Astghik Ghazaryan

Պահապանը

-Անո մամ, ֆերմեն ե՞ս քյըմ… Ինձ էլ կտանե՞ս հետդ…

Գոմը մեր տնից հեռու էր, ու թեև ես փոքր էի, թեև երկար ճանապարհը ինձ շատ էր հոգնեցնում, թեև երբ տուն էի գալիս, ոտքերս ցավում էին, ես գնում էի, չէի’ն տանում, գնում էի. ինչպե՞ս կարող էի մենակ թողնել իմ Անո մամային…

Անո մաման օրական երկու անգամ գնում էր գոմ` առավոտյան և երեկոյան: Առավոտյան քնած էի լինում, դրա համար էլ միայն երեկոներն էի ուղեկցում նրան. տունդարձին երևի մութ կլիներ, ու Անո մաման կվախենար մթից, բայց եթե ես նրա հետ լինեի, ոչնչից էլ չէր վախենա, չնայած ինքս ահավոր վախենում էի մթից և ամեն ինչից:

Ճանապարհին համոզում էի, որ դույլն ինձ տար. հանկարծ կհոգնեին ձեռքերը: Փոքր, ավելի ճիշտ միայն փոքր ժամանակ էի հավեսով գործ անում, ու հենց հավեսս բավարարելու պահանջով էլ խլում դույլը ու թափահարելով, մեկ-մեկ էլ գետնին քսելով` գնում էի: Բայց այդ մեկ-մեկն այնքան հաճախակի էր դառնում, որ դույլը հայտնվում էր Անո մամայի ձեռքին:

Դեպի գոմ տանող ճանապարհի վրա գտնվող թաղերը լիքն էին շներով, ու ամեն անգամ դրանք, չգիտեմ որտեղից իմանալով, որ վախենում եմ իրենցից, հայտնվում էին ճանապարհիս ու իրենց ներկայությամբ սարսափահար անում ինձ: Ես հայտնվում էի Անո մամայի հետևում` նրա փեշից բռնած:

Այսպես, ադրենալինի պակաս չզգալով, տեղ էինք հասնում, ու ես, հաղթահարելով ու թաքցնելով կովերից ունեցած վախս, մտնում էի գոմ` Անո մամային մենակ չթողնելով մի խումբ «հրեշների» հետ: Բայց գոմում «հրեշներից» բացի կային ինձ նման փոքրիկ հորթուկներ, ուլիկներ, որոնք, վախենալով ինձնից, հեռու էին քաշվում` չիմանալով անգամ, որ ես էլ իրենցից էի վախենում: Նրանց ինձ էի նմանեցնում ու միայն վերջերս պատահաբար իմացա, որ տանը ինձ տրված մականուններց մեկը` «չափիչը», նշանակում է՝ ուլ, ու այդ ժամանակ հասկացա, որ մերոնք համը հանել են, և որ իմ բոլոր մականունները` «չափիչ, մկծեռ, մկռոշ, մուկ», կենդանիների անվանումներ են:

Առանձնապես ոչ մի գործ չէի անում գոմում: Իմ` վախկոտիս փոքրիկ ուղեղին թվում էր, որ պաշտպանելու եմ Անո մամային, իսկ դա մե՜ծ գործ էր:

Ի վերջո վերցնելով բաղձալի կաթը, ճանապարհվում էինք տուն: Հիշում եմ` մի անգամ` տուն վերադառնալիս, անձրև սկսեց, դա էլ հերիք չէր, գումարվեց կայծակը… Ու թեև ես հորեղբայրներիս կանանց` Անո մամային ու Սաթիկ մամային, մորս պես եմ սիրել ու երբեք տարբերություն չեմ դրել, այդ պահին բնազդաբար, ինչպես հորթուկը կամ քուռակը վտանգի դեպքում, մայր կովի կամ ձիու մոտ է վազում, ես էլ էի ուզում վազել, գրկել մորս ու փրկվել վտանգից:

Շուտով հասանք տուն: Ես ուզում էի գրկել մայրիկին, բայց չգրկեցի, որովհետև գրկախառնությունը ինձ համար միշտ էլ տոնական մի արարողություն է եղել, որն արել եմ ծննդից ծնունդ` երբեք էլ չսիրելով իմ փակ բնավորությունը, որն ինձ միշտ էլ խանգարել է արտահայտել ու ցույց տալ զգացմունքներս…

Բայց երանի թե այսօր էլ ունենայի մանկական նույն բարի սիրտը, որը ժամանակը, անկախ իմ կամքից, խլում է ինձնից…

 Հրապարակվել է 17 Ապրիլ ի, 2017 

mariam nalbandyan

Մի տեղ անտառում՝ եղնիկների հետ

Եթե հավես չունես, ու առաջ տալով ես կարդալու, խնդրում եմ՝ մի կարդա, որովհետև ես հավեսով եմ գրել, իսկ դա կարևոր բան է:

1.

Եթե դուք իսկապես ուզում եք իմանալ այս պատմությունը, ապա հավանաբար, կցանկանաք իմանալ, թե որտեղ եմ ծնվել ես, ովքեր են իմ ծնողները, որտեղ եմ անցկացրել իմ անմիտ մանկությունը, հիմա որտեղ եմ արդյոք սովորում ու ինչ գնահատականներ եմ ստանում: Բայց ես, ճիշտն ասած չեմ պատրաստվում փորփրել այդ ամբողջ շիլաշփոթ պատմությունը, կպատմեմ միայն այն, ինչը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ՝ իմ գլխում: Չգիտեմ՝ իմ գլխում կատարվող պատմությունները որքանով ու ում են հետաքրքրում, բայց զգում եմ, որ դրանից հետո մի բան փոխվել է. գլխումս էլ: Դե, ձեզ հանգիստ կարող եմ պատմել: Մեկ է՝ քույրս չի կարդում, նա երբեք իմ գրածները չի կարդում: Հազարից մեկ կգա ու կասի՝ էդ դու էիր գրե՞լ: Չեմ ասի, թե նեղանում եմ, ընդհանուր առմամբ ինձ մեկ է՝ կարդում են, թե չէ, ես էլ լինեի՝ չէի կարդա: Բայց քույրս լավն է շատ: Կարծում եմ՝ նա ձեզ դուր կգար, դուք պարզապես նրան չեք տեսել: Նա մուգ սև մազեր ունի, բոլորը հարցնում են՝ ներկե՞լ ես, բայց չի ներկել, ես հո գիտեմ, վերջապես, իմ քույրն է, ամբողջ կյանքումս միասին ենք ապրել: Փոքր ժամանակվա մի նկար ունի՝ կարմիր ու կլոր թուշիկներով, որ տեսնեք՝ շատ կհավանեք: Դե, ես նրան փոքր ժամանակ չեմ տեսել, ինչքանն էլ տեսել եմ՝ չեմ հիշում, ինձնից 4 տարի 6 ամիս մեծ է: Ու էդ ամբողջ շիլաշփոթն էլ իմ գլխի մեջ սկսվեց հենց նրա հետ մի մեծ վեճից հետո: Մենք երբեք անձնական թեմաներով չենք վիճում, չգիտեմ՝ թե ինչ է դա, բայց վերացական, ընդհանուր թեմաների ու մեր կարծիքների տարբերության շուրջը մի կես ժամ կգոռանք իրար վրա: Հատկապես՝ ես, շատ եմ բորբոքվում: Մի բան կասի ու ամեն ինչ շուռ կտա, միշտ այդպես է: Ուրիշների հետ էլ է, չէ՞ այդպես պատահում: Խոսում ես մի մարդու հետ, քեզ թվում է, թե նորմալ մարդ է, սողուն չէ, մեկ էլ կբռնի ու մի այնպիսի բան կասի, որ երեսին նայել էլ չես ուզենա: Քրոջս հետ այդպիսի վեճերը հետո երկար լռություն են ունենում: Ամբողջ գիշեր մտածում եմ, որ էլ կյանքում հետը նորմալ խոսել չեմ կարողանա, իսկ առավոտը չեմ էլ հիշում, որ կռվել էինք, մինչև էլի մի այդպիսի վեճ չի ծագում: Նա պատմաբան է, մի տեսեք, ինչքան անպետք թիվ ու անուն կա՝ կհիշի: Ես էլ, ճիշտն ասած՝ այդ առարկան անցնելուս հենց առաջին օրվանից ամբողջ սրտով ատել եմ: Ու ինչ էր պատահել՝ հեռուստացույցով մի հատ ապուշ հաղորդում էր նայել, որ քայլում են փողոցով ու պատահած մարդկանց տալիս մեր միլիոն տարի առաջ եղած թագավորներից մեկի անունը, նրանցից, որ լսած էլ չեք լինի, եթե քույրս չեք, ու հարցնում, թե ազգանունն ինչ է: Դե, պետք է իմանան, թե որ տոհմից է էլի եղել: Ու քույրս պատմում էր, որ մեր քաղաքի ժողովուրդը դեբիլ են ու անգրագետ, որովհետև ոչ ոք չգիտեր, թե որ տոհմից է նա: Մեկ էլ շրջվում է դեպի ինձ ու ասում.

-Մարիամ, հլը դու ասա՝ ազգանունն ինչ ա:

Փչում եմ մի բան: Դե, էդ թագավորների ազգանունները էդքան էլ շատ չեն, մի բան փչես, հնարավոր է՝ բռնի: Ես էլ փչեցի ու ճիշտ եղավ: Ասում է.

-Ապրես, թե չէ սպանելու էի:

Բայց, դե հո չէր սպանելու: Ինձ թվում է՝ լավ էլ հասկացավ, որ փչել եմ: Ասում եմ՝ ինչու պետք է մարդու ընդհանուր ինտելեկտը որոշեն պատմության ինչ-որ հարցով: Ու բոլորի մոտ էլ այդ տպավորությունն է, հենց որոշեն մարդու ինտելեկտը չափել, պատմությունից հարց կտան: Մի օր չեղավ՝ մեկը մոտենա ու հարցնի.

-Հեյ, եղբայր, հիմնական եռանկյունաչափական նույնությունը չես ասի՞:

Նա էլ փչի.

-Եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան է:

Ու կողքից բոլորը սկսեն էդ մարդուն ինչ ասես ասել.

-Տո այ դեբիլ, չգիտես, գոնե ասա՝ չգիտեմ, ինչ հիմար են մարդիկ, հասարակ բաներ են, է:

Չէ, ես չեմ ասում, որ բոլորը պիտի իմանան եռանկյունաչափությունն ինչ է, ես ուղղակի ասում եմ, որ մաթեմատիկայի մեջ իմ ասած հարցը ամենապարզերից էր, հազար անգամ ավելի պարզ, քան պատմություն իմացողների համար՝ էդ միլիարդ տարի առաջ եղած կամ չեղած եղբոր ազգանունը: Բայց չէ, էդ հեչ, որ մինչև հիմա էն կարծիքին ես, որ սինուսն ու կոսինուսը կյանքում պետք չեն գալու, բայց որ մի հատ թագավորի ազգանուն չգիտես, վերջ. մահ, սպանել, վտարել դրան մեր երկրից: Չգիտեմ՝ հասկանում եք՝ ինչ եմ ասում, թե չէ: Ես պատմության դեմ բան չունեմ, այնպիսի բաներ կան, որ այո, եթե չիմանաս, դեբիլ ես, բայց ինչ-որ մի թագավորի ազգանունը էն հարցը չի, էլի, որ ստուգի մարդու ընդհանուր ինտելեկտը: Այսպես էլ քրոջս հետ կռվեցի, հետո նա քնեց, իսկ ես ամբողջ գիշեր մտածում էի բարձով խեղդեմ, պրծնեմ: Բայց, դե չխեղդեցի, դեռ առիթ կլինի: Էդպես քույրս իր համար հանգիստ քնեց, իսկ ես թեք նստած էի բազկաթոռին՝ ոտքերս բազկակալից վեր ցցած: Նայում էի առաստաղին ու ակնոցիս հետ խաղում: Ընդհանրապես՝ ես բավականին կարճատես եմ ու առանց ակնոցի ոչինչ չեմ տեսնում: Ակնոցս հանում դնում էի, ու նայում առաստաղին: Կարող եմ էդպես ժամերով նստել ու խաղալ տեսողությանս հետ մինչև չզզվեմ: Սարսափելի տրամադրություն ունեի: Նույնիսկ հավես չունեի մտածելու, որ ես մեռել եմ: Ես միշտ այդպես եմ անում՝ պատկերացնում եմ, որ մեռել եմ: Պատկերացնում եմ բոլորի դեմքերը, կեսը կեղծ, կեսը՝ անկեղծ տխուր, պատկերացնում եմ ֆեյսբուքիս էջին կատարված հիմար փոստերը, իբր թե՝ քո հոգին միշտ մեզ հետ կլինի: Մտածում եմ բոլոր նրանց մասին, ովքեր իսկապես ծանր կտանեն մահս ու տրամադրությունս բարձրանում է: Դե, մարդիկ քո մասին հաճելի բաներ կասեն, միայն, երբ մեռնես: Դրա համար հաճախ ինքդ քեզ մեռած պատկերացնելը տրամադրություն է բարձրացնում: Միայն թե չեմ ուզում իմ թաղմանը մեկը բարձր լացի: Ընդհանրապես՝ ոչ մի բարձր ձայն չեմ սիրում՝ բացի երաժշտությունից: Խնդրում եմ՝ հիշեք, եթե թաղմանս ներկա լինեք, բոլորին կասեք՝ թող ցածր խոսեն:

2.

Էդ կռվի հաջորդ մի քանի օրը ոչ մի հետաքրքիր բան չէր կատարվում: Քրոջս հետ էլ չէինք վիճում, զբաղված էինք: Պատրաստվում էինք մեր գյուղ գալուն, որտեղ էլ ես հիմա գտնվում եմ: Դե, ես Երևանում եմ ապրում, եթե դա հետաքրքիր է: Էդպես պատրաստվում էինք ոչ թե որովհետև գյուղ գալը մեծ տուրուդմփոց է պահանջում, այլ որովհետև լրանում էր հորս մահվան մի տարին: Արդեն մի տարի է անցել, բայց դուք առաջին մարդն եք, ում պատմում եմ նրա մասին: Ես խոսել չեմ սիրում, ոչ այդ թեմայով:

Հայրս շատ անկեղծ, կոպիտ մարդ էր: Ընդհանրապես՝ ես նրան շատ եմ նման: Փոքր ժամանակ արտաքնապես էլ էլի շատ նման, բայց հիմա ինչքան մեծանում, այնքան տարբերվում եմ արտաքինով ու նմանվում՝ բնավորությամբ: Հորս էլ որ տեսնեիք, ձեզ դուր կգար: Եթե, իհարկե, քաղաքավարության զոհ ձևիստներից չեք, էն որ հումոր էլ չեն հասկանում: Հայրս ամեն ինչի վրա կատակ էր անում, անգամ իր սարսափելի հիվանդության: Ես սիրում եմ, որ ինձ համեմատում են հորս հետ, սիրում եմ, որ ասում են՝ նման եմ նրան: Դե, բնավորության համար ասում են, որ նույն ներվայինն ենք ու քննադատող-ձեռ առնողը, բայց կապ չունի: Ես ուզում եմ հորս նման լինել:

Ամբողջ ճանապարհին ձևացնում էի, թե քնած եմ, որ հետս չխոսեն: Գիշերը չէի քնել ու կուզեի՝ մի քիչ աչք կպցնեմ, բայց մեր տաքսու վարորդը էնքան բարձր էր միացրել իր երաժշտությունը, որ ավելի շուտ կմեռնեի, քան կքնեի: Ճանապարհը մի երեք ժամվա է, եթե վարորդը նորմալ վարել գիտի: Այդ առումով բախտներս բերել էր՝ շատ լավ ու արագ էր քշում: Վանաձորում ինչպես միշտ, լիցքավորեց մեքենան, ես էլ, օգտվելով նրա բացակայությունից, մի քանի տափակ հումորներ արեցի վարորդի ու նրա երաժշտության մասին, քույրս էլ ծիծաղեց: Նա միշտ ծիծաղում է իմ հիմար հումորների վրա: Երևի թե դա այն հիմնական պատճառն է, որ դեռ քնած ժամանակ բարձով չեմ խեղդել:

Հետո նորից քնած էի ձևանում ու մտածում գյուղի մեր բարեկամների մասին, թե ինչքան մարդ է գալու, սկսեն գովել հորս սիրուն այգին, թփերը, ինձ ու քրոջս մի հազար անգամ համբուրեն ու ուշադիր նայեն, թե ոնց եմ ես ամանները լվանում: Ամեն ինչ այդպես էլ եղավ, չեմ պատմի այդ օրվանից, թե չէ ձանձրույթից կմեռնեք:

Գյուղում մի լավ շուն ունենք: Հորս շատ էր սիրում, ու առանց բացառությունների ենթարկվում էր: Հայրս էլ սովորեցրել էր. կանգնում ես դիմացն ու ձեռքերով թմփթմփացնում ոտքերիդ, շունը թռչում է վրադ: Կանգնում եմ դիմացն ու կրկնում հորս ժեստը, շունս ցատկում է վրաս ու լպստում ձեռքերս: Հրաշալի կենդանի է:

3.

Հորս մահվան տարելիցի օրվանից հետո ամեն ինչ խաղաղվեց: Խաղաղն էլ որն է, այստեղ երբեք խաղաղություն չի լինում: Օրվա մեջ ինչքան հարևան կա, կգան: Ամեն առավոտ կամ հարևանների երեխաների ձայներից էի արթնանում, կամ էլ նույն հարևանի աքլորի: Ճիշտն ասած՝ վրաս շատ են ազդում, կարող է պատճառն այն է, որ ես շատ շուտ եմ նյարդայնանում, բայց կարող է՝ չէ: Ընդհանրապես՝ հա, զզվելի բնավորություն ունեմ: Բայց չեմ ուզում պատմել դրանից: Հենց հորս մահվան տարելիցի հաջորդ օրը՝ հուլիսի 11-ին, եղբայրս՝ մորաքրոջս տղան, բանակից վերադարձավ: Ղարաբաղում էր ծառայել: Մի քանի օր հետո պարզվեց, որ մայրս նեղացել է, որ չեմ զանգել մորաքրոջս ասեմ՝ աչքդ լույս: Մեռնեմ, թե անգամ մտքովս անցել է: Ես ընդհանրապես այդպիսի բաներից շատ հեռու եմ: Եղբորս հետ սքայփով խոսել էի, բայց որ պետք է մորաքրոջս հետ էլ խոսեի ու ասեի՝ աչքդ լույս, էդպիսի բան չգիտեի: Կան, չէ այդպիսի արտահայտություններ, որ ընդունված է՝ պետք է ասես: Որտեղից են ընդհանրապես մարդիկ իմանում դրանց մասին: Կամ որ ժամանակն է՝ այ հիմա պիտի ասես: Վերջերս լսում եմ մի պապիկի ու ինձնից էլ փոքր մի աղջկա խոսակցություն: Դե, որ լավ պատկերացնեք, ասեմ, որ 18 տարեկան եմ, բայց այն ժամանակ 17 էի: Պապիկը պատմում էր իր թոռներից, աղջիկն էլ պատասխանեց՝ Աստված պահի: Գրողը տանի, որտեղից էր նա լսել էդ արտահայտությունը: Ինձ եթե մեկը իր երեխաներից է պատմում, լուռ ժպտում եմ, ու մտածում, թե երբ է վերջապես լռելու: Դե, կամ էլ դեմքիս այնպիսի արտահայտություն եմ տալիս՝ իբր պատկերացրի ու շատ սիրեցի էդ երեխային: Ես երևի աննորմալ եմ, ազնիվ խոսք: Տեսնես՝ մարդիկ դա հասկացել են, թե չէ: Միևնույնն է, կյանքում չեմ հասկանա այդպիսի արտահայտությունների իմաստը, դրանց օգտագործման ճիշտ կոնտեքստները, ու թե որտեղից են մարդիկ դրանց մասին իմանում: Ես ավելի լավ է՝ ամբողջ կյանքում մի բռի մարդու տպավորություն թողնեմ, քան թե իմանամ, թե որտեղ ասեմ՝ Աստված պահի, որտեղ՝ աչքդ լույս, որտեղ էլ շնորհավոր: Կեղծավորություն է, ազնիվ խոսք: Շնորհավորը մի ուրիշ պատմություն է: Հիմնականում այն շատ հաճախ են, չէ՞ օգտագործում: Քննությունդ բա՞րձր ես ստացել՝ շնորհավոր, աշխատանքի՞ ես ընդունվել՝ շնորհավոր, աշխատանքից դո՞ւրս ես եկել՝ շնորհավոր, տո լավ էլ արել ես, ով են դրանք՝ ներվերդ քայքայես, ուրիշ լավ գործ կգտնես: Ու իմ ամենասիրելին՝ ընդունվե՞լ ես, վայ շնորհավոր: Համալսարան ընդունվելու ի՞նչն են շնորհավորում: Կամ մարդիկ կան, չէ՞, էնպես մի ամբողջ սըքսես սթորի կգրեն իրենց համալսարան ընդունվելու վերաբերյալ, ոնց որ եսիմինչ են արել: Ախր մեր երկրում էդ մի եսիմինչ չի, ամեն բուհում թափուր տեղեր են, իբր մեծ գո՞րծ ես արել, որ ընդունվել ես: Նույնիսկ ամենադժվար բուհն ընդունվելը մեծ գործ չի: Ինչ է, սպասում ես, որ քեզ մրցանակ ու թխվածքաբլիթ կտան էն բանի համար, որ ընդամենը տանը նստել մի քանի բա՞ն ես սովորել: Մե՞ծ բան ես արել: Կամ որ բուհ ընդունվելը չեն ներկայացնի որպես իրենց երազանք: Այսպիսի բաներից արյունս եռում է, ազնիվ խոսք, շատ եմ բարկանում: Եթե էս աշխարհում բուհ ընդունվելը կամ մի գրողի տարած մարքեթոլոգ դառնալը պիտի լիներ իմ երազանքը, ավելի լավ էր՝ չծնվեի: Ոնց կարող է մարդու կյանքի երազանք լինել ինչ-որ մի անտեր բուհ ընդունվելը, չեմ հասկանում, ազնիվ խոսք, ուրիշ երազելու բան չկա՞ր: Հիմա երևի կմտածեք, բա տեսնես ես ինչ եմ երազում, որ մարդկանց երազանքներն էլ փնովում եմ, ես բան չեմ երազում: Ազնիվ խոսք, ոչ մի բան: Մասնագիտություն էլ չեմ ուզում, ի՞նչ պետք է, է անեմ: Մարքեթոլո՞գ աշխատեմ, ո՞ւմ է պետք: Ոչ մի բան էլ ես չեմ ուզում, անկեղծ: Մարդ եմ ուզում լինի, որի հետ կարելի էր խոսել, իսկ ընդհանրապես ի՞նչ եմ ուզում անել կյանքումս: Չգիտեմ: Գիտե՞ք ինչ կուզեի. գնալ բոլորից ու ապրել մի հեռու տեղում, անտառում: Այնպիսի մի տեղ, որտեղ շատ եղջերուներ են ապրում, ու ոչ ոք նրանց մասին հոգ չի տանում: Կուզեի ես լինեի այդ մեկը. ես շատ լավ կարող եմ եղջերուների մասին հոգ տանել, ազնիվ խոսք: Ու դա լիներ իմ մասնագիտությունը. մի տեղ անտառում՝ եղջերուների հետ ապրել ու հոգ տանել նրանց մասին:

Մի անգամ գրադարանում նստած էի կուրսեցիներիցս մեկի հետ: Շատ դասերի ենք իրար հետ նստում, ու նա նկատել էր իմ անվերջ քննադատող հայացքները ամեն ինչի նկատմամբ, անհավեսությունս ու դասերին զզվանքով վերաբերվելս: Նա, ընդհանրապես, լավն էր, հետը նորմալ կարող ես զրուցել, հենց այդ օրը, որ գրադարանում նստած էինք, ասաց.

-Դու սոցիոֆոբ ես:

Չհակաճառեցի. հավես չկար:

4.

Էն սովորական օրերից մեկն էր, երբ արթնանում էի հարևանի երեխաների ձայնից, ու ընդհանրապես շատ վատ էի քնում: Այստեղ՝ գյուղում, շատ վատ եմ քնում: Որոշեցի Ագաթա Քրիստի կարդալ, դե, բոլորը շատ էին գովում: Ես Շերլոկ Հոլմսին շատ եմ սիրում, կարդացել եմ համարյա բոլոր պատմվածքները նրա մասին, հիմա էլի եմ կարդում, նայել եմ շատ էկրանիզացիաներ: Ընդհանրապես, ես միշտ այդպես եմ անում՝ երբ մի բան դուրս գալիս է, անընդհատ նորից եմ կարդում, կամ դիտում, եթե ֆիլմ է: Քույրս ասում է, որ էդպես չեմ զարգանում, իսկ ինձ մեկ է: Քույրս շատ կարդում, նա ուտում է գրքերը, իսկ ես՝ չէ: Ես գիրք զարգանալու համար չեմ կարդում: Կարող է մի հարյուր էջանոց բանը մի քանի օր կարդամ, նույնիսկ՝ շաբաթ: Ինձ համար կարևորն այն չէ, թե վերջում ինչ կլինի, այլ ընթացքը: Ու եթե ես հավանում եմ այս կամ այն գիրքը, ես կարիք չունեմ նոր բան կարդալու, ես անընդհատ կարող եմ կարդալ նույնը ու նույն հաճույքն ստանալ: Երևի, այնուամենայնիվ, ես աննորմալ եմ: Ու ինձ շատ էին խորհուրդ տալիս Ագաթա կարդալ, որովհետև ասում էին՝ դետեկտիվ է, եթե Շերլոկ սիրում ես, դա էլ կհավանես: Քույրս Ագաթայի ֆանատ է, և լիքը գրքեր ունենք նրանից: Էդ մեկի անունը դուրս եկավ՝ «Ժամադրություն մահվան հետ»: Սկսեցի կարդալ: Առաջին իսկ տողերից ուղղակի գարշելի էր: Պատմում էր ինչ-որ ընտանիքի մասին, որը կազմված էր ծեր մորից, երկու որդուց, որդիներից մեկի կնոջից, ու երկու դուստրերից: Այդ մայրը՝ միսիս Բոյնտոնը, սարսափելի վհուկ է, ու իր բոլոր երեխաների ուղեղները լվացել, իրեն է ենթարկել: Իբր թե չի թողնում շփվել այլ մարդկանց հետ, չի թողնում գնալ առանձին ապրել, ու սրանք էլ, որոնք մոր հարազատ երեխաները չեն, այլ մնացել են ամուսնուց, ենթարկվում են, ու չեն կարողանում մոր իշխանության տակից դուրս գալ: Զզվելի էր, ազնիվ խոսք, առաջին իսկ էջերից ոչ մի հետաքրքրություն չկար, ուղղակի կարդում էի, որ մի բան Ագաթայից կարդացած լինեմ: Ու մի ճանապարհորդության ժամանակ էս մորը սպանում են, ու բոլորը երջանիկ են: Մահը կարծես թե բնական էր, բայց քանի որ Էրկյուլ Պուարոն՝ հայտնի խուզարկուն, այդ պահին ձեռքի տակ էր, նրան են հանձնարարում իմանալ, թե արդյոք պառավ վհուկի մահը բնական է, թե սպանել են: Նա էլ, իհարկե, մի օրում գործը լուծում է, մի երեք էջ իրեն գովում, հետո պարզվում է, որ կախարդ Բոյնտոնին սպանել է ոչ թե իր երեխաներից մեկը, այլ մի լեդի Ուեստհոլմ, որը հին ժամանակների իր ծանոթն էր: Քեզ ոչ մի շանս չի տրվում հասկանալու, որ դա կարող էր նա լինել: Իսկ էդ սուպերխելացին էլ մենակ մի բրիջիի գույնից էր այդքանը հասկացել: Սիրտս խառնում էր, ազնիվ խոսք: Ու ամեն ինչ ավարտվում է նրանով, որ էդ մարդասպանը, քանի որ հայտնի քաղաքական դեմք էր, ինքնսպան է լինում, իսկ մորից ազատված, նախկինում շատ դժբախտ Բոյնտոնները նստած մի մեծ սեղանի շուրջ քրքջում են: Եղբայներից մեկը պսակվել է էլի էդ գործի մեջ խառը բժիշկ Սառայի հետ, մյուս եղբայրը՝ Լեննոքսը ու իր կինը լիքը երեխաներ են ունեցել հինգ տարում, իսկ Ջեֆերսոնը, որը սիրում էր Լեննոքսի կնոջը ու առաջարկում էր իր հետ հեռանալ ամուսնուց ու վհուկ սկեսուրից, հիմա պսակվել էր Լեննոքսի քրոջ՝ Քերոլի հետ: Փոքր քույրն էլ, որ համարյա լրիվ խփնվել էր, հիմա դարձել է մի չքնաղ դերասանուհի: Ու այդպես երջանիկ ընթրելիս՝ հանդիպում են իրենց լավ ծանոթին՝ Պուարոյին, որը հանել էր իրենց վրայից բոլոր կասկածները, ու իրենք հիմա երջնիկ էին: Ու սա էլ դետեկտիվ էր, հա՞: Էլ չեմ ուզում ոչ մի բան կարդալ Ագաթա Քրիստիից: Մի խոսքով՝ եթե չեք ուզում հետ տալ ուղիղ գրքի վրա, չկարդաք այդ գիրքը:

5.

Դրանից մի քանի օր հետո՝ մորս ծնունդի օրը՝ հուլիսի 22-ին մեր տուն մի կատու եկավ: Փոքրիկ ձագ: Ես կատուներ շատ եմ սիրում, սիրում եմ դրանց փափկությունը, սիրում եմ, երբ դռռում են: Մայրս ու քույրս ինձ չեն թողնում, որ կատու պահեմ Երևանում, բայց թերևս, այսքան ներվային չէի լինի, եթե պահեի: Այդ կատվին պահեցինք մեզ. հիմա էլ երջանիկ կողքիս պառկած դռռում է: Շատ լավ կենդանի է: Կատուն միակ բանն է, որ ինձ կտրում է իմ հիմար մտքերից: Երբ շատ ուժեղ տրամադրություն չեմ ունենում, միշտ նստում եմ ու սկսում մտածել՝ ինչպես այն օրը՝ Երևանում, երբ հասկացա, որ ես կարոտել չեմ կարողանում: Իսկապես, ես ոչ մեկին չեմ կարոտում, ես չգիտեմ էլ էդ ինչին են մարդիկ որոշել կարոտ անվանել, ինձ մոտ երևի էդ մի զգացմունքը բացակայում է:

-Դու հրեշ ես,- որակավորեց ինձ քույրս, երբ ասացի նրան, որ ես ընդհանրապես ոչ մեկին չեմ կարոտում երբեք:

Մեկ-մեկ ես նրա հետ խոսում եմ, ուղղակի այն պատճառով, որ ուրիշ մարդ չկա, ում հետ կարող եմ խոսել: Բայց, խոսելու գիժ չեմ, անկեղծ եմ ասում: Կարող եմ ընդհանրապես չխոսել, ամիսներով լսել, ինձ մեկ է: Ու երբ սաստիկ տրամադրություն չեմ ունենում, պատկերացնում եմ, որ մեռնում եմ: Դե, պատկերացնելը, որ արդեն մեռած եմ, տրամադրություն է բարձրացնում: Բայց, այ մեռնելը՝ պրոցեսի մեջ, այնքան էլ չէ: Մտածում եմ ինչ դրամատիկ բաներ կանեմ, ում՝ ինչ կասեմ, ով կլացի, ով՝ չէ, ով հետո կփոշմանի, իսկ ով՝ չէ: Այդպես մտքիս մեջ մի հազար հատ պատմություն եմ հնարում, որոնցից ինը հարյուր հիսունչորսը՝ կմոռանամ հետո, իսկ մյուս քառանսունվեցը՝ կհիշեմ, որ հետո էլի մտածեմ ու մտածեմ, շարունակեմ, մտքիս մեջ մի քանի ամիս պատմվածքներ գրեմ ու վերջնական հունից դուրս գալով՝ ամեն ինչ գրողի ծոցն ուղարկեմ, մի նոր խաղ գտնեմ ու ժամերով խորանամ հեռախոսի մեջ՝ ամբողջ կյանքիս իմաստը մի հիմար խաղի մեջ դնելով: Հիմնականում մի խաղ է ինձ շատ հանգստացնում՝ Մորթալ կոմբատը: Հեռախոսով խաղում ու խաղում եմ, կարծես թե ծնվել եմ միայն դա խաղալու համար: Ուրիշ մարդիկ ինչ-որ լավ բաներ են անում, իսկ ես ծնվել եմ իմ անտեր հեռախոսով էդ անտեր խաղը խաղալու համար: Հրաշալի խաղ է, շատ եմ սիրում:

Քույրս մի իր ընկերուհուց էր պատմել, որը երբ տրամադրություն չի ունենում, մի բան է կարում իր համար: Ու շատ լավ է կարում, շատ շորեր ունի՝ ինքն իր համար կարած: Մարդիկ կան տաղանդավոր են, չէ՞, իբր քիչ են օգուտ տալիս, մի հատ էլ նույնիսկ իրենց վատ տրամադրությունն են կարողանում լավ բանի կողմն ուղղել: Իսկ ես իմ լավ տրամադրության դեպքում էլ եմ մարդկանց կոպտում ու ամեն ինչ փչացնում, ուր մնաց՝ վատ: Ընդհանրապես՝ ես ոչինչ անել չգիտեմ, ոչ մի բան ձեռքիցս չի գալիս:

Ու երբ նստած այսպիսի մտքերի մեջ եմ լինում, մեկ էլ հայտնվում է կատուս, ու ես մոռացած ամեն ինչ՝ գրկում եմ դրան, հետը խաղում ամենավերջին հիմարի պես: Ոնց որ էն մի քիչ խփնված մամաներն են կապիկություններ անելով խաղում իրենց երեխաների հետ, էնպես էլ ես՝ իմ կատվի, բայց մի քիչ ավելի ադեկվատ: Էդ փոքրիկ բրդի կտորը իր դռռոցով ցրում է բոլոր մտքերս: Հրաշալի կենդանի է:

6.

Հրաշալի՜, չէ մի: Ոնց չեմ սիրում էդպիսի գոռոզ բառեր: Կեղծավորություն է, ազնիվ խոսք: Իսկ ամենաշատը էդպիսի կեղծավոր ու սքանչելի բառեր որտե՞ղ կլսես: Հարսանիքին: Օգոստոսի հինգին եղբորս հարսանիքին պետք է գնայինք: Դրա մասին բավականին ուշ իմացանք: Դե, ինչպես արդեն պատմել եմ, ես գյուղում էի գտնվում, հարսանիք գնալու համար պետք է գնայինք Երևան: Հենց մեր գնալու օրը մեր հարևանը մահացավ: Երևի էն քիչ մարդկանցից էր, ում ես իսկապես սիրում էի: Կեղծավորություն անել չեմ սիրում, ու չեմ էլ ուզում էդպիսի բառեր ասել, բայց եթե ինձ հարցնես՝ բարությունը ինչ է, կսկսեմ անկապ խոսել, թե բա՝ հարաբերական մի բան, հետո կասեմ՝ բարությունը Լուսիկ տատիկն էր: Ամբողջ Օձունից Երևան ճանապարհին ես նրա մասին էի մտածում, ու որ այդպես էլ չգնացի նրան տեսնելու: Վերջին անգամ տեսել էի նրան բարձրահասակ, ճերմակ մաշկով ու մազերով: Իսկ հիմա պատմում էին, որ լրիվ հյուծվել, փոքրացել էր հիվանդությունից: Ես չէի ուզում նրան այդպես տեսնել, երևի էգոիզմ է: Երևի չէ, հենց էգոիզմ է, որ կա:

Ճանապարհին բան չխոսեցինք, ես ու քույրս էինք գնում: Հետո պետք է ուրախ լինեի՝ վերջիվերջո եղբորս հարսանիքն էր: Ես ու քույրս մի ամբողջ օր անիմաստ պտտվեցինք քաղաքի շատ խանութներով ու այդպես էլ ոչինչ չգնեցինք: Օրվա վերջում մետրո նստեցինք: Մեր թաղամասում մետրո չկա կառուցած, բայց գնում ենք Բարեկամություն, իսկ այնտեղից շատ ավտոբուսներ կան դեպի տուն տանող: Շատ եմ սիրում մետրոն, աղմուկը լցվում է ներսդ ու ամեն ինչ հանգստացնում: Ես, ընդհանրապես, հանգստանում եմ աղմուկի տակ: Երևի դա սկսվեց նրանից, որ փոքր ժամանակ պատմության ու կենսաբանության դասերը սովորում էի միայն դասամիջոցին՝ աղմուկի տակ: Էդպես էլ սովորեցի, հետո սիրեցի աղմուկը: Մետրոյից դուրս գալիս, եթե չեք եղել այնտեղ, ասեմ, որ Բարեկամությունը վերջին կայարանն է, ու ով կա չկա, դուրս է գալիս: Բոլորը գժի պես վազում են դեպի շարժասանդուղքը: Քույրս հոգնած ասաց.

-Թող բոլորը գնան, մենք՝ վերջում:

-Հա, ես միշտ էդպես եմ անում,- զարմացած պատասխանեցի ես:

Ես միշտ էդպես եմ անում, ու իրար հետ մի հազար անգամ մետրո նստած կլինենք, ինչո՞ւ չի նկատել:

-Չես նկատե՞լ,- ասում եմ:

-Ինչի՞:

-Որ բոլորին տեսնեմ: Նայեմ մարդկանց: Բոլորին հետևեմ:

Քույրս «ճպացրեց»: Ես էլ սկսեցի մտածել, որ գուցե նա էլ ունի այդպիսի սովորություններ, որ ես չեմ էլ նկատել այսքան տարիների ընթացքում, ու տրամադրությունս խիստ ընկավ: Միակ մարդը, որի հետ ես իսկապես ամբողջ կյանքումս եմ ապրել, քույրս է: Ծնողներիցս էլ են հաճախ բաժանումներ եղել, հաճախ՝ երկարաժամկետ: Բայց քրոջիս՝ երբեք: Ու մենք չգիտենք իրար սովորությունների մասին: Տխուր բան է: Կամ գուցե ես նրա հետ այդպես չեմ անում: Որովհետև երբ միասին ենք, հիմնականում անդադար խոսում ենք ինչ-որ հիմար բաներից: Դրա պատճառով էլ գուցե մոռանում եմ սովորություններիս մասին: Բայց երբ մենակ եմ, միշտ ամենավերջից եմ քայլում, ավտոբուսում ամենավերջում եմ նստում, որ բոլորին տեսնեմ, իսկ ինձ չտեսնեն: Հիմար սովորություն է, բայց սիրում եմ ուսումնասիրել մարդկանց, հատկապես, երբ տրամադրությունս բարձր է: Երբ տրամադրություն չեմ ունենում, ոչ մեկին էլ չեմ նայում: Տան մոտի մի խանութից, որ մտանք՝ ուղղակի նայած լինելու համար, գնեցինք քրոջս համար մի զգեստ, որի համար ամբողջ օրը քաղաքում թափառել էինք: Միշտ էդպես է, մի բան գնում հեռու-հեռվում փնտրում ես, գալիս ես մոտիկ գտնում:

Հարսանիքը Սևանում էր: Մի 40 րոպե ուշացանք, շատ կազմակերպված ենք: Առանձնապես պատմելու բան էլ չկա, դուք էլ գիտեք՝ ինչպես են անցնում հարսանիքները: Մի հայկական երաժշտությունից սկսեցի հիմարի պես զռալ: Բայց չմտածեք՝ դուդուկ էր, դա ընդհանրապես հուզիչ չի: Ինտերնետում կես ժամ փնտրեցի էդ երաժշտությունը, որ հիմա կոնկրետ անունով գրեմ, չգտա: Չեմ սիրում հայկական էդ մարտական երաժշտությունը. միշտ լացացնում է: Մի խոսքով, պատմելու բան էլ չկա, հարսանիքը հիասքանչ անցավ, բոլորս անասելի գեղեցիկ էինք: Կեղծավորություն է, ազնիվ խոսք:

7.

Հարսանիքից մի քանի օր հետո էլի գյուղ վերադարձանք՝ մկրտվելու: Մենք՝ ես ու քույրս, մայրս էլ, մինչև հիմա մկրտված չէինք: Հիմնականում որոշեցի այս ամառ հաստատ կազմակերպել մկրտությունս, որ մարդիկ հավատան՝ ես աթեիստ չեմ: Չգիտեմ՝ ինչու, բոլորը մտածում են, որ ես աթեիստ եմ: Գուցե երբեմն սկեպտիկ եմ լինում, բայց աթեիստ՝ չէ: Հիմա աթեիստ լինելը մոդա է, չէ՞: Բոլորը աթեիստ են դառնում, որ ցույց տան՝ իրենք շատ խելացի են, բա մենք գիտության մարդ, ինչ աստված, ինչ բան: Որտեղ են ապացույցները, այն, ինչը ապացուցված չէ, գոյություն չունի: Հիմարություն է, ազնիվ խոսք: Իմ կարծիքով՝ ընդհակառակը՝ պետք է բավականին բարձր ինտելեկտ ունենաս, որ գաս հանգես էն եզրակացությանը, որ հավատալը լավ է: Ես չեմ ասում՝ աստած կա, կամ չկա, ես ուղղակի ապացույցներ չեմ փնտրում: Ու աստված չանի՝ եթե էս մեր աթեիստը բնագիտական առարկաներից կամ մաթեմից ուժեղ է, թող ու փախի՜ր, լրիվ գիտունիկ է, էլի: Մաթեմատիկայի մասին երևի աշխարհի մեծ մասը էդպես էլ կշարունակի սխալ բաներ մտածել: Օրինակ՝ որ այն հստակ գիտություն է: Ախր մաթեմից ավելի անհստակ գիտություն չկա, կարող ես ինտերնետում փնտրել ու էնքան հասարակ մաթեմատիկական պարադոքսներ գտնել, որ ուղեղդ կեռա: Ու այստեղ խնդրում եմ, չմտածեք Աքիլլեսի ու կրիայի էն ապուշության մասին, Աքիլլեսը կրիային միլիոն անգամ կհասնի, ես իսկական, խելքին մոտ պարադոքսների հետ եմ: Իզուր չի, որ մաթեմատիկայի սկիզբը ընդհանրապես փիլիսոփայությունն է: Առաջ մաթեմատիկոսները փիլիսոփաներ են եղել: Ու աստծուն էլ հավատացել են: Երբեք չեմ հասկանա, ինչ ապացույց են մարդիկ ուզում աստծո գոյության համար: Ես ընդհանրապես չեմ ուզում ապացույց, ու չեմ էլ սպասում, որ աստված մի օր այլմոլորակայինների նման կգա ու եգիպտացորենի արտի վրա մեծ-մեծ կգրի «Ես աստվածն եմ ու ես կամ», տակն էլ կստորագրի՝ հայր, որդի և սուրբ հոգի: Ու մարդկությունը վերջապես կիմանա՝ Հիսուսի մազերը շեկ են եղել, թե սև: Հիմարություն է, ազնիվ խոսք: Ուզում եմ հավատալ՝ հավատում եմ, ինձ չի հետաքրքրում՝ գոյություն ունեցող բանի եմ հավատում, թե չէ: Ուզում եմ՝ հավատում եմ, էդքան բան:

Մկրտությունից հետո ես ու քույրս մնալու էինք գյուղում, իսկ մայրս, կնքահայրս ու կնքամայրս պետք է վերադառնային Երևան: Երևանից գյուղ միասին էինք գնացել, ու ճանապարհին կնքահայրս մեքենան խփել էր: Մյուս առավոտյան այն փչացավ: Գնացին, հասան կողքի գյուղ, հետ եկան: Էն մեծ մեքենաներից կանչեցին, որ գալիս սովորական մեքենան դնում վրան, տանում է՝ «էվակուատոր»: Դա էլ էր ճանապարհին փչացել: Կնքահորս տղան Երևանից էր գնացել նրանց բերելու: Ճանապարհին փչացել էր մեքենան: Մերոնք գիշերվա կեսին նոր տուն էին հասել: Հաջորդ օրը մորս կանչած տաքսին հենց շենքի մոտ փչացել էր, իսկ կնքահորս Վորոնեժ մեկնող բարեկամների մեքենան գուշակե՞ք՝ ինչ էր եղել: Իմ նմանի կնքահայրը լինելն էլ էսպես կլինի, էլի: Մերոնք ծիծաղում են էս պատմության վրա, բայց ես հո գիտեմ, որ իմ ձախորդ լիցքերն են: Ես էլ եմ կատակներ անում, բայց որ մի հատ էլ լսեմ «փչացած մեքենա» կամ «էվակուատոր» բառերը, արդեն երևի կնյարդայնանամ: Ընդհանրապես, ես բավականին ձախողակ եմ: Մի քանի անգամ մեռնելուց կամ վատ վիճակում հայտնվելուց եմ պրծել: Հիմնականում՝ հոսանքահարվել եմ, այնքան, որ հիմա արդեն էլ ռեակցիա չեմ տալիս, երբ հոսանքահարվում եմ: Նույնիսկ հաճելի է շատ: Ինձ սովորականի պես՝ 200 վոլտ ու հաշիվը, խնդրում եմ:

8.

Հասկացա, թե գյուղում ինչքան լավ էր միայն այն ժամանակ, երբ եկա հասա Երևան: Ու հասկացա, թե Երևանը ինչքան եմ սիրում էլի այն ժամանակ, երբ եկա հասա Երևան: Դժվար է, չէ՞ Երևանը սիրել ամռանը, երբ շոգից մոռանում էլ ես, թե սիրելն ինչ բան է: Բայց ես հիշում եմ Երևանս մյուս եղանակներին, ու հիշում եմ, որ սիրում եմ: Թե բա էդ քո Երևանում ի՞նչ կա սիրելու՝ կասես, կամ էլ՝ քաղաքենիի մեկը, Երևան, հա Երևան: Հա, ես սիրում եմ իմ քաղաքը ու դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Հա, ես իմ գյուղն էլ եմ սիրում ու դրա մեջ էլ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մեկ էլ կտեսնեմ՝ մեկը կգրի, թե ինչքան զզվելի քաղաք է Երևանը, ինչքան զզվելի են այստեղի մարդիկ, ինչքան զզվելի են մարդիկ, ովքեր որ սիրում են Երևանը: Քաղաքը փնովելը մոդա մի բան է դարձել էս վերջերս: Բայց քաղաքն ո՞վ է: Դե, եթե քաղաքս ավտոբուսի մեջի էն աղջիկն է, որ անշնորք ծամոն էր չփչփացնում ու թարս նայում բոլորին, հա, ես էլ չեմ սիրում Երևանը: Բայց եթե քաղաքս էդ նույն ավտոբուսի մեջի կինն է, որ հազիս նոպայի ժամանակ ինձ իր տեղը զիջեց պատուհանի մոտ ու դեղ տվեց, ես կսիրեմ քաղաքս: Իսկ գյուղը սիրե՞մ: Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես կսիրեմ: Կամ էլ չէ: Ամեն անգամ գյուղ գնալիս ինձ մոտ դեպրեսիա է սկսվում: Ասում ես՝ գյուղի մարդիկ անկեղծ են ու բարի՞: Ես գյուղում կարիքից չարացած, իրար դեմ ելած ու իրարից միայն բամբասող մարդկանց էլ եմ տեսել: Հիմա՝ ի՞նչ, չսիրեմ գյուղս: Բայց, թերևս կսիրեմ, եթե գյուղը Ալավերդուց Օձուն տանող աներևակայելի ավտոբուսի մեջի բարի փափուկ տատիկն է՝ կլոր դեմքով, սիրուն կանաչ աչքերով ու բարի-բարի հայացքով, որ ինձ ու քրոջս դիմեց.

-Աղջիկնե՛ր ջան, դուք Մարգարիտայի աղջիկնե՞րն եք:

-Հա,- կմկմալով ու զարմացած, թե որտեղից մեր մորը էս կինը կճանաչի, պատասխանեցինք մենք:

-Էն, որ Աբովյանում ուսուցչուհի ա:

-Չէ, չէ,- ժպտացինք մենք,- ուղղակի մեր մամայի անունն էլ ա Մարգարիտա:

-Հա՜, դե լավ, ներողություն,- սիրուն ձայնով պատասխանեց նա ու մի կերպ ավտոբուսից իջավ՝ օրորվելով գնալով իր ճանապարհը:

Կլորիկ դեմքն ու կանաչ աչքերը մինչև հիմա հիշում եմ. չեմ ուզում հավատալ, որ կարիքը էս կնոջ դեմքն էլ մի օր կփոխի: Բայց կփոխի, եթե ռեալիստ լինենք: Հիմա սիրե՞մ գյուղս, թե՞ չէ: Բա Երևա՞նը: Ես երկուսն էլ կսիրեմ: Ու շատ կուզեմ, որ մի օր մեր երկրի տնտեսությունը ինձ թույլ տա ապրել ու իմ մասնագիտությամբ աշխատել գյուղում՝ մի որևէ հավես կազմակերպությունում: Ու կուզեմ, որ էդպիսի ժամանակներ մինչև իմ մեռնելը գան, որ հավատամ, երբ ասում են՝ գյուղի ժողովուրդը բարի է ու հյուրընկալ: Անկեղծ՝ կուզենայի էդպես, բայց հիմա դեռ ամեն անգամ գյուղում մի խեղճ ընտանիք, մի հազիվ իրար գցած շորերով երեխա տեսնելիս ես ոչ թե հիանում եմ ու սիրահարվում գյուղիս, այլ գնում եմ տուն ու անիմաստ հայացքով նստում մի քանի ժամ, եթե շոկոլադ լինի, շատ կուտեմ, եթե կատուս լինի՝ կճմրթեմ, կհանգստանամ: Կհիշեմ, որ Երևանում էլ Նոր տավա առևտուր անելիս էն կինը չափից դուրս փոքր հավի կտորը վերցրել, կոպեկները հաշվում ու ասում էր՝ շատ է մեծ: Դե, հիմա էլ ընդհանրացրեք՝ գյուղի մարդիկ այսպես, իսկ քաղաքինը՝ էսպես: Երևի հենց էդ նույն քաղաքը փնովող մարդկանց մոտ էլ ընդհանրացնելը շատ լավ է ստացվում: Իրականում էս ընդհանրացնելու մասին շատ բան ունեի պատմելու, օրինակ՝ աղջիկների մաթեմից թույլ կամ էլ լոռեցիների շաշ լինելու մասին, բայց էն մարդկանց հիշեցի, հավեսս փախավ: Ամեն ինչի հավեսս փախավ, լինում է, չէ՞:

Ասում ես՝ կարոտել չգիտես, մեկ էլ արդեն Երևանում նայում ես կատվիդ նկարները ու հիմարի պես զռում՝ իրականում չես էլ հասկանում՝ կատվի պակասից, հորքուրի, թե քո գյուղի տան: Թե, գուցե, էլի էն մարդկանց հիշեցիր: Ասում ես՝ կարոտել չգիտես, բայց էլի մի բան գրելիս խեղդվում ես, էդ անդուր կոկորդում կանգնած կծիկ է լինում: Երևի լոռեցի եմ, շաշ եմ, դրանից է: Թե չէ ուրիշ մարզերում շաշեր չկան:

Վերջ, էլ ոչինչ չեմ պատմելու: Իհարկե, կարող էի պատմել, թե ինչպես Երևան գալու հենց առաջին օրը ամբողջությամբ կապտուկների մեջ հայտնվեցի, կամ թե ինչպես եմ տրամադրված շատերի կարծիքով ամենալավ բուհի երկրորդ կուրսեցի լինելուս, բայց չարժե, ազնիվ խոսք, հետաքրքիր չէ: Չեմ պատմի, թե չէ թեմաները մեկը մեկի հետևից գալիս են, իսկ դու ամեն ինչ պատմում ես, ու հետո տխրում առանց դրանց:

Ամբողջությամբ ոգեշնչված Ջ. Դ. Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վիպակից:

Հրապարակվել է Սեպտեմբեր 3, 2017 

Պատերազմի շունչը. Արթուր Գրիգորյան

Չկա մի մեծ ուժ, որով կարելի է չափել այն անձի հայրենասիրությունը, ով իր կյանքը պատրաստ է զոհաբերել հանուն հայրենիքի:

Գիտեք, երբ ամեն կրակոցի հետ աչքերը փակվում ու հետո նորից բացվում են, թվում է, թե վերածնվել ես:

2020 թվականը շատերի համար վերածնունդ էր:

Շատ ընկերներ կորցրեց մարտի դաշտում, բայց հավատն իր մեջ չկորավ, ապրելու հույսը երբեք չմարեց… Արթուրը.

-Սեպտեմբերի 26-ն էր, ասել էին` կսկսվի կռիվը, արթուն մնացեք, բայց ոչ մի բան չեղավ, տեխնիկայի ձայն անգամ չէր լսվում, տարօրինակ լռություն էր: 27-ին ժամը առավոտը յոթին տաս պակաս կապ տվեցին, որ գնանք հանգստանանք, ոչ մի բան չկա էլ: Ու

Ու մեզ երբևէ հարց տվեցի՞նք, թե ինչպես: Երբեք չեմ սիրել հզոր բառը, որովհետև հզոր լինում են լեռները, ձայնը, ամպի որոտը, բայց ոչ մարդը: Սակայն պատմություններն ապացուցել են, որ հայ որդիները հզոր են: Իսկ թե ինչու՞:

-Յոթն անց հինգ րոպեին, որքանով որ հիշում եմ, առաջին անօդաչուն տեսանք, թե ոնց ա գալիս մեր պոստեր: Բայց մեր հակաօդային պաշտպանությունը լավ գործեց, ու շատ էինք ուրախացել, որը երկար չտևեց: Իրար հետևից սկսեց հրետանիով ռմբակոծումը: Մեզ ասում էին, որ պատրաստվենք, բայց չէինք կարում շարժվենք, չէինք հասկանում` ինչ ա կատարվում, ինչ ա սպասվում: Էս ամեն ինչին հաջորդեց առաջին զոհը: Չգիտեինք` ինչ անենք, չէինք հասկանում` ինչ ա կատարվում: Մի քանի ժամ կռվելուց հետո նահանջ հրաման են տալիս, պետք էր գնայինք հետ: Հաջորդ օրը առավոտ 5-ին պատրաստվում էինք, որ գնանք ու դիրքը հետ վերցնենք: Բայց իրենք տանկերով նորից առաջ էին գալիս, մի տանկ շատ դժվարությամբ, բայց խփեցի ու խոցեցի:

Ինչ հետաքրքիր է, չէ՞, պատերազմի ընթացքում, երբ հաջողություն ես ունենում, ժպտում ես, հպարտանում, բայց երբեք չես իմանում, արդյոք մի օր կհաջողվի՞ անձամբ պատմել բոլորին քո սխրանքների մասին, թե ոչ: Կամ երբ փոքր ժամանակ զենքերով ու տանկերով խաղում ես, չգիտես, չէ՞, որ մի օր դրանց չափերը բազմակի մեծ են լինելու քո պլաստմասե խաղալիքներից, որոնք հազիվ քերծում էին ձեռքդ:

-Մեզ տարան ուրիշ խրամատներ, սկսեցինք այնտեղ կռվել: Օր-օրի զոհերը շատանում էին, իսկ մարդիկ էլ ավելի շատ էին փախնում: Իսկ երբ ընկերներիս անունն էի լսում զոհերի շարքում, լուռ մտածում էի ու ոչինչ չէի կարողանում ասել: Վատ է իհարկե, բայց զոհի անուն լսելը սովորական էր դարձել: Ու իմանում եմ, որ ընկերներիցս զոհվել են, մի հոգին անհետ կորած, լուր չկա, չգիտեի` ինչ անեմ: Հոկտեմբերի 22-ն էր, որ ինձ մի քանի հոգու հետ տարան այլ վայր, որպես այլ ջոկատ (անվտանգության նկատառումներից ելնելով չի նշվում): Մի քանի օր հետո մեզ տարան Քարին Տակ, էնտեղ հակառակորդը շատ զոհեր ուներ: Բարձրանում ենք Շուշի, 4 օր շրջափակման մեջ լինում ու կռվում, վիրավորներին չենք կարողանում իջացնենք: Նոյեմբերի 7-ին նահանջի հրաման են տալիս ու մի կերպ, բայց ձորերով կարողանում ենք իջնել Ստեփանակերտ: Կարողանում ենք 3 վիրավոր էլ տանել մեզ հետ մինչև բուժկետ: Գնում ենք, միանում ենք մեր գումարտակին:

Իսկ Արթուրը բանակ է զորակոչվել մեծ սիրով ու սպասումով: 6 ամիս ծառայել է Գյումրիում` ուսումնական գումարտակում, հակատանկային դասակում: Նրա համար ևս սկզբից դժվար է եղել տնից հեռու: Բայց ըստ նրա, հետո սովորեց: Կես կատակ – կես լուրջ, բայց դե հարմարվող ազգ ենք, չէ՞:

Արդեն 6 ամիս հետո Արցախ, Հադրութ, 1-ին պաշտպանական շրջան, որպես հակատանկային դասակի հաշվարկի հրամանատար՝ կրտսեր սերժանտ: Մինչ բանակ զորակոչվելը սովորել է Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանում: Կարծում եմ, բոլորն էլ կհիշեն, թե ինչ ուրախությամբ էր նշում, որ կատարյալ առողջ է և կարող է զորակոչվել բանակ: Նրա մասին բնութագրերը միշտ էլ վկայում են, որ նրա անկոտրում ոգին պատրաստ է եղել պայքարելու հանուն հայրենիքի:

-Ուզում էի գոնե մի անգամ էլ հարազատ մարդկանց տեսնեի:

Բայց Աստված գթաց նրան ու հարազատներին տեսնելու իր ցանկությունը կատարվեց: Արթուրի պատմությունը սկսեցինք վերջից դեպի սկիզբ գնալով, անհերթ հաջորդականությամբ, քանզի այն, ինչ գեղեցիկ է, միշտ էլ պետք է վերջում հնչի, որպես նոր ուղու սկիզբ: Նրա կամքը, պատերազմի դաժան 44 օրերը, ընկերների մասին լուրը….

Անհավատալի կամք է պետք, որ դիմանաս այս ամենին: Իսկ նրանք դիմակայել են ու շարունակում են ապրել, ստեղծագործել, հանուն ոչ միայն իրենց փրկված կյանքի ու ընկերների հիշատակի, այլ հանուն իրենց հայրենիքի, քանի որ սահմաններից այս կողմ հայրենիքը ևս սիրել ու կառուցել է պետք:

Պատերազմը ավարտվել է, բայց տղաների պատմությունը միշտ էլ ինչ-որ կետում մի մեծ հարցականով գրվելու է. «Իսկ ինչո՞ւ հենց մենք ու մեր հայրենիքը»…

vahe11-1038x576

Արձակուրդ

Ամառ: Առավոտ: Ու հանկարծ հեռախոսը իր զիլ ձայնով խանգարում է քաղցր քունս:
-Վահ, բարլուս, իջի մեր թաղ:
-Ի՞նչ կա է ձեր թաղը:
-Այ մարդ, դու իջի` մի բան կանենք:
-Մամ, իջա Աշենց:
-Հացդ կեր` նոր…

Ի՞նչ հաց, ի՞նչ բան, արդեն ճամփի կեսին եմ: Էս շոգին Աշոտի մտքին մի բան կարար լիներ:
-Քել գնացինք`Արմենին կանչենք:
Արդեն ես, Աշոտն ու Արմենը Ռաֆենց բակում ենք:
- Հելի էլ էտ կոմպի դեմից:
-Ա, դե հելնեմ, ի՞նչ անենք:
-Հելի` իջանք գետ …

Արդեն հասնում ենք:
-Պլատինա՞, թե՞ Լանդիկ…
-Լանդիկ շուտվանից չենք գնացե,- Աշոտն առաջարկեց. իր ամենասիրելի լողանալու տեղն էր:
-Լավ, էթանք Լանդիկ, հետո կիջնենք Պլատինա:

Մարդ չկար, մենք էինք:
-Աաաաա… Էս ինչ սառն էր,- արդեն ավազին պառկած ասաց Ռաֆոն:

Ու էդպես շլորի, ծիրանի ու դեղձի ծառերից կախվելով հասանք Պլատինա: Ինչպես միշտ, շատ մարդ կար:
-Էթում եմ` պատից քցվեմ,- մեր միջից ամենալավ լողացողը Ռաֆոն էր:

Արմենենց տուն հաց կերանք ու տներով: Ավելի ճիշտ, թաղերով: Ֆուտբոլ, հեծանիվ, ռոլիկ ու ուրիշ մանր-մունր բաների ժամանակն ա:

-Վահե, արի` հացդ կեր:
-Ա, մամ, սոված չեմ:
Իրականում վրաս ծամելու ուժ էլ չի մնացել: Մի կերպ հասա սենյակ ու քնեցի մինչև առավոտ:

-Ալո…

Հրապարակվել է 25/05/2015

«Ոստանի»-ն պատրաստ է հյուրընկալել

Լոռու մարզի Հալավար համայնքում գտնվող «Ոստանի» գյուղական հանգստյան գոտին պատրաստ է հյուրընկալել իր զբոսաշրջիկներին։ Մեզ հետ զրույցում «Ոստանի» գյուղական հանգստյան գոտու հիմնադիր Հենրիկ Մխիթարյանը պատմեց անվան ընտրության, տարածաշրջանում առաջինը նման ծրագիրի մասնակցելու և նպատակների մասին։

- «Ոստանի» անվանումը պատահական չի ընտրված։ Այն նշանակում է ավանների, գավառների, թագավորությունների կենտրոն։ Մենք հիմնական շեշտը դրել ենք հենց կենտրոն բառի վրա, քանի որ նպատակ ունենք մեր գյուղը դարձնել էկոտուրիզմի կենտրոն, նպաստել համայնքի զարգացմանը։ Գյուղում արդեն իսկ կան օրգանական մի քանի տնտեսություններ, և մասնակցելով այս ծրագրին, ուզում ենք Լոռիում բարձրացնել զբոսաշրջության մակարդակը։ Կենտրոնը պայմաններ է ստեղծում գյուղացիների արտադրած մթերքների վաճառքի համար, ինչպես նաեւ կազմակերպում է վայրի հավաք եւ այգեքաղ, դրանցից պատրաստած ուտեստների, հյութերի և չրերի համտես ու վաճառք,- Հենրիկի խոսքով կատարյալ հանգիստ սիրող մարդիկ այստեղ իրենց լիարժեք կզգան,- Մեր հյուրերի համար մենք հունիսի 1-ից նախատեսում ենք նաև գիշերակաց և՛ վրաններում, և՛ տնակներում։ Նախատեսում ենք նաև գյուղական սնունդ, քայլարշավներ, մեղրաքամ, ձիարշավ, ապիթերապիա, ջիփփինգ, աստղադիտում և այլն։ Այն մարդիկ, ովքեր նախընտրում են մաքուր ու անարատ գյուղական սնունդ, մենք խոստանում ենք նրանց ծանոթացնել մեր խոհարարների համեղ ուտելիքներին։

«Ոստանի» սոցիալական ձեռնարկությունը աջակցություն է ստացել «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում, որը Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում են «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը (Հայաստան) եւ CENN-Կովկասի բնապահպանական ընկերությունների ցանց ՀԿ-ն (Վրաստան)։ «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Վերդյանի խոսքով՝ «Այս նախագիծը արժանացել է հավանության և ֆինանսավորվել հասարակական կազմակերպության կողմից, և մենք վստահորեն կարող ենք ասել, որ այն նպաստում է երկրում ագրոտուրիզմի մակարդակի բարձրացմանը», և հույս ունեն, որ նման ծրագրերի ֆինանսավորումը կկրի շարունակական բնույթ։

Lilit Grigoryan

Պատերազմ և սեր

 …Ափսոս է վարդը թոշնի գարունքին։

 Դերենիկ Չարխչյան

 

Ամեն ինչ լռեց․․․

Նրան գտան մարտի դաշտում․․․

Չորս կողմը զոհված զինվորներ էին՝  հայ, թուրք։  Վրան հողի, քարի, գուղձերի հաստ շերտ կար։ Աչքերը բաց էին, հայացքը հառել էր կապույտ երկնքին․ դեմքին ժպիտ կար, հոգում՝ հանգստություն,  իսկ ձեռքի մեջ ՝ ինչ-որ բան․․․․

-Տղե՛րք, էն ո՞վ է։

-Հը՞, Արտակը չի՞։

-Հա էլի․․․ Մեր Արտակը․․․

Մոտեցան ու պապանձվեցին։ Չէին հավատում, որ պայծառ Արտակը, այն Արտակը, որ կատակով էր խոսում ամեն ինչի մասին, պատերազմի մասին, թե ինքը միանգամից  մի ամբողջ վաշտ կվերացնի, այսօր ընկել էր մարտի դաշտում․ վրեժ ուներ․ պապին թուրքն էր սպանել։

Ընկեր-տղաները ծնրադրեցին սեփական հողում զոհված ընկերոջ առաջ։  Ձեռքին ինչ-որ  բան կար․ ի՞նչ էր։ Երբ բաց արին, տեսան՝ աղջկա նկար է՝ ժպտադեմ, կանգնած գետի ափին, ձեռքին էլ փունջ կար, որից էլ հոտ էր քաշում։ Նկարը հողով շաղախված էր։ Հետևում էլ երկտող կար․

Թե մարտում ընկնեմ, տխուր մի մնա,
Անսեր մի՛ մնա, սիրիր դու մեկին․
Թող ջահել սիրտդ սիրով արբենա,
Ափսոս է վարդը թոշնի գարունքին։

Վարդանը հիշեց, որ քույրը նեղացել էր, երբ Արտակը այդ խոսքերն էր ասել։ Ինչու՞ էր այդ խոսքերը ասել, կանխազգացու՞մ էր․ դե զոհվելու վտանգ կար։ Ինչքա՜ն շատ էր սիրում Արտակը, որ ուզում էր իր մահից հետո սիրած աղջիկը երջանիկ լինի։ Շատ կուզեր, որ աղջկան երջանկացնողը ինքը լիներ, իսկ եթե ինքը չէր լինի, աղջիկը թող անսեր չմնա։

Վարդանը, Արմենը, Արսենը լուռ կանգնել էին, իսկ արցունքները շիթ-շիթ թափվում էին։ Էլ ժամանակ չկար, պետք էր արագ Արտակի անշնչացած մարմինը հանեին դաշտից։  Տարան զորամաս։ Ամբողջ ճանապարհին Վարդանը մտածում էր՝ Նանեին ի՞նչ պիտի ասի։

Վարդանը Նանեի եղբայրն էր, Արտակի մանկության և մարտական ընկերը։ Նրանք երեքով նույն քաղաքից էին, միասին են մանկապարտեզ,  դպրոց հաճախել, ընդունվել Արցախի համալսարան ու եկել ծառայության․ ի՞նչ իմանային, որ պատերազմ կսկսվի։

Երեկ ուրախ խոսում էին միասին, կատակներ անում։ Հիշում էր՝ ինչ էր ասում Արտակը․

-Վարդա՛ն, քրոջդ փախցնելու եմ, գիտե՞ս։

-Արտա՞կ, ինչի՞ ես փախցնում։ Արի մի լավ քեֆ անենք, թող բոլորը ձեր սիրո մասին իմանան։

-Հմմ․․․ Չէ՜, չհամոզեցիր։ Կփախցնեմ, այ էդ ժամանակ բոլորը հաստատ կիմանան մեր սիրո մասին։

Ասաց, ու սկսեցին բարձր ծիծաղել։

Բայց․․․ Պատերազմը խանգարեց։ Այսօր արդեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ն է։  Ու հենց այդ օրն էլ պատերազմը Արտակին տարավ․․․ Պատերազմի առաջին օրը։

Նանեն անհանգիստ էր․ ո՛չ եղբորից լուր ուներ, ո՛չ էլ սիրած տղայից։ Անհանգիստ քայլում էր սենյակում, հանգիստ չէր կարողանում նստել։

-Ա՛յ աղջիկ, ինչի՞ ես խառնվել իրար, ոչ մի բան չկա, չգիտե՞ս, որ Վարդանն ու Արտակը ժամը յոթի կողմերն են զանգ տալիս։ Իրենք ապահով տեղում են, մի անհանգստացիր։

Մայրն էր․ լավատես ու բարի տիկին Աննան։ Երանի՜  այդպես լիներ, հանգստացնում էր աղջկան՝ ինքն էլ լավ իմանալով, որ կռվի  մեջ փլավ չեն բաժանում, հանգստություն չկա։

Նանեն սիրում էր Արտակին․․․ էն էլ ոնց։ Կանգ առավ, նստեց աթոռին ու նայեց իր ու Արտակի նկարին․ ծառայության գնալուց առաջ էին նկարվել, իրենց տանը` Վարդանի ծննդյան օրը։

Որքա՜ն երջանիկ են, ինչպե՜ս են  ժպտում։ Ա՜խ, որքան է ուզում նրան տեսնել, գրկել․․․

Նանեն հիշում է իրենց հանդիպումները, և ակամա  դեմքին ժպիտ է հայտնվում։ Հիշում է՝ ինչպես էին ընկերներով գնացել քաղաքից դուրս, նստել  ու զրուցում էին։ Արտակը ու Նանեն նստել էին գետի ափին, կախել էին ոտքերը ջրի մեջ ու խոսում էին, ապագայի պլաններ էին մշակում․  դեռ ինչքա՜ն բան կար անելու։  Հիշում է՝ ինչպես գնացին Ղազանչեցոց։

-Նա՛ն, հաջորդ անգամ եկեղեցի մտնելիս խոստանում եմ՝  հարսի շորով ես լինելու։

Աղջիկը պինդ բռնել էր տղայի ձեռքը ու լուռ ժպտում էր․ դե իր սրտովն էր։ Նույնիսկ մի պահ թվաց,  թե հարսանեկան զգեստով է ու պիտի գեղեցիկ քայլի, վարդի թերթիկներ են թափվում ուսերին, գլխին, ոտքերի տակ, ինքը պիտի զգույշ քայլի․․․ Ա՜խ, որքան իրական էր այդ երազը։ Աղոթում էին միասին հայրենիքի խաղաղության համար․ առանց խաղաղության ի՞նչ երջանկություն։  Հիմա էլ հիշում էր ու հավատում, որ ամեն բան լավ կլինի, և իր հերոսը կգա․․․․

Երազանքներ,  որոնք, ավաղ, այդպես էլ չէին իրականանալու։

Հնչեց հեռախոսի զանգը․․․ Ա՜խ, այդ զանգը, որ պիտի ամեն ինչ փոխեր։ Տիկին Աննան հեռախոսը ձեռքին պապանձվել էր, քարացած կանգնել․

-Ի՞նչ, Արտա՞կը․․․

Նանեն  դուրս թռավ  սենյակից, մոր ձայնից ու հայացքից ամեն ինչ փոխվեց, դառը արցունքներով լցվեցին գեղեցիկ աչքերը։ Կարոտ, սեր, երջանկություն,  դառնություն, մահվան գույժ․․․ Ամեն ինչ տակնուվրա եղավ երազկոտ աղջկա սրտում։ Մեռավ  մի գեղեցիկ ընտանիք, որը դեռ չէր էլ հասցրել ստեղծվել։

2020թ․ նոյեմբերի 9․․․  Պատերազմը լռեց, պապանձվեցին հրանոթներն ու տանկերը, բայրաքթարները իրենց բները վերադարձան։

Շատերը շիրիմ ունեցան, շատերը՝ ոչ։ Արտակն  այն երջանիկներից էր, որ շիրիմ ունեցավ մահից մի քանի օր հետո։

Նանեն Եղբայրական գերեզմանոցում է, կանգնել է Արտակի շիրիմի մոտ։ Նայում է թարմ շիրմաթմբերի շարքին, և արցունքները միայն Արտակի համար չէին հոսում, այլ բոլոր նրանց, ովքեր այդպես էլ չհասան իրենց երազանքներին։

Պատերազմը խլեց Արտակին, բայց ոչ նրա հանդեպ ունեցած սերը․․․․

․․․

Պատերազմը դառնահամ է, արյունոտ․ արյունը կաթկթում է կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի ու երազանքների, սիրո և սպասումների վրա։ Կյանքը դառնում է արնահամ, դառնահամ։ Ասում են՝ ժամանակը հեռացնում է, մոռացնում։ Ամենևին։ Որքան շատ ժամանակ է անցնում, միևնույն է, վերքը սպիանում է, բայց ցավը մնում է ու ավելի խորանում։

Հայաստան աշխարհի որևէ բնակչի համար չկան տարածքներ, կա  Հայրենիք, որտեղ ամեն անկյունում դու կյանք ես դրել։ Չկան վարձկան կռվողներ, կա անհատը՝ կոնկրետ ընտանիքից դուրս եկած։

Ցավը գույն ունի․․․ Ծիածանի գույներից  8-րդը «ցավագույնն է»՝  կորցրած երազանքների, անվերադարձ սպանած ժամանակի ու լռությունից խեղդվող հոգիների։ Ժամանակը պտույտ է անում ու մեզ նորից նույն կետին է բերում՝ տարբեր կողմերից նայելու։

Երանի իմ աչքերին, որ տեսել են Արցախ աշխարհը խաղաղ ժամանակ, որ եղել եմ Շուշիում ու աղոթել Ս․Ղազանչեցոց  եկեղեցում։

Ես այդպես էլ չեմ «սովորի» պատերազմի ձայնին, չեմ կարողանա հանգիստ նայել, թե ինչպես են ավերում  Աստծո տունը, Ս․Ղազանչեցոցը՝ իր սպիտակ զանգով։ Ես պատերազմ չեմ ուզում։

Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի։

Իհարկե, ես  էլ  վերջում հող կդառնամ, ինչպես բոլորը, բայց հող դառնալուց հետո էլ երդվում եմ, որ թշնամուն հանգիստ չեմ թողնի։

Քրիստոսի արյամբ, հավատքով ամրացած ու հերոս-լույս տղերքի արյունով սրբացած իմ երկիրը՝ Հայաստանը, մի՛շտ է ծիլ տալու, մի՛շտ կյանք է տալու։

․․․Ու ինչ էլ լինի, միևնույն է, մի օր մենք կհանդիպենք ու իրար ուժ կտանք։ Մենք միասին կանցնենք մեր թուլությունների վրայով, պառակտված կամքը կմիացնենք  ու կդառնանք Մեկ․ մի ամբողջություն։

Տարածքը, որի վրա երազանքներ ունեցող զինվորի արյուն է թափվել, այլևս սոսկ հողակտոր չէ, այլ ՀԱՅՐԵՆԻՔ, որը չեն զիջում․․․