erik alexanyan

Բաղանիսն ու իր հոգսերը

Բաղանիսի խնդիրներից է երթուղային տրանսպորտի բացակայությունը: Բաղանիսցիները հիմնականում իրենց պետքական առաջին ապրանքները գնում են գյուղից, սակայն կան ապրանքներ, որոնք Բաղանիսի խանութներում չես գտնի: Այդ իսկ պատճառով նրանք գնում են Նոյեմբերյան: Օրինակ՝ նրանք կանգնում են ճանապարհի մոտ, պատահական կանգնեցնում մեքենա և գնում: Սակայն նույնը չեն կարող անել կանայք, որոնց ամուսինները արտագնա աշխատանքի են գնում Ռուսաստանի Դաշնություն, որ մի քանի կոպեկ փող աշխատեն և բերեն տուն:

Երկու-երեք տարի առաջ Բաղանիսի գյուղապետ ընտրվեց Նարեկ Սահակյանը, որը, ի դեպ, ՀՀ ամենաերիտասարդ գյուղապետն է: Այս մի քանի տարվա ընթացքում նա որոշակի բարեփոխումներ կատարեց գյուղում, և գրեթե բոլոր բաղանիսցիները, մեծ, թե փոքր, գոհ էին նրա կատարած բարեփոխումներից: Օրինակ՝ նա լուծեց աղբահանության խնդիրը, կառուցեց Բաղանիսի խմելու ջրի նոր ցանցը, նրա միջամտությամբ կառուցվեց Բաղանիսի բուժկետը: Մեր գյուղապետի միջոցով Բաղանիս էին մտնում բազմաթիվ ծրագրեր:

Սակայն նա նոր էր սկսել ծավալել իր գործունեությունը Բաղանիսում, երբ որոշվեց միացնել գյուղերը: Դա սահմանափակում էր գյուղապետի հնարավորությունները: Ճիշտ է, գյուղը և մյուս գյուղերը դեմ էին խոշորացմանը, սակայն դա տեղի ունեցավ: Ես հուսով եմ, որ Նարեկ Սահակյանը կլուծեր նաև երթուղային ցանցի խնդիրը, սակայն խոշորացումից հետո դա քիչ հավանական է:

Ես այս դեպքում էլ հուսով եմ, որ երիտասարդ գյուղապետը կանի ամեն ինչ, որպեսզի ինչքան հնարավոր է, խնդիրներ քիչ լինեն:

Լուսանկարը՝ Ամալյա Հարությունյանի

Երևանից 60 կիլոմետր այն կողմ

Երբ հոգնում ես երևանյան միապաղաղ առօրյայից ու առաջին միտքդ փախչելն է լինում, դու գտնում ես մի հարմար տեղ, որտեղ մտքերդ կհանգստանան: Ես գտել եմ այդ վայրը: Դեռ մանկուց ամեն տարի ամռանը գալիս եմ Ապարան: Էստեղ շատ բարեկամներ ունենք, ու առօրյաս միշտ էլ հագեցած է անցնում: Բայց այս անգամ ամեն ինչ ուրիշ էր: Ձեռքումս ֆոտոխցիկ կար, ու ամենահասարակ լվացքը ամենագեղեցիկն էր թվում: Արդեն պատմել եմ այն տան մասին, որտեղ անցել է մանկությունս: Լուսանկարելով ամեն մի անկյունը՝ ես վերհիշում էի անցած օրերը:

Մի շաբաթը բավական է դառնում, որ ես սիրեմ ու սկսեմ կարոտել ամենահին լուսամուտը, ամենաշատ ծակծկող խոտերը, ամենաքարքարոտ ճանապարհները, ամենահետաքրքիր երկինքը, ամենավառ լվացքները, ամենապայծառ երեխաներին ու ամենալուսավոր մարդկանց:

milena baghdasaryan

Այս տետրն էլ վերջացավ…

Գրչիս թանաքն ավարտվում է, փոխում եմ գրիչս, տետրիս 48 թերթերը  լցվում են, 96 թերթանոցն եմ վերցնում: Տանը բոլորը ննջում են, հաճելի լռություն է, միայն գրչիս՝  թղթին  թեթև հպվելու հազիվ նշմարվող ու  խորհրդավոր ձայնն է լսվում:

Մութ փողոցում մի լուսավոր պատուհան կա. իմն է: Իսկ պատուհանից ներս պատեր չեն, այլ մի ուրիշ մոլորակ՝ հեռու առօրյա հոգսերից ու դուրս` ժամանակ և տարածություն հասկացություններից: Իմ մոլորակում չարը տեղ չունի, աշխատում եմ միայն բարու, բարության և բարի արմատով կամ այն իրենց մեջ կրող այլ բառերի հետ աշխատել,  հերոսներս էլ՝ անշոշափելի, բայց երևակայությանս մեջ ապրող արևագույն էակներ են: Արևագու՞յն. այո՛, չէ՞ որ  ամեն երեկո, երբ ամոթխած  արևը տխրությամբ  կարմրում ու հետաձգում է հրաժեշտի պահը, որ մի քիչ էլ մնա մեզ հետ, ես աչքերով փորձում եմ կլանել լույսն ու ջերմությունը և ժամեր անց դրանք արտացոլել իմ տողերում, հերոսներիս էլ այդպես պայծառ ու ջերմ ստեղծել:

Առաջին փոքրիկ բանաստեղծությունս գրել եմ 39 տառերը յուրացնելուց հետո. մայրիկիս էր նվիրված: Անկեղծ էի գրել, մանկական միամիտ մտքերով ու  բառերով: Դրան հաջորդող այլ փորձերից հետո, չեմ հիշում՝ ինչու՞, չշարունակեցի գրել: Մի օր էլ՝  մյուս օրերի նման սովորական մի օր, դասից տուն վերադառնալու ճանապարհին գլխումս սկսեցին պտտվել նոր բանաստեղծությանս առաջին երկու տողերը: Արագ գնացի տուն ու գրի առա դրանք. մի քանի գեղեցիկ տողեր էլ ավելացրի ու կրկին գրեցի բանաստեղծություն՝ առաջին բանաստեղծությունիցս տարիներ անց: Երբեք չսիրահարված մարդու ձեռքով գրված բանաստեղծություն սիրո մասին, որ շատ բան փոխեց իմ կյանքում ու նորանոր արձակ և չափածո  ստեղծագործություններիս նախաբանը եղավ:

Երկարատև ու ցրտաշունչ ձմեռվանից հետո մի փոքրիկ ձնծաղիկով նոր գարուն մուտք գործեց իմ կյանք:  Գուցե ճիշտ են ասում, որ երկար ժամանակ չգրելուց հետո ավելի մեծ սիրով ես գրիչը ձեռքդ վերցնում ու խոսում թղթի հետ, կարծես գրկում ես  երկար տարիներ չտեսած մերձավորիդ, որին շատ էիր կարոտել ու ամբողջ կարոտդ փորձում ես արտահայտել ամուր գրկախառնության միջոցով:  16 տարեկանում մեծ հանդգնություն կլինի իմ կողմից ինձ գրող անվանելը, չգիտեմ էլ՝ կհամարձակվե՞մ երբևէ կրել գրող-լրագրողի պատվավոր տիտղոսը, թե՞ ոչ, բայց մի բան գիտեմ հաստատ. յուրաքանչյուր ավարտվող տետրին նորն է փոխարինելու, ու գրիչի միջուկի դատարկվելուն պես նոր գրիչ եմ ձեռքս վերցնելու, որպեսզի նոր գրիչով նոր հեքիաթներ «խզբզեմ» թղթին ու նոր մոլորակներ հայտնագործեմ:

Այս տետրն էլ վերջացավ, ներշնչածս արևի ջերմությունն էլ արդեն սպառվում է: Սենյակիս լույսն անջատեմ՝ վաղն էլ արևին հանդիպելու, ջերմություն ու լույս կլանելու և մի նոր սպիտակ տետր սևացնելու ակնկալիքով, մի նոր ձնծաղիկ ստեղծելու ու կրկին կյանքումս գարուն բերելու հույսով:

Անավարտ հարցազրույց

Հարցազրույց տատիկիս Վարդանուշ Մուրադյանի հետ

Լուսանկարը՝ Քրիստինե Սարգսյանի

Լուսանկարը՝ Քրիստինե Սարգսյանի

Վարդանուշը` հորական տատիկս, 88 տարեկան է: Քանաքեռցի է եղել, ամուսնացել է պապուս` Խաչիկ Թովմասյանի հետ և տեղափոխվել Արագածոտնի մարզի գյուղ Ագարակ: Ունեցել են 5 երեխա՝ 4 տղա և 1 աղջիկ: Ցավոք սրտի, միայն հայրս է ամուսնացել և ունի 7 զավակ: Տատս մեզ շատ է սիրում, միշտ պատմում է, որ իր գրկում է մեծացրել մեզ:

Տատիս պատմեցի, որ  լրագրողությամբ եմ զբաղվում, շատ ուրախացավ, ասաց.

-Բալի՛կ ջա՜ն, սովորի՛ր, սովորի՛ր, քանի կարող ես:

Եվ սրանից հետո սկսեցի հարցուփորձս:

-Տատ ջան, ինչպիսի՞ ընտանիքում ես մեծացել:

Տատս սկսեց հպարտորեն պատմել:

-Բալա ջան, հայրիկս՝ Վահանը, էղել ա գիտուն մարդ` տեխնիկումն ա սովորել, ավարտել ա հինգերով, իսկ մորս հետ պսակվելուց հետո դարձել ա Քանաքեռի եկեղեցու քահանա: Մամս` Սուսամբարը, անգրագետ կին ա եղել, դպրոցում չի սովորել, բայց շատ խելամիտ էր: Մամայենքս եղել են 5 ախպեր, 2 քուր: Իմ քեռիները բոլորը վանական են էղել: Թուրքերը սաղին սպանել են, մնացել են 2 քուր` մերս ու մորքուրս: Փախել, էկել են Քանաքեռ, էնտեղ էլ հանդիպել ա հորս:

Ախպերս՝ Եփրեմը, իրա նման ախպեր ոչ մեկ չի ունեցել: Իմ ախպերը մեզ շատ էր սիրում, մենք էլ իրեն: Իմ հերը մի բուռ ոսկի տվեց, որ գնա Էրեվան սովորի ,- հուշերի գիրկն ընկավ տատս,- իսկ քուրս՝ Շողիկը, բարի, խելամիտ մարդ էր, շատ նման էր մորս:

-Տա՛տ, իսկ ինչպե՞ս եք ապրել:

-Բալա ջան, չեմ բողոքում, լավ էինք ապրում, բայց լուսամուտներին շուշա չկար, շորերով էինք փակում: Հետո հերս մի տեղից  2 կոպեկ ոսկի ճարեց, թազա տուն առանք:

-Դպրոցից հետո ինչո՞վ ես զբաղվել:

-Է՜հ. գնացի բուժքույրական սովորեցի, պրծնելուց հետո մեր Քանաքեռի բուժկետում էի աշխատում մինչև պապուդ հետ ամուսնանալս:
-Տա՛տ, պապուս հետ ո՞նց ես ծանոթացել:
-Իմ պապաս ու պապուդ պապը իրար ընկերներ են էղել, որոշել էին, որ իրանց թոռները իրար հետ պիտի պսակվեն, ու տենց էլ էղավ: Պապդ էկավ ձեռս խնդրեց, հերս ու ախպերս էլ համաձայն էին, էդպես ամուսնացանք:

-Ի՞նչ պայմաններում ես ապրել:

-Պապուդ տունը լավը չեր: Մկան բնից մի քիչ էր մեծ, անձրևների ժամանակ կաթում էր, բայց աշխատում էր, փող էր հավաքում` տուն սարքելու համար: Ես ու պապդ շատ տանջվեցինք: Ես, որ գյուղական կյանքին սովոր չէի, դժվարությամբ, բայց հարմարվեցի էդ կյանքին: Հող էի մշակում պապուդ հետ հավասար: Վերջը` մենք փող հավաքեցինք ու հորեղբայրներիդ ու հորդ հետ սկսեցինք նոր տուն սարքել:

-Իսկ ինչպիսի՞ն են եղել երեխաներդ փոքր տարիքում:

Այս հարցս այդպես էլ անպատասխան մնաց, տատս գլուխը խոնարհեց ու սկսեց լաց լինել՝ հիշելով իր16-ամյա մահացած որդուն ու զավակների դաժան մանկությունը:

gohar zaqaryan

Մեր մյուս հարստությունը

-…Հորքուրի պատկերն ա, է, շա՜տ նման ա,  մեր երկրորդ Լուսինեն ա… 

Այս խոսքերը մանկուց եմ լսել: Դեռ փոքրիկ երեխա էի, երբ մեր տուն հյուրեր էին գալիս, կամ մենք էինք հյուր գնում` միշտ ասում էին, որ արտաքինով հորաքրոջս եմ նման, անգամ ինձ հաճախ Լուսինե էին անվանում և վերջում անպայման ավելացնում էին` հուսանք նրա նման լավ կսովորի և բարձունքների կհասնի:

Երբ առաջին անգամ գնացի դպրոց, ինձ մոտեցավ մի տատիկ և ասաց.

-Վա՜յ, էս իմ պուճուր Լուսինեն ա, է՜ս ինչ նման ա, բայց դու, Գոհարիկ ջան, պետք ա հորքուրիդ նման փայլուն սովորես, որ քեզնով էլ էնքան հպարտանանք, ինչքան մեր Լուսինեով:

Երբ նա գնաց, մայրիկին հարցրի, թե ո՞վ էր, և նա պատմեց, որ հորաքրոջս դասղեկն է եղել և շատ է սիրել ու հպարտացել նրանով:

Երբ դեռ փոքր էի, չէի հասկանում, թե ինչով եմ նման հորաքրոջս, բայց հիմա հասկանում եմ և հպարտանում, որ նման եմ նրան:

Նա մեր դպրոցի, մեր գյուղի պատիվն ու հպարտությունն է եղել, մեր դպրոցի ամենալավ սովորող աշակերտուհիներից մեկը, և հաղթել է մի շարք մրցույթներում և հանրապետական օլիմպիադաներում: Պատկերացրեք, թե ինչ մեծ պատիվ է ինձ համար, երբ ինձ համեմատում են նրա հետ:

Հորաքույրս և նրա ընտանիքը արտերկրում են ապրում և մեզ շատ ուշ-ուշ են այցելում: Շատ եմ կարոտում նրանց: Հիշում եմ մեր կատակներն ու հաճելի հուշերը: Հիշում եմ և ժպտում…

hovik vanyan dsex

Հարևանդ էլի ես տեմ ըլի

Պապիկիս տանն էի: Մի քանի օր դարձել էի «ռեմոնտչիկ»: Շոգ օր էր, ես հանգիստ գործ էի անում, մեկ էլ պապիկիս հարևան Սուրիկ պապն եկավ.

-Սևա՛ն, էսա թոռներդ գնալ տեն, հարևանդ էլի ես տեմ ըլի, նարդին բի, նարդին…

Ես արդեն ծանոթ էի նրանց նարդի խաղալուն. առանց կռվելու հնարավոր չէր լինում: Դե, նրանք սկսեցին նարդի խաղալը, ես էլ շարունակեցի գործս:

-Շեշ ու բեշ…

-Արա՛, ի՞նչը շեշ ու բեշ, աչքերդ լավ չի տենըմ, ինչը քեզ ձեռնտու ա՝ թհենց ես ասըմ:

Ինչքան փորձում էի չլսել նրանց ձայները, հնարավոր չէր լինում. ականջի ծայրով լսվում էր: Նրանց խաղը միշտ տևում է երկուսից երեք ժամ, ու այդ ընթացքում այնպիսի կռիվներ են լինում, որ ասելու չի:

-Արա՛, հըմբարիլ չգիդես, էս քարը ըստի չի գալի, է:

-Ո՞նց չի գալի, էս սե, էս էլ՝ եկ:

-Էլի ա ասըմ, այ… Եկը ըստի չի գալի, հրես՝ ըստի, ըստի…

Պահեր էլ լինում էին, որ ընդհանրապես ձայն չէին հանում, կարծես մի քիչ առաջ իրենք չէին կռվում: Իսկ ով հաղթում էր, այնպես էր ուրախանում, կարծես փոքր երեխա լիներ…

anahit badalyan (kapan)

Գործելու արվեստը

Աշխարհի ամենակախարդական ձեռքերը իմ տատիկին են պատկանում: Նրա ոսկե ձեռքերով են գործվում իմ ձմեռային գուլպաներն ու տաքուկ ժիլետները: Դե, իհարկե, այդ ձեռքերը լավագույնը համարելու էլի պատճառներ կան, բայց այսօր, թերևս, կխոսեմ միայն դրանցով ստեղծված գործվածքների մասին:

Իմ ամբողջ մանկությունն անցել է տատիկիս գրկում: Ես մեծացել եմ նրա պատմած «Կարմիր գլխարկի» ու նրա երգած երգերի ներքո: Մանկության իմ ամենասիրուն հուշը հենց նա է՝ տատիկս: Երբ ձմեռ էր լինում, այն աստիճանի ցուրտ, որ վերմակի տակ տաքանալն անգամ դժվար էր թվում, միանգամից վազում էի տատիկիս տուն, որ ջերմանամ պապիկիս վառած վառարանի մոտ: Մեր տանն էլ էր տաք, բայց ես հենց այդ վառարանն էի ուզում, հենց այդ մեկը, որ տասը րոպեն մեկ «թարմացվում» էր փայտերի նոր կույտով, բայց ամենևին էլ ոչ այն պատճառով, որ չափազանց ցուրտ էր, այլ նրա համար, որ ես էի այնտեղ: Պապիկս ասում էր. «Խոխան մրսե վեչ» (երեխան չմրսի): Եվ հիմա էլ է այդպես: Քիչ է մնում ամռանն էլ վառարանը վառեն ու ինձ նստեցնեն անմիջապես դրա հարևանությամբ: Իսկ ես լուռ ու հնազանդ կնստեմ այնքան, մինչև այտերս կարմրեն, ու պապիկս ինքն ասի՝ վեր կաց վառարանի մոտից, թե չէ կվառվես:

Այս ջերմ ու խաղաղ երեկոներն ինձ այդ աստիճան երանելի չէին թվա, եթե տատիկս, ակնոցն աչքերին, հայացքը մերթընդմերթ հեռուստացույցին հառելով, շյուղերը բռնած, անընդմեջ ձեռքերը չաշխատեցներ: Ու երկու օր շարունակ ձեռքերը շարժելով՝ ամեն անգամ մի նոր գլուխգործոց էր ստեղծում: Նրա գործած գուլպաներն ու ժիլետները առաջինը ինձ են բաժին հասնում, հետո միայն՝ մյուսներին: Նախ ես կհագնեմ այդ ժիլետը, հետո՝ գուլպաները, ապա կվազեմ վառարանի մոտ, որ հանկարծ չմրսեմ: Ահա այսպես է լինում ամեն անգամ, երբ ես տատիկիս տանն եմ լինում:

Մի օր ասացի.

-Տա՛տ, էդ ո՞նց է լինում, որ դու էդպես արագ կարողանում ես և՛ ձեռքերդ շարժել, և՛ հեռուստացույց դիտել:

-Ձեռքերս արդեն վարժվել են,- ամենաքնքուշ ձայնով պատասխանում է տատիկս:

-Ինձ էլ կսովորեցնե՞ս,- հետաքրքրվում եմ ես:

-Արի՛:

Եթե անգամ ես թելերի մի ամբողջ կծիկ փչացնեի, ու այդպես էլ բան դուրս չգար, միևնույն է՝ տատիկս արագ կվերցներ, իր կախարդական հնարքներով կարգի կբերեր ու «կվերակենդանացներ» իմ ապագա գուլպաները: Բայց ես ընդունակ երեխա էի, արագ յուրացրի:

-Սկզբում բռնում ես ճաղերը, դրանցից մեկը անշարժ ես պահում: Դա հենց այն մեկն է, որի վրա կառուցվելու է քո գործվածքը, հետո աշխատեցնում ես մյուս ճաղն ու գործի դնում թելերը,- ամենայն ոգևորվածությամբ բացատրում էր տատիկս,- դե, վերցրու, ինքդ փորձիր:

Գուցե մեկ այլ դեպքում համարձակությունս չներեր, բայց կողքիս տատիկս էր նստած՝ աշխարհի ամենաներողամիտ ու բարի արարածը, ում համար իմ ամենաաններելի չարաճճիությունն անգամ արդարացված էր:

Փորձեցի գործել, ստացվե՜ց: Շատ ուրախ էի: Կլանվեցի, տարվեցի գործելով ու մեկ օրում մի հաստ թևնոց գործեցի ինձ համար: Տատիկս սովորեցրեց «աբադոկներ» գործել: Սկզբի համար լավ էր: Ես լավ աշակերտ էի, տատիկս էլ գոհ էր: Ես աշխարհի ամենաերջանիկ թոռնիկն եմ:

-Լավ եմ, չէ՞, գործում, տա՜տ…

Մեղրահավաք

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Օգոստոս ամսվա  կեսերին  գյուղում մարդիկ սկսում են մեղրահավաքը: Այն այդքան էլ երկար չի տևում, բայց մարդիկ հավաքում են ամիսների իրենց չարչարանքի արդյունքը: Ոչ այդքան հոգնեցուցիչ, բայց կարելի է ասել, շատ ցավոտ գործ: Ցավոտ, որովհետև մեղուները, փորձելով պաշտպանել իրենց մեղրը, խայթում են մարդկանց:

Իսկ հիմա պատմեմ, թե ինչպես է կատարվում մեղրահավաքը ամեն ինչ հերթականությամբ:

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Նախ, վառում են թուքսը, որը սովորաբար մեր տանը վառում է եղբայրս: Հետո բացում են փեթակները և սկսում նայել ու հանել այն շրջանակները, որոնց վրա մեղր կա: Բայց այս ամենը անելու համար անհրաժեշտ է մեղուների մասին իմացող մարդ, քանի որ ոչ բոլոր շրջանակներն են հանում: Այդ մարդը մեր տանը պապիկս է:

Երբ արդեն ավարտում ենք մեղրահավաքը, շրջանակները դասավորում ենք մեծ տաշտերի  մեջ և սպասում երեկոյան մեղրի քամելուն: Այդ աշխատանքը սովորաբար մարդիկ կատարում են երեկոները, որովհետև երեկոները մեղուները հանգիստ են լինում:

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Եկավ այսքան սպասված երեկոն: Նկուղում նստած հայրիկս մեղրի շրջանակից «չեչն» էր հանում, որպեսզի դնեք քամիչում և մեղր հանենք: Սովորաբար ես եմ մեղր քամում, բայց այս տարի գործս հանձնել էի եղբորս, քանի որ պետք է լուսանկարեի այդ ամբողջ գործընթացը հոդվածիս համար:

lilit khlghatyan portret

Ուղղակի փոխվել եմ

Բարև: Այսօր էլի կգրեմ հազարերորդ բարևը, որից հետո չեմ շարունակել, գոնե հարցնեի՝ ոնց ես։ Կներես ինձ, հա՞, դու, որ գուցե հազար անգամ նկատել ես, որ փոխվել եմ, բայց լռել ես։ Նաև դու, որ հորդորել ես հետ գնալ դեպի հինը, որովհետև քեզ այնտեղ ավելի շատ էի դուր գալիս: Կրկին ասում եմ՝ կներես, փոխվել եմ…

Կար մի ժամանակ (արդեն կնշեմ «ժուկով ժամանակով» տարբերակը), երբ ամեն ինչ ուրիշ էր, չէ, ես չունեի վարդագույն ակնոց, հիմա էլ չեմ նվնվա ու չեմ ասի, որ աչքերիցս ընկել է վարդագույն ակնոցը:

Ժուկով ժամանակով ես կյանքին այլ կերպ էի նայում, ինձ թվում էր, թե ամենամեծ խնդիրները ունեմ ես, այն պատճառով, որ իմ տեսադաշտը փոքր էր, իմ կյանքը մի քառակուսու մեջ էր, որտեղ գրեթե բոլորը քիչ թե շատ երջանիկ էին։ Իսկ հիմա հասկանում եմ, որ նույն խնդիրը կարող են ունենալ մի քանի մարդիկ, բայց նրանցից յուրաքանչյուրը այն տարբեր կերպ կզգա:

Զգում եմ, որ կյանքը շատ անարդարություններ ունի, բայց նաև հասկանում եմ, որ դրանք կյանքի անքննելի օրենքներն են։ Ասում են՝ երեխան ծնված օրվանից անմեղ է մինչև այն պահը, երբ մոտենում ես համբուրելու, իսկ նա հարվածում է:

Նրանցից մի քանիսը իսկապես անմեղ են: Նա, ով ծնվեց ու աչքերը բացելով՝ մոր դեմքը տեսնելու փոխարեն միայն խավար տեսավ և դրա մեջ գրեթե աննշմարելի մի լույս։ Այսօր այդ խավարի մեջ լույսը մեծացել է, այդ լուսավորը հենց նա է։ Իսկ այն մեկն արդեն տարիքն առած պառկել է անկողնում ու անիծում է Աստծուն, որ մարդկանց էլ առաջվա պես լավ չի տեսնում: Ու հասկանում եմ, որ մենք չենք գնահատում, ու սիրտս էլի սկսում է ցավել։

Ու անմեղ է նաև այն մեկը, որ ծնված օրվանից մահի հետ կռիվների մեջ է, նա տեսնում է, բայց չի հարվածում։ Այն մեկն է նա, որ իր կարճ՝ 1 տարվա կյանքի 10 ամիսն անցկացրեց հիվանդանոցում՝ բժիշկների ձեռքում՝ ճակատագրի դեմ կռվելով։ Ու նրանք ծնվել են ոչ թե հարվածելու, այլ կյանքից հարվածներ ընդունելու համար:

Բայց նրանք ուժեղ են, դիմանում են ու լռում՝ կարծես թե ոչինչ էլ չի եղել։ Իսկ ես կամ դու կարող ենք նվնվալ ամենահասարակ խնդրի պատճառով՝ չգիտակցելով, որ մեր հնարավորությունները չափից շատ մեծ են։

Տխրում եմ նաև նրա համար, ով պետք է դեռ շատ երկար ապրեր, բայց արդեն երկար տարիներ չկա։ Ջահել էր, իսկ ես կարտասվեմ նրա յուրաքանչյուր հարազատի հետ, երբ իրենց ցավը հիշելով կտխրեն: Ու կարտասվեմ նաև նրա հետ, ով անհագ խմում է, որ ցավերը խեղդի շշի մեջ ու մոռանա։

Ու ես հասկանում եմ, որ կյանքը դաժան է, բայց և կուզեի աչքերիցս մի փոքր տալ նրան, որ գոնե ինձ ավելի լավ տեսնի, ու առողջությունիցս տայի մյուսին, որ այլևս հիվանդանոց չընկնի, կյանքիցս տայի նրան, որ մի փոքր երկար ապրեր։ Երևի մի բան կփոխվեր:

Ու ես դրան զուգահեռ հասկանում եմ, որ ոչինչ էլ տալ կարող չեմ, մենք ոչինչ էլ չենք կարող տալ, բայց կարող ենք սիրել, անընդհատ սիրել, իսկ դա և՛ լավատես աչքեր կտա, և՛ առողջություն, և՛ կյանք։

Իսկ ես էլի տխրում եմ, ու դու մի օր դա կզգաս ու կհարցնես պատճառը, բայց չնեղանաս, եթե ոչ մի կոնկրետ բան չասեմ։ Ես ինքս էլ չգիտեմ։

Ուղղակի փոխվել եմ: