
Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Առավոտյան արթնացա և նայեցի պատուհանից ու, ինչպես միշտ, ասացի.
-Այսօր շատ լավ օր է լինելու:
Ձմռան ցրտից հետո հաճելի է տեսնել անկեղծ ժպտացող երեխաների, տատիկների, որոնք կարծես ինչ-որ ակտիվացնող նյութ խմած լինեն, աշխատւմ են անընդհատ, պապիկների, որոնք հավեսով նարդի են խաղում, երբեմն նաև կատակում: Անգամ կատուներն էին գոհ հայացքով նստած:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Ես չդիմացա և զանգեցի Սոֆյային:
-Սոֆ, էնքան լավ եղանակ ա, կգա՞ս ման գանք:
-Հա, ես էլ քեզ էի ուզում զանգել:
-Ջա~ն, դե գնացինք:
Այն, ինչ ես տեսնում էի շուրջս, ինձ ստիպում էր ուրախանալ և ժպտալ: Մենք շրջում էինք և տեսնում բոլոր շենքերում նույն բանը. ամեն մեկը եռանդով և աշխատասիրությամբ իր գործն էր անում: Շատերը ուղղակի նայում էին պատուհանից` ինձ պես հիանալով:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Անցնում էինք մեր շենքի կողքով և լսեցինք երեխաների ձայները: Նրանց գնդակը ընկել էր տանիքին և չէին կարողանում հանել: Մենք փայտերով հրելով մի կերպ դուրս հանեցինք գնդակը և տվեցինք երեխաներին: Այնքան հաճելի պահ է, երբ զգում ես, որ կարող ես ինչ-որ մեկին օգնել և դրանով ուրախացնել նրան:
Ես շատ եմ սիրում երեխաներին և չեմ կարողանում անտարբեր անցնել որևէ երեխայի կողքից: Նրանց ժպիտն ամենալավն ու բարին է: Խոսում էինք անընդհատ, ամեն ինչից` չզգալով, որ ժամանակն անցավ: Եկա տուն, մաման նույնպես մաքրություն էր անում: Ա~յ քեզ բան: Այս ինչ օր է:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Հ.Գ. Հորդորում եմ ձեզ կյանքն ապրել լիարժեք և ուրախ: Իսկ այն պատուհանից հիացող մարդկանց ուզում եմ ասել. մի մտածեք, դուրս եկեք և հիացեք ձեզ շրջապատող աշխարհով: Փողոցով քայլելիս անտարբեր մի անցեք, ձեր շուրջը նայեք և կզգաք, թե ինչ հրաշալի է աշխարհը: Փորձեք ինքներդ ավելի լավը դառնալ, քանի որ երբ դուք փորձում եք ավելի լավը լինել, ձեզ շրջապատող աշխարհը նույնպես ավելի լավն է դառնում:
Մի քիչ քարոզեցի «մեծավարի»… Հուսով եմ, որ կարողացա ձեզ լցնել գարնան հիասքանչ էներգիայով:
Ձեզ եմ ուզում ներկայացնել Հայաստանի «Սիբիրի»` Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների եղանակային պայմանները: Ինչպես արդեն հասկացաք, խոսքս վերաբերվում է Հայաստանի ամենացուրտ տարածաշրջաններին, որտեղ ձմռանը լինում է -30 աստիճան ցուրտ և ձյան շերտի 3 մետր բարձրություն:

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի
Մեր մոտ տարվա եղանակները բաժանվում են հետևյալ կերպ՝ 6 ամիս ձմեռ, 2՝ գարուն, 2՝ աշուն և 2՝ ամառ:
Հետաքրքիր է, չէ՞: Դե, բնականաբար այստեղ ապրելը դժվար է, բայց մարդիկ սովորել են դրան: Անգամ կարող եմ ասել, թե որ օրը ինչ թիփի (բուք) է լինելու, և նախօրոք պատրաստվում են:
Զարմանալի կարող է թվալ, բայց անգամ դրանք իրենց անուններն ունեն՝ «Սուրբ Սարգսի», «Տերընդեզի» բքերը, որոնք համապատասխանում են հենց տոների օրերին: Իսկ արդեն «Պառվի ուլերը», «Հայր և որդին» և «Լագլագը» առանձին պատմություններ ունեն:
«Լագլագ». նախ և առաջ նշանակում է` արագիլ: Բուքը այդպես են կոչել, որովհետև մարտի 9-ին արագիլները կարծելով, թե գարուն է, հետ են գալիս: Ճանապարհին ուժեղ բուք է բարձրանում, ու նրանք սատկում են:
«Պառվի ուլերը». էլ մտածելով, թե գարունը եկել է, ապրիլի 1-ին պառավը ուլերին դուրս է թողնում դրսում արածելու, և բքի պատճառով հետ չեն վերադառնում:
«Հայր և որդի». հայրը և որդին ապրիլի 7-ին ոչխարը տանում են սարը և բքի պատճառով հետ չեն վերադառնում:
Շատերը կարող են մտածել, թե սրանք ուղղակի խոսակցություններ են, բայց բոլոր թիփիները այստեղ` Հայաստանի «Սիբիրում», լինում են ճիշտ ժամանակին:
Ես Արտյոմ Մամյանն եմ, Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ:
Դեռ մանուկ հասակից ինձ հետաքրքրել է համակարգչային տեխնիկան, և տարեցտարի ինքնուսուցմամբ փորձել եմ զարգացնել իմ գիտելիքները այդ բնագավառում: Բավականին գիտելիքներ ունեմ ֆոտոտեխնիկայի հետ կապված: Իմ գիտելիքները կիրառելու և մտահղացումները իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և համապատասխան տեխնիկա չեմ ունեցել, այնուամենայնիվ փորձել եմ որոշ աշխատանքներ անել: Լուսանկարներիս մի մասը զետեղվել է koghb.am կայքում:
Ես շատ նախասիրություններ ունեմ, բայց չեմ կողմնորոշվում ավելի կոնկրետ ինչ ուղղություն ընտրել՝ ծրագրավորում, լուսանկարչություն, հեռախոսաշինություն, համակարգչաշինություն, թե այլ բնագավառներ: Շատ կցանկանայի այս բանգավառներում որոշակի նորարարություն կատարել:
Այս լուսանկարներն արել եմ իմ հարազատ գյուղում, ինչպես նաև տարբեր էքսկուրսիաների և Կողբի գեղարվեստի դպրոցի կազմակերպած միջոցառումների ժամանակ:
Ինձ ճանաչողները գիտեն, որ ունեմ ինչ-որ բանով տարվելու սովորույթ։ Հիմնականում նրանցից ոչ ոք էլ չի սիրում իմ այդ սովորույթը, որովհետև եթե ինձ ինչ-որ բան դուր եկավ․․․ առ ու փախի։ Յուրաքանչյուր զրուցակցի վերջիվերջո այնքան եմ զզվացնելու այդ ինչ-որ բանով, որ էլ չուզենա հետս խոսի։
Այս ամենը սկսեց այն ժամանակ, երբ ես 4 տարեկան էի։ Առաջին, այսպես ասած, կուռքս եղավ Սարդ-մարդը։ Այդ ժամանակ Սարդ-մարդու առաջին ֆիլմը նոր էր դուրս եկել, բայց ես, ինչքան էլ սիրեի նրան, չկարողացա նայել։ Պարզապես վախենում էի Սարդ-մարդու թշնամուց։ Ամբողջ ֆիլմից նայել եմ մի քանի րոպե, որտեղ ամեն ինչ հանգիստ է։
Բացի Սարդ-մարդուց սիրել եմ նաև Նինձյա-կրիաներին, Ջեկի Չանին (հատկապես մուլտսերիալը), Marvel ու DC ընկերությունների բոլոր հերոսներին և այլն։ Այսպես կարող եմ անվերջ թվարկել։
Այս ամենից ամենաշատը «վարակվել եմ» Սարդ-մարդով, ում մասին արդեն ասեցի և Հարրի Փոթթերով։ Ի դեպ՝ Հարրի Փոթթերով մինչ այժմ էլ վարակված եմ։ Ախր ինչպե՞ս կարելի է չսիրել այդ հրաշքը (այսպես ես արտահայտվում եմ այն ամենի մասին, ինչ սիրում եմ)։ Հարրի Փոթթերի աշխարհն ուղղակի անթերի է։ Հիանալի սյուժե, լավ կերպարներ։ Ամեն ինչ իրար է խառնված։ Սա այն եզակի «շեդեվրներից» է, որի իմաստը ես հասկանում եմ, բայց դժվարանում եմ բացատրել ուրիշներին։ Անկեղծ ասած՝ մի քիչ թերագնահատում էի աղջիկներին։ Երբ իմացա, որ Հարրի Փոթթերի հեղինակը կին է, ուղղակի ապշեցի։
Վերջին մի քանի տարում, երբ պատանի հրաշագործի մասին բոլոր ֆիլմերն արդեն նկարահանված էին, նկարահանման ստուդիան դարձրեցին թանգարան։ Այն իհարկե գտնվում է Հարրի Փոթթերի հայրենիք՝ Լոնդոնում։ Ես գիտեմ, որ մինչ գնամ այնտեղ, արդեն ուրիշ բան կսիրեմ, բայց միևնույն է, ես սպասելում եմ այդ՝ իմ կյանքի ամենալավ օրվան։

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի
Սիրում եմ, երբ պապիկս մեր տուն է գալիս: Նա ապրում է Սարավանում, ինչի պատճառով ես նրան շատ քիչ եմ տեսնում: Նա սիրում է կենդանիներ, դրա համար էլ մի փոքրիկ «ֆերմա» ունի, որտեղ կան կովեր, հավեր, խոզեր, ճագարներ և էլի ուրիշ կենդանիներ: Առաջ նա անտառապահ էր և ավելի քիչ կենդանիներ ուներ, բայց երբ թոշակի անցավ, սկսեց ստեղծել իր ֆերման: Մի հերթական անգամ նա մեր տանն էր, և ճաշի սեղանի շուրջ տարբեր հետաքրքիր զրույցներ էին պտտվում կենդանիների մասին:
-Աղջիկս, մյուս գալուց քեզ ճագար կբերեմ, եթե իհարկե լավ կպահես,- ինձ նայելով և աչքով անելով ասաց պապիկս:
-Ուխխխ, ինչ լավ ա, գոնե կզբաղվեմ,- ժպիտս և ուրախությունս չթաքցնելով պատասխանեցի ես:
-Ես էլ քո տարիքին ճագար էի պահում, վանդակներն էլ, այ, էն պատի տակ էինք դրել,- ասաց հայրս ու ցույց տվեց տան դիմացի պատը:
-Էդ էր պակաս, մի ճագար, դու էդքան ժամանակ չունես, որ ճագար պահես: Դու էդ խեղճերին սովից կսպանես,- հակադրվեց մայրս ու վերջ տվեց իմ խրախճանքին, մյուս պապիկս էլ աջակցեց նրան:
-Պապի, բա որ ճագարները մեծանում են, ի՞նչ ես անում,- հետաքրքրվեց քույրս:
-Բաց եմ թողնում անտառ, կենդանի են էլի, թող գնան ապրեն, պահում եմ` ի՞նչ անեմ:
-Այ պապ, սաղ տարին հանդերում էդ արևին, էդ շոգին խոտը քաղես, տուկես, բերես թափես, տաս` ճագարն ուտի, որ բա՞ց թողնես,- զարմացած ու, երևի մի քիչ բարկացած, ասաց մայրս:
-Արմինե ջան, խոտը թողնեմ, որ ո՞վ տանի, պետք ա բերեմ: Դե բերեցի էլ, պետք ա տամ կենդանիներին: Ճագար են էլի, եսիմ ինչքան չկերան:
-Գոնե տար միսը հանձնի, կամ դու եփի կեր, բա տենց ո՞նց կլինի:
-Չէ, յաաա, Արմինե ջան, որ տենաս, չէ՞, էնքան սիրուն են, ձեռդ չի էթա մատով կպնես:
Ու հենց այդ ժամանակ ես հասկացա, որ պապիկս ուրիշների նման կենդանիները ուտելու համար չի պահում-մեծացնում: Դա ուղղակի նրան իրոք դուր է գալիս: Չնայած նրան, որ ճագարներ ես այդպես էլ չունեցա, ավելի ուրախ եմ, քանի որ պապիկի մոտ նրանք իրենց հաստատ ավելի լավ կզգան: Իսկ գնալուց նա ձեռքը տանում է գրպանն ու ինչքան մետաղադրամ գրպանում եղավ՝ ինձ է տալիս: Իսկ նրա գրպանում միշտ մետաղադրամներ շատ են լինում: Ինձ թվում է, նա հատուկ մանրում է փողը մեր տուն գալուց առաջ: Բնականաբար, այդ գումարից քույրիկներիս էլ եմ տալիս, բայց միշտ ես ավելի շատ եմ շահում, քան նրանք:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի
Ես Ասպրամն եմ, 16 տարեկան: Ծննդավայրս Բերդավանն է՝ քարոտ Հայաստանի մի գողտրիկ անկյուն: Այն շրջապատված է բլուրներով ու սարերով: Դրանցից մեկի՝ Գոնչուտ սարի փեշերին է ծվարած մեր բերդը: Գյուղս իմ ամենաթանկ հարստություններից մեկն է: Այն այդքան էլ փոքր չէ: Այստեղ կան հարյուրավոր տներ: Այդ տներից մեկում էլ ապրում եմ ես:
Մեր ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց: Տան իմաստունը տատիկս է, ով վաղուց արդեն թոշակառու է: Հազվադեպ հանդիպող անունս հենց ինքը՝ տատս է կնքել: Շատերը զարմանում են, երբ իմանում են այն, շատերը՝ հավանում, շատերը՝ աղավաղում: Անվանս բացատրությունը իրոք զվարճալի է: Ասպրամ նշանակում է ռեհան, իսկ բառացի՝ ասպ-ձի և րահմ-սիրել: Հա՜, մոռացա նշել, որ այն պարսկական անուն է: Ինձ միայն հուսադրում է այն փաստը, որ Ասպրամը իշխանուհի էր, որի մասին կարող ենք կարդալ «Գևորգ Մարզպետունի» վեպում: Պապիկս մահացել է ինը տարի առաջ, բայց նրա հետ կապված շատ հիշողություններ ունեմ:
Մեր տան ղեկավարը հայրս է, ով աշխատում է զորամասում՝ որպես զինվորական խոհարար (հայրս, իրոք, շնորհալի ձեռքեր ունի): Տան թագուհին մայրս է: Նա մասնագիտությամբ դաշնակահարուհի է, սակայն աշխատում է որպես հացթուխ: Իրար հակասող մասագիտություններ են, բայց մայրս կարողանում է գլուխ հանել:
Մեր տունը նման է զորամասի, որտեղ զինվորները ես ու եղբայրս ենք, իսկ գնդապետը հայրս է: Մենք լսում ենք մեր հրամանատարների հրամանները: Ես ու եղբայրս աշակերտներ ենք: Երբ մենք սկսում ենք վիճել, մայրս սպառնում է, որ կզեկուցի գնդապետին:
Այս տարի ես կավարտեմ դպրոցը: Վաղուց արդեն որոշել եմ լրագրող դառնալ: Շատերն ասում են, որ դժվար ընտրություն եմ արել, իսկ ես կարծում եմ, որ այս կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Մեր գյուղում կա մշակույթի տուն (այդպես ենք անվանում), որտեղ «աշխատում եմ» արդեն չորս տարի: Երևի բեմում հաճախ հայտնվելը դարձավ լրագրությունը սիրելուս պատճառը: Ունեմ երաժշտական յոթնամյա կրթություն: Ավարտել եմ դաշնամուրի բաժինը: Վարում եմ ակտիվ հասարակական կյանք: Մի շարք կազմակերպությունների անդամ եմ, կամավոր՝ Կարմիր խաչի անդամ: Հետաքրքրասեր եմ, սիրում եմ սովորել անհրաժեշտը: Ինձ հետաքրքրում է նաև պոեզիան: Սիրում եմ ասմունքել: Մասնակցել եմ ասմունքի փառատոնների և այս տարի մարզային փուլում, առաջին հորիզոնականը զբաղեցնելով, հասել եմ մինչև հանրապետական փուլ: Չեմ ընկճվում, երբ չեմ հաղթում, այլ ձգտում եմ ուղղել սխալներս: Արդեն երեք տարի է ղեկավարում եմ մեր դպրոցի աշակերտական խորհուրդը (անկեղծ ասած, սիրում եմ առաջնորդել):
Հուսով եմ, որ նպատակասլացությունս կօգնի հասնել երազանքներիս:
Հարցազրույց հայրիկիս՝ Ալբերտ Համբարձումյանի հետ
-Հայրիկ, ինչպե՞ս որոշեցիր, որ դառնալու ես բժիշկ:
-Քանի որ իմ ընտանիքում համարյա բոլորը բժիշկ են, այդ պատճառով ես էլ որոշեցի դառնալ բժիշկ: Բժշկական համալսարանը ավարտելուց հետո ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և այն ավարտելուց հետո ծառայեցի ՀՀ Զինված ուժերում որպես բժիշկ:
-Զորամասում բժիշկ մասնագետ լինելուց հետո որտե՞ղ շարունակեցիր քո ծառայությունը:
-Այնուհետև տեղափոխվեցի ռազմաբժշկական վարչություն, որպես բժիշկ-սպա, այնուհետև` ավագ սպա:
-Ի՞նչ գործունեությամբ է զբաղվում ռազմաբժշկական վարչությունը:
-Ռազմաբժշկական վարչությունը կազմակերպում և կառավարում է ամբողջ ԶՈՒ-ի բժշկական ծառայությունը թե զորամասային օղակում, և թե հոսպիտալային օղակում:
-Զինվորական բժիշկնե՞րն էլ են ստանում զինվորական կոչումներ:
-Այո, ես օրինակ բժշկական ծառայության մայորի կոչում ունեմ:
-Հիմա ի՞նչ գործունեությամբ ես զբաղվում:
-Ես աշխատում եմ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնում որպես դասախոս: Ռազմաբժշկական ֆակուլտետում մենք ԶՈՒ-ի համար պատրաստում ենք ապագա ռազմական բժիշկներ:
-Իսկ ինչպե՞ս եք դա անում:
-Մենք նրանց դասավանդում ենք առարկայի գիտական մասը, ինչպես նաև ներգրավում ենք պրակտիկ պարապմունքներին: Պրակտիկ պարապմունքները նրանք անցնում են զորամասերում, ինչպես նաև բժշկական զորավարության տեսքով:
-Էլ ի՞նչ առարկաներ են անցնում ապագա բժիշկները:
-Բացի «Բժշկական ծառայության կազմակերպում և մարտավարություն» առարկայից, նրանք ռազմաբժշկական ֆակուլտետում անցնում են ընդհանուր զինվորական պատրաստություն, ռազմաբժշկական թունաբանություն, ռազմադաշտային վիրաբուժություն, ռազմադաշտային թերապիա, դիմածնոտային վիրաբուժություն, ռազմական հիգիենա, ռազմական համաճարակաբանություն և արտակարգ իրավիճակներ առարկաները: Ինչպես տեսնում ես, սովորական բժիշկ լինելուց բացի նրանք պետք է կարողանան ռազմական գործողությունների ժամանակ բժշկական օգնություն ցույց տալ բոլոր իրավիճակներում:
«Քո հայրը դասարանում ամենալավ մաթեմատիկա իմացողն էր, դու ինչի՞ ես թույլ մաթեմից»: Շատ եմ լսում այս արտահայտությունը այն մարդկանցից, ովքեր ճանաչում են ինձ և հորս:
Հայրս եղել է դասարանում ամենալավ մաթեմատիկա իմացող աշակերտներից մեկը, սակայն ես թույլ եմ այդ առարկայից: Պատճառը այն չէ, որ չեմ սիրում մաթեմատիկան, այլ փոքր-ինչ դժվարանում եմ: Հայրս աշխատում է արտերկրում: Կարծում եմ սա է պատճառը, որ ես դժվարանում եմ այդ առարկան սովորել, քանի որ շատ ժամանակ չեմ անցկացնում հորս հետ: Միգուցե այստեղ լիներ, կօգներ, կբացատրեր, կխրախուսեր:
Ես ավելի շատ սիրում եմ հումանիտար առարկաներ՝ օտար լեզուներ և պատմություն, սակայն ավելի կարևոր եմ համարում բնագիտական առարկաների իմացությունը, քանի որ դրանք շատ են կապված առօրյա կյանքի հետ:
Իհարկե յուրաքանչյուր առարկա ունի իր կաևորությունը: Կարծում եմ, մեկ առարկայի լավ տիրապետելը քիչ է համակողմանի գիտելիքներ ունենալու համար:
Մարդիկ պետք է լինեն բազմակողմանի զարգացած և ունենան որոշակի տեղեկություններ բոլոր առարկաներից: