես որոշեցի զսպել նորից քնելու ցանկությունս և վեր կացա: Տանը բոլորը քնած էին: Լվացվեցի, որից հետո գիրքս վերցրի (այդ ժամանակ «Վարդանանք» էի կարդում) ու գնացի դուրս: Արևը դեռ չէր ծագել, բայց հասցրել էր կարմիրով ներկել ամպերը: Օդը այնքան թարմ էր ու զով, ոչ մի ձայն չկար, բացի թռչունների ծլվլոցից:

Գիրքը բացեցի ու կարդացի. «Հանդիսավոր բացվեց գարնանային առավոտը Արարատյան դաշտում»: Միայն գարնանայինի տեղը` ամառային, մնացածը համընկնում էր:

Այդ օրը վերջապես հասկացա, թե ինչքան հաճելի է վաղ արթնանալը: Եվ, թե ինչու է տատս միշտ այդ ժամին արթնանում:

Anna Andreasyan

Սովորական դարձած տոնը

Ամանորի թեմայով տարբեր հոդվածներ են գրվում: Ես էլ մեկը ավելացնեմ դրանց թվին և ավարտենք: Այն գեղեցիկ տոն է՝ սիրված շատերի կողմից: Իմ կողմից էլ այն շատ սիրված ու սպասված տոն է, բայց նաև մի տեսակ գլխացավանք: Հատկապես տնային տնտեսուհիների համար այն ուղղակի տանջանք է: Նրանք մի ամբողջ շաբաթ պատրաստություններ են տեսնում, տարբեր բաներ պատրաստում և հանգստանալու ժամանակ չեն ունենում: Բայց տոները հանգստանալու և ուրախանալու համար են, ոչ թե գործ անելու: Մեր հարևանը բողոքելու ընթացքում ասում էր, թե լավ կլիներ նախագահը հայտարարեր, որ էլ Նոր տարի չենք անելու: Չեմ հասկանում մեզ պաշտոնական հայտարարությո՞ւն է պետք Ամանորը նշելու կամ չնշելու համար: Ախր, այն նշում ենք մեր իսկ ուրախության համար, ոչ թե ցույց տալու: Մի տեսակ Ամանորը պարտականություն է դարձել շատերի համար: Այն ասես կորցրած լինի իր խորհրդավորությունը: Դարձել է սովորական մյուս շատ տոների նման:

Բոլորը առևտուր էին անում, պատրաստվում էին և զուգահեռաբար բողոքում ու ասում. «Հավես չկա»: Եվ ինձ հանդիպած մարդկանց մեծամասնությունը այսպես «անհավես» վիճակում էին:

Պետք է հասկանանք, որ մենք ինքներս պետք է կարողանանք ուրախ անցկացնել տոնը: Մենք ինքներս ենք այն դարձնում խորհրդավոր, հրաշքներով լի: Տոնը նույնն է միշտ, մարդիկ են փոխվում և դառնում անտարբեր ամեն ինչի հանդեպ:

Anna Andreasyan

Ականջակալների մասին

Երբ տանը հիվանդ պառկած ես, էլ ինչ է մնում անելու, եթե ոչ՝ կարդալ ընկերներիդ հոդվածները և նորերը գրել: Վերջերս կարդացի ընկերուհուս՝ Անի Ավետիսյանի հոդվածը ականջակալների մասին և մտածեցի, ես էլ որոշակի բաներ ունեմ գրելու ականջակալների մասին:

Ի տարբերություն մեծամասնության, ես շատ քիչ եմ օգտագործում ականջակալներ: Իհարկե, դրանք շատ հարմարավետ են և մատչելի, առանց դրանց ֆիլմ չեմ նայում, բայց առօրյայում համարյա թե չեմ օգտագործում: Նախ, ականջներիս մասին եմ մտածում, հետո էլ երբ ականջակալներով եմ, ինձ թվում է՝ կտրվում եմ աշխարհից: Ահա մի բան կկատարվի, և ես դրա մասին չեմ իմանա: Մի տեսակ լիարժեք հաղորդակից չեմ զգում աշխարհին:

Չեմ կարող հասկանալ այն ընկերներիս, ովքեր էքսկուրսիա գնալիս՝ ճանապարհին ականջակալներով երգ են լսում: Ուրիշ է, երբ մենակ ես և ծանոթ չունես ավտոբուսի մեջ: Բայց երբ կողքիդ ընկերներդ են, կարծում եմ շատ ավելի հաճելի է նրանց հետ զրուցելը, քան ականջակալներով երգ լսելը: Չէ որ էքսկուրսիա գնալու ամենահաճելի մասը ճանապարհն է, երբ դեռ ամեն ինչ առջևում է:

Չնայած դա սովորության հարց է: Ես ուղղակի սովոր չեմ ականջակալներ կրել:

Anna Andreasyan

Ձյան հետ թարմացող հիշողություններ

Նորից եկավ ձմեռը՝ իր հետ բերելով մի շատ ուրախալի երևույթ՝ ձյունը: Եվ ես ամեն ձմեռ, սկսած դեկտեմբերից մինչև փետրվար, ամեն օր երազում եմ, թե երբ է ձյուն գալու: Միշտ նախանձել եմ այն տարածաշրջաններում ապրող մարդկանց, որտեղ ձյունը շատ առատ է լինում: Սիրում եմ խոշոր փաթիլներով, արագ տեղացող ու ամենակարևորը՝ գետնին հասնելուն պես չհալչող ու կպնող ձյունը: Էլ ավելի եմ սիրում, երբ այն գալիս է գիշերային լույսերի ներքո:

Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնց համար միևնույն է ձյուն կգա, թե՝ ոչ: Այն մի տեակ լավ տրամադրություն է հաղորդում, հիշեցնում, որ շուտով Ամանոր է: Նոր տարին առանց ձյան կորցնում է իր փայլը: Ասում են. «Հո երեխա չե՞ս, որ այդքան շատ ես սիրում ձյունը»: Բայց ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Հետո էլ յուրաքանչյուրս էլ անկախ տարիքից, պետք է մի քիչ էլ երեխա լինենք:

Տատս միշտ «վիճում է» ձյան հետ ու ասում, որ չգա: Իսկ ես հակառակը՝ համոզում եմ, որ գա: Բայց նա, երևի, ոչ ոքի էլ չի լսում, երբ սիրտն ուզում է, այն ժամանակ էլ գալիս է: Եվ նրա գալուստը ես ամեն տարի նույն հրճվանքով եմ դիմավորում:

Հիշում եմ, ոչ վաղ մանկության օրերին, որից դեռ լիովին չեմ անջատվել, ընկերներով մեզնից մի քանի անգամ մեծ ձնեմարդ էինք պատրաստում: Գնդերն այնքան ծանր էին լինում, որ մի քանի հոգով հազիվ էինք դնում իրար վրա: Թթվի տարրայից էլ մի գազար էինք թռցնում, որը քիթ էր ծառայում Ձմեռ պապին: Մի ավել, դույլ և մի քանի քար. ահա և պատրաստ է մեր ձնեմարդը: Մնում էր ձյունե պարիսպներ պատրաստել և ձնագնդիկ խաղալ: Ձնեմարդն էլ մրցավարն էր և անխոս վկան մեր՝ մանկական հրճվանքի այդ քաղցր ակնթարթի:

Վերջում էլ մայրիկների հորդորներով գնում էինք տուն` հաջորդ օրը խաղը շարունակելու պայմանով: Սկսվում էր մի տհաճ պահ: Քրտնած ու հոգնած էինք, իսկ ձեռքերս՝ սառած ու քարացած, վառարանից այն կողմ չէինք գնում:

Այսպես ամեն ձյան գալու հետ մեկտեղ, արթնանում են մանկության հիշողությունները և ստիպում ինձ ժպտալ:

Anna Andreasyan

Երթուղայինում հանդիպող տարօրինակ մարդիկ

Այսօր գնում էի Արմավիր քաղաք: Երթուղայինի մեջ նստած մտքերիս հետ էի: Բացի ինձանից ուրիշ մարդ չկար: Մեկ էլ մի կին բարձրացավ իր թոռնիկի հետ: Կինը, որ մոտ 50 տարեկան էր, ուղիղ նստեց իմ դիմաց և սկսեց ամենայն ուշադրությամբ զննել: Մի քանի վայրկյան տևող զննումը նորմալ է և բնորոշ գրեթե բոլորին: Բայց այդ կինը նստելու պահից մինչ իմ իջնելը մեկ վայրկյան աչքը չկտրեց ինձանից: Ու այնքան տարօրինակ էր նայում, որ արդեն սկսում էի հավատալ իմ այլմոլորակային լինելուն:

Ես հազիվ էի զսպում ծիծաղս: Անընդհատ հայացքս գցում էի պատուհանից դուրս` հուսալով, որ նա կդադարի ինձ նայելուց և կհասկանա, որ երթուղայինում մարդկանց զննելուց ավելի հետաքրքիր բան էլ կա՝ պատուհանից դուրս նայելը:

Եվ այսպես, անդադար պայքարելով ծիծաղիս դեմ, որ ուր որ է` թնդալու էր ամբողջ երթուղայինով, ես սկսեցի զբաղվել հեռախոսով, որ նրա հայացքը չնկատեմ և որ բացատրելի դարձնեմ այն անանցանելի ժպիտը, որ հայտնվել էր դեմքիս:

Տեսնես ի՞նչ էր մտածում՝ նայելով ինձ: Մոտավորապես այսպիսի մի բան. «Էս ի՜նչ սերունդ ա մեծանում, ամբողջ օրը էդ հեռախոսների մեջ են: Թե ի՞նչ կա դրա մեջ, մարդ չգիտի», կամ` «Տեսնես` էդ ինչի՞ վրա է այդպես ժպտում»: Հավանաբար սա էր մտքով անցնում, առանց իմանալու, որ իր հայացքն էր ինձ ստիպում ժպտալ ու հեռախոսով զբաղվել:

Վերջապես ես իջա երթուղայինից և զգացի ազատություն ու թեթևություն տարօրինակ հայացքից:

Մի կոչ մեր երթուղայինի ուղևորերին:

Հարգելի´ ուղևորներ, Ձեզ խնդրում եմ այսուհետ երթուղային բարձրանալիս այդպիսի տարօրինակ հայացքով չտնտղել դիմացինին:

Չհանձնված խաղողի ճակատագիրը

Երբ խաղողը չեն վերցնում, էլ ի՞նչ է մնում անելու գյուղացուն, եթե ոչ՝ օղի թորել:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Մոտ մեկ շաբաթ համարյա բոլոր հարևաններով օղի էինք թորում կա´մ մեր, կա´մ էլ մեր հարևանի բակում: Այնպիսի աշխուժություն էր տիրում:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Ոչ ոք պարապ չէր: Մեկը ապակյա տարաներն էր լվանում, չորացնում, մյուսն էլ վառելիք էր բերում: Ու մերթընդմերթ լսվում էին թեթև ճիչեր: Մեկին մեղուն խայթեց: Մի խոսքով, մեծից փոքր բոլորը շարժման մեջ էին, բացի ինձանից: Դե ես հո պարապ չէի՞: Նկարում էի նրանց օղի թորելը, մեկ-մեկ էլ ձեռքի հետ օգնում:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Մեր օղի թորելու գործընթացը հատկապես դժվար անցավ, որովհետև կարկուտից «խփվածության» պատճառով անհնար էր որակյալ օղի ստանալ, եթե իհարկե, ողկույզները չառանձնացնեինք: Եվ մենք հանձն առանք այդ տաժանակիր աշխատանքը, որ առաջին հայացքից շատ հեշտ է թվում: Սկսեցինք «գլա անել», որ օղին որակով լիներ:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի