Անսպասելի արձակուրդներ

Բարև, բարեկամս: Քեզ գրում եմ Գերմանիայի արևելքից: Անցյալ կիրակի առավոտյան ես ու Շուբաշրին շուտ արթնացանք, որովհետև երկուշաբթի մաթեմի քննության էինք ու պիտի հասցնեինք կրկնել հավանականությունների տեսության բաժինը: Իսկ քննություններն ավարտելուց հետո (փետրվարի 29-ին), ես պիտի մեկ շաբաթով գնայի Սերբիա, Շուբաշրին՝ Ավստրիա, ուսանողական ծրագրերի շրջանակներում։ Իրար հույս տալով պարապում էինք, թե բա` բան չմնաց, մաթեմի երկու քննություն, անգլերեն, մնացածը անցած շաբաթ հանձնել-վերջացրել ենք, ու արդեն գնում ենք հավես ճամփորդության: Էս ամենից մենակ մեկը ստացվեց․ եկա հավես ճամփորդության։

Կորոնավիրուսի՝ Իտալիայում գտած անսպասելի տարածումից ելնելով, քոլեջի բոլոր ուսանողները հիմա կամ վերադարձել են իրենց հայրենի երկիր, կամ հյուրընկալվել մոտակա եվրոպական երկրներում ապրող համակուրսեցիների տներում։ Ես ու մեկ այլ ուսանողուհի արդեն մի շաբաթ է՝ Գերմանիայում ենք, իմ մտերիմ ընկերուհու տանը: Առանց չարիքի բարիք երևի իսկապես չկա: Գերմանական մշակույթում առաջին անգամ եմ։ Բնակավայրը շատ գողտրիկ ու հավես տեղ է, պատմությամբ, համեստությամբ ու մաքուր օդով լիքը։ Նույնիսկ ձյուն եկավ։ Գերմանական ճշտապահության մասին բոլոր կարծրատիպերն այս մի շաբաթվա ընթացքում հասցրին ամրանալ իմ մտքում․ էս մարդիկ իրոք չափազանց ճշտապահ են ու կազմակեպված։ Ընկերուհիներիս հետ միասին ամեն օր ճաշ ենք պատրաստում։ Մի քանի օր առաջ պոմիդորով ձվածեղ ու տապակած կարտոֆիլ էի պատրաստել, եկող շաբաթ էլ տոլմա կպատրաստեմ։ Հա, հիմիկվա դրությամբ որոշված է, որ մինչև եկող շաբաթվա վերջ դեռ չենք վերադառնալու` Իտալիայում կրթական հաստատությունները կորոնավիրուսի պատճառով փակ են։ Ընկերուհուս ընտանիքն ինձ շատ հետաքրքիր է։ Մաման ջանք չի խնայում՝ մեզ հետ անգլերեն հաղորդակցվելու, ու պիտի ասեմ՝ ստացվում է։ Ինձ ու եգիպտացի համակուրսեցուս, ում հետ միասին հյուրընկալվում ենք էստեղ, անընդհատ հարցեր է տալիս մեր մշակույթից, մեր սովորույթներից, մեր երկրների մասին հայտնի կարծրատիպերից։ Ասաց՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» կարդացել է, ավելի սիրեցի։ Մենք էլ իրենց ենք հետաքրքիր, համենայն դեպս, էդպես եմ զգում։ Հայերենով ու արաբերենով գրեցինք ընտանիքի բոլոր անդամների անունները, խոսեցինք մանկությունից, ապագայի ծրագրերից:

Էստեղ փոքրիկ լիճ կա։ Չգիտեի, որ ջուրն էսքան շատ եմ սիրում, էսքան հարմոնիկ է ինձ համար (երկու տարի Ադրիատիկի ափին ապրելուց հետո պիտի որ հասկացած լինեի)։ Ուրախ եմ, որ չսպասված էս ձևով եմ բացահայտում էս երկիրը, հնարավորություն եմ ունենում ծանոթանալու նոր մշակույթին ու հյուրընկալվելու նման դրական միջավայրում։

Դուինոյից մեկնելու նախորդ օրը ծովափ էի գնացել: Երկար նայեցի ծովին, շա՜տ երկար։ Անսպասելի պիտի մեկնեինք, ու, դեպքերի ընթացքից կախված, վերադարձի ժամանակը անորոշ էր թվում։ Էլի մի անգամ գնահատել սովորեցի։ Գնահատել սովորեցի էնպես, ոնց հիմա գնահատում եմ էս հետաքրքիր ու ինչ-որ առումով արկածախնդիր փորձառությունը, էս ոչ ստանդարտ ու ինչ-որ տեսակետից անժամկետ արձակուրդը։ Տարիները կանցնեն, ու ես մի օր երևի թեթև ժպիտով կհիշեմ, թե ոնց երկու ժամում որոշեցի, հավաքվեցի ու մեկնեցի մի երկրից մյուսը: Թե ոնց 15 ժամ ճանապարհ եկա,  ոնց ավտոբուսում գիշերով արթնացա Ավստրիայի ցրտից ու ոնց պատուհանից աչքերս խուտուտով բացեց Պրահայի արևածագը․․․ Խաբեցի, ես ճանապարհներին չեն քնում, և հետևաբար, բաց են աչքերս միշտ: Ծիծաղով հիշեմ երևի, թե ոնց մի առավոտ մաթեմը թվում էր դժվար, իսկ հաջորդ առավոտ խառը իրավիճակի պատճառով մոռացել էի մաթեմի՝ էդպես էլ չկայացած քննության մասին։

Լինող ամեն բան իր պատճառն ունի, և գեղեցիկ ու տպավորիչ կմնա էս յուրահատուկ ճամփորդությունը իմ հիշողության մեջ։ Սիրուն գույներով ու վառ ժպիտներով կհիշեմ Բլենքենհայնը, Սաքսոնիան, Գերմանիան ու Յորդիսենց ընտանիքին․․․

Հ․Գ․ Թանկ օրերի մի մե՜ծ փունջ ու իմ ամենասիրած փափուկ խաղալիքը թողել եմ Դունիոյում: Տունը թող տաք մնա, մինչև ես վերադառնամ:

Lion Chopikyan

Քո ժպիտն եմ, Մաստարա

Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեմ իմ կյանքում, իմ ծնողներն են։ Հայրս՝ առատաձեռն և անչափ բարի մարդ է։ Իսկ մայրս ազնիվ կին է, չափազանց մարդասեր և հետաքրքիր բնավորության տեր։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 2002 թ. հունվարի 20-ին, Արագածոտն մարզի Մաստարա գյուղում։

Մաստարան իմ ծննդավայրն է: Գյուղս գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Մաստարան չքնաղ է իր բոլոր գույներով։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ գիտի քարից հաց քամել, կառուցել ու շենացնել իր հայրենի ծննդավայրը։ Շատ է զարմացնում համայնքի հոգևոր-մշակութային նշանակություն ունեցող բազմաթիվ կառույցները։ Օրինակ՝ Սբ. Հովհաննեսը (5-րդ դար), Սբ. Ստեփանոս Նախավկան (17-րդ դար) և այլն։

Ես ապրում եմ մի գյուղում, որտեղ կարևորվում է կրթությունը։ Իսկ կրթության մեջ մեծ դեր ունի համայնքի դպրոցը: Բայց միայն դպրոցի կրթությամբ չի սահմանափակվում գիտելիքներ ստանալու մեր հնարավորությունը։ Գյուղում գործում են տարբեր ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Օրինակ՝ IMPATC-ը, բանավեճի ակումբը և նմանատիպ շատ այլ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Այս ոլորտի բարեփոխումները սկսվել են իրականացվել 5-6 տարի առաջ։ Ավելի քան 5 տարվա ընթացքում իրականացված բարեփոխումները հնարավորություն տվեցին լուծելու համայնքում առկա շատ խնդիրներ։ Օրինակ՝ լուսավորությունը եկեղեցու բակում, տաղավարների,  նստարանների, աղբամաններ տեղադրումը տարբեր վայրերում։

Մեր ոգևորվածությունը խոսում է կրթության ոլորտի արդյունավետության մասին, իսկ մեր ազատ ժամանակը փոխարինվել է գիտելիքներ ստանալու նոր հնարավորությամբ։ Մաստարայում կրթության ոլորտը կարևորվում է որպես համայնքի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման և վերարտադրության նախապայմաններից մեկը։ Գիտելիքի կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում, և թե՛ ողջ համայնքում։

«Գիտելիքն ուժ է և այն կարող է հարկադրել ենթարկվել իրեն։ Գիտելիքի տիրապետող մարդն իր կյանքի ընթացքում կարող է հարկադրել մարդկանց հնազանդվել իրեն և հետևել։ Հիշե՛ք, գիտելիքը կառավարող է, իսկ հարստությունը՝ հպատակը»: Ահա այսպիսի գաղափարախոսությամբ է զինված Մաստարա համայնքի յուրաքանչյուր բնակիչ։

Իմ հարազատ գյուղ, ես սիրում եմ քեզ։

Anna Sargsyan ashtarak

Վերնագիր չունեմ խոսքերիս համար

Ես 17 եմ։ 17 չկայի, երբ 17.am-ի թղթակից դարձա ու ավելի փոքր էի, երբ ուզեցի իմանալ, թե մեր մեծ ընտանիքը ինչու վաղուց այլևս մեծ չէ։ Մեր սեղանը, որ առիթներին երկու կողմից բացվելու «սովորություն ուներ» բոլորին տեղավորելու  համար, հիմա դրա կարիքը չունի. չորս հոգուն  փակված վիճակում էլ է հերիք։ Ու ինչքան էլ «Թող մենակ ուրախ առիթներով հավաքվենք»-ը հնչեց, տխուր առիթները ուրախներին գերազանցեցին։

Պապիկիս օրհնանքը միշտ կա մեր տան վրա, ու աչքիս առաջ իր պատկերն է` պատերազմի մասին պատմող գրքերի մեջ խորասուզված. գուցե հերոսների մեջ Հայրենականի ժամանակ անհայտ կորած հորն էր փնտրում, ո՞վ գիտի. ինքն էլ երևի չգիտեր: Շատերը նախընտրում են իրենց ծնողներից առանձին ապրել, իսկ մերոնք չընտրեցին էդ ճանապարհը: Կյանքը մեր փոխարեն ամեն ինչ որոշեց։ Ես ու պապս համատեղ նկարներ չունենք,  դրանք ինքս եմ ստեղծում իմ մտքում, ինչպես նրա ծննդյան օրերին բացիկներ էի սարքում ու ոչ էդքան սիրուն, բայց շատ մե՜ծ սիրով նկարում էի մեզ` իրար ձեռք բռնած։

Մեր տանը չկան պատից կախած սև ժապավենով նկարներ. դրանք խնամքով պահված են դարակներում, իսկ դիմագծերը մեր մտքերում անգիր գիտենք։ Ծնվել եմ այն ժամանակ, երբ նրանք արդեն վաղուց պատմություն էին դարձել, բայց ասես կարիք չեմ ունեցել դրանք լսելու, որովհետև ծնվել եմ հիշողությամբ։ Չեմ հանդիպել հորաքրոջս, որին միշտ նմանեցրել են, ինչպես նաև հորեղբորս, ով ուներ նույն անունը, ինչ ավագից էլ ավագ եղբայրս պիտի ունենար, որին, ցավոք, որոշված էր թիթեռնիկի կյանք տալ. Սամվելն էլ, Աստծո հրեշտակ է նշանակում… Եվ իրոք. իմ հրեշտակը Սամվել անունը ունի։

Նույնիսկ եթե դրախտ գոյություն չունի, և չկա մի վայր, որտեղ հարազատ հոգիները վերջում հավաքվում են, նրանց հոգիները մեր տանը միշտ ներկա են ստանում։ Մեր պատերն էլ ամեն ինչ հիշում են։ Իսկ մե՞նք. մենք գրքի էջերում չորացող տերևների հետ մեր հուշերն էլ ենք չորացնում ու պահում այնքան, մինչև մի օր որոշում ենք վերընթերցել…

Հերթը մեզ էլ հասավ

Անգլերենի նկատմամբ հետաքրքրությունս առաջացավ ասմունքի մրցույթներից՝ poetry contests: Իսկ ամեն ինչ կրկնապատկվեց, երբ մեր դպրոց՝ Հրազդանի թիվ 5 հիմնական, դպրոց եկավ դասավանդելու պարոն Ջիմը, կամ ինչպես մենք էինք ասում՝ Միստր Ջիմը։ Նա ինձ համար եղավ առաջինը, ով անգլերեն լեզվի կրող էր (native speaker)։ Երբ հիմնական դպրոցս ավարտեցի ու գնացի ավագ դպրոց՝ պարզ դարձավ, որ «Խաղաղություն կորպուսի» ֆինանսավորմամբ դպրոցս կունենա առանձին անգլերենի դասարան։ Մի տեսակ «նախանձում» էի, որ չհասցրի։

Անկեղծ, մինչև հիմա էլ գերադասում եմ անգլերեն մուլտիմեդիան անգլերեն գրականությունից, բայց ինչպես նշեցի՝ ամեն ինչ սկսեց հենց դրանից։ Ինչու՞ ֆիքսվեցի անգլերեն գրականության վրա․ մի քանի ամիս առաջ «Մանանա» կենտրոնից նամակ ստացա, որ հնարավորություն կա մեր դպրոցներին տրամադրել անգերեն գրականություն։ Իսկ ծրագիրն իրականացվում էր Գլենդելի Կրթաշրջանի ՖԼԱԳ ծրագրի նախաձեռնությամբ և «Մանանա» կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ։

Թեև արդեն ուսանող եմ, սակայն շատ էի ուզում, որ իմ դպրոցն էլ ընդգրկվի այդ դպրոցների ցանկում: Դպրոցիս համար անակնկալ էր, իսկ ես անհամբեր սպասում էի, թե երբ զարմացած և ուրախացած ուսուցիչներս կստանան գրքերը:

Եվ ահա վերջապես սպասված զանգը: Ծանրոցը դպրոցում է: Ցավում եմ, որ լուսանկարներ չկարողացա անել, այսօր էի պայմանավորվել, սակայն երեկ երեկոյան հայտարարեցին, որ համաճարակի պատճառով մեկ շաբաթով փակ են Հայաստանի ուսումնական հաստատությունները:

Հուսամ երկար չի տևի: Շնորհակալ ենք բոլորիդ:

shushan stepanyan portret

Չսիրեցի այս ձմեռը

Չսիրեցի, այս տարվա ձմեռը չսիրեցի ու երևի ձմեռներն առհասարակ էլ սիրել չկարողանամ: Ծանր էր, չափազանց ծանր էր այս ձմեռը: Սառը օդի մեջ ծակող ցրտից բացի կարոտ կար օդում, այն օդում, որն ամեն վայրկյան շունչս էր դառնում ու շարունակ սրտիս հասցնում քո՝ մեր կյանքում էլ չլինելու, քո մասին հարկադրաբար անցյալով խոսելու չմարսված իրականությունը:

Ծանր էր ձմեռը, ու ամեն անգամ, երբ աշխատանքային գրաֆիկով առավոտյան շուտ էի աշխատանքի, ժամը յոթն անց կեսից արդեն դրսում էի ու մինչ աշխատանքի հասնելս շուրջս էի նայում, փորձում ձմռան այդ տեսակ տխուր սառնության մեջ դրսում եղող ոչ մի մարդու և ոչ մի իրողություն բաց չթողնել:

Աշնան գրկից ձմռանն իբրև նվեր մնացած տերևները՝ անոթի, բոբիկ, վախվորած, կծկվել էին քարացած ու համառորեն հալչել չուզող ձնակույտերի մեջ: Ձնակույտերն էլ ասես բանտարկել էին խեղճ տերևներն ու անզգա դարձել. չէին մտածում, որ նրանք էլ կյանք ունեն, ու քամին տևական սպասումով նրանց է փնտրում: Մարդիկ էլ, ասես, աշնան գրկից ու տաք արևի կարոտից որբացած տերևներ լինեին՝ վերարկուների մեջ մխրճված, գլուխները ուսերի մեջ թաքցրած, կարմրած դեմքերով ու արագ քայլերով: Արագ էին քայլում, որ համառ ցրտից փրկում գտնեն, որ խեղճ տերևների նման ցրտի բերան չմնան: Վախենում էին, վախենում էին, որ ցուրտը ներս կմտներ, իրենց հոգու խորքերը սառնամանիք կաներ: Վախենում էին ցրտից. առանց այն էլ այնքան հույզեր կային՝ վաղուց սառած ու արևի երես չտեսած: Հույզեր, այնքան հույզեր, որ պինդ-պինդ կպած էին սրտի խորքերին ու սպիացել էին ասես: Մարդիկ վախենում էին նորից զսպելուց, տաք զգացմունքները ցրտին գերի տալուց: Ամենքն իր խոհի, իր հաշվարկների ու կյանքի անցուդարձի մեջ էր. ցուրտը շատ էր մեծացրել ամսեկան ծախսերն ու հոգսերը, նույնիսկ սպասվածից շատ էին թվերն ու հաշվարկները: Ցուրտն էր, ցուրտն էր մեղավոր…                    Ցուրտն էր մեղավորը, ցուրտը, որ մինչև ոսկորները սողոսկել ու մարմնի ջերմությունն անգամ զրոյական էր դարձրել:

Չսիրեցի ձմեռը. մարդկանց խեղճացնող ու հոգսերին թիվ տվող ձմեռ էր: Գուցե միշտ էլ նման ձմեռներ շատ են եղել, ու մարդիկ շատ են ձնակույտերի նմանվող հույսերի մեջ զսպվել, խեղճացել, ու ոչ մի տաքություն չի օգնել, ոչ մի ջերմություն չի թուլացրել արդեն սառած հույզերը: Գուցե և, իրոք, նման ձմեռներ հաստատ եղել են, պարզապես ես զսպելու, հույզերս սառը պահելու կարիքի, կարոտի չմարող հույզի մեջ երբևէ չեմ եղել ու չեմ էլ նկատել: Հիմա հասկացա, որ ձմեռն այս տարվա չսիրեցի ու չմարսեցի այն ապրումները, որ ձնակույտերի պես չհալվեցին ու  ինչ-որ տեղեր պինդ-պինդ մնացին:

Ցուրտ ու տևական էր ձմեռը ու առավել քան սառն ու տխուր առանց քեզ…

Roza Amirjanyan

Չարտասանված խոսքեր

Երբ ամառային արձակուրդներն էին մոտենում, հայրս միշտ ասում էր.
-Գյուղ պետք է գնաս` տատիկի մոտ։
Հաճախ էի հորս ասածը անտեսում, մերժում։ Երբ անցավ մի քանի տարի, արդեն ես ինքս էի որոշում, որ պետք է գնամ գյուղ՝ տատիկին օգնելու։ Սկսեցի սիրել գյուղը, սիրել ամեն ինչ կապված գյուղի կենցաղի, ապրելաձևի հետ։
Տատս ուներ երեք տղա: Երազանքն էր աղջիկ թոռ ունենալը։ Ես վեցերորդն եմ: Տատիցս հաճախ էի հարցնում.
-Տատ, ինձ սիրո՞ւմ ես:
Ու միշտ լսում էի նույն պատասխանը: Ու այդ պատասխանը միշտ լինում էր բացասական։ Ամեն անգամ լսելուց շատ էի կոտրվում, նեղանում էի, բայց ամենից շատ ես էի տատիս մոտ գնում, քիչ թե շատ օգնում։
Երբ նա հիվանդացավ, մի պահ կանգ առան կյանքիս ընթացքի սլաքները: Այո, կանգ առան։ Հիվանդությունը խորացավ։ Երբ տատիս հիվանդանոց տարան, ես էլի տատիս կողքին էի՝ արցունքով լի աչքերով, թախիծով լի սրտով ու կոտրված հոգով։ Այնքան ցավոտ էր տեսնել նրան կոտրված, երբ ժամանակին նրա նման քաջ ու առողջ ոչ ոք չկար։
Երբ հիվանդանոց հասանք, ոչ մի բժիշկ չկար, մոտ մեկ ժամ սպասում էինք բժշկին։ Եկավ բժիշկը։ Հետազոտելուց հետո կանչեցին տղաներին։ Ես գիտակցում էի` ինչ֊որ բան այն չէ: Մի պահ դռան կողքով անցնելուց լսեցի, թե ինչպես էին ասում.
-Մեկ ամիս է մնացել ապրելու։
Ես սկսեցի աղոթել, որովհետև ամեն բան Աստծո ձեռքերում էր, Աստված լսեց աղոթքս։
Մեկ ամիսը դարձավ յոթ ամիս։ Հիվանդանոցից երբ տուն եկանք, անմիջապես սենյակ մտա ու սկսեցի արտասվել, որովհետև հասկացա՝ տատիցս թանկ ես ոչ ոք չունեմ, ամեն բան կտայի, միայն կողքիս լիներ…
Սիրտս կտոր-կտոր էր լինում, երբ տեսնում էի, թե ոնց էր տանջվում հիվանդության պատճառով։ Տատս այն մարդկանցից էր, ով շատ խնդիրների միջով է անցել։ Նա սիրված էր բոլոր գյուղացիների կողմից։
Դպրոցում էի, երբ զանգեցին ու ասացին, որ կատարվել է սարսափելին: Չէի կարողանում հանգստանալ, չէի կարողանում ներել ինձ, որ տատիս կողքին չէի։
Այդպես էլ կարոտ մնացի տատիս ջերմությանն ու սիրուն։ Կարոտ մնացի այն նախադասությանը, այն արտահայտությանը, որ գոնե մեկ անգամ ուզում էի լսել…

mariam tonoyan

Հետքը

Երկնքի մի ճերմակ պատառ պոկվեց, ընկավ գյուղի այն տան կտուրին, որտեղից ճիչեր էին լսվում։ Փոքրիկ, նիհար, գունատ տղան սարսափած քարացավ իրենց տան շեմին՝ ցախը գրկում պինդ պահած։ Ճակատը քրտնեց ձմեռվա ցուրտն արհամարհելով, շուրթերն սկսեցին թրթռալ ու աչքից մի կաթիլ արցունք փախավ։ Դանդաղ սահեց արցունքների սովոր այտի վրայով ու պարանոցի վրա ճամփա բացելով հասավ հագուստին ու կլորիկ մի բիծ թողեց վրան։ Ցուրտ քամին անցավ հագուստի միջով, հրեց բիծը շորի վրայից ու ավելի ներս մտցրեց, հոգու խորքերը տարավ, մոլորեցրեց ներսում ինչ-որ տեղ։ Տղան նայեց հագուստին. լավ է, բիծը էլ չի երևում։

Մեկ րոպե չտևած դադարից հետո ցախը ձեռքից բաց թողեց, ներս վազեց ու հեկեկացող մոր գիրկն ընկավ։ Տեսավ, որ մոր հագուստի վրա արցունքի բծերը շատ են, մոր աչքերը ավելի թաց են, քան իրենը, իսկ հոր միայն բաժակն է թաց և շուրթերը, որ սարսափելի բառեր են դուրս թողնում։ Եվ տղան ատեց ամեն բան, որ հագուստի վրա կլորիկ, թաց հետքեր է թողնում՝ ձյունը, անձրևը, արցունքները, և ատեց նա քամին, որ հետքերը չորացնում է, վերացնում է աչքից, բայց չի հանում հագուստի տակից, չի վերացնում…

….Երկնքի մի ճերմակ պատառ պոկվեց, ընկավ երիտասարդի ուսին։ Նա արագ, մի շարժումով մաքրեց ուսի ձյան փաթիլը և ցախը գրկած ներս մտավ՝ ժպտալով դեռատի տիկնոջը։

Ձմեռային, ճերմակ երկինքն էլ չէր պատառոտվում։ Գյուղի այն տան տանիքին ձյան հետքեր չկային, իսկ կտուրից տաք ծուխ էր ելնում։

Ruben Movsisyan

Դասարանցիներս պատրաստվում են վերջին զանգին

Դե ինչ, նստած եմ դասի, էսօր վայֆայս մոտս չի, պարապ եմ մնացել, ինչ-որ տեղից թույլ վայֆայ գտա, բայց դե, չէր հերիքի PUBG խաղալու համար: Որոշեցի թերթել 17.am-ը, առանձնակի սիրելի է ինձ համար էդ կայքն ու նախաձեռնությունը: Ծանոթներիս գրածները կարդալուց հետո անցա ուրիշներին, հետո մտածեցի` ինչո՞ւ ես էլ չունենամ հոդված։

Հետաքրքիր է, չէ՞, թե ինչով է զբաղվում 12-րդ դասարանի աշակերտը դասի ժամին. խաղ, վայֆայ, բրաուզեր։ Ոչինչ, քիչ մնաց, մի քիչ էլ, ու կլրանա 12 տարվա դատիս վերջին օրերը, ու կազատվեմ էս ճաղերից։

Հա, դպրոցը դարձել է ճաղերով փակված շենք, իսկ դասարանը՝ մութ խուց, որտեղ դու չես ընտրում սենյակակիցներիդ։ Ու միշտ չի, որ նրանք կարող են լինել հաջողված ու դուրեկան։ Մի ժամանակ ընկերներս դասարանից էին, բայց էլ չէ, նույնիսկ դպրոցից չեն, չեմ էլ բողոքում, ի՞նչ կարևոր է։
Այս տարի վերջին զանգ է, պատրաստվում են։ Հա, ճիշտ տեսաք` «են», ես` չէ։ Խուցը առավել մթնեց, իսկ սենյակակիցները ավելի քիչ սկսեցին սիրել, եթե իհարկե սիրում էին, եթե չէ, ատել սկսեցին առավել շատ, քան առաջ։ Ուսուցիչներս զարմացած էին, տնօրենս նույնիսկ առանձնազրույց ունեցավ ինձ հետ: Ուսուցիչներն ասել էին, որ Ռուբենը մեկուսացել է դասարանից։ Հա, կա էդպիսի բան, բայց ոչ էն երանգավորմամբ, ինչպիսին հասել էր տնօրենիս, ու շատ շնորհակալ եմ, որ տնօրենս հասկացավ ինձ, ինքն էլ ընդունեց, որ մենք չենք ընտրում` ում հետ ընկերանանք։

Կան մարդկային տեսակներ, որ քո սրտին մոտ չեն ու ընկեր լինել չեն կարող։ Բայց այստեղ մնացածի վատը լինելու խնդիրը չէ: Գուցե ես եմ վատը, կամ էլ, հնարավոր է, ես էլ վատը չեմ։
Վերջին զանգին բեմ է բարձրանում դասարան, իսկ մարդ, ով այդ դասարանից վտարյալ է (պատճառը էական չէ), չի մասնակցի Վերջին զանգին։

Բարեկենդանը Գյումրիում