- Լուաանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուաանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուաանկարը՝ Զարա Ղազարյանի
- Լուաանկարը՝ Զարա Ղազարյանի
Այս ընտրություններն այնքան քննարկվեցին, որ էլ ասելու չի… Շատերի շուրթերից են հնչում այս խոսքերը։ Փառք Աստծո, որ երեկ «լռության օր» էր հայտարարված, մտածում էի՝ գլուխս մի քիչ կխաղաղվի։ Բայց դե ի՞նչ։ Բացում եմ Ֆեյսբուքը, ամբողջ էջս հանրապետականների ու ընդիմադիրների գովազդներն են։ Աչքերս փակում եմ ու քնում։ Մեկ ժամ անց արթնանում, հագնվում ու գնում դուրս վազելու։ Տեսնեմ՝ կատուս սատկել է, թաղի շներն էլ եկել են «հոգեհանգիստ»…
Դուռը բացում եմ, դուրս եմ գալիս փողոց ու գետնին 10000-անոց է ընկած։ Այ քեզ հաջողություն։ Վերցնում եմ գումարը, մեկ էլ տեսնեմ կողքի տան պատշգամբից Վազգուշ տատին գոռում է.
-Արա, էդ 10 00-ը քո համար չի, ընտրողների համար է։
Վայ, աման, սիրտս այնպես էր խփում, ոնց որ դուռը տուկ-տուկ տային։ Հա, մոռացա ասել, որ փողոցում մի հատ դանակ կար, վրան էլ` արյուն։ Ես էլ այդ գումարը Վարդուշ տատիի ձայնից գցում եմ գետնին` ուղիղ դանակի կողքը։ Մի քիչ վազում եմ, հասնում եմ գյուղամեջ, մեկ էլ տեսնեմ՝ մի 200 մետր վերև կոմունիստները Լենինի ձեռքը բռնած եկել են քարոզարշավի։ (Գյուղամեջից 200 մետր վերև գերեզմաններն են։) Հա, չմոռանամ ասել, որ խանութներում այսօր 30% զեղչ է։ Շտապեք ձեռք բերել Նոր տարվա խոզի բդից պատրաստված «կալբասը» կես գնով` ընդամենը 3000 դրամ։ Թույլատրվում է նաև պահք պահողներին:
Չմոռանամ ասել, որ այսպիսի տափակ հումորներ միայն ես կարող եմ անել։ Դե լռության օր էր, ապրիլի մեկ, հումորներն էլ քաղաքական ստացվեցին…
Հուսամ շնորհավորել եք մյուսներին ապրիլի 1-ի կապակցությամբ և մաղթել անվտանգություն և առաջընթաց, ժառանգություն, համախմբում, հաղթանակ, ելք, արդար և ապահով Հայաստան…
Հարցազրույց հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանի հետ

Լուսանկարը՝ Անի Աճեմյանի
-Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք սպորտով և ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք հունահռոմեական ըմբշամարտը:
-11 տարի է, ինչ զբաղվումեմ այս սպորտաձևով: Եղբայրս նույնպես հաճախել է հունահռոմեական ըմբշամատի, և ահա այդ տեղից է գալիս իմ սերը այդ սպորտաձևի նկատմամբ:
-Ի՞նչ հաջողությունների եք հասել հունահռոմեական ըմբշամարտի բնագավառում:
-2011 թվականին Եվրոպայի փոխչեմպիոն դարձա Լեհաստանում, Աշխարհի առաջնությունում 3-րդ մեդալակիր դարձա Հունգարիայում, 2012 թվականին Եվրոպայի չեմպիոն դարձա Լեհաստանում, 2013 թվականին Աշխարհի Երիտասարդական առաջնության չեմպիոն դարձա Բուլղարիայում, 2014 թվականին Աշխարհի առաջնության փոխչեմպիոն՝ Խորվաթիայում և բազում այլ մրցաշարերի հաղթող եմ եղել:
-Հետաքրքիր է, կա՞ն արդյոք աղջիկներ, և ինչպե՞ս եք ընդունում նրանց ներկայությունը նման կոպիտ սպորտաձևում։
-Կարծում եմ աղջիկների համար դա շատ դժվար, միաժամանակ, շատ գեղեցիկ սպորտաձև է:
-Հիասթափության պահեր եղե՞լ են:
-Չնայած իմ ունեցած պարտություններին, ես ոչ մի անգամ չեմ հիասթափվել:
-Եթե չընտրեիք այս մարզաձևը, ապա ի՞նչ այլ սպորտաձև կընտրեիք:
-Այդ մասին չեմ մտածել:

Լուսանկարը՝ Անի Աճեմյանի
-Արդյո՞ք Ձեր ընտրած սպորտաձևը համապատասխանում է Ձեր բնավորությանը:
-Ես բնավորությամբ շատ նպատակասլաց եմ, երբ մի բան մտքիս եմ դնում, ամեն հնարավոր բան անում եմ դրան հասնելու համար: Բնավորությամբ մի փոքր կոպիտ եմ, որն ամենաբնորոշ գիծն է իմ ընտրած սպորտաձևի հետ:
-Ի՞նչ երազանքներ ունեք:
-Օլիմպիական չեմպիոն դառնալ:
Կողբի մասին պատմություններ պահպանվել են դեռ վաղ ժամանակներից․․․ Լսածս պատմություններից մեկի մասին որոշեցի գրել:
Կողբում կար յոթ խաչքար, որոնք միմյանցից հեռու էին կիլոմետրերով: Հետաքրքիրն այն է, որ սրանք սովորական խաչքարեր չէին և կառուցված էին հատուկ նպատակով: Նրանց դիրքերը այնպիսին էին, որ եթե գյուղը որևէ կողմից հարձակման էր ենթարկվում, ապա խաչքարերից մեկի կողքից երևում էր:
Խարքարերը տեղադրված են գյուղի բարձրադիր յոթ կետերում։ Այն խաչքարի մոտ, որի կողքից երևում էր հարձակմանը պատրաստվող խումբը, անմիջապես կրակ էին վառում: Եվ երբ ծուխը բարձրանում էր, երևում էր մնացած վեց խաչքարի մոտից: Հասկանալով բարձրացած ծխի պատճառը՝ ժողովուրդը թաքնվում էր, և մինչ թշնամու գյուղ հասնելը՝ կողբեցիները նրանցից առաջ էին ընկնում և, նրանց անակնկալի բերելով, առաջինն իրենք էին հարձակվում և փրկում գյուղը պաշարումից:
Ահա, թե ինչպես յոթ խաչքրերը շատ անգամներ փրկեցին գյուղը պաշարվելուց և թալանվելուց:
Խաչքարերը մինչև հիմա պահպանվում են, և միչև հիմա էլ ժողովուրդն այցելում է:
Կողբը Հայաստանի այն եզակի գյուղերից է, որը պատմության մեջ նշվում է որպես հազարամայակների պատմություն ունեցող գյուղ և հարուստ է անթիվ պատմություններով և լեգենդներով:
-Է՛ն ա, սա՜ղ ուղտի մեջքն ա։
ՉԷ՛, չէ՛, սխալ մի հասկացեք՝ ուղտ ասելով՝ նկատի չունեմ ուղտ կենդանի, ու հաստատ տեղին զարմացաք․ Հայաստան ուղտ չկա: Լա՛վ, շատ չձգձգեմ: Ինչո՞ւ հենց ուղտի մեջք և ինչո՞ւ հենց սաղ ուղտի մեջքն ա: Դե, բնականաբար, ասածս նման է մեղադրանքի, որ սաղ ուղտի մեջքն ա, այսինքն, ամեն ինչի պատճառը ուղտի մեջքն ա: Դե, լավ, չչարչարեմ:՝ Ուղտի մեջքը հակառակորդի հենակետն է՝ այն հենակետը, որի վրա է հենված այն զենքը, որը գնդակոծում է մեր Բաղանիս գյուղը: Այո՛, դիրքերը մի քանիսն են: Ու ամեն դիրք ունի իր զենքի տեսակները, բայց այդ անսովոր անունով դիրքը ամեն անգամ կրակահերթի պատճառ է հանդիսանում: Դիրքի անունը, դե պարզ է՝ գյուղացիք են դրել, հաստատ ադրբեջանցին ո՛չ գիտի ուղտ, ո՛չ էլ՝ մեջք բառերը: Անվանել են Ուղտի մեջք, որովհետև դիրքը կառուցված է երկու, իրար շատ մոտ բլուրների վրա, ինչի պատճառով նմանեցնում են ուղտի մեջքի:
Ուղտի մեջքից այն կողմ Օդնդաղն է: Սա արդեն երկկողմանի համաձայնություն է: Այն հին ժամանակներում, երբ դեռ կռիվ չկար, կար էսպես ասած, Ղազախ-Բաղանիս ճանապարհ, որտեղ Ղազախը համարվում էր տեղի քաղաք և այնտեղ բազմիցս են գյուղացիք գնացել թե՛ առևտրի, թե՛ այլ նպատակներով: Եվ այդ ժամանակվա շփումը թուրքերի հետ, ստիպել է միասին սարերի անվանումներ տալ և, անգամ, խոսել սովորել։ Հիմա գյուղում կան մարդիկ, ովքեր դեռ հիշում են բառեր կամ նախադասություններ: Անձամբ եսչեմ սիրում այդ լեզուն, բայց լսել եմ այս բառը և չեմ կարողանում այդ մեկ բառը ջնջել հիշողությունիցս: Ադրբեջաներեն՝ Յեվաշ, գյուղի բարբառով՝ լա կացի, իսկ գրական հայերենով՝ սպասիր: Եվ այդտեղից է սկսվել գյուղացիների ու, անգամ, զարմանքս է գալիս, ադրբեջանցիների շփումը: Ու այդ պատճառով էլ մինչև հիմա մնացել են այդ բառերն ու անունները:
Օդնդաղ սարը, կարելի է ասել, որ նշանառության տակ է պահում մի քանի հարակից գյուղեր՝ Բաղանիսը, Ոսկեպարը, Ոսկևանը, Կիրանցը, Կոթին և Բարեկամավանը, կամ էստեղի հայտնի անունով՝ Դոստլուն: Դե, հիմա սա՛ է, ի՞նչ կարող ենք անել, գրավելը հեշտ չէ, գյուղացին ստիպված է ապրել՝ մտածելով, որ կրակոցներն անդադար են, և ինչ տեսակ անուն էլ լինի՝ ուղտ, թե փիղ կամ մեկ այլ կենդանի՝ մեկ է, հաստատ այդ մեծ զենքի փամփուշտը գալու է գյուղի վրա: Բայց ինչ զենքից էլ գա, հաստատ ոչ մեկը չի թողնի և չի հեռանա իր գյուղից, որովհետև այստեղ է յուրաքանչյուրի ապրուստը, հիշողությունը, մեծ ծանոթությունը և բոլոր այն լավ պահերը, որոնք ապրել են մեր մեծերը, և հիմա ապրում են մեր փոքրերը:
Մանկապարտեզում և դպրոցում երեխաների թիվը գնալով պակասում է, բայց դա ոչինչ չի նշանակում, չի նշանակում, որ գյուղը կդատարկվի կամ հողերը կհանձնվեն: Ոչ, մենք այստեղ ենք:
Ես մի կարճահասակ աղջիկ եմ: Մայրս մտածում է, որ շատ փոփոխական եմ բնավորությանս մեջ: Ւրականում նա ճիշտ է մտածում: Բայց ոչ միայն փոփոխական եմ, այլ նաև տարօրինակ: Այո, շատ զարմանալի է դա կարդալ: Երբ ինչ-որ մեկին գրում կամ պատմում եմ իմ մասին, միշտ մտածում եմ, որ նա իմ մասին սխալ կարծիք կկազմի: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ առաջին տպավորությունը խաբուսիկ է, սակայն իմ ասածը դա չէ: Երբ ինչ-որ մեկը ասում է, որ նա բարի է, մենք մտածում ենք, որ նա բարի է: Սակայն երբ ես իմ մասին ինչ-որ փաստ եմ ասում, մտածում եմ որ դիմացինս դա չի ընկալում այնպես, ինչպես ես եմ դա ուզում, այսինքն՝ ինչպես որ դա կա: Երևի դուք արդեն համոզվեցիք, որ տարօրինակ եմ: Հաճախ եմ ունենում տարօրինակ մտքեր, ցանկություններ և զգացողություններ: Ես նաև շատ նյարդային եմ, շուտ եմ հունից դուրս գալիս: Մայրս և շատերը մտածում են, որ նման մարդիկ էությամբ թույլ են: Սակայն ես համակարծիք չեմ: Իմ կարծիքով պետք չէ մեկը մյուսի հետ կապել: Անկեղծ ասած շատ վատ եմ զգում, երբ լսում եմ, որ նյարդային մարդիկ թույլ են, քանզի մտածում եմ, որ ինքս այդպիսին չեմ:
Բացի նյարդային և տարօրինակ լինելուց՝ ես ռեալիստ եմ: Երևի դա է պատճառը, որ շատ չեմ երազում: Ես լավատես ու վատատես չեմ, մտածում եմ հնարավորինս հեռուն, որը շատ է նյարդայնացնում գործընկերներիս: Իրականում ռեալիստ լինելը ինձ դուր է գալիս:
Ինչպես բոլորը, այնպես էլ ես՝ ունեմ երազանքներ: Երազանքներիցս գրեթե բոլորը անիրականանալի են: Իմ կարծիքով մարդ պետք է միշտ երազի անհնարինի մասին, որպեսզի երազանքը հետաքրքրություն ունենա:
Ես շատ եմ սիրում գիշերը, կցանականայի միշտ գիշեր լիներ: Սիրում եմ լուսին, աստղեր, դրանց հակառակ սիրում եմ նաև արև: Իմ երազանքներից մեկը կապված է աստղերի հետ: Ես երազում եմ, որ ինչ-եր մեկը ինձ նայի այն հայացքով, որով ես նայում եմ աստղերին: Հուսով եմ երազանքս կիրականանա: Շատերը ինձ լավ չեն ճանաչում, շատերը վատ կարծիքի են, շատերը լավ կարծիքի, իսկ իմ տատիկը ճանաչում է մի մարդու որն ընդհանրապես ես չեմ: Սակայն դրանք ինձ չեն խանգարում լինել իսկական, լինել այնպիսին, ինչպիսին ինձ է դուր գալիս…
Կարինեն եմ, 14 տարեկան: Ապրում եմ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Սիրում եմ մասնակցել տարբեր ծրագրերի և միջոցառումների: Վերջերս մեր գյուղում բացվեց IMPACT անունով սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը: Ուսուցիչս ինձ գրանցեց որպես ակտիվ աշակերտի: Սկզբում չէի հասկանում ծրագրի իմաստը, սակայն արդեն մեկ տարի է, ինչ հաճախում եմ և հասցրել եմ նոր գիտելիքներ ձեռք բերել: Իմ համայնքը շատ խնդիրներ ունի, բայց ամեն ծրագրի հետ, մեկը լուծվում է և այն ավելի է զարգանում: Իմ գյուղը շատ տեսարժան վայրեր ունի ու զբոսաշրջիկների պակաս երբեք չի եղել։ Այդ պատճառով որոշեցինք, որ առաջին ծրագիրը Սուրբ Խաչ կոչվող մատուռի մոտ պետք է լինի: Իրականում, քանի որ մեր տունը գտնվում է նրա հարևանությամբ, ես շատ կապված եմ մատուռի հետ: Երկրորդ ծրագիրը նույնպես պատրաստ է։ Մնում է մտածենք երրորդի մասին:
Ուզում եմ, որ գյուղս ավելի գեղեցկանա, դառնա ավելի բարեկեցիկ:
Հայերը սովորություն ունեն, չէ՞, մի բան ամբողջ ուժով քննադատել, հետո մոռանալ դրա մասին: Այսպես է լինում ամեն անգամ, երբ մոտենում է Եվրատեսիլը, երբ ընտրվում է մասնակիցը, ներկայացվում է երգը: Առաջին արձագանքները վատը չեն, բոլորն էլ սկզբից հույս են փայփայում, որ վերջապես հայ հանդիսատեսն էլ է զգալու Եվրատեսիլն իր երկրում տեսնելու առավելությունը: Վերջում, երբ ամեն ինչ ավարտվում է, հաղթողն էլ պարզ դառնում, պարզ է դառնում նաև այն, որ մինչ այդ փայփայած հույսերը զուր էին, որ այս անգամ էլ Եվրոպան նախապատվությունը տալու է մի թեկնածուի, ով այս կամ այն կերպ չի հակասում իր սկզբունքներին, դեռ մի բան էլ՝ ընդգծում է դրանք:
Անցյալ տարի մեր երգը վատը չէր, նույնիսկ վերջին տարիներին ամենահաջող ներկայացվածն էր, մեր մասնակցի շանսերն էլ բարձր էին գնահատում: Արդյունքում Ուկրաինայի մասնակիցը, որի երգը լսելիս ակամա ձեռքերով փակում ես ականջներդ, դարձավ հաղթող, Եվրատեսիլն իր հետ տարավ Կիև ու մի լրացուցիչ անգամ էլ հնչեցրեց իր երգը, որը ուներ լավ արտահայտված քաղաքական ենթատեքստ: Իսկ մի քանի տարի առաջ, մեր երկիրը ներկայացնող Geneology խմբի ներակայացրած երգի անունը փոխել տվեցին, ասելով, թե այս նախագիծը ձեր պատմությունը ներկայացնելու համար ամենալավ վայրը չէ: Մի տարի էլ միասեռականներին իրենց աջակցությունը ցույց տալու ու իրենց տեսակետն այդ մասին հստակ արտահայտելու համար Ավստրիայի ներկայացուցչին հաղթանակը տվեցին, չնայած այն, որ ավստրիացին լավ ձայն ուներ, հերքել չենք կարող:
Ասածս ինչ է՝ ամեն տարի ոգևորությամբ Եվրատեսիլին սպասելուց հետո պարտվողի հոգեբանությամբ այն քննադատելու, քաղաքական ենթատեքստեր փնտրելու ու մեզ տասներկու միավոր չտված «դաշնակիցների» հասցեին վատ խոսքեր շռայլելու փոխարեն, գիտակցեք, որ Եվրատեսիլը պարզապես երգի մրցույթ է, որին մասնակցում են մոտ հինգ տասնայկ երկրներ, քվեարկում է ամբողջ աշխարհը, հաղթում նա, ում հաղթանակն այդ տարի պետք է Եվրոպային:
Թեթև մոտենանք:
-Դե, ես իմը կիջեցնեմ, դու էլ քոնը, հա՞։
-Ըհըն․․․Դե, պայմանավորվեցինք։
Բարձրացա արագ տուն, վերցրի իմ ամենասիրած գիրքը, որն ինձնից այնքան դժվար է պոկելը, այն տալիս եմ շատ քչերին՝ էջերը չծալելու մեծ պայմանով։ Գիրքը Ջոն Գրինի «Մեղավոր են աստղերն» էր։ Ես ու մեր դիմացի շենքի Մերին որոշեցինք գրքերի փոխանակում անել՝ ես իրեն տվեցի իմ «աստղերը» (դե, երևի հասկացաք, որ այդպես եմ կրճատել գրքի անունը) իսկ ինքն ինձ իր «երիցուկները»։ Երիցուկներն էլ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» գիրքն է։ Հանդիպեցինք շենքերի ուղիղ մեջտեղում ու փոխադարձ խոստում տվեցինք ՝ շուտ վերադարձնել։ Այնինչ երկուսս էլ չէինք պատկերացնի, որ այդ «շուտ»-ը մեկ օրը կլինի։
Գրքի մասին շատ լավ բաներ էի լսել ու որոշել էի առաջին հնարավորության դեպքում կարդալ։ Վերցրի, տարա տուն ու պատահական մի էջ բացեցի։ Գրված էր․
«Երբեմն մենք չէ, որ մեր կյանքի վերաբերյալ որոշումներ ենք կայացնում։ Հաճախ ամեն բան դասավորվում է այնպես, ինչպես իսկապես պետք էր, պարզապես դա գիտակցելու համար մի փոքր ժամանակ է հարկավոր։ Եթե չես հասել նրան, ինչին ձգտում էիր, դեռ չի նշանակում, թե ամեն բան ավարտված է։ Կամ նորից ձգտիր, կամ էլ, եթե հնարավոր չէ, փոխիր ձգտման ուղղությունդ։ Երբեք ուշ չէ։»
Այսքանը կարդացի ու որոշեցի բացել ու կարդալ սկզբից։ Գրասեղանիս դրված բոլոր մաթեմատիկայի գրքերը երևի արդեն սկսել էին նեղանալ, որովհետև շաբաթվա այդ օրը, այդ ժամին սովորաբար նրանք էին լինում իմ ձեռքին։
Կարդացի մի շնչով, ավարտեցի ու փակեցի գիրքը։ Հաջորդ օրը առավոտյան, երբ արթնացա, զգացի, որ կարոտել եմ Հայկին ու Աստղիկին։ Նորից կարդացի։ Ու էդպես մի քանի անգամ վերընթերցեցի գրքի «կարոտվող» հատվածները։
Գիրքն ինձ հետաքրքրեց, որովհետև այն պատմում էր կյանքի մասին բոլոր գույներով, ամենագորշից մինչև պայծառագույնը։ Չնայած մի քիչ «մեծական» թեմաներին, որոնք երբեմն ինձ չեն հետաքրքրում (դե՝ բաժանություն, ընտանեկան երջանկություն և այլն), հետաքրքրությունը պահվեց մինչև վերջ։ Ուղղակի վերջը կանխատեսելի էր այնքանով, որ հենց սկզբում էլ ասվում էր, որ նրանց հարաբերությունները տխուր ավարտ են ունենում։ Գիրքը կարդալու ամբողջ ընթացքում գեղեցիկ հատվածների պակաս չզգացվեց, ու մինչև հիմա էլ կարդալով դրանք, խորասուզվում եմ մտքերիս մեջ։
Հաջորդ օրը զանգեցի Մերիին, ու պարզվեց, որ նա էլ ինձ պես նախորդ օրվա պարապմունքները զոհել էր գրքին ու տպավորված էր դրանով։ Մենք իրար հերթ չտալով քննարկում էինք գրքերի մանրամասներն ու հիանում դրանցով։
Հենց այսպիսի հետաքրքիր փոխանակում։