Տարիներ առաջ, երբ Հայաստանի վիճակը շատ ծանր էր, և մարդիկ ամեն կերպ փորձում էին հեռանալ այստեղից, հայրիկս հրավեր ստացավ աշխատելու Շվեյցարիայում: Ես ինը տարեկան էի և ստիպված էի դպրոց հաճախել: Սկզբնական շրջանում շատ դժվար էր, քանի որ ոչ մի բառ չգիտեի գերմաներեն: Երեխաներն ինձ վատ ընդունեցին: Նրանք ինձ հետ չէին խաղում, չէին խոսում, և երբ ես փորձում էի մտերմանալ, ծաղրում էին ինձ և հեռանում: Տանը ես լալիս էի և մայրիկիս պատմում, թե ինչպես են ինձ հետ վարվում, իսկ նա ինձ հանգստացնում էր: Անցավ ժամանակ: Ես սովորեցի գերմաներեն, աստիճանաբար մտերմացա ընկերներիս հետ, այնքան, որ արձակուրդներից առաջ նրանք նույնիսկ լաց եղան բաժանվելու համար:
Արձակուրդներից հետո մենք նորեկ ունեցանք` թուխ մաշկով, սև, երկար մազերով մի աղջիկ: Ճակատին սև խալ ուներ, իսկ անունը Սիվասինի էր: Սիվասինիի հետ դարձյալ ոչ ոք չէր խոսում, բոլորը կոպտում և վիրավորում էին: Եվ այդ ամենը մաշկի գույնի պատճառով: Ես խղճացի նրան, հիշեցի, որ ինքս էլ եմ եղել նրա վիճակում: Կամաց-կամաց ընկերացանք: Սիվասինին պատմեց, որ իրենք փախստական են, փախել են Շրի Լանկայի պատերազմից: Սիվասինիի դպրոցը պայթեցրել են թշնամիները, իրեն փրկել է մեծ քույրիկը: Պատմելիս նա լաց էր լինում և ասում, որ շատ կուզենար վերադառնալ հայրենիք, ուր աճում են արմավենիներ, և փղեր կան: Կուզենար նորից շնչել այն ծաղիկների բույրը, որոնք աճում էին իրենց պարտեզում և քաղել ծառի կոկոսները, բայց դա անհնար է, քանի որ… Սիվասինին հրաշալի նկարում էր, բայց միայն փղեր, արմավենիներ, ծղոտե հյուղակ և ծաղիկներով լի պարտեզ:
Որոշ ժամանակ անց մենք վերադարձանք Հայաստան: Եվ ես հասկացա, որ աշխարհի ամենից լավ անկյունն այնտեղ է, ուր դու ծնվել ու մեծացել ես, անգամ եթե տունդ ծղոտից է: Եվ էլի մի բան հասկացա մեկընդմիշտ. եթե մեկը պանդուխտ է քո կողքին, փախստական, բռնագաղթված թե պարզապես հյուր, երբեք մի՛ արհամարհիր, մի՛ վիրավորիր նրան: Ո՞վ գիտի, վաղը գուցե դու լինես այդ նույն վիճակում:
Էմմա Մարտիրոսյան, 13տ., 1997թ.
Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ դարձել եմ ինձ համար նոր ընտանիքի մի մասնիկը՝ խելացի, նորարար ու հավես։ Խոսքը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մասին է։ Մեր ֆակուլտետի ամենասիրված ու սպասված միջոցառումներից է ՍոցՔեմփը, որն արդեն չորրորդ տարին է, ինչ կազմակերպվում է: Ես առաջին անգամ եմ ներկա լինելու այս կոնֆերասին կամ ավելի ճիշտ՝ «չկոնֆերանսին», և անհամբեր սպասում եմ այդ օրվան։ ՍոցՔեմփի մասին զրուցել եմ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի և ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Մանյա Կիրակոսյանի հետ:






















