izaaastsaryan1

Կյանքը հասկանալու արվեստը

Աստղազարդ երկինք, մեկ գավաթ թեյ և հանգստություն…

Գիշեր է, մթության մեջ լսում ես բնության ձայները, նայում ես երկնքին՝ աստղազարդ է, իսկ լուսինը Բարգուշատի լեռնաշղթայից վեր է բարձրանում:

Հանկարծ մեղմիկ քամի է փչում, այն էլ՝ իրեն բնորոշ ամառային տաք հոսանքով: Այդ պահին քեզ ոչինչ չի մնում անելու, քան գնալ տուն, վերցնել մեկ գավաթ թեյ, ապա այն վայելել՝ երկնքին նայելով։

Դրսում նստած ես, լսում ես, թե ինչպես են փողոցի շները հաչում, ինչը ժամանակի հետ կարծես վերածվում է ոռնոցի: Այդժամ դու չգիտես՝ վախենալ և փախչել տո՞ւն, թե՞ լուռ կանգնել և վայելել դա:

Ամենը կարծես հեքիաթ լինի՝ տարօրինակ և զարմանահրաշ: Դու կարծես նկարի մեջ լինես, րոպեներ շարունակ նույն իրողությունն է շուրջդ:

Եվ իսկապես, դու կարծես հեքիաթում կամ կտավում լինես, որովհետև այն ամենի կողքով, ինչին գուցե շատերը անտարբեր հայացք են նետում, դու չես անցնում անտարբեր, այլ փորձում ես նկատել և հասկանալ յուրաքանչյուր մասնիկը:

Եվ այդժամ, դու սկսում ես սիրել և գնահատել կյանքը, ինչ-որ փոփոխություն ես զգում քո ներսում, ինչը գուցե վաղը կամ մյուս օրը, կամ մի քանի ժամից չես զգալու, դառնալու ես առաջվանը: Առաջվա բարին կամ չարը, խելացին կամ հիմարը:

Բոլորի հիշողություներում էլ լինում են ուրախ կամ տխուր դրվագներ: Երկու դեպքերում էլ դու սկսում ես գնահատել կյանքը, սակայն եթե դեպքը մահու չափ ծանր և ցավալի է, գուցե ատես կյանքը, որը քեզ հնարավորություն ընձեռեց ապրելու, տեսնելու և զգալու դա քո մաշկի վրա:

Գիտե՞ս՝ մի հետաքրքիր կարծիք է արտահայտել Օտտո ֆոն Բիսմարկը. «Սովորիր այնպես, ասես հավերժ ապրելու ես, ապրիր այնպես, ասես մեռնելու ես վաղը»: Որոշ չափով համամիտ եմ Բիսմարկի հետ՝ կարծելով, որ այդ կարծիքը արտահայտել է կյանքը քիչ թե շատ հասկանալուց հետո:

Ես արտահայտում եմ իմ տեսակետը: Գուցե այն որոշ մարդկանց համար ճիշտ լինի կամ հակառակը, բայց ես սկսել եմ հասկանալ ինձ և տիրապետել կյանքը հասկանալու նուրբ արվեստին:

sona mkhitaryan

Տարիքից շուտ ծերացածները

Այսօր Էջմիածին-Արմավիր ավտոբուսում նստած էի, երբ մի կին բարձրացավ, առավելագույնը 40 տարեկան կլիներ, բայց 60-ն անցի տեսք ուներ: Հիմա կասեք՝ ինչպես ենթադրեցի իրական տարիքը. Արմավիրի գյուղական համայնքների բնակչուհիների գրեթե 80%-ը տարիքից շուտ մեծացել են: Հարցրեց՝ երբ է շարժվելու ու նստեց դիմացս: Ավտոբուսում մի քանի երիտասարդ աղջիկներ էին նստած միայն, ու զգացի, որ չարձագանքեցին նրա հարցին, ես էլ սպասում էի, որ նրանք պատասխանեն, ուշացումով պատասխանեցի ես.

-1-ին 20 պակաս:

Դիմացս նստել էր մի երիտասարդ՝ կնոջ կողքին, որը իր աղջկա հետ էր (երևի 5 տարեկան): Զգում էի, չէ, տեսնում էի, որ քիչ-քիչ հեռանում է կնոջ կողքից: Գիտեք՝ ինչո՞ւ: Պատմեմ արտաքինի մասին: Կինը ուներ նորմայից ցածր քաշ, ըստ իս, հյուծված կառուցվածք, դեմքի ոսկորները ինչքան ուժ ունեին՝ խոժոռ կանգնած էին, իսկ կնճիռներն իրար հերթ չէին տալիս՝ մեկը մյուսի վրա տարածվելով ողջ դեմքի վրա: Իսկ ձեռքերը: Ախ, դուք չեք էլ պատկերացնի, թե այդ ձեռքերը ինձ ինչպես բաց գրքի նման պատմեցին նրա տանջալից կյանքի մասին: Մատները կոշտացած, վերքերով, ու շոգն էլ մի կողմից: Հասկացաք՝ ինչու էր հեռու գնում: Երևի ինքն էլ զգաց, ինձ հարցրեց․

-Զանի՞տ ա, ազիզ ջան, կողքդ:

-Չէ, չէ, ազատ ա:

Մի կին էլ բարձրացավ այդ պահին ու կողքիս հյուծված արտաքինով կնոջը ծանոթ էր: Բարևեցին, ոնց ես, ոնց չես, կողքիս կինը սկսեց պատմել, որ գնում է աղջկան օգնելու՝ պահածո փակեն: Ու հետո իր այդ ծանոթ կնոջը (կարծես հարևաններ էին) ամեն կերպ համոզում էր գալ իրեն հյուր.

-Արի էլի, մեկ ա՝ մենակ եմ ամբողջ օրը, դեղձերս հասել են, կհյուրասիրեմ:

-Է, ժամանակ չի լինում է, տենանք: Հետ ա, էս քանի օր ա կարտոշկես պրծել էր, էսօր հազիվ հարմարացրի, եկա՝ առնեմ:

Պատասխանը բավարար է, որ հասկանանք՝ նրա վերաբերմունքը ոչնչով չտարբերվեց երիտասարդ կնոջ արարքից։

Բայց երիտասարդ կնոջ վարքը այդքանով չսահմանափակվեց: Իր կողքին աղջիկն էր նստած, ու արդեն բոլոր նստատեղերը զբաղված էին, ավտոբուսը շարժվել էր, կանգառից մի տարեց պապիկ՝ ձեռքին տոպրակ, բարձրացավ ու կանգնեց հենց երեխայի դիմաց: Մի կին երեխային կանչեց իր գիրկը հենց նույն պահին, որ պապիկը նստի: Ես էլ քիչ թե շատ հոգեբանորեն կնոջ հայացքից հասկացա, որ իրեն դուր չեկավ: Խոսեց էգոիզմը, կրկին:

Համաձայն եմ, հնարավոր է՝ հաճելի չէ նստել այդպիսի արտաքինով կնոջ կողքին, ով բավականին քրտնած էր, բայց եթե այդ կինը իրեն իմ նստած տեղից դիտեր, բոլոր բայց-երը մի կողմ կդներ:

Ու իր ծանոթին իր տուն հրավիրելիս կարծես խնդրեր, որ գոնե նա գնա իրեն հյուր:

Ես շատ հաճախ եմ այդ ավտոբուսով երթևեկում, ու շատ հաճախ եմ նման արտաքինով՝ դժվար, ծանր կյանք, ապրելակերպ ունեցող գյուղացիների հանդիպում, ու երևի, որ ես էլ հենց գյուղում եմ ապրում, ու մեր գյուղում էլ կան նման մարդիկ, դրա համար էլ աշխատել եմ հարգանքով վերաբերվել իրենց, չվանել ու չվանվել: Ի՞նչ գիտեք, նման վերաբերմունքից ինչ մտածմունքների մեջ կընկնեն: Հայրս, երբ փոքր էի, միշտ ասում էր՝ պիտի հարգես, որ քեզ էլ հարգեն: Հիմա էլ չի ասում, հիմա ես եմ ձեզ ասում, հարգեք, որ հարգվեք: Տատիկս էլ միշտ ասում էր՝ է՜, բալամ, կմեծանաս, նոր մեծի ղադրը կիմանաս, էլ ըտենց հեշտ չես խոսի:

Դժվար կյանքը մարդկանց ժամանակից շուտ հասցնում է ծերության շեմին, ու էդ մարդկանց համար արդեն միևնույնն է իրենց արտաքինը, իրենց հագուկապը, իրենք ինչ ունեն՝ էդ են հագնում, իսկ վաստակած գումարով փակում են սերմնացանի համար գնված սերմերի պարտքերը, որի արդյունքում մնում և երևում է միայն իրենց տանջանքը: Ու եկեք, բոլորդ իրենց հերթով հարցրեք, ասեք՝ որ ձեռք չի տալիս, ինչի՞ եք տանջվում էդքան: Ու ես վստահաբար կասեմ, որ իրենք կպատասխանեն.

-Բա որ էս էլ չանենք, ինչո՞վ ապրենք…

Լինե՛լ, Ջոնաթա՛ն

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Քեզ էստեղ՝ հողի վրա հասկացողներ էլ չեն մնացել, գիտեմ։ Քեզ մի քիչ ավելի շատ երկինք է պետք։

Քեզ էստեղ սպասողներ էլ չկան, զգում եմ։ Քոնը էնտեղ է` վերևում, իսկ դրանից այն կողմ անդունդ է։ Հա, քո կյանքին մի քիչ էլ վայրէջքներ են պակասում։ Որ ներքևում` հողից ցած, կարողանաս գնահատել եղածը։ Արածդ ու չարածդ։ Եղածդ։

Դպրոցիդ ճամփեքին ամեն օր նույն դեմքերն են, իսկ դու նորություն ես ուզում։ Դու, ախր, ապրում ես այդ նորը։ Իսկ նա ինչ-որ անիմաստ համառությամբ չի ուզում գալ… ու չի գալիս։ Կամ գալիս ու ուղղակի շրջանցում է դպրոցդ, գուցե թե՝ քեզ։

Դպրոցիդ ներսում էլ նույնությունն է։ Կարող ես համալսարան կարդալ` մեկ է։ Նույնը։ Կերի համար թռչող ճայեր են (կարդա` գնահատականի համար պայքարող ուսանողներ, աշակերտներ): Իսկ իսկական կյանքը մի քիչ դրանից էլ բարձր պիտի լինի։ Մի քիչ ավելի մոտ կատարելությանը։ Կերն էլ կատարելության մի մասն է, մի՛ հերքիր։ Բայց ո՛չ ամենակարևորը, նույնիսկ երկրորդը չէ ու ոչ էլ երրորդը։ Ուղղակի պետք է։

Իսկ կերի համար պայքարելիս նրանք երկնքից քաշում-գցում են իրար, ընկնում իրար վրա ու խանգարում թռչել նրան, ով իրոք ուզում է։

Վերևում օդն ավելի մաքուր է։ Մարդկանցից։

Չնայած՝ առանց մարդկանց կյանքն էլ բանի նման չէ։ Մի քիչ ժամանակ միայն, ու խորտակվում ես ինքդ քո մեջ։ Իսկ մարդկանց հետ էլ երբեմն քեզնից հեռանում ես այնքան, որ թվում է` ետդարձի ճամփա չի մնացել։

Բայց, մեկ է, վերևում օդն ավելի մաքուր է։

Իսկ քեզ ինչ-որ զույգ ոտքեր ներքև են քաշում ու կապում հողին։

Դու արդեն դպրոցիդ կտուրին ես։ Էստեղ կհաղթես ցանկացած կրթական համակարգի, կաղապարի, ցանկացած թվանշանի։ Որովհետև դու էլ, Ջոնաթանի նման, գիտես, որ ցանկացած թիվ ուղղակի սահման է։ Իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Որ ոչ հագուստի ձևը, ոչ գույնը ու ոչ էլ գինը նրան աշակերտ չի դարձնի, ով էդպես էլ չուզեց աշակերտ լինել։ Որ ոչ մի ուսուցիչ, ոչ մի դասախոս կամ դասընթացավար չի ստիպի նրան սովորել, ով էդպես էլ չուզեց սովորել, թե ինչպես են սովորում։

Բայց, էստեղ էլ, էնտեղ էլ, գիտեն, որ քո սպասածը անպայման կլինի։ Որ հեղափոխությունը խաղ չի ու մի օրվա բան էլ չի։ Որ ներսումդ հեղափոխություն անելու համար էլ նախ ուղեղիդ իշխանափոխություն պիտի լինի։

Ապրիլյանի քաջերը

Հարցազրույց ապրիլյան պատերազմի մասնակից Արեգ Սարդարյանի հետ։

-Ինչպիսի՞ն էր Արեգը մինչ բանակ գնալը:

-Այդ հարցին, թերևս, ավելի լավ կպատասխանեն հարազատներս ու մտերիմներս։ Մեծ փոփոխություններ չեմ զգում ինձ վրա։ Երևի ավելի զուսպ ու հաշվենկատ եմ դարձել։ Մինչբանակային Արեգը շատ ավելի բռնկուն էր, ինչ-որ տեղ՝ պակաս շրջահայաց։ Երևի մինչ բանակ գնալը որոշ փոքր բաներ չէի գնահատում ըստ արժանվույն։ Բանակում, երբ այդ փոքր բաները կարոտում ես, սկսում ես ավելի բարձր ու ճիշտ գնահատել։

-Հաճելի հիշողություններ ունե՞ս բանակից:

-Անպայման։ Ավելի ճիշտ կլինի հարցնելը՝ տհաճ հուշեր ունե՞մ։ Բանակային կյանքի ամենածանր վայրկյաններն անգամ քաղաքացիական կյանքում դառնում են քաղցր հուշ, որոնք միայն ժպիտ են առաջացնում։

-Արեգ, դու մասնակցել ես Ապրիլյան պատերազմին, կպատմե՞ս քո անցած ուղու մասին, որտե՞ղ ես կռվել և ինչպե՞ս են ձեզ տեղեկացրել պատերազմի մասին:

-Ոմանք գիտեն, իսկ ոմանք՝ ոչ։ Այս առումով ես կարևորում եմ մի հանգամանք. իրականում ես երբեք չեմ ձգտել ապրիլյան մարտական գործողությունների ու դրանց մասնակցած իրական հերոսների արյան ու քրտինքի հաշվին «հերոսական» կերպար դառնալ կամ որոշակի դիվիդենտներ շահել։ Անկեղծ ասած՝ զորացրվելուցս հետո, անկախ ինձնից, չափից շատ եղա ուշադրության կենտրոնում, ու շատերն ինձ հետ կապվում էին միայն այն պատճառով, որ ես մարտական գործողությունների մասնակից եմ։ Այսօր նույն այդ մարդիկ հիմնականում ինձ ճանաչում են որպես Արեգ, ո՛չ որպես մարտական գործողությունների մասնակից։ Ես դա համարում եմ լուրջ ձեռքբերում, որովհետև իրոք աշխատել եմ այդ ուղղությամբ։ Մարտը մարդուն պիտի «չանցնի»՝ պատկերավոր ասած… Դա ընդամենը կյանքի մի փուլ է․ կարևորագույն, բայց ընդամենը։

Իմ անցած ուղու շատ մանրամասներ, իհարկե, չեմ պատմի։ Կարող եմ ասել, որ գործողությունների ժամանակ ծառայակից ընկերներիս հետ միասին եղել եմ տարբեր տեղերում՝ տարբեր մարտական խնդիրներով, մասնավորապես՝ «Եղնիկների», Մատաղիսի և Թալիշի առանձին դիրքերում։ Փառք Աստծո, մարտական կորուստներ իմ ստորաբաժանումը չի ունեցել, իսկ խնդիրները պատվով է կատարել։

«Պատերազմ» տերմինը տեղին չէ օգտագործելը, կարծում եմ։ Մենք խոսում ենք լայնածավալ մարտական գործողությունների մասին, որոնք ծավալվել են Արցախի ՊԲ ենթակայության առանձին զորամասերի պահպանության տակ գտնվող դիրքերում, իսկ պատերազմը երբեք չի ավարտվել։ Իսկ գործողությունների մասին իմացել ենք առավոտյան՝ «տագնապ» հրահանգից րոպեներ անց։

-Որքան գիտեմ՝ ունեցել ես սերժանտի կոչում, արդյոք դժվար չէ՞ր:

-Այո, ավագ սերժանտի կոչում եմ ունեցել։ Իհարկե, դժվար էր։ Ծառայությունն առհասարակ բարդ ու պատասխանատու գործ է թե՛ շարքայինի, թե՛ սերժանտի, թե՛ ենթասպայի ու սպայի համար։ Բնական է՝ յուրաքանչյուր կոչում ու պաշտոն ինքնին ենթադրում է առանձնահատուկ դժվարություններ և առավելություններ։ Ես էլ, ինչպես մյուսները, կանգնել եմ որոշակի դժվարությունների առաջ, բայց երբ հոգեբանորեն պատրաստ ես և ստանում ես աջակցություն թե՛ ծառայակից ընկերներիդ, թե՛ հրամանատարական կազմի կողմից, բոլոր տեսակի դժվարությունները դառնում են հաղթահարելի։

-Բազմիցս բարձրաձայնել ես այն փաստը, որ ժողովուրդը մոռանում է շատ տղաների, ովքեր ևս մասնակից են եղել պատերազմին, հիմա ի՞նչ կասես:

-Հիմա էլ նույնը կասեմ։ Մենք ունենք խնդիր. մի կողմից՝ իրական հերոսներից շատերին չենք արժանացնում անհրաժեշտ ուշադրության, մյուս կողմից՝ ստեղծում ենք արհեստական հերոսներ։ Սա, կարծում եմ, լուրջ խնդիր է, որի դեմ անհրաժեշտ է պայքարել։ Պիտի մարդկանց բացատրենք, որ մարտական գործողություններին մասնակցած ամեն ոք հերոս չէ, ինչքան էլ նրանց հերոսացումը մեր սրտից բխի։ Պետք է հասկանալ, որ «հերոս» գաղափարը շատ ավելին է, քան կրակած, կրակի տակ մնացած մարդը կամ մեկ բառով ասած՝ մարտերի մասնակիցը։

Քանի որ անդրադարձանք այս խնդիրներին, կուզեմ նշել նաև մեկ այլ խնդիր. մենք մեր ուշադրությունը սևեռել ենք ապրիլյան մարտական գործողությունների առանձին մասնակիցների վրա ու ստվերել թե՛ նույն ապրիլյանի շատ ու շատ հզոր տղաների, թե՛ ազատամարտի շատ ու շատ հերոսների, թե՛ բուն ազատամարտից մինչև 2016-ի ապրիլ հերոսացած տղերքի՝ հայրենիքի պաշտպանության գործում ունեցած մեծ ավանդն ու անունները։ Սա անթույլատրելի է, կարծում եմ։ Ո՞վ է ասել, որ 16-ի ապրիլին մարտական գործողությունների մասնակցած մարդն ավելի արժանի է ուշադրության կամ նույնիսկ մեծարման, քան, օրինակ, 2014-ի օգոստոսյան մարտերին մասնակցած հերոսը… Գուցե մի փոքր կոպիտ է հնչում, բայց մեր վերաբերմունքն է այս մտքին հանգեցնում։

-Եթե հնարավորություն լիներ կյանքումդ մի բան փոխել, դու ի՞նչ կանեիր:

-Կյանքի ընթացքը, մեծամասամբ, տարբեր ընտրությունների, որոշումների ու գործողությունների համախումբ և արդյունք է։ Դրանցից յուրաքանչյուրը հետադարձ ուժով փոխելու հնարավորությունը կարող է ազդել ամբողջ կյանքի վրա, կարծում եմ։ Ես իմ կյանքում, բնականաբար, սխալներ ունեցել եմ, բայց դրանք էլ են իմ կյանքի կարևորագույն մասը և նաև դրանց շնորհիվ ես ես եմ, ուստի որևէ բան փոխելու կարիք և իմաստ չեմ տեսնում։ Թերևս, միակ բանը, որ կուզեի այլ կերպ անել, դա ավելի հաճախ հանդիպելն ու սերս արտահայտելը կլիներ այն հարազատներիս ու ընկերներիս հանդեպ, որոնք այսօր կողքիս չեն։ Ուրիշ ոչինչ։

-Ո՞րն է քո կյանքի կարգախոսը:

-Որպես էդպիսին՝ կարգախոս չունեմ։ Երևի «Ամեն ինչ լավ է լինելու»-ն։ Ես նախընտրում եմ կյանքի սկզբունքը, որը կառուցվում է ընդամենը պարզ երևույթների՝ հարգանքի, ազնվության, մտածողության և կարեկցանքի հիմքի վրա։

Բելգիա. «18-ը 18-ին». օր չորրորդ

Հարցազրույց «Խաղաղության ավան» կազմակերպության տնօրեն Մատի Վանդեմաելի հետ

-Ինչպե՞ս է կոչվում ձեր կազմակերպությունը և ինչո՞վ է զբաղվում:

-«Կազմակերպությունը կոչվում է «Խաղաղության ավան»: Մենք հյուրատուն ենք Բելգիայում: Երիտասարդների համար, ովքեր խմբերով են ժամանում Բելգիա, ճանաչողական ճամբարներ ենք կազմակերպում Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ:

-Ինչու՞ «18-ը 18-ին»:

-Մենք կարծում ենք հիանալի գաղափար է մեկ վայրում հավաքել երիտասարդների 45 տարբեր երկրներից: Մենք փորձել ենք ընտրել մասնակիցների, որոնք 18 տարեկան են կամ մոտ են դրան: 18 տարեկաններ, 1918-2018… Խորհրդանշական է:

-Ինչո՞ւ որոշեցիք այս ծրագիրը իրականացնել:

-Մեր գլխավոր նպատակը ժամանակակից «խաղաղության հուշագիր» ստեղծելն է: Նաև պատերազմներին նվիրված արարողակարգերում հիմնականում մասնակցում են մեծահասակները, ավանդական զինվորական հագուստներով, երկար ճառերով. մենք փորձեցինք լինել կրեատիվ և փոխել կարծրատիպերը:

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

-Առաջին անգա՞մն է, որ իրագործում եք այսպիսի ծրագիր: 

-Մենք ունեցել ենք նմանատիպ ծրագրեր, սակայն երկու, երեք կամ չորս երկրների ներկայացուցիչների հետ: Սա առաջին անգամն է, որ հրավիրել ենք մասնակիցներ քառասունհինգ երկրներց:

-Ո՞րն է ձեր դերը կազմակերպության մեջ:

-Ես կազմակերպության տնօրենն եմ և աշխատում եմ տասնչորս հոգու հետ:

 -Ո՞րն է խաղաղության ձեր սահմանումը:

-Ես կարծում եմ, որ խաղաղությունը միասին ապրելու հիանալի միջոց է: Մենք հաճախ ենք փորձում բռնությամբ լուծել մեր խնդիրները: Շատ ժամանակ մենք փոքր խնդիրը դարձնում ենք անհաղթահարելի կոնֆլիկտ: Սա գալիս է նրանից, որ մենք տարբեր կերպ ենք վերաբերվում խնդրի լուծմանը: Եթե ինչ-որ տեղ իրոք խաղաղություն է տիրում, ապա մենք բռնության կարիք հաստատ չենք ունենա: Մյուս կողմից՝ խաղաղությունը հնարավոր է, երբ բոլոր մարդկանց իրավունքները հարգված են: Այսպիսով, եթե ամփոփեմ, ապա խաղաղության դեպքում չկա բռնություն, և կա իրավունքի գերակայություն:

-Արդյո՞ք ապագայում պլանավորում եք նմանատիպ ծրագրեր:

-Այո՛, մենք կցանկանանք կազմակերպել, սակայն ցանկանալն ու կազմակերպելը տարբեր բաներ են: Ես չգիտեմ՝ ապագայում հնարավոր կլինի՞ կրկին կազմակերպել այսպիսի ծրագիր, որովհետև այն պահանջում է մեծ ծախսեր: Մենք հիմա շատ բախտավոր ենք, որ բելգիական կառավարությունը ֆինանսավորում է մեզ: Ասպիսով, եթե ապագայում կգտնվեն մարդիկ, կազմակերպություններ, որոնք մեզ կֆինանսավորեն, ապա մենք պատրաստ ենք:

Հարցազրույցը վարեց Սուրեն Կարապետյանը

Անտառում ամպի ծվեններ չկային

Արևը ուժեղ էր։ Բարկ։ Էդպես են, չէ՞, ասում։

Հոնի ենք գնում։ Ճամփին մի քանի ծառ ենք գտնում։ Հոները հատ-հատ պոկում ու առաջ գնում։

Քաղում ենք բավականին, հանգստի կարիք կա։

Աշնանը մի քանի հոգի իրենց անասունները բերում են այս կողմերը, մնում են մինչև ձմեռ։

Որոշում ենք կանգ առնել սարի առայժմ միակ բնակիչների՝ մորս քեռու և իր կնոջ մոտ։

-Հա՜, կո՛վ, քեչ արի՛, Թանի՜կ,- հեռվից լսում ենք քեռու ձայնը։

-Քեռի՜, շները կապի, գալիս ենք,- մայրս է։

Բարձրանում ենք, բեռներս իջեցնում ու մի լավ հանգստանում։ Սարի համով սուրճ ենք վայելում ու համ էլ ավանդական խավիծ։ Խավիծը սարի քաղցրավենիքն է, թթվասերից` րաժանից են պատրաստում։

Հասցնում եմ մի քանի լուսանկար անել։

Հետո իջնում ենք ավելի շատ բերքի հետևից։

Քամին ծփում է։ Ու մենք հասկանում ենք այս հանդամասի Ծոփ անվանման իրական պատճառը։

Էլի «լավից-վատից» հոն ենք գտնում։

Քաղել եմ ահագին ու հիմա խոտերին եմ։ Վեր կենալու ուժ չունեմ։

Երազում եմ խոտերից մեկը լինել։ Օրորվել քամուց։ Հետո որոշում եմ ծառ լինել։ Հետո` ծառի ճյուղ։ Հետո ուզում եմ լինել հենց ինքը՝ քամին։

Բնություն եմ լսում։ Իմ ունեցած միակ երգն է։

Կոշիկներս հանել եմ։

Մի թիթեռ եկել ու կանգնել է կանաչ գուլպայիս վրա։ Խոտի տեղ է դրել երևի։

Ծփացող քամին միակ զենքն է ոչ պակաս ծփացող արևի դեմ։

Մերոնք քաղում են, ես նստած եմ։

Չէ, չմտածեք թամբալ եմ, ուղղակի հոգնել եմ։

Հետդարձին կրկին կանգ ենք առնում հյուրընկալ օդայում։ Խաշած կարտոֆիլը թաթախում ենք րոպեներ առաջ պատրաստված թթվասերի մեջ ու ուտում։ Ոչխարի պանրին քիմքս կարոտել էր ու հիմա վայելում է։

Որոշում ենք գնալ, սակայն ևս մեկ անգամ սրճելը չի խանգարում։

Վերադառնում ենք բեռնատար մեքենայի բեռնախցիկում։ Կարծես նավի վրա լինեմ։

Ծառերի ճյուղերը խփում են դեմքիս։

Վերջ, հասանք…

Կաքավասարի Թուխ Մանուկ մատուռը

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Նախորդ հոդվածներիցս մեկում պատմել էի գյուղիս՝ Շիրակի մարզի հնագույն շեներից մեկը հանդիսացող Կաքավասարի մասին։

Մեր գյուղում է գտնվում Կարմրավոր եկեղեցին, որն այժմ խոնարհված է։ Կարմրավորի դիմաց՝ բարձր բլրի վրա է գտնվում միջնադարում կառուցված Թուխ Մանուկ մատուռը։ Ըստ վարկածի՝ թուխ մանուկները երիտասարդ կտրիճներ են և հրաշագործ հերոս մանուկներ։

Մատուռում կա գերեզման, որտեղ գյուղացիների վկայությամբ ամփոփված է Սրբի մասունք, քահանայի ձեռաց խաչ, որը համարվում է կաքավասարցիներիս պահապանը։ Կան նաև մկրտության ավազան, փոքր չափերի խաչքարեր, ասեղնագործ սրբապատկերներ, թաշկինակներ։ Գերեզմանի վրա կա մի հատված, որտեղ ուխտավորները, պահելով ցանկություն, ամրացնում են քարեր և խաչեր։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Թուխ Մանուկի ուխտի օրն է համարվում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Շիրակի դաշտավայրի տարբեր ծայրերից Թուխ Մանուկ են այցելել ուխտավորներ և մեծ շուքով ու խանդավառությամբ, երգ ու պարով նշել են Վարդավառը։

Գյուղացիները պատմում են նաև, որ մի ուխտավոր ձեռնափայտերով մտել է Թուխ Մանուկ մատուռ և առանց ձեռնափայտերի դուրս է եկել այնտեղից։ Թուխ Մանուկի հրաշագործությունների մասին նա երազում է տեսել։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Այժմ մարդիկ ուխտի են գալիս իրենց հարգանքի տուրքը յուրովի մատուցելով՝ սրբապատկերներ, ասեղնագործ իրեր բերելով, աղոթելով ամենազոր Թուխ Մանուկին՝ իրենց խնդրանքն առ Աստված բարձրացնելով։

goharpetrsoyanervn

Մահն էլ է արվեստ

Ինչո՞ւ են մարդիկ ծնվում, եթե պիտի մեռնեն։
Այս հարցն առաջին անգամ գլխումս ծագեց 2014 թ․-ին մի չստացված «դեպքից» առաջ։ Մտքերս տակնուվրա էին լինում. պատճառն անպատճառ էր, կամ էլ պատճառ կոչվելու համար շա՜տ չնչին երևույթ էր։ Միշտ էլ այդպես է, երբ ներսիդ դատարկությունը չգիտես՝ ինչպես կոչել։ Գիտեք, ուղեղի դատարկությունն ու հոգու դատարկությունը համարյա նույնն են. երկուսն էլ վնաս քեզ են։ Բայց, դե հոգու դատարկությունը կարող է ցանկացած պահի վերջ դնել նույնիսկ աշխարհի ամենամեծ նվերին, ծնողներիդ պարգևած նվերին։ Ոչ, նվեր չէ, այլ անակնկալ։ Բայց դե, ոչ բոլորս ենք սիրում անակնկալներ, այդպես չէ՞… Հետևաբար, դատարկությունը նաև կարող է օգտակար լինել։ Տեսե՜ք, նորանոր հարցեր են առաջանում։ Ես տալիս եմ տարբեր պատասխաններ, քանի որ դրանց ճիշտ պատասխանը չգիտեմ։ Չնայած՝ ի՞նչ իմանաս, գուցե պատասխան էլ չունեն։

Ես չեմ սիրում երազկոտ մարդկանց, քանի որ նրանց համար անհնարին ոչինչ չկա։ Ինքս երազկոտ եմ։ Բայց ես ինձ չափի՜ց շատ եմ սիրում, մինչդեռ ամեն ինչ չափի մեջ եմ կատարյալ համարում։ Մի խոսքով. ես չգիտեմ՝ ինչ եմ սիրում, չգիտեմ՝ ինչ եմ ուզում, մինչդեռ կողմնորոշվելու հետ էլ խնդիրներ չունեմ։ Է՜հ, գժվել կարելի է։ Մի օր աչքերս բացում եմ և զգում, թե ինչքա՜ն շատ եմ պաշտում արվեստը։ Մի օր էլ զգում եմ Օսկար Ուայլդի «Ամեն մի արվեստ միանգամայն անօգուտ է» խոսքերի ճշմարտացիությունը։ Այո, դա զգացողության պես մի բան է։ Այսօր ես տանիքից չեմ ցանկանում իջնել և ուզում եմ աստղերի աննկատ շարժին հետևել, բայց երեկ երկինք նայելու ցանկություն անգամ չունեի։ Իսկ ինչո՞ւ։

Ես չգիտեմ՝ ինչու ենք ապրում այսքան հարցերը ուղեղներումս պահած։ Ինձ հետաքրքիր չեն մարդկանց «փաստ» հանդիսացող կարծիքները։ Դրանք զուտ կարծիքներ են, իսկ ես չեմ բավարարվում դրանցով։ Իսկ ի՞նչ անել՝ զոմբիացած ապրե՞լ, լինե՞լ անտարբեր ամենքի ու ամեն հարցի հանդեպ, թե՞․․․

Դե լավ, եթե չի ստացվում կողմնորոշվել այս ամեն հարցում, ապա ինչո՞ւ ենք ծնվել. «Ինչ-որ մեկի կյանքում դեր խաղալու համար, այս աշխարհում որևէ բան թողնելու համար, ծնվել ենք, որովհետև այդպես էր պետք…»,- միևնույնն է՝ ծեծված արտահայտություններ են։
Մի օր հարցիս մի նկարիչ պատասխանեց. «Ծնվելն արվեստ է, արվեստի գագաթնակետը, աշխարհի ամենակատարյալ երևույթը, որը մեծամասամբ երջանկություն է պարգևում, մարդկանց հոգիները լցնում վառ գույներով… Դրանից էլ լավ բա՞ն»։ Իսկ ես ավելացրի. «Մահն էլ է արվեստ… Գուցե սևն ու սպիտակը չեն համարվում գույներ, բայց դա էական չէ։ Սևի ու սպիտակի արվեստն էլ այլ է, իրականում՝ ամենահետաքրքիրը։ Դրանք գոյություն չունեն, բայց ամենից շատն են հետաքրքրություն առաջացնում…»։ Նա ասածիս բացասական ենթատեքստ տվեց։ Չգիտեմ՝ ճի՞շտ արեցի կարծիքս հայտնելով, թե՞ պետք չէր անկեղծ մարդու հետ անկեղծ լինել։ Որքա՜ն բան ես չգիտեմ… Եվ սա էլ կյանքն է, լցված միլիարդավոր չգիտեմ-ներով։ Ծնունդն ու մահն էլ են այդպես. ի՞նչ արած, սա կյանքի ստեղծած արվեստն է։

«Մարդիկ ծնվում են մեռնելու համար և մեռնում են, որպեսզի նորից ծնվեն»։
Այս պատասխանն առաջին անգամ մտքիս եկավ 2014 թ․-ին՝ մի չստացված «դեպքից» հետո։

Բելգիա. «18-ը 18-ին». օր երրորդ

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Օրը սկսվեց փիլիսոփայությամբ. հյուրընկալել էինք դասախոսների: Դասախոսությունը խաղաղության մասին էր. ի՞նչ է խաղաղությունը, արդյո՞ք այն միշտ օգտակար է, և վերջում, ում ընդհանրապես անհրաժեշտ չէ: Իմ խմբում տասնհինգ տարբեր ազգերի ներկայացուցիչներով էինք, սակայն ունենալով տարբեր մշակույթներ, կրթություն կամ մասնագիտություն` բոլորս ունեինք գրեթե նույն պատկերացումը խաղաղության վերաբերյալ: Սակայն մի հարց է ծագում. ո՞ր պահից է խաղաղությունը սկսվում, և ինչու՞ մարդկությանը չի հաջողվում հասնել համընդհանուր խաղաղության: Քննարկումից հետո մենք պետք է ընտրեինք մեկ բառ, որը մեր կարծիքով ամենալավն է բացատրում խաղաղությունը: Վերջում ունեցանք տասնյակ բառեր: Բաժանվեցինք չորս խմբի և սկսեցինք կազմել նախադասություններ յուրաքանչյուրով (հետագայում պետք է քվեարկեինք, ընտրեինք այն նախադասությունները, որոնք լինելու էին մեր «Խաղաղության հուշագրի» հիմնական կետերը):

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Օրը շատ արագ անցավ, և եկավ հեծանվարշավի ժամանակը: Անձրևում էր, բայց դա մեզ ընդհանրապես չէր խանգարում: Մենք վարում էինք, թրջվում, ոմանք նույնիսկ ընկնում: Մեկ ժամ անց հանդիպեցինք «Coming World Remember Me» ծրագրի կազմակերպիչներին: Նրանք հետաքրքիր ֆլեշմոբ էին իրականացրել:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ամբողջ աշխարհից կամավորները պատրաստել էին վեց հարյուր հազար արձանիկներ, որոնք նման էին կծկված երեխայի և կոչված էին հարգելու Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը: Յուրաքանչյուրի մեջ դրված էր այն մարդու անունով մեդալիոնը, ում հիշատակի համար այն պատրաստվել էր:
Արդեն մթնել էր, ցրտել, իսկ անձրևը շարունակում էր գալ: Բարեբախտաբար հեծանիվներով չվերադարձանք: Ստիպված էինք մոտ մեկ ժամ սպասել, չնայած դրան` շատ հետաքրքիր անցավ, որովհետև ես և Անուշը ծանոթանում էինք Պերուի մշակույթին (այս անգամ մեր զրուցակիցը պերուացի էր): Մեքենան եկավ, նստեցինք, իսկ մեզ սպասում էին տաք շոկոլադն ու տաք ցնցուղը…