Ուսանողական կյանքից

Sose Zaqaryan

Ռոմել Տատս

Հայրիկիս պապիկի տունը մի թանգարան է։ Այստեղ ամեն ինչ լուռ է, բայց խոսուն։ Մտնում ես կամարակապ դարպասից, և այն քեզ հիշեցնում է, որ այս տանտերը Գորիսի հետ անպայման կապ ունի։ Տատիկս Գորիսից է, նրա հայրն է եկել Դարբաս և իր աղջկա տունը կառուցել գորիսյան ոճով, գորիսյան կոլորիտով։ Ռամելա Զիլֆուղարյան վաստակավոր ուսուցչուհին իմ տատիկն է, նրանից միայն իր նկարն է մնացել՝ ամուսնու կողքին, սենյակի կենտրոնական մասում։

Դուռը բացվում է, և դու մտնում ես այդ փոքրիկ թանգարանը: Ամեն ինչ իր տեղում է՝ գրքերը հանգիստ շարված են իրենց գրապահարանում, տունը՝ մաքուր, ամեն իր իր տեղն ունի։ Թվում է՝ տնեցիք տեղ են գնացել, ու ուր որ է գալու են։ Բայց… Ոչ ոք չկա այս տանը․ ոչ ոք չի ապրում։ Սեղանին մի շիշ ջուր է դրված, հյուրին հյուրասիրելու համար։ Կարող ես նստել այս տանը և կերտել այս տան պատմությունը։ Հայտնի մի գերդաստան Դարբաս գյուղում, որ երեխաներ են ունեցել, պաշտոններ զբաղեցրել, ուսուցչություն արել, և եկել է ժամանակը, ու բռնել են հավերժի ուղին։

Այգում տանձն է կաթուկ տալիս, թթենու ծառը արդեն չորացել է, բայց էլի պտուղ է տալիս, հակառակ հարևանների, որ չեն թողնում այգով ջուր անցնի: Ընկուզենիները տարբեր չափերի են, մի մասը՝ շատ մեծ, մի մասը՝ շատ մատղաշ: Ընկնում են քարե սեղանի վրա, նրա կողքի քարե աթոռներին, հարվածից կիսվում և սպասում ուտողին։ Նրանց հյուրասիրության մասին գյուղում շատ պատմություններ են պատմում: Նրանք չկան, բայց իրենց տեղը հյուրասիրում են նրանց տնկած ծառերը։ Անցնող-դարձողները համտեսում են, հիշում ու օրհնում նրանց։ Բայց ամենից շատ՝ ընկեր Զիլֆուղարյանին։ Գիտե՞ք, թե ինչու, որովհետև նա մայր էր, խորթ մայր, նա իմ տատիկի երկրորդ մայրն էր, բայց մենք երբեք չենք զգացել այդ։ Հիշում եմ ՝Ռոմելա տատս մի մեծ տիկնիկ ուներ, երբ գնում էի իր տուն, գրպանից կոնֆետ էր հանում, տալիս ինձ ու ասում․

-Սոսե, եկ մի էդ եղծուն կեր, մինչև չուտես՝ Կասանդրին չեմ տալու։

Կասանդրան այն տիկնիկն էր, ում ես շատ էի սիրում։ Երբ մեծացա, իմացա, որ այդպիսի սերիալ է եղել։

Ռամել մեծ տատս ամեն օր պահում էր ինձ, որովհետև տատս դաշտային գործեր էր անում, մայրիկս էլ դպրոց էր գնում՝ աշխատանքի։ Ես մնում էի նրա մոտ այնքան, մինչև դասերը վերջանում էին, մայրս գալիս էր ու ինձ տանում մեր տուն։ Մորս գալու ժամին ամեն ինչ պատրաստ էր։ Մինչև հաց չուտեինք, բաց չէր թողնի մեզ։ Իմ մանկությունից ես հիշում եմ նրան, այդ գեղեցիկ կնոջը, ով ուսուցիչ էր եղել, շատ սերունդներ ճանապարհել կյանք, բայց նրա առաքելությունը տատիս պահելն էր, ու մինչև հիմա բոլորն ասում են․

-Ռամելը Լարիսին իր երեխեքից չի ջոկալ։

Դա է պատճառը, որ տատիս քույրերը ու եղբայները առանձնահատուկ սիրով են սիրում տատիս, և ամենալավ պատառը ու գեղեցիկ զգեստը տատիս է բաժին հասնում՝ մի դժբախտ կնոջ, ով վաղ տարիքում կորցրել է ամուսնուն և մեն-մենակ պահել չորս երեխաներին։ Ռամել տատը օգնել է տատիս, դասերից հետո եկել և խնամել է պապիս, իսկ տատս գնացել է աշխատելու։

Մի անգամ, երբ տատիկիս հարազատ մայրը մեր տուն էր եկել, Ռոմել տատը ասել է․

-Լարիսիս մաման է, թող գա-գնա իր աղջկա տուն:

Ես ինձ հիշում եմ իմ Ռոմել տատի ձեռքը բռնած։ Լուսավոր օր էր, երբ ծնվել էր փոքր քույրս, ես ու իմ Ռոմել տատը մի մեծ տոպրակով աչքալուսանքի շոկոլադ բաժանեցինք գյուղացիներին։

Հիշում եմ, Ռոմել տատիս հետ գնում էի սունկ հավաքելու, տանում էր և ցույց տալիս սունկի տեղերը։ Հիմա, երբ անցնում եմ այդ տարածքով, հուզմունքը խեղդում է կոկորդս:

Այստեղ ամեն ինչ նույնն է, միայն այստեղի տիրուհին չկա՝ իմ Ռոմել տատը։

ofelya hovhannisyan

Փոթորկից հետո

Երկու օր առաջ Հայաստանի տարբեր մարզերում ուժեղ փոթորիկ էր լինելու: Երբ լսեցի այդ մասին, մտածեցի, որ մեզ մոտ՝ Գագարինում, երևի մի փոքր ավելի մեղմ կլինի, բայց իմ սխալ կանխատեսման պատճառով հասցրի մի փոքր վախենալ: Ես և ընկերուհիս դաս էինք անում մեր տանը: Չնկատեցինք էլ, թե ինչպես ժամանակն անցավ: Երբ նայեցինք ժամացույցին, նկատեցինք, որ արդեն բավականին ուշ է: Դասերը վերջացնելուց հետո ես որոշեցի տուն ճանապարհել ընկերուհուս, որովհետև արդեն բավականին ուշ էր, դրսում ցուրտ էր և մութ:

Նախքան բակ իջնելը, ես և Տաթևը համոզված էինք, որ դրսում տաք է, բայց երբ դուրս եկանք շքամուտքից, դադարեցինք խոսել: Քամին այնքան ուժգին էր, որ ծառերն ու սյուները ինքնաբերաբար շարժվում էին: Մենք երկար ժամանակ չէինք կողմնորոշվում, թե որ ճանապարհով գնալ, որ ապահով տեղ հասնենք: Ի վերջո որոշեցինք բաց տարածությունով վազել, որպեսզի շարժվող տանիքները չվնասեն մեզ:

Տաթևին բարեհաջող տուն հասցնելուց հետո ես չէի ուզում մտածել, որ պետք է մենակ տուն վերադառնամ, բայց, բարեբախտաբար, կարողացա առանց ուշադրությունս որևէ բանի վրա կենտրոնացնելու՝ շտապել տուն: Ինձ ավելի շատ սարսափեցնում էր այն փաստը, որ դրսում միայն ես էի Օֆելյա փոթորկի դեմ (երբ հետևում էի լուրերին, տեղեկացա, որ Իռլանդիայում նույնպես շատ ուժգին փոթորիկ է եղել, որն անվանել են Օֆելյա):

amalya harutyunyan

Բարևների շարքից

Բարև, այսօր ասել եմ հազարերորդ բարևը, որից հետո պատռել եմ թուղթը: Գուցե հարցնեմ՝ ո՞նց ես:

Կներես ինձ, հա՞: Ի՞նչի համար: Չէ, հարցեր մի տուր, ես դրանց պատասխանը երբեք էլ չունեմ: Ի՞նչ ես անում հիմա. անհեթեթ հարց է, չէ՞: Ես ինքս քեզնից լավ գիտեմ՝ ինչով ես զբաղված: Սուտ է: Չհավատաս: Չգիտեմ: Ոչինչ էլ չգիտեմ: Միշտ էլ ամեն ինչ թաքուն ես անում ինձնից: Այ, օրինակ՝ այն օրը, երբ վերցրիր ինձ ու դուրս եկար լսարանից: Հարցրել էի՞ր ինձ: Չէ, իսկ եթե հարցնեիր, հաստատ չէի թողնի, որ տեսնեին արցունքներս:
Ուզո՞ւմ ես ինձ հասկացնել, որ ամեն տեղ լաց լինել պետք չի: Կներես, ես ընդունակ երեխա չեմ, չեմ սովորի: Մեկ է՝ ամեն անգամ կանեմ նույն սխալը, ու մենք կվիճենք: Ափսոս, որ սա էլ բարձրագույն մաթեմատիկա չէ, որ ունենա մի պատասխան ու այն լինի անժխտելի:
Ինչո՞ւ ես ինձնից փախչում, անկեղծ չեմ հասկանում: Ուզում եմ՝ խոսենք: Այ, դու, ինչպե՞ս ես պատրաստում թխվածքը: Ես, օրինակ, վառում եմ: Մտածո՞ւմ ես՝ խոհափիլիսոփայականից անցա կենցաղայինին: Չէ: Ես կյանքիս էջերն էլ եմ պատահմամբ սխալ բաղադրատոմսով պատրաստում: Գիտեմ՝ դու սխալներ չես հանդուրժում: Բայց ի՞նչ արած, ես էսպիսին եմ:
Այն օրը անձրև էր գալիս ուժեղ, համոզում էիր՝ անձրևանոց բռնեմ, բայց հասկացիր, էլի, չեմ սիրում կաղապարներ, չեմ սիրում պաշտպանվել: Հա, ես քո էն չսիրած սենտիմենտալությունն եմ նախընտրում, ու հիմա էլ տողերս դրանով են լցված: Ես չեմ կարողանում քեզ նման չոր ու կոպիտ լինել: Էդ հմտությունը էդպես էլ չսովորեցրիր:
Գիտե՞ս՝ երեկ ասում էին, որ ուժեղ եմ, երբ մի խումբ մարդկանց մոտ կարողացա խոսել շատ կարևոր ու անձնական խնդիրներից: Քեզ ինձ հետ էին խառնել: Ափսոս: Դու չափից շատ համարձակ ես ու ուժեղ, իսկ ես… Ես այս անգամ էլ եմ հակառակվել քեզ: Թույլ եմ ու կոտրվող:
Ուզում եմ՝ խոսես: Նորից լուռ ես: Ուզում եմ հասկանաս ինձ: Երբեք: Մեկ է՝ գիտեմ, որ չես հասկանալու: Ի՞նչ կլինի, փորձիր: Գիտեմ՝ խոսքեր չես սիրում, գործերն ես կարևորում, բայց մի անգամ լսիր ինձ ու փորձիր: Ախր, իմ մեջ ես ապրում, բայց ինձնից անջատ ես, սենյակիդ դուռն էլ կողպեքով փակել ես: Ախր, մենք կողք կողքի ենք, կամ էլ հենց նույնն ենք, չգիտեմ: Բայց դու այնքան ուրիշ ես, այնքան օտարված ինձնից: Չեմ հասկանում քեզ, չեմ կարող հասկանալ:
Կարծում ես՝ սիրո՞ւմ եմ բանավիճել ինքս ինձ հետ, չէ, տանել չեմ կարողանում մեր վեճերը, երբ ես քեզ, դե, այսինքն՝ ինքս ինձ չեմ հասկանում:
Հիշո՞ւմ ես, որ ինձ համոզում էիր խոսել ընկերներիս հետ:
Վիճում էիր ինձ հետ, ասում էիր՝ չամաչեմ:
Իսկ ես լռում էի, շարունակում էի չխոսել: Ու դու խոսեցիր, վերջապես խոսեցիր: Բայց ոչ ոք չիմացավ, որ դա դու էիր, ոչ թե ես:
Հիշո՞ւմ ես, որ քեզ հարցրի՝ քանի տարեկան եմ: Ծիծաղեցիր, չէիր սպասում, որ կարող եմ մեր տարիքը մոռանալ: Իսկ ես երբեմն մոռանում եմ նույնիսկ թե ով եմ՝ ե՞ս, թե՞ դու:
Այն մի անգամ էլ պատմության դասախոսը սկսեց պատմել Ավարայրի ճակատամարտի, Հայկի ու Բելի մասին, դու հասկացար, իսկ ես զարմացա: Մարդիկ չեն հասկանում, որ իսկական պատերազմները մեր մեջ են, իմ ու քեզ հետ, որ իրական պատերազմներում զենքերը մտքեր են, չեն հասկանում, որ իրականում զինադադարը կեղծ է, պայմանագրեր չկան, որ մենք երբեք էլ հայտարարի չենք գալու:
Հասկանում եմ արդեն քանիերորդ անգամ հետդ անտեղի խոսելուց հետո։ Հասկանում եմ ու հազարերորդ անգամ բանավեճից հեռանում եմ՝ լսելով՝ դե, էս անգամ էլ ոչ ինձ, ոչ քեզ, ամեն մեկս մեր ճանապարհով։ Շտապելով տալիս եմ հազարերորդ հրաժեշտը, բայց գիտեմ՝ հազարմեկերորդ բարևս սպասեցնել չի տա քեզ։
Ինչևէ, ես քեզ կարոտում եմ:

Artyom Avetisyan

Արցունքների մեջ խեղդված տատս

Հույզերը եռում են տատիս սրտում ու հոգում և պարզ արցունքների տեսքով թափվում են նրա կույր աչքերից՝ գլորվելով ցամաքած և թառամած այտերի վրայով: Տատս կուրացել է վերջին մի քանի տարում և անգամ իր արցունքները չի կարողանում տեսնել, սակայն զգում է, անգամ ասում է դրանց գույնը.

-Սև է, սև են արցունքներս: Պապդ ու հորեղբայրդ թափանցիկ արցունքներս ներկեցին սև գույնով, սևով լցրին ամեն ինչ, անգամ սիրտս է սևացել, հոգիս…

Տատս արդեն 11 տարի է, ինչ կորցրել է պապիս, և 40 տարի՝ հորեղբորս:  Ես չեմ հասցրել զգալ հորեղբորս ներկայությունը, իսկ պապիս դեմքը իմ հիշողության մեջ շատ աղոտ է, որովհետև փոքր տարիքում եմ նրան տեսել:

Տատս կույր է աչքերից, բայց ոչ հիշողությունից: Պատմում է իր երիտասարդության տարիներից մինչև պապիս մահը, իսկ դրանից հետո միայն արտասվում: Պատմում է «կոլխոզի, սովխոզի» տարիներից: Թութուն շարելուց մինչև գիշերվա ուշ ժամին այգուց խնձոր, տանձ գողանալը:

Պատմել է, որ պապս եղել է այգու պահակը, եղել է խիստ ու պարտաճանաչ և ոչինչ չի գողացել ու ոչ մի սխալ թույլ չի տվել: Իսկ ինքը՝ տատիկս, այգուց «գողացել» է մրգեր, բանջարեղեն, որպեսզի կարողանար պահել տան տասն անդամներին:

Պատմել է, թե ինչպես է մի անգամ պապիկը նրան բռնել խնձոր գողանալու ժամանակ: Պապիկի գործողությունները եղել են հետևյալը. դատարկել է պարկը, պատռել այն և տատիկին փնովելուց հետո ուղարկել է տուն:

Այս պատմությունից հետո տատիկիս կույր աչքերը կրկնակի են կուրանում, այս անգամ՝ արցունքների մեջ շաղախվելով:

Տատիկիս, երբ նստեցնում եմ աթոռին՝ արևի տակ, հարցնում եմ.

-Տատ, արևի շո՞ղն էլ չես տեսնում:

Իսկ նա պատասխանում է.

-Չէ՜, բալա՛ ջան, ոչ մի բան էլ չտեսնամ, աչքերուս դեմն սև՜, սև ա: Ինչ որ մութ անտառի մեջ նստուկ էղնիմ, բան չերևա: Թե օր ձեն տաք, գիմնամ` ով ա, էնքան, օր ձեր սիֆաթներն ա պատկերացում:

Տատս արդեն 90 տարեկան է, և միայն աչքերն են նրա առողջական խնդիրը, թե չէ ասում է.

-Օր աչքերսի բաց էղներ, տեսնենք, մեկ ժամվա մեջ կհասնենք Մաղմաղան:

Տատս Ալաշկերտի բարբառով է խոսում, իսկ Մաղմաղանը դա մեր Արմաղան լեռն է: Գյուղիցս՝ Լիճքից, կարճ ճանապարհներ կան այնտեղ հասնելու: Երբ նրան մահճակալում նստած վիճակում եմ տեսնում, նկատում եմ, թե ինչպես է թարթում աչքերը, բայց չի տեսնում, իսկ երբ ձեռքերն իրար է կպցնում, արդեն ուշադիր նայում եմ դրանց, թե ինչքան են ծերացել, ինչքան են մաշվել և ինչքան արցունքներ են մաքրել: Երբեմն փորձում եմ տատիկիս ուրախացնել՝ մեջբերելով «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից մի հատված և նրան անվանելով Արուսյակ Վարդանյան: Հա՜, մոռացա ասել, տատիս անունը հենց Արուսյակ է: Իսկ երբ ինչ-որ բան եմ ուզում կամ հարցնում և արժանանում բացասական պատասխանի, նրան ասում եմ.

-Ուրեմն ես՝ Վաղինակի տղա Արտյոմս, գամ հասնեմ էստեղ, որ ինձ ասես՝ «նյե՜տ»:

Տատիս տրամադրությունը բարձրանում է իմ կատակներից:

eva khechoyan

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Հայու գեն

Նեշվիլյան օդանավակայանն իմ երկար ճամփորդության վերջին կետն էր, որտեղ հանդիպելու էի հյուրընկալող ընտանիքիս ու ուղևորվելու այն քաղաքը, որտեղ անցնելու էր տարիս:

Իջա Նեշվիլի օդանավակայանում: Շուրջս օտար դեմքեր, ճամպրուկներ: Հանկարծ նկատում եմ մի սևահեր, բարձրահասակ տղամարդու քննող հայացք: Ուղիղ ինձ է նայում, առանց աչքը կտրելու: Պինդ սեղմում եմ անձնագիրս ու հեռախոսս: Ով գիտե, վերջիվերջո օդանավակայանը գողության ամենահավանական վայրերից է: Անցնում է մի քանի րոպե: Տղամարդը դանդաղ քայլերով մոտենում է ինձ: «Մեղա, մեղա…», մտածում եմ ես, ու արդեն պատրաստվում մի քայլ հետ գնալ ու…

-Հա՞յ ես,- լսում եմ նրա թունդ ձայնը:

-Հայ եմ,- թեթևացած պատասխանում եմ ես ու ժպտում:

-Ուզում էի ազգանունդ տեսնել, նոր մոտենալ: Էս ի՞նչ կա Նեշվիլում:

Պատմում եմ այն քամիների մասին, որ ինձ հասցրել են աշխարհի մյուս ծայրը: Ինքն էլ իրենից է պատմում: Պարզվում է՝ երեխաները Հայաստանում են:

Տղամարդն ինձ ուղեկցում է մինչև հոսթ ընտանիքս, գրպանից հանում այցեքարտը, տալիս հոսթ ծնողներիս:

-Ինչ որ բանի կարիք ունենա՝ իմաց տվեք,- ասում է նա, ձեռքը դնում ուսիս, աչքով տալիս ու հեռանում:

-Ըհը, ստեղ են ասել՝ «հայու գեն»,- մտքում ասում եմ ես ու ժպիտով ճանապարհում ազգակցիս:

lyusya balabekyan

Ի՜նչ լավ բան է համացանցը

Երբ տատիկիս պատմեցի, որ օնլայն ընկերություն եմ անում Մարոկկոյից իմ հասակակից աղջկա հետ, զարմացած նայեց ինձ՝ չհասկանալով ո՛չ «օնլայն» բառը, ո՛չ էլ Մարոկկոյից ընկերուհի ունենալու փաստը:

Ուրախացա: Ֆրանսերեն սովորելու համար համացանցում օգնություն խնդրեցի կայքերից մեկում գրանցված իմ հասակակիցներից, ու հանկարծ հայտնվեց մի աղջիկ՝ 14 տարեկան: Շուտով իմացա, որ նա լավ գիտի իմ հայրենիքի պատմությունը:

Զարմացա: Երբ գրեցի, որ իմ հայրենիքը Հայաստանն է, նա շտապեց ինձ պատասխանել՝ մի՞թե դա այն երկիրն է, որտեղ 1915 թ.-ին մեծ ցեղասպանություն է եղել: Որտեղի՞ց գիտեր. պարզվեց, որ իրենց պատմության դասագրքերում է այդ մասին գրված, և այնպիսի նկարներ է տեսել, որ… Երբ շարունակեցինք զրուցել, պարզվեց, որ նա գիտեր անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: Մի պահ նույնիսկ սկսեցի կասկածել. գուցե հայկական արմատնե՞ր ունի:

Տխրեցի: Ցավ ապրեցի, որ նա իմ հայրենիքի պատմության սև էջերը գիտի: Իհարկե, ես դեռ կշարունակեմ ներկայացնել իմ Հայաստանը նրան, բայց նա մի կարևոր միտք ասաց՝ դատապարտելով այդ ոճրագործությունը. «Միայն Աստված կարող է վերցնել քո կյանքը, քանի որ նա է քեզ կյանք պարգևել՝ անկախ կրոնից և ազգային պատկանելությունից»:

Հպարտացա: Երբ հրապարակում են, որ այսինչ երկիրն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, փաստաթուղթ է ստորագրել, մենք՝ հայերս, սկսում ենք ավելի հավատալ, որ արդարությունը կհաղթանակի մի օր: Իսկ այսօր ես վստահ կարող եմ ասել, որ այն փաստը, որ հեռավոր Մարոկկոյում ապրող մուսուլման մի աղջիկ դատապարտում է մեր թշնամիների կատարած ոճրագործությունները, վեր է ամեն տեսակ փաստաթղթերից: Հպարտ եմ, որ վաղը ես մենակ չեմ, ինձ հետ ոտքի է կանգնելու ամբողջ մարդկությունը:

Ի՜նչ լավ բան է համացանցը…

syuzanna kharatyan

±17.am

Ընդամենը մի քանի ամիս է, ինչ ես թղթակցում եմ 17-ին ու արդեն նկատում եմ իմ մեջ կատարված փոփոխությունները, որոնք իսկապես թղթակցելու հետևանքն են: Թղթակիցներից Անիի, Ստելլայի և Հովիկի նյութերը կարդալիս և նրանցից «Մանանա» թիմի մասին լսելիս իմ մեջ էլ թղթակից դառնալու ցանկություն առաջացավ: Որոշեցի հայտ ուղարկել, և 10 րոպե անց ստացա դրական պատասխան: Այդ նույն օրը նյութս գրեցի և ուղարկեցի, ու ամեն անգամ, երբ նկատում էի, որ 17.am-ը նոր նյութ է հրապարակել, ստուգում էի՝ մտածելով. «Տեսնես իմ նյութը կա՞»: Զգում եմ իմ մեջ եղած փոփոխությունը. և՛ մտքի զարգացման թռիչք կա, և՛ գրելաոճի, և՛ շատ-շատ այլ փոփոխություններ: Գիտեմ, որ դեռ շատ են լինելու իմ ձեռքբերումները 17-ում, որոնց մասին դեռ խոսելու եմ, բայց արդեն իսկ տեսնում եմ ինքս իմ մեջ առաջընթաց: Երբ նորություն է լինում, ընկերներս ասում են.

-Սյուզ, նկարի, որ 17-իդ համար գրես:

Շատ ոգևորված եմ, որ ինձ էլ բախտ վիճակվեց դառնալ 17.am-ի թղթակից:

astghik hunanyan

Գիտե՞ս, երբեմն մենք նման ենք

Լինում է, չէ՞, որ ֆեյսբուքյան էջդ թերթելիս հրապարակումների ես հանդիպում, որոնք տիպիկ քեզ ու արածներդ են նկարագրում, իսկ դու մտածում էիր, թե միայն դու ես էդպիսին։ Չէ, մինչև կարդալը չէիր էլ մտածում արածիդ մասին, բայց ինչ-որ մեկից լսելով՝ ոնց-որ մտքիդ մի մութ հատված լուսավորվում է, ու սկսում ես դրա մասին մտածել։ Է՜, դե, մեկ է՝ չեմ կարողանա նորմալ բացատրել՝ ինչ նկատի ունեմ, մի րոպե՝ օրինակով ասեմ: Ասենք, թե մեկը հրապարակում է արել մոտավորապես էսպիսի բովանդակությամբ. «Լայք, եթե դու էլ ես փռից տուն տանելիս հացի կեսը ուտում»։ Ու քո ռեակցիան. «Վա՜յ, ճիշտ ա» կամ «Էս ինձ հետևո՞ւմ են»։ Ես մեծ հույս ունեմ, որ հասկացաք, թե ինչ նկատի ունեմ, որովհետև ամբողջ ուժով ջանում եմ էդ անտեր մտքերս նորմալ հավաքել ու գրել։

Հետաքրքիր է, չէ՞, մենք չենք տեսել, թե ինչպես է մեկը փռից հացը թաքուն ուտելով գնում տուն (ախր, էդպե՞ս ենք թաքուն ուտում, որ մի բան էլ անցորդները տեսնեն), բայց չգիտես՝ ոնց, գրեթե բոլորիս մոտ էլ էդ սովորությունը կա։ Կամ մեկ ուրիշը, օրինակ՝ եթե դու թղթակից ես ու մի քիչ հաճախ ես նյութեր գրում, ուրեմն քեզ հետ էլ է պատահել, որ փողոցում քայլելիս մի քանի հազար մտքեր ծնվեն գլխումդ, որոնցից ֆանտաստիկ նյութեր դուրս կգային, բայց երբ գրիչը վերցնես ձեռքդ, հասկանաս, որ չէ, դու ոչ մի միտք էլ էդ պահին չունես։ Մենակ դու չես այդքան անհաջողակ, ես էլ, տո, մնացածն էլ։

Դե, գուշակեք՝ այսքան ճառս ինչի՞ համար էր։ Ճիշտ է, մտածել եմ ու ծայրահեղություններ գրել, որ գրեթե բոլորի մոտ էլ էդպես է, ու հա, շատ շատերն էլ մինչև կհասցնեի գրել, մտքիցս թռան ու թռան, այ քեզ կյանքի հեգնանք։

Մենք նման ենք, եթե՝

1. Դու էլ ես միշտ պլանավորել առավոտյան ժամը վեցին արթնանալ ու գնալ վազելու, բայց արթնացել ես, նայել ժամացույցին ու նորից քնել, կամ էլ ով գիտի՝ չես էլ արթնացել։

2. Դու էլ ֆանտաստիկ երգիչ կդառնայիր, եթե երգի մի առանձին ճյուղ ստեղծվեր՝ երգել լողանալու ժամանակ։

3. Դու էլ չես կարողանում փռշտալ, երբ «նախափռշտական» միմիկաներ են հայտնվում դեմքիդ, ու մինչև փռշտալդ ասում են՝ առողջություն։

4. Դու էլ ես քո ընկերներին «Օսկարի» արժանի նկարներ անում, իսկ երբ գալիս է հերթը, որ քեզ նկարեն, դու դառնում ես կապիկ, գորիլա, ընձուղտ, վերջիվերջո՝ ուղտ և այլն:

5. Ձմռանը տուն գնալիս դու էլ ես խանութ մտել տաքանալու նպատակով ու էնպիսի բան փնտրել խանութում, որ ասեն՝ չունենք։

6. Դու էլ ես մի պահ ամբողջ սրտով ատել կյանքը. հա, էն պահը, երբ խնձորը կծում ես ու մի թեթև հայացք նետելով խնձորին՝ միայն որդի շարժվող կեսն ես տեսնում։

7. Դու էլ ես կռվում, վերջացնում, հետո գնում տուն ու մտածում, որ ավելի լավ բաներ էլ կարող էիր ասել։

8. Դու էլ ես մտածում, որ եթե չալարեիր, անգամ ամբողջ աշխարհին կարող էիր տիրանալ, բայց դե, գրողը տանի, ո՞նց չալարես, է։

9. Դու էլ ես կապիկություն անում, երբ ինչ-որ մեկի գրկում երեխա ես տեսնում, ու էդ ինչ-որ մեկը մեջքով դեպի քեզ է կանգնած, բայց երբ շրջվում է, որ տեսնի՝ երեխան ինչու է ծիծաղում, միանգամից ձև ես բռնում, իբր իրենց չես էլ նկատել։

10. Դու էլ ունես եզակի տաղանդ՝ հիմար իրադարձությունների մեջ հայտնվելու։

11. Դու էլ ես «Ռոլտընը» անեփ սիրում, ու մինչև ջուրը կեռա, կեսը հում ուտում ես (հա, ես բոլոր արագ եփովի փլավներին «Ռոլտըն» եմ ասում)։

12. Դու էլ ես ուզում սովորել մի քանի լեզու, շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, նայել մի քանի սեզոնի սերիալ մի գիշերում, իսկ հետո գալիս ես տուն, նստում անկողնուդ վրա, մի քանի ժամ անջատված նայում մի կետի, իսկ հետո հասկանում, որ դու անգամ շնչելու հավես չունես։

13. Դու էլ չես կարողանում տատիկիդ բացատրել, որ եթե նայում ես հեռախոսիդ ու ժպտում, ուրեմն ամուսինդ կամ կինդ չի գրում։

14. Դու էլ վանդակավոր հատակի վրա քայլելիս չես կանգնում գծերի վրա, որովհետև ուղեղդ քեզ ասում ա, որ դու խաղի մեջ ես ու եթե գծի վրա կանգնես՝ կպարտվես։

15. Դու էլ ես լացելիս գնում, կանգնում հայելու առաջ, որ տեսնես՝ սիրուն ես լացում, թե չէ (եթե, իհարկե, լուրջ պատճառով չես լացում)։

16. Դու էլ ես խորովածի հացը խորովածից շատ սիրում (էն, որ փռում են խորովածի վրա ու խորովածի համը տալիս է հացին)։

17. Դու էլ ես դաս կարդալու ժամանակ ձևացրել, թե դասին չես հետևում, որ ուսուցիչդ հարցնի կարդալ, ու դու քեզնից գոհ կարդաս։

18. Քեզ էլ է թվացել, որ հետևում են քեզ, կամ դու ֆիլմի մեջ ես, բայց էդ մասին չգիտես։

19. Դու էլ ես սպասում էն օրվան, թե երբ քիմիայի էլեկտրոլիզի դիսոցումը կամ երկրաչափության տանգենս-կոտանգենսը քեզ կյանքում շա՜տ պետք են գալու։

20. Դու էլ ունես եզակի տաղանդ. ունենալով անչափ շատ ժամանակ, ամեն ինչ անում ես վերջին վայրկյանին՝ գլուխդ կորցրած այս ու այն կողմ վազելով և ուշանալով։

21. Քեզ մոտ էլ է եղել կյանքի մի փուլ, երբ որոշել ես «You Tube»-ով ֆեյսբուք ջարդելու ձևը սովորել, իսկ հետո հասկացել, որ չէ, դա քո խելքի բանը չի։

22. Դու էլ ունես բարեկամ կամ ծանոթ, որ ծնունդներից կամ հարսանիքներից առաջ «You Tube»-ով լեզգինկա պարել ա սովորում, որ պարի ու բոլորին ցույց տա, թե բա՝ գիտի։

23. Դու էլ չես հասկանում բեսարաբերեն։

24. Դու էլ ես աշնան կեսից սկսում ձմեռային վերմակի տակ քնել, ու փոխում միայն ամռան կեսին։

Երևի վերջ, հնարավոր է, նյութն ուղարկեմ ու հետո միայն ավելի էպիկական բաներ հիշեմ, միշտ էդպես է։

Հ. Գ. Հումորով կընդունեք, ժողովո՛ւրդ ջան: