Sargis Melkonyan

Չապրած օրերի մասին

Բարև, Ձմեռ: Քեզնից առաջ ամա՞ռն էր, լավ չեմ հիշում։ Չէ՛, չէ՛, ինչ-որ այլ եղանակ էր՝ անհասկանալի։ Բարև, Ձմեռ, մի՞թե այսպես շուտ պիտի գայիր։ Իսկ ո՞ւր մնաց քո նախաբանը՝ աշունը։

Աշո՜ւն… Է՜հ… Ինչո՞ւ չեկար այս տարի։ Չէ, չէ սպասիր, ես ապրել եմ քեզ այս տարի մի պահ, երբ 9-ից հինգ էր պակաս, երբ դեռ 700 մետր կար դպրոց հասնելուն, երբ վազում էի հարևան բակի դեղին տերևների միջով ու լսում քո ձայնը։ Ա՜խ, Աշուն, Աշուն․․․ Կներես, ես շտապում էի դպրոց հասնել, բայց դեռ մեկ ամիս կար քո ավարտին, ինչո՞ւ շուտ հեռացար․․․ Սպասիր, ի՞նչ կլինի․․․

Չէ, ես քեզ էլի եմ տեսել, տեսել եմ իմ չապրած օրերում․․․ Աշո՜ւն, Աշո՜ւն․․․ Մյուս տարի ավելի երկար մնա մեզ հետ։ Դուռը ոնց որ թակում են, սպասիր․․․ Բարև, Ձմեռ․․․

Angelina Karapetyan

Քսաներկուսից ընդամենը չորսը

Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Եփրեմ Հարությունյանը հյուրընկալվել էր Բաղրամյանի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցում՝ աշակերտների հետ հոգևոր զրույց անցկացնելու: Այս անգամ զրույցը անցկացվելու էր մեր դասարանի հետ:

Երբ իմացանք այդ մասին, անչափ ուրախացանք:

Զրույցը սկսեցինք աղոթքով: Հետո Տեր Եփրեմը բացատրեց, թե ինչ է նշանակում «եկեղեցի» բառը: Տեր հայրը մեզ հարցեր էր տալիս, մեր ուսուցչուհին էլ քաջալերում էր.

-Համարձակ եղեք, երեխանե՛ր, և ազատ արտահայտվեք:

Զրույցը շարունակվեց քրիստոնեական առակներով, Գրիգոր Լուսավորչի կյանքի պատմություններով. թե ինչու բանտարկվեց Արտաշատ քաղաքի բերդի ներքին զնդանում`Խոր Վիրապում, և ինչպես դուրս եկավ ու դարձավ հայոց առաջին կաթողիկոսը:

Այս ամենը լսելուց հետո հնչեց մի հարց.

-Երեխանե՛ր, այստեղ բոլորդ քրիստոնյա՞ եք:

Դասարանում քսաներկու հոգի ենք, բայց լսվեց կրկնակի պատասխաններ՝ բարձրաձայն ու հպարտ. «Այո´, իհարկե´, անշուշ»՝ չհասկանալով, թե Տեր Եփրեմն ինչ նկատի ուներ իր հարցով:

-Բոլորդ մկրտվա՞ծ եք,- ասաց նա:

Այստեղ հասկացանք նրա խոսքերի իմաստը: Ցավոք, քսաներկուսիցս միայն չորսն էին մկրտված:

-Երբ մկրտվում ենք, մեր հոգին ծնվում է, մաքրվում ենք ադամական մեղքից, Աստծո արքայությանն ենք արժանանում, և դառնում ենք եկեղեցու լիարժեք անդամ: Մկրտությունը քրիստոնյա լինելու կարևոր պայման է,- բացատրեց մեզ Տեր Եփրեմը:

Նրա գնալուց հետո երկար մտածում էի. միշտ հպարտ ասում ենք` մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, ավելին, ապրում ենք Խոր Վիրապին շատ մոտ, որտեղից քրիստոնեությունը տարածվեց Հայոց աշխարհում, բայց ամենակարևոր քրիստոնյա չենք, որովհետև մկրտված չենք:

anush hovhannisyan

Վերջապես

Բոլորս էլ մեր կյանքում պետք է մասնագիտական ընտրություն կատարենք մեր ողջ կյանքի համար, որը կլինի մեր առօրյայի մի մասը, և պետք է հաշվի առնել ոչ միայն աշխատավարձի չափը, այլ սերը, որը պետք է ունենալ այդ մասնագիտության հանդեպ:

Մի քանի տարի առաջ ավելի փոքր հասակում ուզում էի դառնալ իրավաբան, բայց հասկացա, որ այն այդքան էլ իմը չի: Մենք տարբեր աշխարհներ ենք: Նորից ընկա երկմտանքի մեջ. ինչ ընտրել: Եվ այդ ժամանակ հեռուստացույցով մի ֆիլմ կար «ԱԻՆ 911»: Ֆիլմի ազդեցության տակ արդեն ինձ համազգեստի մեջ էի պատկերացնում, բայց այս ընտրությունը ևս երկար չտևեց, քանի որ բացահայտեցի մասնագիտության ողջ էությունը: Եվ ես, լինելով այսպես ասած, սրտից թույլ, միանգամից հրաժարվեցի: Հետո մի օր մայրիկիս հետ զրուցում էինք.

-Մամ, դու ի՞նչ կցանկանայիր, որ ես դառնայի:

-Քեզ` ոստիկան. համազգեստը, կեցվածքը, ամեն ինչ համապատասխանում է:

Վերջ, այդ միտքը մտավ գլխիս մեջ: Ամեն օր ոստիկանության կայք էջն էի քրքրում, տեղյակ էի ամեն իրադարձությանն ու նորությանը: Անգամ ծննդյանս տորթի վրա ոստիկան էր պատկերված ` «Ապագա ոստիկան» գրությամբ: Բայց, ցավոք, այս ընտրությունս ևս երկար չտևեց, քանի որ հայրիկիս ոստիկան ընկերները ինձ խորհուրդ չտվեցին մասնագիտանալ ոստիկանության մեջ:

Այս ողջ ընթացքում ուղեղումս պտտվում էր մի միտք, որ միգուցե ռեժիսոր դառնամ: Բայց չէի բարձրաձայնում: Մի խոսքով, որոշեցի դառնալ հոգեբան, բայց դե, հասկանում էի, որ մասնագիտությունը այդքան էլ ակտիվ չէ, իսկ ես ավելի աշխույժ և ակտիվ մասնագիտություն էի փնտրում: Սկսեցի խորապես ուսումնասիրել հոգեբանությունը, տարբեր գրքեր էի կարդում մասնագետների հարցազրույցներ էի կարդում, բայց հասկանում էի, որ միևնույնն է, չեմ կարող հոգեբան դառնալ:

Դպորցում հարցնում էին` ինչ ես ուզում դառնալ, ասում էի` ռեժիսոր: Սակայն այս ընտրությունս էլ փոխեցի շատ կարևոր մարդու հետ խորհրդակցելուց և մասնագիտության մասին որոշ նրբություններ իմանալուց հետո:

Եվ վերջապես հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է լրագրությունը: Կարծում եմ, որ սա կլինի իմ ամենավերջին ընտրությունը: Իսկ հիմա տատանվում եմ համալսարանի ընտրության մեջ: Մի կողմից, այս անընդհատ փոփոխությունը անգամ ծիծաղելի է թվում: Ինչպե՞ս կարելի է այսքան կտրուկ փոփոխություններ անել: Երբ հայտարարեցի, որ վերջ, ես դառնալու եմ լրագրող, բոլորն ասում էին.

-Ահա, հիմա էլ լրագրություն: Տեսնենք` էս ինչքան ժամանակ կտևի:

Երևի հենց այս խոսքերն էլ ինձ ստիպում են ընտրությանս մեջ հաստատվել և վստահ քայլել առաջ:

lilit vardanyan

Դրականն ու բացասականը դպրոցի նոր շենքում

Մեր դպրոցի շենքը քանդում են, մենք դասերն անում ենք մեկ ուրիշ դպրոցի ազատ մասնաշենքերում:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղափոխվել ենք, իսկ ես դեռ չգիտեմ, թե որտեղ է բուֆետը, ուսուցչանոցը, զուգարանը, բուժկետը, նիստերի դահլիճը (եթե կա), կենսաբանության կաբինետը (ինչքան հիշում եմ, կա):  Թեկուզ ինձ այդ հարցը այդքան էլ չի հուզում (ես բուֆետ չեմ գնում), այնուամենայնիվ, պետք է իմանալ:

Նոր տեղում դասի գնալը ունի դրական ու բացասական կողմեր:

Լավն այն է, որ նոր դպրոցը ավելի մոտ է մեր տանը:

Նոր դպրոցը մեծ է: Ես արդեն հասցրել եմ մոլորվել:

Հին դպրոցը ուներ 2 մասնաշենք, նորը ունի 7 մասնաշենք:

Հին դպրոցը երեքհարկանի էր, նորը՝ երկու:

Նոր դասարանում ավելի լուսավոր է: Արևի լույսը ընկնում է դասարան: Բայց չկան վարագույրներ: Այդ պատճառով համարյա ոչ ոք չի նստում պատուհանի մոտ: Իսկ ես նստում եմ…

Մեր նոր դասարանում խոնավության տհաճ հոտ է գալիս:

Նոր դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճը ավելի մեծ է, բայց մենք այնտեղ ենք լինում շաբաթը մեկ անգամ:

Հին դպրոցում կար ֆուտբոլի դահլիճ, իսկ նորում չկա:

Նոր դպրոցում կավիճների սով է: Տեղափոխությունից հետո մենք ամեն օր գնում ենք կավիճի որոնումների: Բայց խոստանում են, որ որոշ ժամանակ անց այդ խնդիրը կլուծվի:

Ասեմ, որ մեր դպրոցն ընդհանրապես կապված չէ այն դպրոցի հետ, որտեղ տեղափոխվել ենք: Նույնիսկ դարպասներն են տարբեր:

Artyom Avetisyan

Ընկերությունն ավելին, քան հաղթանակը

Այս անգամ ևս մասնակցեցինք «Հայ ասպետ» մրցախաղին՝ ձեռք բերելով հաղթանակ և շատ գիտելիքներ: Բոլորս շատ ուրախ էինք, թեև այդ խաղի ժամանակ մրցույթից դուրս մնաց Երևանի թիմը: Խաղին մասնակցում էին Երևանի, Աբովյանի և Լիճքի թիմերը: Մենք ներկայացնում էինք Լիճքը: Խաղն ընթանում էր հիասքանչ, արդար ձևով և անչափ հետաքրքիր: Բոլոր թիմերն էլ ցուցաբերեցին հարուստ գիտելիքներ, ուղղակի միավորների անբավարար քանակը հիմք դարձավ, որ Երևանի թիմը եզրափակիչ փուլ դուրս չգա: Խաղի մթնոլորտը շատ ընկերական էր և չէր զգացվում միայն հաղթելու տրամադրությունը: Բոլոր թիմերն էլ մեկը մյուսին սատարում էին և ցանկանում էին, որ իրենց հետ մրցակցող թիմն անցներ եզրափակիչ: Երբ ավարտվեց խաղը, մասնագետները հայտարարեցին, որ հաջորդ և վերջնական փուլ են անցել Լիճքի և Աբովյանի թիմերը, իսկ Երևանի թիմը չնչին միավորներով է հետ մնացել: Բոլորը միմյանց ձեռք սեղմեցին, շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին հետագա խաղերում: Իսկ ընկեր Արաքս Հոխիկյանը բոլորիս առաջարկեց հաղթանակի առիթով պարել «Ծաղկաձոր» պարը և ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տալ մյուսներին:

Խաղին մեզ երկրպագելու էր եկել Անուշը` 17-ի մեր պատանի թղթակիցներից, այն համեստ և գեղեցիկ աղջիկը, ով «17.am»–ի Սևանի մեդիաճամբարի ժամանակ իմ և մյուս պատանի թղթակիցների հետ անցկացրեց իր մեկ շաբաթը: Երբ նրան տեսա «Հայ ասպետ»-ի դպրոցի բակում, մի տեսակ սիրտս հուզմունքով լցվեց, աչքերիս չէի հավատում, որ իմ նոր ընկերներից մեկին էի հանդիպել: Նա ինձ հետ մտավ դպրոց և շուրջ 3 ժամից ավելի մնաց դպրոցում, մնաց մինչև խաղի վերջը: Նա ծանոթացավ մեր ուսուցիչների հետ և հիանալի տպավորություն էր թողել նրանց վրա:

Երբ վերադարձանք գյուղ, մեր շատ սիրելի ընկեր Հոխիկյան Աշոտը՝ դպրոցի փոխտնօրեններից մեկը, ով մեզ հետ պարապում է մրցախաղի հարցերը, ճանապարհի կեսին հայտարարեց, որ մեզ տանելու է իրենց տուն` հյուրասիրելու և մի քանի բացատրական աշխատանքներ տանելու, թե՛ հաղթանակի, և թե՛ հետագա մրցույթի վերաբերյալ: Եվ այդպես էլ եղավ: Իսկ ուսուցիչներից մեկը՝ ընկեր Ռաիսա Մինասյանը, առաջարկեց, որ կարելի է հաղթանակի կապակցությամբ անակնկալ մատուցել ուսուցիչներին և ուսուցչանոցում մեր ազգային պարերից մեկը պարել, որպեսզի մեր հաղթանակի լույսն ու ջերմությունը հաղորդենք նրանց, ինչպես նաև տեսնեն, թե ինչպես են մեծանում իրենց դաստիարակած ու դասավանդած աշակերտները: Եվ հենց երկուշաբթի օրը, ընկեր Հոխիկյան Արաքսի գլխավորությամբ, ով ևս մեզ հետ պարապում է, մեզ հետ չարչարվում և մեզ ուժ ու գիտելիք է հաղորդում, ուսուցչանոցում ներկայացրինք «Փափուրի» պարը: Ամբողջ ուսուցչական անձնակազմը հիացել ու ուրախացել էր մեր հաղթանակի և պարի համար: Բոլորը բարձր ու անթերի էին գնահատում Հոխիկյանների՝ հոր և աղջկա կատարած աշխատանքը: Ինչ վերաբերվում է Հոխիկյան Արաքսին, նա դարձյալ չունի հանգստանալու ժամեր, որովհետև այժմ կրկին պարապում ենք «Հայ ասպետ»-ի հաջորդ փուլի համար, որպեսզի մասնակցենք մրցույթի եզրափակիչ խաղին: Նա օրվա մեծ մասը մեզ հետ է անցկացնում և հաճույքով է աշխատում յուրաքանչյուր վայրկյանը: Իսկ մենք փորձում ենք ամեն ինչ անել, սովորել և յուրացնել ամեն թեմա, որպեսզի հուսախաբ չանենք նրանց: Այժմ փորձում ենք հաղթել, որովհետև հաղթանակի դեպքում հաղթող թիմն արժանանալու է դեպի Արևմտյան Հայաստան 7-օրյա արշավի հնարավորության: Իսկ աշակերտներից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները և հմտությունները: Մարինեն հրաշալի ձայնով է խոսում, Սյուզին լավ նկարչուհի է: Ասեմ, որ Սյուզին մեր հաղթանակի կապակցությամբ մեզ նկարել էր «սմայլիկի» ձևով, ունենք նաև երգիչներ՝ Էմման, Արենը, Լիլին և Հայկը, իսկ նրանց նվագակցում է Յուրան՝ դաշնամուր նվագելով: Թիմում եմ ես, իսկ ես կարողանում եմ լավ գրել և շարադրել իմ մտքերը, նաև Վահանն է, ով մեր գերհոգնածությունը թոթափում է իր կատակներով և հումորներով: Թիմում են նաև մեր շատ սիրելի Արսենը, Հայկուհին և Արեգնազը, ովքեր կարողանում են մեզ խորհուրդներ տալ դժվար պահերին և դուրս բերել անելանելի վիճակներից: Հա՛, մոռացա ասեմ, որ մեր Էմման ունի նաև լավ տրամաբանություն և վելուծական միտք, հենց դրա համար նրան հանձնարարել են սովորել պատմողական և բարդ թեմաները, իսկ Հայկի հետ ընդհանրապես մեկ հարցի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ, այսպես ասած՝ ջրերը մեկ առվով չեն հոսում: Հա՛, մեկ էլ՝ ես տարբերվում եմ բոլորից իմ ժպիտով ու շատախոսությամբ: Մի խոսքով, մեր թիմում ամեն մեկն ունի իր կարևոր տեղը:

Ինչպես հասկացաք, մենք ունենք ծանրաբեռնված ու դժվար, բայց ուրախ պահերով և գիտելիքներով լի օրեր: Հենց դրա համար շնորհակալություն ենք հայտնում ընկեր Հոխիկյաններին մեզ այս առիթները ընձեռելու համար:

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը

Դեռ սեպտեմբերից սպասում էինք պատանի քիմիկոսների համահայկական 2016 թվականի մրցաշարին: Քիմիայի ուսուցչի` «Երեխեք, պատանի քիմիկոսի համար թիմ պիտի կազմենք» արտահայտությունը ուրախացրեց բոլորիս: Նոր թիմ էինք կազմում, սակայն թիմի անվանումը այդպես էլ մնաց նույնը՝ «Win» (հաղթանակ):

Եվ վերջապես եկավ այդ երկար սպասված օրը՝ 2016 թվական, նոյեմբերի 26: Պատանի քիմիկոսների մի մեծ բանակ «բռնագրավել» էր ԱՅԲ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճը: Ու գրեթե բոլոր 45 թիմերի անդամների աչքերում երևում էր այն վախը, որ իրենից է կախված թիմի կիսաեզրափակիչ փուլ անցնելը, այն զգացումը, որ յուրաքանչյուրի թիմը կարող է ճանաչվել 2017 թվականի պատանի քիմիկոսների հաղթող:

Դե, բնականաբար, մինչև թեստերի լրացումն սկսելը դահլիճում աղմուկ կար, իսկ աշխատանքները սկսելուն պես լռություն տիրեց այդ հսկայական դահլիճում: Յուրաքանչյուր թիմ աշխատում էր ծայրաստիճան լռությամբ, իսկ այդ 1 ժամը անցավ 1 րոպեի նման, ինչը չէի ասի հաջորդ 2 ժամվա մասին, երբ սպասում էինք ստուգման արդյունքներին: 2 ժամ, որի ընթացքում բոլոր մասնակիցները իրենց ուսուցիչների հետ միասին անթիվ զգացումներ ունեցան: Բոլորի հայացքում արտացոլվում էր սպասումը, վախը ու հաջորդ փուլ անցնելու հույսը: Այդ ամենը, միախառնվելով իրար, վերածվում էին բակում առաջացած անհանգիստ շարժի:

Եվ վերջապես 2 օր թվացող 2 ժամից հետո սկսեցին հայտարարել արդյունքները, իսկ այդ ժամանակ չէիր նկատի մի թիմ, որը նստած լիներ իր տեղում: Բոլորը, անհամբերությամբ ոտքի կանգնած, սպասում էին իրենց թիմի արդյունքներին, երբ հայտարարվեց, որ 1-ին և 2-րդ հորիզոնականի թիմերի միջև եղած տարբերությունը 8 միավոր է, իսկ մյուս թիմերի միջև տարբերությունը շատ քիչ է: Կարծես ողջ դահլիճում լսվեց այդ բարի շշուկը.
-Հա, դե Վանաձորի «Էվրիկան» է, էլի:
Ու այդպես էլ եղավ: Վանաձորի «Էվրիկան» կարծես ցուցանիշ է դարձել: Եվ ահա ժյուրիի վերջնական որոշմամբ կիսաեզրափակիչ են անցնում 45-ից 11-ը: Եվ վերջապես մեր թիմի՝ «Win»-ի բոլոր  անդամների ու մարզչի զգացողությունները ժայթքեցին, երբ 5-րդ հորիզոնականում հնչեց՝ Աբովյանի «Win»:

Հիմա պետք է նախապատրաստվել կիսաեզրափակչին:

Լուսանկարները՝ «Այբ մրցույթներ» էջից

Aspram Parsadanyan

Կանանց ակումբ Բերդավանում

Վերջին շրջանում արդիական թեմաներից առավել քննարկելի դարձավ կանանց ներգրավվածության խնդիրը հասարակական, քաղաքական և ռազմական հարցերում։ Դրան նպաստեց  ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի  ընդունումը, որին պետք է անդամակցի նաև Հայաստանը։

Մի շարք հասարակական կազմակերպությունների գլխավոր խնդիրը դարձավ վեր հանել կանանց խնդիրները, իրազեկել նրանց՝ իրենց իրավունքների մասին։

Ուշադրության կենտրոնում հայտնվեցին հիմնականում սահմանամերձ բնակավայրերում ապրող կանայք։ Եվ այդ պատճառով «Դեմոկրատիան այսօր» Հկ-ի աջակցությամբ և հովանավորությամբ Տավուշի մարզի Բերդավան գյուղում ստեղծվեց կանանց ակումբ, որի համակարգող և կազմակերպիչ Անահիտ Փարսադանյանն այսօր իմ զրուցակիցն է։

-Ինչո՞ւ որպես առավել խոցելի խավ ընտրեցիք կանանց։

-Դարեր ի վեր հայ կինը որոշիչ դեր է կատարել ազգային և մշակութային արժեքների պահպանման գործում։ Շատ դեպքերում դա կատարվել է ոչ տեսանելի կամ անուղղակի ձևով։ Հիմա, երբ նոր մարտահրավերների ժամանակաշրջան է, հայ կինը պետք է գործի ավելի ազատ և իր սուրբ պարտականություններից զատ (ընտանիքի բարօրություն և ներդաշնակություն), իր կարողությունների սահմանում նպաստի նաև մեր երկրի կայացմանն ու զարգացմանը։

«Կանանց ակումբը» փորձում է միավորել Բերդավանի կանանց՝ իրենց տարբեր մտքերով ու գաղափարներով։

Ակումբի գործունեության նպատակը և առաքելությունը մեկն է ՝ ստեղծել դրական և ճիշտ արժեքների ընկալման միջավայր, որտեղ կինը կարող է և՛ երեխաների դաստիարակությամբ զբաղվել, և՛ աշխատել, և՛ մասնակցել համայնքի զարգացման գործին։

«Կանանց ակումբ» ստեղծելու գաղափարի մոտիվացիա հանդիսացավ այն հանգամանքը, որ իրոք, հասարակության ամենախոցելի խավը դրանք հիմնականում կանայք են, ովքեր ի վերջո, ավելի մեծ պատասխանատվություն են կրում սոցիալական խնդիրների լուծման ճանապարհին։

Իսկ սահմանամերձ գյուղում ապրելու հրամայականը մեկն է ՝ ապրել և արարել։ Այդ մարտահրավերին դիմակայելը ավելի հեշտ է միասին։ Սերտորեն ամրապնդելով «կին-ընտանիք-հասարակություն» կապը, կանայք կտիրապետեն համայնքի հետ կապված հավաստի ինֆորմացիաներին, պատրաստ կլինեն կատարել կազմակերպչական աշխատանքներ, կզարգացնեն իրենց առաջնորդելու հմտությունները։

-Ձեր կարծիքով, որքանո՞վ է արդյունավետ ակումբի գործունեությունը։

-Յուրաքանչյուր գործունեություն այնքանով է արդյունավետ, որքանով կարևոր է տվյալ միջավայրի համար։ Բերդավանի համար «Կանանց ակումբը» արդարացված է։
Գաղտնիք չէ, որ համատարած անվստահության և անտարբերության մթնոլորտ է տիրում։ Իհարկե, դա միայն մեր գյուղի օրինակը չէ: Մարդիկ առաջնորդվում են «յոլա գնալու», «յոլա տանելու» սկզբունքով։ Վերջապես եկել է այն ժամանակը, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք փոխել մեր և մեր երկրի ապագան։ Ես նույնպես կիսում եմ այն քչերի կարծիքը, որ կյանքի դրական որակը մեր ձեռքերում է, և դրա համար յուրաքանչյուր գործունեության մեջ պետք է ընդունել կազմակերպումը, որպես առաջնահերթություն։

-Դուք գտնում եք, որ կանայք կարո՞ղ են օգնել այդ հարցում։

-Բարոյական արժեքների ընկալումը պետք է սկսել ընտանիքներից, իսկ ընտանիքի շարժիչ ուժը կինն է, մայրը։ Վերջապես երեխան ընտանիքում մոր կողմից պետք է լսի, որ գողությունը, գռփելը «լավ տղայի» արարք չէ։ Կամ էլ` ծանոթ-բարեկամով առաջ գնալը ամոթ է ու անպատվաբեր։

-Որքա՞ն է ծրագրի տևողությունը,և ինչ կուզենայիք փոխել։

-Գաղափարի իրագործման համար շնորհակալ ենք «Դեմոկրատիան այսօր» Հկ-ին։ Ժամանակագրական առումով ծրագրի տևողությունն ընդամենը երեք ամիս է, սակայն հույս ունենք, որ դասընթացները կշարունակվեն ՝ ընդգրկելով բոլոր տարիքի կանանց և աղջիկների։

Քանի որ ակումբի գործունեությունը նոր է, բնականաբար շատ հարցերում աջակցման կարիք ունենք և շատ կցանկանայինք համագործակցել այլ ակումբների հետ։ Կցանկանայի նաև, որ բոլոր կանայք ապրեն ներդաշնակ, չենթարկվեն բռնությունների, վստահեն իրենց ուժերին, չթաքցնեն իրենց՝ որոշումներ կայացնելու ունակությունները և արժանապատվորեն պատասխանատվություն վերցնեն իրագործման համար։

narek babayan

Ասում եք` գրիպի համաճարակ չկա՞

Ասում եք` գրիպի համաճարակ չկա՞: Անցյալ շաբաթ մեր 19 հոգանոց դասարանից 9-ը բացակա էին: Դե, կռահեք` ինչո՞ւ: Իհարկե, հենց վիրուսի պատճառով: Ի դեպ, մի երկու օր ես էլ էի մտնում վիրուսի գերիների մեջ: 9 աշակերտ բաց թողեց մի շաբաթվա ուսում, նրա համար… Չնայած, ինչո՞ւ նրա համար: Ուղղակի: Ինքս ահագին հետ ընկա դասերից, ու հավատացեք, հեշտ չէր հունի մեջ ընկնելը: Ուսուցիչներն էլ արդեն «Ովքե՞ր են բացակա» ու «Ինչո՞ւ» հարցերի փոխարեն հարցնում են, թե քանի հոգի են ու քանիսն են տեղյակ պահել:

Երբ իրավիճակը հասնում է այնքան, որ «լավ տղերքը» իրար պաչիկով չեն բարևում, էդ արդեն իրոք աբսուրդ է:

Չէր հասցրել այդ համաճարակը տարածվել, երբ ֆեյսբուքում սկսվեց լուրերի հոսքը.

-Դասերը դադարեցվելու են վիրուսի պատճառով:

-Այն դպրոցները, որտեղ կան 50-ից ավելի հիվանդներ, պետք է փակվեն:

Սուտ լուրեր տարածող կայքերից մինչև ստատուսներով ապրող մանուկները խոսում էին դրա մասին: Ոմանք կողմ էին դպրոցների փակվելուն, ոմանք, ովքեր դպրոցը տեսնում էին ժամանակ սպանող շենք` ոչ: Դե, ես փակվելու կողմնակից էի, և՛ նրա համար, որ դասերից մի քիչ հոգնել եմ, և՛ իրոք մտածում էի հիվանդների մասին: Ցավոք, այս հարցում կես միլիոն աշակերտի ձայնը ոչինչ էր մի նախարարի ձայնի դիմաց: Անարդար է, էլի: Էհ, Աշոտյան ջան, ակա~նջդ կանչի:

Չէ, իրոք, այդ մարդիկ իսկապես չե՞ն հասկանում, որ անցյալ տարի 14 մահ է գրանցվել «էդ անտերի» պատճառով: Դժվար կլինե՞ր մի շաբաթով դադարեցնել ուսումնական հաստատությունների գործունեությունը:

Էհ, լավ: Ինձ ոչինչ չի մնում անել, քան առողջություն մաղթել բոլոր հիվանդներին ու ֆսֆսալով գնալ դպրոց:

shushan stepanyan portret

Ես սիրում եմ քեզ. իսկական սերը չի կարող մեռնել

Թևերս երկնքում են, ու սիրտս գրկել է աշխարհը տխուր: Արևի շողերն եմ կարծես գողացել ու լույս եմ դարձել: Ու գիտե՞ս, թե ոնց, թե այդ երբ եղավ, որ երկինք հասա, որ սավառնում եմ: Ա՜խ, դու չգիտես: Ու հավանաբար քեզ դա բնավ չի էլ հուզում: Բայց որոշեցի հենց հիմա ասել, որովհետև ուզում եմ կիսվել ինձ թևեր տված ու երկինք հասցրած գաղտնիքով բոլորի հետ, որ բոլորն էլ այսուհետ ճախրեն ինձ նման, ապրեն արևի շողեր ու երկնքի գույներ: Գաղտնիքս մեկն է. ես սիրում եմ քեզ:

Ու հիմա նրանք միասին են իրենց վերագտած, ապրված ու անեղծ սիրո ամպերի գրկում:

Երբ տեսան իրար, մի ամբողջ դարձան, ու տիեզերում մի նոր սեր հյուսվեց նրանց անունով: Եվ այնքան սիրուն էր սերը նրանց, այնքան գույներ, այնքան մաքուր հույզեր ու ապրումներ…

Բայց մի մուգ գույնով բաժանում եկավ, ու ՄԵԿ-ը մայր մտավ՝ ծածկելով երկինքը կարոտի, ափսոսանքի, հեռացումի աղոտ աստղերով: Մեկը դարձավ երկու, երկու զատ աշխարհ, որտեղ ո՛չ արև մնաց և ո՛չ էլ երկինք…

Կանգ ա՛ռ, ժամանակ, մենակ մնալուց ես շատ եմ հոգնել. ես իմ սերն եմ կորցրել: Կանգ ա՛ռ ու սպասիր այնքան ժամանակ, մինչև որ նորից հետ բերեմ նրան: Մնա ու սպասիր, որ ապրեմ նորից, նրանով ապրեմ, որ նորից թռչեմ: Մնա, որ զուր չանցնես, որ ափսոսանքով ես քեզ չհիշեմ: Մնա ու օգնիր, որ գտնեմ նրան. կիսատ եմ այսպես:

Լսեց աղոթքը վազող ժամանակն ու կանգ առավ. սպասեց, սպասեց, մինչև որ մի օր կարոտից խեղդված օրն էլ չհամբերեց, գնաց ու տարավ երկուսին այնտեղ, ուր հանդիպել էին:

Ու գտա ես քեզ, թեպետ չէի էլ կորցրել, պարզապես դու կողքիս չէիր: Կորցնում են լոկ այն դեպքում, երբ սիրտն էլ չի սիրում, երբ մոռանում է ու չի էլ հիշում: Ու գտա ես քեզ, ու շատ եմ խնդրում, որ էլ չգնաս, որ կողքիս մնաս, որ արևի շողը նորից գողանամ ու լույսդ դառնամ: Դու մնա կողքիս ու էլ չգնաս:

Իմացիր դու միշտ՝ իսկական սերը չի կարող մեռնել. հենց երկնքում եմ մեր սերը ձուլել, ու հենց աստղերն են մեզ ճամփա բացել: Ես սիրում եմ քեզ:

մարինե իսրայելյան

Օպերա

Ասում են` գյուղի ու քաղաքի երեխաները ապրում և սովորում են միանման պայմաններում: Կարծում եմ` ոչ: Խնդիրը երեխաների մեջ չէ, և մտավոր զարգացվածության տարբերություն չկա կապված միջավայրի հետ, չէ որ նույնիսկ անմարդաբնակ կղզում մարդ կարող է զարգացած լինել, եթե գոնե գիրք է կարդում: Ես ծնվել ու մեծացել եմ Տավուշի անտառասույզ Ջուջևան գյուղում և միշտ մտածել եմ իմ և քաղաքաբնակ հասակակիցներիս ունեցած հնարավորությունների մասին, և տարբերություններ, այնուամենայնիվ, գտել եմ: Հիմնական տարբերությունը մշակութային է. գյուղերը հեռու են, «աշխարհից կտրված» և չափազանց մոտ թշնամի աշխարհին: Գյուղեր, որտեղ հաճախ են հրե անձրևներ տեղում, ճանապարaհները դժվարանցանելի են, իսկ մշակութային կյանքը այնտեղ հասցնելը բավական բարդ է, կապված բազում խնդիրների հետ, և խիզախություն է պահանջում: Իհարկե, երբեմն նման խիզախներ էլ են լինում, բայց կամսարյաններն ավելի շատ են: Հետո սկսվեց ուսանողական կյանքը… Սովորում եմ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում: Շրջադարձը անչափ կտրուկ էր. միանգամից անծայր հորիզոն բացվեց երազկոտ աչքերիս առջև, բացվեց ու հոգատարորեն կանչեց իր գիրկը: Սկզբում` դասեր, պատվարժան դասախոսներ, ինչ-որ կանոններով ձևավորված կոլեկտիվ, որը աստիճանաբար վերածվեց մի մեծ ընտանիքի, և որին կոչում են «Բանասիրական 1-ին կուրս»: Բայց ամեն ինչ չվերջացավ դասերով. կուրսի ղեկավարը սկսեց գեղեցիկ ծրագրերով զարդարել մեր ուսանողական կյանքի կտավը` արժանանալով հարաճուն սիրո: Այդ վրձնահարվածներից մեկը տրվեց նոյեմբեր գեղեցիկ ամսվա տասներեքին, երբ մեր մեծ ընտանիքի մի փոքրիկ խմբով ընտանիքի մոր ղեկավարությամբ (մեզ մոտ մայրիշխանություն է), գնացինք օպերային թատրոն` «Անուշ» օպերան դիտելու: Նախկինում երբեք օպերայում չէի եղել, և իրական հեքիաթը մի քանի անգամ գերազանցեց երևակայականին: Իսկ ես երևակայել էի ո՛չ թե շենքը, ո՛չ այն ճոխությունները, որ շլացնում են ներս մտնողին, ո՛չ լույսի պարը բազմանիստ բյուրեղապակիների միջով, ո՛չ զարդարուն հասարակությունը, այլ միջավայրը. ես երևակայում էի տրամադրությունը, երազային մթնոլորտը, տեսնում էի հավերժական սիրո տարերքը բեմի վրա` սիրտս նախապատրաստելով սիրո: Իսկ մեղեդի՜ն… Երաժշտությունը, երգը փոթորկում էին բեմը, դահլիճը: Ջղերովս զգում էի երգի հպվելը, այն հոսում էր երակներովս և թնդում սրտիս մեջ, ես ապրում էի այն փոթորիկը, որին շատերը պարզապես անվանեցին «օպերա», և հազիվ ձգելով մինչև առաջին գործողության ավարտը` լքեցին դահլիճը: Ամպի տակից եկող ջուրը իմ աչքերից հոսեց, ես դարձա սիրեցյալին սպասելուց հուսալքված, թեքված ուռին, ջանգյուլում երգող այն աղջնակը, որին բախտը խարազանեց… Օպերա. մի ամբողջ տիեզերք ամփոփել այս բառի մեջ, շրթունքներով անտարբերորեն շոշափել ու անցնել այդ տառերի վրայով` չի կարելի: Օպերա` դահլիճը ափեափ լցրած զուլալ սիրո ղողանջ, խենթությունից պարող տառապանք, թևածող թախիծ և անգթություն` աշխարհին իշխող, և՛ նվաղող ճիչ սիրող աղջկա, և՛ մահ, մարդասպան, արցունք մայրական, մշուշ ու խավար: Իսկ ինչի՞ց է բաղկացած մարդու կյանքը. օրերի՞ց, ո՛չ, տարիների՞ց, կրկին` ո՛չ: Կյանքը պահերից է կազմված, ակնթարթներից, վայրկյաններից. ինչո՞ւ մարդ չի հիշում տարիները, լոկ ակնթարթներն է հիշում, որոնք դաջվում են նրա հիշողության ծալքերում, երջանիկ ու տխուր պահեր, նորաբույս ծաղկի բերկրանքը մաքուր, գարնանաբույր ցող, համբույր առաջին, ժպիտը մանկան… Ընդամենը պահեր… Այսպես հիշողությանս մեջ մնաց կյանքիս առաջին օպերան (ամեն ինչի առաջինն էլ քաղցր է ու հիշվող, նույնիսկ տառապանքինը), ո՛չ օպերային ներկայացումը, այլ «օպերա» հեքիաթային աշխարհը, բայց երբ շատ տարիներ հետո կյանքի փոթորկուն ծովը ինձ վաստակած հանդարտ ափը նետի, և ես մի օր հիշեմ այդ օպերան, ես այն հիշելու եմ մի ուղղանկյուն սև թղթիկի տեսքով, որի վրա սպիտակ մեծ տառերով գրված էր «ԱՆՈՒՇ», ներկայացման այն ծրագրի տեսքով, որը ես չէի կարող գնել, բայց ունեցա, և որի էջերի մեջ ամփոփված է իմ երիտասարդության, անկեղծության, սիրո աշխարհը, զգացածս անհարմարության վայրկենականությունն ու այն փարատող մեղմանուշ ժպիտը… Կյանքն ընդամենը պահերից ձուլված շղթա է, իսկ այդ ժպիտը իմ պարզ շղթայի մի փայլուն օղակը դարձավ…