Նոր տրամադրություն

 

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Ուխ, արդեն գարուն է: Իմ գյուղ Ներքին Կարմիրաղբյուրում եռուզեռ է: Էսկողմ-էնկողմ քայլող մարդիկ բահը, փոցխը ձեռքներին գնում են այգիները մաքրելու, որպեսզի հետո վարեն-ցանեն: Այնքան հետաքրքիր է գյուղը, ոնց որ վերակենդանացած լինի:

«Բայց էն ժամանակվա եռուզեռը չկա»,- պատմում է հայրիկս: Նաև ավելացնում, որ սովետի ժամանակ գյուղում ոչ մի կտոր հող անմշակ չէր մնում, բոլորը մշակում էին: Ու իրենք՝ դպրոցի բարձր դասարանի երեխաները, գնում էին դպրոցի հողը մշակելու: Էն ժամանակ դպրոցը հողեր ուներ, աշակերտներն էին մշակում:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Բայց հիմա, հիմա գյուղում անմշակ հողերն ավելի շատ են, քան էն հողերը, որ մենք ենք մշակում: Չէ, ոչ թե նրա համար, որ չենք ուզում, ընդհակառակը: Մեր հողերի մեծ մասը թշնամու կրակի տակ է, ու գյուղացիները չեն կարող դրանք մշակել: Բազմիցս եղել են դեպքեր, որ գյուղացիներն իրենց այգիներում վիրավորվել են թշնամու գնդակից:

Բայց վերադառնամ ավելի ուրախ թեմաների: Մի քանի օր առաջ տեսա հայրիկս բահը, փոցխը ու էլի ուրիշ  գործիքներ հանել պատրաստել էր, որ արդեն մենք էլ սկսենք գարնանային աշխատանքները: Այնպես որ, մենք էլ ենք գարնանային տրամադրության մեջ:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Քայլում եմ գյուղի փողոցներով. շխկոց, թխկոց, բահերի դրոփյուն, հեռվում աշխատող տրակտորներ, դրանց միախառնվող համահունչ երաժշտությունը տարածվել էր ամբողջ գյուղով` ստեղծելով հաճելի տրամադրություն: Կարծես` ոչ հեռվում գտնվող թշնամուն ուզում ենք հասկացնել տանք, որ մենք  այստեղ ենք, մնալու ենք ապրելու, արարելու, ու իրենք թող մտքներովն անգամ չանցկացնեն ոտք դնել մեր հողին:

Ինձ մեկ-մեկ թվում է, թե այս եղանակին մարդկանց հոգիները թևեր են առնում՝ պարում, երգում, ու իսկապես գարունը նոր տրամադրություն է բերում:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Խաչմերուկ

 

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Մեր գյուղի` Բաղանիսի միջով անցնում է երկու ճանապարհ: Երկուսն էլ տանում են Երևանից Թբիլիսի: Ամենազարմանալին այն է, որ այդ ճանապարհները հատվում են մեր գյուղի մեջտեղում, իսկ այդ ճանապարհների հատման տեղը գյուղացիները անվանում են Խաչմերուկ: Հիմա կմտածեք, թե ինչու եմ ճանապարհներից խոսում: Ճանապարհները երբեմն լինում են դժվարանցանելի, հանգիստ, հանդարտ, բայց այս երկուսն ունեն իրենց կառուցողական իմաստը մեզ համար, իսկ որոշ մարդկանց համար այդ ճանապարհները ընդամենը սովորական ճանապարհներ են: Նրանք գալիս անցնում են ու մոռանում այդ ճանապարհների մասին: 

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Ճանապարհներից մեկն անցնում է գյուղի երկայնքով և գտնվում է հակառակորդի դիրքերից մոտ 150 մետր հեռավորության վրա: Այն գնդակոծվում է թշնամու դիրքից, և այդ պատճառով ութ տարի առաջ կառուցվել է երկրորդը, որն անցնում է  գյուղի հանդիպակած Հարսնաքար լեռան լանջով և գրեթե անտեսանելի է թշնամու դիրքից: Այդ մի ճանապարհը կիսով չափ անցնում է գյուղի միջով:

Մի դեպք պատմեմ: Երեխաներով կանգնած էինք այդ խաչմերուկում, երբ Ռուսաստանից մարդիկ էին անցնում: Նրանք կանգ առան.

-Բարի օր, տղե՛րք:

-Բարի օր,- պատասխանեցինք մենք:

-Ո՞ր ճանապարհով գնանք, որ վտանգավոր չլինի:

Մեր տղաներից մեկը կատակեց.

-Է՜ն ճանապարհը վտանգավոր ա, իսկ է՜ն մինը՝ «ապասնի»:

…Ճանապարհները նման են մեր կյանքին:

Աշխարհն իմ պատշգամբից

Իմ պատշգամբից աշխարհն ուրիշ է. հատուկ, գունավոր, պայծառ, մի խոսքով ուրիշ, իմ ուրիշը: Այդ ուրիշը միայն ես եմ տեսնում: Հա՜, մեկ էլ անբաժան ընկերս՝ դե, տեսախցիկս, էլի: Մեր պատշգամբն իմ ամենասիրելի վայրն է: Ու կապ չունի, թե տարվա որ եղանակն է, օրվա որ ժամն է: Դուրս եմ գալիս, ժամերով կանգնում, նայում շուրջս, հետո լուսանկարում: Երանի իմ աչքերին, որ ամեն օր տեսնում են այդ հրաշքը: 

Մեր տունը գտնվում է Կոթի գյուղում, ճիշտ դիրքերի դիմաց: Ես նայում եմ մերթ մեր դիրքերին, մերթ՝ հակառակորդի: Հասկանալով, թե ինչքան հեռավորություն կա մեր տղերքի ու հակառակորդի միջև, մի պահ փշաքաղվում եմ. «Բայց չէ՞ որ մեր տղերքն ուժեղ են, ամեն ինչ լավ կլինի»,- հանգստացնում եմ ինքս ինձ՝ անընդհատ նույնը կրկնելով:

Մեր դիրքերը գտնվում են մի լեռան վրա, որը հնուց բազմիցս ենթարկվել է թշնամու սադրանքներին, բայց այն մեր տղերքի շնորհիվ միշտ կանգուն է եղել ու դեռ հավերժ կմնա: Լեռան անունը Փայտասար է, բայց երբ հարցնեք գյուղացիներին, թերևս մի քանի հոգի կպատասխանեն Փայտասար: Մեր՝ կոթեցիներիս համար դա մեր Օդնդաղն է, մեր լավ ու վատ օրերի ականատես Օդնդաղը:

Ամռան մի պայծառ օր էր, երբ սովորությանս համաձայն դուրս եկա պատշգամբ. գյուղը կրակի մեջ էր, պատճառն էլ, դե երևի հասկացաք, Ադրբեջանն էր գնդակոծել: Վայրկյան առ վայրկյան ահագնացող կրակ, որ արագ տարածվում էր, մոտենում գյուղին, չհանգցնելու դեպքում ժամեր անց կհասներ բնակելի տներին: Բայց դե բոլորդ էլ հասկանում ենք, որ ադրբեջանական դիրքի դեմ-հանդիման կրակը հանգցնել հնարավոր չէր, վտագնավոր էր: Անցավ երկու ժամ, օրը մռայլվեց, անձրև սկսվեց, կարծես վայրկենական: Մի քիչ անհասկանալի ու հետաքրքիր: Ամառային պայծառ օր, ու հանկարծ` անձրև: Գյուղը վատ վիճակում էր, կրակի մեջ, ու օգնության հասավ բնությունը…

Այդպես կրակի մեջ էլ ապրում ենք, էլի:

Պատշգամբից հիմնականում լուսանկարներ եմ անում վաղ առավոտյան, դպրոց գնալուց առաջ: Արթնանում եմ զարթուցիչիս ձայնից, չէ՛, ավելի ճիշտ չեմ արթնանում, այլ վեր եմ կենում տեղիցս, մի կերպ, կիսաքնած դուրս եմ գալիս պատշգամբ ու հաճախ՝ վազելով հետ եմ գալիս, մտնում սենյակս:

-Սերինե՛, ո՞ւր, ի՞նչ եղավ,- սկզբում հարցնում էր մայրիկս, իսկ հիմա արդեն գիտի` ուր ու ինչի համար:

-Մա՛մ, հիմա դրա ժամանակը չի, կգամ, կասեմ,- ասում էի ես ու վազելով դուրս գալիս:

Գնում էի, կանգնում, երկար նայում շուրջս, լուսանկարում…

-Աղջի՛, ուշացանք, արի, շուտ արա,- գոռում էր տնից քույրս ու դեռ շարունակում է գոռալ գրեթե ամեն օր, ու դեռ ես եմ միշտ ասում. «Քո պատճառով ուշանալու եմ»:

Ու էդպես ինձ ամեն օր կտրում են իմ խորհրդավոր, ուրիշ աշխարհից, իմ ուրիշ պատշգամբից ու տեսախցիկից:

Աշխարհն իմ պատշգամբից ուրիշ է, իմ ուրիշը…

 

 

Mariam barseghyan

Տատիկիս կտորե աշխարհը

Աշխարհում կան բազում հետաքրքիր իրեր, երևույթներ, որոնք ուսումնասիրման կարիք ունեն: Այդ է պատճառը, որ մենք բոլորս մի օր կանգնում ենք ի՞նչ դառնալ, ի՞նչ ընտրել և այլ նմանատիպ հարցերի առջև: Այս հարցերին իրենց պատասխանները արդեն տվել են մեր ծնողները, տատիկները, պապիկները: Նրանք արդեն ընտրել են իրենց մասնագիտությունը, աշխատել են, ոմանք զբաղվել են հենց իրենց գործով, ոմանք՝ ոչ: Մասնագիտություն ընտրելը շատ կարևոր է: Քանի որ այդ որոշումից է կախված, թե ապագայում ինչով ես զբաղվելու: Պետք է ընտրել հոգուն հարազատ աշխատանք, որից կյանքում չես հոգնի և սիրով կանես: Իմ տատիկը ճիշտ մասնագիտություն ընտրած մարդու իդեալական օրինակ է: Նա դերձակ է: Տատիկս՝ Վալյա Սուքիասյանը, ծնվել է Գյումրիում: Ամբողջ կյանքում աշխատել է կարի ֆաբրիկայում, սկզբում` Ստեփան Շահումյանի անվան, հետո՝ «Գլորիա»: Թոշակի անցնելուց հետո նա դժվարանում էր առանց աշխատանքի, անընդհատ ինչ-որ զբաղմունք էր փորձում գտնել: Հիմա համակերպվել է, բայց այնուամենայնիվ կարի մեքենան չի դադարում աշխատել, և այն երբեք երկար չի լռում: 

Մայրս պատմում է, որ ինքը և մորաքույրս եղել են ամենանորաոճ հագուստների առաջին տերերից, քանի որ մինչև գեղեցիկ ամսագրերի հագուստները հայտնվում էին խանութների ցուցափեղկերում, տատիկը դրանցից արդեն կարում էր իրենց համար: Իհարկե տատիկը զրույցի մեջ փորձում էր հերքել այս ամենը, բայց փաստը մնում է փաստ. նա հիմա էլ է կարողանում իրականության վերածել ամսագրերում պատկերված հագուստները:

-Տատ՛, իսկ որտե՞ղ ես սովորել կարել:

-Ոչ թե որտեղ, այլ ումից: Կարել մամայիցս եմ սովորել: Կարելուց ուշադիր նայում էի, հետո հենց տանից դուրս էր գալիս, նստում էի կարի մեքենայի առաջ ու տիկնիկներիս համար շորեր էի կարում:

-Կարի մեքենայով կարել դժվար ե՞ս սովորել, թե՞ հեշտ է ստացվել:

-Չէ, շուտ եմ սովորել: 9 տարեկանում արդեն լավ կարում էի, հետո տարիների ընթացքում ձեռքս վարժվեց:

-Իսկ 70-80-ականներին ի՞նչ հագուստներ եք կրել, ի՞նչ գույներ են մոդա եղել:

-Դե, կանայք հիմնականում շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ էին կրում, շալվարները շատ տարածում չունեին, իսկ տղամարդիկ էլ` սովորական կտորի տաբատներ:

-Իսկ ջի՞նս:

-Չէ, ի՞նչ ջինս, դե իհարկե կային եզակիները: Այն ժամանակ օտար երկրներից բերված հագուստներ չէին վաճառում, իսկ ջինս Ամերիկայիում կամ Եվրոպական երկրներում կար:

-Իսկ այդ դեպքում այն եզակիները որտեղի՞ց էին գնում:

-Դե, օրենք խախտողներ միշտ էլ գտնվում էին:

-Տատ, օրինակ ես հիմա ունեմ հագուստի իմ սեփական ոճը, իսկ ի՞նչ ոճով ես հագնվել դու:

-Այն ժամանակ մենք մեր սեփական ոճը ունենալու մասին չենք մտածել: Եղել են ընդհանուր ստանդարտներ, և բոլորը հագնում էին նույնը:

-Մի՞թե չեք ցանկացել տարբերվել:

-Դե, հենց ես այդքան չեմ կենտրոնացել դրա վրա, ինձ դուր էին գալիս այդ հագուստները, և ես մտածում եմ, որ արտասահմանյան հագուստները մեր երկրում ստեղծվող հագուստից ոչնչով առավել չէին: Մերը որակով էր, հարմարավետ էր:

-Տատ, երևի դու ճիշտ ես: Հիմա էլ նորից նույն շրջազգեստներն են մոդա ու իրոք շատ գեղեցիկ և հարմարավետ են:

-Հա բա, մորդ համար գիտե՞ս ինչքան եմ նման ծաղկավոր, գունավոր շրջազգեստներ կարել: Որ Գյումրիում սովորում էր, ամեն անգամ գնալ-գալիս գիշերը արագ-արագ մի բան էի կարում, որ նոր շորերով դասի գնա:

-Երանի՜…  Հա իդեպ, ինձ շատ էր հետաքրքրում երկարությունը: Ի՞նչ երկարության զգեստներ էին հագնում:

-Ծնկի վրա, ծնկից ներքև:

-Պարզ է, ծնկից վերևը ինչպես միշտ ընդունված չի եղել:

-Հագնում էին, բայց ես չէի սիրում, ու ընդհարապես ծնկից վերև հագնողներին լավ չէին նայում:

-Կարծում եմ մարդկանց մտածելակերպը շատ քիչ է փոխվել, որովհետև հիմա էլ կան կարճ զգեստներին վատ վերաբերվող մարդիկ:

-Դե, այ, ես իմը փոխել եմ: Ձեզ նայելիս հասկանում եմ, որ կարճությունը ոչ էլ խանգարում է, շատ էլ գեղեցիկ է:

-Չե՞ս հոգնում կարելուց:

-Չէ, կարելուց հակառակը, հանգստանում եմ, լիցքաթափվում եմ: Միշտ կարելուց հաճույք եմ ստացել: Դա է պատճառը, որ երկար տարիներ աշխատել եմ:

-Տատ՛, իսկ օրինակ ի՞նչ խորհուրդ կտաս. ինչպե՞ս հագնվել ավելի գեղեցիկ տեսք ունենալու համար:

-Ինձ թվում է, պետք է հագնվել այնպես. ինչպես հարմարավետ է: Հագնել այն, ինչ սազում է, այլ ոչ թե` ինչը մոդա է: Շատ եմ նկատել, որ հագնում են մոդայիկ հագուստ, որը չի սազում: Օրինակ, չարժե հագնել շատ բարձր կրունկով կոշիկ, եթե դրանց վրա չես կարողանում քայլել, ավելի լավ է կրունկը մի փոքր ցածր լինի, բայց քայլվածքը՝ գեղեցիկ: Ու նմանատիպ շատ օրինակներ կարող եմ բերել, բայց կներես պիտի շորդ կարեմ, խոսել հետո էլ կարող ենք:

Մենք արդեն թղթակից ենք

Երբ  դարձա պատանի թղթակից, մեզ հանձնարարեցին գրել տարբեր թեմաներով նյութեր: Նախ գրեցի երկու շարադրություն`«Ով եմ ես» և «Ինչն է ինձ հուզում» թեմաներով: Ես շատ բան ունեի գրելու: Օրեր անց ես և ընկերուհիս՝ Անին, վերցնելով ֆոտոապարատը որոշեցինք գնալ գյուղի տեսարժան վայրերը նկարելու: Մենք մեծ ցանկություն ունեինք հմտանալ այդ գործում, քանի որ արդեն տեղյակ էինք, որ պատանի թղթակիցները բացի նյութեր գրելուց նաև նկարում են նյութի վերաբերյալ լուսանկարներ:

Որոշեցինք գնալ «վերևի» մանկապարտեզ, ինչպես մեր գյուղում են ասում, քանի որ գյուղում ունենք երկու մանկապարտեզ: Առաջինը` ներքևի թաղերում է, երկրորդը` վերևի: Մտնելով այնտեղ նախ ներկայացանք: Դե որ համագյուղացիներ էինք, տատիկ-պապիկով ճանաչեցին: Ասեմ` թղթակիցների համար մի կողմից հեշտ է, որ գյուղում իրենց ճանաչում են, բայց մյուս կողմից էլ դժվար: Երեխաների ճաշի ժամն էր, նրանք ուտում էին, իսկ մենք նկարում էինք ամեն ինչ: Երեխաները կարծես թե ուրախ էին, երևի մտածում էին, որ լրագրողներ ենք: Այնտեղ տեսա իմ դաստիարակչուհիներին, ես նույնպես այդ մանկապարտեզն էի հաճախել:

Այնուհետև բարձրացանք եկեղեցի: Նկարեցինք այնտեղ ամեն ինչ: Իսկ երբ վերադարձանք, նկատեցինք մանկապարտեզի սաներից մի քանիսին ու լսելով նրանց խոսակցությունը ծնողների հետ, սկսեցինք ծիծաղել.

-Մամ, տե՛ս, նկարողներն են,- ժպտալով ասում էին նրանք:

Շատ հաճելի էր լսել, որ մենք արդեն ոչ միայն իրենց համագյուղացի էսինչի թոռ Սոնան ու Անին ենք, այլ լրագրող, թղթակից: Դա նաև պարտավորեցնող է:

Լուսանկարները` Սոնա Թումանյանի և Անի Շահբազյանի

davit chilingaryan

Ես սիրում եմ սարը, իսկ սարը` ինձ

Գարնանը` մայիսին, բոլորը վերցնում են իրենց անասուններին և գնում են սարերը, որպեսզի ամռանը կաթը ավելի առատ լինի և կովերի «արոտը լավ լինի»: Ամռանը պանիրը, ջիլը (թել պանիր) ավելի համով է լինում: Սովորաբար երեխաները չեն սիրում սարերը: Ինձ համար աշխարհից կտրված  վայր է, ճիշտ է, օդը մաքուր է, բայց չկա էլեկտրականություն, ինտերնետ, հեռուստացույց, իսկ այս դարում կյանքն առանց տեխնիկայի անհետաքրքիր է. երեխաների մեծամասնությունը այդպես է կարծում: Առաջ, պատմում են, որ սարերում շատ երեխաներ էին լինում, հիմա` մեկ-երկու երեխա: Մեծերը պատմում են, որ էն ժամանակ կրակ էին վառում և բոլորով հավաքվում էին շուրջը, խոսում դեսից-դենից:
Ամառային մի օր էր, կովերի բառաչից վեր կացա, տեսա, տատիկս կթում է փրփրալից տաք կաթը: Խանում տատս ձայն տվեց և ասաց.
-Դավի’թ, արի կաթը տար:
-Տատի’, տատի’, կաթը կտա՞ս:
Վերջացնելով կթելու գործը, տատս սկսեց կաթը մշակել: Պանրի մերանը` պեպսինը, տատս լցնում է կաթսայի մեջ կաթի վրա, հետո գդալն առնում ու խաչեր է անում, որպեսզի կաթն առատ լինի: Տատս ասում է, որ իր մայրն ու տատն էլ այդպես են արել պանիր մերելուց: Տատս մերեց կաթը, և ես ցանկացա ուտել «ղազանդիբի», որը կիսախմորված կաթն է:

Տարվա այդ շրջանում բոլոր թոռներով սարում ենք լինում, խաղում տարբեր խաղեր, օգնում տատիկիս: Սարում երբեմն դժվար է լինում, երբեմն կարող ես հանդիպել գայլերի , բայց մենք չենք վախենում, որովհետև և’ մենք ենք սովորել նրանց ներկայությանը, և’ նրանք` մեր:  Շատ եմ սիրում, երբ մարդիկ սարում գոռում են. «Հո’ արի,ա’ կով» կամ «Արի’, ջեյրան ջա’ն, արի’, մարալ ջա’ն» և խոր-խոր ձորերից ի պատասխան լսվում է անասունների  բառաչը: Ես սիրում եմ սարը, իսկ սարը` ինձ:

 

«Ես ալ ամբողջ կյանքում աշխատանքով եմ զարդարվալ…»

Հարցազրույց Սոնիկ տատիկիս հետ


-Տատի, ձմեռը արդեն ավարտվել է, և գարնան շունչն է զգացվում, ինչպիսի՞ զգացողություններ են առաջանում քեզ մոտ:   

-Գարունը վեր կալիսա, ուրխանըմ եմ, արդեն ցրտերը քինումա: Բալա, դե վեր մեծ կնեկ եմ, գարնան կալուն հետ առողջության հետ խնդիրներ ա իլում, բայց տա ինձ չի խանգարըմ, վեր գարունը սիրեմ: Սաղ ալ գարունը սիրըմ են: Գարունը վեր կյամա, հոգսերը շտանըմ են, որովհետև գյուղատնտեսական աշխատանքնին սըկսըմ են:

-Կարծում եմ, որ ջահել ժամանակ բավականին եռանդուն աղջիկ ես եղել, ինչպե՞ս էիր սկսում գարնանային աշխատանքները:

-Մունք մեծ ուրախությամբ էինք սըկսըմ գարնանային աշխատանքները, և’ կեղմն էինք աշխատըմ, և’  կեղից տուս: Էտ վախտ մեր մեջին մեծ խանդավառություն էր իլըմ:

-Ուրախությա՞մբ էիր աշխատում:

-Շա~տ մեծ ուրախությամբ: Ասըմ էին. «Սոնիկ, բեզարըմ չե՞ս», ասըմ էի. «Չէ’,  ես բեզարըմ չեմ, թե տուք բեզարըմ եք, եր կեցեք հանգստացեք»:

-Ի՞նչ աշխատանքներ էիք անում:

-Ամեն աշխատանք ալ անըմ էինք: Սկըզբըմ բոստանները մաքրըմ էինք, ծառերը էտըմ, հետո սըկսըմ աշխատիլը: Բանջարաբոստանային կուլտուրաներ էինք ցանըմ` կարտոշկա, լոբի, սոխ, սխտոր, ճակնդեղ, խիար, պամիդոր: Աման հինչ ալ ցանըմ էինք: Բայց մհեկ գյուղըմ քիչ մարդ կա, 53 ընտանիք կա, որտեղ վաթսուն, վաթսունից պացուր ամուսիններ են ապրըմ: Ուրանք հիմնականըմ գյուղատնտեսական աշխատանքներով չեն զբաղվըմ:

-Սովորաբար ե՞րբ են գյուղում սկսվում գարնանային աշխատանքները:                                 

-Աշխատանքները կախված են եղանակից, վեր մարտ ամսին լավ եղանակա իլըմ, մարտի 20-ից հետո սըկսվըմ են, եթե եղանակը վատա իլըմ, հիմնականըմ ապրիլից են սըկսվըմ:

-Որո՞նք են այն դժվարությունները, որ հանդիպում են գարնանային աշխատանքների ժամանակ: 

-Շատ դժվարություններ կան, ամենամեծ խնդիրը մեխանիզացիայի հարցն ա: Սովետի վախտ մի քանիսը իլալ են, մինչև մհեկ էդ մեխանիզացիան ա: Լավ չի աշխատըմ, ժողովրդին ալ չի բավարարըմ:

-Գարնանային աշխատանքները ինչպե՞ս են փոխվել տարիների ընթացքում:

 -Շա~տ են փոխվալ, շա~տ-շա~տ: Մհեկ ամեն հինչը դժվարացալ ա: Գյուղացիները կեղըմ էնքան չեն ցանըմ, կեղից դուրս են ցանըմ`Ուքնըկալերըմ, Միջնադաշտըմ, Բահռուկետըմ:

-Եթե կարողանայիր, հիմա կաշխատեի՞ր: 

-Էն ալ հունց կաշխատեմ, բա հինչ կանեմ, հենա աշխատիլի մհար հուշս քինում ա: Մհեկ ալ կաշխատեմ, հասակիս եշիլ չեմ: Ես աշխատիլ շատ եմ սիրըմ, համալ աշխատանքն ա ինձ պահըմ: Սենց մի խոսք կա. «Աշխատանքը զարդարում է մարդուն», ես ալ ամբողջ կյանքում աշխատանքով եմ զարդարվալ:

Հ. Գ. -Սոնա, մհեկ էս էն «Բամբասանք» թերթըմ տպիլվե՞ն:
-Տատ, չգիտեմ կաորող ա տպեն:
-Լավ թերթ ա, միշտ կարդըմ եմ, բայց սպասի է, սպասի  անըմը «Բամբասանք» է՞ր…
-Չէ, տատ, «Խաբարբզիկ», համ էլ շնորհավորում ենք քեզ Կանանց միջազգային տոնի առթիվ:

anahit israyelyan

Ջուջևան. այսօր և վաղը

Բազում այլ բնակավայրերի նման Տավուշի մարզի Ջուջևան գյուղում ևս առկա է այն մեծ խնդիրը, որը կոչվում է գործազրկություն: Մեր թաղում, որ մի ժամանակ գյուղի ծաղկուն շրջաններից էր, այնքան մեծ, որ թաղի մեծահասակները բողոքում էին երեխաների աղմուկից, այսօր անգամ երեխա չկա, որ աղմկի: 

Ընդամենը երկու ամիս առաջ, աշխատանք չգտնելով հայրենիքում,  արտագաղթեց մեր հարևաններից մեկը` իր հետ տանելով  ամբողջ ընտանիքը` երկու երեխաներին ու կնոջը: Տարիներ շարունակ նա գյուղում թողնում էր ընտանիքը և միայնակ գնում արտագնա աշխատանքի: Պատկերացրեք` ինչ դժվար կլինի կնոջ համար ընտանիքի մասին հոգ տանելը, երբ տանը չէ ամուսինը, երբ որդին ծառայում է սահմանին, որտեղից գրեթե ամեն օր վատ լուրեր են հասնում, երբ աղջիկը սովորում է տասներկուերորդ դասարանում, և շուտով անհրաժեշտություն է առաջանալու նրան բարձրագույն կրթության տալու, իսկ ընտանիքի ֆինանսական վիճակը հիմա էլ, մեղմ ասած, լավ չէ:
Երկու ամիս առաջ նրանք ամուսնացրին իրենց աղջկան, որդին եկավ բանակից, և նրանք գնացին արտասահման` աշխատելու: Ի՞նչ իմանաս, վաղը գուցե նրանց տղան ամուսնանա օտարերկրուհու հետ, այդպիսով կիսով չափ կորցնելով իր հայ լինելը:
Եթե  անգամ հեռու չգնանք, իմ հայրն էլ, դպրոցում սովորել է գերազանց, համալսարանը ավարտել է կարմիր դիպլոմով (այնքան լավ է սովորել, որ նույնիսկ առաջարկ է ստացել որպես դասախոս աշխատելու), իսկ այսօր ինչո՞վ է նա զբաղված` անասնապահությամբ ու հողագործությամբ:
Այսօր  էլ ես աշխատում եմ լավ սովորել, սովորել այն, ինչ կարող եմ, փորձում եմ յուրաքանչյուրից մի բան սովորել, իսկ վաղը չգիտեմ` ինչ կլինի: Այսօր, որ ես երեք առարկա եմ պարապում, որ իմ ծնողները ամեն օր ինձ տանում ու բերում են Նոյեմբերյան պարապմունքի, որ երկու տարուց ես գնալու եմ սովորելու համալսարանում  ու իմ ծնողները պետք է վճարեն  ոչ միայն իմ ուսման վարձը, այլ նաև իմ այնտեղ մնալու համար գուցե տուն վարձեն ու մնացած ծախսերը հոգան: Թեև սահմանամերձ գոտի ենք, սակայն մեր գյուղին ոչ մի արտոնություն չեն տվել: Այդ ամենից հետո ես կունենա՞մ աշխատանք, որ կարողանամ  վերադարձնել այդ ծախսերը, որ կարողանամ ստեղծել  իմը: Չգիտեմ…

Սիսիանցիները

Բլրի վրա` հին Ղարաքիլիսայի բարձունքում է կանգնած Սիսիանի վեհաշուք եկեղեցին: Այն կառուցվել է 6-րդ դարի 80-ական թվականներին Սյունյաց Վարազդուխտ իշխանուհու միջոցներով` Ս.Գրիգոր Լուսավորչի անվամբ: Եկեղեցու վայրում երորրդ դարում եղել է բազիլիկ եկեղեցի, որը կառուցվել է 270-ական թվականներին: Բյուզանդացիները, մտնելով Սյունիք, ավերում են հին բազիլիկ կառույցը: Դրա փոխարեն Սյունյաց Վարազդատ իշխանուհին կառուցում է Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կանգուն է 2700 տարի: Եկեղեցու արևմտյան կողմը 13-րդ դարում քանդել են մոնղոլները: Երկրաշարժից խոնարհվել է գմբեթը: Եկեղեցու գմբեթը և արևմտյան կողմը մեկ անգամ վերականգնվել է:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Զավեն պապը, ով աշխատում է եկեղեցում, ասում է, որ Ս.Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է Սիսիանի եկեղեցու օրինակով: Հայաստանի առաջին վարդապետարանը եղել է այստեղ: Հայոց գրերի գյուտից հետո` 5-րդ դարի առաջին կեսին, Սյունիքի Անանիա եպիսկոպոսը եպիսկոպոսական աթոռին կից, Սյունի վանքում հիմնել է հոգևոր բարձրագույն դպրոց`«Սյունյաց վարդապետարանը»:

Այնտեղ սովորել են Հայաստանի տարբեր տեղերից եկած ուսանողներ: Ըստ 13-րդ դարի պատմագիր Ստեփան Օրբելյանի վկայության` Սյունյաց վարդապետներին վերապահվել է թարգմանել ու մեկնաբանել Աստվածաշունչը: Անգամ խորհրդային տարիներին եկեղեցին ամեն օր բացվել և փակվել է Արևմտյան Հայաստանից եկած ամուսիների կողմից : Նրանցից հետո մինչև հիմա Զավեն պապն է ստանձնել այդ պարտականությունը: Սյունի վանքը չես կարող պատկերացնել առանց Զավեն պապի: Եկեղեցում կա նաև գաղտնի թունել, որը տանում է գետի ափ:

Զավեն պապը շատ վրդոված է այն հանգամանքից, որ եկեղեցին տարեկան ունենում է ընդամենը 800 այցելու, իսկ Տաթևի եկեղեցի, որը կառուցվել է ավելի ուշ` 10-րդ դարում, և մի քանի անգամ ձևափոխվել է, ավելի շատ այցելու է ունենում: Ասում է`պատճառը Սատանայի կամուրջը և ճոպանուղին են: Ասում է, որ Սիսիանն էլ իր Զորաց քարերով և Ուղտասարով պակաս զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու վայրեր չեն:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Մայրս պատմում է, որ եկեղեցում մի կին էր աշխատում` Զարիկ անունով, ով միշտ ճերմակ էր հագնում, երբ քայլում էր, իր եթերային տեսքով գրավում էր բոլորի ուշադրությունը: Մի անգամ եկեղեցում ինչ-որ բան է կորում, և «միլիցիա Սամոյին» կանչում են հետաքննությունը վարելու: Մութն ընկնելու վրա է լինում, միլիցիոները դիմում է Զարիկին.

-Զարիկ, դռները փակի, գնանք, ուշ է արդեն:

-Չէ, Ասրյան,- ես Աստծո հետ պիտի խոսեմ:

-Այ աղջի, ձեր տանը հեռախոս չկա՞, որ խոսես, պիտի էս ցուրտ տեղա՞ն խոսես:

Այս անեկդոտը խորհրդային տարիներին Սիսիանում մնացած ամենագեղեցիկ հուշերից մեկն է:

Պատմում են նաև, որ 1900-ական թվականների սկզբներին ղարաքիլիսցիներից ինչ-որ մեկը եկեղեցու խաչը գողանում է, տերտերը ժամերգությունից հետո դիմում է ժողովրդին.

-Այ ժողովուրդ, խաչը պերեյք, կանուխ կալույեք ի՞նչը պաչեյք:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Ինչպես տեսնում եք, Սիսիանի պարզ ու ազնիվ ժողովուրդը, ում գորիսեցիները բնորոշում են, թե. «Սիսիանցիք իմանում են մինչև հիմա Լենինը կենդանի է», – կարող են նաև գեղեցիկ անեկդոտներ հյուսել իրենց հավատքի կենտրոնի մասին: