Իմ բնակավայրը խորագրի արխիվներ

Գյումրի քաղաքի հնօրյա ոգին

Քայլում էի իմ սիրելի քաղաքի փողոցներով, զմայլվում նոր, գեղեցիկ շինություններով: Ամեն ինչ հիասքանչ էր, սակայն ինչ-որ բան պակաս էր: 

Լուսանկարը` Դավիթ Այվազյանի

Լուսանկարը` Դավիթ Այվազյանի

Ահա մեր շքեղ հրապարակը` զարդարված բազմաթիվ լույսերով, գեղեցիկ սալաքարերով: Շուտով մոտեցա իմ սիրելի փողոցին, այն փողոցին, որտեղ նկարահանվել են բազում ֆիլմեր` «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը»,   «Կտոր մը երկինք» և այլն: Փոքրիկ քառակուսի սալաքարերը, որոնք ժամանակի ընթացքում իրարից հեռացել են և պոկվել, շենքեր ու տներ, որոնք հիշեցնում են մեզ, թե ինչպիսին է եղել մեր հին Գյումրին: Ահա այն պատմական պատշգամբը, որի վրա կանգնել է Գալյա Նովենցը «Մեր մանկության տանգոն» ֆիլմում: Այդ շինությունը դարձել է փլատակ, մնացել է միայն պատշգամբը և պատը, ներսում` ամբողջությամբ ավերակ է:

Լուսանկարը` Լիլիթ Խառատյանի

Լուսանկարը` Լիլիթ Խառատյանի

Դրանից մի փոքր հեռու գտնվում է կիսաավերակ թատրոնի շենքը: Այս թատրոնը նույնպես ունի մեծ պատմություն: 1912թ. առաջին անգամ «Անուշ» օպերան բեմադրվել է հենց այստեղ: Դրա ներսում փլված է ամեն ինչ, միայն պատերն են մնացել իրենց գեղեցիկ զարդաքանդակներով:

Այս փողոցը, այս տները, սալահատակը, պատերը, այս ամենը հիշեցնում են մեզ Գյումրու հին և դարավոր պատմությունը, հիշեցնում են, որ իմ քաղաքն ունի հարյուրամյակների քաղաքային մշակույթ: Իզուր չեն գյումրեցիները կատակով ասում` Գյումրին հայրաքաղաքն է:

Լուսանկարը` Լիլիթ Խառատյանի

Լուսանկարը` Լիլիթ Խառատյանի

Երբ քայլում եմ այս փողոցով, մեր քաղաքի այս հատվածով, ես ինձ զգում եմ հին ժամանակներում, երբ «քաղքցիները» պճնված ու արժանապատվորեն դուրս էին գալիս քաղաքում ճեմելու, երբ ոսկեձեռիկ վարպետների արհեստանոցներում չէր դադարում մուրճի զնգոցը, երբ տղամարդիկ ֆայտոն նստած զբոսնում էին քաղաքի փողոցներով… Երբ դիպչում եմ կիսավեր տների պատերին, ես ինձ Գյումրու մի մասն եմ համարում:

Եվ վերջապես հասկացա, թե ինչն է պակասում մեր քաղաքի մյուս հատվածներում` Գյումրի քաղաքի հնօրյա ոգին:

 

Կոռաբերդ

Ընկերներով կանգնած զրուցում էինք, ամեն մեկը մի պատմություն էր պատմում: Ես էլ պատմեցի, թե ինչպես եղավ, որ ես ու ընկերս գնացինք Կոռաբերդ: Այնտեղ մենք տեսանք ինչ որ շինության մնացորդներ: Երբ մենք եկանք գյուղ, գյուղի պապիկներից իմացանք, որ այդ շինության մնացորդները Կոռաբերդի մնացորդներն են:Լուսանկարը` Դավիթ ԱվագյանիԿոռաբերդը գտնվում է Բաղանիս գյուղից արևմուտք, շուրջ 7 կիլոմետր հեռավորությամբ, Ոսկեպար լեռնաշղթայի ճյուղավորություններից մեկի վրա գտնվող  զույգ գագաթներով մերկացած քարաժայռի վրա: Ամրոցը կառուցվել է մոնղոլ-թաթարների արշավանքների ժամանակաշրջանում: Երբ գազազած հրոսակախմբերը Հայկական լեռնաշխարհի այլ մասերում էին հայ շինականի արյուն թափում, հայրենասերները սուրհանդակներ են ուղարկում տարբեր կողմերի վրա` մարդկանց զգուշացնելով վերահաս աղետի մասին: Այդ ժամանակ էլ մեր շրջակա գյուղերի բնակիչները, մեծ ու փոքր հավաքվում են, գիշեր ու ցերեկ կառուցում ամրոցը` սպասվող վտանգից պաշտպանվելու նպատակով: Ամրոցի կառուցման համար հարկավոր շինանյութերը, ջուրը և հացը մարդիկ անասելի տառապանքներով են հասցրել լեռան բարձունքը: Հենց դրա համար էլ այն ստացել է «Կոռաբերդ» անունը:

Երկար ժամանակ մարդիկ պաշտպանվել են ամրոցում` նախօրոք կուտակած զենքերով և քարերով: Բայց թշնամուն կանգնեցնել չի հաջողվել: Երկարատև պաշարուման, սննդի ու ջրի սպառման պատճառով ամրոցը ընկավ թշնամու ձեռքը: Կոռաբերդ ամրոցից ներքև կա մի հանքային աղբյուր: Ավանդությունը մեզ ասում է, որ այն առաջացել է որդի կորցրած մայրերի աղի արցունքից:

Այդպիսին է Կոռաբերդ ամրոցի մասին լեգենդը, ամրոց, որի միայն ավերակներն են մնացել:
Այժմ Կոռաբերդը դպրոցականների և երիտասարդների համար էքսկուրսիաների, արշավների և տուրիզմի գեղատեսիլ վայր է, որի բարձունքից երևում են Կովկասյան լեռնաշղթայի և Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ ճյուղավորություններ՝ իրենց վեհապանծ գագաթներով:

Արտագաղթ

 

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Բարև ձեզ, ես Դավիթ Այվազյանն եմ: Գրում եմ մի քաղաքից, որը  նախկինում ունեցել է 300.000 բնակիչ:

Մայիսի 1-ն էր, արևոտ օր: Որոշեցի դուրս գալ ու մի քանի լուսանկար անել: Մի քանիսն  անելուց հետո հանդիպեցի մի տատիկի, ով կանգնած էր իր տնակի կողքին: Անկախ ինձնից ցանկություն ունեցա նկարելու, որովհետև տատիկի ու տնակի մեջ այնքան նմանություն կար. երկուսն էլ ծեր էին, երկուսն էլ` մռայլ ու միապաղաղ, բայց միևնույն ժամանակ,  շատ լուսավոր ու պայծառ: Մոտեցա տատիկին ու նկարելու թույլտվություն հարցրեցի:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

-Է, տղա ջան, ոչ նկարվելու հավես ունիմ, ոչ էլ ցանկություն…  Գնա` ուրիշ մարդու նկարե:

Որպեսզի նա թույլ տար լուսանկարել, սկսեցի ներկայանալ: Մի պահ լռեց ու հետո կրկին ասաց:

-Տղա ջան, դարդերս շատ են: Թող դարդերիս հետ մնամ, չեմ ուզե նկարվիմ:

Խնդրեցի, որ ինձ էլ պատմի իր հոգսերի  մասին, ասաց, որ ունի 4 երեխա` 2 աղջիկ, 2 տղա, ու բոլորն էլ դրսում են: Հարցիս, թե` իրեն օգնո՞ւմ են, պատասխանեց, որ տղան Գերմանիայում բուժվում է, մյուս տղան հազիվ իր ընտանիքն է պահում, իսկ աղջիկները ապրում են իր նման խեղճ ու կրակ:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Նույն օրվա մեջ շփվեցի նաև չորս պապիկի հետ, որոնք ունեին 3-4 երեխաներ, ու կրկին բոլորը  դրսում էին: Արդեն վախենում էի երեխաների մասին հարցեր տալ, վախենում էի իմանալ, որ ևս մի ընտանիք լքել է Գյումրին:

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Լուսանկարը՝ Դավիթ Այվազյանի

Բայց, այնուամենայնիվ, մեջս դեռ հույս կար, որ հնարավոր է, պատասխանեն, թե` այստեղ են ու չեն էլ պատրաստվում գնալ… Ափսոս, իմ ուզած պատասխանը այդպես էլ չեղավ:

Հաջողություն ձեզ, ուզում եմ, որ երբեք չլքեք ձեր հայրենիքը` Հայաստանը: Գրում եմ մի քաղաքից, որտեղ գրեթե էլ մարդ չի մնացել:

sara harutyunyan

Նոր Հաճն

Հավանաբար գիտեք Հրազդանի կիրճի գողտրիկ վայրերից մեկի՝ Նոր Հաճնի մասին: Այն քաղաքի, ուր ժամանակին աշխուժություն  ու եռուզեռ էր  տիրում, ուր տեղափոխվում էին Հայաստանի տարբեր մարզերից՝ չընկրկելով դժվարություններից. չէ՞ որ հենց այստեղ հնարավոր էր աշխատանք գտնել, ապրել`փոքրիշատե ապահովված և բարեկեցիկ կյանքով:

Արդեն  վաթսուներկու տարի է, ինչ անշուք ու փոշոտ կիրճի եզրին ծնունդ է առել Նոր Հաճնը, որի հիմնադրումը  կապված էր Արզնիի տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանի, կամ, ինչպես հայտնի է այսօր, «Սապֆիր» արտադրական միավորման ստեղծման  հետ: Հենց այդ իրադարձության շնորհիվ է, որ նախկին «Սիլավոյի» տեղում հիմա կանգնած  է  Նոր Հաճնը՝ ուրույն և ինքնատիպ մի բնակավայր, որն իր տանիքի տակ  տասներկու հազար հայի է պահում: Այն կարճ ժամանակում դարձավ մեր պետության  արդյունաբերական կենտրոններից մեկը և իր պատվավոր տեղը գրավեց զարգացող ու բարգավաճող քաղաքների կողքին: Սկսած 70-ականներից  Նոր Հաճնի այցեքարտը դարձավ  ադամանդագործությունը: Առաջին և   նախկինում ամենախոշոր գործարանը «Շողակ»-ն էր, ուր աշխատում էր նաև հայրս: Այդ ժամանակաշրջանը, կարելի է ասել, Հաճնի վերելքի տարիներն էին: Նոր Հաճնի  բնակարաններն ավելի թանկ արժեին, քան  մայրաքաղաք Երևանինը: Հենց այդ ժամանակ՝ տասներկու տարի առաջ, մեր ընտանիքը տեղափոխվեց ինձ համար կարճ ժամանակում թանկ ու հարազատ  դարձած Հաճն:

Ի՞նչն էր իմ մեջ տպավորվել: Կզարմանաք, բայց առաջինը ինձ գրավեց հենց քաղաքի անունը: «Ինչո՞ւ Նոր Հաճն»,- մտածում էի ես և փորձում   գտնել հարցիս պատասխանը: Ասեմ, որ  փոքր  ինչ  զարմացած,  բայց նաև հպարտ էի, որ իմ քաղաքը պատմական  Կիլիկիայի 1920-ական թթ.-ի կոտորածներից փրկված հաճնեցիների խնդրանքով է վերանվանվել Նոր Հաճն: Ու քանի որ փոքր էի ու շատ բան  չէի հասկանում, կարծում էի, թե ես հենց Կիլիկիայում էլ  ապրում եմ: Գուցե ծիծաղելի է, բայց չեք պատկերացնի, թե ինչ հպարտ էի: Այդ ժամանակ դեռ  վեց տարեկան էի:

Ամեն ինչ հրաշալի էր, և  թվում էր, թե ոչինչ չի կարող  խանգարել` անկախացումից հետո փոքր-ինչ շունչ առնող ժողովրդի խաղաղ կյանքին:Եվ ո՞վ կարող էր մտածել, որ այդ հանգստությանը հաջորդելու է փոթորիկը, և որ կարող են գործերը կտրուկ վատանալ… Իրար հետևից փակվեցին արդյունաբերական գործարանները՝ փշուր-փշուր անելով հաճնեցիների հույսերը: 2008 թ.-ին լուծարված «Շողակն»-ը  ամենածանր հարվածն էր  Հաճնի համար`  աշխատանքից զրկվեց բնակչության կեսը: Հուսահատություն, գործազրկություն, աղքատություն, ծանր հոգսեր. ահա թե ինչ տարածվեց Հաճնում` համաճարակի արագությամբ: Աշխատանք չունենալու պատճառով մարդիկ  բռնեցին արտագաղթի ճանապարհը: Քաղաքը միանգամից դատարկվեց… Ցավն այն է, որ արտագաղթը դեռ շարունակվում է: Բնակիչների  մի մասը տեղափոխվեց  Ռուսաստանի Դաշնություն,  նույնիսկ Աֆրիկա գնացողներ եղան` աշխատելու և ծայրը ծայրին հասցնելու համար: Թանկարժեք քարերի մշակմամբ հայտնի  Հաճնի վարպետները  ցաքուցրիվ եղան ՝ զարգացնելով օտար երկրների տնտեսությունը:

Այսքանից հետո մտածում եմ՝ էլ ի՞նչ լուսավոր հեռանկարներ: Բայց երբ տեսնում եմ ինձ պես պատանիների, դեռահասների, որոնք հետաքրքրվում և ակտիվ գործունեություն են ծավալում մշակույթի տարբեր բնագավառներում, մարող  հույսս կամաց-կամաց արթնանում է. ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ` մտածում եմ ես…

Հիմա մեր քաղաքում գործում է «Հաճն» պարային անսամբլը, որն ստեղծվել է 2010 թ.-ի մարտի 10-ին: Իր ստեղծման օրվանից այն շարունակում է նորանոր բարձունքներ նվաճել և հաղթանակներ ունենալ: Խումբը համերգներով հանդես է եկել Վրաստանում և այլ երկրներում: Պարախմբի  սաներն իրենց  գեղեցիկ պարով զարդարում են նաև համաքաղաքային տոնական միջոցառումները:

Մշակույթի տանը հարակից գործում է արվեստի դպրոցը տարբեր մասնաճյուղերով՝ կերպարվեստի և երաժշտության, որտեղ հմտանում և փորձ են ձեռք բերում Հաճնի ապագան կերտողները: Քաղաքի ուսումնատենչ երիտասարդներին, սակայն, պակասում է քաղաքային գրադարանը, որ  փակվել է տարիներ առաջ`  վերանորոգման պատրվակով և երբևէ բացվելու հույսով: Մենք՝ երիտասարդներս, չենք կարողանում բավարարել մեր հետաքրքրությունները, գտնել մեզ հուզող հարցերի պատասխանը:

Ահա այսպիսին է իմ քաղաքը, իմ Հաճնը: 

Ոսկեվան (Ղոշղոթան)

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Դու իմ սրբություն, իմ ոսկե հանգրվան,
Իմ քաղցր ծննդավայր, անգին Ոսկեվան:

Մարդկային կյանքի ամենամեծ հարստությունը գյուղն է: Գյուղի պաշտպանը շինականն է՝ աշխատասեր, հայրենապաշտ, քարից ու հողից հաց քամող, քրտինքը հողին տվող, նրա ջերմ ու անկեղծ սիրահարը, տերն ու ծառան, հողի լեզուն իմացողը:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Մեր նախնիները իրենց հողն ու ջուրը, սահմանները պաշտպանել են կյանքի ու արյան գնով և միշտ վառ հավատ են ունեցել գալիքի հանդեպ, երբեմն իրականացել է նրանց փայփայած հույսն ու հավատը, անհաջողության դեպքում չեն հուսալքվել: Մենք՝ բոլոր ոսկեվանցիներս, մի նվիրական ու սրբազան պարտք ունենք՝ մեր նախնիներից ստացած հող-հայրենին աչքի լույսի պես պահել ու պաշտպանել: Եթե հարկ լինի, տալ ամենաթանկը՝ կյանքը: Շատ-շատերը մոտ են կանգնած հայրենի գյուղի, ծննդավայրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Ոսկեվան համայնքը շատ-շատ հայրենասեր որդիներ ունի, բոլորին թվել հնարավոր չէ:

Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, ամենաչնչին  հնարավորության դեպքում բռնել տունդարձի ճանապարհը: Ձեր՝ օտար երկրներում ապրելը, կապված է սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, աշխատանք գտնելու անհնարինության հետ: Ուրեմն, եկեք ջրենք մեր կյանքի ծառը, որ նա փարթամորեն աճի.  չէ՞ որ ամեն մեկս  այդ ճյուղերից մեկն ենք: Ով կարող է, թող գա, որպեսզի փակված դռները բացենք, լույսերը վառենք և ծխենք հայրենի օջախի ծուխը:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

1978թ Նոյենբերյանի շրջսովետի գործկոմի նախաձեռնությամբ ներկայացվեց  ՀԽՍՀ Գերագույն  խորհուրդ՝ շրջանի երեք  բնակավայրերի անվանափոխության վերաբերյալ: Առաջարկվեց Դոստլուն անվանել Բարեկամավան, Ղալաչան՝ Բերդավան , Ղոշղոթանը՝ Ոսկեվան :

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Ինչո՞ւ Ղոշղոթան, բացատրեմ: Ըստ մեզ հասած տեղեկությունների, դարեր առաջ մի անգամ գյուղացիները, որոնք հարկ էին վճարում նաև թուրք բեկերին, սկսել էին աշնանացան վարի աշխատանքները, երբ բեկերն իրենց հարկահանների հետ գյուղ են մտնում տվյալ տարվա չվճարած հարկը հավաքելու: Նրանք պահանջում են դադարեցնել վարի աշխատանքները և հավաքել տրվելիք հարկերը: Հարկը հավաքելուց հետո թուրք բեկը թույլ է տալիս շարունակել վարի աշխատանքները, ասելով՝ «գոշքոթանլարը»,  այսինքն՝ լծեք գութանները, այստեղից էլ Գոշքոթան՝ Ղոշղոթան անվան ծագումը: Ինչպես էլ մեկնաբանենք այդ անունը, մեր նախնիների դառն ու տառապալից կյանքի, ծանր ապրելակերպի խտացված արտահայտությունն է:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Քառ Բաբին ընտանիքով եկել է Վրաստանի Կումիս լճի մոտ գտնվող Վաշլեվան (Խնձորկուտ) գյուղից: Երկու տարի ապրել է հարևան Բաղանիս գյուղում, որը տենդոտ տեղ է եղել: Նա ձորով բարձրացել է և հիմնվել Ղոշղոթանում: Բաղանիս գյուղում թողել է իր կաղ աղջկան, որին ամուսնացրել է Ղարաբաղից եկած Չալաբի Բաղրամյանի հետ: Հետագայում խանը առաջարկել է Քառ-Բաբնին աղա դառնալ, սա չի համաձայնվել՝ խնդրել է աղայությունը տալ իր փեսա Բաղրամյանին, իսկ ինքը դարձել է քյոխվա: Աղայությունից հրաժարվելու համար սրանց ասում են «շաշ բաբեցիք»: Քառ Բաբին լսում է, որ խանը գալիս է, աղուհացով գնում է ընդառաջ՝ արձակելով գութանը, որով հողը վարելիս է լինում:Խանը ընդունում է աղուհացը և ասում՝ «գոշքոթան», որից և գյուղի անունը մնում է Ղոշղոթան:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Հիմա շատ տարիներ են անցել և մենք մեր ուժով ու արյան գնով էլ այդ լծի տակ չենք ապրում:Մեր ժողովուրդը աշխատող  ժողովուրդ է, և հիմա էլ որ աղա լինելու առաջարկ լինի, կմերժի:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լսելով  գյուղի ավագ սերնդի պատմությունները, թե այն ժամանակ թշնամու հետ մեկ գյուղում  ապրել են, միասին աշխատել են, միասին գութան են լծել:

Ճիշտ է, հիմա այն ժամանակների պէս միասին չենք, բայց հիմա կրակի առաջ է գյուղի մի մասը, և ցավոք  էլ ոչ ոք չի ասում. «լծեք գութանները»:

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

Լուսանկարը՝ Սոնա Սարիբեկյանի

tatev aghazaryan

Ես Նոր Ջուղայից եմ

Ես ծնվել եմ Իրանի Իսլամական Հանրապետությունում, Նոր Ջուղա հայկական համայնքում: Երբ դա ասում եմ ընկերներիս, նրանք  ինձ սխալ են հասկանում և կարծում են, թե ես ունեմ պարսկական ծագում, իսկ դա գալիս է այդ մասին տեղյակ չլինելուց:

Հին Ջուղան եղել է Նախիջևանում և 17-րդ դարոում Շահ Աբասը Ջուղայի բնակիչներին  տեղահան է արել: Իմ պապերը եկել և հաստատվել են Իրանում, իսկ այդ քաղաքը, որտեղ հաստատվել են, կոչել են  Նոր Ջուղա: Հին հայկական նշանավոր բնակատեղերից է եղել և գոյատևել է մինչև 1848 թվականը:  Հին Ջուղայով էին անցնում Հեռավոր Արևելքից դեպի Միջերկրական ափերը ձգվող երթուղիները:  Ջուղայեցիների կյանքում առաջնակարգ տեղ էին գրավում առևտուրը ու շինարարական արվեստը: Արվեստ եմ ասում, որովհետև նրանք իսկապես շինարարական արհեստը վերածել են արվեստի:  Եվ ամենակարևորը, սերը դեպի հայրենի երկիրն ու մշակույթը ոչ մի զավթիչ չի կարողացել ջնջել ջուղայեցիների միջից : Նշեմ, որ Ջուղայի բարբառը շատ հետաքրքիր է, ցավոք, ես չեմ տիրապետում դրան: Օրինակ՝  «Այ կուկուր (հորաքույր), հե՞ր չիս գոլըմ մեր ղոլը: Մըկել օրը զազիս (մայրիկս) լեվ շրեփած (խաշ) էր եփել, ասավ` գնա կուկուրին ասա, թո արախին (երեխային) վիկալի, գո շրեփած ուտեն»:

Գուցե մի օր հասկանան, թե ես ինչպիսի ծագում ունեմ…

Ինձ ասում են, որ ես շատ նրբիկ աղջիկ եմ, բայց բնավորությամբ շատ չոր եմ: «Ջան» միայն ասում եմ հայրիկիս: Ընկերուհիս ասում է , որ ես ունեմ մի հայացք, որը վախեցնում է նրան: Ես այդ հայացքը օգտագործում եմ, երբ ինչ-որ մեկը սխալ կամ վատ է իրեն պահում: Ինձ հուզող հարցերի պատասխանները փորձում եմ գտնել դրանց պատասխանները գրքերում: Եվ, որ ամենակարևորն է, մարդկանց աչքերի մեջ նայելով կարողանում եմ հասկանալ, թե ինչպիսինն է նա:

Իմ գյուղ Վահրամաբերդը

Լուսանկարը՝ Ալբերտ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Ալբերտ Մկրտչյանի

Իմ անունը Անժելիկա է, բայց ինձ իմ մտերիմները Լիկա են անվանում։ Ես ապրում եմ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում։ Ինձ դուր է գալիս գյուղի աշխույժ կյանքը։ Դեռ մանկուց ապրել եմ և շնչել եմ մաքուր թթվածնով հագեցած օդը։ Այնքան բան եմ պատմելու ձեզ, որ բոլորդ կուզենաք ապրել գյուղում։ Գյուղի մարդիկ շատ աշխատասեր են և հյուրընկալ։ Գարնան գալուն պես սկսում են աշխատանքները։ Ովքեր, որ մեղու են պահում, տաքերն ընկնելուն պես փեթակները դուրս ենհաննում ձմեռվա պահոցներից։  Չգիտեմ, երբևէ տեսած կլինե՞ք, թե ինչպես է մեղվապահը խնամքով աշխատում մեղուների հետ։ 

Տատիկիս տանը կից հողամասում ծառեր են աճում։ Մրգատու ծառերի խնամքը կատարում են տան մեծերը։ Հորեղբայրս ինձանից բահը վերցնում է, որ փխրեցնի ծառերի բները։ Նա ինձ ասաց, որ շատ կարևոր է ծառերը ժամանակին էտելը։ Ես սիրով հետևեցի, թե ինչպես ամբողջ օրը հորեղբայրս ծառերը էտեց, հետո նոր ծառեր տնկեցինք: Ես ևս տնկեցի: Դա մի առանձնահատուկ զգացմունք է, երբ գիտես, որ պարտականություն ունես: Ես ամեն օր պիտի ջրեմ ծառերը և չթողնեմ, որ վնասվեն, մինչև մի քիչ մեծանան։

Օրն այնպես անցավ, որ չնկատեցինք։ Երեկոյան արդեն մտածում էինք հաջորդ օրվա աշխատանքների մասին։ Այս տաք օրերին նույնիսկ մի վայրկյան չպիտի կորցնել։ «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»,- ասում է տատս ու այնպես է ասում, որ իսկապես աշխատելուց հետո կանգնում եմ հայելու առջև ու ինձ թվում է, որ իրոք գեղեցկացել եմ։ Մարդիկ բոլորը դրսում աշխատում են իրենց հողամասերում։ Երբ նայում ես, թվում է, թե մեղուներ են ժրաջան, և դուրս են եկել նեկտար հավաքելու։

Երբ խոտը արոտավայրերում աճում է, նախրապանը հավաքում է գյուղի եղջերավոր անասուններին և ամեն օր հանում է արոտի։ Ամեն օր վեց ամիս շարունակ նախրապանը կովերին տանում է առավոտյան ժամը յոթից մինչև երեկոյան յոթը արածեցնելու։ Իրիկունը կովերին տուն բերելուն պես կովերին տատս կթում է, այնուհետև կաթը մշակում է։ Մի սարքավորում կա, որով կաթը զտում են: Զտիչն ունի երկու ծորակ, երբ պտտում են բռնակը, մի ծորակով զտված կաթն է գալիս լցվում ամանի մեջ, մյուս ծորակով՝  հում սերը, որը լցվում է ուրիշ ամանի մեջ։ Ուրեմն, այդ զտված կաթից պանիր են ստանում, որը հորում են ձմեռվա համար և անվանում են հորած պանիր։ Այն պահում են կավե ամանների մեջ, իսկ հիմա արդեն և ապակյա և ուրիշ նյութից պատրաստված տարաների մեջ։ Այն պահում են մառանում։

Տատիկս մառանում պահում է նաև խաղողից  քաշած գինին, իսկ հում սերը հավաքում են և հարելով ստանում են կարագ և թան։ Կարագը տատս հալում է և յուղ է ստանում։ Ամբողջ ամառ  և մինչև խորը աշուն մարդիկ աշխատում են և կուտակում ձմեռվա համար։

Հենց գարունը բացվում է, ովքեր տրակտորներ ունեն, նրանք սկսում են նորոգել իրենց տեխնիկան, որպեսզի պատրաստ լինեն հողատարածքների վարին։ Սկսում են ցանքը, մարդիկ ամենքը մի բան ցանում են։ Հենց ձյունը հալվում է, երևում են ցորենի ծիլերը, որը ցանել են աշնանը, և կոչվում է աշնանացան։

Մենք կարտոֆիլ ենք մշակում և ուրիշ երկշաքիլ և միաշաքիլ բույսեր։ Միայն ցանելով չէ, պիտի մշակել՝ փխրեցնել, ոռոգել, պարարտացնել հողը։

Ես հատկապես սիրում եմ բերքահավաքը, երբ երեխաներով հավաքում ենք բերքը, նստում ծառի տակ, սկսում ծիծաղել մեկս մյուսի արարքների վրա: Մեր օրը շատ ուրախ է անցնում։

Ես մեծ սիրով կհյուրընկալեի ձեզ մեր գեղատեսիլ գյուղում:

Ես ապրում եմ Ջերմուկում

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Ես ապրում եմ Ջերմուկում: Ովքեր եղել են այստեղ, հաստատ կասեն, որ սա բնության հրաշք է: Իմ քաղաքը ՀՀ-ի զբոսաշրջության կենտրոնն է: Բայց այն իր մեջ չի ներառում միայն առողջարաններ, հյուրանոցներ ու էլի այդպիսի կառույցներ: Ջերմուկն ունի նաև շատ գեղեցիկ բնություն և գտնվում է 2500-3000 մետր բարձրության վրա: Այստեղ է գտնվում նաև Հայաստանի բարձր ջրվեժներից մեկը՝ «Ջրահարսի վարսեր» անունով, որն ունի 70 մետր բարձրություն: Բայց այս ամենը չէ, որ կոչվում է Ջերմուկ: Ջերմուկը բաղկացած է երեք մասից: Աջափնյակ, որտեղ գտնվում է հիմնական զբոսաշրջային հատվածը, Ձախափնյակ՝ այստեղ կենտրոնացած է Ջերմուկի բնակչության կեսից ավելին, և Կեչուտը, որը նաև գյուղ է:

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Ես ապրում եմ Ձախափնյակում և սովորում այստեղ գտնվող Ջերմուկի կրթահամալիրում: Ձախափնայկում կյանքը, ինչպես ասում են, եռում է և ունի բնականոն ընթացք: Չնայած իմ ներկայացրած Ջերմուկի «երջանկությանը», նաև կան շատ խնդիրներ: Դե, դա էլ բնական է, ինչպես ասում են. «Լավը առանց վատի չի լինում»: Մեզ մոտ՝ Ձախափում անցած տարվանից բակերը քանդում էին, որպեսզի փոխեն կոյուղու գծերը: Դրանից հետո քանդածի վրա ավազ և քարեր շաղ տվեցին, բայց առաջվա պես չասֆալտապատեցին: Ու հիմա, երբ մեզ մոտ ձմեռը և գարունը «վիճում են», բակերում ցեխ է: Կարելի է ասել, հանցագործություն կլինի, եթե որոշենք սպիտակ կոշիկ հագնել, որովհետև դրանք այս անձրևային եղանակների ժամանակ ամբողջովին սև կդառնան:

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Այս տարի նաև շներն էին շատացել: Դե, շատերն են շուն պահում, բայց երբեք այսքան տարիների ընթացքում չէի տեսել, որ շները արդեն խմբերով ման գային: Շատերը կան, որ սիրում են շներին, և նրանց համար դա խնդիր չէ, բայց կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր շուն տեսնելիս մի վայրկյան հետո գտնվում են այդ վայրից 5 կմ հեռավորության վրա, այսինքն, վախենում են շներից: Մի օր, երբ գնացել էի դպրոց, ներքևի շենքերից եկած ընկերներս ասացին, որ խանութներից մեկի  մոտ սպանված շներ են տեսել:

Դասամիջոց էր, և մենք սկսեցինք այդ լուրը քննարկել: Ոմանք ասում էին, որ լավ են արել, որ սպանել են այդ շներին, և լավ կանեն մնացածին էլ նույն բախտին արժանացնեն: Այդ ասողները այնպես չէ, որ սիրտ չունեն, նրանք ուղղակի վախեցողներն են: Իսկ մնացածն էլ չէին համաձայնվում և առաջարկներ էին անում:

-Ավելի լավ է` ինչպես մյուս երկրներում են անում, շներին հավաքեն և տանեն հատուկ հաստատություններ:

-Պետք էր հավաքել նրանց, և հաստատ կգտնվեին մարդիկ, որոնք կցանկանային շներին պահել:

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Ձախափնյակում կա նաև Երիտասարդական կենտրոն, որը կարծես միավորել է Ջերմուկի երիտասարդությանը: Կենտրոնը կազմակերպում է նաև շատ միջոցառումներ, դրանցից է օրինակ, «Ձնեմարդուկ» փառատոնը, որը ինչ-ինչ պատճառներով այս տարի չկայացավ: «Ձնեմարդուկի» ժամանակ Ջերմուկ են գալիս Հայաստանի տարբեր մարզերից և Ջերմուկի ձնակույտերը վերածում են քանդակների:

Եվ այս ամենը մեզ՝ բնակիչներիս, դարձնում է ուրախ և, թեկուզ մի փոքր, բայց երջանկություն է բերում մեր կյանք: Ճիշտ է, կան պահեր, երբ բացի բողոքելուց ուրիշ գործ չենք գտնում, բայց մենք շատ ենք սիրում և հպարտանում մեր քաղաքով: Այն մարդիկ, ովքեր չեն եղել Ջերմուկում, մի ամբողջ հրաշք են կորցրել, և ես նրանց հորդորում եմ գալ և թեկուզ մեկ օր հանգրվանել այստեղ:

Իմ առաջին հեռուստահարցազրույցը

Ձմռան մի բքառատ օր մեզ համար դասի էինք նստած, ու մեկ էլ տեղեկանում ենք, որ լրագրողներ են գալու դպրոց: Առաջին շաբաթն էր, ինչ ձմռան երկարատև արձակուրդներից հետո դասի էինք եկել, իսկ այդ շրջանում շատ ակտուալ էր դպրոցներում սենյակային ջերմաստիճանների ստուգումը: Մենք էլ կարծեցինք, թե գալիս են ստուգելու, նկարահանելու և հեռուստացույցով ցույց տալու, ինչպես Գյումրիի շատ դպրոցներ: Դե այդ կասկածանքն էլ սրտներում տնօրենն ու ուսուցիչները ասում էին.

-Երեխաներ, ինչի դասասենյակներում ցո՞ւրտ է, որ վերարկուներով եք նստել: Հանեք շուտ վերարկուներդ, թե չէ եկողը կմտածի` դպրոցը չի ջեռուցվում:
Մենք ծիծաղով վերաբերվեցինք այդ խուճապին: Ապա պարզվեց, որ բոլորովին այդ չէ նկարահանման թեման, պարզապես եկել էին նկարահանելու  «Հայաստանի Սիբիրը»: Դե քանի որ եկել էին դպրոց, պետք է խոսեին նաև աշակերտները: Մեր տնօրենը որպես «գրագետ  աղջիկ» ինձ առաջարկեց.
-Մեր Մարիամը` դպրոցի լավագույն աշակերտներից է…
-Լավ, որ այդպես է, հենց Մարիամից էլ հարցազրույց կվերցնենք,- ընդհատեց և միանգամից ավելացրեց լրագրողը:
-Մարիամ ջան, ուզո՞ւմ ես` մազիկներդ հավաքի,- նկատեց տնօրենը: Ես ծիծաղեցի: Դե, այդ  դիտողությունը հատուկ է բոլոր ուսուցիչներին, պարզապես ավելի կոպիտ ձևով:
-Չէ, թող չհավաքի, մազերը մեզ չեն խանգարի,- ասաց լրագրողը:
Եկավ խոսելու իմ հերթը: Ես խոսեցի, պատմեցի Ամասիայի, մեր զբաղմունքի, ապա իմ նպատակների մասին: Մի որոշ ժամանակ  բոլորս սպասում էինք  այդ հաղորդման հեռարձակմանը: Անցավ մեկ ամիս և ավելի, հանկարծ ես մի օր  համացանցում տեսա, որ այդ երեկո արդեն կհեռարձակվենք:
Հաղորդումը հեռարձակվեց: Արձագանքը մեծ եղավ: Հենց այդ երեկո համարյա բոլոր հարազատներս զանգահարեցին և ասացին, որ տեսել են, շնորհավորեցին: Համայնքում նույնպես «իմ հեռուստացույցում հայտնվելը» մեծ արձագանք ունեցավ: Իմ մայրիկի գործընկերներից մեկը նույնիսկ ասել էր.
-Աղջիկդ ապագա արդարադատության նախարարն է լինելու:
Նրանց այդ միտքը բխել էր իմ այն խոսքից, որ ես կրթություն ստանալուց հետո անպայման վերադառնալու եմ իմ համայնք, աշխատանք եմ գտնելու և օգնելու եմ իմ հայրենիքին: Ուսուցիչներից շատերը իմ խոսքն ընդունեցին որպես կեղծավորություն:
-Դե հա, իհարկե, տեսախցիկի դիմաց այդպես էլ ասելու էիր, թե չէ` հետ գաս, ի՞նչ անես:
Ես լռեցի: Համարյա ոչ ոք չգիտակցեց իմ խոսքերի լրջությունը:

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Ես սիրում  եմ իմ հայրենիքը, իմ Ամասիան: Շատերն այն համարում են ճահիճ, հեռու մայրաքաղաքից, մեծ հնարավորություններից: Խուլ, ցուրտ տեղ են համարում շատերը, բայց  բոլորը չարաչար սխալվում են: Եթե չսիրենք այն տեղը, որտեղից եկել ենք, չենք հարմարվի երբևէ մեր ուզած բարեկեցիկ բնակավայրին, որովհետև չենք գիտակցի, որ դա հենց մեր հայրենիքն է:

Ձեզանից շատերը հիմա որևէ արտառոց բան չեք տեսնի իմ հայրենասիրության մեջ, կամ որ հարցազրույցի եմ մասնակցել, բայց ինձ նման հասարակ դեռահասի համար, որի ձգտումներն ու նպատակները դեռ ավելի են վեր սլանալու, հավատացեք, ամեն բան այդ մի փոքրիկ տեխնիկական սարքի մեջ հայտնվելով է ամեն ինչ սկսվում:

Մենք այստեղ ենք՝ սահմանին

Ուզում եմ մի քիչ գրել մեր ժամանակների երեխաների մասին:

Ի՞նչ են գերադասում անել նրանք այսօր: Դե, բնականաբար, շատերը դաս անել չեն սիրում: Շա՜տ են սիրում խաղալ: Հիմա երևի մտածում եք, թե խոսքս համակարգչային խաղերի մասին է, այնպես չէ՞: Չգիտեմ, ով ոնց, բայց մեր՝ «վերի թաղի» երեխաները բակում խաղալն ավելի շատ են սիրում, քան, համենայն դեպս, ինձ համար «դարդ» համարվող այդ սարքի՝ համակարգչի առաջ նստելն ու անիմաստ խաղեր խաղալը:

Մեր թաղի երեխաների համար շաբաթվա մեջ ամենաուրախ օրերը հանգստյան օրերն են՝ շաբաթ, կիրակի, երբեմն էլ՝ ուրբաթ: Չնայած դա այդքան էլ էական չէ, նրանց համար ուրախն այն օրն է, որ օրը հաջողվում է խաբել մայրիկին, համոզել, որ վերջացրել են բոլոր դասերը և շտապել խաղալու: Խաղալու վայրը մեկն է՝ երեխաների խոսքով՝ «Սայադիկանց քուչեն»: Սայադիկը եղբորս ընկերն է՝ կռվի ու խաղի ընկերը: Քույրս էլ, եղբորս հետ հաճախ է գնում խաղալու: Խաղացողները քրոջս ու եղբորս համադասարանցիներն են, մեկ էլ մեր փոքրիկ թաղակիցները, որ խաղի ընթացքում, այսպես ասած, գլխացավանք են համարվում մեր մեծ` 4-րդ և 7-րդ դասարանցի խաղացողների համար: Սկսում են խաղալ, ու բոլորն էլ կարծես մոռանում են, որ իրենք էլ տուն ունեն, որ մութն ընկնում է, որ սոված են, որ ցուրտ է: Մի խոսքով, Սայադիկենց բակը մոռանալ է տալիս ամեն-ամեն ինչ:
Գարնան պայծառ օր է, տանը նստած եմ անբաժան  ընկերոջս՝ շտեմարանիս առաջ, մեկ էլ՝ հեռախոսիս զանգը: Պատասխանում եմ, քրոջս կանչում են խաղի: Որոշում եմ ես էլ գնալ լուսանկարելու, վերցնում եմ տեսախցիկս ու արագ դուրս վազում: Տնից դուրս եմ գալիս 10-15 րոպե հետո վերադառնալու և պարապմունքս շարունակելու մտադրությամբ, բայց Սայադիկենց բակի կախարդանքն ինձ վրա էլ է ազդում, և ես մնում եմ ու սկսում խաղալ, մոռանալով անգամ շտեմարանիս մասին: Քիչ-քիչ խաղացողների թիվը շատանում է, հասնելով շուրջ 20-ի: Այդտեղ երևի խաղացած կլինեի մեկ էլ այն ժամանակ, երբ քրոջս տարիքին էի՝ 2-3 տարի առաջ:

Մի խոսքով, հիանալի օր, լի երեխաների ուրախ ճիչերով, որ հատկապես վերջին ժամանակներում՝ սահմանային լարված իրավիճակում, երբ ծնողները վախենում են դուրս թողնել երեխաներին, ինձ համար ամեն ինչ արժեն:

Թվում է, թե ամեն ինչ հիանալի է, բայց…  Ուժեղ պայթյունի ձայն, որ սովորական է սահմանապահ Կոթիի թե՛ մանուկ, թե՛ մեծ բնակիչների համար: Պայթյունի ձայնը լսվելուց անմիջապես հետո, մեզ տուն կանչելու մտադրությամբ տնից վախեցած դուրս է գալիս Սայադիկի մայրը՝ Ալլան, բայց տեսնում է, որ մեր շարքերում ոչինչ չի փոխվել, որ մենք կրկին խաղում ենք նույն ոգևորությամբ, ինչ կրակոցներից առաջ, ու մի քիչ մեր խաղին նայելուց հետո, կրկին մտնում է տուն:
Խաղում եմ, բայց մտքումս միայն սահմանին կանգնած տղերքն են, որոնց շնորհիվ մենք վայելում ենք մեր հանգստյան օրերը:

Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ նրանց ոչինչ չպատահի, որ ամեն բան լավ լինի: Քիչ անց՝ էլի կրակոց, ու մենք ստիպված ամեն մեկս մեր տուն ենք գնում: Ճանապարհին տեսնում եմ գյուղ եկող պաշտպանության նախարարության մեքենաներ, որ սովորականից շատ ավելի արագ էին ընթանում, հետո՝ առաջին օգնության մեքենա, հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Քիչ անց էլ իմանում եմ, որ Կոթիի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Պտղավան գյուղի  32-ամյա բնակիչ Աշոտ Ռևազյանը: Ընդամենը մի քանի րոպեում իմ չափազանց բարձր տրամադրությունը կարծես հօդս է ցնդում: Եվ իմ այդչափ ուրախ օրը դառնում է ինձ համար ամենատխուրներից մեկը:
Խաղալու ընթացքում, երբ մեր թաղի երեխաների մասին նյութ գրելու միտք առաջացավ, որոշեցի, որ այն պետք է լինի շա՜տ ուրախ, այնքան ուրախ, որ կարդալիս այդ ուրախ տրամադրությունը փոխանցվի ընթերցողին, որ գոնե այս նյութի  մեջ խոսք անգամ չգնա կրակոցի մասին: Բայց… Կրկին չստացվեց, չստացվեց, որովհետև մենք այստեղ ենք՝ սահմանին՝ սահմանապահ Զինվորի կողքին: Մենք այստեղ ենք՝ ամուր կանգնած մեր հողին, մի քիչ անորոշ ու մռայլ ներկայով, բայց՝ վառ ապագայի հույսով: