Դուք մենակ չեք

Ծանր օրեր ապրեցինք: Հայոց աշխարհը փոթորկված է, սակայն հայ ժողովուրդը ոտքի է կանգնել: Անհրաժեշտ է օգնություն:

Մենք էլ` Վայոց Ձոր մարզի բնակիչներս մեծից փոքր մի բռունցք դարձանք: Թիկունքում գտնվող ժողովուրդը անմիջապես խմբավորվեց և ուղևորվեց Արցախ օգնության: Յուրաքանչյուր ոք պարտավորված էր զգում օգնություն ցուցաբերել մարտում գտնվող զինվորներին: Եվ այդ իսկ պատճառով «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց Ձորի թեմի հետ միասին կազմակերպեց օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած հերոսների համար: Օգնությանը միացավ նաև Վայոց Ձորի ակտիվ և սրտացավ բնակչությունը:

Այդ լարված իրավիճակում փորձելով իմ օգնությունը ցուցաբերել, ինձ խորհուրդ տվեցին փոքրիկ բարեմաղթանքներ գրել և գցել արկղերի մեջ: Անկեղծ ասած, ինձ թեթևացած զգացի այդ իրավիճակում թեկուզ փոքրիկ օգնություն ցույց տալու համար:

Ես կարծում եմ, որ մեր հերոսները շա՜տ կուրախանան:

Հ.Գ. Դուխներդ չգցեք, դուք մենակ չեք:

Անհնարին երազանք

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Այսօր  գրականության  ժամին  խորասուզված Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» էի կարդում, ու  հանկարծ մտքովս  անցավ  ուսուցչուհուս հարցնել, թե ի՞նչ նորություն կուզենար, որ լիներ մեր գյուղում: Ու նա ասաց, որ կցանկանար անվանի դերասաններ գային մեր գյուղ` Կալավան, ու զրուցեին մեզ հետ իրենց դերասանական արվեստի մասին: Պատմեին կինոյից կամ թատրոնից: Ու վերջում ասաց` գոնե տարին մեկ անգամ: 

Ես սկսեցի մտածել ու երազել այդ մասին: Մտքովս անցան մեր դպրոցի երեխաները՝ Դիանան ու Էդուարդը, որոնք լավ դերասանական տվյալներ ունեն ու մեծ հաջողությամբ կարող են տաղանդավոր դերասաններ դառնալ: Պատկերացրեցի, թե ինչպես կզրուցեին անվանի դերասանների հետ, որոշ խորհուրդներ կստանային: Նույնիսկ կարող էինք փոքրիկ ֆիլմ նկարել մեր գյուղի մասին: Իսկ հետո սթափվեցի ու հասկացա, որ դա ընդամենը երազանք է, իրականությունից շատ հեռու:

Ղուշիկ տատը

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Ղուշիկ տատը մեր գյուղի՝ Ջուջեւանի «խորհրդարանի» նախագահն է: Ղուշիկ՝ մի քիչ զարմանալի անուն է, չէ՞: Նրա իրական անունը Վարդանուշ է, բայց նրան ընկերուհիները Ղուշիկ են ասում, քանի որ նա երիտասարդ ժամանակ գեղեցիկ է եղել, և ամուսինը նրան համեմատել է ղուշի (աղավնի) հետ, և այդպես էլ նրա անունը մնացել է Ղուշիկ: 

Ղուշիկ տատը գյուղում շատ հայտնի է: Նա գիտի և՛ գյուղի, և՛ Հայաստանի, և՛ աշխարհի բոլոր նորությունները: Նրանց տունը շատ մոտ է մեր տանը: Եվ եթե ինձ ինչ-որ բան է հետաքրքրում, ես նրան եմ դիմում: Հաճախ նաև նստում եմ մեր պատշգամբում և լսում նրան: Մի անգամ նա ինձ պատմեց, որ Սուրբ Սարգսի օրը  իրեն տվել են աղի բլիթ, որպեսզի ուտի և երազ տեսնի: Երբ առավոտյան արթնացել է, ասել է.

-Աղչի, էդ աղի բլիթը կերա, էրազումս մի խումբ իշան (ավանակ) զռռալով էկան, անց կացան առաջովս…

Նրա մշտական «նստավայրը» իրենց պատշգամբում գտնվող թախտն է, որի շուրջը հավաքվում են գյուղի տատիկներն ու սկսում են զրուցել: Նրանք զրուցում են ամեն ինչի մասին: Քննարկում են գյուղում ապրող յուրաքանչյուր ընտանիքի մասին: Քննարկում են սահմանին տիրող իրավիճակը: Ինչպես սիրում են ասել, մեր գյուղացիները` «պարապ ժըղովուրդ»:

-Բա իմացա՞ր, Շավաշը եդ էկավ:

-Հա, իմացա, եկել էր ինձ տենող, ջահելացել էր:

-Էնա տղեն կգա` հետը կտանի, թէ չէ, մընըմ ա ստի, ի՞նչ անի:

-Գուլգազն էլ մեռավ:

-Հա… Նա էլ գնաց:

-Ասին` ուզըմ են բասեինը սարքեն, հա՞:

-Հա, արդեն սարքըմ են:

-Էրեկ ջրերը կտրել էին, տանը մի կաթիլ ջուր չկար: Էրեխին ասի, գնաց նավիցը բերուց:

-Օ, բա իմացա՞ր, Ղարաբաղ ինչ ա կատարվըմ: Հավաքնին սկսել ա: Էրեկ տելևիզրն ասավ:

-Հա, հա, իմացա, էս ո՞նց տի ըլի:

Եվ խփում է ծնկներին:

-Ես ի՞նչ գիդեմ, թե ասա` ի՞նչ եք ուզում էս խեղճ ժողովրդիցը: Մեր գեղիցը ահագին էրեխա կա ընդի:

Եվ այսպես շարունակ: Դե, ինչ անենք, ես է Ղուշիկ տատի «մասնագիտությունը»:

Մենակ թե քննարկելու թեման թող պարզ բաներ լինեն. ջուրը, հարևանի ջահելանալը, լողավազանը…

meri vardanyan hrazdan

16 տարեկանում

Ամեն դեռահասի համար գալիս է այնպիսի տարիք, երբ հարց է ծագում, թե ով է ինքը: Երբ ես ինձ այդ նույն հարցը տվեցի, չկարողացա գտնել հստակ պատասխան: Ես կարող էի ասել` ես Մերին եմ, իսկ հետո՞…

Հիմա ես կարող եմ ասել, որ մեկն եմ, ով ունի նպատակներ, երազանքներ: Ուզում եմ լինել մեկը, ով կփոխի ինչ-որ բան այս աշխարհում: Ես դեռահաս եմ, ով փորձում է վարդագույն ակնոցներով նայել սև ու սպիտակ պատկերներին: Ով փորձում է իրեն գտնել ինչ-որ ոլորտում, փորձում է հաստատվել: Փորձում է հասնել այնպիսի բարձունքների, որոնք այնքան մշուշոտ են թվում: Ես հաճախ վախենում էի լինել այնպիսին, ինչպիսին որ կամ, բայց հիմա ես ոգեշնչվում եմ իմ ընկերներով:

Եվ վերջապես, ես դեռահաս եմ, ով կանի անգամ խենթություններ, չարաճճի քայլեր, հետո կմտածի արարքի լրջության մասին և կքաղի շատ դասեր այս կյանքից:

Ինձ սկսել է հուզել անտարբերությունը մարդկանց մեջ: Երբ մարդիկ կարող են տեսնել ուրիշի ցավը, բայց օգնելու փորձ անգամ չանել: Երբ հարազատի համար մեկ է, թե ինչ վիճակում է իր համար թանկ մարդը: Երբ մարդը ստեղծել է «մի աշխարհ», որի սահմաններից չի ցանկանում դուրս գալ, որովհետև վախենում է մարդկանց կարծիքներից: Մենք ենք ստեղծում այդ չորս պատը, որտեղ էլ մեզ պարփակում ենք: Մենք դարձել ենք վախկոտ և չենք նայում կյանքին պարզ աչքերով:

Եվ հենց այս ամենից էլ առաջ է գալիս անտարբերությունը: Ես ցանկանում եմ, որ մարդիկ մտածեն իրենց համար թանկ մարդկանց մասին, չվախենան ցույց տալ իրենց զգացմունքները, չվախենան խախտել իրենց «աշխարհի» սահմանները, միգուցե  սահմաններն ու օրենքները դրված են խախտելո՞ւ համար…

լուսինե կարապետյան

Մենք ներկա ենք, մենք ներկան ենք, մենք ներկան ենք լինելու…

Աչքերդ էլ ամուր կապես, ականջներդ էլ փակես, ակնհայտ է, որ սահմանում իրավիճակը լարված է: Թե այս օրերի ամբողջ ինֆորմացիան, որ բաց աչքով տեսել ու լսել եմ, հավաքեմ, ձայնապնակ դարձնեմ լացերի, զոհվածների անունների կողքին, մի մեծ չափով կլսեք սնունդ հավաքելու, արյուն հանձնելու, ջոկատներ հավաքագրելու կոչեր: 

Մենք կարողանում ենք կարեկցել ու լինել մեկս մյուսի կողքին: Երևի բնույթով ենք այդպիսին. տխրության դեպքում այնպես արագ ու այնպես ամուր ենք միանում, միգուցե ոչ միայն հային, այլ ամբողջ մարդկությանը բնորոշ հատկություն է դա: Միգուցե…
Այն միտքը, որ մենք` երիտասարդներս, մեր երկրի ապագան չենք, այլ մենք մեր երկրի ներկան ենք, զգոնացնում է, պարտվածի հոգեբանությունից կորացած մեջք է ուղղում, հստակ ու հպարտ քայլելու հնարավորություն է տալիս: Ներկա, որի համար մեր եղբայրները, ընկերները` վտանգելով իրենց կյանքը, մտածում են ոչ միայն մեր ներկայի, այլ ապագայի մասին, որն էլ շուտով ներկա պիտի դառնա: Հայերի սերնդափոխությունների մեջ պատերազմը իր ուրույն տեղն ունի, «իսկ եթե այնպեսներ» ու «իսկ եթե այսպեսներ» չեն ընդունվում, պատմությունը «իսկ եթե»-ներ չի սիրում, մենք էլ մեր ներկա լինելով պատմություն ենք դառնում, մեր պատմության նոր էջերը գրում:
Հայրս ամբողջ Արցախյան պատերազմը իր մեջ կրած մարդն է, իր խոսքերը, պատմությունները ավելին են պատմել ինձ պատերազմի մասին, քան բոլոր գրքերն ու պատմվածքները: Հետաքրքիր է, մեկ պատերազմ տեսած սերնդի բնորոշումն ու կարծիքը հասունացող պատերազմի մասին: «Պատերազմում մեղր չեն բաժանում: Պատերազմ է, կռվում ենք,կամ պիտի հաղթենք կամ պարտվենք, կամ էլ` «նի չիյա», ոնց ասում են: Մեր համար հաղթանակն էլ պարտության պես բան է լինելու, քիչ ենք, պետք չէ»: Էլ չշարունակեցինք, երկուսս էլ հուզված էինք:
Հիմա կարող է ասածս խայթող հնչի նրանց համար, ով իր` սահմանին գտնվող եղբորից, ընկերոջից կամ ինչ-որ հարազատից նորության են սպասում, բոլոր նրանց, ովքեր անիմաստ են համարում նորությունները, որոնք կապ չունեն սահմանի լարված իրավիճակի հետ: Պատերազմը բարդ երևույթ է, թե’ ելքերով, թե’ ընթացքով: Պատերազմի ելքերից ամենացանկալին ու նպաստավորը հաղթանակն է, որին տենչում են երկու կողմերն էլ: Ճիշտ է, հաղթանակը լայն առումով կապված է սահմանին տիրող իրավիճակից, գրաված հողերից, տրված քիչ զոհերից, բայց չպետք է բացառել նաև մեր առօրյային անցնելու ու ամենքս իր գործով երկրի զարգացմանը նպաստելու, մեր հայրենասիրությունը այդպես ցուցաբերելու փաստը:

Մեր կայքը նույնիսկ խաղաղ ժամանակ հրատարակում էր նաև սահմանամերձ գյուղերում գտնվող մեր պատանի թղթակիցների հոդվածները` կապված խաղաղության ու պատերազմի, սահմանի առօրյայի ու պատանիների ապագայի մասին: Իսկ այսօր առավել քան հրամայական է դառնում. Ապրել և արարել, տեսնել մեզ հուզող խնդիրներն ու մեր ձայնը բարձրացնել: Չէ որ հայրենիքը սկսվում է մեզնից, մեր գյուղից, քաղաքից, բակից, մեր ընտանիքից, մեր դպրոցից ու համալսարանից, մեր ընկերներից ու քույր-եղբայրներից: Չխոսել մեզ հուզող խնդիրների մասին, նշանակում է` չընդունել, որ մենք ենք տերը մեր երկրի ու մենք ենք ներկան:

Մենք ներկա ենք, մենք ներկան ենք, մենք ներկան ենք լինելու:

Իմ առաջին հեռուստահարցազրույցը

Ձմռան մի բքառատ օր մեզ համար դասի էինք նստած, ու մեկ էլ տեղեկանում ենք, որ լրագրողներ են գալու դպրոց: Առաջին շաբաթն էր, ինչ ձմռան երկարատև արձակուրդներից հետո դասի էինք եկել, իսկ այդ շրջանում շատ ակտուալ էր դպրոցներում սենյակային ջերմաստիճանների ստուգումը: Մենք էլ կարծեցինք, թե գալիս են ստուգելու, նկարահանելու և հեռուստացույցով ցույց տալու, ինչպես Գյումրիի շատ դպրոցներ: Դե այդ կասկածանքն էլ սրտներում տնօրենն ու ուսուցիչները ասում էին.

-Երեխաներ, ինչի դասասենյակներում ցո՞ւրտ է, որ վերարկուներով եք նստել: Հանեք շուտ վերարկուներդ, թե չէ եկողը կմտածի` դպրոցը չի ջեռուցվում:
Մենք ծիծաղով վերաբերվեցինք այդ խուճապին: Ապա պարզվեց, որ բոլորովին այդ չէ նկարահանման թեման, պարզապես եկել էին նկարահանելու  «Հայաստանի Սիբիրը»: Դե քանի որ եկել էին դպրոց, պետք է խոսեին նաև աշակերտները: Մեր տնօրենը որպես «գրագետ  աղջիկ» ինձ առաջարկեց.
-Մեր Մարիամը` դպրոցի լավագույն աշակերտներից է…
-Լավ, որ այդպես է, հենց Մարիամից էլ հարցազրույց կվերցնենք,- ընդհատեց և միանգամից ավելացրեց լրագրողը:
-Մարիամ ջան, ուզո՞ւմ ես` մազիկներդ հավաքի,- նկատեց տնօրենը: Ես ծիծաղեցի: Դե, այդ  դիտողությունը հատուկ է բոլոր ուսուցիչներին, պարզապես ավելի կոպիտ ձևով:
-Չէ, թող չհավաքի, մազերը մեզ չեն խանգարի,- ասաց լրագրողը:
Եկավ խոսելու իմ հերթը: Ես խոսեցի, պատմեցի Ամասիայի, մեր զբաղմունքի, ապա իմ նպատակների մասին: Մի որոշ ժամանակ  բոլորս սպասում էինք  այդ հաղորդման հեռարձակմանը: Անցավ մեկ ամիս և ավելի, հանկարծ ես մի օր  համացանցում տեսա, որ այդ երեկո արդեն կհեռարձակվենք:
Հաղորդումը հեռարձակվեց: Արձագանքը մեծ եղավ: Հենց այդ երեկո համարյա բոլոր հարազատներս զանգահարեցին և ասացին, որ տեսել են, շնորհավորեցին: Համայնքում նույնպես «իմ հեռուստացույցում հայտնվելը» մեծ արձագանք ունեցավ: Իմ մայրիկի գործընկերներից մեկը նույնիսկ ասել էր.
-Աղջիկդ ապագա արդարադատության նախարարն է լինելու:
Նրանց այդ միտքը բխել էր իմ այն խոսքից, որ ես կրթություն ստանալուց հետո անպայման վերադառնալու եմ իմ համայնք, աշխատանք եմ գտնելու և օգնելու եմ իմ հայրենիքին: Ուսուցիչներից շատերը իմ խոսքն ընդունեցին որպես կեղծավորություն:
-Դե հա, իհարկե, տեսախցիկի դիմաց այդպես էլ ասելու էիր, թե չէ` հետ գաս, ի՞նչ անես:
Ես լռեցի: Համարյա ոչ ոք չգիտակցեց իմ խոսքերի լրջությունը:

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հայրապետյանի

Ես սիրում  եմ իմ հայրենիքը, իմ Ամասիան: Շատերն այն համարում են ճահիճ, հեռու մայրաքաղաքից, մեծ հնարավորություններից: Խուլ, ցուրտ տեղ են համարում շատերը, բայց  բոլորը չարաչար սխալվում են: Եթե չսիրենք այն տեղը, որտեղից եկել ենք, չենք հարմարվի երբևէ մեր ուզած բարեկեցիկ բնակավայրին, որովհետև չենք գիտակցի, որ դա հենց մեր հայրենիքն է:

Ձեզանից շատերը հիմա որևէ արտառոց բան չեք տեսնի իմ հայրենասիրության մեջ, կամ որ հարցազրույցի եմ մասնակցել, բայց ինձ նման հասարակ դեռահասի համար, որի ձգտումներն ու նպատակները դեռ ավելի են վեր սլանալու, հավատացեք, ամեն բան այդ մի փոքրիկ տեխնիկական սարքի մեջ հայտնվելով է ամեն ինչ սկսվում:

Երջանկությունը

Հաճախ են, չէ՞, մեծ մտածողները խորհել այն հարցի մասին, թե ինչ է երջանկությունը…

Իմ կարծիքը նոր-նոր ձևավորվեց կամ գուցե ամբողջացավ, գտավ իր` «փազլի» պակասող մի հատիկը, երբ Արագածի փեշերին հանդիպեցի մի խումբ եզդիների, որոնք իրենց ամառային ամիսներն էին անցկացնում այնտեղ: Նրանք ոչ իրենց հագուկապով, ոչ էլ իրենց կացարաններով նման չէին մեծահարուստների: Բայց նրանք երևի աշխարհի ամենահարուստ մարդիկ էին. նրանք ունեին այն, ինչը աշխարհում ամենաթանկն է, և այն, ինչը երբեք ոչ մի գումարով չես գնի` լինես միլիոնատեր, թե` միլիարդատեր:

Նրանք երջանիկ էին, որովհետև գտնվում էին այնպիսի մարդկանց կողքին, ում նրանք սիրում էին, և ովքեր նրանց էին սիրում: Նրանք զերծ էին ձևականությունից, նրանց անկեղծության մասին իրենց աչքերն էին խոսում, իրենց ժպիտը, ծիծաղը ու իրենց հյուրընկալ վերաբերմունքը: Երջանիկ լինելու համար կարևոր չէ, թե որտեղ ես գտնվում կամ թե ինչքան գումար ունես, կարևորը` սիրելի մարդկանցով շրջապատված լինելն է: Սրան պետք է ավելացնել մի քիչ լավատեսություն և համեմել շատ-շատ ժպիտով ու ծիծաղով… Ահա և երջանկության բաղադրատոմսերից մեկը…

Մենք այստեղ ենք՝ սահմանին

Ուզում եմ մի քիչ գրել մեր ժամանակների երեխաների մասին:

Ի՞նչ են գերադասում անել նրանք այսօր: Դե, բնականաբար, շատերը դաս անել չեն սիրում: Շա՜տ են սիրում խաղալ: Հիմա երևի մտածում եք, թե խոսքս համակարգչային խաղերի մասին է, այնպես չէ՞: Չգիտեմ, ով ոնց, բայց մեր՝ «վերի թաղի» երեխաները բակում խաղալն ավելի շատ են սիրում, քան, համենայն դեպս, ինձ համար «դարդ» համարվող այդ սարքի՝ համակարգչի առաջ նստելն ու անիմաստ խաղեր խաղալը:

Մեր թաղի երեխաների համար շաբաթվա մեջ ամենաուրախ օրերը հանգստյան օրերն են՝ շաբաթ, կիրակի, երբեմն էլ՝ ուրբաթ: Չնայած դա այդքան էլ էական չէ, նրանց համար ուրախն այն օրն է, որ օրը հաջողվում է խաբել մայրիկին, համոզել, որ վերջացրել են բոլոր դասերը և շտապել խաղալու: Խաղալու վայրը մեկն է՝ երեխաների խոսքով՝ «Սայադիկանց քուչեն»: Սայադիկը եղբորս ընկերն է՝ կռվի ու խաղի ընկերը: Քույրս էլ, եղբորս հետ հաճախ է գնում խաղալու: Խաղացողները քրոջս ու եղբորս համադասարանցիներն են, մեկ էլ մեր փոքրիկ թաղակիցները, որ խաղի ընթացքում, այսպես ասած, գլխացավանք են համարվում մեր մեծ` 4-րդ և 7-րդ դասարանցի խաղացողների համար: Սկսում են խաղալ, ու բոլորն էլ կարծես մոռանում են, որ իրենք էլ տուն ունեն, որ մութն ընկնում է, որ սոված են, որ ցուրտ է: Մի խոսքով, Սայադիկենց բակը մոռանալ է տալիս ամեն-ամեն ինչ:
Գարնան պայծառ օր է, տանը նստած եմ անբաժան  ընկերոջս՝ շտեմարանիս առաջ, մեկ էլ՝ հեռախոսիս զանգը: Պատասխանում եմ, քրոջս կանչում են խաղի: Որոշում եմ ես էլ գնալ լուսանկարելու, վերցնում եմ տեսախցիկս ու արագ դուրս վազում: Տնից դուրս եմ գալիս 10-15 րոպե հետո վերադառնալու և պարապմունքս շարունակելու մտադրությամբ, բայց Սայադիկենց բակի կախարդանքն ինձ վրա էլ է ազդում, և ես մնում եմ ու սկսում խաղալ, մոռանալով անգամ շտեմարանիս մասին: Քիչ-քիչ խաղացողների թիվը շատանում է, հասնելով շուրջ 20-ի: Այդտեղ երևի խաղացած կլինեի մեկ էլ այն ժամանակ, երբ քրոջս տարիքին էի՝ 2-3 տարի առաջ:

Մի խոսքով, հիանալի օր, լի երեխաների ուրախ ճիչերով, որ հատկապես վերջին ժամանակներում՝ սահմանային լարված իրավիճակում, երբ ծնողները վախենում են դուրս թողնել երեխաներին, ինձ համար ամեն ինչ արժեն:

Թվում է, թե ամեն ինչ հիանալի է, բայց…  Ուժեղ պայթյունի ձայն, որ սովորական է սահմանապահ Կոթիի թե՛ մանուկ, թե՛ մեծ բնակիչների համար: Պայթյունի ձայնը լսվելուց անմիջապես հետո, մեզ տուն կանչելու մտադրությամբ տնից վախեցած դուրս է գալիս Սայադիկի մայրը՝ Ալլան, բայց տեսնում է, որ մեր շարքերում ոչինչ չի փոխվել, որ մենք կրկին խաղում ենք նույն ոգևորությամբ, ինչ կրակոցներից առաջ, ու մի քիչ մեր խաղին նայելուց հետո, կրկին մտնում է տուն:
Խաղում եմ, բայց մտքումս միայն սահմանին կանգնած տղերքն են, որոնց շնորհիվ մենք վայելում ենք մեր հանգստյան օրերը:

Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ նրանց ոչինչ չպատահի, որ ամեն բան լավ լինի: Քիչ անց՝ էլի կրակոց, ու մենք ստիպված ամեն մեկս մեր տուն ենք գնում: Ճանապարհին տեսնում եմ գյուղ եկող պաշտպանության նախարարության մեքենաներ, որ սովորականից շատ ավելի արագ էին ընթանում, հետո՝ առաջին օգնության մեքենա, հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Քիչ անց էլ իմանում եմ, որ Կոթիի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Պտղավան գյուղի  32-ամյա բնակիչ Աշոտ Ռևազյանը: Ընդամենը մի քանի րոպեում իմ չափազանց բարձր տրամադրությունը կարծես հօդս է ցնդում: Եվ իմ այդչափ ուրախ օրը դառնում է ինձ համար ամենատխուրներից մեկը:
Խաղալու ընթացքում, երբ մեր թաղի երեխաների մասին նյութ գրելու միտք առաջացավ, որոշեցի, որ այն պետք է լինի շա՜տ ուրախ, այնքան ուրախ, որ կարդալիս այդ ուրախ տրամադրությունը փոխանցվի ընթերցողին, որ գոնե այս նյութի  մեջ խոսք անգամ չգնա կրակոցի մասին: Բայց… Կրկին չստացվեց, չստացվեց, որովհետև մենք այստեղ ենք՝ սահմանին՝ սահմանապահ Զինվորի կողքին: Մենք այստեղ ենք՝ ամուր կանգնած մեր հողին, մի քիչ անորոշ ու մռայլ ներկայով, բայց՝ վառ ապագայի հույսով: