Hripsime Vardanyan

Նրանց, ովքեր երբեք չեն կարդա սա

1. Չսիրեցի քեզ հենց առաջին մեր հանդիպումից: Մի տեսակ վանող բան ունեիր քո մեջ: Մինչև այսօր էլ էդպիսինն ես, ու մինչև այսօր էլ չեմ սիրում քեզ ու դժվար թե սիրեմ:

2. Ամեն անգամ, երբ ուսուցչուհին տեղափոխություն էր անում դասարանում, ես միշտ մատներս խաչած սպասում էի այն օրվան, թե երբ պետք է նստես իմ կողքին:

3. Միշտ նախանձել եմ քեզ: Նման վճռականություն չեմ տեսել երբևէ և դժվար էլ թե տեսնեմ:

4. Դպրոցը առանձնապես չեմ սիրել, բայց երբ ավարտեմ, միակ վատ բանը, որ հիշեմ, դա դու ես լինելու:

5. Ես միշտ էլ գիտեի, որ ստում ես, բայց երբեք չեմ ընդհատել քեզ:

6. Ես գիտեմ, որ դու ծիծաղում ես բոլոր հնդկական ֆիլմեր դիտողների վրա, իսկ ինքդ գաղտնի նայում ես:

7. Ես գիտեմ, որ դու ինձ խորհուրդ էիր տալիս և համոզում էիր մազերս կտրել, որ քո մազերը ավելի երկար թվային:

8. Քեզ միշտ փնտրել եմ հայացքով, ամբոխի մեջ, դատարկ փողոցում, ամենուրեք:

10. Երբ արդեն մեծ կլինեմ, և երբ երեխաներս հարցնեն, թե դպրոցում ո՞վ է եղել իմ լավագույն ընկերուհին, ես կտամ քո անունը՝ հիշելով մեր մանկությունը:

11. Ու չնայած այն բանին, որ ես ատում եմ այդ երաժշտությունը, ես կլսեմ այն հանուն քեզ:

Angelina Karapetyan

17.am-ն իմ կյանքում

-Մա՜մ, ա՛յ մամ, կօգնե՞ս շարադրություն գրեմ:

-Օֆ, Անգե՛լ, տեսնես կգա՞ մի օր, որ ինքնուրույն անես:

Այս երկխոսությունը բազմիցս կլսեիր իմ ու մայրիկիս միջև մեկ տարի առաջ: Իսկ հիմա.

-Ա՛ն, կօգնե՞ս քույրիկը շարադրություն գրի:

Փոփոխությունն ակնհայտ է 17-ի շնորհիվ: Մեր կայքում, երբ մի թեմայի շուրջ շատ ես գրում, այդ թեման համարվում է ծեծված, սակայն գոյություն ունի մի նյութ, որը երբեք չի հնանում, և քո կյանքի ամեն մի օրում կարող ես խոսել քո մեջ եղած փոփոխություններից: Դե, իհարկե հասկացաք՝ որ թեմայի մասին է խոսքը. «17.am-ն իմ կյանքում»:

Շուտով կլրանա մեկ տարին, որ թղթակցում եմ 17-ին: Ամեն ինչ սկսվեց նրանից… Դե, բոլորի մոտ էլ ամեն ինչ սկսվեց սեմինարներից, ապա՝ գործնական դասընթացներից, որոնք ապահովեցին մեզ գիտելիքով մեդիա ոլորտից:

Սկզբում չէի գրում իրական պատմություններ, հենվում էի երևակայականի վրա ու ամեն օր այդպիսի նյութեր ուղարկում, որոնցից ոչ բոլորն էին, որ տպագրվում էին: Սակայն ամեն ինչ փոխվեց:

Տեղի ունեցան հինգ մեդիա ճամբարները՝ Բյուրականում, Ծաղկաձորում, Աղվերանում, Դիլիջանում և աշնանայինը՝ Սևանում: Հաջողության հասա և մասնակցեցի աշնանային մեդիա ճամբարին: Սկզբում շատ էի վախենում, քանի որ բնույթով փակ մարդ էի, չշփվող, սակայն լրագրողը պետք է լինի շփվող, ազատ, որպեսզի կարողանա որսալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը: 17-ն արթնացրեց այդ ամենն իմ մեջ:

Ճամբարում հիանալի երեխաներ էին, հիանալի թիմ՝ «Մանանայի» մի փոքրիկ մասը կազմող անձնակազմ: Ճամբարի ընթացքում գիտելիքը կրկնապատկվեց: Սովորեցինք կինո նկարել, մոնտաժ անել, հավես կադրեր գտնել ու լավ դիրքերից նկարել, ճիշտ արտահայտել մտքերը, աշխատել իրական պատմությունների վրա: Չմոռանամ լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի, լրագրող Կարինե Գևորգյանի և ռեժիսոր-օպերատոր Սարգիս Խարազյանի վարպետության դասերը:

17-ի շնորհիվ դարձա ավելի ուշադիր, հետաքրքրված շրջապատի մարդկանցով, խորաթափանց, սովորեցի համակարգչով արագ հայերեն գրել, էլ ո՞ր մեկն ասեմ: Կայացած մարդ լինելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտություն, ինչը ձեռք բերեցինք 17.am-ին թղթակցելով:

Առաջին և ոչ վերջին մրցանակաբաշխությունը

Ես այն պահից սկսեցի ուրախանալ, երբ հեռախոսիս զանգ եկավ Երևանից, նույն վայրկյանից հասկացա, որ դա «Մանանայից» է, էլ ավելի ուրախացա, որ իմացա ներկա եմ լինելու Առաջին մրցանակաբաշխությանը, ու նույնքան ուրախալի էր, երբ Շուշանը ասաց, որ իմ ներկայությունը պարտադիր է: Ավելի շատ ուրախացա, որ տեսնելու եմ այն մարդկանց, ում հետ ապրել եմ 7 անմոռանալի օրեր մեդիա ճամբարում (էլի հուզվեցի), որ տեսնելու եմ «Մանանայի» թիմին:

Տեսնո՞ւմ եք քանի անգամ օգտագործեցի ուրախանալ բառը, որովհետև ուրիշ բառ չեմ գտնում արտահայտելու այն, ինչ զգում եմ. միայն ուրախություն, միայն հաճելի պահեր: Աչքերս սկսեցին արևի պես փայլել, երբ այդ լավագույն 100 թղթակիցներից մեկն էլ ես էի, երբ մեծ էկրանին հայտնվեց իմ նկարը, հայտարարեցին իմ անուն ազգանունը, ու լսվեց ծափահարություն, ես զգացի, թե ինչքան երջանիկ եմ, ինչքան գնահատված, հասկացա, որ իմ ամեն նյութի համար ինձ այսօր գնահատեցին: Այդ այն պահն էր, երբ իսկապես գլուխ գովելու տեղ ունես, որ լավագույն թղթակից ես: Ճիշտ է, իմ անունը չլսվեց հատուկ նվերներ ստացողների անունների մեջ (շնորհավորում եմ ի սրտե), բայց դեռ երկրորդ մրցանակաբաշխությունը մեզ է սպասում, ես այնպես կաշխատեմ, որ արժանանամ այդ պարգևին, իսկ դրա համար պետք է աշխատել, աշխատել, աշխատել, մեծ-մեծ քայլերով առաջ գնալ, որպեսզի հաջորդ մրցանակաբաշխությանը նորից այդ փայլուն աչքերով տեսնեմ ու զգամ այն ամենը, ինչ զգացի երեկ:

Հ.Գ Հա, ու ոչ միայն իմ աչքերն էին փայլում, այլ այնտեղ բոլորի, առանց տարիքային սահմանափակության:

gohar hakobyan (ararat)

Պատուհանից այն կողմ

Գրականության դասն էր: Նստել էի պատուհանի մոտ՝ առաջին նստարանին: Նայում էի դուրս: Օրը պայծառ էր, արևը կարծես համբուրում էր այտերս:
Հանկարծ նկատեցի թռչող փոքրիկ ճնճղուկներին: Միանգամից դիպան սրտիս: Այնքան հարազատ բան կա թռչունների մեջ. ազատ են ամեն բանից, չունեն սահմանափակումներ, թռչում են, ուր ցանկանում են: Թռչում են, ու ոչ ոք չգիտի՝ նրա՞նք են երջանիկ, որ ազատ են, թե՞ բնությունը, որ ունի նման հրաշքներ:
Մի պահ թռչուներն անհետացան տեսադաշտիցս, նկատեցի հեռվում աշխատող մարդկանց: Ես նայում էի նրանց եռանդուն աշխատանքին ու նույնչափ եռանդով մտքերս տալիս թղթին:
Արևի տակ կռացած՝ հողը քաղհանում էին միջին տարիքի երկու կին: Ինձ թվաց, որ նրանք հույսեր ունեն՝ կապված հենց այդ հողի հետ: Հողը, վարուցանքը գյուղացու ապրուստի միջոցն են:
Այնուամենայնիվ, ես հիացած հետևում էի նրանց աշխատանքին. այնքա՜ն մտերմիկ, այնքա՜ն հարազատ էր ինձ այդ պատկերը:
Թռչունները նորից եկան: Ես տարվել էի նրանցով, երբ հանկարծ ականջիս հասավ մի նուրբ ձայն.

-Երազո՛ղ, հե՛տ արի, զանգը տվեց:

Ամեն գեղեցիկ բան ծնվում է կարոտից

Լուսանկարը՝ Մանե Մինասյանի

Լուսանկարը՝ Մանե Մինասյանի

«Ամեն գեղեցիկ բան ծնվում է կարոտից»,- ասել է Թումանյանը:

Բայց այս կարոտն ուրիշ է, սա այն կարոտն է, որն այսօր համախմբում է աշխարհի բոլոր հայերին, սա կորցրած երկրի կարոտն է, պատմություն դարձած 1,5 միլիոն անմեղ զոհերի կարոտն է, որից անցել է արդեն 102 տարի:

Ամեն տարի ապրիլի 24-ին Վեդի քաղաքում կատարվում է Սգո երթ դեպի Վեդու քաղաքային հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Լուսանկարը՝ Մանե Մինասյանի

Լուսանկարը՝ Մանե Մինասյանի

Երթի մեկնարկը տրվում է Վեդու քաղաքապետարանից՝ քահանայի և քաղաքապետի ուղեկցությամբ: Համալիր տանող ճանապարհին լսվում են Կոմիտաս, շարականներ և պատմություններ, ցավոտ փաստեր կապված Եղեռնի հետ:

Երթին մասնակցում են ոչ միայն Վեդու, այլև շրջակա գյուղերի բնակիչները:

Լուսանկարը՝ Մանե Մինասյանի

Լուսանկարը՝ Մանե Մինասյանի

Հարգանքի տուրքը մատուցելուց հետո Վեդու գեղարվեստի տանը կազմակերպվում են մի շարք միջոցառումներ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, իսկ երեկոյան քաղաքի սկզբնամասից մեծ թե փոքր մասնակցում են ջահերով երթին դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Angelina Karapetyan

Նիկտոֆոբիա՝ վախ մթությունից

Գիշերը ժամանակահատված է, երբ սիրելի լույսին հաջորդում է շատերի համար ատելի մթությունը: Նույնիսկ ամենակարճ գիշերն էլ կթվա երկար, եթե ունեք մտածմունք, տանջող հարց կամ էլ պարզապես վախ գիշերից: Մինչ գիշերը մենք շրջապատված ենք հարազատ մարդկանցով, ընկերներով, որոնք իրենց դրական լիցքերով, մեծ էներգիայի պաշարով լցնում են մեր օրը, որոնց հետ ամենաանիմաստ արտահայտության վրա էլ կարող ես լիաթոք ծիծաղել:

Իսկ գիշերը… Այդ ժամանակ մենք անկախ ենք բոլորից, ազատ ենք մեր, մեր մտքերի, մեր սխալների, մեզ տանջող հարցերի հետ: Բայց… Ես վախենում եմ անգամ մտածել ինձ հանգիստ չտվող հարցերի մասին: Այնպիսի հարցեր, որոնց պատասխանն անգամ գիտահետազոտական փորձերը չեն կարող տալ, այնպիսիները, որոնք մարդկային ուղեղն ու միտքը ունակ չէ ընդունելու, որոնք բնության առեղծվածային, չբացահայտված երևույթներն են: Ու հանկարծ խորանում ես, խորանում ու զգում, որ արդեն խճճվել ես, խճճվել ու մտածում ես՝ ավելի լավ էր չմտածեի, որ չունենայի տանջող հարցեր: Այստեղից էլ գալիս է վախը գիշերից և մենակությունից: Տիրում է լռություն քո հոգում, որի բառերն ավելի խոսուն են, արտահայտիչ ու իմաստալից, քան խոսքերը, որոնք ավելի լավ էր՝ չասվեին: Ալբերտ Այնշթայնն ասել է. «Մթություն գոյություն չունի, այն պարզապես լույսի բացակայությունն է»:

Մարդու համար ամենակարևորը հոգում, սրտում ու մտքում լույսի առկայությունն է:

Հարության շաբաթ

gohar hakobyan (ararat)

Մի թրի պատմություն

Երեկ պատմության դասին ուսուցչուհիս պատմեց մեր գյուղացի, Հայրենական պատերազմի մասնակից Գեղամ պապիկի մասին: Նշեց, որ նա մինչև վերջերս ողջ էր: Գեղամ պապիկը դասընկերոջս պապիկն է: Նա շատ էր մեզ պատմել իր պապիկի մասին: Ինձ այդ պատմությունները վաղուց էին հետաքրքրել: Որոշեցի ավելի շատ տեղեկություններ հավաքել նրա մասին:

Շտապեցի մեր դպրոցի փոխտնօրենի մոտ, որը նույնպես հերոս պապիկի թոռնուհին է:
Մենք երկար զրուցեցինք, և նա պատմեց լուսավոր հիշողություններ:

-Պապիկս ուտող-խմող մարդ էր, սիրում էր ընկերական շրջապատը: Հերթական օրերից մեկն էր, երբ խնջույք էր կազմակերպել: Այդ օրը լավ խմած էր, վերցրել էր իր թուրը ու սպառնում էր, որ կթռցնի բոլորի գլուխը: Ընկերներից մեկն էլ ասաց՝ քեզ Շաբալդա՞ ես կարծում (Շաբալդան իրենց գյուղի ազդեցիկ մարդկանցից է եղել): Ու այդ օրվանից նրան կոչեցին Շաբալդա: Պապիկս իր ծնունդը նշում էր մայիսի 9-ին, ասում էր, որ այդ օրը ինքը երկրորդ անգամ է ծնվել, քանի որ հայրենական պատերազմն ավարտվել է:

-Նա սիրո՞ւմ էր խոսել պատերազմի մասին:

-Եթե սթափ էր, չէր սիրում, բայց երբ փոքր-ինչ գինովցած էր լինում, կխոսեր երկար ու առանց դադարի:

Ես ընկեր Ազատյանի դեմքին թախծոտ ժպիտ նկատեցի և ավելի մեծ հետաքրքրությամբ տվեցի հաջորդ հարցս.

-Ինչո՞վ էին հետաքրքիր այդ պատմությունները:

-Գիտե՞ս ինչով էին հետաքրքիր, նա խոսում էր ոչ թե իր մասին, այլ պատերազմի ու խաղաղության, մարդկության ապագայի, երիտասարդության ու կրթության, գեղեցկության ու մաքրության մասին: Պապիկս պատմում էր. «1944 թվականի հունիսի 19-ին այն զորամասը, որտեղ կռվում էի ես, հրաման էր ստացել ազատագրել Ուկրաինայի քաղաքներից մեկը՝ Դրոգոբիչը:
Արդեն 6 ամիս էր, ինչ խորհրդային զորքերը չէին կարողանում ճեղքել գերմանական ահռելի ուժերի ամրությունը: Եվ ահա մերոնք լրացուցիչ զենք ու զինամթերք ստացան: Առաջին հերթին՝ «կատյուշաները», որոնց մերոնք առաջինը գործի դրեցին և գրավեցին քաղաքը»:

-Իր հայրենասիրությունը արդյոք փոխանցվե՞լ է իր ժառանգներին:

-Միշտ ենք լսել պապիկիս զրույցները և տեսել նրա հանդեպ հասարակության սերն ու հարգանքը, ինչպես նաև՝ իր կողմից կատարված նախաձեռնություներն ու աշխատանքները: Մենք բոլորս հպարտ ենք, որ կարող ենք կոչվել «Շաբալդայի հետնորդներ», քանի որ նրանից սերված բոլոր սերունդները ձգտում են լինել հայրենասեր, օրինապահ, աշխատասեր և հասարակության մեջ գտնել այն տեղը, որին արժանի է հայ մարդը և քաղաքացին:

-Ունե՞ր մի այնպիսի արտահայտություն, որ կրկնում էր անընդհատ:

-Միշտ ասում էր՝ օ՜ֆ, օ՜ֆ, իսկ մենք արդեն գիտեինք, թե ինչ էր թաքնված այդ խոսքի տակ:
Կարծես ասում էր. «Ոչինչ չունեմ ասելու, բայց իմացեք, որ դուք պատասխանատու եք ձեր յուրաքանչյուր քայլի համար»:

-Ընկե՛ր Ազատյան, ի վերջո այդ թուրը ի՞նչ նշանակություն ուներ իր համար:

-Այդ թուրը մինչև այժմ կախված է պապիկիս տան պատից: Նա միշտ հպարտանում էր և ոգևորված պնդում, որ թուրն է իրեն ուժ ու զորություն տալիս: Մենք հավատացել ենք նրան ու այժմ էլ ուզում ենք հավատացած լինել, որ պապիկիս լուսավոր հոգին՝ որպես պահապան հրեշտակ, մեզ է հսկում ու ավետում բարին:

kadr filmic00

Հայաստանի մեկ օրը

«Հայաստանի մեկ օրը» – վավերագրական ֆիլմ, որի նկարահանումներին մասնակցել են 40-ից ավելի պատանի թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից