Margarita nahapetyan

Սարերն էլ մարդիկ են անշարժ

Սարերն էլ մեզ պես մարդիկ են հոգնած…

Եղբայրներ անշարժ,

Բարեկամներ հեռու:

Մեկն էլ լիներ իրենց ցավը վերցներ,

Ցավդ տանեմ, հայոց սարե՜ր…

 

 

Մարդիկ չհեռացան գյուղիցս անդարձ։

Գյուղս հեռացավ մարդկանցից հավերժ…

Մարդիկ հեռացան գյուղիցս հանկարծ,

Գյուղս դատարկվեց բոլորից հավերժ:

Գյուղիցս բացի դատարկվեց հոգիս էլ,

Կամ միգուցե դատարկեցին:

Դատարկվեց գյուղս էլ, հոգիս էլ:

Ու՞ր եք…

Գյուղից հավքերն ելան

Ու թռան դեպի հեռուն:

Ու՞ր են…

 

 

Արի քեզ տանեմ այն երկիրը, որը դարերի պատմություն ունի,

Որի ամեն մի քարը մի զինվորի կյանք է արժեցել,

Որտեղ դեմքերն ու դեպքերը փոխվում են, իսկ պատմությունը՝ ոչ:

Կրկնվում է,

Պատմությունը կրկնվում է:

Կա՞ ավելի անջնջելի պատմություն, քան հայինը:

Կա՞ ավելի…

Ա՜խ, ո՞ւմ երկիրն է այսքան ցավ ու դավ տեսել:

Ո՞ր երկրի համար են հազարամյակներ արյուն հեղել,  ինչպես Հայինը:

 

Ո՞ր ազգն է մեռնում հայրենիքի կարոտից, ինչպես հայը…

Ani Harutynyan

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Վաղը գիշեր սպասվում է ցրտահարություն… Թըխկ, թըխկ, թըխկ… Ցրտահարություն… Թըխկ, թըխկ: Վաղը գիշեր: Ցրտահարություն: Թըխկ…

- Շուշան, վաղը գիշերը ցրտահարություն ա լինելու, արի մեր բոստանից պոմիդոր հավաքի:

- (Թըխկ, թըխկ) Արշո՛, էդ լուսամուտի ցելոֆանը հետո կխփես, վաղը ցրտահարություն ա լինելու, դաշտիդ տեր եղի…

Աշունն էլ էսպես եկավ ու գյուղի բարձր փողոցից գլորվեց ներս: Այնքան արագ, միանգամից, որ Արշոն չհասցրեց պատուհաններին ցրտից պաշտպանող «ցելոֆանները» խփել, Հրաչը` բերքը մինչև վերջ հավաքել: Աշունը էսպես եկավ, որ մի գիշերով հասկացնի` հողի, գյուղացու հանգստանալու ժամանակն է արդեն:

Անձրևը կաթիլ-կաթիլ ասում է, որ տարաներում հավաքած խաղողը արագ օղի պետք է դարձնել, թե չէ` ցախերը կթրջվեն, օջախները էլ չեն վառվի: Կաթիլ-կաթիլ ջղայնանում է, որ բերքը արագ հավաքել է պետք, թե չէ այգու հողը կխոնավանա, լոլիկները` ջրերի ու ցեխերի մեջ կնեխեն: Էդպես կաթիլ-կաթիլ ստիպեց, որ հոտի տեր գյուղացին վերջին ուժերը հավաքի, խոտն ու հոտը դաշտից տուն բերի, թե չէ որ խոտը մի քիչ երկար մնաց դաշտում, հաստատ կնեխի: Նույն կաթիլներով անձրևը Սոնիկին հիշեցրեց, որ թթուն դնելու ժամանակն է, քանի կաթիլները փաթիլներ չեն դարձել:

Գյուղացին նայեց գետնին, դեղին տերևներին ու հասկացավ, որ նկուղից վառարանը հանելու ու թափ տալու ժամանակն է: Որ արդեն փայտ գնել է պետք, աթարը` անձրևի չարաճճի կաթիլներից փախցնել ու պահեստում դարսել: Նայեց չվող թռչուններին ու հայացքով նրանց հետ անցած ամառվանից պահած մի քիչ ջերմություն ուղարկեց, որ աշունը շուտ անցնի, ձմեռը` չզգացվի, ու թռչունները գարունն ու իր ուղարկած ջերմությունը չմոռանան վերադարձնել:

Քամին չմոռացավ հիշեցնել, որ շատ մոմեր է պետք գնել, լամպերի փոշին սրբել, որովհետև նա շուտով կհանդիպի անձրևին, իսկ նրանք երկուսով կգան, կտանեն գյուղի լույսերին: Քամին խառնեց Արշոյի սպիտակ, բայց երկար ու փարթամ մազերը, որ նա գնա տուն, հայելու մեջ նայի ու նորից հիշի` Հրաչն ասում էր` ցրտահարություն. բերքիդ տեր կանգնի: Քամին երեխաների գնդակները քշեց, գցեց կողքի բակ, որ Նազիկ տատի ծեր, բայց զրնգուն ձայնը նրանց հիշեցնի` գնդակներն ու հեծանիվները ավտոտնակում պահելու, տատի գործած գուլպաները դարակից հանելու ժամանակն է:

Բոլորը կամաց-կամաց տուն կգնան: Հրաչն ամեն առավոտ էլ չի երգի. որքան էլ չուզենք, աշունը, ի վերջո, մի քիչ էլ տխրություն է, գյուղացիներն էլ այգիները ջրելու համար ջրի կռիվ չեն անի, հարսները կհոգնեն ամեն օրվա թափվող տերևներից ու բակերը չեն ավլի, երեխաները, ցրտից փախչելով, դուրս գնալու համար լաց չեն լինի, ջահելները երեկոյան խանութի բակում էլ չեն հավաքվի:

Նույն անձրևը, գյուղի անասֆալտ փողոցներին նստելով, կհիշեցնի, թե որքան անելիքներ կան, որ գարնանը միայն դաշտերը չէ, որ պետք է ծաղկեն: Շատ տների բակերում անկանոն թափված ու չավլած տերևները կստիպեն նորից նայել դռների կողպեքներին:

Ու էսպես աշունը կգա, կպատմի, որ գյուղում գրեթե ամեն ինչ պատրաստ է, որ գյուղացին ու հողը հանգստանում են, կհիշեցնի, որ ձմեռը մոտ է, որ «խոպաններից» վերադառնալու ու արդեն ավելի երկար, միգուցե ընդմիշտ մնալու ժամանակն է:

2018/10/28

aniharutyunyanarm

ՄԵԾԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ես չմեծացա այն ժամանակ, երբ պատահաբար լսեցի մերոնց պատմությունը, որ պատմում էին հորաքրոջս, թե իրենք որտեղից են գնել Նոր տարվա մեր նվերները` ինչ-որ սպիտակամորուք մարդու հասցեագրված նամակում գրված:

Չմեծացա այն ժամանակ, երբ տիկնիկներն ու մորս բարձրակրունկ կոշիկները սկսեցին այլևս չհետաքրքրել ինձ: Երբ զգացի, որ սեպտեմբերի համար գրենական պիտույքներ գնելիս ինձ էլ չեն գրավում գույները, գունավոր պայուսակները, այդ ժամանակ ես դեռ շատ հեռու էի մեծանալուց:

Ես չմեծացա նաև այն ժամանակ, երբ փողոցում «ֆիշկա» խաղացող երեխաների կողքով անտարբեր սկսեցի անցնել, երբ սկսեցի իմ բաժին կոնֆետները կերած եղբորս հետ կռիվ չանել:

Ոչ էլ մեծացա այն ժամանակ, երբ հեռու բարեկամները, երկար ժամանակ ինձ չտեսնելուց հետո, հայտնեցին իրենց հեղինակավոր կարծիքը` ամուսնանալուդ ժամանակն է:

Ճիշտ է, այդ ընթացքում ես, իհարկե, մեծանում էի` համաձայն բնության օրենքների. բոյովացա մի քիչ, մազերս երկարեցին, սկսեցի ավելի հաճախ նյարդայնանալ: Բայց իմ գիտակցությունը դեռ քիմիայի դասը չանելուց անսահման ուրախանալու մակարդակի էր:

Ես գիտակցում էի, որ սկսում եմ իրոք մեծանալ, երբ արդեն մահը ոչ թե, ինչպես միշտ ինձնից հեռու, գյուղի այս կամ այն փողոցում ապրող տատիկի կամ պապիկի կարգավիճակն էր, այլ անգամ չափահա՛ս չդարձած դասընկերոջս, ծնողների համար ամենասարսափելի բառը:

Ես մեծացա այն ժամանակ, երբ տատս հիվանդանոցից տուն եկավ, ու իմ` ի՞նչ ասացին հարցին ի պատասխան, ծանր հոգոց արձակեց, ու առանց բառերի ես արդեն ամեն ինչ հասկանում էի:

Ես մեծացա, երբ սկսեցի նկատել հորս` արդեն բավականին շատացած սպիտակ մազերը:

Մեծանալն ինձ համար հասկանալն էր այն, որ ես մի օր չեմ լինելու. այնպես, ինչպես չեմ եղել լինելուցս առաջ, ու դա ամենասարսափելին էր երևի, ամենասարսափելին, որովհետև ես դեռ այնքան չեմ մեծացել, որ շատերի նման այդ միտքը ընդունեմ հանգիստ:

Խոսում եմ մահից, ուրեմն իմ մեծանալը հասկանալն էր նաև այն, որ մարդիկ շատ հաճախ ինչ-որ մեկի հոգեհանգստին գնում են պարտքի զգացումից ելնելով, որ այդ մարդու հարազատները հանկարծ չնեղանան, որ նրանք մեր առիթներին եկել էին, ոչ թե որ ցավում է, հարգում էր, ուզում է:

Ես սկսեցի մեծանալ, երբ հասկացա, որ գյուղում ապրելը ամոթ չէ, որ թաքցնել պետք չէ, դեռ որ լավ մտածես, առավելություն է, որ ես երջանիկ եմ գյուղում, ի՞նչ կա որ:

Ես գիտեմ, որ երբեք չեմ դադարելու մեծանալ` գիտակցաբար, ֆիզիկապես, բայց մենք բոլորս էլ հոգեպես ուզում ենք լինել տիկնիկներից ուրախացող ու մեր բաժին կոնֆետը չգտնելուց լացող երեխաները, որովհետև այդ տարիքում մեզ երջանկացնելը հեշտ է` նոր տիկնիկ գնելով ու կոնֆետները վերադարձնելով:

2018/08/03

anna  andreasyan

Բիբլիական լեռը

Գիտե՞ք, թե որտեղ եմ ապրում: Արարատյան դաշտում: Իսկ գիտե՞ք՝ որքա՜ն հպարտ եմ դրանով: Դժվար թե:

Արարատյան դաշտը մեր պատմության ընթացքում կարևորագույն նշանակություն է ունեցել: Այնտեղ են եղել մեր թագավորանիստ քաղաքներից շատերը և…
Լավ, դա թողնենք պատմաբաններին, իսկ ես կխոսեմ այն պատճառների մասին, որոնց համար շատ եմ սիրում այն:

Նախ, որովհետև այստեղ արևը առատորեն է ջերմացնում, իսկ ես, մանավանդ այս ձմռանից հետո, պաշտում եմ արևը և տաք եղանակը: Բայց դեռ սա էլ մի կողմ: Կա մի վեհատեսիլ բան, որ շուք է տալիս իմ բնակավայրին: Դա Արարատն է՝ մեր բիբլիական լեռը: Իզուր չի, որ այն այդքան մեծ ու խորհրդանշական դեր ունի մեր ժողովրդի պատմության մեջ: Նայում ես նրան, ու հավատդ չի գալիս, որ իրական է, այդքա՜ն գեղեցիկ ու կախարդիչ: Ու չես հագենում նրան նայելուց, ուզում ես անվերջ նայե՜լ ու նայե՜լ: Երբեք չեմ կարողացել անտարբեր նայել այդ հպարտ ու առասպելական լեռանը: Հերիք է նայել Արարատին, ու կպատկերացնես հայ ժողովրդի պատմությունը, բնավորությունը, սովորույթները: Արարատը Հայոց աշխարհի և նրա ժողովրդի հավաքական պատկերն է, խորհրդանիշը: Եվ կապ չունի, թե որ պետության սահմանից ներս է այն: Այն մերն է, նրա տեղը միայն ու միայն մեր սրտերում է:

Իհարկե կգա ժամանակ, երբ այն մեզ համար այդքան անհասանելի չի լինի, ինչպես հիմա է: Մի օր ամբողջ հայությամբ նրա լանջերին կպարենք մեր ավանդական քոչարին: Ես հավատում եմ:

Ani Harutynyan

Առավոտ՝ 8:35, կիրակի օրը տանը մնալու մտքեր

Ամբողջ շաբաթվա ցանկությունդ կիրակի օրը մի քիչ երկար քնելն է, բայց գյուղն այլ պլաններ ունի: Առավոտ 8:35 է, առաջիկա 3 ժամն արթնանալու միտք չունես, երբ մեքենայի բարձր ազդանշան ես լսում: Սկզբում թվում է` երազումդ քեզ հետապնդող ավազակախումբն է ազդանշան տալիս, որ կանգնես, հետո քիչ-քիչ վերականգնվում է գիտակցությունդ, արթնանում ես, զգում արևի շողերն աչքերիդ մեջ ու հասկանում, որ աղմուկը ձեր փողոցից է:

Ինչ-որ մեկը որոշել է բանջարեղենն առավոտ շուտ վաճառել, որ հասցնի տարածքի բոլոր գյուղերում շրջել, հերթով բակերում կանգնել ու գյուղի կանանց հետ լոլիկի գնի շուրջ երկար վիճել, խնդրել, որ խառը լցնեն, ոչ թե միայն գեղեցիկներն ու լավերն ընտրեն. ախր, էդպես օրվա վերջում ոչ ոք այլևս ոչինչ գնել չի ուզի:

Ազդանշանը չի դադարում, որովհետև վաճառողը պետք է համբերատար սպասի, մինչև մարդիկ կհասկանան, որ ինչ-որ բան են վաճառում, դուրս կգան` տեսնելու, թե ինչ է, հետո կստուգեն` արդյոք իրենց ինչ-որ բանջարեղեն պե՞տք է, հետո գումար կվերցնեն ու կգան դուրս: Իսկ այդ ամբողջ ընթացքում դու լսում ես ազդանշանն ու կրկնում` ինչի՞ համար, աստված իմ, ընդամենը մի օր պիտի մի քիչ երկար քնեի:

Եթե անգամ քո իրավունքներին տեր կանգնող մեկն ես, որ ցանկացած այլ պարագայում պատրաստ է դուրս գալ ու պահանջել` այլևս աղմուկ չանել ու չխանգարել անդորրը, գյուղում այդ մտքերն անգամ չեն էլ ծագում գլխումդ. այստեղ մարդկանց օրը սկսվում է ժամը 7-ից, ամռանը` 6-ից: 8:35-ին մարդիկ իրենց երկրորդ սուրճն են խմում ու գործերի մեծ մասն արդեն արել են, իսկ դու համարձակվելու ես գնալ ու պահանջել, որ մարդն իր բանջարեղենը չվաճառի՞:

Գյուղի խաղաղության մեջ առավոտյան ամեն ձայն բարձր ու հնչեղ է. երբ ոռոգման ժամանակն է, ջրի համար հարևանների վեճերն են արթնացնում, շաբաթվա մեջ մեկ օր աղբ հավաքող մեքենան է գալիս, մյուս օրը` ջուր վաճառող, հանգստյան օրերին էլ մեկն անպայման կորոշի առավոտ շուտ բանջարեղեն վաճառել: Երբ, միևնույն է, արդեն արթնացել ես, առաջին պահի զայրույթդ անցել է, սկսում ես սիրել գյուղի աղմուկը, հատկապես` ամռանը, հատկապես, երբ դեռ արևը չի վառում, բայց կա, ու մարդիկ լուսաբացի հետ նոր օրվա կյանքն ու աշխատանքն են ազդարարում:

«Միակ չհասկանալս ցավն էր, որ կար ամեն տողի մեջ». Մերի Վարդանյան

Երևանի տարածաշրջանային N1 Պետական քոլեջի Ռեժիսուրայի բաժնի ուսանողուհի Մերի Վարդանյանը նկարահանել է դոկումենտալ ֆիլմ, որը  նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆայել Ֆռանգուլյանին։ Ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնվեց փակ դիտմամբ` 01.28.2023-ին։ Պրեմերիային ներկա էին նաև Ռաֆայելի մարտական ընկերները։

Ֆիլմը պատմում է Ռաֆայել Ֆռանգուլյանի և նրա մահից հետո ընտանիքի կյանքի մասին։ Կյանքը մինչև 44 օրյա պատերազմը և դրանից հետո։

«Սա մեր և Ռաֆայելի ֆիլմն է, ու այս ֆիլմը ավարտ չունի, որովհետև Ռաֆայելի մասին միշտ խոսելու են»,-ասում է Մերին։

Նա նշում է, որ ֆիլմը նկարելու գաղափարը առաջացել է այն ժամանակ, երբ Ռաֆայելի մայրը պատմում էր, իսկ ինքը չէր հասկանում. «Միակ չհասկանալս ցավն էր, որը կար ամեն տողի մեջ»։

«Նկարահանման ընթացքը  բավականին բարդ էր, քանի որ ամեն ինչ ես միայնակ էի անում, կապված տեխնիկական խնդիրների հետ։ Ֆիլմի նպատակն էր ներկայացնել Հերոսի ընտանիքի ապրումները նրա մահից հետո»,-ասում է Մերին:

«Ռաֆայել Ֆռանգուլյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մարտունի երկուսում, նրա հետ ընկան նաև շատ հերոսներ, ում մենք հավերժ պարտական ենք»,-եզրափակեց նա։

anushmkrtchyan

Կյանքն ապրելու համար է

Շնչե՛ք, մարդիկ: Զգո՞ւմ եք: Զգո՞ւմ  եք, թե կյանքն ինչ միապաղաղ է դարձել: Ասում են, կյանքը սահմաններ չունի, բայց մարդիկ են այն սահմանափակում: Մարդիկ ձգտում են ամեն ինչ «քառակուսի» դարձնել:

Իսկ  ինչո՞ւ: Եթե կարելի է լինել «ուղիղ»-ի նման անսահմանափակ, ապա ինչո՞ւ լինել «հատված», որն ունի թե՛սկիզբ, թե՛ վերջ:

Ուղղակի փորձե՛ք նոր շունչ տալ կյանքին: Փորձե՛ք ուրիշ օդ շնչել : Պետք չէ ամենուրեք թթվածին փնտրել: Ուրիշ շնչելու բան գտե՛ք, մարդիկ: Դա շատ հեշտ է: Ուղղակի նայեք ձեր շուրջը ուրիշ աչքերով: Պարզապես դուրս հանեք ձեզ կապանքներից: Թույլ մի՛ տվեք, որ կյանքն իր օրենքներով իշխի ձեզ, դուք ինքներդ նոր օրենքներ մտցրեք կյանքի օրենսգրքում ու ստիպեք, որ ինքը ենթարկվի ձեր օրենքներին: Պարզապես փորձեք ուրիշ լինել ու կզգաք ուրիշ լինելու քաղցրությունը: Մի ձգտեք լինել բոլորի նման: Նմանությունը ձանձրույթ է առաջացնում:

Ուղղակի շնչե՛ք կյանքը: Թողե՛ք, որ այն թափանցի ձեր հոգու ամենահեռու հատվածներն ու ողողի լույսով ձեր էությունը: Նոր գույներ վերցրե՛ք ու ներկե՛ք ինքներդ ձեզ՝ վառ ու լուսավոր գույներ: Ձգտե՛ք  բարուն, ու թու՛յլ տվեք , որ  այն ձեր մեջ հաղթի չարին:

Երբեմն պետք է ապրել կյանքը: Դա այն է, ինչ մենք մոռանում ենք անել: Մոռանում ենք, որ կյանքն ապրելու համար է: Ու առհասարակ, շատ ենք մոռանում ու շուտ-շուտ:

Մեկ-մեկ մեղր կերե՛ք ու հիշեք չմոռանալ ապրել…

 

 Հուլիս, 2016

Ani Harutynyan

Փոխվե՞նք

Մութն էլ կարծես իմ կողմից էր այսօր. սպասվածից էլ շուտ իջավ։ Չնայած մութն այդքան էլ տեղին չէ, ավելի ճիշտ կլինի ասել խավարը։ Հազիվ էին ուրվագծվում մարդկանց կերպարանքները։ Պատուհաններից երևացող լույսերը մի տեսակ պայծառ էին. ուզում էին ազատվել վարագույրե պատնեշից ու ավելի ուժեղ լուսավորել արտաքին խավարը։ Ահա այնտեղ մի տուն կա, երևում է՝ ինչպես է վարագույրը պար գալիս. տանը չարաճճի երեխա կա։ Լույսի աչքն էլ լույս. ճանապարհ է բացվում։

Հաճախ չեք տեսնի ինձ գյուղի փողոցներում այս ժամերին, բայց եթե տեսնեք, չնեղանաք, որ ի պատասխան ձեր բարևի մի ցրված հայացք ստանաք։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչն է ստիպում այդքան շատ զգալ երեկոյի այդ ժամը, փողոցը, սառը օդը, իմ մտքերը։ Հուզվելու աստիճան շատ։ Ինձ թվում է՝ ոչ ոք այդքան չի զգում։

Քայլում եմ։ Գյուղում մի շենք կա, տարիներ առաջ այրվել է, ու անունը հենց այդպես էլ կնքել ենք՝ «վառված շենք»։ Տարիները կարծես արհամարհանքով թարս նայել ու անցել են այդ շենքի կողքով կամ, որ ավելի վատ է, դեռ մի քանի անգամ էլ հարվածել նրան։

Ինչ-որ մեկի կյանքին է նման այդ շենքը՝ լքված, տխուր, անէ։ Կյանք, որի կողքով ամեն օր ավելի պայծառ ու լուսավոր կյանքեր են անցնում՝ իրենց երջանկության մեջ չնկատելով, չզգալով նրա ցավը։ Ես էլ շատ եմ անցել, չեմ էլ նայել նրա կողմը։ Բայց այս երեկո խավարի մեջ շենքն ավելի տխուր տեսք է ստացել, մանավանդ այսօր, երբ կարծես ինչ-որ մի բան ստիպեց ինձ նայել ու մտածել նրա մասին։ Ինչքան է այն խորհրդավոր, առեղծվածային, վախ ներշնչող, ամբողջությամբ սպասում դարձած։

Սովորական ճանապարհից ավելի բարձր է տեղակայված. դիրքն ավելի ազդեցիկ է դարձնում։

Ուշադիր նայում ես ու լսում. պատերն իրենց ներսում դեռ պահում են բնակիչների աղմուկն ու երեխաների զվարթ ծիծաղը։

Հա, ասում էի՝ մենք անցնում ենք ու չենք մտածում օգնել այն կյանքերին, որոնց ընդամենը մի կայծ է հարկավոր։ Մեր մեծ լույսից մի փոքր հույս։

Անտարբեր ենք։

Փոխվե՞նք։

 

 Մայիս, 2017 

susanna elbakyan

Ձեր տեղը մասնագիտությունների աշխարհում

Իրականում մասնագիտության ընտրությունը ոչ միայն կարևոր որոշիչ քայլ է, այլ նաև մեծ պատասխանատվություն, որը բերում է անձի լիարժեքություն։

Սկզբում պետք է հասկանալ սեփական ընդունակությունները, հետաքրքրությունները, անձնային հատկանիշները, և սա դեռ ամենը չէ։
Հաճախ դեռահասները շրջապատի թյուր կարծիքի, խորհուրդների  պատճառով ընտրում են սխալ մասնագիտություն, և այդ սխալ ընտրությունը խոչընդոտ է դառնում ամբողջ կյանքի համար։

Նման խնդրից զերծ մնալու համար կան որոշակի պարզեցված հարցեր, որոնց պատասխանելով գուցե առավել պարզեցված գտնեք հենց Ձեր  սրտին «մոտ» մասնագիտությունը.

• Ո՞վ եք դուք, որն է Ձեր ասոցացիան շրջապատում

•Ի՞նչ եք ուզում դառնալ, ինչպես դիրքավորվել՝ հիշվել

•Ի՞նչն է Ձեզ մոտ իրապես  լավ ստացվում
•Ի՞նչն եք կարևորում

•Ինչպիսի՞ն է տվյալ մասնագիտության պահանջարկը, և որքան է Ձեր համապատասխանելիությունը:

Իհարկե,այս հարցերը մասնագիտության ընտրության մի մասն են լոկ կազմում, և կան բազմապիսի թեստեր ու մեթոդներ` ամբողջական պատկերը և ելակետային տվյալները ուսումնասիրելու համար։
Գոյություն ունեն նաև անձը բնորոշող հոգեբանական թեստեր, որոնք ևս կարող են նպաստել ճիշտ մասնագիտության ընտրությանը։ Նմանատիպ հոգեբանական կայք է՝ Testmetrika-ն, որը մասնակիորեն բացահայտում է անձի հետաքրքրությունները։
Այս ամենից զատ, սկսեք իրականացնել կամավորություններ ինթերնշիփեր, ինտեգրվեք  տարբեր ծրագրերում։ Փորձարկեք Ձեր հնարավորությունները և զբաղվեք ինքնակրթությամբ։ Այս ամենը լայն հնարավորություն է տալիս ճանաչել շրջակա միջավայրը, մարդկանց, իրադարձությունները, փոփոխությունները, նպաստում է մարդու աշխարհայացքի ընդլայնմանը ևս։
Հայաստանում այս պահին առավել հաճախ են կազմակերպվում դեռահասներին աջակցող  նախագծեր, ինչպիսիք են DIGI ֆորումները, SKILL ճամբարները:
Ինթերնշիփի հնարավորություններ են ստեղծում DeEduc-ի մի շարք ծրագրեր, համագործակցությամբ  հնարավոր է ինտեգրվել անգամ COAF-ում, Tech for Armenia-ում:
Կամավորական աշխատանքների, ակտիվ մենթորինգի համար մեծ հնարավորություններ են ստեղծում մի շարք ՀԿ-ներ և
YES Armenia կազմակերպությունը։

Մեր որդեգրած սկզբունքներին համաձայն, երիտասարդների զարգացնող և մոտիվացնող ծրագրեր ենք կազմակերպում ոչ միայն մարզկենտրոններում, այլև սահմանամերձ գյուղերում։
Քանի որ ժամանակը շատ արագ է ենթարկվում փոփոխության, և գիտությունը օր օրի զարգանում է, առաջիկա մի քանի տարիների պահանջված մասնագիտություններն ենք առանձնացրել, որ գուցե համապատասխանեն Ձեր որոշմանը։

1.        Ծրագրավորում

2.        Մարքեթինգ

3.        Սպասարկում

4.        Վաճառք

5.        Արհեստական բանականություն

6.        Տվյալագիտություն

7.        Ռոբոտաշինություն

Եթե ցանկանում եք հասկանալ, թե որ մասնագիտության մեջ ունեք առավել պոտենցիալ զարգանալու՝ պարբերաբար շփվեք ոլորտի առաջատարների հետ։

Ani Harutynyan

Ձյունը

Կար ժամանակ, որ ձմռանը Հայաստանում ձյուն էր լինում: Իրադարձությունը ոչ վաղ անցյալում էր, այնքան, որ անգամ ես եմ հիշում: Առատ ձյունը իմ ու եղբորս համար միշտ հատուկ իրադարձություն էր, տոնակատարություն, ձմեռային ծեսի սկիզբ: Գյուղը, անսահման մեծ տարածության ու մեքենաների քչության շնորհիվ, ձյունը վայելելու բազմաթիվ հնարավորություններ էր տալիս:

Ձմեռային արձակուրդի ժամանակ առավոտյան շուտ մեզ արթնանալ էր ստիպում միայն առատ ձյունն ու հորս ձայնը` երեխեք, ձյուն ա եկել, զարթնեք: Այնպիսի արագությամբ, որ շուրջն ամեն ինչ արագության ալիքից օդ էր թռչում, հասնում էինք պատուհանին ու երջանկությունից շնչակտուր մորս կանչում, որ ձեռնոցներն ու շորերը բերի: Հայրս պատրաստվում էր բակը մաքրելու, իսկ մենք` «օգնելու»:

Հաստ շորերից ու դրանց քանակից հազիվ քայլելով, բայց հազվադեպ չբողոքելով, այլ` երջանիկ, ես ու եղբայրս ընկնում էինք դուրս: Մի պահ եկեք հիշենք, թե գյուղում այդ ժամանակ հիմնականում ինչով էին մաքրում ձյունը: Եղանի վրա ամրացնում էին բարակ, ուղղանկյուն երկաթի կտոր` մեկ ու մեջ ճկելով անցկացնելով գործիքի 4 մատներով: Ավելի արդյունավետ ձյուն մաքրող սարք, անկեղծ ասած, ես դեռ չեմ տեսել:

Փորձում էինք արագ հասցնել ու առաջինը խաղալ այն հատվածներում, որտեղ ձյունը դեռ մարդկային հետքեր չէր տեսել, ու, իհարկե, դեղին չէր: Հայրս խնամքով մաքրում ու լցնում էր մի անկյունում, իսկ մենք վայրկյանների ընթացքում հողին հավասարեցնում կույտը: Եթե այն մեծ էր, խելամտորեն էինք վարվում` անցք էինք բացում ու ձյունե տուն սարքում:

Իրար ձյան մեջ թաղելուց, բերանը, քիթը, շորերի մեջ լցնելուց, ուտելուց հոգնելուց հետո անցնում էինք ձնեմարդ սարքելուն, հատկապես, եթե ձյունը «կպչուն էր»: Սովորական. միջին վիճակագրական, 8-10 տարեկան երեխաներին հարիր ձնեմարդ էինք սարքում ավանդական բոլոր ատրիբուտներով` երկաթե դույլով, գազարով, կոճակներով: Վերջում փաթաթում էինք իմ գունավոր շարֆով, որովհետև եղբայրս ավելի ուժեղ էր:

Տուն էինք գնում, իհարկե, ստիպված ու մատները չզգալով, բայց մինչ այդ մամայից խոստում կորզելով, որ տաքանալ-չորանալուց հետո էլի էինք դուրս գալու: Հիշում եմ, որ ձմռանն ու ձյունոտ օրերին հատկապես լողանալ չէինք սիրում, որովհետև մայրս լողանալուց հետո մեզ դատապարտում էր տանը փակվելուն: Իսկ դուրս գալ չէինք կարող ոչ թե, որ կմրսեինք, այլ որ չկեղտոտվեինք ու գոնե մի օր շորերը մաքուր մնային:

Հետո, երբ գալիս էր դպրոց գնալու ժամանակը, սկզբում դժվար արթնանալու հարցը հայրս լուծում էր խորամանկ հնարքով. ամեն առավոտ բղավում էր, որ ձյուն ա եկել, իսկ մենք միամիտի պես ամեն անգամ ընկնում էինք նույն թակարդն ու լույսի արագությամբ թռչում անկողնուց: