Ազատ տարածք խորագրի արխիվներ

marat sirunyan

Քարերի ծառի տերը

Իրիկնամուտին հեծանիվով շրջում էի Վանաշեն գյուղում։ Անցնում էի գլխավոր ճանապարհով, մեկ էլ տեսնեմ՝ քիչ հեռվում, ճանապարհի կողքին, մի փոքր երեխա, ձեռքին իրեն համապատասխան չափսի՝ փոքրիկ բահ, ինչ-որ բանի վրա է տանջվում։ Մոտեցա․

-Բարի իրիկուն, էս ի՞նչ ես անում։
Մի պահ զարմացած նայեց դեմքիս՝ անծանոթ էր, հետո նորից իր գործին անցնելով պատասխանեց․
-Փշերն եմ հանում, բարև։
-Օգնե՞մ։
-ՉԷ՜։
-Լավ․․․
Մի փոքր առաջ շարժվեցի, մեկ էլ․
-Լա՜վ, օգնի․․․

Ծիծաղեցինք, հետ գնացի, վերցրի բահը․
-Էս ի՜նչ էլ մեծ ա։
-Հա բա․ իմ բահն ա։
-Անունդ ի՞նչ ա, քանի՞ տարեկան ես։
-Անունս Սիսակ ա, վեց տարեկան եմ։
-Բա ասում ես՝ ինչի՞ ես էս փշերը հանում,- խոսքիս տեր կանգնելով շարունակեցի նրա գործը։
-Բա ի՞նչ անեմ, ծակում ա։
-Քե՞զ։
-Ինձ էլ, հեծանիվիս էլ,- ջղայնացավ,- ակը ծակել էր։
-Փաստորեն մուռդ ես հանում, հա՞,- սկսեցի ծիծաղել։
-Դե հա, համ էլ հանեմ, որ հեծանիվս սարքեմ, ստեղով անցնեմ, էլի չծակվի ակը։
-Հա՜, ես էլ հանեմ, որ իմ հեծանիվի ակն էլ չծակի, հա՜։
-Հա բա։
-Բա մութն ընկնում ա, է, ինչի՞ ցերեկով չես անում։
-Ցերեկը շոգ ա, համ էլ մեր տունը մոտիկ ա։
-Բա դու ձեր տա՞նն էլ էս գործ անում։
-Հա։
-Ի՞նչ գործ։ Էս բահո՞վ։
-Հա՜, բահով խո՜րը փոս եմ փորել։
-Ինչի՞ համար։
-Սիրուն քարեր էի հավաքել, փոսը փորեցի, դրանք մեջը դրեցի ու թաղեցի։
-Թաղեցի՞ր, էդ ինչի՞։
-Ի, որ աճի, սիրուն քարերի ծառ ունենամ։
Էնպես լուրջ-լուրջ, հույսով ու սպասումով պատմեց՝ ժպտացի․․․
-Հը՞, էսքանը հերիք ա՞,- մի քանի փուշ հանելուց հետո հարցրի ես։
-Հա՜, ես էլ եմ հանել, էլ չի ծակի։
-Ապրես, ուժեղ տղա։
-Բա ես կառատե եմ պարապում, կանաչ գոտի եմ։ Լավ, գնամ դաշտ։
-Ի՞նչ կա դաշտում էս ժամին։
-Մերոնք էնտեղ քաղհան են անում։
-Հա՜, գնում ես օգնե՞ս։
-Դե՜ հա, ուղղակի չեմ կարում քաղհան անել․․․

-Դե, չմոռանաս, որ քարերի ծառն աճի, ինձ անպայման կկանչես՝ տեսնեմ:

Լաստիվերը մեկ օրով մեր հոգում և հոգուց դուրս

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

-Հասանք, այո՛, հասանք:
-Է՞ս ա:
-Վայ, չէ՛, մոռացա՞ր, որ երեք կիլոմետր պիտի քայլես:
-Լավ, վերջ, Աստված մեզ հետ, ճանապարհ ընկանք:
Գնում ենք խառը խմբերով, ամեն մեկիս ձեռքին մեկ-երկու, շատերի ձեռքին անգամ երեք և ավելի ծանր տոպրակներ: Մհերը, Զավենը ու էդ ծանր տոպրակները: Գնում ենք՝ մտածելով, որ սկզբի նման ամբողջ ճանապարհն էլ հեշտ կլինի: Բայց մեկ էլ հիշում ենք նկարներն ու, ինչ արած, էլի քայլում:
-Չհասա՞նք:
-Նոր ենք ճամփա ընկել, Լիլի՛թ:
Ողջ ճանապարհին իմ ձայնն է հնչում.
-Հավես ա, չէ՞: Ինչ սիրուն ա…
-Հլը նայի, որ «կսկծու» ա խոսում:
Ճանապարհը խորդուբորդ է: Ոտքդ դի՛ր մի փոքր ձախ: Դե, եթե անում ես դա, մահդ առջևումդ է: Ասում եմ՝ եթե կուզես ինքնասպանություն գործել, գոնե էս ձորից քեզ գցիր, որ գեղեցիկ մահ ունենաս: Լավ, ինչևէ, էսպիսի կատակներ չեն անում:
Բոլորս խոսում ենք, կեսս էլ մտքի մեջ ենք փնթփնթում:
-Զիփլայնը, երեխեք, նայեք,- ամբողջ ճանապարհին Մհերը նույն «զիփլայնն» է կրկնում ու սղոցում մեր ուղեղը: Անահիտը մեկ-մեկ ինձ հիշում է, շրջվում ու սկսում.
-Լի՛լ, քո երգերից միացրու…
Մեկն էլ, թե.

-Լի՛լ, «դայլայլոցդ» չենք լսել վաղուց, երգի՛:
Ճանապարհին տղաներին եմ անընդհատ բարկացնում:
-Տղե՛րք, չեմ կարողանում իջնել, օգնե՛ք:
-Ձեռքդ տո՛ւր, Լիլ:
Մեկ էլ նորից.
-Էստեղ դժվար չի, բայց էլի օգնեք:
-Լիլո՛, մի հատ թեթև «վեշ» ես բռնել ու օգնություն ես ուզում, մենք ի՞նչ ասենք: Մեծ երեխա ես, իջի էլի, վայ…
Ու նորից.
-Նարեկ տղա, օգնի՛ր իջնեմ, համ էլ՝ ես աղջիկ եմ:
Ես ու Նարեկը միշտ կռիվների ու գրազների մեջ ենք, էստեղ էլ մեզ ցույց պիտի տանք:
Կարևորը՝ տեղ հասանք, ինչը բոլորիս ուրախացրեց:
Վազում ենք ճոճանակի մոտ, տեղեր ենք «բրոնյա անում» ճոճանակի վրա, հանգստանում, վազում ջրվեժի մոտ:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Սկսվում է մի տոննա նկարներով լի ֆոտոսեսիան: Միլանան հաստատ կգժվի էդքան նկարները դասակարգելիս, կողմնորոշվելիս, թե ում ինչ պիտի ուղարկի: Սիրուն տնակ՝ չըխկ, քիչ հետո թուփ՝ չըխկ…
-Լի՛լ, կանգնի էստեղ, Լի՛լ, նայի ու ժպտա,- ասում են ամեն կողմից, բայց, իհարկե, գլխավոր դերերում Միլանան ու Դավիթն են:
Հետո նայում ենք ծնողների հայացքներին, որ մտածում են, թե ո՞նց պիտի էդքան հետ դառնան, ի՞նչ պիտի լինի…
Դե, էլ ոնց որ բան չկա ասելու: Թե՞ կա: Մաֆիա ենք խաղում մի հինգ անգամ, որովհետև նորմալ չի ստացվում: Նորմալ չի ստացվում նաև Ռոբի ու Վահեի խարույկը: Մեկ էլ երգելս է գալիս, վիդեո ենք նկարում: Ինչ ուզում, անում ենք:
Այսքանը: Եթե նկարներ կուզեք տեսնել, գրեք, որ ուղարկեմ: Հա՛, հետ դառնալն ավելի հեշտ էր, դրա մասին էլ երևի չխոսեմ, հա՞:
Լաստիվերը լցված էր թե՛ մեր, թե՛ մեր սիրելի դասղեկի ու ծնողների վախով, էքստրիմով ողողված ժպիտներով, որ բաժանել էինք բոլորիս հենց սկզբից:
Լավ կլիներ, որ ամբողջ դասարանը ներկա լիներ: Էս օրն էլ էսպես անցավ: Ով ինչ ուզում է, թող ասի, թող բողոքի, թող հիշի և ուրախանա: Ես կուզեի նորից գնալ Լաստիվեր:

Սուրենը

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Քեռուս տղան՝ փոքրիկ Սուրենը, ապրում է Կալավան գյուղում: Սովորում է արդեն 2-րդ դասարանում: Պապիկին խնդրել էր, որ իր համար պտտաձող («տուռնիկ») սարքի: Պապիկն էլ նրան չէր մերժել: Սուրենն ազատ ժամանակ սիրում է սպորտով զբաղվել, դհոլ նվագել, փոքրիկ հեքիաթներ գրել: Շատ ճկուն և ուժեղ տղա է:

Մի օր քննության համար պարապում էի, երբ Սուրենը ներս մտավ և ասաց.

-Էլի՜տ, գրածս կստուգե՞ս:

-Հա, իհարկե,- ասացի ես ու սկսեցի ստուգել: Մի փոքրիկ հեքիաթ էր գրել, որն սկսվում էր այսպես.

«Լինում է, չի լինում մի կապիկ է լինում, կապիկը հանդիպում է գետակին ու հարցնում.

-Արջին տեսե՞լ ես:

-Հա, այն կողմ գնաց»:

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Լուսանկարը՝ Էլիտա Ստեփանյանի

Երբ կարդացի, զարմացա: Ինձ շատ դուր եկավ: Սուրենը դպրոցը շատ է սիրում, դասերը նույնպես: Մի քիչ էլ խիստ է: Երբ կարճ շրջազգեստ եմ հագնում, բարկանում է վրաս ու ասում.

-Էլիտ, շուտ գնա ու փոխվի:

Մի անգամ հարցրի, թե երբ մեծանա, ի՞նչ է դառնալու:

-Զինվոր, որ հայրենիքս պաշտպանեմ:

Ասաց ու վազեց խաղալու:

Lusine atanesyan

Էքսկուրսիաների ամիսը

Ամեն տարի դասարանով ապրիլից սկսում ենք որոշել, թե ուր պետք է գնանք էքսկուրսիայի և այդ մասին տեղեկացնում ենք դասղեկին: Եթե նա հավանություն է տալիս առաջարկին, ապա սկսում ենք պատրաստվել, իսկ եթե նրան դուր չի գալիս կամ «վտանգավոր» է, առաջարկում ենք այլ տարբերակներ: Անցյալ տարի ցանկանում էինք գնալ Արցախ՝ Գանձասար և Շուշի, սակայն քառօրյա պատերազմի պատճառով չգնացինք, իսկ այս տարի 2-3 օրով ուզում էինք գնալ Սևան, բայց քանի որ փոքր էինք, այս առաջարկը ևս համարվեց վտանգավոր, ու չգնացինք:

Հիշում եմ, որ տարրական դասարաններում մեր «էքսկուրսիան» անցնում էր դպրոցի հետևի մասում՝ եղևնիների տակ: Երբ ուսուցչուհին ասում էր, որ էքսկուրսիա ենք գնալու, շատ էինք ուրախանում և սկսում էինք պատրաստվել դրան՝ կարծելով, թե ուրիշ տեղ ենք գնալու:

Երբ ավարտեցինք չորրորդ դասարանը, գնացինք մանկական սրճարան: Բացի դպրոցի հետևի եղևնիներից, դա առաջին անգամն էր, երբ դասարանով որևէ տեղ գնացինք, երկրորդը եղել է 6-րդ դասարանում, երբ գնացինք Տաթև և Խնձորեսկ, իսկ երրորդը եղավ այս տարի հունիսի 9-ին. գնացինք Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, Խոր Վիրապ, Գեղարդ, Գառնի:

Այժմ ամեն ինչ փոխվել է. Անգեղակոթ գյուղի ոչ մի տարրական դասարանցի չի գնում դպրոցի հետևի եղևնիների մոտ: Գնում են միայն տեսարժան վայրեր, օրինակ՝ Շաքիի ջրվեժ, Ջերմուկ կամ Նորավանք: Եղբայրս ինձնից 4 տարով փոքր է և տարրական դասարանը այս տարի է ավարտել, սակայն նա արդեն 3 անգամ էքսկուրսիա է գնացել: Մենք գոնե չորրորդ դասարանում գնացել ենք սրճարան, կան դասարաններ, որոնք նույնիսկ այդտեղ չեն գնացել:

Էքսկուրսիաները շատ կարևոր նշանակություն ունեն՝ ծանոթանում ենք նոր վայրերի, կռվածները հաշտվում են (մեր դասարանում այդպես է), ունենում ես ավելի շատ հիշողություններ դպրոցի հետ կապված: Միասին որևէ տեղ գնալիս մենք ողջ ճանապարհին պարում և ուրախանում ենք: Դա կախված է նաև վարորդից: Մենք ունենք մշտական վարորդ, որի հետ ժամանակը շատ լավ է անցնում, բացի դա, նա ամեն մի անկյունը գիտի:

Այս տարի World Vision կազմակերպությունը կազմակերպել է էքսկուրսիա դեպի Ա. Բակուցի տուն-թանգարան, Տաթև, Խնձորեսկ 2003 թ. ծնված երեխաների, այսինքն՝ մեր դասարանի համար մինչև հունիսի 25-ը: Ստացվում է՝ այս տարի դասարանով ևս մեկ էքսկուրսիայի կմասնակցենք:

Բրդյա ամառ

Ամառը եկավ, զգացինք իհարկե: Օրերը տաքացան, բակում երեխաներ հայտնվեցին: Դե, բուրդ ու խալի լվանալու սեզոնն էլ բացվեց։ Մեր բակը հարմար է նման գործողությունների համար, ու հետևաբար, թաղի բոլոր կանայք հավաքվում են այստեղ ու լվանում գորգերն ու բուրդը: Օգնում ենք միմյանց, ու այդպես ավելի հեշտ է լինում, նաև՝ ուրախ։

Այսօր էլ սովորականի նման նրանք հավաքված էին մեր բակում: Ես էլ առիթը բաց չթողեցի ու լուսանկարեցի:

ruzanna gevorgyan1

Հանգիստը և անհանգիստը

Արդեն մեկնարկել են ամառային արձակուրդները: Երեք ինքնաթիռի արագությամբ սլացող ամիսներ, որոնք յուրաքանչյուր երեխա փորձում է այնպես ապրել, որ որոշ օրեր հետո հիշվող լինեն:

Օրինակ, գյուղացի երեխան իր հանգիստը ուրիշ կերպ է պատկերացնում, իսկ քաղաքի երեխան՝ միգուցե ուրիշ:
Ինձ ու իմ հասակակիցների համար ամառային արձակուրդը միշտ հիշվում են բակային խաղերով:
Մենք ցերեկային ժամերին՝ 2-ից մինչև ժամը 6-ը, արևի ճառագայթներից պատճառով տանն ենք մնում և զբաղվում ենք տնային գործերով կամ դպրոցում հանձնարարված գրքերն ենք կարդում:
Իսկ արդեն երեկոյան ժամերին բակի երեխաներով հավաքվում և սկսում ենք խաղալ բակային խաղեր՝ «այգեպանից» մինչև «գործնագործ», բռնոցից մինչև ֆուտբոլ:
Գյուղի երեխաների, մասնավորապես տղաների ամառային հանգիստը շատ հարաբերական է: Տղաներից շատերի հայրերը Հայաստանում չեն, ու տան ամբողջ հոգսը նրանց ուսերին է. հողամաս ցանել, սրսկել, ջրել և այլն: Նրանցից շատերն էլ ստիպված աշխատանքի են ընդունվում, որպեսզի թեթևացնեն իրենց տան հոգսը:
Ու այսպես է անցնում գյուղի երեխայի ամառային արձակուրդը՝ հանգիստը և անհանգիստը:

hovik vanyan dsex

Սիրում ա, չի սիրում

 

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

Լուսանկարը՝ Հովիկ Վանյանի

Անձրևի կաթիլների ծանրությունից վար խոնարհված խոտերը վերջապես կարողացան հանգիստ շունչ քաշել արևի առաջին ճառագայթների հետ: Մեր տնից դաշտ տանող փոքրիկ արահետն արդեն չորանում էր: Արահետից այն կողմ մի հեքիաթային աշխարհ էր բացվում` իր գույնզգույն դաշտերով ու զմրուխտապատ անտառներով: Ով եղել է Դսեղում, կպատկերացնի: Երիցուկի ճերմակ երանգը պատել էր ամբողջ դաշտը, իսկ անտառից լսվող թռչունների հաճելի ձայնի տակ կարելի էր խոր քուն մտնել: Հանկարծ, քամու հետ խշխշացող խոտերի միջից երևաց մեր թաղի հավերին գողացող թմբլիկ աղվեսը, որն ինձ տեսնելով անմիջապես փախավ…

Մի քանի ժամ ամբողջ դաշտով թափառելուց հետո ` մի փունջ դաշտային ծաղիկ հավաքած, նստեցի մի միայնակ երիցուկի մոտ, որն ասես ինչ-որ բան էր ցանկանում ինձ ասել…

-Սիրում ա, չի սիրում, սիրում ա …

Արդեն երիցուկի վերջին թերթիկն էր մնացել պոկելու:

-Սիրում ա:

Զգացի` ինչպես են աչքերս փայլում, ու հասկացա, որ դաշտ տանող արահետը, ճերմակ երիցուկները, աղվեսը, քամին և այլն, դրանք բոլորը նշաններ էին, որպեսզի հասնեմ այդ միայնակ երիցուկին ու նրա վերջին թերթիկն ինձ ասի.

-Սիրում ա…

Լուսավոր սահման

Երբևէ լսածս ամենալուսավոր, բարի ու հետաքրքիր նախաձեռնություններից մեկը՝ «Լուսավոր սահման»։ Նախաձեռնությանը հետևում եմ դեռ ամենասկզբից և ուղղակի համոզված էի, որ այն երկար կյանք կունենա ու շարունակական բնույթ կկրի, որովհետև մարդիկ անում են շատ կարևոր ու լավ մի բան։ Կանգնում են սահմանամերձ գյուղերում ապրող գյուղացիների կողքին, նրանց օգնության ձեռք մեկնում ՝ընտրելով ամենաարդյունավետ միջոցն ու այն երկարատև դարձնելով։ Նվիրում են «լույս»։ Հետաքրքիր է, չէ՞, լույս են նվիրում։ Դե եթե հաշվի առնենք, որ լամպը հենց լույսն է, ուրեմն իրոք՝ լույս են նվիրում։ Բազմաթիվ կամավորների ու նույնիսկ օտարերկրացիների գրեթե ոչինչ չի խանգարում «լույսը» հասցնել սահման։ Ո՛չ վատ եղանակը, և ո՛չ էլ վթարը։ Հենց դա էր պատճառը, որ այդպիսի հետաքրքրությամբ էի լցված այս ծրագրի հանդեպ։

Վերջերս մի շատ հետաքրքիր զրույց ունեցա «Լուսավոր սահման» նախաձեռնության համակարգող, «Երիտասարդ ինժեներների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Կարապետյանի հետ, ով ավելի մանրամասն պատմեց նախաձեռնության մասին։

-Ո՞րն է «Լուսավոր սահման» նախաձեռնության նպատակը:

-Ծրագրի նպատակն է՝ մեղմել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսը` ամեն ընտանիքի նվիրելով հինգ լուսադիոդային լամպ, հինգ հատ, որովհետև լամպերն ամենաօգտագործվող տեղերում տեղադրելով, մարդը զգալի խնայողություն կնկատի ու հետագայում, ցանկության դեպքում, արդեն կարող է ինքն իր միջոցներով փոխարինել լամպերն ու այդ խնայողությունները ծախսել այլ նպատակների վրա։ Ասեմ, որ բոլոր լամպերն ունեն երեք տարվա երաշխիքային սպասարկում: Լամպերը մատակարարներից գնելու դեպքում պատահականության սկզբունքով վերցվում են մի քանիսն ու ստուգաչափվում, որպեսզի տեսնենք, թե տուփի վրա առկա տվյալները արդյո՞ք համապատասխանում են իրականությանը։ Բացի այդ, այն մատակարարները, որոնք համապատասխանում են մեր տեխնիկական չափանիշներին, կարող են գնային առաջարկ տալ և մասնակցել մրցույթին։ Այսինքն, մշակվել են մինիմալ չափանիշներ լուսադիոդային լամպերի գնման համար, որոնցից ցածր չափանիշների դեպքում գնելն ուղղակի նպատակահարմար չի։

-Ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ու՞մ առաջարկով:

-«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնության միտքն առաջացել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումների հետևանքով, որպեսզի փորձենք ձեռնարկել քայլեր, որոնք կմեղմեն հատկապես թիրախային համարվող սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչների վիճակը։ Գաղափարը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանինն էր։

-Ովքե՞ր և ինչ կազմակերպություններ են իրականացնում նախաձեռնությունը։

-Տարբեր հանդիպումների ընթացքում քննարկել ենք գաղափարը, և մի քանի կազմակերպություններ միանալով պարոն Հարությունյանի կոչին՝ այսօր «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունն իրականացնում են «Երիտասարդ ինժեներների ասոցացիա» ՀԿ-ն, «Շտիգեն» արևային էներգիայի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կազմակերպությունը և «Սահման» ՀԿ-ն։

-Ե՞րբ տրվեց ծրագրի պաշտոնական մեկնարկը։

-Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2016 թվականի նոյեմբերի 9-ին, դեկտեմբերի 10-ին լուսադիոդացվել է առաջին գյուղը՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրը։ Ու դրանով էլ սկսեց նախաձեռնությունը շարունակական բնույթ կրել։ Արդեն Հայաստանի Հանրապետությունում լուսադիոդացվել են տասը սահմանամերձ համայնքներ ու գյուղեր, իսկ երկուսն էլ Արցախում՝ Թալիշն ու Մադաղիսը։

-Ովքե՞ր են սովորաբար լինում ծրագրի մասնակիցները։

-Ծրագրի մասնակիցները երեք կառույցների աշխատակիցներն են, մեզ աջակցում է Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը, բազմաթիվ ընկերություններ, ունենք ֆինանսական աջակիցներ, կամավորներ, ովքեր գալիս են մեզ հետ գյուղ։ «Լուսավոր սահման» նախագծի պայմաններում յուրաքանչյուրը փորձում է օգնել ինչով կարող է. տրանսպորտի հարցերով, կայքի սպասարկմամբ, նյութերով, ֆոտոներով, ֆինանսական աջակցությամբ։ Ֆինանսական աջակցությունը հիմնականում ստանում ենք նվիրատվություններից, որոնք կատարվում են առցանց տարբերակներով, վճարային տերմինալներով։

-Ինչպիսի՞ն է լինում սովորաբար գյուղացիների առաջին ռեակցիան, երբ իմանում են անցկացվող ծրագրի մասին։

-Մինչև գյուղ գնալը մենք տվյալներ ենք հավաքում, որպեսզի գործող տնային տնտեսություններին աջակցենք: Այսինքն, այն տնային տնտեսությունները, որոնք տարին մի անգամ են այնտեղ բնակվում, իրենք չեն ստանում, քանի որ մեր նպատակն է աջակցել հենց գյուղում ապրողներին։ Գյուղում ապրողները առաջին հերթին ոգևորվում են մեծ ուշադրությունից, որովհետև իրենց համար շատ կարևոր է զգալ, որ մենակ չեն։ Իհարկե, ամսվա վերջում խնայողության չափը տեսնելով, կրկնակի ոգևորություն են ապրում։ Հետագայում, երբ անցնելով լուսադիոդացված գյուղերի միջով, երբ գնում ենք նոր գյուղեր, կանգնում ենք, հարցուփորձ անում ու տեսնում, որ մարդիկ շատ գոհ են: Հատկապես գոհ են լինում, երբ տեսնում են, որ երաշխիքային սպասարկումն աշխատում է, քանի որ այսօր էլեկտրաէներգետիկական համակարգի վիճակը որոշ տեղերում այնքան էլ բարվոք վիճակում չէ, ու այդ պատճառով լամպեր կան, որոնք փչանում են, բայց մատակարար ընկերությունները սիրով փոխարինում են դրանք նորերով։ Այսինքն, մարդիկ տեսնելով, որ գոյություն ունի մեխանիզմ, որն աշխատում է, մեծ ոգևորությամբ են լցվում։

-Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են գրանցվել ծրագիրն իրականացնելիս։

-Բնականաբար հետաքրքիր դեպքեր շատ են եղել։ Մեզ հետ արտասահմանից են մասնակիցներ եղել։ Վերջին անգամ, երբ Մովսես գյուղ էինք այցելել, մեզ հետ եկան ամերիկահայեր, ովքեր շատ ոգևորված էին ու նպատակադրված հաջորդ տարի ևս մեզ միանալու։ Իսկ առաջին այցի ժամանակ մի գերմանացի կար մեր մասնակիցների մեջ, ով մեզ հետ գյուղ գալով մասնակցեց գործընթացին, հասկացավ գործընթացի նպատակը, իմաստը և շատ ոգևորված գնաց Հայաստանից։ Դժվարություններ էլ են եղել, բայց քանի որ լավ նպատակով ենք ճանապարհ ընկել, դրանք հաղթահարել ենք ու նույն պատրաստակամությամբ շարունակել ենք ճանապարհը։ Մեքենան էլ է փչացել, ճանապարհին էլ ենք մնացել, բայց դրանք մեզ չեն խանգարել։

Հունվարի 28-ն էր, պետք է գնայինք Վազաշեն ու Այգեպար, ու շատ ուժեղ ձյուն էր գալիս: Շատերը չէին հավատում, որ կգնանք, բայց ոչնչի չնայելով մենք գնացինք ու այդ ուժեղ ձյան պայմաններում նույնիսկ ձնագնդիկ խաղացինք:

-Ի՞նչ հետագա պլաններ ունենք։

-Նախաձեռնությունը պետք է շարունակական բնույթ կրի։ Հայաստանի սահմանամերձ 34 գյուղերից 10-ն արդեն լուսադիոդացվել է։ Ցանկանում ենք նախաձեռնությունը մնացած գյուղեր ևս հասցնել։

Նախագիծը բացի իր բարեգործական բնույթից նաև մեծացնում է մարդկանց տեղեկացվածության մակարդակը էներգախնայողությունից ու լուսադիոդային լամպերից։ Այն զարգացնում է Հայաստանում նոր ձևավորված լուսադիոդային լամպերի շուկան՝ գնելով որակյալ արտադրանք։ Բացի այդ, ձևավորում է մշակույթ, որով հենց դուք էլ կարող եք աջակից դառնալ նախաձեռնությանը՝ առցանց տարբերակով նվիրաբերելով գումար, որով կգնվի գոնե մեկ լամպ սահմանամերձ գյուղում ապրող որևէ ընտանիքի համար։ Դե, իսկ մենք էլ կարեկցող ու գնահատող ազգ ենք։

narine gabrielyan

Սպիտակ դաշտը

Սիրում եմ ամառային արձակուրդներս անցկացնել գյուղում: Մշտական մաքուր օդ, անխախտելի խաղաղություն ու անսահման կանաչ: Գյուղի բոլոր անկյունները շատ եմ սիրում, հատկապես՝ մեր տան մոտի բլրակը: Միշտ բարձրանում եմ բլրի վրա, նստում ու հիանում եմ գյուղիս աննկարագրելի գեղեցկությամբ: 

Գյուղում մի դաշտ ունենք, որը «սպիտակ դաշտ» ենք անվանում: Սպիտակ՝ որովհետև այնքան երիցուկներ են աճում, որ այդ փոքրիկ հողակտորն ամբողջովին սպիտակում է:

Մի հետաքրքիր ավանդույթ ունենք գյուղում: Երբ երիցուկներն արդեն ծաղկում են՝ գյուղի երիտասարդ, սիրահարված աղջիկները հավաքվում են և գնում դաշտ՝ գուշակության:

-Սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում…

Միշտ հետաքրքրվում էի, ուզում էի գնալ, բայց չէի ուզում ցավեցնել երիցուկներին:

Հուլիսյան մի ամառային առավոտ էր, շուտ էի արթնացել, որոշեցի գնալ «սպիտակ դաշտ»՝ մտածելով, որ ոչ ոք այնտեղ չի լինի:

Երբ հասա, հաճելիորեն զարմացա. տեսա մի փոքրիկ աղջնակի՝ խուճուճ մազերով ու երկնքի պես կապույտ աչքերով: Մի փունջ երիցուկներ գիրկը դրած՝ իր փոքրիկ մատներով պոկում էր երիցուկների թերթիկները.

-Սիրում է, չի սիրում, սիրում է, չի սիրում…

Մոտեցա, նստեցի կողքին, ժպտացի ու ասացի.

-Արի միասին անենք:

Զարմացած նայեց ինձ, բայց միանգամից համաձայնեց.

-Արի՛:

-Սիրում է, չի սիրում, սիրում է…

Վերջին թերթիկը պոկելով՝ կարծես այդքան էլ չհավատաց.

-Էլի փորձենք, էլի՜:

-Բա մեղք չե՞ն:

Ասածիցս հետո երկուսս էլ լռեցինք: Լռության մեջ լսվում էր միայն երիցուկների խշշոցը:

-Լսո՞ւմ ես:

-Ի՞նչը,- զարմացավ փոքրիկը:

-Խշշոցը:

Լռեց, աչքերը փակեց ու սկսեց ուշադիր լսել: Դեմքին ժպիտ հայտնվեց, բայց հանկարծ տխուր նայեց ինձ.

-Որ պոկեմ տերևները, «ռամաշկաները» էլ չեն խոսա: Ափսո՜ս են: