anna vardanyan

Երկու կյանք

-Ան, ի՞նչ կա:

-Բան չկա, նստած եմ, իսկ քո մո՞տ…

-Ինձ մոտ էլ: Վաղը գալու ես, չէ՞, դպրոց:

-Հա, գալու եմ:

-Դե վաղը կտեսնվենք:

Դպրոցում ամբողջ օրը միասին էինք, խոսում էինք, քննարկում մեզ հետաքրքրող բաները, բողոքում, կիսվում, պատմում նորություններ:

Տուն էինք գնում միասին, տուն էինք հասնում ու ժամեր անց էլի կամ հեռախոսով էինք խոսում, կամ գրում էինք իրար։

Մենք չէինք հոգնում իրարից, չնայած շատերն էին մեզ համոզում, որ եթե մարդ մեկի հետ շատ է շփվում, հոգնում է։

Երբ նստում էինք իրար կողքի, գրում էինք մեր սիրելի գրքի և մուլտիկի հերոսների անունները։

Պարտադիր պայման էր ֆիզկուլտուրայի ժամին հանդերձարանի հայելու մոտ նկարվելը, հետո բարձր ծիծաղելը։ Շատերին տարօրինակ էինք թվում, բայց դա մեզ չէր հուզում, ու մեր «ավանդույթները» շարունակում էինք։

Հիմա պատմածիս պես չի, Սիլվան հիմա ինձ հետ չի դպրոցում, ոչ էլ ես իրենց տան մոտ եմ ապրում, մեր միջև համար շա՜տ մեծ հեռավորություն կա։

Հիմա դասից տուն գալուց էլ չենք խոսում մեր այդ օրվա դասերից, չենք քննարկում մեր օրը: Հարցնում ենք, թե ոնց ենք, ոնց են դասերը և ամենակարևոր հարցը.

-Շաբաթ, կիրակի գալո՞ւ ես գյուղ։

Երբ գալիս է գյուղ, ուրեմն շաբաթ օրը անպայման պետք է տեսնենք իրար, ու առանց դադարի խոսենք: Միայն այն ժամանակ ենք լռում, երբ ուտում ենք, կամ մեկը գալիս է մեզ մոտ։

Վերջին հանդիպման ժամանակ ասացի.

-Ուզում եմ նյութ գրել իմ ու քո ընկերության մասին:

-Վախ, շատ լավ ա…

Ու միասին որոշեցինք, որ նաև նյութ կգրեմ էն ժամանակ, երբ կատարված կլինեն մեր երկուսի երազանքները. Սիլվան կլինի ոստիկանական համազգեստով, իսկ ես լրագրողի ձայնագրիչով։

Մենք միասին, կարելի է ասել, երկար ճանապարհ ենք անցել ու պիտի դեռ անցնենք: Մեր ընկերությունը երբեք չի հնանում և անցյալով չենք խոսում նրա մասին։ Մենք միշտ մտածում ենք ապագայի մասին։

Իմ «Տարվա մարդը». Հայրենիքի զինվորները

margarita ghazaryan

Կան տարբեր կազմակերպություններ, որոնք ելնելով որոշ չափանիշներից, որոշում են   «Տարվա մարդուն»: Օրինաչափ կլիներ, եթե որպես «Տարվա մարդ» նշեի մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընտրությունս կարող էի արդարացնել այն փաստով, որ նա մի ողջ ազգի միավորելով` կարողացավ իրականացնել թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Ընդհանուր առմամբ,  «Տարվա մարդ» է Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր քաղաքացի, ով կարողացավ իր ձայնը բարձրացնել ընդդեմ բռնության և անարդարության: Սակայն յուրաքանչյուրիս «աշխարհում» կան մարդիկ, ովքեր  ամենից շատ են ազդեցություն թողնում մեր կյանքի, արժեհամակարգի և ներաշխարհի վրա:

Դեռ մանկուց, երբ նույնիսկ չգիտեի, թե ինչ է  նշանակում պատերազմ, և ինչը` խաղաղություն, հայրս իր օրինակով սովորեցրել է, որ մեր կյանքի ամենից կարևոր առաքելությունը պետք է լինի հանուն հայրենիքի և նրա բարօրության ապրելն ու պայքարելը։

Հայրս Մայիս Ղազարյանն է, Արցախյան պատերազմի մասնակից մեդալակիր։ Ծառայությունը սկսել է Գյումրիում։ 1994 թվականի հունվարի սկզբից մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը։ Իրականում նա կարող էր մնալ Գյումրիում, քանի որ հրամանատարը թույլատրել էր ընտանիքի միակ որդիներին մնալ այնտեղ և չգնալ սահման։ Բայց ոչ, դա հայրիկիս համար չէ։ Նրա համար հպարտություն է հայրենիքին ծառայելը։ Վիրավորվել է 1994 թվականի հունվարի 28-ին Օմարի լեռնանցքում, դարձել 2-րդ կարգի հաշմանդամ։ Այժմ  աշխատել չի կարողանում։

Հայրս իմ հերոսն է, բոլոր ժամանակներում իմ «Տարվա մարդը»: Ես հպարտանում եմ իմ հայրիկով, չէ՞ որ հենց նա է ինձ սովորեցրել ապրել հպարտ և արժանապատիվ` չկորցնելով սեփական մարդկային տեսակն ու արժանիքները: Իհարկե, յուրաքանչյուրի համար իր հայրն աշխարհի բոլոր հայրերից լավագույնն է, դա շատ պարզ է և անքննելի: Սակայն իմ հայրը ինձ համար ոչ միայն լավ հայր է, հիանալի խորհրդատու և հավատարիմ ընկեր, այլ առաջին հերթին  իրական Հայ է: Գուցե զարմանալի է թվում, բայց պետք է ասեմ, որ հայ լինելը ուղղակի այդ ազգությանը պատկանելը չէ, այլ մեծագույն պատիվ: Ամեն հայ չէ, որ իրավունք ունի այդ պատիվը զգալու: Հորս հայրենասիրությունը անծայրածիր է, չափ ու սահման չունի: Հնարավոր է, որ շատ ամպագոռգոռ է հնչում, բայց ինձ հավատալու համար ուղղակի պետք է ճանաչել հորս: Նա պարզապես հավերժ հայրենիքի զինվոր է:  Հայրս իսկապես  իմ լավագույն ընկերն է, բնավորությամբ ևս հորս եմ նման։ Ցանկացած հարցում ինձ օգնում է,  քաջալերում։ Տարբեր մրցույթների և միջոցառումների  ժամանակ նա ինձ  հուսադրում է և մղում հաղթանակի։ Առաջինն է այն մարդկանցից, որ ի սրտե ուրախանում  է իմ հաջողությամբ և երջանկությամբ ու տխրում իմ անհաջողությունների համար։ Նա իմ առջև երբեք արգելքներ չի դնում, այլ այնպես է դաստիարակել և սովորեցրել, որ ես ինքս գիտակցեմ իմ սահմանները և հասկանամ՝ որն է ինձ պետք և որը՝ ոչ։

Հորս կատարած սուրբ գործը այժմ շարունակում է եղբայրս՝ Միքայել Ղազարյանը: Եվս մեկ մարդ, որով ես հպարտանում եմ: Առհասարակ, երբ մենք  «Տարվա մարդ» ենք ընտրում` սահմանին կանգնած մեր քաջորդիները օր ու գիշեր պայքարում են մեր հայրենիքի և մեզ համար: Ըստ իս` առաջին հերթին «Տարվա մարդ» է հայ զինվորը, ով քաջ է, աներկյուղ ու պայքարող: Չէ՞ որ հենց նրանք են մեզ տալիս այս ընտրության հնարավորությունը` անառիկ պահելով մեր երկիրը: Հայը ի սկզբանե հարկադրված է եղել իր սեփական ուժերով պաշտպանել իր և իր հայրենիքի գոյությունը: Ապրիլյան պատերազմը հայի անկոտրում և մարտնչող ուժի ու բնավորության ևս մեկ վառ ապացույցն է: Կրկին անդրադառնալով հորս, ասեմ, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ևս ցանկանում էր գնալ սահման, սակայն առողջությունը թույլ չտվեց։ Իհարկե, եթե այն երկար շարունակվեր, ապա առողջությունն անգամ  հաշվի չէր առնի։

Մեր քաջերը,  չխնայելով սեփական կյանքն ու երազանքները, հերոսաբար պայքարում էին հայրենիքի համար: Եվ հիմա էլ նրանք ունեն իրենց արժանի հետնորդները: Հայրենիքի պաշտպան զինվոր եղբայրներս են ինձ համար «Տարվա մարդ», ովքեր իմ հենարանն են ու հպարտությունը, ինձ ուժ ու կորով տվողները, ինձ ոգեշնչողներն ու պաշտպանողները:

Հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է, իսկ այդ գործի նվիրյալները` հերոսներ: Իմ «Տարվա մարդը» հայ զինվորն է:

nare hovhannisyan

Իմ մեծ սերն ու գալակտիկան

Երբ բառերի, վերջակետերի, ստորակետերի ու մնացած այլ կետադրական նշանների տակ փորձում եմ թաքցնել այն, ինչ ուզում եմ բարձրաձայն գոռալ ու պատմել…

Երևի թե, այս պատմությունը հենց այսպես էլ պետք է սկսվեր, քանի որ ամեն անգամ փորձում եմ սկիզբ տալ դրան, փորձում եմ պատմել նրա մասին, բայց ամեն անգամ ուղեղիցս հետ են տանում մատներս ու … Վերջ, էլ ոչինչ չեմ կարողանում գրել։
Ես շատ քիչ եմ բարձրաձայնում նրա մասին, շատ քիչ խոսում նրա՝ իմ կյանքում չափազանց մեծ տեղ գրավելու մասին, շատ դեպքերում հենց ես երբեք չեմ ասում, թե որքա՜ն եմ նրան պաշտում և, թե որքա՜ն կարևոր մի անկյուն է զբաղեցնում նա իմ սրտում։ Իսկ ինչու՞ եմ կրկին ասում անկյուն. ա՜խ, կրկին նրան թաքցնելու համար, հա՜ ես նրան միշտ թաքցնում եմ սրտիս, հոգուս ամենատաքու՜կ անկյուններում, ես նրան միշտ գրկում եմ հենց իմ սրտի անկյուններում։
Կյանքիս լավագույն էակն է… Գիտե՞ս, ուղղակի չեմ կարողանում գտնել ավելի վեհ հոմանիշներ, որ արտահայտեմ, թե որքա՜ն կարևոր է նա ինձ համար։ Ես ուղղակի ուզում եմ պատմել նրա մասին, որ դու իմանաս, որ աշխարհի այս ծայրում ապրում է իմ Հրաշքը։
Իմ Հրաշքը… Մայրս։ Ու էլի վերջակետ, մա՜մ, հիմա երևի նուրբ ժպտում ես, ու ակնթարթորեն բացում փղոսկրե ատամներդ, որոնք միշտ երազել եմ ունենալ։ Հիմա, երբ աչքերդ փակում ես, որ ծածկես նրանց տակ թաքնված արցունքները, ես կխոսեմ քո մասին, ու այս փոքրիկ հեքիաթս կնվիրեմ քեզ, որ իմանաս, որ աշխարհի այս ծայրում ես թաքցնում եմ իմ սերը, իմ անչա՜փ մեծ սերը։ Գիտե՞ս, որ սերը, այն սերը, որը ես կհամեմատեմ ֆիզիկայից սովորած իմ գալակտիկաների հետ, որոնք երբեք ավարտ ու սկիզբ չունեն, այն գալակտիկաները, որոնց մասին քեզ այնքա՜ն էի պատմել, որ գլխուդ տարել էի, դե, դա իմ ֆիզիկա՜ն էր (դու կրկին ծիծաղում ես)։
Մամ, հիշու՞մ ես անցած տարին, որ ամեն գիշեր բարկանում էիր վրաս.
-Հենց հիմա անցի՛ր քնելու, փակի՛ր էդ գրքերդ ու ուղիղ քնելու։ Տե՛ս, փորձվիր, ես քեզ առավոտյան էս բազմոցին քնած գտնեմ…
Ու միջակետեր, դու արագ փակում էիր դուռը՝ իբրև վրաս անչափ բարկացած ես, բայց իրականում տխուր գնում էիր, որ չտեսնես ուռած աչքերս, գլխիս անվերջ ծառացած մազերիս կույտը, ֆիզիկայիս ու կենսաբիս անվերջ շարված գրքերը։ Դու գիտեիր, այսպես, թե այնպես, ես էլի կարթնանայի բազմոցին ՝ մեջքիս ցավից, կարթնանայի ուրախ, որ ինձ էդպես չես տեսել։
Իսկ հիշու՞մ ես, երբ քննություններս ավարտեցի, դու պատին ամրացված բոլոր պլակատները պոկել էիր, ու երբ եկա տուն, ուրախ տոնով ասացիր.
-Պլակատներդ պատից հանել եմ, դե՜ պրծար, երբ պետք լինի` կհանես կօգտագործես։ Դե ճիշտն ասած, հանելուց մի փոքր ճմրթվել են, բայց դե ոչինչ, էնպես չի, որ դու դրանք լավ էիր պահել։
Մամ, անգամ հիմա, որ ցանկանամ գտնել դրանք, թե ուր ես պահել, չեմ կարողանա, որովհետև շա՜տ ամուր քողարկել ես, որ նորից չփակցնեմ պատին ՝ նորից փոշին վրան ծածկելով։
Իսկ հիշո՞ւմ ես, որ ամեն անգամ ասում էիր.
-Էս գրքերդ թափելու եմ մի օր: Գաս, տեսնես ոչ մի գիրք չկա գրասեղանին, նոր հասկանաս, որ կարելի է գոնե գրքերից առաջացած բուրգը մեկ-մեկ հավաքել, բա փոշի՜ն, որ ամիսներով չես մաքրում։ Քո գրքերն են, է՜, իմը չեն…
Ու արագ դուրս էիր գալիս սենյակից, կրկին ահավոր բարկացած ու կրկին այն հույսով, որ կհավաքեմ բուրգը, բայց մինչ օրս չեմ հավաքել։ Ես գիտեի մա՜մ, որ ինչքան էլ բարկանայիր, միևնույնն է, հաջորդ օրն իմ գրքերի բուրգն այնքա՜ն գեղեցիկ էր դասավորված, որ ձեռքս անգամ չէր գնում, որ մի գիրք տեղաշարժեմ։
Մա՜մ, իսկ հիշու՞մ ես, որ շա՜տ սիրուն քարեր էի գտել ու տուն բերել, հիշու՞մ ես, որ դրանց համար գրապահարանումս մի անկյուն էի հատկացրել ու շարել։ Իսկ դու ո՞նց էիր բարկացել, որ չգիտեի, ոնց քեզնից պաշտապանեմ քարերս… Ու մի օր, երբ պատահական տեսա քարերի վրա գոյացած փոշին ու քո հայացքը, փորձեցի կրկին արդարանալ, բայց չհասցրի.
- Կբացատրե՞ս, ինչի՞ համար բերեցիր էս քարերը, որ փոշին ե՞ս մաքրեմ, իսկ դու հիանա՞ս։ Ես գիտեմ, մի օր էլ գալու եմ, տեսնեմ մի տոննա ավազ ես լցրել էստեղ, դե դա քեզ համար գեղագիտական հաճույք է…
Ես ուղղակի չդիմացա ու ծիծաղելով փախա սենյակից, որովհետև մա՜մ, ահավոր բարկացել էիր։
Մա՜մ, դու հաստատ հիշում ես, իսկ ես միշտ մոռանում եմ.
-Նարե ջան, արդեն ցրտել ա, միգուցե՞ էդ (ինչպես դու ես միշտ բնորոշում) թրթռիկ շորերդ հանես, թե՞ դեռ քեզ համար ամառ է։
Իհարկե, ես չափազանց մրսկան եմ, ես դա գիտեմ, բայց այն հորդորները, որոնք դու ես հնչեցնում յուրաքանչյուր աշնան սկզբին ՝ ես փորձում եմ չմոռանալ։
Մամ, իսկ հիշու՞ մ ես, թե մի քանի օր առաջ ինչ ասացիր, երբ հերթական անգամ գոլորշին պատած ապակու վրա սկսեցի հիմարություններ գրել.
-Հետքերդ ե՞ս թողնում պատուհանին, թե՞ ուղղակի տանը թուղթ չկա, որ վրան նկարես, պատուհանն ես ընտրել որպես քեզ թիրախ…
Ես բնականաբար, մի հիմարություն ասացի ու հետո կրկին ծիծաղելով փախա։
Մա՜մ, ես հիշում եմ քո ցանկացած ասած նախադասություն, քանի որ, երբ արտահայտում ես դրանք, ես ուղղակի չեմ կարողանում հրամայել ձայնալարերիս, որ ձայն չհանեն, ու այդ պատճառով փռթկոցով փախչում եմ սենյակից։
Մամ, ես ուղղակի ամեն օր, երբ տուն հասնելուս մնում է ընդամենը մեկ ժամ, երազում եմ, որ մտնեմ տուն ու դեռ միջանցքից գուշակեմ, թե այդ օրն ինչ ես եփել (դե, պատահում է, որ իմ չսիրած ճաշն ես պատրաստում, որի հոտը դեռ դարպասի մոտից եմ զգում), կամ արագ մտնեմ խոհանոց համբուրեմ այտդ ու տեսնեմ չքնաղ դեմքդ, որ արագ հարցնեմ, թե ո՞նց ես, իսկ դու միայն լայն ժպտաս։
Մամ, իսկ դու գիտե՞ս, որ այն միակ մարդն ես, ով ինձ միշտ ուրախացնում է ՝ մանդարինի տոպրակը ձեռքս հանձնելով, ու միշտ մեղմ ժպտում, ու գլուխն օրորելով նայում հիմարի պես թռչկոտողիս։ Ու միակն ես, ով Նոր տարուց ժամեր առաջ տխուր դեմքով ասում ես, որ ոչ մի նվեր այս տարի չես գնել, որ չես հասցրել, որ եթե քեզ օգնեի, ապա նվերները հաստատ կհասցնեիր գնել, դե իսկ ես էլ միշտ հավատում եմ, դե միամի՜տ աղջնակ… Իսկ հետո տասներկուսն անց մեղմ ժպիտը դեմքիդ կտայիր նվերս։ Ու կրկին միակն ես, ով սենյակիս պատերին ամրացված ոգեշնչող գրություններն անվանում ես «Կոշկակարի բուդկա»։
Մա՜մ, սրանք դեռ այն չնչին մասն են կազմում այն ամենի, ինչ մենք ապրել ենք միասին։ Ու սրանք ամենափոքրիկ և ուրախ հիշողություններն են, որոնց ամեն մասնիկը գրելուց ամբողջ էությամբս վերապրեցի։
Ես գիտեմ, ի՜նչ էլ լինի, չնայած իմ կամակորություններին, անվերջ խոսակցություններին, անիրական մտքերին ու քայլերին, միևնույնն է, դու չես բարկանում դրանց վրա ու ներսումդ միշտ ծիծաղում ես ինձ վրա։ Գիտե՜մ, մամ, որ շատ դեպքերում քեզ չափազանց բարկացրել եմ, որ ուշադիր և զգոն չեմ եղել, ու մոռացել եմ ասածներդ՝ ջեռոցում թողնելով անուշաբույր խմորեղենները…
Ուղղակի ես ուզում եմ, որ դու իմանաս, որ աշխարհի այս ծայրում ապրում է մի աղջնակ, ով քեզ սիրում է անսահման ՝ իր գալակտիկաների չափ, որ իմանաս, որ թանկ բառին էլ հոմանիշ չգտավ, որ արտահայտի կարևորությունդ, որ իմանաս ուզում է քեզ փարվել ու ավերջ համբուրել ու ասել, չնայած նրան, որ ինքը քաղցրի սիրահար չէ, միևնույնն է, քո թխվածքներն ուղղակի աննկարագրելի համեղ են, մա՜մ։
Եվ վերջում ուզում եմ մի կարևոր փաստ նշել. մա՛մ, շնորհավոր ծնունդդ։
Հ.Գ. Համբուրում եմ ձախ այտդ…

lilit grigoryan ararat

Մեծն Գեթսբին

«Հուսահատ, նա ձեռքը դուրս հանեց պատուհանից, կարծես ուզում էր ճանկել մի բուռ օդ, տանել իր հետ մի պատառիկ այն վայրից, որ Դեյզիի շնորհիվ էր դարձել պաշտելի»:

Սքոթ Ֆիցջերարդ, «Մեծն Գեթսբի»

Յուրաքանչյուր մարդ ունի իր սիրելի գրքերի ցանկը: Այդպիսի ցանկում ինձ համար առաջին տեղում համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից մեկն է՝ «Մեծն Գեթսբին»:

1920-ականներ, Ամերիկա, ցոփ ու շվայտ կյանք, ջազ և անմնացորդ սեր: Վեպը պատմվում է առաջին դեմքով՝ Նիկ Քարավեյի կողմից: Նիկը կարճ ժամանակով այցելում է Ուեսթ-Էգ քաղաք, որպեսզի տեսնի իր զարմուհի Դեյզիին և նրա ամուսնուն՝ Թոմ Բյուքենենին, որի հետ ժամանակին եղել է մտերիմ հարաբերությունների մեջ: Նիկը միանգամից հայտնվում է աղմկոտ երեկույթներում, որոնք կազմակերպվում էին առեղծվածային Ջեյ Գեթսբիի կողմից: Խնջույքին ներկա կեղծ հասարակությունը վայելում էր Գեթսբիի ստեղծածը՝ միաժամանակ քննարկելով նրա ունեցվածքը և նրան մեղադրելով ամենածանր մեղքերի մեջ: Այս ամենի արդյունքում ընթերցողը փոքր-ինչ վախով և անհանգստությամբ է վերաբերվում գլխավոր հերոսին, բայց  ամեն ինչ փոխվում է վեպի վերջաբանում, որովհետև Գեթսբին հերոսանում է ընթերցողի համար, և ընթերցողը մտովի վերադառնում է վեպի սկզբնամաս՝ Գեթսբիի բոլոր արարքների համար գտնելով իրենց դրդապատճառները: Բոլոր նյութապաշտ հերոսների կողքին Գեթսբին բարձր հոգևոր արժեքներ ունեցող հերոս էր, որը ամեն ինչ ստեղծում էր իր նվիրական և անեղծ սիրո՝ Դեյզիի համար: Դեյզի՞ն… Դեյզին նյութական կերպար էր, որը խաղում էր Ջեյի զգացմունքների հետ և հետո թաքնվում իր ունեցած անսահման ադամանդների ետևում:

Ֆիլմերը սովորաբար զիջում են գրքերին, սակայն ռեժիսոր Բազ Լուրմանի համանուն օսկարակիր ֆիլմը լրացնում է գրքին: Եթե գրքում աղմկոտ երեկոները, հագուստները, երաժշտությունը նկարագրված է շատ սեղմ և սև ու սպիտակ, ապա ֆիլմում անգամ մանրուքները շատ գույնզգույն են ներկայացված: Երբ կարդում ես գիրքը, հերոսին պատկերացնում ես այնպես, ինչպես ուզում ես, իսկ ֆիլմը կարող է սահմանափակել երևակայությունդ: Վեպը ընթերցելիս իմ երևակայած Գեթսբին բարձրահասակ էր, սևաչյա և սառը ժպիտով, իսկ ֆիմը դիտելուց հետո Գեթսբին ինձ համար միայն Լեոնարդո Դի Կապրիոյի տեսքով է: Ֆիլմում կա մի տեսարան, որը բացակայում է գրքում. երբ Գեթսբին մահվանից վայրկյաններ առաջ շտապում է դեպի հեռախոսը, որպեսզի պատասխանի զանգին, նա հույս ուներ, որ զանգողը Դեյզին էր, մինչդեռ… Ռեժիսորը կարծես ցանկանում էր, որ Գեթսբին իր կյանքի վերջին պահին երջանիկ լիներ:

Գեթսբին ստեղծել էր մի կերպար, որն ավելի լավն էր, քան իրական Դեյզին, և եթե անգամ հոգու խորքում Գեթսբին հասկանում էր այդ տարբերությունը, հրաժարվում էր ինքն իրեն խոստովանել, որ իր՝ այդքան տարիներ զգուշությամբ փայփայած կերպարը կեղծ է: Գեթսբին ապրում էր մի աշխարհում, որտեղ ամեն ինչ «Դեյզի» անունն էր կրում: Եվ երբ Գեթսբիի աշխարհը փլուզվեց, նրա համար ապրելն այլևս իմաստ չունեցավ:

anushik mkrtchyan

Պարապողների սրտից

Նկատե՞լ եք, որ արդեն սկսել եմ գրել: Հիմա կհայտնվի մեկը ու կասի. «Բա խի՞ էն ժամանակ չէիր գրում», իսկ եթե չհայտնվի էլ՝ ոչինչ, ես կասեմ:

Սեպտեմբերից պարապում եմ: Դե պարզ է, որ ընդունելության համար: Հաճախ եմ լինում համակարգչի առաջ ու էդպես մտածում եմ ու գրում, իսկ որոշ ժամանակ առաջ, համակարգչի ստեղներից շատերը չէին աշխատում: Ես էլ հեռախոսով հավաքել չեմ սիրում:

Մեկ-մեկ էնպիսի հարցեր են տալիս մեզ՝ պարապողներիս, զարմանում ես (եթե կարելի է էդպես ասել): Ու դրա համար որոշել եմ ներքևում գրել մի քանի հարցեր կամ ուղղակի մտքեր, որոնք պետք չեն ուղղել պարապողներին:

«Բայց որ պարապում ես, ինչ-որ հույս կա՞, դասերդ առաջ գնո՞ւմ են:

Եթե պարապում ենք, նշանակում է ինչ-որ առաջընթաց կա կամ կլինի, ու պետք չի թերահավատորեն մոտենալ:

«Իբր (սա զայրացնում է) պարապում եք, բայց էս հարցը չգիտեք կամ չկարողացաք օգնել»:

Հիշե՛ք,12-րդ դասարանի աշակերտները երեք-չորս ամիս են պարապում, այդ թվում նաև ես, ու բնական է, որ շատ բաներ դեռ չգիտենք:

«Դուք ազատ ժամանակ էլ ե՞ք ունենում»:

Ես երեք առարկա եմ պարապում՝ Հայոց լեզու, Անգլերեն, Պատմություն: Պարզ է՝ հեշտ չէ: Շաբաթվա մեջ լիովին ազատ ունեմ երկու օր՝ շաբաթն ու կիրակին: Օրն էլ ունի 24 ժամ: Ուրեմն մենք պետք է անթիվ-անհամար գրավորներ ունենանք, որ էդ 24 ժամը լրացնենք, ու մի բան էլ չհերիքի: Ամեն առարկայի գրավորին կամ դասին պատրաստվելը խլում է երեք կամ մի քիչ շատ ժամանակ (պատմությանը ավելի շատ): Այնպես որ մենք ազատ ժամանակ, այո՛, ունենում ենք:

«էդ շտեմարանները ձեռքներդ եք վերցնում, որ բոլորն իմանա՞ն`  պարապում եք»:

Ո՛չ, ուղղակի պայուսակը ծանր լինելու դեպքում:

Այս նյութը գրելուց առաջ պարապող մի քանի ընկերներիս հետ քննարկել ենք, թե որոնք են ավելի շատ ուղղվում: Այնպես որ միայն ինձ հետ առնչվող տարբերակները չեն:

Հ.Գ. Պարապողնե՛ր ջան, պետք է ուշադիր լինենք, լավ սնվենք, շատ կարդանք, ոչ թե շտեմարանները վերցնենք ձեռքներս, որ ցույց տանք, թե պարապում ենք:

zarine kirakosyan

Ձոն տաքսիստին

Չէ, բայց դուք պատկերացնո՞ւմ եք, 120 կմ ճանապարհ մեն-մենակ միջին վիճակագրական  հայ տաքսիստի հետ: Օրվա էներգիադ սպառած ուզում ես մի կերպ տուն հասնել, միակ շփումը պատկերացնում ես ականջակալներիդ երգերի հետ, բայց մեր էս  հորեղբայրը որոշել է, որ ես լուսանկարիչ եմ, ու ուզում է պատմել  արվեստի հետ իր ունեցած բոլոր կապերից, Րաֆֆու «Սամվելի» նկարագրությունների մանրամասնությամբ բացատրում է, թե իրենց տան դաշնամուրը որ պատի տակ էր դրած, լույսն էլ ինչ աստիճանի անկյան տակ էր ընկնում, թե ինչպես ինքը էդպես էլ չսովորեց ակորդեոն նվագել ու մի օր իրենց բարեկամի տան ոչխարի արձանիկը դրեց մեկին մեկ նկարեց:
Դե իհարկե, 120կմ-ում այսքանով չես սահմանափակվի:  Մենք ծանոթացանք Սամվել պապիի ամբողջ գերդաստանին,  բոլոր նախորդ մեքենաներին իրենց տեխնիկական խնդիրներով, հիացանք Սևանի հայելու վրա ընկած լուսնի լույսով,  բայց որ ամենակարևորն էր` ի տարբերություն միջին վիճակագրական հայ տաքսիստի, էս մարդը Ռուսաստանում բիզնես չուներ:  Սամվել պապիին բոլոր մնացած տաքսիստներից առանձնացնում էր այն, որ ինքը ինձ թվում է, վերջի  30 տարին չի ապրել այս աշխարհի վրա,  և ահա ամեն ինչ սկսվեց այսպես.

Էպիզոդ 1

-Սպասեք` տամ վարորդին, բացատրեք ձեր տեղը, լա՞վ,- հայկական մուննաթով արտասանեց հեռախոսավարը:
-Լավ
-Բարև Ձեզ, կարո՞ղ եք մոտենալ Պարույր Սևակ-Ուլնեցի խաչմերուկ, «Պեպսիի» գործարանի մոտ:
- Բայց «Պեպսիի» գործարանը շամպայնի գործարանի մոտ ա:
-Ըը, չէ, սրտաբանական հիվանդանոցի  մոտ ա:
-Լավ, բալես, դե ես 20 րոպեից  կգամ, բայց հեռախոս չունեմ: Էս դիսպետչերի համարն ա, ըտեղից չշարժվես, որ գամ` կարենամ գտնել:
-Ը, լավ էդ դեպքում ես մեծ ուսապարկով եմ,  երևի կնկատեք:

Էպիզոդ 2.

25 րոպե հետո.
-Ո°ւր ենք գնում:
-Ճամբարակ, Շորժայի կողմերը:
-Հա~, բալես, ես Սևանի էդ կողմը չեմ քշել ընդհանրապես, ճանապարհներին ուշադիր կլինես, չքնես` սխալ չքշեմ:
-Լա~վ (պլաններս խախտեց):

Էպիզոդ 3.

Մեկ րոպե անց.
Պ.Սևակ-Ազատության պողոտա:
-Բալե՞ս:
-Լսում եմ:
-Կարո°ղ ա իմանաս` էս խաչմերուկում  թողո՞ւմ ա աջ անել (լուրջ էր հարցնում):

Էպիզոդ 4.

-Բալես, հեռախոս ունեիր, չէ՞:
-Հա, իհարկե:
- Դե լավ ա: Ես ճիշտն ասած,  իմ ավտոն էսօր խփել եմ, ուրիշի մեքենան եմ վերցրել, հեռախոսս էլ փչացել ա, ճանապարհի վրա ենք, մարդ ես, էլի:

Էպիզոդ 5.

-Բայց էդ Ճամբարակը ընդհանրապես չեմ լսել:
-Սովետական շրջանում տարածաշրջանը Կրասնոսելսկ ա կոչվել:
-Հա, Կռասնին ա՞, մի հատ էլ գյուղ ունի` Արծվաշենը: Բարեկամ ունենք էնտեղ, փոքր ժամանակ գնացել եմ:
-Հա, բայց  երևի էլ չունեք, Արծվաշենը հիմա անկլավային տարածք ա, Ադրբեջանի սահմանում :
-Ո°նց, Արծվաշենը վերցրե՞լ են, էդ  ե՞րբ, Ապրիլյանի՞ն:
- Չէ, 27 տարի առաջ, օգոստոսին:
Իհարկե Սամվել պապին շատ տխրեց, երբ իմացավ իրենց հեռու բարեկամը  էլ 27 տարի է` էդ գյուղում չի ապրում, ինչին հաջորդեց.
-Բալես, կարա՞մ ծխեմ:

Ես խորը շունչ քաշեցի, ուժ հավաքեցի, որ ասեմ` չէ, հետո հիշեցի, որ Սամվել պապին հենց նոր կորցրեց իր հեռու Արծվաշենի բարեկամներին, հեռախոսը չի աշխատում,  մեքենան խփել ա,  էս մարդը հենց նոր ա  իմացել, որ «Պեպսին» էլ շամպայնի գործարանի մոտ չի, ու չի եղել, Ճամբարակը նույն Կրասնին ա, Պարույր Սևակից էլ կարելի ա աջով մտնել Թբիլիսյան: Մի խոսքով, հարգեցի էս մարդու վիշտը ու ասացի.
- Եթե ուզում եք` կանգնեք, դուրս եկեք, ծխեք:

Շնորհակալ լինելու մասին

Էս անգամ է՛լ ավելի հետաքրքիր ստացվեց։ Հիմա՝ թռիչքիցս երկու ժամ առաջ, արդեն պատրաստ, դասավորված ճամպրուկիս դիմաց նստած, ուզում եմ գրել երախտագիտության մասին։

Օրեր առաջ հին դպրոցիս իմ ուսուցիչներից մեկն ինձ նամակ ուղարկեց․ իրար հարևանությամբ կոկիկ շարված անգլերեն գրքերի լուսանկարներ էին։ Արդեն հասկացա, գրքերը հասան նաև ի՛մ դպրոց։ Գլենդելի Կրթաշրջանի ՖԼԱԳ ծրագրի նախաձեռնությամբ և «Մանանա» կենտրոնի հետ համագործակցությամբ ու ջանքերով մեծ թվով անգլերեն գրքեր են հասել թե՛ իմ նախկին դպրոցին, թե՛ Սյունիքի մարզային գրադարանին, թե տարբեր մարզերի այլ դպրոցների:

Ընկերներս (ավելի պաշտոնական ասած՝ կոլեգաներս), որոնց դպրոցներ նույնպես հասել են գրքերը, գրել են իրենց զգացողությունների, տպավորությունների  մասին։ Ես էլ եմ ուզում իմով կիսվել։

Կապանից, դեռ ավելին՝ Հայաստանից հեռու ապրելով՝ էլ ավելի շատ եմ ուզում մտածել, որ քաղաքիս, երկրիս համար արժանի քաղաքացի եմ։ Ավելի հաճախ եմ ուզում զգալ, որ ինչ-որ բանով կարողանում եմ մի դրական փոփոխության առիթ հանդիսանալ։ Նախ՝ գրադարանավարների, հետո արդեն՝ ուսուցիչներիս ոգևորված ու անակնկալի եկած նամակները ստանալուց հետո ինչ-որ խառը, մի քիչ փշաքաղեցնող բան զգացի։ Էնքան ուրախ էին, էնքան շնորհակալ։ Եվս մի անգամ ուրախ ու հպարտ զգացի, որ 17-ի թղթակիցներից եմ, որ «Մանանայի» հետ համագործակցության հասուն պտուղերը քաղելու հնարավորություն են ստացել նաև ինձ համար շա՜տ կարևոր հաստատությունները։

Ես մեր մարզային գրադարանում եմ մեծացել։ Առաջին դասարանից մասնակցել եմ մեծ ու փոքր բոլոր միջոցառումներին, ասմունքել եմ, երգել, պարել, դաշնամուր եմ նվագել ու հետո արդեն սկսել եմ վարել այդ միջոցառումները։ Դպրոցս փոքր է, շա՜տ փոքր, երևի քաղաքի ամենափոքրը։ Թվով մոտ 30 աշակերտ կա, բայց թվանշանով նկարագրել չկարողանալու չափ ջերմություն, հոգատարություն, կարեկցանք ու հարգանք։

Էստեղ գալով, բնականաբար, ավելի քիչ եմ այցելում գրադարան, դպրոցս քաղաքից մի փոքր հեռու է, ձմռանը՝ բավականին դժվար հասանելի, իսկ ամռանը վերադառնալիս արդեն արձակուրդներ են։ Չեմ հասցնում «մարդավարի» կարոտս առնել, տեսնել, խոսել։ Բայց շնորհակալ եմ՝ ինձ տված ջերմության ու մտերմության համար, իմ հանդեպ դրսևորած հավատի, վստահության ու հպարտության համար։ Ու թող էս գրքերը լինեն էդ շնորհակալության գեղեցիկ դրսևորումը։

Իսկ մյուս, ամենամեծ շնորհակալությունս «Մանանայինն» է։ 17-ին թղթակցելու մեծաքանակ առավելություններից մեկն էր էս հնարավորությունը։ Հնարավորություն՝ էսքան հեռավորության վրա ինձ հարազատ հաստատություններին երախտիքս հայտնելու։

Իսկ հիմա, շնորհակալության ու գոհունակության էս գեղեցիկ նոտայի վրա, ճամպրուկս վերցնեմ ու գնամ կանգառ․․․ Ուշանալ չկա․․․ Տուն եմ գալիս․․․

Մենք էլ ծանրոց ստացանք

Գլենդելի կրթաշրջանի ՖԼԱԳ ծրագրի նախաձեռնությամբ Կոտայքի մարզի Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն սովորելու անգլերեն`   չսահմանափակվելով միայն դասագրքի տված տեղեկությամբ։ Համայնքը գրքերի մեծ ընտրանի է ուղարկել աշակերտներին, որոնց շնորհիվ կբարելավվի նրանց կրթության որակը, քանի որ գրքերը ընդգրկում են բոլոր այն բնագավառները, որոնք հետաքրքրում են 21-րդ դարի երեխային։

Դպրոցի անգլերենի ուսուցչուհին նշեց,որ գրքերը կարող են օգտագործվել տարրական և միջին դասարաններում ՝ դասապրոցեսի ժամանակ և արտադասարանական ընթերցանության համար:

Դպրոցի անձնակազմը և աշակերտները շնորհակալություն են հայտնում Գլենդելի  ամերիկահայ մեր հայրենակիցներին ծանրոցի համար։

armine karapetyan

00:00

00:00, ոչինչ չպատահեց: Եթե վերջակետերը հանենք, կարելի է այն կոչել նախասկիզբ կամ մեկնարկ, ոնց կուզես: Բայց վերջակետերը դրել են զուտ նրա համար, որ աշխարհի մի անկյունում կիսաքնած պարապող մեկը հասկանա, որ օրը փոխվեց, արժի դադարեցնել ու քնել: Ասենք թե քնեց, եթե վերցնենք ողջ ընթացքը, այսինքն՝ նրա քնի տևողությունը, ու հանենք թվերի արանքում խցկված վերջակետը, որ սահմանափակում է անվերջությունը, կստանանք, որ նա մոտավորապես 8 դար, կամ որ նույնն է` 800 տարի կորցրեց դրա վրա ու չտեսավ՝ ինչպես օրինակ, հայերը հաստատեցին թագավորություններ, մոնղոլներն ու մամլուքներն իրար միս կերան, արաբները եկան, թալանեցին ու մեծ ավարով, գերիներով հեռացան, կամ ինչպես իր նման պարապող աշակերտ, որ ժամանակին լավ ուսում էր ստացել, ջանք չխնայեց ստեղծելու մի ժողովրդի գոյության անկյունաքարերից մեկը՝ այբուբենը: Ա՜յ թե ինչ կորցրեց նա այդ ութ ժամվա ընթացքում: Բայց դե մնացած 16 ժամը հո գիտի՞ ճշգրիտ օգտագործել: Գիտի, որ պարտադիր պետք է երազանք պահել 17:17-ին կամ 19:19-ին, կամ երբ ուզի: Չէ՞ որ երազանքները ժամանակ ու տարածություն չեն ճանաչում:

Մինչև պարապմունքի գնալը, օրինակ, անպայման մտաբերում է Պոլսի գրավումը (1453 թվական կամ որ նույնն է` 14:53) ու դուրս գալիս տնից, որ ավտոբուսից չուշանա:

Ինչպես այս շիլաշփոթ տողերից հասկացաք, ես պատմություն եմ պարապում: (Ի դեպ, նույն հաջողությամբ կարող էի ասել, որ 00-ից հետո դրված վերջակետից հետո գրված զրոն պիտի մեծատառ գրվեր, բայց չեմ ասի): Իրականում, օրվա բոլոր ժամերն ինձ համար ասոցացվում են ինչ-որ պատմական իրադարձությունների հետ, ու դա միշտ այդպես է եղել: Բայց ես ստիպված եմ կապանքներ դնել «բոլոր ժամեր» կոչվածի վրա, քանի որ իմ հիշողությունն ու պատկերացումը բավականացնում են մինչև  20:19-ը (2019): Դե որովետև չեմ կարող գուշակել, թե մեկ րոպե հետո՝ ավելի կոնկրետ մեկ տարվա ընթացքում, պատմական ինչ իրադարձություններ տեղի կունենան անկանխատեսելի աշխարհիս վրա: Գիտե՞ս՝ մտքովս հենց նոր ինչ անցավ: Առաջարկում եմ 2020-ի բոլոր 20:20-ներին երազանք պահել, եթե օրինակ, բոլորս միասին ցանկանանք, որ աշխարհում խաղաղություն տիրի, հաստատ կկատարվի: Ես հավատում եմ, այ դու՝ չգիտեմ:

Արդեն 23:44 է, բայց ես տխուր եմ կամ էլ անորոշ: Ինձ նորություններ ու փոփոխություններ են պետք: Ես այսօր կքնեմ 10 րոպե շուտ ու առանց վերջակետի, կամ էլ` 00:00-10: Ժամացույցիս սլաքը կշրջվի մեր թվարկությունից առաջ, ու ես կշարունակեմ կորցնել նույն 800 տարին և ևս 10 րոպե: Այս սևացրած թղթերի պարունակությունն էլ սովորությանս համաձայն կարտագրեմ, կտպեմ մի քանի օրինակից, որ, մեկ էլ տեսար,2000 տարի հետո պեղումներ իրականացնելիս բարձիս տակ գտնեն մի քանի օրինակ ու…Եսիմ:

Զգում եք, չէ՞՝ արդեն քունը հաղթել է ինձ, խառնվել պատմության հետ ու քիչ-քիչ հոգեկան աշխարհս խառնաշփոթի է մղում:

Արմինե Կարապետյան, 23:50, 2019 թվական, Երկիր մոլորակ: Բոլոր իրավունքները պահպանված են: Բարի գիշեր: