mariam hayrapetyan

37-ը

Օգոստոսի 31-ն էր, ես արդեն տեղափոխվել էի Երևան, որպեսզի սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցի դառնամ: Դե, ես եկել եմ մարզից` Շիրակից, ու Երևանում պետք է ճանապարհ սովորեմ, քչից-շատից սկսեմ քաղաքը ճանաչել: Ես իմ 2 ընկերների հետ էի,  նրանք ինձ  ուղղորդեցին, թե ինչ երթուղայինով գնամ,  որտեղից, ու ինձ լքեցին:
Ես Բժշկականի դիմացից պետք է նստեի 28 համարի երթուղայինը, գնայի Զեյթունի հանրակացարանների մոտ իջնեի, ու ոտքով հասնեի համալսարան, չհաշված  այն, որ ես չգիտեի, թե որոնք են այդ  հանրակացարանները:

Ես շատ անհանգիստ իջա մի շենքի դիմաց, որտեղ լիքը հնդիկներ էին, ու ինչպես հետո պարզվեց,  դա հենց հանրակացարանն էր: Այստեղ բախտս բերեց: Քայլեցի աջ, հետո` ձախ, հետո` աջ, հետո` ձախ, մեկ էլ ահա` համալսարանս:

Ինքս ինձ սկսեցի ծիծաղել: Շրջեցի, մտա համալսարան, դուրս եկա: Հիմա պետք է հետ գնամ: Կանգնեցի կանգառում, սպասում էի մի երթուղային, որի վրա կտեսնեի «Հերացի»  փողոցի անունը: Բայց իրականում նստեցի 37 համարի երթուղայինը, որը տանում էր` չգիտեմ ուր:

Նստեցի, ու գնացինք: Ես նայում էի շուրջս, կային հետաքրքիր  վայրեր: Ես հիացած նայում էի շուրջս, չմտածելով նույնիսկ, որ գնում եմ անհայտ ուղղությամբ: Մեկ էլ  վարորդը ասաց.
-Գիտե՞ս, սա վերջին կանգառն էր:
Ես սթափվեցի, նայեցի շուրջս, տեսա, որ ամբողջ ավտոբուսում մենակ ես եմ մնացել:
-Իսկ էլ դուրս չե՞ք գալու գիծ:
-Գալու ենք, ուղղակի լիցքավորեմ մեքենան, նոր:
-Իսկ ես  կարո՞ղ եմ մնալ մեքենայում:
-Հա, ինչպես կուզես:
Ես ժպտացի ու որոշեցի մնալ, մինչև հասնի այնտեղ, որտեղից որ նստել էի:
-Լսիր,  ինչ-որ բան կուզե՞ս խմելու:
-Չէ, շնորհակալ եմ շատ:
-Լավ, հասկացա:
Մեկ էլ վարորդը իջավ խանութ, ու 2 շիշ հյութով վերադարձավ, որից մեկն ինձ համար էր բերել: Ես շատ շոյվեցի:

Նա մեքենան կայանեց, որպեսզի ուղևորներ հավաքվեն: Սկզբից մենակ էի, հետո կամաց-կամաց հավաքվեցին մարդիկ: Ինձ միացավ ոստիկան, տնային տնտեսուհի և պարզապես մարդիկ, որոնք աշխատանքի էին շտապում: Մեքենան ևս մեկ շրջան կատարեց քաղաքում և ապա ինձ իջեցրեց այնտեղ, որտեղից վերցրել էր: Ես կատարեցի մի մեծ պտույտ քաղաքում,  ծանոթացա մի փոքր:

Շնորհակալ եմ, բարի վարորդ: Ես քեզ տալու էի 100 դրամ, իսկ դու ինձ վրա ծախսեցիր 300դրամ:

«Շեն եղեք, շեն մնացեք»

Հարցազրույց տատիկիս` Լուսիկ Ավետյանի  հետ

Երբ ես փոքր էի, սիրում էի ուսումնասիրել ընտանիքիս անդամների անձնագրերը: Մի հետաքրքիր փաստ. Նրանցից մի քանիսի ծննդյան վայրը Հայաստանը չէ: Օրինակ, տատիկս ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում:  Այդ փաստը հուշեց, թե ում հետ կարելի է հարցազրույց անել: 

Լուսանկարը` Կառլոս Կարապետյանի

Լուսանկարը` Կառլոս Կարապետյանի

-Տատիկ, որտե՞ղ և ե՞րբ ես ծնվել: 

-Ես ծնվել եմ 1955թ.-ին` հոկտեմբեր ամսին, Ալթայ երկրամասի Պակրովկա գյուղում:

-Ինչո՞ւ ես ծնվել ՌԴ-ում:

-Հայրիկս 1945թ. բանակից վերադարձել է, հետո` 1949թ.մայիսին հորս, մորս և երկու եղբայրներիս աքսորել են Սիբիր:

-Մինչև քանի՞ տարեկանդ ես ապրել ՌԴ-ում:

-Մինչև յոթ տարեկանս ապրել եմ Ռուսաստանում: 1956թ. մայիսին մեզ ազատել են աքսորից, մենք տեղափոխվել ենք Կրասնոդարի երկրամասի Պետրոպավլովկա գյուղ: Անտեղ ապրել եմ մինչև յոթուկես տարեկան:

-Մի քիչ պատմիր քո ընտանիքի մասին:  

-1949թ., երբ մեզ աքսորեցին Սիբիր, մեր ընտանիքում չորս հոգի էին` հայրս, մայրս և երկու եղբայրներս: 1949թ. հոկտեմբերին ծնվեց մի եղբայրս, 1951թ.` մյուսը, 1954 թվականին ծնվեց փոքր եղբայրս, իսկ 1955թ. ծնվել եմ ես: Իմ ծնվելուց վեց ամիս հետո տեղափոխվել ենք Կրասնոդար:

-Իսկ ինչո՞ւ դուք վերադարձաք Հայաստան:

-Հայրիկս` մինչև մեր ընտանիքով Մարտիրոս գնալը, նորից եղել էր Հայաստանում, տեսել էր իր քույր-եղբայրներին, մի խոսքով, կարոտը տանջում էր իրեն: Հետ եկավ Կրասնոդար, հավաքեց իր ընտանիքին և գնաց իր հայրենիք` հայրենի Մարտիրոս գյուղ: Մարտիրոսից երկու բեռնատարներ եկան և կանգնեցին մեր տան դիմաց, և մեր ամբողջ եղած-չեղածը հավաքեցինք մեքենաներում: Եվ էդպես մենք եկանք Հայաստան: Ես և իմ երկու եղբայրները փոքր էինք` 7.5, 8.5, և 9 տարեկան, ուրախ էինք Հայաստան գալու համար: Բարձրանում էինք մեքենաների վրա ու ասում.  «Поедим в Армению и горы увидим»: Մեզ սովորեցրել էին, որ մենք գնանք Հայաստան, վերջապես սարեր ենք տեսնելու: Եկանք ու տեսանք:  Մեր հայրական տան մեջ, որտեղ ապրել էր մեր ընտանիքը մինչև աքսորվելը, ապրում էր ուրիշ մարդ, բայց երբ մենք վերադարձանք, կոլխոզը դուրս արեց նրան, և մենք շարունակեցինք ապրել մեր տանը: Շատ լավ էր, որովհետև հյուրասիրություն կար, հարազատների ջերմ ընդունելությունն այնքան լավ էր, որ մենք չէինք էլ զգում, որ Ռուսաստանի լավ կյանքը թողած եկել էինք Մարտիրոս: Երբ մենք եկանք, հունիս ամիսն էր, սեպտեմբեր ամսին ես գնացի առաջին դասարան, մի եղբայրս առանց հայերեն բառ իմանալու` երկրորդ դասարան, իսկ մյուս եղբայրս՝ երրորդ դասարան, բայց մենք լավ սովորեցինք և համալսարաններ ընդունվեցինք:

-Իսկ դու ունեի՞ր ընկերուհիներ Մարտիրոս գյուղում:

-Այո’, ես ունեի շատ ընկերուհիներ Մարտիրոսում, բայց ես ամենաշատը մոտ էի մեր հարևանուհի Գոհար Ստեփանյանի հետ, ով նաև իմ դասընկերուհին էր: Մենք 10 տարի ձեռք-ձեռքի բռնած գնացել ենք դպրոց:

Լուսանկարը` Կառլոս Կարապետյանի

Լուսանկարը` Կառլոս Կարապետյանի

-Ինչպե՞ս հարմավեցիք, տարբերությունը շա՞տ էր:

-Ես գնացել էի էնտեղի մանկապարտեզը, սովորել էի էնտեղի կյանքին:  Էնտեղի էլածը, լի ու բոլ էր, մեծ բակ ունեինք, գոմեր՝ հավով, հնդուշկայով, խոզով, ճագարներով: Մեծ այգի ունեինք ունեինք. մեծ հողամաս, մեկհարկանի տուն: Նույնիսկ առանձին ծաղկանոց ունեինք, այգի, որ մենակ ծաղիկներ էին մեջը: Այ, այդքան հող ունեինք: Մեր գոմի կտուրում  ցորենի պարկեր էին, իսկ տան կտուրին` ձեթի ֆլագաներ, սեմուշկայի կույտեր… Մի խոսքով, ամեն ինչ էնքան լի ու բոլ էր, որ չկարողացանք այդքանը բերել: Ռուսաստանից երկու մեքենան ի՞նչ կարող էր բերել: Երբ  եկանք Հայաստան, մենք ամեն ինչ ունեինք` շուբ, հեծանիվ, գլխարկներ, շոր, պայուսակներ: Մարտիրոսում երեխաները ձեռքով կարված տուրիկներ էին, դրանցով էին գնում դպրոց, իսկ մենք՝ պայուսակներով: Նրանք գնում էին ձեռքի կարված շորերով, իսկ մենք՝ շուբերով, գլխարկով: Երբ եղբայրներս հեծանիվը հանեցին բակ, գյուղի երեխաները վազում էին հեծանիվի հետևից: Էն վախտ Մարտիրոսում ոչ մի բան չկար: Մեզ հետ մեր մեծ եղբայրը չեկավ և գնաց Դոնեցկ և մինչև հիմա ապրում է այնտեղ: Ես սովորել և ավարտել եմ Մարտիրոսի միջնակարգ դպրոցը, դրանից հետո սովորել եմ Վայքում հաշվապահական, ապա ամուսնացել Վայքում:

-Ճի՞շտ է, որ դուք մեր շենքի առաջին բնակիչներից եք եղել:

-Այո՛, մենք այս շենքի առաջին բնակիչներից ենք, այս շենքում բնակվելու համար հերթագրվեցինք, և մեզ հատկացվեց բնակարան:

-Դժվա՞ր էր Մարտիրոսի սեփական տանից հետո ապրել շենքում:

-Դե, էն ժամանակ Վայքում ջուր չկար, միայն դրսում աղբյուր կար, ջուրը այնտեղից էինք բերում և լվացք էինք անում, ճաշ էինք եփում և ամաններն էինք լվանում, և էդպես 2-3 տարի շարունակ: Հետո Բուլախլարից շատ ջուր բերեցին, և Վայքը այլևս ջրի պակաս չունի, շենքում ապրելն էլ շատ հեշտ ա: Որ 80-ական թվերին  ստացանք էդ տունը, շատ ընտիր ժամանակ էր: Էստեղ լավ էր, աշխատավարձ ունեինք, հեշտ  էինք ապրում, ամեն տարի ծովափ, հանգստյան տներ էինք գնում: Էդպես ապրել էինք մինչև 88-89 թվականները: Ղարաբաղյան շարժումից հետո արդեն գործն էլ պրծավ, երկիրն էլ շուռ եկավ: Էհ, ես լավն էլ եմ տեսել, վատն էլ եմ տեսել: Ես ուզում եմ ավելացնել, որ էսօրվա ջահելությունը ապրի ավելի լավ, ոնց մենք ենք 80-ականներին ապրել, ու երեխաներն էլ ունենան լավ մանկություն, ոնց որ ես եմ ունեցել: Մեր ջահելությունը արժանի չի էդ կյանքին, որով ապրում են: Շեն եղեք, շեն մնացեք, ի՞նչ ասեմ:

Shushan stepanyan

Ուժեղ մարդու արցունքները կամ` վաղը գնում եմ Երևան

Գրում եմ, որ պատմեմ ձեզ՝ մի կտոր թղթի ու մի կապույտ գրչի հույսին ապավինած: Գրում եմ, ինչքան էլ դժվար լինի փոխանցել այսօրվա իմ ապրումները:

Դե, գնում եմ Երևան. սկսվում են դասերս: Հրաժեշտի թելերը կապվել են վզիցս և այնպես են խեղդում, չեք պատկերացնի: Վերջին օրս է Սիսիանում, մեր տան մեջ՝ իմ կապույտ սենյակում, ուր իմ աշխարհն է՝ լիքը հուշերով ու երազանքներով:

Երգ էի լսում, մեկ էլ հայրիկս եկավ ու ասաց.

-Շո՛ւշ, գնում ենք գյուղ՝ տատիկենց հաջող անես:

Նստեցի մեքենան ու գնացինք: Այնքան հարազատ է մեր գյուղի ճամփան՝ կանաչ, կապույտ, բարի գույներով, խաղաղությամբ: Ամբողջ ճանապարհին ինքս ինձ համոզում էի. «Վերջ, Շուշա՛ն, գոնե այս անգամ քեզ տղամարդավարի կպահես ու չլացես, այդ մարդկանց էլ չլացացնես»:

Տեղ հասանք, սովորականի պես նստեցինք, զրուցեցինք, տատիկս, ինչպես միշտ, չգիտեր էլ, թե ինչ դներ սեղանին, որ ուտեի:

-Դե հերիք է, էլի, ա՛յ տատ ջան, սոված չեմ:

Ամբողջ ժամանակ վախով սպասում էի բաժանման այդ պահին (տանել չեմ կարողանում բաժանումները) ու ինձ համոզում, որ լաց չլինեմ, բայց, չէ՚, սկսվե՚ց: Հիմա պիտի նստեմ մեքենան, գրկել եմ տատիկիս, համբուրում եմ, ուզում եմ ինձ հավաքել, միևնույն է, չեմ կարողանում: Պապիկիս եմ գրկել ու շա՜տ ուժեղ: Զգում եմ՝ չի խոսում, ինձ ամուր գրկել է ու լաց է լինում:

-Ի, պապի՞, մի լացի, պապի ջա՛ն:

Հիմա էլ, որ գրում եմ, աչքերիս առաջ պապիկիս արցունքոտ հայացքն է: Ես զարմացած եմ. այն մարդը, ով միշտ-միշտ չափազանց լուրջ է, չափազանց փակ իր աշխարհով ու հույզերով, զգացմունքներով, այսօր լաց եղավ, լաց եղավ այդ ուժեղ մարդը՝ պապիկս:

Հիմա միայն Աստծուն խնդրում եմ, որ պապիկիս ու տատիկիս շատ լավ պահի, երկնքից պահապան լինի, մինչև որ ես նորից կգամ…

Seroj araqelyan

Ծննդյանս ու գիտելիքի օրը

Սեպտեմբերի մեկ, շնորհավորանքներ, պայուսակ, գրիչ, տետր ու ամենակարևորը՝ մեկ դասարան ևս բարձրացանք, ու վերջին սեպտեմբերի մեկը, որը նշելու եմ մեր դպրոցում: Դարձա ավարտական դասարան, և կունենանք երեք հոգանոց անմոռանալի վերջին զանգ:

Սեպտեմբերի 1-ը ինձ համար միայն գիտելիքի օրը չէ, այլ նաև ամենակարևոր օրերից մեկը իմ կյանքում՝ ծննդյանս օրը: Մեկ-մեկ կատակով ասում եմ «Այ մարդ, սենց էլ բան կլինի՞, դեռ չծնված դպրոց են ուղարկում»:

Ծննդյանս օրվա հետ կապված նույնպես նյութ ունեմ տպագրված 17.am-ում: Եթե կարդացած լինեք, հաստատ տեղյակ կլինեք, որ կրակոցների պատճառով ոչ մեկը վախից չեկավ մեր գյուղ` Բաղանիս, ու ոչ մի ծնունդ էլ չեղավ: Բայց արդեն եկար ժամանակ է կրակոց չկա, իրավիճակը հանգիստ է, ու ամեն ինչ իմ պլանավորածով է գնում:

Ուզում եմ սեպտեմբերի մեկի կապակցությամբ շնորհավորել բոլորին՝ ուսուցիչներին, աշակերտներին և ուսանողներին, այդ թվում նաև նրանց, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում թե դպրոցում, թե բուհում:

Շնորհավորում եմ բոլորի սեպտեմբերի մեկը` մաղթելով բոլորին նորանոր հաջողություններ:

gayane paronyan

Միգուցե

Եկավ նորից սեպտեմբերը… Բոլորը պատրաստվում են դպրոց գնալուն:

«Մամա, մամա, էսի լավն ա, էս եմ ուզում..», «Մամ, մամ, գրիչ, գրիչ ա պետք», և այսպես շարունակ:

Ըստ իս, հիմա ամենադժվարը ավագ դպրոց գնացող աշակերտների համար է: Նոր շրջապատ ստեղծելն այդքան էլ հեշտ չէ: Չես կարողանում թողնել հին ու մոտ ընկերներին, բոլորը լալիս են: Մյուս տարի ես էլ պիտի գնամ, պիտի հեռանամ ընկերներիցս և ուսուցիչներիցս: Չեմ ուզում:

Երեկ խոսում էի մայրիկիս հետ: Նա պատմեց իր դպրոցական տարիների մասին: Նա սովորել է տասը տարի, քանի որ չկային ավագ դպրոցները: Ու հարց առաջացավ, թե ինչի համար են ստեղծվել այդ դպրոցները: Միգուցե դա աշակերտների շահերի՞ց է բխում: Իսկ ի՞նչ կլիներ առանց ավագ դպրոցների:

Ինքս ինձ մտածում էի, և հանկարծ մի բան մտքովս անցավ: Պետք չէ ձգտել ամեն ինչին հասնել հեշտությամբ: Մի՞թե կարող ենք մենք մեր կյանքն իմաստալից համարել, եթե չփորձենք ամեն ինչ անել մեր ուժերով:

Միգուցե ավագ դպրոցն էլ մի փորձություն է, որի միջով անցնելով մենք փորձ ենք ձեռք բերում ամեն բնագավառում: Միգուցե:

խաչիկ բունիաթյան

Իմ անմոռաց ամառը

Աղվերանի մեդիա ճամբարից  ծանոթացած ընկերներիցս մեկը՝ Նարեկը, մի օր զանգեց ու ասաց․ 

-Խաչ, մեզ մոտ սեմինարներ ա, կարո՞ղ ա գաս:

-Մեծ հաճույքով, մնում ա` տնեցիքին համոզեմ։

Եվ այսպես սկսվեց տանջալի աշխատանքները դեպի Մալիշկա համոզելը։ Վերջապես ես հասա իմ ուզածին, զանգեցի Նարեկին ու հպարտ ասացի՝ գալիս եմ։

Միայն իմանալով այս արտահայտությունը` «Պարույրի օբյեկտի մոտ կպահես», մի կերպ հասա Մալիշկա։ Երբ հեռվից տեսա Նարեկին, նոր սիրտս ընկավ տեղը,  հասկացա, որ չեմ կորել։

Քանի որ ես այդքան էլ հաջողակ չեմ, ու պետք է մի բան այնպես չլիներ, եղավ անսպասելին։ Նարեկը ասել էր, որ սեմինարների սկիզբը օգոստոսի 18-ին է, իսկ ես ամսի 17-ին արդեն գյուղում էի: Փաստորեն պարզվեց, որ 18-ի փոխարեն 22-ին է սեմինարը: Ի՞նչ էր մնում անել ինձ. արագ անցկացնել ժամանակը։ Ամեն օր ավելի կապնվելով թե գյուղի, թե Նարեկի ընտանիքի հետ, մոռացել էի գնալու մասին։ Ահա և եկան սեմինարների օրերը։ Չորս  օրն այնպես հետաքրքիր անցավ, որ չզգացի, թե ինչպես է ժամանակը անցնում։

Հրաժեշտի օրը մոտենում էր, իսկ ես չէի ուզում գնալ: Վերջին օրերս աշխատում էի դարձնել անմոռանալի։ Գիշերները Նարեկի հետ նույն սենյակում էի քնում, այսինքն չէի կարողանում քնել։ Պառկում էինք ու, ինչից ասես, չէինք խոսում։ Ամեն գիշեր ամփոփում էինք օրը, ոնց որ բամբասկոտ տատիկներ լինեինք։

Ամենահիշարժան պահերից մեկն այն էր, երբ  Վայքում «Տնակի» սեմինարի ժամանակ մեզ անսպասելի այցելեցին 17-ից։ Աչքերիս չհավատալով բոլորին խառնեցի իրար, ու միանգամից դուրս եկանք դասից։ Ասեմ, որ սեմինարների մասնակիցներից ավելի քան տասը հոգին հենց Պատանի թղթակիցների ցանցից էինք` տարբեր մարզերից, քաղաքներից ու գյուղերից:

Այսպես անցկացրեցի կյանքիս ամենահետաքրքիր ամառային արձակուրդը` մեդիա դասընթացներ, մեդիա ճամբար, դեռ մի բան էլ ավելի` պատանի թղթակից իմ նոր ընկերներով ակտիվ քաղաքացի լինելու դասընթացներ:

Ինչ ասեմ` ես արդեն իսկապես ակտիվ քաղաքացի եմ:

vanuhi harutyunyan

Երկար սպասված ամառը

Երեկ ամռան վերջին օրն էր: Այս ամառը մյուս ամառներից շատ էր տարբերվում: Վերջին երկու տարիներին, երբ պարապում էի քննությունների համար, անհամբեր սպասում էի հենց այս ամռանը, որովհետև ավարտել եմ դպրոցը, հանձնել եմ քննություններս ու վերջապես ժամանակս անց եմ կացնում ցանկացածս ձևով. կարդում եմ իմ ցանկացած գրքերը, դիտում եմ հետաքրքիր ֆիլմեր, շփվում եմ ընկերներիս ու հարազատներիս հետ, նաև թխվածքաբլիթների նոր տեսակներ եմ փորձում պատրաստել (ասեմ, որ փորձերս կարող եմ հաջողված համարել):

Դպրոցն ավարտելու առաջին օրերին մի տեսակ տխրությամբ, դատարկությամբ էի համակվել. կարծում էի, որ այլևս հետաքրքիր, ուրախ ու հագեցած օրեր չեմ ունենա, բայց հետո հասկացա, որ ես ինքս պետք է օրս հետաքրքիր դարձնեմ: Սկսեցի հերթով իրականացնել նախատեսած բոլոր ծրագրերս:

Այս օրերին բոլորը սեպտեմբերյան եռուզեռի մեջ են, մենք՝ ես և իմ հասակակիցները, առավել ևս: Մենք մտնում ենք կյանքի նոր փուլ՝ նոր միջավայր, նոր ընկերներ, նոր կյանք… Գուցե դժվար լինի, գուցե սպասվածից շատ ավելի լավ՝ չգիտեմ: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ նոր կյանքս այնքան հաճելի ու դրական կլինի, որ ինչ-որ չափով կլրացնի դպրոցիս, դասընկերներիս բացը:

sona zaqaryan

Ընդամենը երկու սեպտեմբերի 1

Մի օր և ահա նորից սեպտեմբերի մեկ: Շատերի համար սպասված, շատերի համար անսպասելի, շատերի համար էլ ուղղակի  ատելի սեպտեմբերի մեկը:
Կգա սեպտեմբերի մեկը, իր հետ կբերի նոր հույսեր, սպասումներ և ամենակարևորը, անվերջ պարապմունքներ ու դասեր:
Դե, անկեղծ ասած, սիրում եմ սեպտեմբերի մեկը, չնայած անհամար դասերին ու տանջանքներին:
Ոմանք դպրոց են գնում սովորելու համար, ոմանք` ընկերներին տեսնելու և նրանց հետ չարաճճիություն անելու համար (հիմնականում բնորոշ է ավելի ցածր տարիքի երեխաներին), ոմանք էլ դպրոց գնալու փաստը ընդունում են զուտ  որպես  պարտականություն: Իսկ սեպտեմբերից առաջ կատարվող քննարկումները  շատ-շատ են.
-Երեխեք, ուզո՞ւմ եք գնանք դպրոց:
-Հա շատ, էս ամառը անկապ էր:
-Է, չէ, ամառը լավ ա:
-Եսիմ, է, ինձ համար մեկ ա:
Այ, այսպիսի պատասխաններ են հնչում, երբ երեխաներին հարցնում են դպրոց գնալու մասին: Դե, 12-րդ դասարանցիների մի մասը ուրախ, մի մասն էլ տխուր ասում են.
-Մեր վերջին սեպտեմբերի մեկն ա:
-Է, երանի ձեզ, հեսա դպրոցը պրծնում եք,-լսվում են ցածր դասարանի երեխաների տխուր բացականչությունները:
Իսկ ես մտածում եմ, թե ինչու են ուզում դպրոցը շուտ ավարտել:
-Դպրոցը կավարտեք, իսկ հետո՞: Հետո կմտնեք կյանքի մի բարդ փուլ, որը լի է դժվարություններով, և դուք պետք է հաղթահարեք դրանք, դառնալով հասուն ու փորձված մարդ: Այնպես որ, կյանքը այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է:
Մի՞թե չեք կարոտելու դասից ուշանալը, ընկերների անմեղ կամ մեղավոր ժպիտները, դասամիջոցների կարճ տևողությունից բողոքելը, դասից թռնելը և ընթացքում էլ մի քանի հատ սելֆի անելը, «Լավ էլի, 5 րոպե շուտ գնանք տուն» արտահայտությունը և շատ ուրիշ բաներ:
Ով ինչ ուզում է ասի, միևնույն է բոլորն էլ հոգու խորքում կարոտում են դպրոցը թե’ ուրախ և թե’ տխուր այն բոլոր պահերը, որ անցկացրել են դպրոցի, ընկերների և արդեն շատ հարազատ դարձած ուսուցիչների հետ, չէ, որ 12 տարվա մեծ մասը դպրոցում ենք անցկացնում: Ով գիտի, ինչքան ուրախ պահեր, ինչ հիշողություններ և արցունքներ են թաքնված դպրոցի հին և նոր պատերի ներսում: Գիտեք, հիմա էլ չեմ պատկերացնում, որ կգա մի օր, ու էլ չեմ գնա դպրոց:
Ուղղակի ոչինչ չեմ կարող փոխել: Ընդամենը երկու սեպտեմբերի 1 և, վերջ, ես կավարտեմ դպրոցը` ինձ հետ տանելով շատ գիտելիքներ ու հիշողություններ կյանքիս նոր ճանապարհը սկսելու համար:

«Հորովել»

Հարցազրույց Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի մեներգիչ, «Մաշտոց» թերթի գեղարվեստական խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Ստեփան Դալլաքյանի հետ:

-Պարոն Դալլաքյան, պատմեք ձեր երաժշտական ուղու մասին: 

-Մեր ընտանիքում ձայնային տվյալներով աչքի էր ընկնում մայրիկիս կողմը, բայց ոչ մեկը երգիչ չի դարձել, հորական կողմում էլ տատիկս էր: Պապիկս էլ լավ պարում էր, էն մեր քոչարին, որ տեսնեիր պարելուց, խելքդ կգնար. իսկական, ծանր, համով:

Եվ դեռ մանուկ հասակում հայրս ուշադրությունս հրավիրեց մեր ժամանակի լավագույն երգիչ-երգչուհիների վրա՝ Արաքսյա Գյուլզադյան, Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան… Բայց իմ ամենասիրելի երգիչը Շարա Տալյանն էր. մի բազմակողմանի զարգացած մարդ, ասեմ, որ նա եղել է աշուղ Շերամի հորեղբոր տղան: Տալյանների գերդաստանում տատի անունը Տալո է եղել, և այնքան հզոր կին էր, որ գերդաստանի ազգանունը նրա անունով դրել են Տալյան: Ջիվանին էլ նրանց փեսան է եղել, քրոջ ամուսինը: Շարա Տալյանը միակ երգիչն էր, ով ստեղծեց առաջին գուսանական անսամբլը, բերեց ու մեզ ներկայացրեց հայ հին աշուղական երգը. դա կլիներ Ջիվանու երգերից, Շերամի, Նիազի… Մի խոսքով, այսօր էն հայկական երաժշտական ծաղկեփունջը, որ ապրում է, ապրում է նրա շնորհիվ: Բացի այդ, նա նաև յուրահատուկ օպերային երգիչ էր. տենորի պարտիա էր երգում, բարիտոնի, բասի պարտիաներ, շատ ունիվերսալ մարդ էր: Նրա ազդեցությունը իմ վրա շատ է եղել: Դեռ չորս տարեկանում, երբ ինձ հարցնում էին՝ ինչ պիտի դառնամ, ասում էի` երգիչ: Ժամանակին մի պահ շեղվեցի, գնացի դեպի շինարարություն ու շինարարական կրթություն ստացա: Պոլիտեխնիկում մի ինքնագործ խումբ ունեինք, ես այդտեղ երգում էի: Ավարտական երեկոյի ժամանակ Ղուկաս Ղուկասյանի անվան մշակույթի տան տնօրենը ինձ նկատեց և հրավիրեց այդ ժամանակվա վոկալ-պարային անսամբլ: Այդ օրվանից սկսվեց իմ բեմական գործունեությունը: Դա 1968 թվականն էր: Կարծեմ հոկտեմբերի տասնհինգին էր առաջին ելույթս: Մինչ այդ ժամանակ ծխախոտ էի օգտագործում, բայց այդուհետև հրաժարվեցի դրանից ու շատ ճիշտ արեցի, որովհետև կարողացա շուրջ հիսուն տարի երգել, ու մինչև հիմա էլ կոկորդս լավ պահպանվել ա: Այսպիսով պոլիտեխնիկական ինստիտուտը շրջվեց, դարձավ երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին: Իմ կոլեգաներից մեկը՝ Ազատ Ճուղուրյանը, դարձավ իմ վոկալի դասատուն: Շուրջ հինգ տարի ձայնս մշակեցի՝ սովորելով դասական բաժնում: Ավարտական քննության ժամանակ, սովորաբար չեն ծափահարում, բայց ինձ ծափահարեցին, որովհետև շատ բարդ ծրագիր երգեցի. արիաներ «Пиковая дама»-ից, «Անուշ» օպերայից Սարո երգեցի: Ըստ կարգի, պիտի երգեի չորս երգ, մի դուետ, բայց երգեցի համարյա ութ երգ: Բայց կոնսերվատորիա չգնացի: Շատերն էին գնացել ու էնքան գոռացնելով երգացրել էին, որ հիվանդություն ձեռք բերեցին: Կոլեկտիվը 1972 թվականից դարձավ պետական, ես էլ դարձա պետական անսամբլի մեներգիչ: Կողքիս ունեի ավագագույն երգիչներ, ուսուցիչս՝ Ազատ Ճուղուրյանը, նաև Սուրեն Թորոսյանը, Ռոբերտ Մխիթարյանը, Ամալյա Պողոսյանը, նրանցից ամենաերիտասարդը ես էի, 17-18 տարեկան, և ես գողացա նրանցից ամեն ինչ: Այդպիսով սկսվեց իմ երաժշտական կարիերան և շարունակվում է մինչև այսօր: 90-ականներին պետական ստատուսը կորցրինք, բայց շարունակեցինք երգել:

-Հե՞շտ էր արդյոք այդ ժամանակ գործունեություն ծավալել:

-Դժվար էր: Մեզ սվիններով դիմավորեցին… Դե, մենք շրջանի կոլեկտիվ ենք, առաջ մայրաքաղաքից բացի ուրիշ ոչ մի տեղ պետական անսամբլ չկար: Թաթուլ Ալթունյանին ուղարկեցին, որ գա տեսնի` մենք ինչ մակարդակ ունենք, որ մեզ պետական ենք կոչում: Եկավ, համոզվեց, ողջունեց, ասաց. «Ամեն ինչ տեսած եմ, ամեն մրցանակ ունեմ, բայց պատիվը մարդուս՝ աշխատանքի իրավունք ունենալն է»: Մեր կոմպոզիտորին ասաց ՝աշխատիր, տղա՛ս, քեզ մեծ աշխատանք է տրված: Եվ աշխատեցինք՝ մեծ համբավ բերելով մեր կոլեկտիվին, ունեցանք բազմաթիվ շրջագայություններ մի քանի անգամ Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունաստանում, Իրաքում, Իրանում: Ես ինքս մենահամերգներով հանդես եմ եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց այսօր ոչ մի տեղ էլ չեմ ուզում գնալ, ուզում եմ մնալ իմ հայրենիքում: Վերջին տարիներին էլ ընդունվեցի Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ: Չնայած Վանաձորի մասնաճյուղում եմ սովորել, բայց իմ դիպլոմի մեջ նշված է, որ հենց բուն ինստիտուտն եմ ավարտել: Ստացել եմ արվեստի կառավարման բակալավրի աստիճան: Արդեն վաթսունն անց էի, որ ավարտեցի այն:

- Ի՞նչ զգացողություններ էիք ունենում բեմ բարձրանալիս երիտասարդ տարիքում, և հիմա արդեն որպես փորձված արտիստ՝ ի՞նչ եք զգում:

-Երիտասարդ տարիքում ավելի էի լարվում, պատասխանատվությունը ավելի մեծ էր: Դե, երիտասարդ տարիքում էն փորձը, վարպետությունը չունես: Այսօր ցանկացած երիտասարդի որ լսես, էդ հուզմունքը, վախը կզգաս: Կամաց-կամաց ճանապարհ են անցնում, ինքնահաստատվում: Երիտասարդ տարիքում երգիչը ցույց է տալիս իր ձայնը, ավելի մեծ հասակում երգում է ամբողջ մարմինը՝ ոտքից մինչև գլուխ: Հիմի որ մտնում եմ փորձասենյակ, ամբողջովին մտնում եմ էդ աշխարհը, իսկ առաջ ջահել էինք, ձայններս զրնգում էր: Երիտասարդը ինչպե՞ս կարող է, ենթադրենք, երգի Ջիվանու «Ձախորդ օրերը» ու դրա իմաստը հասկանա, չի կարող: Մինչև 35-36 տարեկանը ես վախենում էի Շերամ երգել, իսկ այսօր մեծ երգացանկ ունեմ Շերամից, նաև Ջիվանի, Աղասի, Նաղաշ Հովնաթան, Սայաթ Նովա:

-Կպատմե՞ք ինչպես ծնվեց Լոռվա աշուղ Գուսան Զաքարյանի երգերի մշակման գաղափարը:

-Ես, կարելի է ասել, մոռացությունից փրկեցի Գուսան Զաքարյանին: Նրա հուղարկավորության օրը ես ինքս իմ մեջ երդվեցի, որ չպետք է թողնեմ, որ նա մոռացվի: Այսօր իմ ձայնագրությունների շնորհիվ ունենք նրա երգերի նոտագրված գիրքը, որից քսան երգը ես եմ տվել, նաև ժամանակակիցների հուշերից հավաքված նրա կենսագրությունը: Գյումրեցիները շատ են պարծենում իրենց Շերամով, բայց մենք էլ ունենք Գուսան Զաքարյան, ով գովերգում է մեր հրաշք բնությունը. Թումանյանը բառերով էր գովերգում, Գուսան Զաքարյանն էլ՝ երգով:

- Քանի՞ տարի տևեց այդ աշխատանքը:

-Շուրջ 20 տարի փնտրտուքների մեջ եղա, ինքս իմ պրիզմայով անցկացրի յուրաքանչյուր երգը: Օտար ելևէջներ կային երգերի մեջ, դրանք հանեցի, տեղեր կային` դադարներ չկային. դադարներ դրեցի: Մի խոսքով, երգերին գույներ հաղորդեցի՝ ավելի դասականին մոտեցնելով: Գունեղ երգեր են, բայց շատ դժվար կատարվող: Գիտեի՞ք, որ միակ երգը, որ գրվել է Հովհաննես Թումանյանի մասին, գրել է Գուսան Զաքարյանը: Չարենցի մասին միակ երգը, Խաչատուր Աբովյանի, շատ-շատերի մասին նա երգեր է գրել: Կուզեմ նշել, որ ինքը բնավորությամբ մի քիչ կոպիտ էր: Երբ լսում էր, որ իր երգը մի քիչ աղավաղում են, զայրանում էր, հայհոյում: Դրա համար շատերը վախենում էին երգել նրա երգերը:

-Ե՞րբ արժանացաք վաստակավոր արտիստի կոչմանը, և, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում կոչումներին:

- 2011թվականին արժանացա վաստակավոր արտիստի կոչմանը: Դա իմ երկար ու ձիգ տարիների վաստակն էր: Ցավոք սրտի, ես ոչ մի անգամ չկարողացա մնալ Երևանում: Մի քանի անգամ հրավիրեցին, տարան: Դարձա Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախմբի մեներգիչ: Պատկերացրու, այդ նվագախմբում երգել են վաղամեռիկ Ֆլորա Մարտիրոսյանը, Լևոն Իսպիրյանը, Ռուբեն Սահակյանը, Էդվարդ Դարբինյանը, Սուսաննա Սաֆարյանը և շատ հոյակապ երգիչներ: 6 ամիս աշխատեցի, շատ դժվարություններ ունեցա. չկարողացա մնալ: Մեկ-մեկ ասում եմ, որ Աստված էդ հնարավորությունը տվել ա, պետք ա մի քիչ էլ կարողություն տա: Երևանում էդ մասնագետը չկար, որ ես ձայնս մշակեի: Ես պիտի օպերային երգիչ դառնայի: Հայրս գյուղական ուսուցիչ էր, հնարավորությունը չէր ներում, թե չէ ես էլ կգնայի Իտալիա, ձայնս կմշակեի: Այսօր սրանից էլ եմ գոհ. իմ պատիվը, հարգանքը ունեմ թե որպես մարդ, թե որպես երգիչ:
Ինչ վերաբերում է կոչումներին, կասեմ, որ ժամանակ է եղել, որ ուզում էի էդ կոչումը տանել հետ տալ, քանի որ շատ մարդիկ, ովքեր ստացել են այդ կոչումը, պարզապես այդ արժանիքները չունեն: Կոմունիստների ժամանակ այդ կոչումը տալիս էին նրան, ով իրոք այդ վաստակը ուներ, իսկ հիմա ազատություն ա, անկախություն ա: Մինչև այդ կոչումը ստանալը կա հանձնաժողով, որին երաշխավորագրեր են տրվում քաղաքապետի, մարզպետի կողմից, քո ինքնակենսագրականը, երաշխավորագրեր երկուսից երեք ժողովրդական արտիստի կողմից. էդ ամեն ինչը գնում է նախարարություն: Ես ունեցել եմ հինգ երաշխավորություն: Իմ դեպքում 11տարի ձգեցին, վերջում տվեցին… Որովհետև Երևանում չեմ ապրում, դրա համար: Էստեղ մնալը, դա մեր պրոպագանդայի պակասն ա:

-Այսօր կա՞ն արդյոք շնորհաշատ երիտասարդներ, ովքեր, ըստ ձեզ, կշարունակեն ձեր գործը:

-Իմ, այսինքն տենորների գծով կասեմ, որ քաղաքում գրեթե չկան: Մի երիտասարդ ունեմ, ում հետ աշխատեցի 1-1.5 տարի: Երբ առաջին անգամ լսեցի նրան, ձայնի տեմբրը ինձ դուր եկավ, բայց, ցավոք սրտի, այսօր ինքը ուրիշ բնագավառում է աշխատում: Եթե մտնի երգարվեստ, հույս ունեմ հաջողություններ կունենա: Աղջիկներ ունենք Երգի թատրոնում, մեր անսամբլում է Հասմիկ Թորոսյանը: Ինքն էլ շատ լավ տեմբր ունի, նրա հետ շատ աշխատեցի, չարչարվեցի, պատրաստեցի նրան «Ժողովրդական երգիչ» նախագծին, բայց էդտեղ էլ թասիբներս չհերիքեց էնքան sms ուղարկեինք, որ հաղթեր: Մոսկվայում ունենք Արսեն Ալչանգյան անունով տենոր: Նրա հետ նույնպես աշխատեցի, պատրաստեցի կոնսերվատորիայի համար: Այսօրվա մեր անսամբլի տնօրենը՝ Արմեն Ներսիսյանը, նույնպես իմ աշակերտն է եղել, 8 տարեկանից թաթիկը բռնած տարել եմ երգի:

-Մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք ձեր երաժշտական կյանքից:

-Իտալիայում ֆոլկլորային արվեստի փառատոնի էինք: Մասնակցում էին ութ պետություն: Ութ հատ էշ էին բերել ու դրանց պոչին գրել էին մասնակցող երկրների անվանումները: Թարսի պես մեզ մի հատ պառավ, մեջքը կռացած էշ էր հասել: Մեր տղաներից մեկը՝ Ռոբերտ Աղամալյանը, շատ ճարպիկ էր, ասացինք, որ էդ էշին նա պետք է նստի: Էս մեր էշը գնում- գնում էր, տեղ չէր հասնում: Էս տղեն երկու անգամ էշից ընկավ: Երկրորդ թե երրորդ տեղը գրավեցինք… վերջից: Դիպլոմը հանձնելուց բարձրացա, վերցրի էշի դիպլոմը տվեցի Ռոբերտին, մինչև հիմա պահում ա:
Մի դեպք էլ պատմեմ: Էլի Իտալիա էինք: Կաթոլիկ եկեղեցում պատարագ էր: Պատարագից հետո հնարավորություն են տալիս ցանկացած պետության տարազներով ելույթ ունենալ: Ուզում ես երաժշտություն միացրու, ուզում ես երգ երգիր: Բարձրացա, տղաներին ասացի դուդուկները հանեն, «Հորովելը» նախապատրաստեն: Սկսեցի երգել, դու մենակ լսեիր էդ ահռելի տաճարում ո՜նց էր հնչում: Պատվավոր հյուրերի օթյակ կար: Նայեմ` տեսնեմ նստածներից մեկը արտասուք ա թափում: Տղամարդ էր: Վերջացնելուց հետո որ հանդիպեցինք, պարզվեց տվյալ քաղաքի քաղաքապետն ա: Ձեռքի մազերը ցույց տվեց. փշաքաղվել էր: Հետո ձեռքը դրեց սրտին ու բարձրացրեց երկինք, ասաց. «էս ինչ աստվածային երգ էր»: Պատկերացրեք, օտարերկրացին յուրովի էր ընկալել այդ հրաշք երգը, սրտի նուրբ լարերին կպել էր ու ստիպել էր՝ արտասվի:

-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Ստեփան Դալլաքյան երգիչը դարձավ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:

-Շատ ժուռնալիստ ընկերներ ունեմ. Խալաթյան Սամվելը իմ քենակալն է, ընկերներիցս Գագիկ Անտոնյանը մեր, նաև բանաստեղծներ Մանվել Միկոյանը, Աթաբեկյան Գագիկը, Խորեն Գասպարյանը…Նրանք խոսում են, քննարկում են, սրա մասին գրենք, նրա մասին գրենք, մեկ, երկու, երեք, չորս… Ու էդպես տեսան, որ ես այդ ձիրքը ունեմ: Սերգո Երիցյանի մասին գրեցի, թումանյանական օրերի, Գուսան Զաքարյանի, շատ-շատերի: Եվ այդպես սկսեցի մոտենալ ժուռնալիստիկային: Մի խոսքով, մեկ, երկու, երեք, չորս, դարձա «Մաշտոց» թերթի գեղարվեստական խմբագիր… Ահագին բաներ ունեմ գրած: Տղաները խորհուրդ տվեցին, ասացին` էսքան բանը անում ես, էս մի բանն էլ արա:

-Ի՞նչն եք կարևորում լրագրողի աշխատանքում:

-Լրագրողի մասնագիտության մեջ կարևորում եմ առաջին հերթին նրա ազնվությունը: Լրագրողը պետք է ունենա սեփական կարծիք, չընկնի ուրիշների ազդեցության տակ, այսինքն, պահպանի իր սեփական ես-ը: Շատ կարևոր է անկախությունը, լրագրողը պիտի լինի անկախ. մարդիկ կան, գումարը տալիս են ու պարտադրում են իրենց ուզածով գրել: Լրագրողը պիտի պետության, ժողովրդի կողմից ապահովագրված լինի, որպեսզի կարողանա խոսի, ասի էն իրականությունը, ինչը կա:

-Մի փոքր կպատմե՞ք ձեր ընտանիքից: 

-Լավ ընտանիք ունեմ: Կինս սկզբից գծագրող-ինժեներ էր, հետո վերջին տարիներին աշխատեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանում որպես էքսկուրսավար: Երբեք չէի պատկերացնի, որ գծագրող-ինժեները կդառնա էքսկուրսավար, բայց ինքը իր վրա աշխատեց, ու նույնիսկ եղել են դեպքեր, որ այդ շրջայցից հետո ծափահարել են իրեն, իսկ հիմա արդեն թոշակի է անցել: Ունեմ երեք երեխա` երկու աղջիկ, մի տղա: Մեծ աղջիկս բժշկուհի է, Մոսկվայում է աշխատում, փոքր աղջիկս ճարտարապետ-դիզայներ է, սովորել է Միացյալ Նահանգներում, հիմա այնտեղ է, փոքրիկ տղա ունի, նրան է պահում: Տղաս ավարտել է Լենինգրադի պետական ծառայության ակադեմիան, այսօր հանդիսանում է ՎՏԲ բանկի Լոռու և Շիրակի մարզերի 18 մասնաճյուղերի տարածքային տնօրեն: Վեց թոռնիկ ունեմ, մեծ թոռնիկս Մոսկվայում տնտեսագետ է, փոքր թոռնիկս էլ երկու տարեկան է: Արդեն, փաստորեն, ոչ միայն վաստակավոր երգիչ եմ, այլև վաստակավոր պապիկ:

Emma Kosakyan

Իսկ դուք լսե՞լ եք աստղերի ձայնը

Վերջերս ճամբարում էի, ամեն ինչ շատ տպավորիչ էր, բայց ուզում եմ ձեզ հետ կիսվել ինձ համար ամենահետաքրքրական մի օրով:

Ամեն օր` վաղ առավոտյան, վազում էինք անտառի միջով անցնող ճանապարհով: Հենց խորանում էինք անտառի մեջ, մեր առաջնորդն ամեն անգամ ասում էր. «Փակում ենք աչքերը, լսում անտառի ձայնը»: Կարծում եմ` պատկերացնում եք` ինչ հանգստություն ու բավականություն էինք զգում այդ երկու րոպեների ընթացքում. մաքուր օդ, թռչունների երգ, քամու խաղ…

Ճամբարի վերջին օրը խարույկի շուրջ հավաքված կիթառ էինք նվագում, երգում ու հանկարծ մեր առաջնորդն ասաց. «Փակում ենք աչքերը, լսում գիշերվա ձայնը»:

Դե… ասաց, արեցինք: Փակել ենք մեր աչքերը, բայց միայն կատարյալ լռություն էր, զարմանքի ու շփոթմունքի հետ մեկտեղ: Մեր առաջնորդը, երևի հասկանալով մեր շփոթմունքը, ասաց. «Ո՞նց, չե՞ք լսում աստղերի ձայնը»: Ու այդ պահին ես հասկացա, որ մարդ ինչպես չի քնում միայն աչքերը փակելով, այդպես էլ չի լսում միայն ականջներով: Իսկ ո՞ւր են հոգու, սրտի ականջները: Ու ես ու երևի ինձ նման շատերն էլ լսեցինք գիշերվա ու հատապես աստղերի ձայնը: Հետո այդ ձայնին միացավ նաև լռության ձայնը, ու այդպես շարունակ բազում ձայներ շարվեշարան եկան հասան մեզ:

Ու այդ օրվանից ես հասկացա ու սկսեցի լսել դիմացինիս սրտի զարկերը, մտքի թռիչքի, հայացքի փախուստի ձայները: Կարծում եմ, այդ ձայները, թերևս մեր ներաշխարհի, մեր երազների, մեր մեջ ապրող աստղերի ու տիեզերքի ձայներն են, որոնք արտացոլվում են մեզնից դուրս` հենց դիմացինի կամ էլ աստղերի մեջ: