arpine miqayelyan

Գնա՞նք կարուսել

-Մա՛մ, մա՛մ, արի՛ գնանք կարուսել, հետո կոնֆետ կուտենք: Կուզե՞ս նաև կգնանք մուլտ դիտելու, խնդրում եմ,- մեկն անընդհատ ասում էր իր մայրիկին, ով ասես նման մտադրություն չուներ:

Հետաքրքրեց, շրջվեցի, որ տեսնեմ, թե ինչ է պատահել, և նկատեցի, որ կնոջ կողքին ոչ թե փոքրիկ է, այլ բավականին մեծ աղջիկ, ով շարունակ ասում էր.

-Մա՜մ, գիտեմ, որ դու էլ քո հոգու խորքում ցանկանում ես կրկնել մանկական արկածներդ, դե, արի՛…

Կարծես երեկ էր, երբ արեցինք առաջին քայլերը, երբ մայրիկի և հայրիկի ձեռքից բռնած գնացինք մանկապարտեզ`մի վայր, որի հետ կապված հիշողությունները միշտ գունավոր են, երբ փոքրիկ քայլերով մտանք դպրոց ու նստեցինք առաջին նստարանին:

Մեծանալ դեռ չի նշանակում՝ մեծանալ: Այո՛, թվերը գումարվում են թվերին, սկսում ենք ավելի խորը մտածել, բայց այս ամենի մեջ կա մի անփոփոխ բան`մանկական երջանկությունը:

Երբ դեռ շատ փոքր էինք, ուշադիր հետևում էինք, թե ինչպես է մայրիկը քաղցրավենիք պատրաստում, բայց բնական է, որ դա անում էինք ոչ թե նրա համար, որ պարզապես հետաքրքիր էր, այլ անհամբերությամբ սպասում էինք, թե երբ վերջապես նա մեզ կհանձնի այն ամանը, որի մեջ դեռ ոչ պատրաստի քաղցրավենիքի մնացորդներ կային: Ահա, երբ վերհիշում եմ, հասկանում եմ, որ ոչինչ էլ չի փոխվել. Դե, ինչ մեղքս թաքցնեմ, կարծում եմ ինձ նման շատերը դեռ մեծ ուրախությամբ սպասում են այդ ամանի հանձման հանդիսավոր արարողությանը:

Հիշում եմ նաև այն մեծ բերկրանքը, որն ապրում էինք, երբ մեզ տանում էին կարուսել, նաև ստանում էինք քաղցր բամբակ ու պաղպաղակ… Էլի ոչինչ չի փոխվել, էլի անսահման երջանիկ ենք, երբ ունենք քաղցրավենիք ու հնարավորություն`ադրենալին հաղորդող ատրակցիոններից օգտվելու:

Երևի ավելորդ է մուլտերի մասին խոսելը, քանի որ դա այն մեծ ուրախությունն է, որը պարզապես երբեք չպետք է հեռանա մեր կյանքից, ու նույնիսկ այն մարդիկ, որոնք արտաքուստ այնքան լուրջ են թվում և պահվածքով ուզում ապացուցել, որ մանկությունը իրենց համար պարզապես վառ հիշողություն է, միևնույն է, նրանք նույնպես սիրում են մանկանալ ու դիտել իրենց սիրելի մուլտը. գուցե հենց իրենց փոքրիկի հետ`բոված եգիպտացորենի և շոկոլադե սալիկների ուղեկցությամբ:

Ասում են, թե մանկությունը գունավոր է, լուսավոր ու անհոգ. դե հա, մեծանալուն զուգընթաց ավելանում են խնդիրները, բայց դու կարող ես քո հոգում պահել մանուկ մնալու ծաղիկը, որն անդադար ծաղկում է ու լցնում ողջ ներաշխարհդ:

Հայ բելգիական “exploring the world through the lens of camera” ծրագիր. Օր ութերորդ

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Առավոտն սկսեց զարթուցիչի խլացուցիչ ձայնով։ Մի կերպ արթնանալով արթնացրի Ամալյային ու Մորենին, ու շտապեցինք նախաճաշելու մեր սիրելի հյուրընկալ ընտանիքի հետ։ Ես, Եվան, Ամալյան, Ինեսան, Մորենը, Յիցըն ու Լենկան հյուրընկալվել էինք Ազիզյանների տանը։

-Եկեք բալա ջան, եկեք հաց կերեք,-լսվում է Վալյա տատիկի ձայնը հյուրասենյակից։

-Էկան, սիրուն, խելոք բալաները էկան,-ավելացնում է Սուսան տատիկը։

-Իսկ մեղր կա՞,-ինչպես միշտ հարցնում է Լենկան ու ժպտում։

Ուրախ, զվարթ նախաճաշում ենք, Սուսան տատիկը տարբեր հումորներ է անում, ինչպես նաև մածուն քսում Մորենի արևահարված ուսերին։ Մորենը ծիծաղում է, բայց չի ընդդիմանում Սուսան տատիկին։

Գյուղում ուխտի օր է, ինչպես նաև խաղողօրհնեք, և շատ հյուրեր կան, հատկապես մեր հյուրընկալ ընտանիքում։

Բաժանվել էինք 3 խմբի։ Մի խումբը պետք է բարձրանար վանք՝ նկարահանելու ուխտավորներին և իրադարձությունները, մյուս խումբը որոշեց հանդիպել Արա Խաչատուրյանի հետ, ով Ֆրանսիայից քայլելով հասել էր Հայաստան։ Իսկ մեր խումբը մնաց հյուրընկալ ընտանիքում, որպեսզի տեսնի ու լուսաբանի ուխտի հետ կապված իրադարձությունները, ինչպես նաև նկարահանի թոնրում արվող ավանդական խորովածը։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Տանը բոլորը խառնված էին իրար՝ սեղանի պատրաստություն են տեսնում ու պատրաստում են ավանդական մատաղը, որից պետք է անպայման մի կտոր ուտել ասելով՝ ընդունելի լինի։ Թեև շատ էինք շտապում, բայց հասցրեցինք ճաշակել մատաղը, խմբով նկարվել ու ցտեսություն ասել մեր շատ սիրելի հյուրընկալ ընտանիքին։ Բոլորս հերթով ջերմորեն գրկում էինք նրանց ու լսում նրանց օրհնանքը։

-Աստված ձեզ պահապան,-ասում է Վալյա տատիկը արցունքները սրբելով։

-Լավ մնացեք։

Մի փոքր տխուր, բայց նաև ոգևորված քայլում ենք մեզ ծանոթ դարձած ճանապարհով։ Միավորվում ենք մյուսների հետ և գնում բարբիքյու փարթիի՝ խորոված ուտելու, որի. պատրաստմանը պետք է ինքներս էլ մասնակից լինեինք։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Ավտոբուսից իջնելուն պես տեսնում ենք Եվայի ծնողների ժպտացող դեմքերը և լսում փոքրիկ Անգելինայի ուրախ ու զրնգուն  ծիծաղը։

Մեր բելգիացի ընկերները շատ են հավանել հայկական խորովածը, իսկ Ռեդուանը հայկական կենաց է ասում, դե իհարկե, Արմանի ու Սուրենի օգնությամբ։

Հետաքրքիր և հագեցած օր էր, վերջապես վերադարձանք հյուրանոց։ Դե ես էլ որոշեցի ուշ քնել ու գրել ութերորդ օրվա օրագիրը։

Սոնա Զաքարյան

***

Ներկայացնում ենք մեր մասնակիցներինarman baghdasaryan

Հարցազրույց Արման Բաղդասարյանի հետ

-Ինչպե՞ս  եղավ, որ մասնակցեցիր  այս  ծրագրին:

-Անցյալ տարի ես և քույրս մասնակցել ենք «Մանանայի» կազմակերպած մեդիա-որքշոփին, ու ես պարբերաբար թղթակցում եմ 17-ին: Հայտարարությունը քույրս էր տեսել: Ասաց, որ ամբողջ օրը տանը նստած եմ, ոչինչ չեմ անում, մասնակցեմ և ինչ-որ բան սովորեմ: Այդպես ես որոշեցի մասնակցել, նոր մարդկանց ճանաչել, նոր բաներ սովորել, անգլերենս զարգացնել:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր ծրագրից:

-Մեծ հույսեր չէի կապում, որովհետև մտածում էի՝ ավելի լավ է երազանքների մեջ չընկնեմ: Հիմա տեսնում եմ, թե ինչքան նոր բաներ ենք սովորում լրագրությանից, լուսանկարչությունից, միգուցե հետագայում նաև կինոյի վերաբերյալ: Արդեն ավելի մեծ ակնկալիքներ ունեմ:

-Արդյո՞ք բոլոր ակնկալիքներդ արդարացան:

- Նոր մարդկանց ճանաչեցի թե՛ Բելգիայից, թե՛ Հայաստանից: Հիմա զգում եմ, որ անգլերենս համեմատաբար ավելի լավ է: Բոլորի հետ շփվում եմ: Մեր բելգիացի հյուրերի հետ շատ հագեցած ժամանակ ենք անցկացնոմ:

-Այս մեկ շաբաթվա ընթացքում ի՞նչն է ամենաշատը տպավորվել:

-Ամենաշատը տպավորվել է այն անձրևոտ օրը, երբ բոլորս անձրևի տակ թրջվելով քայլում և զվարճանում էինք: Արզականի այս երեք օրերը նույնպես տպավորվեցին, որովհետև ամեն ինչ շատ լավ և հետաքրքիր էր:

-Մեր կատարած ճանապարհորդություններից ո՞րն է քեզ ամենաշատը դուր եկել:

-Ինձ ամենաշատը դուր է եկել Դիլիջանը, քանի որ այնտեղի բնությունը և մաքուր օդը ինձ ամեն անգամ զարմացնում են:

-Պատմիր տարօրինակ պատմություն, որ տեղի է ունեցել այս ծրագրի ընթացքում:

-Երբ մենք Արզականում էինք, առաջին գիշերը ես, Սուրենը և Ռեդուանը միասին մի սենյակում էինք: Մենք պառկած ուրախանում, ծիծաղում էինք և պահի ազդեցության տակ հասկացանք, որ հիմա տեղի է ունենում մի անհավանական բան. երևանցին, հրազդանցին և մարոկկացին միասին մի սենյակում քնում են Արզական գյուղում: Դա շատ անհավատալի բան էր:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Ի՞նչ ես սովորեցրել քո ընկերոջը՝ Ռեդուանին:

-Սովորեցրել եմ հայերեն բարեկիրթ բառեր, որոնք նա կարող է օգտագործել շփման մեջ: Նրան սովորեցրել եմ ինչպես իրեն պետք է պահի «հայ տղան»:

***

Հարցազրույց Ռոուին Դը’Հոլանդերի հետredoin

-Ինչքա՞ն ժամանակ է, որ «Թումուլտի» անդամ եք:

-Չորս տարի առաջ էր, երբ ես մասնակցեցի փոխանակման ծրագրի:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Ու՞մ գաղափարն էր Հայաստան գալու ծրագիրը:

-Մայիսին ես և Լիոն եկանք «Մանանա» կենտրոն և քննարկեցինք, թե ինչ ենք անելու այս երկու շաբաթվա ընթացքում: Հետո մենք վերադարձանք տուն, իրար նամակներ գրեցինք, և այդպես կազմեցինք ծրագիրը: Երեք օրով էինք եկել: Դա հեղափոխությունից անմիջապես հետո էր: Բոլորը շատ դրական էին տրամադրված: Նրանք ասում էին, որ սա նոր սկիզբ է: Շատ հաճելի էր դա լսել այն ժամանակ:

-Հիմա ձեր տպավորությունները տարբերվու՞մ են առաջին այցելության տպավորություններից:

-Առաջին անգամ, երբ եկել էի Երևան, ես գիտեի միայն, թե ինչպիսին է Երևանը, բայց հիմա ես գնացի այլ քաղաքներ և գյուղեր: Իմացա, թե ինչպես են ապրում Հայաստանի ուրիշ հատվածներում:

-Ի՞նչն է ձեզ դուր գալիս հայերի մեջ:

-Հյուրընկալությունը: Ամեն տեղ, որտեղ գնում ենք, նրանք մեզ հրավիրում են սեղան նստելու: Իրոք շատ հաճելի է հանդիպել հայաստանցիներին:

-Ի՞նչը չեք հավանում հայերի մեջ:

-Մենք միասին աշխատելու մի ձև գիտենք, դուք՝ մեկ այլ, և մենք պետք է հարմավենք ու դա է, որ ես այնքան էլ չեմ հավանում: Մենք պետք է խումբ դառնալու ճանապարհ գտնենք: Բայց դա էլ է հետաքրքիր:

-Պատմեք մի հետաքրքիր պատմություն, որ պատահել է այս ընթացքում:

-Ես շատ տպավորված էի, երբ մենք եկեղեցիներ էինք այցելում և գնում էինք տեսնելու Հայաստանի բնությունը: Դա առաջին անգամն էր, որ դուրս էի եկել Երևանից: Իրոք շատ տպավորիչ էր տեսնել եկեղեցու մոտի ջրվեժը:

-Հայկական ո՞ր սովորույթն է ձեզ ամենաշատը դուր գալիս:

-Այն, որ ընտանիքում երբ հյուր է լինում, ամենապատվավոր տեղում հյուրերն են ու հետո նոր ընտանիքի անդամները: Կարծում եմ դա իրոք տպավորիչ է:

Լիլիթ Վարդանյան, 15տ.

***

Sunday the 12th of august

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Today was our last day at the amazing host families. When we woke up we had a big breakfast with bread, potatoes, mashed potatoes, meat, yoghurt, homemade cheese,… Morane and Sona had to rush the breakfast, they had to leave the house at ten o’clock to meet their group for an interview. The others, who didn’t have an interview planned, could rest a bit more and work on their project. Around lunchtime some went to the church to watch the ceremony, others met a guy who had walked from France to Armenia and some stayed at a host family to see how the food was made.

At half past three we gathered at the main house to leave for the barbecue after a long goodbye to our host families. At the barbecue we could swim but most of us just hang around and talked to each other. When the food was ready we all sat in a tent and ate. We had chicken, pork, salads, bread, vegetables and more. After dinner we hung around again, we pet a dog and ate dessert.

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

When we cleaned up we went to the bus to go back to Yerevan, the bus ride was really long and finally we arrived at Manana. We picked up our stuff and had an exhausting walk back to the hostel since we were carrying everything we brought. At the hostel we divided the rooms and mixed up Armenian and Belgian girls (the early and late sleepers). We unpacked and after that we could do what we wanted at the hostel.

 Jitse Van Nueten

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Վերափոխման տոնին վերափոխումներ

Օգոստոսի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Աստվածածնի Վերափոխման տոնը կամ խաղողօրհնեքը: Տոնին ընդառաջ, Արագածոտնի թեմի Եղիպատրուշ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին էլ վերափոխվել էր: Տոնը կրկնակի էր եղիպատրուշեցիների համար՝ շնորհիվ մի խումբ անհատ բարերարների: Բարերարները սեփական նախաձեռնությամբ հոգացել էին եկեղեցին ապահովել պատուհաններով, մոմամաններով, գրակալներով, գորգերով, Սուրբ Սեղանով և ամենից կարևորը, տեղադրվել էր դուռ: Բարերաները, որոնք այդպես էլ չցանկացան անվանական խոսել, նշեցին, որ այս եկեղեցին մի անգամ տեսնողը չի կարող անտարբեր մնալ, չի կարող չդառնալ նրա մի մասը: Դռան ծախսերը հոգացած բարերարը նշեց նաև, որ եկեղեցուն պետք է վերաբերվել ինչպես սեփական տանը:

-Եթե տունդ մաքրում, պահպանում ես քամուց, կենդանիներից, ուրեմն, հոգևոր տունը առավել ևս արժանի է ուշադրության:

Եղիպատրուշեցիների համար Սուրբ Աստվածածին եկեղեցին և Աստվածամայրը գյուղի հովանավոր Սրբություններն են, ուստի այսօրվանից էլ ավելի պարտավորված են պահպանել իրենց սրբությունը: Տեր Մուշե քահանա Վահանյանը, ում մեծ ջանքերի շնորհիվ եկեղեցում ի վերջո բարեկարգումներ եղան, Սուրբ Պատարագի քարոզի ժամանակ նշեց, որ եկեղեցին այլևս միայն աղոթքի տուն է, որտեղ էլ չպիտի կենդանիներ լցվեն, որի պատերը էլ չեն ողողվելու ոչ առաքելական սրբատկերներով:

Եկեղեցու բարեկարգումը շատ կարևոր է հոգևոր կյանքը ակտիվացնելու համար: Դա ևս մեկ անգամ ապացուցեց բարեկարգություններից հետո տոնին մատուցված Սուրբ Պատարագի մարդաշատությունը:

Anush margaryan

Հեքիաթ մոլորակի ամենապայծառ լույսի մասին

Երկրագնդում կան այնպիսի մարդիկ, առանց որոնց աշխարհը կզրկվեր բոլոր գույներից, արևն էլ չէր լինի այնպես պայծառ, ինչպես այժմ է… Առանց որոնց, թռչունները տխրությունից այլևս չէին երգի…

Եթե 100 տարեկանում մտածելիս լինեմ իմ կյանքի ամենակարևոր իրադարձության մասին, ապա այն առանց մեկ գրամ կասկածի, կլինի Կենսաբանության օլիմպիադիան… Ըը՜, ինչ վերաբերում է 100 տարի ապրելուն՝ գիտեմ, ախորժակս շատ մեծ է:

Չէ, չեմ պատրաստվում պատմել օլիմպիադայի մասին, որովհետև ինձ համար նա մի հեքիաթային մոլորակ է՝ սրտիս ձախ փորոքում գտնվող, որի մասին խոսելիս թվում է, թե շատ քիչ բառեր գիտեմ, և դրանք բավական չեն պատմելու համար այն ամենը, ինչը կա ու կատարվում է այդ մոլորակում… Գիտե՞ս, այնքան բարի ու հոգատար բնակիչներ են այնտեղ ապրում, որ կարելի է նրանցից յուրաքանչյուրի մասին անչափ բարի հեքիաթներ հորինել…Հը՜մ, բայց ես կպատմեմ բնակիչներից մեկի՝ Տաթևի մասին, ում տեսնելիս այդ մոլորակի արևն ավելի է պայծառանում…

Տաթևին երկու տարի է, որ ճանաչում եմ, բայց երկու տարին կարծես երկու հազար տարի լինի… Երկու տարի առաջ՝ օլիմպիադայի հանրապետական փուլին, երբ իմ սովորության համաձայն, հերթով զննում էի բոլորին ու փորձում ստանձնել Շերլոկ Հոլմսի դերը, նկատեցի մի աղջկա, ում մասին առաջին հայացքից մտածեցի. «Հը՜մ, այս աղջիկը, երևի, ողջ օրը միայն լուռ նստում է, ինչպե՜ս կարելի է այսքան տխուր դեմք ունենալ, ոչ երանի նրա ընկերներին»… Տա՛թ, գիտեմ, որ հիմա կկարդաս ու կծիծաղես…

Անկեղծ ասած, իմ կյանքում հանդիպած ամենալավ մարդկանց մասին առաջին անգամ հենց այդպես եմ մտածել ու հիմա, երբ ինչ-որ մեկին նայելիս այդ միտքն է գալիս, վստահ եմ, որ երկրագնդի ամենաբարի մարդկանցից է նա:

Օլիմպիադայից հետո ես ու Տաթևը միասին գնում էինք միջազգային օլիմպիադայի պարապմունքներին… Հայկական, ավանդական երգերից մեկի խոսքերը եկան մտքիս. «Պատահական չի լինում ոչ մի բան, մենք պիտի հանդիպեինք իրար»… Չէ, այնպես չէ, որ ողջ օրը դա եմ լսում, ուղղակի կան տողեր, որ պարտադիր պետք է անգիր իմանալ, չգիտեմ էլ, թե որտեղից:

Հենց առաջին օրը, երբ չէի կարողանում միացնել համակարգիչս, Տաթևն առաջարկեց օգնել ինձ ու առանց պատասխանի սպասելու միացրեց այն, ժպտաց, ու մենք ծանոթացանք: Հենց այդ օրը հասկացա, որ Շերլոկ Երկրորդը էլի սխալվել է, ու թե որքան լավն է Տաթևը: Այդ մի քանի օրերի ընթացքում մենք միշտ նույն ավտոբուսով էինք գնում, ողջ ճանապարհին շատախոսում, մյուս մասնակիցների դեմ «հատուկ գործողությունների պլաններ» մշակում (շտապեմ տեղեկացնել, որ դրանք այդպես էլ չարեցինք, հանգիստ եղեք), ու պատկերացնում մեր երազանքի իրագործումը: Ճիշտ է, երկուսիս հատուկ պլանը չիրականացավ, բայց կարևորն այն էր, որ ես գտա Տաթևին:

Տաթևը նման է ճերմակ ու ժպտերես ամպիկի, նրա խաղաղ դեմքին նայելիս այնքան է հոգիդ թեթևանում, կամ էլ Խիկար իմաստունին (երրորդ դասարանում, երբ անցնում էինք այդ դասը, որքա՜ն էի նրան սիրում): Նա գիտի ամեն բան, տալիս է խորհուրդներ: Տաթևը ոգեշնչման աղբյուր է, պատրաստ է քեզ հետ կիսել քո տխրությունը և ուրախությունը, հավատալ քո ուժերին անգամ այն դեպքում, երբ ոչ ոք չի հավատում, նա բոլորի մեջ տեսնում է գեղեցիկը, սիրում ու գնահատում այն: Նրա հետ կարող ես երազել, հավատալ հրաշքներին ու լցվել լավատեսությամբ: Տաթևը պատրաստ է հասկանալ նույնիսկ ամենաանհասկանալի մարդուն, հասկանալ քեզ, երբ նույնիսկ ինքդ քեզ չես հասկանում: Ինձ թվում է, երբ նա քայլում է փողոցում, բոլոր միմյանց հետ վիճող ծաղիկները սկսում են ժպտալ և մոռանալ վեճը, երբ երկինքը զայրանում է՝ տեսնելով Տաթևի բարի աչքերը, միանգամից խաղաղվում է:

Հա՜, գիտեմ, թե ինչ ես մտածում՝ երանի ինձ, որ Տաթևի նման ընկեր ունեմ:

Anna mkhitaryan

Մանկության հիշողությունս գրպանումս է

Մանկության հիշողությունս գրպանումս է: Հա՛, գրպանումս, որովհետև բոլոր զգեստներս ընտրել եմ գրպանով: Հիշողությունը, լավ ու անմոռանալի պահերը ստիպում են անցյալս հիշել: Հիշել ու ժպտալ:

Մանկական հիշողություններս ամենաշատը կապված են մանկապարտեզի ու ամենամտերիմ ընկերուհուս հետ:
Մանկապարտեզ հաճախել եմ երկու տարեկանից, (դե, մայրս այնտեղ էր աշխատում): Մանկուց ինձ ահավոր երես են տվել: Մանկապարտեզի դաստիարակչուհին ինձ շատ է սիրել ու սիրել է կամակորություններս: Պատմեմ մի դեպք:
Մի անգամ մանկապարտեզում, երբ նորեկներ են եկել, ու բավականին շատ են եղել երեխաները, մեր դաստիարակչուհին հոգնած նստել է: Դե ես էլ առիթից օգտվել ու սկսել եմ խաղալ մազերի հետ: Երբ երեխաները անընդհատ գոռացել են. «Ընկեր Կիմա, ընկեր Կիմա», նա հոգնածությունից չի պատասխանել, ես եմ պատասխանել.
-Ձայներդ կտրե՛ք, ընկեր Կիման մեռել է:
Ու հենց այդ պահից սկսած գրեթե ամեն օր հիշում էին դա ու ծիծաղում:

Եվ ես շատ «նրբանկատ» եմ եղել: Երբ գույքի տարեկան հաշվետվության ժամանակ այնտեղ եմ եղել, հաշվարկելու ժամանակ տնօրենը դիմել է մայրիկիս.

-Անժելա՛, գրիր ձեր խմբին 2 նոր խալի:
Ու այդ պահին ես՝ նոր ի հայտ եկող սխալներ ուղղելու հատկանիշս վեր հանելով, գոռացել եմ.
-Դե հերիք է, խալի չէ՝ գորգ, գորգ…
Բայց ամենագիժ օրերը ունեցել եմ ընկերուհուս՝ Մելսիդայի հետ:
Մելսիդան հիմա17 տարեկան է, նույն գյուղի, նույն թաղամասի, նույն շենքի բնակիչներ ենք ու միասին եք մեծացել: Ես ու նա անչափ տարբեր մարդիկ ենք, բայց ունենք երկու նմանություն:Սիրում ենք գիրք և ունենք նույն մանկական հիշողությունները: Երկուսս էլ սիրել ենք լուսինը, ու հիմա էլ ենք սիրում:
Մի անգամ դրսում խաղալիս սկսել ենք միմյանց մոտ նախանձ առաջացնել, և Մելսիդան դիմելով ինձ ասել է.

-Ան՞ՙ, տես էս լուսինը պապաս է գնացե ֆռցրել,- կիսալուսին էր:

Ես էլ լաց լինելով վազել եմ տուն, և բավականին ժամանակ նեղացած եմ մնացել նրանից: Ու գիտե՞ք, երկար ժամանակը ինչքան էր: Տասը րոպե,և մինչև այժմ մեր նեղանալու ժամանակը մի քանի րոպե է, ու դրանից հետո կամ ես կամ նա վազել ենք մյուսի տուն և դռան հետևից գոռացել.
-Ան՞ կամ Մե՞լ, կգա՞ս դուրս:

Եվ այդ պահին մոռանալով ամեն ինչ վազում էինք խաղալու:
Եվ ես այս հիշողությունները այսօր, այս նյութի համար չեմ գրել, այլ հիշել եմ ամեն օր: Հիշել և որոշել եմ, նպատակ դրել, որ երբեք չկորցնեմ այդ ընկերությունը, հիշողությունը: Պահեմ գրպանումս և միշտ ժպտամ:

Հայ բելգիական “Exploring the world through the lens of camera” ծրագիր. օր յոթերորդ

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Արդեն երկու օր է, ինչ հայ-բելգիական ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Կոտայքի մարզի գյուղ Արզականում: Առաջին օրը, երբ ավտոբուսը կանգնեց մեր դարպասի դիմաց, կարծես, հենց այդ նույն պահին ժամանակը սկսեց էլ ավելի արագ աշխատել, և մենք չէինք հասցնում ըստ օրակարգի շարժվել … Բնականաբար, առաջին օրը շատ կարճ թվաց ինձ համար, քանի որ շատ քիչ բառեր հասցրեցի սովորեցնել մեր բելգիացի հյուրին, որոնք չորս մասնակցով հյուրընկալվել էին մեր տանը:

Օրիենն արդեն հասցրել է սովորել հայերեն մի քանի դժվար բառեր, ինչպիսին օրինակ՝ դուխով…

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Երկրորդ օրն արդեն մեր հյուրերը գյուղի երիտասարդների հետ բարձրացան Աստվածածին եկեղեցու փլատակներ, որի շրջակայքը որոշել էին մաքրել: Ամեն տարի Աստվածածնի Վերափոխման տոնից առաջ գյուղացիները նախաձեռնում են շաբաթօրյակ, և ուրախ ենք, որ այս անգամ մեզ միացան նաև օտարերկրացիներ ու հյուրեր:

Երբ բարձրացանք եկեղեցի, մեզ այնտեղ դիմավորեց Արզական վարչական համայնքի ղեկավար՝ պարոն Մարգարյանը: Նա զրուցեց ծրագրի մասնակիցների հետ, ներկայացրեց մեր գյուղը, նաև եկեղեցու մասին պատմեց հյուրերին: Քիչ հետո անցանք գործի: Հայերը, կարծես, օրինակ ծառայելով օտարերկրացիներին, սկսեցին մաքրել եկեղեցին: Բելգիացիները ոգևորված շտապում էին այս ու այն կողմ, չէին ցանկանում աղտոտված տարածք տեսնել, մաքրում էին ամեն բան: Մի կողմից ուրախ էի, որ պատմամշակութային կոթողը այդքան զարմացրել ու ոգևորել է իմ նոր ընկերներին, սակայն մյուս կողմից էլ վատ էի զգում, որ փլատակված եկեղեցին, որ սրբությամբ, խնամքով և հավատով պահպանում են արզականցիները, դեռ վերանորոգված չի, ու ամեն տարի նոր քարեր են պոկվում:

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Մեկ ժամ հետո, երբ աշխատանքը վերջացրեցինք, հասկացանք, որ բավականին հոգնել ենք ու շտապեցինք տուն:

Մի փոքր հանգստանալուց հետո բոլորը հավաքվեցին մեր տանը, և որոշում էինք մեր վաղվա անելիքները …

-Էրեխեք պա՛րզ ա, վաղը ով ի՞նչ ա անելու…

Ուշ գիշերին բոլորը ցրվեցին հյուրընկալող տներով:

Էլադա Պետրոսյան

***

Վերժինե քույրիկ

Արզական գուղում հետաքրքիր ավանդույթ կա խաղողօրհնեքի տոնի հետ կապված։ Այդ մասին զրուցեցինք Արզական գյուղի բնակիչ Վերժինե Պետրոսյանի հետ։

-Մենք նկատեցինք, որ Աստվածածնի տոնը արզականցիները մեծ ոգևորությամբ են նշում: Այսօր որ տան մոտով անցանք, նախապատրաստվում էին:

-Դե նախ, Մարիամ Աստվածածնի տոնն է, Խաղողօրհնեքը։ Ոնց դիմավորես տոնը, այդպես էլ կանցնի։ Ուրախ ենք դիմավորում, մատաղ ենք անում, խորոված ենք անում, խմորեղեն ենք անում, հետո՝ խաղող, դեղձ, տարբեր մրգեր:

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Կարծես Նոր տարի լինի գյուղում:

-Նոր տարվա ու Խաղողօրհնեքի տարբերությունն այն է, որ Նոր տարուն մարդիկ գնում են միմյանց տուն, իսկ այս տոնին դրսից հյուրեր ենք ունենում։ Գիտեք ի՞նչ խոսք կա. «Մարիամ Աստվածածինն էկավ՝ բակը մտի, Սրբխեչն էկավ՝ ծակը մտի», բայց դա ասում են եղանակի մասին։ Մինչև Սրբխեչը չէր ցրտում, բայց այս տարի ցրտել է։ Հիմա մենք էլ բակում հաց չենք դնում, որովհետև արդեն եղանակը ցրտել է։ Մեր գյուղում այս օրը իսկապես մեծ շուքով են նշում:

Հնուց ի վեր եկեղեցին ունեցել է Մարիամ Աստվածածնի տոնը, որը միշտ նշվում է երկրորդ լիարժեք կիրակի օրը։

- Իսկ լինո՞ւմ է, որ ձեզ հրավիրեն այդ օրը:

- Բոլորի տանը դրսից հյուրեր են լինում, ու համարյա ոչ ոք չի կարողանում այդ օրը տնից դուրս գալ։

- Իսկ դուք միշտ այս ուխտին գնացե՞լ եք։

-Ես նախքան այս գյուղ հարս գալը, ապրել եմ Չարենցավանում ու ամեն տարի եկել եմ մոմ վառելու ընկերներիս, ընտանիքիս կամ կուրսեցիներիս հետ։

- Չարենցավանից էլի՞ մարդիկ կան, որ գալիս են՝ բարձրանալու եկեղեցի։

-Իհարկե, շատ կան։ Մենք նաև Երևանից ենք շատ հյուրեր ունենալու վաղը ու ամեն տարի ունենալու ենք այդպիսի հյուրեր։

- Այդ փոքր եկեղեցում այդքան շատ մարդ է գալի՞ս։

-Շատ-շատ։ Վաղը, երբ բարձրանաք, այդքան ազատ չեք կարող գնալ։ Մեքենաները շատ են, և մարդիկ դժվարությամբ են գնում։

-Ասացիք, որ այդ օրը բոլորը մատաղ են անում, ինչո՞ւ:

- Աղը տանում են եկեղեցի, օրհնում են, բերում են լցնում գառան բերանը և մորթում։ Աղավնի և աքլոր են տանում։ Մորթելուց հետո բաժանում են յոթ տների մեջ։ Բոլոր նրանք, ովքեր տարվա ընթացքում նպատակ են պահել ու խոստացել, այդ օրը մատաղ են անում:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

- Իսկ ուտեստներից միայն մատա՞ղն է, որ խորհուրդ ունի։

-Միայն մատաղը, խաղողը պարտադիր է, որովհետև խաղողօրհնեքի տոնն է։

Նախ բարձրանում են եկեղեցի, մոմ եմ վառում, հետո նոր իջնում են ու հավաքվում սեղանի շուրջ։ Կան հյուրեր, որոնց կարելի է տեսնել տարվա մեջ միայն այդ օրը։ Եվ ավելիշատ թեմաներ են լինում իրենց հետ խոսելու մինչև ուշ ժամ։

Հարցազրույցը վարեցին՝ 

Վալենտինա Չիլինգարյանը, Աննա Անդրեասյանը, Ռեդուան Լաչկարը, Մարիամ Նալբանդյանը, Լիլիթ Վարդանյանը

 ***

Ներկայացնում ենք մեր մասնակիցներին

Հարցազրույց Ինեսա Զոհրաբյանի հետ:Inesa Zohrabyan aragacotn

-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել այս ծրագրին:

-Մասնագիտական առումով չեմ կողմնորոշվել և երբ իմացա, որ այս ծրագիրը կապ ունի լրագրության հետ ու նաև կօգներ ինձ անգլերենի զարգացման հարցում, դե, ինչքան էլ ունենաս գիտելիքներ, երբ չես խոսում, մոռանում ես, որոշեցի դիմել: Տեսա հայտը ու որոշեցի ուղարկել իմ մոտիվացիոն նամակը, ունեցա հարցազրույց Մանանա թիմի հետ, անցա: Մի խոսքով` նպատակս և բելգիացիների հետ շփումն էր, և անգերենիս իմացությունը խորացնելը, և մասնագիտական առումով մի քիչ կողմնորոշվելը:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր ծրագրից:

-Առաջին հերթին մտածեցի բելգիական մշակույթին ծանոթանալու մասին, նաև հետաքրքիր կլինի ներկայացնել իրենց մեր մշակույթի առանձնահատկությունները: Հույս ունեմ, որ ձեռք կբերեմ լավ ընկերներ, որոնք կապրեն Բելգիայում և ինձ կօգնեն մասնագիտական առումով: Թեկուզ` կօգնեն ինձ աշխատել ֆոտոապարատի հետ:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Արդյո՞ք ակնկալիքներդ արդարացան: 

-Սա յոթերորդ օրն է, ու ինձ թվում է` այո: Միայն սպասում եմ մեր խմբային աշխատանքները իրականացնելուն: Կունենանք լավ ֆոտոշարք, հարցազրույցներ, և այդ դեպքում ես լիարժեք կարող եմ ասել, որ այս ծրագիրը հաջողվել է:

-Հասցրե՞լ ես արդեն շփվել բոլոր բելգիացի մասնակիցների հետ:

-Բոլորի հետ շփվել եմ, որովհետև միասին ենք ապրում, և բացի դրանից` թիմ առաջնորդների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Նրանք ոչ մեկի չեն թերագնահատում, նաև եթե անգլերեն խոսքի մեջ սխալներ ենք թույլ տալիս, նրանք չեն ուղղում, փորձում են հասկանալ: Երբ նրանց հետ շփվում ես, յուրաքանչյուրը առանձին տեսակ է:

-Ի՞նչ տպավորություններ ունես այս օրերից:

-Տպավորություններս շատ լավն էին: Մի քանի բառեր եմ սովորել բելգիացիներից: Օրինակ` ֆրանսերեն comment ça va, որը թարգմանաբար նշանակում է ինչպե՞ս ես:

-Արդյոք արդեն մասնակցե՞լ ես նմանատիպ ծրագրի, թե՞ սա առաջինն էր:

-Նմանատիպ ծրագրի չեմ մասնակցել: Փորձել եմ, բայց երրորդ փուլից դուրս եմ մնացել:

***

Հարցազրույց Լենկա Բրոսենսի հետ:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր մինչև Հայաստան գալը:

-Այստեղ առաջին անգամ չեմ և գիտեի` ինչ է ինձ սպասվում: Այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է:

-Ի՞նչ տպավորություններ ունես:

-Կարծում եմ` տպավորություններս շատ տարբեր են: Այս տեսարանները շատ գեղեցիկ են: Անցած անգամ, երբ ես Հայաստանում էի, այդքան շատ չէի շփվել մարդկանց հետ և չգիտեի` ինչ ակնկալել նրանցից, բայց հիմա ես նրանց հետ շփվեցի և ես սիրում եմ նրանց:

-Ի՞նչն է քեզ դուր գալիս այս ծրագրի մեջ:

-Ուզում եմ ասել այն, ինչ ինձ դուր չի գալիս ծրագրի մեջ: Իհարկե, բոլոր գաղափարները, մեր տունը, մարդիկ շատ լավն են, բայց այս ութ օրվա ընթացքում մենք չենք արել մեր խմբային աշխատանքը. մենք ոչինչ չունենք արած: Իմ ակնկալիքն էր ունենալ խմբային աշխատանք և վերջում ունենալ ֆիլմ: Մենք ունենք գրեթե մեկ շաբաթ և կարող ենք ուղղել այս իրավիճակը:

-Նոր բան սովորեցի՞ր:

-Այո, սովորեցի հայկական մշակույթի մասին: Ես տեսա Հայաստանում մարդկանց միջև փոխհարաբերությունները, օրենքները, բանակի, կանանց և տղամարդկանց մասին:

-Ի՞նչ ես կարծում` ինչ ազդեցություն կթողնի այս ծրագիրը քո վրա:

-Ես ստացա շատ նոր տեղեկություններ լուսանկարչության մասին: Օրինակ` սովորեցի ինչպես օգտագործել ֆոտոապարատը ավելի ճիշտ:

***

Հարցազրույց Լիլիթ Վարդանյանի հետ:lilit vardanyan

-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել այս ծրագրին:

-Մասնակցեցի, որպեսզի ունենամ հնարավորություն ծանոթանալու այլ երկրի մշակույթին, շփվել նրանց հետ, զարգացնել անգլերենիս իմացությունը և պատմել հայկական մշակույթի մասին:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր ծրագրից:

-Ակնկալում էի ձեռք բերել նոր ընկերներ, շփվել նոր մարդկանց հետ, ծանոթանալ բելգիական մշակույթին, կիսվել իմ իմացություններով և նոր բան սովորել նրանցից:

-Արդյո՞ք դրանք արդարացան: 

-Հասցրել եմ ծանոթանալ նոր մարդկանց հետ: Որոշ չափով ծանոթացել եմ բելգիական մշակույթին: Նրանց հետ միասին կատարել եմ Երևանի և Հայաստանի այլ քաղաքների բացահայտումը: Ես դեռ ունեմ ակնկալիքներ, որ բելգիացիների հետ շփումը կշարունակվի:

-Հասցրե՞լ ես արդեն շփվել բոլոր բելգիացի մասնակիցների հետ:

-Արդեն հասցրել եմ բոլորի հետ շփվել, սովորեցնել հայերեն բառեր: Իսկ նրանք ինձ շոկոլադ են հյուրասիրել և պատմել իրենց կրթական համակարգի, պատմության և տպավորությունների մասին:

 -Ինչպիսի՞ տպավորություններ ունես այս օրերից:

-Ունեմ շատ լավ տպավորություններ: Իսկ վերջնական տպավորությունների մասին կպատմեմ ծրագրի վերջում:

-Արդյոք արդեն մասնակցե՞լ ես նմանատիպ ծրագրի, թե՞ սա առաջինն էր:

-Սա իմ առաջին փորձն է: Ուրախ եմ, որ կարող եմ պատմել մեր մշակույթի մասին և ծանոթանալ բելգիական մշակույթին:

-Նոր բան սովորեցի՞ր: 

-Սովորեցի, որ տարբեր մշակույթներ և մտածելակերպ ունեցող մարդկանց միջև ընկերությունը հնարավոր է:

Էլզա Զոհրաբյան

Այս անգամ ՝ ծիթրոնի հետքերով

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Բարև, ինչպես տեսնում ես, ես ամեն օր քայլում եմ ինչ-որ բանի հետքերով, այս անգամ էլ որոշեցի գնալ ծիթրոնի հետքերով: Դե, և՛ դուք կիմանաք, թե ինչպես ենք պեղում ծիթրոնը, թե՛ մեր տանը ծիթրոնի հարցը կլուծվի:
Մի օր, արևոտ օր, երբ հովն ընկավ, արդեն ժամը 17:00 կլիներ, մեկ էլ քույրս՝ Անետան, առաջարկեց գնալ ծիթրոն հավաքելու: Ինչպես կարող էի հրաժարվել, եթե ես կյանքում չէի գնացել ծիթրոնի հետքերով:

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Ուտելիք վերցրեցինք ու ճամփա ընկանք: Երևի գիտեք, որ ծիթրոնը դաշտում քեզ չի սպասում, ճանապարհի վրա է, պետք է հավաքելով գնաս, ու մենք այդպես էլ արեցինք:

Հավաքեցին, հոգնեցինք, որոշեցինք նստել ծառի տակ, մի կտոր հաց ուտել, այնուհետև շարժվել տուն: Հացը ուտելուց հետո ճանապարհ ընկանք, մեկ էլ՝ դիմացներս մի ավազե պատ: Որոշում ենք ցատկել, իրականում այդքան էլ բարձր չէր երևում, բայց բավականին սարսափելի էր: Մենք այդ պատը հաղթահարեցինք մոտ 10 րոպեում, երբ կարող էինք շրջանցել ընդամենը 3 րոպեում:

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Լուսանկարը` Անետա Ասծատրյանի

Արդեն գալիս էինք տուն, մոտ երկու պարկ հավաքել էինք: Հասանք տուն, լիքը շնորհակալական խոսքեր լսեցինք: Ես ահավոր հոգնած էի, բայց դա ինձ չէր խանգարում լուսանկարները նայել, ընտրել դրանցից մեկը և տեղադրել ֆեյսբուքյանս էջում:

Մի խոսքով, ես դեռ շատ ճանապարհներով եմ գնալու, հետևեք իմ բացահայտումներին:

iveta avagyan

Եռագույն արահետներով

Բարև։ Սա առաջին նյութս է և, կարծում եմ, նախ պետք է ներկայանամ։

Ես Իվետան եմ՝ 16 տարեկան։ Տավուշի մարզի Վ. Կարմիրաղբյուր գյուղից եմ։

Շատ եմ սիրում գրքեր կարդալ, պարել, ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել… Երազկոտ եմ, բայց ոչ այնքան, որ կտրվեմ իրականությունից։ Այնքան էլ չեմ փայլում աշխատասիրությամբ, սակայն երբ որևէ նպատակ եմ դնում, ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար։ Կարճ ասած՝ ես էլ մի սովորական աղջիկ եմ՝ լի նպատակներով ու լավ ապագայի մասին ծրագրերով։

Մոտ 2 տարի է՝ հետևում եմ 17. am-ին, որի մասին իմացել եմ ընկերուհուցս՝ Հասմիկից։ Վերջապես որոշեցի ինքս էլ թղթակցել:

Ուզում եմ Ձեզ պատմել «Եռագույն արահետ»-ի և տպավորություններիս մասին։

«Եռագույն արահետ»-ը հայրենագիտական արշավախումբ է, որը կազմակերպում է վեցօրյա ճամբար։ Ճամբարի ընթացքում ամբողջ ճանապարհն անցնում ենք քայլելով, գիշերում վրաններում, հաղթահարում ճանապարհին հանդիպած խոչընդոտները…

Սկզբում, իհարկե, անսովոր էր (մանավանդ ինձ համար, որովհետև այնքան էլ շփվող չեմ). 6 օր շարունակ քայլել, այդ օրերն անց կացնել առանց հեռախոսի, առավոտյան շատ շուտ արթնանալ, իսկ գիշերը՝ հերթապահությանդ ժամանակ, աչքերդ չորս արած զննել ճամբարի շրջակայքն ու «հսկել» ընկերներիդ քունը…

Իսկ հետո… Հետո հասկանում ես, որ մի ամբողջ անձնակազմ այնպես է կազմակերպել առօրյադ, որ որևէ բանի կարիք չզգաս և նույնիսկ մոռանաս այդ հեռախոս կոչվածի գոյության մասին։ Հասկանում ես, որ անձնակազմը, որն այդպիսի պատասխանատվություն է վերցրել իր ուսերին, լավագույններից լավագույնն է։ Հասկանում ես, որ նրանք միայն մարդիկ չեն, ովքեր պատասխանատվություն են կրում քեզ համար, այլ՝ ավագ ընկերներդ, ում կարիքն զգալիս նույնիսկ չես էլ կասկածի, որ կողքիդ կլինեն։ Հասկանում ես, որ ոչ միայն ծանոթացել ես նախկինում անծանոթ մարդկանց հետ, այլ լավ ընկերներ ես ձեռք բերել։ Հասկանում ես, որ ճամբարից հետո էլ շարունակում ես շուտ արթնանալ, իսկ գիշերները բնազդաբար զարթնել նույնիսկ ամենաթույլ ձայնից։ Եվ, վերջապես, հասկանում ես, որ նոր ընտանիք ունես, որի անունն է՝ «Եռագույն արահետ»։

Անհայտ հասցե

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Մի քանի օր առաջ Կալավանում էին «Անհայտ հասցե» հեռուստախաղի մասնակիցները: Նրանք ժամանել էին այստեղ նկարահանումներ անցկացնելու: Հետաքրքիր մարդիկ էին: Նրանց թվում կային նաև հայտնի դերասաններ: Նկարահանումները տևում էին մինչև երեկոյան 6.30, դրանից հետո գյուղացիները կարող էին այցելել նրանց և տեսնել, թե ինչով են զբաղվում ազատ ժամանակ: Հա, մոռացա նշել, որ նրանք ամբողջ օրը գտնվում էին անտառում և անգամ գիշերում էին այնտեղ:

Մենք որոշեցինք այցելել «Անհայտ հասցեի» մասնակիցներին ու տեսնել, թե ինչով էին զբաղվում: Մենք լուսանկարվեցինք հայտնի դերասաններից մեկի հետ, չեմ ուզում բացահայտել, քանի որ ամեն ինչ անհայտ է՝ թող սա էլ մնա անհայտ: Մի փոքր մնացինք այնտեղ ու վերադարձանք տուն:

-Երեխեք, գիտե՞ք, որ Վիկ Դարչինյանը գալիս է էսօր,-հաջորդ օրն ասաց երեխաներից մեկը:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

-Ո՞նց թե՝ գալիս է: Չեմ հավատում, հաստատ գալի՞ս է, չե՞ք խաբում, չէ՞:

Եվ իրոք, Վիկ Դարչինյանը եկավ: Նրան Դպրաբակ գյուղից դիմավորեց Ռոբերտ Ղուկասյանը: Ցավոք սրտի, ինձ բախտ չվիճակվեց տեսնել նրան: Շատ էր շտապում, բայց խոստացավ, որ էլի կայցելի Կալավան ու մյուս անգամ ավելի երկար կմնա:

Դե ինչ , վերադառնանք մեր «Անհայտ հասցեին»:

Տատիկիս տանն էի, երբ լսեցի անծանոթ ձայներ ու միանգամից դուրս թռա:

-Բարև Ձեզ:

-Վայ, բարև Ձեզ:

«Անհայտ հասցեից » էին: Երբ դուրս եկա, տատիկս արդեն նրանց հետ ջերմ զրույցի էր բռնվել, ու նրանց զրույցից հասկացա, որ ինչ-որ բաներ էին ուզում գնել:

Տատիկս, հարսիկս և ես նրանց հյուրասիրեցինք նոր թխած հաց, պանիր, որը պատրաստել էր տատիկս, և այգուց նոր քաղած լոլիկ ու վարունգ:

Նրանք տատիկիս ասացին, որ կվճարեն ամեն ինչի համար: Տատիկս ասաց, որ գումարի կարիք չկա: Նրանք վճարեցին միայն ալյուրի համար: Տատիկս դա էլ չէր վերցնում, ուղղակի ստիպեցին ու ասացին, որ դրանով իրենց միշտ հիշենք: Գրկախառնվեցին տատիկիս հետ, շնորհակալություն հայտնեցին ու գնացին իրենց «Անհայտ հասցեն»:

Նկարահանումներն ավարտվեցին, նրանք հեռացան այն մեքենայով, որով եկել էին. մեր գյուղի Սամվել քեռու 66-ով: Նրանք նախընտրել էին այդ մեքենան:

Գնալիս կանգնել էին տատիկիս տան բակում, վճարել ամեն ինչի համար: Դերասաններից մեկը, թող սա էլ մնա գաղտնի, պապիկիս հետ պապիկիս քաշած տանձի օղին էր խմել ու հրաժեշտ տվել: Ափսոս, այդ պահին այնտեղ չեմ եղել, որ անմահացնեմ այդ կադրը:

Նրանք եկան, հիացան մեր բնությամբ, հավանեցին մեր գյուղը և մի քանիսն էլ ասացին, որ անպայման էլի կայցելեն Կալավան:

Կալավանս, թեև հեռու, աշխարհից կտրված, բայց կամաց-կամաց հայտնի է դառնում:

ՀԱՅ ԲԵԼԳԻԱԿԱՆ “EXPLORING THE WORLD THROUGH THE LENS OF CAMERA” ԾՐԱԳԻՐ. ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Արզական տանող ճանապարհը, Էլադայենց տան դարպասները ու Էլադայի սիրալիր ու անսահման ջերմություն հաղորդող տատիկը շքամուտքում։

Էսպես սկսվեց մեր առաջին օրն Արզականում։ Էլադայենց տան բակում մեր առաջին ժողով-քննարկումը բարեհաջող ավարտելուց հետո, խմբերի բաժանվելով, ուղևորվեցինք դեպի մեզ հյուրընկալող տները։

Բելգիացի ընկերներս անդադար կրկնում էին, որ հիանում են գյուղով։

Գրեթե հասել էինք փողոցի ծայրը, երբ նկատեցինք մեզ ընդառաջ եկող մի բարետես կնոջ, ով բացատրեց, որ ինքն է մեզ հյուրընկալելու։ Նրա ուղեկցությամբ մտանք ներս, ու օրվա մնացած մասն անցավ այնքան արագ, որ այժմ դժվարանում եմ նկարագրել բոլոր մանրամասները, որոնք նպաստում էին էդ տարօրինակ արագությանը։ Ավանդական հաց ու պանիրը, կանաչին, տնական մածունն ու մի քանի հայկական ճաշատեսակներ զարդարում էին սեղանն ու Լենկային ստիպում պարբերաբար կրկնել.

-Էնքան եմ սիրում էս օրը, չեմ ուզում վերջանա։

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Իջանք գյուղամեջ՝ ֆոտոներ անելու։ Վալես պապենց տան ֆանտաստիկ խճանկարները տեսնելուց հետո շարունակեցինք մեր զբոսանքը փողոցներում։ Գյուղի երեխեքը ոգևորված էին։ Անընդհատ պտտվում էին խմբի շուրջ, խնդրում էին, որ իրենց նկարենք, ու տեսախցիկը տեսնելուն պես, ճչալով սլանում փողոցն ի վար, թե բա՝

-Նկարու՜մ են, նկարու՜մ են…

Բելգիացի ընկերներս ոււսումնասիրում էին գյուղի անցուդարձն ու ճանապարհին մոշի թուփ նկատելու դեպքում անպայման համտեսում՝ նախորդի համի հետ համեմատելու համար։

Մութն ընկնելուն պես վերադարձանք տուն։ Տիկին Գայանեն խմորեղենի պատրաստություն էր տեսնում։ Մեծ ոգևորությամբ համաձայնվեցինք հաջորդ առավոտյան միասին խմորեղեն թխել։

Գյուղում ժամանակը կանգնում է, բացահայտումները՝ բազմապատկվում։

Եվա Խեչոյան

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

***

Ներկայացնում ենք ծրագրի մասնակիցներին

jitseՀարցազրույց Յիթսը Վան Նյութենի հետ 

-Ի ՞նչ սպասելիքներ ունեիր մինչ Հայաստան գալը:

-Ես շատ սպասելիքներ չունեի, որովհետև չգիտեի շատ մանրամասներ, թե ինչպիսին է լինելու Հայաստանը, թե ինչ ենք անելու բացի լուսանկարչությունից, շատ բաներ չգիտեի Հայաստանի մասին:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Սովորե՞լ ես ինչ-որ նոր բան:

-Այո: Սովորել եմ մի քանի հայերեն բառեր`առողջ, առողջություն, փախլավա, լավաշ, ոչ, բարև:

Ես սովորել եմ նաև մշակութային տարբերությունների մասին: Մինչ այս եղել եմ այլ երկներում, և միշտ տարբերությունները լինում են իրոք շատ  բազմազան ու եզակի:

-Իսկ ինչ-որ  նոր բան սովորե՞լ ես լրագրությունից:

-Իհարկե: Դասընթացները, որոնց մասնակցեցի, իրոք օգտակար էին, մինչ այս  լուսանկարելը, պատմություն գրելը լավ չէր ստացվում, իսկ հիմա որոշակի առաջընթաց կա:

-Ի ՞նչ երկարատև ազդեցություն կունենա ծրագիրը քեզ համար:

-Ես մտածում եմ, որ միշտ կսիրեմ Հայաստանը: Հուսամ, որ  ընկերներ կլինենք հայերի հետ ողջ կյանքի ընթացքում: Սրանից հետո ես կնախընտրեմ գնալ անծանոթ երկրներ, և դա ավելի հեշտ կլինի ինձ համար:

-Որո՞նք են  այն էական առանձնահատկությունները, որոնք դու սիրում ես այս ծրագրում:

-Ես սիրում եմ շփվել այլ երկրների մարդկանց հետ: Եվ ինչպես դպրոցում ես ունենում լավ ընկերներ, այդպես էլ այստեղ ես կունենամ լավագույն ընկերներ: Ես նաև հավանում եմ լուսանկարչությունը, Հայաստանը ուսումնասիրելը, սրանք իրոք  հաճելի են ինձ համար:

-Իսկ ի՞նչը չես սիրել Հայաստանում:

-Ես միայն մի բան չեմ սիրում, որը միգուցե տարօրինակ լինի ձեզ համար: Ես չեմ սիրում, երբ տղաները  «ջենթլմենություն» են անում, իմ կարծիքով, դա սխալ  է, որովհետև յուրաքանչյուրս ունակություններ ունենք, և հատկապես  տղաները չպետք է անեն ինչ-որ բաներ մեր փոխարեն:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ո ՞րն է քո ամենամեծ  տպավորությունը այս օրերից:

-Լեռները, բնությունը: Երբ ես օդանավակայանում էի, հենց այդ

պահից հավանեցի օդը: Հայաստանը նման չէ Եվրոպային, այստեղ կա այն, ինչը ես շատ եմ սիրում:

Հարցազրույց  Եվա Խեչոյանի հետ

-Ի ՞նչ սպասելիքներ ունեիր ծրագրին հայտ ներկայացնելուց առաջ:

-Ծրագրին դիմելուց առաջ առաջին սպասելիքներս բելգիական մշակույթն ավելի խորքից ճանաչելու, աշխարհի մասշտաբով ծանոթություններ ունենալու հետ էին կապված:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Ինչպե ՞ս ես իմացել «Մանանա»-յի մասին:

-«Մանանա»-յում» ունեի ընկերներ, ովքեր ինձ պատմել էին կենտրոնի գործունեության մասին: Հետո մասնակցել եմ դասընթացի, որը ոգևորել է ինձ՝ շարունակել իմ մասնակցությունը, դառնալ 17-ի թղթակից:

-Որքանո՞վ արդարացան ակնկալիքներդ այս վեց օրերի ընթացքում:

-Կարծում եմ սպասելիքներս իրականացան, որովհետև արդեն ծանոթացել և մտերմացել եմ բոլոր բելգիացի մասնակիցների հետ, կարծում եմ կապը կպահպանվի, և հաշվի առնելով մասնագիտական հետաքրքրվածությունները, կարծում եմ, որ կշարունակվի գործնական համագործակցությունը:

-Ծրագրի մեջ կա՞ն արդյոք առանձնահատկություններ, որոնք դու կարևորում ես:

-Ըստ ինձ, մեզ տրված ինքնաարտահայտման հնարավորությունը շատ կարևոր է և  յուրահատուկ, որովհետև մեր երկրի մասին իրենց պատմելով, ներկայացնելով ինքներս ենք ինքնաբացահայտվում, և դա շատ կարևոր է:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք շարունակական բնույթ կկրեն բելգիացի մասնակիցների հետ կապերը, եթե այո` ինչպե՞ս:

-Նախ, սոցիալական ցանցերով կապ կպահենք, որովհետև այս օրերի ընթացքում արդեն  ընկերության հարցումներ ենք ուղարկել, որպեսզի շփումը շարունակական լինի: Մտածում եմ նաև, որ ավելի կմտերմանանք մեր «մասնագիտական կողմնորոշման» պատճառով:

-Ի՞նչն է ամենից շատ քեզ դուր եկել այս վեց օրերի ընթացքում:

-Ինձ ամենաշատը դուր է եկել այն փաստը, որ ոչ միայն բելգիացիների համար է բացահայտվում Հայաստանը, այլև ինքս ինձ համար եմ բացահայտում: Հասկանում ես, որ կային լիքը բաներ, որ մինչ այս ծրագիրը չէիր նկատել ու չէիր մտածել դրանց մասին, հիմա Հայաստանը ճանաչում եմ ավելի խորքային մակարդակով:

-Ի՞նչ սպասումներ ունես առաջիկա օրերից:

-Կարծում եմ, որ այս օրերի ընթացքում պետք է ավելի մեծ եռանդով աշխատենք, պետք է անենք ավելի մեծ ծրագիր այս խմբի հետ և առաջընթաց գրանցենք, և համոզված եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհասնենք դրան:

-Ի՞նչ տպավորություններ ունես քո  բելգիացի  հասակակիցներից:

-Կարծում եմ, որ իրենք շատ հետաքրքրասեր, նորությունների համար շատ բաց ու պատրաստակամ են, և դա հեշտացնում է մեր շփումը, որովհետև նրանք տրամադրում են մեզ, որ իրենց ավելի շատ գիտելիք ու հնարավորություններ տանք:

-Իսկ առհասարակ  ի՞նչ ես մտածում  միջազգային շփումների մասին:

-Ինձ թվում է միջազգային շփումը շատ կարևոր երևույթ է: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի հետ դա այլ կերպ է ստացվում, և երբեք մեկը մյուսին նման չի լինում, ամեն անգամ օտարերկրացու հետ շփվելով, դու մի նոր աշխարհ ես բացահայտում, ինչ-որ նոր հարթակի վրա շփվում ես տարբեր արժեքներ ու մշակույթ կրող մարդկանց հետ:

Ինեսա Զոհրաբյան