Ani Ghulinyan

Ամենասովորականի մասին

Տոները շատ արագ եկան ու անցան: Անցան սովորական  ու բոլոր մարդկանց համար առանձնահատուկ ձևով: Մեկի համար 2017-ը ևս մի տարի էր, որ իրեն հեռացնում է կյանքից, մյուսի համար՝  նպատակին հասնելու հերթական միջոց: Բայց բոլոր դեպքերում այն արդեն պատմություն է, անքննելի ու անփոփոխ, իր թերություններով ու առավելություններով:
Եթե գլոբալ ենք նայում երկրին, աշխարհին, մարդկանց խմբերին, համարյա ոչինչ չի փոխվում, ու ինչպես չենք կարող զգալ, թե ինչպես է պտտվում մոլորակը, այնպես էլ բոլոր փոփոխությունների մասին մենք իմանում ենք  վերջում, ու աստիճանաբար, դրա համար էլ փոփոխությունն արդեն ոչ թե փոփոխություն է, այլ  սովորական առօրյայի մաս:
Այս տարի էլ, ինչպես մինչև այս եղած բոլոր տարիներին, մարտի 8-ին շատ արագ կսպառվեն ծաղիկները, Զատիկին` կանաչին, Վարդավառին` ջուրը: Ինչ-որ ապրանք կսկսի թանկանալ, բայց միանգամից չէ` աստիճանաբար, որ ոչ ոք չնկատի, նկատողն էլ անընդհատ հարմարվի: Այս տարի էլ շրջանավարտներ ու առաջին կուրսեցիներ կլինեն, արագընթաց ամառային արձակուրդներ ու փուչկիներով սեպտեմբեր: Անվերջ իրադարձությունների այս շարքը նման է անդադար պտտվող անիվի, որը ոչ մի դեպքում և ոչ ոքի համար կանգ չի առնում, իսկ անիվի մեջ գտնվողներին մնում է միայն իրենց ուզած ձևով պտտվել:

lilit vardanyan

2017թ. իմ հավանած երեք գրքերը

Մոտ մեկ տարի առաջ ես գրել էի 2016թ. ամենահավանած գրքերի մասին: Այս անգամ ուզում եմ գրել 2017թ.-ի գրքերի մասին, որոնք ինձ դուր են եկել կամ կարևոր են ինձ համար: Ուզում եմ գրել Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը», Ջորջ Օրվելի «Անասնաֆերման» և Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» գրքերի մասին:

«Ջոնաթան Լիվինգստոն ճայը» տարբերվելու, չհանձնվելու, նպատակին հասնելու և կատարյալ դառնալու մասին է: Այն փոքր վիպակ է, որի գլխավոր հերոսը Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայն է: Նա նման չի մյուս ճայերին, որոնք միայն մտածում են ծովում որս անելու մասին: Նրա նպատակն է՝ կարողանալ թռչել հնարավորինս արագ և բարձր: Եվ, միգուցե դա նրան հաջողվում է…

Պատմվածքի հիմնական իմաստն այն է, որ պետք չէ վախենալ տարբերվելուց և հասնել նպատակին՝ ուշադրություն չդարձնելով մյուսների քննադատություններին:

Մյուս գիրքը, որի մասին ուզում եմ պատմել, «Անասնաֆերման» է: Ամեն ինչ սկսվում է, երբ ֆերմայի կենդանիները որոշում են ապստամբել և ստեղծել անկախ ֆերմա: Նրանք երգում են վաղուց մոռացված «Անգլիայի գազանները» և պատրաստվում ապստամբության:

«Անասնաֆերման» իշխանության մասին է: Գրքի մեջ կան և՛ լուռումունջ հնազանդվողները, և՛ ազդեցիկ ճառ ասողները, և՛ պայքարել ցանկացողները, և՛ իրականությունը տեսնողները, բայց չպայքարողները, և՛ նրանք, ովքեր կարողանում են միայն սուտ խոստումներ տալ, բայց իրականում կատարել այն, ինչ ուզում են, որովհետև հասարակությունը միշտ չի, որ կազմակերպված է և խելացի:

Իմ կարծիքով, այս գիրքը շատ կարևոր է և կարելի է կարդալ (եթե մտածում եք, թե ինչ գիրք կարելի է կարդալ):

«Ֆարենհայթ 451» վեպի գործողությունները կատարվում են ապագայում: Ապագայում, երբ մարդկանց այլևս հարկավոր չեն գրքերը, և հրշեջները դարձել են հրկիզողներ: Մարդիկ ապրում են երջանիկ 4 հեռուստապատերի հետ զրուցելով և մտածելով, որ շատ բան գիտեն (իսկ իրականում նրան ոչինչ էլ չգիտեն): Աշակերտները դասերից հետո զվարճանում են ավտոմեքենան վարելով այնքան արագ, որքան կարող են և դժբախտ պատահարների պատճառ դառնալով: Իսկ նրանցով, ում դուր չի գալիս այդ կյանքը, զբաղվում են էլեկտրական շները:

Գրքի գլխավոր հերոսը հրկիզող Մոնթագն է, ով զրուցելով իր հարևանուհու հետ, հասկանում է, որ աշխարհը այլևս այնպիսին չէ, ինչպիսին անցյալում: Նա մեկն է այն մարդկանցից, ովքեր փորձելով փոխել աշխարհը, կամ արժանանում են մահվան, կա՛մ էլ փախչում են (միանալով նույն ճակատագրին արժանացածներին):

Լավ, հերիք է պատմեմ: Ավելի լավ է դուք կարդաք, որպեսզի ավելի հետաքրքիր լինի:

tina maqoyan kotayq

Փխրուն տարիք

Բարև: Նորից նեղսրտած եմ և ուզում եմ զրուցել քեզ հետ: Հուսով եմ՝ կլսես:

Քեզ հետ եղե՞լ է այնպես, որ ուզես փախչել բոլորից: Պարզապես տանից դուրս գալ՝ թեյ գնելու, ու փախչել քաղաքից: Երբևէ ցանկություն չե՞ս ունեցել գնալ մի տեղ, որտեղ քեզ ոչ ոք չի ճանաչի, ոչ ոք չի հարվածի մեջքից, որտեղ դեռ ոչ ոք չի տեսել քո արցունքները, որտեղ կկարողանաս ամեն ինչ զրոյից սկսել: Վս տահ եմ՝ շատ հաճախ ես նման ցանկություններ ունեցել, իսկ հաջորդ րոպեին ինքդ քեզ թափ ես տվել ու գիտակցել՝ միայն թույլերն են փախչում:

Երբևէ խնդիրներ չե՞ս ունեցել ուսուցիչներիդ հետ: Վստահ եմ՝ ունեցել ես: Ես էլ եմ շատ հաճախ ունեցել: Իսկ դու երբևէ վիճե՞լ ես ու մատնացույց արել ուսուցչիդ սխալը: Այ, դրանում համոզված չեմ… Ես էլ հաճախ էդպես չեմ անում՝ գիտակցելով հանդերձ, որ սխալ է լռելը:

Մանկավարժների մի տեսակ կա, ովքեր պարզապես տարիներով խաղում են աշակերտի հոգեբանության հետ: Խոսքս ուղղում եմ նման մարդկանց. մի՛ արեք էդպես, խնդրում եմ: Աշակերտի հոգին ձեզ համար խաղալիք չէ, ու եթե հաճախ լռում են՝ որպես իրենց ուսուցիչ հարգելով, կամ վախենալով, դա չի նշանակում, որ դուք ճիշտ եք: Սիրելի՛ մանկավարժներ, դուք նույնպես պարտավոր եք հարգել աշակերտին, որպես անհատ, որպես սեփական կարծիք, սեփական մտածելակերպ ունեցող հասուն մարդու:

Շատ ուսուցիչներ կան, ում որպես մարդ ես չեմ հարգում, բայց որպես ուսուցիչ պարտքս եմ համարում հարգել:

Չգիտեմ, գուցե տարիք է, երբ մարդու ամբողջ ներաշխարհն է ցավում, երբ ամեն ինչ ծայրահեղությունից ծայրահեղություն է, երբ ամեն մանրուքից արցունքոտվում են աչքերը՝ երբեմն նաև օտարների ներկայությամբ:

Երևի տարիք է, երբ հաճախ արցունքների փոխարեն ագրեսիվությունն է հորդում, ու անհիմն վիրավորանքներ են ուղղվում մարդկանց հասցեին, որի համար հետո զղջում ես: Չգիտեմ:

Քեզ հետ եղե՞լ է, երբ ցանկացել ես հարազատիդ լավություն անել, բայց լավությունդ քո՛ դեմ է դուրս եկել:

Իսկ եղե՞լ է, երբ հարազատդ քեզ պաշտպանելու համար հաշվի չի առել նույնիսկ սեփական շահերը: Այ, պաշտում եմ մարդկային էս տեսակը:

Համենայն դեպս, երբ հարազատս հաշվի չառնելով, որ կարող է հետագայում խնդիրներ ունենալ՝ պաշտպանեց ինձ ուսուցչիս մոտ, դա իմ աչքին բարձր երևաց: Մինչ ես փորձում էի արցունքներս թաքցնել ու բողոքել քաղաքիս «քառակուսի կաղապարված» մտածելակերպից, նա ինձ մեղադրում էր, որ ոչինչ չեմ գնահատում: Իրականում, ես ամեն մանրուքն էլ գնահատել եմ, թեև հաճախ չեմ արտահայտվել:

Gayane Avagyan

Մեր ընտրությունը

Ձմռան այս «անտանելի» եղանակից փախչելով, սենյակում լուռ նստելով, գրքի էջերը արագ թերթելով ու ինչ-որ բան փնտրելով, տաք թեյի մասին երազելով` ես հիշում եմ, թե ինչպես էր Չերչիլն իր հարցազրույցներից մեկում կիսվում իր այս խոսքով. «Քո արածը քեզ մոտ էլ վերադառնում է»: Հետո զարմանում եմ ինձ վրա, թե ինչու հիշեցի այդ միտքը: Ու սկսում տարվել այդ մտքով և մոռանում ամեն ինչի մասին:

Չէ, իր պատմությունը զարմանալի է, այս միտքը վիրաբերում էր մի ագարակատիրոջ, որը փրկել է մի երիտասարդ տղայի կյանք: Տղայի հայրը շնորհակալության դիմաց այդ ագարակատիրոջ տղային ուսման է ուղարկում արտասահման և հոգում ֆինանսական ծախսերը: Ագարակատիրոջ տղան դառնում է հայտնի բժիշկ: Հետագայում նա բուժում է այն տղային, ում կյանքը փրկել էր իր հայրը: Ուսման համար հոգացող այդ պարոնի որդին Չերչիլն էր:

Գլխով անելով համաձայնվում եմ Չերչիլի հետ, կիսում իր կարծիքը ու շարունակում մտածել: Իսկ մի՞թե այս խոսքերը միայն այս դեպքի համար են ճիշտ, չե՞ ն գործում այս խոսքերը կյանքում: Հիշում եմ այն բոլոր դեպքերը, ինձ հետ կատարված, որ ինչ-որ չափով վերաբերում են այս խոսքին: Աստվածաշնչում էլ գրված է՝ բարին կամեցիր մերձավորիդ:

Վերջացնելով այս պատմությունը, գալիս եմ իրականություն ու մտածում. ինչ լավ է, որ մտքեր կարդալու ունակություն չունեն մարդիկ:

Պատուհանից դուրս մի անծանոթի եմ նկատում: Նա ձեռքը տարավ գրպանը, հանեց մի ճմրթված թերթի կտոր: Ինչ- որ ժպտացող մարդկանց պատկերներ էին: Նայեց, տխրեց, արցունքները հոսեցին, և գնաց: Հետո միայն հասկացա, որ անծանոթը կարոտել էր իր տունն ու ընտանիքը:

Երանի կարողանայինք գնահատել ու սիրել, մեր անձից բացի սիրել նաև ուրիշին, դե, թեկուզ փողոցում կանգնած այն անծանոթին, որը երևաց իմ պատուհանից:

Կարողանանք կիսել նրա վիշտը: Սկզբի համար, մտածում եմ, թե ինչ լավ կլիներ, եթե վատ բաներ չկամենանք մարդկանց: Նայենք այս անծանոթին և մտքում նրան ուժ տանք ու համբերություն: Երանի, երանի մարդկանց հետ վարվեինք այնպես, ինչպես մեր սեփական անձի հետ ենք վարվում:

Իսկ դու քեզ պատասխանատու զգո՞ւմ ես այս մոլորակում ապրող մարդկանց համար: Լավ, գոնե մեր հողի վրա ապրող մարդկանց համար: Ինչո՞ւ: Դե, որովհետև նրանք էլ են քեզ նման, որովհետև օգնելով ծեր կնոջը, կամ փոքր երեխային ժպիտ պարգևելով, դու երջանկացնում ես այս մոլորակում ապրող մեկ մարդու:

Երևի սրա համար էլ աշխարհում կան բարի ու չար մարդիկ, կա ազնիվը և անազնիվը: Եթե այդպես է, ուրեմն կյանքն էլ այդ բումերանգի սկզբունքով է աշխատում, և ամենաճիշտն է դա: Պետք է բարին գործել: Հարցը կայանում է նրանում, որ քո գործած չարն էլ, բարին էլ, մեկ է քեզ հետ է վերադառնում: Չերչիլը…

Հետո հիշեցի պարսկական մի առասպել, որտեղ պատմվում էր աստված Զրվանի մասին, որը պետք է ունենար զույգ որդիներ, և, իբրև աստված, նա գիտեր, որ ով առաջինը ծնվի, նա էլ պիտի տիրի աշխարհին: Զրվանը որոշում է առաջինը լույս աշխարհ բերել Որմիզդին` բարու, լույսի որդուն, բայց առաջինը ծնվում է Ահրիմանը` չարի և խավարի մարմնավորումը: Եվ Զրվանը որոշում է, որ նրանք աշխարհին կտիրեն հերթականությամբ: Այստեղից էլ առաջանում են լույսն ու խավարը, գիշերը և ցերեկը:

Այսինքն, մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չեն կարող, և այստեղից է ծագում բարու և չարի հավիտենական պայքարը:

Ու ես իմ թերթած գրքի իննսունիններորդ էջում գալիս եմ այս եզրակացությանը:

Ինչպիսին մեր մտքերն են, այնպիսին էլ կլինի մեր կյանքը: Եթե բարին ենք կամենում, հարգում դիմացինին, երջանկացնում նրան, ապա մեր կյանքն էլ այդպիսին կլինի, իսկ եթե չարն ենք կամենում, վատաբանում ու չարախոսում, կյանքն էլ այդպիսին կլինի, ու մեզ էլ հենց այսպիսի մարդիկ կշրջապատեն:

Իսկ գրքի իննսունիններորդ էջում գրված էր.

«Մարդ իրավունք ունի վերևից նայելու մեկ ուրիշին` միայն այն ժամանակ, երբ օգնում է վերջինիս բարձրանալ» (Գաբրիել Գարսիա Մարկես):

anush mkrtchyan

Կյանքը` ճռռացող փեղկերի արանքից

Երբ բոլոր ճռռացող պատուհանները փոխվեն, ու արևն առաջվա նման չծակի աչքերդ, դու կտեսնես կյանքը այլ գույներով:

Երբ քեզ հասնող կիսախավարը մշուշով ծածկի հոգիդ, դու կզգաս, որ մենակ ես:

Բայց երբ հույսդ կորցնես, բացի’ր վերջին ճռռացող փեղկն ու ապրի’ր…

***

Նրան այդ վիճակով տեսնելը վաղուց սովորական է: Տեսնում եմ ամեն կիրակի, ու հայացքս թաքցնում շարֆիս արանքում: Հայացքը միշտ գետնին հառած, սառած ձեռքերով փայտ է հավաքում իր պես միայնակ այգուց: Նրա մասին խոսում են բոլորը, ափսոսանքով ու խղճահարությամբ: Ժամանակին գյուղի փայլուն երիտասարդներից մեկը, ամեն կիրակի սառած ձեռքերով, հայացքը գետնին փայտ է հավաքում, իր պես լքված այգուց…

Անունը նշել անիմաստ եմ համարում, որովհետև նրա անունը վաղուց մոռացված է, երևի: Շենիկում առեղծվածային պատմություններ են պտտվում նրա պահած ոսկիների ու դժբախտ կյանքի մասին: Կյանքը ներքաշել է նրան իր հորձանուտը ու կորցրել բոլորի աչքից: Նրա մասին միայն քչփչում են պատերի տակ ու ցուցամատները պարզում դեպի նա:

***

Ես համարձակվում եմ գրել քո մասին: Դու, անգամ չես էլ նկատել, թե ինչպես եմ ես ամեն անգամ դանդաղեցնում ընթացքս քո այգու կողքին: Ես, գրում եմ, վստահ լինելով, որ երբեք չես էլ կարդալու այս տողերը, ու երբեք չես իմանալու, որ ես երբեք քեզ չեմ խղճացել: Ես խղճում եմ քեզ վրա ցուցամատ պարզող բոլորին, որովհետև նրանք երբեք չեն հասկանա քո թաքցված հայացքի իմաստը: Գրում եմ, որ չթուլանաս, որ որոշես նորից ապրել, որ կյանքը չհաղթի քեզ: Պարզապես, բացի’ր վերջին ճռռացող փեղկն ու ապրի’ր…

Հ. Գ. Հաճախ մարդիկ մեռնում են մեր անտարբերությունից ու անվերջ օդում կախված ցուցամատերից…

argam movsisyan

Ժամանակ երբեք էլ չկա

Ամանորյա «կերած-խմած» երկու շաբաթներից հետո կրկին վերսկսվեց ամենօրյա ու միապաղաղ «տուն-դպրոց-տուն» կոմբինացիայի երկրորդ կիսամյակը: Իրականում շատ արագ անցան ուսումնական տարվա առաջին 4 ամիսները: Դեռ սեպտեմբերին նոր-նոր ընդունվեցի  ավագ դպրոցի տասներորդ դասարան. նույնիսկ նոր դասընկերներիս անունները կարգին չէի հիշում, բայց հիմա արդեն տպավորությունն այնպիսին է, թե ինը տարի միասին ենք սովորել:

Անկախ այդ զգացողություններից, եթե չլինեին  դպրոցից դուրս  կամավորական աշխատանքները, հասարակական գործունեության մեջ ներգրավվածությունը, դպրոցական կյանքն անհետաքրքիր կլիներ: Հատկապես մեր քաղաքի՝ Վանաձորի համար: Միշտ էլ փորձում եմ նոր բան անելու, զարգանալու ու նոր բան սովորելու ոչ մի առիթ բաց չթողնել: Բայց արի ու տես, որ ամեն ինչով հանդերձ, ժամանակը զարմանալիորեն երբեք չի բավականացնում ամեն բան հասցնելու համար: Այսպես մենք միշտ շտապում ենք, ու այդ պատճառով էլ չենք նկատում, որ ներկայից այլևս բան չմնաց:

…Առաջին ու վերջին անգամ նրան ուղիղ մեկ տարի առաջ էի հադիպել: Եվ այս անգամվա մեր հանդիպումը երկրորդն էր: Նա նստած էր նստարանին: Ինչ-որ մեկին էր սպասում, իսկ ես շտապում էի: Ժամացույցիս նայեցի. 17:52 էր, իսկ ես ուղիղ 6-ին պիտի Արցախ պուրակում լինեի: Պետք էր քայլերս արագացնել, բայց մի պահ կանգ առա, որ խոսեմ նրա հետ: Ինձ հիշեց, բայց Արգիշտի անունով դիմեց: Մի պահ շփոթվեցի, բայց հետո հպարտություն զգացի, որ ինձ Հայոց մեծ թագավորի անունով կոչեց: Չուղղեցի: Ասացի, որ շտապում եմ ու պետք է գնամ: Մեծ ցանկություն կար իր պես խելացի ու զարգացած մարդու հետ զրուցելու, ում հետ դեռ մեկ տարի առաջ ճամբարում էի ծանոթացել,  բայց ափսոս, որ ժամանակ չկար…

…Երկար դասամիջոց էր: Մի քանի բան կար, որ պիտի հասցնեի այդ 10 րոպեների ընթացքում անել: «Բարին արա»-ի էինք պատրաստվում: Այդ լուրը պիտի տարածեինք դպրոցով մեկ: Թղթեր կային, որ պիտի  պատճենահանվեին, և հետո՝ հանձնվեին փոխտնօրենին: Միջանցքում ուսուցչուհիս էր կանգնած: Շտապում էի կրկին ու չնկատեցի նրան: Պատահաբար հարվածեցի՝ ձեռքի գիքը գցելով: Այնքան արագ եղավ ամեն բան, որ նույնիսկ չվերցրեցի գիրքը:  Զղջացի այդ քայլիս համար: Հետ նայեցի ու աշակերտների ամբոխի մեջ նրան կորցրի: Ներողություն էլ չխնդրեցի. շտապում էի, չէ՞:

Պիջակս վերցնում ու դուրս եմ գալիս տնից՝ գրեթե թռչելով երկրորդ հարկի աստիճաններից: Վազելով անցնում փողոցը՝ առանց աջ ու ձախ նայելու: Բացում դասարանի դուռն ու մտնում ներս: Զանգը հնչեց: Դասը սկսվեց: Ուսուցիչը մտավ դասարան: Ժամանակ չկա…

Հետո կգրեմ:

iza Astsatryan

Առօրյա կյանքի և հրաշքի արանքում

Արդեն  տոներն  ավարտվում  են, սկսում  ենք  անցնել  առաջվա  ռեժիմին (սկսում  ենք քիչ  սնվել): Բայց  անգամ տոների  ավարտը  չի կարող  մեղմել`  առավոտյան շուտ  արթնանալու  ցավը…

Արձակուրդներին   կարոտում  ենք  դպրոցը, ընկերներին, դասերն ու  ամեն  վայրկյանը, որը   կապված  է դպրոցի հետո (ինչը  չես  կարող  ասել  դասերն  սկսվելու  ժամանակ):

Ինչ  խոսք, արդեն  մեկ   շաբաթ  է, որ  կրկին դասի ենք, սակայն,  ամեն առավոտ  մեծ  դժվարությամբ  եմ  արթնանում, աչքերս  մի  կերպ  բացում  և  գնում դպրոց: Դասարան  մտնելուն պես, նկատում  եմ  կիսաքուն  ընկերներիս, որոնք  հորանջելուց  հետո, մի կերպ  կարողանում  են  խոսել, զրուցել  երեկվա  իրադարձությունների  մասին:
Հաճախ  ասում  են.
-Եթե  ամեն օր  նույն  բանն  անես,  այն  պայմանական  ռեֆլեքս  կդառնա:
Սակայն  ես  մասամբ  եմ համամիտ  դրա  հետ: Հետաքրքիր է, եթե  ամեն  առավոտ  նույն ժամին  ենք  արթնանում, ապա  ինչո՞ւ  դա  նույնպես  ռեֆլեքս  չի դառնում, ինչո՞ւ  ենք  ամեն անգամ  արթնանալուց  վերապրում  առաջին  անգամն  ու  փորձում  մեզ  համոզել, որ  ամեն ինչ լավ է:

Այս  ամենը  մի  կողմ  դնենք, փորձենք  խոսել  զարմանահրաշ  եղանակից: Ես   մտածում  էի, որ   փափուկ  ձյուն  պիտի  գա, հավեսով  ձնագնդիկ  պիտի  խաղանք, կարճ  ասած` նորմալ  ձյուն  կտեսնենք, բայց  այս տարի  ցեխոտ  ձյանն էլ կարոտ  մնացինք: Այս տարի  այնքան էի  սպասում  ձյանը, որ  մտածում  էի  Ձմեռ պապիկից  ձյուն  նվեր  ուզելու մասին:

Անգամ, երբ  մեր  բարեկամներից  մեզ  հյուր  էին եկել, երեխաներից  մեկին  ասացի, թե  ինչ նվեր  է ուզել  Ձմեռ  պապիկից,  և  նա  պատասխանեց.
-Դեռ  ձյուն չի  եկել, որ  ձյուն գա, Ձմեռ  պապիկն  էլ կգա, հետո  նվեր կուզեմ:
Յուրաքանչյուր  երեխա  էլ  այդպես  է մտածում, նույնիսկ ես  եմ փորձում ինձ  համոզել այդ  հարցում: Չկորցնելով  հույսս, ես  դեռ  սպասում  եմ ձյանը…

astghik hunanyan

Ծերացած ու չծերացած հոգիների մասին

Բարև, իմ վախկոտ ընկեր։

Ինչպե՞ս ես։ Մեկ է՝ բողոքելու ես ու ասես, որ լավ չես, գուցե ֆանտաստիկ թանկացումներից, իշխանությունից ու Նոր տարվա անընդհատ կրկնվող «խորհրդից» էլ բողոքես, դրա համար արի` շրջանցենք էս ձանձրալի հարցերի կույտը, ու էլ չհարցնեմ՝ ո՞նց դիմավորեցիր Նոր տարիդ։ Ես, որ լավ եմ դիմավորել, շա՜տ լավ։ Համենայն դեպս, երբ ունես այնպիսի ընկերներ, որոնց համար կարող ես Նոր տարվա գիշերը «փախչել» տնից ու գնալ իրենց հետ դիմավորելու Ամանորդ, ոչինչ վատ լինել չի կարող, չէ՞։ Դե հա, ի՞նչ խոսք։

Հա, չշեղվենք։ Հիշո՞ւմ ես, որ սկզբից քեզ բարևելուց «վախկոտ» անվանեցի: Դե, չնայած «մուննաթ» հայացքով հաստատ մի տասը վայրկյան էդ բառին նայած կլինես, մի խոսքով, ուզում եմ բացատրել, թե ինչու քեզ էդպես անվանեցի։ Շատ պարզ պատճառով. որովհետև դու վախենում ես։ Հնարավոր է՝ վախենում ես չմուշկներով սարդերից, կամ էլ անմազ մարդու սանրից (ուրիշ ապուշություն մտքիս չեկավ), բայց հնարավոր չի, որ ոչնչից չվախենաս։ Ես էլ եմ հազարավոր բաներից վախենում, բայց երևի ամենաշատը վախենում եմ անտարբեր դառնալուց ու մենակ մնալուց։ Արի միասին մտածենք։

Ես ունեմ էնպիսի ընկերներ, ում համար հաստատ արժի «գլուխ տալ»։ Էդ մարդկանց հետ շատ հանգիստ կարող ես հորդառատ անձրևի տակ քայլելով գնալ մարդկանց տուն՝ Նոր տարի շնորհավորելու, շատ հանգիստ կարող ես մի էնպիսի «հարսանիք» բեմադրել, որ մի ամիս բոլորը դրանից խոսեն, ու էնպիսի ընկերներ, որոնց հարսանիքի ժամանակ կարող ես ամբողջ ուժով գոռալ ու ոգևորվել։ Ունեմ էնպիսի դասարանցիներ, որոնց հետ կարելի է ամբողջ դասամիջոցին «տաշի» գոռալ ու պարել, չնայած, որ տնօրենի «գլխի վրա ենք»։ Ունեմ էնպիսի ընկերներ, որոնց երբեք չեմ տեսել կամ տեսել եմ 1-2 անգամ, բայց ինձնից շատ եմ սիրում և ունեմ էնպիսի ընկերներ, որոնց ուղղակի կարելի է փողոցում տեսնելիս ժպտալ, անցնել առաջ, ու վերջապես ես ունեմ շատ մտերիմ ընկերուհի։ Մենք իրար հետ էնքան բան ենք արել, որ ձեր մտքի ծայրով էլ չեք անցկացրել հաստատ, իրար հետ ենք եղել լավ ու վատ օրերին, ու իրար հետ էլ կլինենք մի ամբողջ հավերժություն։ Բայց արդյո՞ք։

Ես ունեմ հսկայական շրջապատ, որի անդամներից ամեն մեկը իմ օրվա մի մասն անպայման կազմում է։ Մեկը պիտի պարտադիր «հումանիտար» ասի, մեկն անպայման անպոչ գդալի նման մեջ ընկնի, ես էլ նյարդայնանում ու ասեմ՝ մի մուկ խոսեց իր հերթին (չէ՞, Դավիթ ջան): Մեկը ամբողջ գիշեր չքնի, մտածի, թե ինչ բառերով առավոտյան վիրավորի, մեկին պիտի գրկեմ պարտադիր, մեկն ինձ պիտի գրկի, մի քանիսը պիտի թևերն ու գլուխները մոտիկ բերեն, որ սովորությանս համաձայն հարվածեմ, մի քանի ուսուցիչ պիտի ամեն վայրկյան հանդիմանեն ու ասեն. «Ա՜ստղ, սովորիր, գրողը տանի, քանի գնում, շարքից դուրս ես գալիս», «Ափսոս են էն 9-երը, որ շարել եմ քեզ, ափսո՜ս են», «Էն վերջում սուս մնացեք, Աստղիկ»… Մի քանի ֆեյսբուքյան ընկերներ պիտի անգամ շատ ծիծաղելի պոստերս «հահա»-ի փոխարեն ուղղակի լայքեն, մի քանիսի համար էլ պարտաճանաչ լուրջ պոստերս «հահա»-են, մի քանիսը պիտի գրեն ու ասեն, որ ուշ-ուշ եմ գրում, մի քանիսն էլ ուղղակի գրեն, տեսնելու՝ ո՞ղջ եմ, թե՞ մեռած։ Ու հետո պիտի անցնի մի 60 տարի ու վերջ։ Չլինի ոչ հին շրջապատս, ոչ սերն ու հետաքրքրությունը ընկերներիս հանդեպ, ոչ առօրյայիս մաս կազմող փոքր դետալները, ոչ մի բան, հասկանո՞ւմ եք։

Համենայն դեպս, մեր մեծերի հետ էդպես է։ Սա լացուկոց չէ, իրոք, բայց ի՞նչ եմ անելու համալսարանում՝ լուրջ-լուրջ դեմքերի հետ, առանց հիմար դասարանցիներիս: Չէ, մի մտածիր՝ կհարմարվեմ, և այլն, և այլն: Ես չեմ հարմարվի։ Լավ, սա դեռ մի կողմ։

Ասենք՝ նորից մարդ է մահացել մեզ մոտ («մեզ մոտ»-ը Վայոց ձորն է՝ փոքր մարզ, փոքր բնակչություն, ուր վատ լուրերը շուտ են տարածվում)։ Տատիկս կլսի, հետո կասի. «էհ, դասարանցիս էր, լավ մարդ էր», «Աստղ, գիտե՞ս, իմ ընկերուհին էր», և այլն, ու սառը հայացքով կնայի կամ վրաս, կամ պատին, ու վերջ։ Հասկանո՞ւմ եք. ոչ լաց, ոչ բան, ուղղակի «լավ մարդ է՞ր»։ Ես էդպես չեմ ուզում, ո՞նց կարելի է, ախր։ Հիմա անգամ ֆիլմի գլխավոր հերոսի մահանալուց եմ հոնգուր-հոնգուր լաց լինում, ու պիտի գա ժամանակ, որ չլացեմ էն մարդու համար, որի հետ ինչքան խենթություն ասես չե՞մ արել, կամ գուցե չհիշե՞մ անգամ էդ մարդուն։ Ինչի՞ են մարդիկ այդ աստիճանի անտարբեր դառնում, երբ մեծանում են, դեմքի մի քանի կնճի՞ռն է մեղավոր, ի՞նչ ծերացած հոգի, է՞։ Լավ, «ծերացած» օրինակ չբերեմ։ Էն հարցին, թե մաման ունեցե՞լ է մտերիմ ընկերուհի, դրական պատասխան ստացա։ Հարցնում եմ՝ մամ, բա ինչի՞ հիմա չեք շփվում, էդքան մոտիկ չեք եղե՞լ, ինչքան ես ու Մարիամը։

-Լավ էլ մոտիկ ենք եղել, բալես, իրար տուն ենք գնացել, մնացել, ընտանիքներով ենք մոտիկ եղել, վստահել ենք իրար ամեն ինչ։

-Բա ինչի՞ հիմա չեք շփվում։

-Դե որովհետև հիմա ամեն մեկն իր ընտանիքով ու հոգսերով ա, որ տեսնում ենք իրար փողոցում, բարևում ենք, էլի։

Հասկանո՞ւմ եք, ինչ եմ ուզում ասել: Մորս հոգին էլ ընդհանրապես «ծերացած» չի, բայց չի շփվում էն մարդու հետ, որի հետ կյանքի կեսն է անցկացրել։ Իսկ երբ ծերանա, իր թոռներին էլ կասի՝ ընկերուհիս էր, է, լավ աղջիկ էր: Իսկ ես էդպես չեմ ուզում։ Ես չափից շատ եմ սիրում իմ շրջապատը, որ էսպիսի բախտի արժանացնեմ։ Եսիմ, դուք էլ մտածեք, նայեք ձեր շուրջը, ինչքան ծանոթ-բարեկամ ունեք, որոնց հետո ուղղակի չեք հիշելու, ու որոնց նկատմամբ բացարձակապես անտարբեր եք դառնալու։ Ես երևի էդպես չեմ անի։

Artyom Avetisyan

Հայտնե՞լ եք շնորհակալություն

Հունվարի 12-ը Շնորհակալության համաշխարհային օրն է: Այն տոն է հռչակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից:

Յուրաքանչյուրս էլ շնորհակալություն ենք հայտնում այն ժամանակ, երբ դիմացինը մեր օգտին ինչ-որ դրական, լավ բան է կատարում, խոսում է մեր կողմից: Շնորհակալություն ենք հայտնում, երբ ստանում ենք նվերներ, լսում մեզ ուղղված հաճոյախոսություններ: Տարբերվում է նաև մարդկանց մի այլ խումբ, ովքեր շնորհակալություն են հայտնում այն ժամանակ, երբ հարցնում ենք նրանց որպիսությունը, առողջական վիճակը, տալիս լավ ու օգտակար խորհուրդներ: Օրինակ, հոգեբանները պնդում են, որ երախտագիտության զգացմունք ունենալը մարդկային առաքինության ամենալավ հատկություններից է: Սակայն, ըստ նրանց, շնորհակալություն հայտնելը կապված է նաև մարդկանց սոցիալական տեսակներից:

Բոլորիս շրջապատում էլ կա մարդկային այնպիսի մի խումբ, ովքեր շատ քիչ ու ոչ հաճախակի են շնորհակալություն հայտնում, անկախ նրանից, նրանց օգնում ես ցանկացած պահի, նվերներ տալիս ես, թե ոչ: Ինձ թվում է, որ նրանք հոգու խորքում մտածում են, որ մենք իրենց պարտական ենք, և իրենք պարտավոր են մեզ շնորհակալություն չհայտնել:

Համաձայն օրվա խորհրդի, հունվարի 12-ին յուրաքանչյուրը պետք է արտաբերի «շնորհակալություն» բառը 100 և ավելի անգամ:

Բոլորս էլ ունենք լավագույն ընկերներ, ովքեր կյանքն էլ ավելի արժեքավոր են դարձնում: Եվ, երբ հաջորդ անգամ հանդիպեք նրանց, շնորհակալություն հայտնեք, որ անկեղծ են եղել քեզ հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ դու չես ուզեցել դա լսել: Շնորհակալ եղիր՝ միշտ տրամադրությունդ բարձրացնելու և քո մասին մտածելու համար: Հայտնիր շնորհակալություն, երբ նա հավատում է քո ուժերին և ոգևորում է քեզ:

Բոլորս անշուշտ գիտակցում ենք լավ վարքագծի նշանակությունը, դրա անհրաժեշտությունը ամենօրյա կյանքում, բայց մեծ մասամբ մենք մեր երախտագիտությունը հայտնում ենք ակամա՝ չմտածելով դրա իմաստի մասին: Այնուամենայնիվ, շնորհակալական խոսքերը ունեն կախարդական հատկություններ: Դրանց միջոցով մարդիկ միմյանց փոխանցում են ջերմություն և դրական հույզեր:

Հունվարի 12-ը առանց չափազանցնելու կարելի է անվանել տարվա «ամենաքաղաքավարի» ամսաթվերից մեկը: Այսօր նշվում է Շնորհակալության միջազգային օրը: