

Ծաղկած ծառերի ժամանակը

Գիտե՞ս` ինչ է կորստի ցավը
Պատերազմից արդեն անցել է համարյա 7 ամիս, ու շատերը հավանաբար մոռացել են, որ պատերազմ է եղել, որ 18-20 տարեկան տղերք են անմահացել։ Նրանք, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ հիմա, մեքենաների երաժշտության ձայնը բարձրացրած անցնում են Երևանի փողոցներով` չմտածելով սգացող մայրերի, քույրերի հոգեվիճակի մասին։
Գիտեք, արդեն 6 ամիս է անցել, ինչ եղբայրս մեզ հետ չէ։ Բայց ես չեմ համակերպվում այդ մտքի հետ, չեմ ուզում հավատալ, որ նա էլ չկա, չի գալու, չի ժպտալու ու չի խոսելու ինձ հետ։ Մինչև հիմա ես ինքս ինձ չեմ կարողանում խոստովանել, որ Սևակս էլ մեզ հետ չէ, որ թողել է մեզ և բռնել է հավերժի ճամփան։
Գիտեք, ինչքան դժվար է, որ դու չես կարողանում համակերպվել այդ մտքին, որ արդեն 6 ամիս է անցել, ու դու չես գնացել եղբորդ գերեզմանին, խունկ չես վառել ու ծաղիկներ չես խոնհարել։ Ինչքան դժվար է, երբ լսում եմ էդ անիծյալ «պատերազմ» բառը ու ինքնաբերաբար ամբողջ ներսս տակնուվրա է լինում, երբ լսում եմ Սևակ անունը, աչքերիցս արցունքները գնում են։
Երբ դու քո մեջ ուժ չես գնում գնալ, դու ինքդ քեզ չես կարողանում խոստովանել, որ ինքը էլ չկա, որ դու ինքդ քեզ համոզում ես, որ կզանգի, կասի, թե ողջ է էսքան ամիս անց, կգա կասի, որ փախել էր, թաքնվել էր, ապաստարան էր գտել իր համար, որ կազդուրվել է, ամեն ինչ հիշել է, տուն է վերադարձել։ Բայց չկա, չէ, ինքը չկա։ Արդեն ժամանակն է ինքս ինձ խոստովանելու։ Գիտեք, ինչքան դժվար է ցավը սրտում պահել և ինքդ քո մեջ տառապել, չկիսվել ոչ մեկի հետ, չասել ոչ մեկին ոչինչ, թե ինչ ես զգում, ինչ է կատարվում հոգումդ, որ չկարողանաս գոռալ ցավից, չկարողանաս լացել, չկարողանաս հավատալ իրականությանը։ Հավատով սպասես, որ եղբայրդ կզանգի քեզ ու կասի, որ ինքը չի մահացել, բայց ամեն անգամ նայելով հեռախոսիդ, սիրտդ փշուր-փշուր է լինում, հոգիդ մղկտում է ցավից։
Սևակ… Դու գնացիր ու քեզ հետ տարար մեր դեմքի ժպիտը, տարար մեր ուրախությունը, մեզ դարձրեցիր սառնասիրտ, դարձրեցիր քար, անզգացմունք ու կյանքից հիասթափված։ Գիտե՞ս, Սև, երբ կուրսընկերս պատմեց, թե ոնց է փրկվել այդ պահին, երանի է տալիս, որ դու էլ փրկվեիր, դու ֆիզիկական ցավից գոռայիր ու չթողեիր, որ մեր հոգիները ցավից գոռային։ Թող ոտք, թև չունենայիր, Սև, բայց մեզ հետ լինեիր։ Մենակ թե իմանաս, թե ինչքան եմ քեզ կարոտել, թե ինչպես է կարոտը խեղդում կոկորդս, իսկ սիրտս ցավից կուչ է եկել։
Իմ հավերժ հերոս, դու միշտ ինձ հետ կլինես, իմ Սևակ։

Լռութեան մը մէջ… Կանձրևէ, տղաս…

ԱՐ ԱՍ ՏՎԱԾ. Առաջին Բառն ու առաջին Տառը
Յուրաքանչյուր լեզու իր այբուբենն ունի։ Յուրաքանչյուր այբուբեն սկսվում է առաջին տառով, և նրա թվային արժեքը 1-ն է։ Եվ սուրբ Բուդդան իր աշակերտ Անանդային մի անգամ ասաց.
-Օ, երանելի Անանդա, այժմ ես քեզ կփոխանցեմ գոյության Կատարյալ իմաստությունը ընդամենը մի՝ Ա տառի մեջ ամփոփված։
Ա-ն (հունական α – ալֆա) գոյություն ունեցող այբուբենների մեծ մասի առաջին տառն է։ Ենթադրվում է, որ այն փյունիկյան ծագում ունի։ Գեղարվեստական գրքերում «аз»-ը (А) – անձնական դերանուն է առաջին դեմքով և խորհրդանշում է ցանկացած պրոցեսի սկիզբ։
Հովհաննես Աստվածաբանի Հայտնության մեջ ասվում է. «Аз есмь Альфа и Омега, начало и конец…» (Ես եմ Ալֆան և Օմեղան, Առաջինը և Վերջինը)։ Ա-ն արարումներից ամենահինն է։ Ա-ն առաջին մարդուն է խորհրդանշում՝ աստվածաշնչյան Ադամին։ Ա տառը համապատասխանում է 1 թվանշանին։
…
Ամեն ինչ մեկից
Հիշենք աստվածաշնչյան խոսքը. «Ի սկզբանէ էր բանն. եւ բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր բանն։ Նա էր իսկզբանէ առ Աստուած»։
Այսպիսով՝ սկզբում «Բան» Բառն էր ( «Բան» բառացի նշանակում է գործ, որն ըստ ակադեմիկ Ն.Մառի համապատասխանում է հունական «ձայն» բառին)։ Եթե Բան բառում Բ տառը փոխարինենք Վ-ով (ինչը չի հակասում լեզվաբանական կանոներին), կստանանք Վան Բառը։
Հետևաբար, ի սկզբանե կարող էր լինել Վան Բառը՝ Վան Աստծուց։ Իսկ արդյո՞ք հայերն այդպիսի անունով աստված ունեցել են։ Ունեցել են և նույնիսկ մի քանի վարիացիաներով. Վան, Վահե, Վահագն, Վանատուր։ Եվ որքա՜ն կատարյալ իմաստություն կարող ենք հայտնաբերել մեկ «ԱսՏված» բառում։
Առաջին բառը՝ Վան (ուան) – մեկ կամ առաջին, անգլ.՝ wan, one – 1 (առաջինը թվային համակարգում)։ Հետևաբար, Հերակլիտոսի բանաձևը գործում է.«Ամեն ինչ՝ մեկից (մեկ ամբողջությունից)։ Մեկից՝ ամեն ինչ»։
ԱսՏված
ԱսՏված բառը առանցքային նշանակություն ունի արխայիկ գիտելիքների վերաշինման գործում։ Աստված բառը կազմված է «աս» և «տված» արմատներից։ Բառացի՝ այս տվող (ստեղծող, արարող)։
Ի՞նչ արեց Աստված սկզբում։ Աստվածաշնչյան պատումների համաձայն՝ նա նախ ասաց, արտասանեց Բառը։ Հետևաբար «աս» արմատը շեշտադրում է Բառը, եթե նաև ուշադրություն դարձնենք հայերենում «ասել» բայի իմաստին։
Եթե առաջին Բառը մեծարենք, ընդգծենք կամ «աթոռին նստեցնենք» (Այս դեպքում պետք է հաշվի առնել իշխանության հատկանիշներով վերագրելու իմաստը՝ համեմատելով հայկական «դիվան» բառի հետ, որ նշանակում է վերջնական որոշում կայացնող, բարձրագույն էակ, օրգան), ապա հայկական «այ» վանկին կարող ենք սիմվոլ ավելացնել, իդեոգրամմա։ Այդ տառը հայերենին բնորոշ «հ» տառը կարող է լինել։ Արդյունքում ստանում ենք հայ բառը։
Հեղինակների կարծիքով արխայիկ առաջին ուսուցիչների ինքնանվանումը այ է եղել։ Նրանք մարդկանց լեզու ու խոսք էին սովորեցնում (Ուշադրություն դարձրեք «դաս», «դասատու» բառերին)։
Գիտական կենտրոնները, դպրոցներն ու գրադարանները Վանի հողերում կոչվում էին վանքեր, հոգևորականները՝ վանականներ, իսկ առաջին բնակավայրերը՝ ավաններ։
Նետերի ծայրերը, դանակները, կացինները և այլ գործիքներ պատրաստվում էին օբսիդիանից (հրաբխային ապակուց)։ Վան աշխարհի բնակիչներն այն վանակատ էին կոչում (վանի կաթ)։
«Կաթը» հնադարյան մտածողության մեջ, հեղինակների կարծիքով, ասոցացվում էր հրաբխի լավայի հետ (լեռները մայր Երկրի «կուրծք» էին հիշեցնում)։ Վանի բնակիչները առաջին ընտելացած կատվին անվանել են «վանակատու», իսկ էշին՝ «ավանակ» ։
Այսպիսով՝ Արարչի աշակերտը՝ Աստծո Խոսքը առաջինը լսածը, Աստծո Որդու (Վահագնի՝ առաջին մարդու) կողմից անվանվեց այ։
Հայկական դիցաբանության համաձայն՝ առաջին մարդը Վահագնն էր՝ Աստվածը և Արարչի որդին՝ վիշապասպանը, որոտաբերը, ջրերի ազատարարը։
Իսկ այը առաջին խոսող մարդն էր, ով այդ իմացությունը (Բառը, Խոսքը) ստացավ, արտասանեց այն և հետո սկսեց սովորեցնել իր աշակերտնեին (աս(շ)ակերտ)։ Այերն առաջին ուսուցիչներն էին (Միգուցե, դրանք Վահագնի 12 աշակերտներն էին)։
Այս ամենից հետո էլ հայկական այբուբենում «այ»-ն առաջնորդեց տառերի շքերթը։
Վահագնի (Աստծո Որդու) աշակերտները սկսեցին իրենց (հ)այեր կոչել՝ որպես առաջին ուսուցիչներ, որոնց առաքելությունն էր մնացածին սովորեցնել Աստծո կողմից տրված լեզվով։ Հասարակ մարդիկ իրենց մոգեր, կախարդներ ու հոգևորականներ էին համարում՝ Աստծո Որդի Վահագնի զավակներ («աս»-«ազ»-«ազգ», այսինքն՝ ասերի ժողովուրդ՝ ազգ, իսկ ասերի տունը կոչվեց Հայաստան, Աստծո լեզվով խոսողների տուն)։
Վահագնի հարսնացուն էր Աստղիկը՝ կինը, որ իր որովայնում կրում էր աս տղիկ, փոքր տղա։
…
Ինչու՞ էին մարդիկ Վանի բնակիչներին վաներին ու ասերին աստվածներ կոչում։ Զարմանալի պատասխանը կարելի է գտնել հին սկանդինավյան սագաներում։
Հին սկանդինավները և գերմանացիները՝ եվրոպական քաղաքակրթության հիմնադիրները, համարում էին, որ իրենց նախնիները եկել են Ասիայից և եղել են Ասեր ու Վաներ, այսինքն՝ հզոր, քաջ ու իմաստուն Աստվածներ։
Երկնային թագավորություն Ասգարդում ապրում էին ասերն ու վաները։ Պրոտոեվրոպացիների գլխավոր աստվածը աս Օդինն էր (Վոդեն, Վոթան), որը տեղացիներին շատ արվեստներ էր սովորեցնում, այդ թվում նաև գրեր՝ ռունագրեր։ Ասերը և Վաները եկել էին Ասալանդից և Վանալանդից, որոնք գտնվում էին Տանայիս (Դոն) գետի հունից արևելք, որը հին աշխարհը բաժանում էր Եվրոպայի և Ասիայի։ Ջրհեղեղից հետո շատ հողեր ու տարածքներ հայտնվեցին ջրի տակ, և Տանայիսով կարելի էր հասնել Վանալանդ (Վան ծովի մոտ գտնվող վաների հողեր)։
…
Ճիշտ են այն հետազոտողները, ովքեր կարծում են, որ հնագույն հայերենն աշխարհի բոլոր հայտնի կենդանի լեզուներից ամենահինն է։ Աստվածություն դարձած Վահագնը Վանի բնակիչներին սովորեցրեց մի խոսք, որով խոսողներն իրենց անվանեցին «հայ» կամ «ասող»։ Պատահական չէ, որ հին երկիրը, որտեղ բնակիչները խոսում էին հայերեն («հայերեն ասող»), ստացավ Հայասա անունը։
Աս արմատը վերափոխվեց Ար-ի (լույսի և արևի էթնիկ աստվածության), Արամի («արա մարդ»՝ պայծառ, աստվածային, իմաստուն մարդ)։ Երկրները, որտեղ ապրում էին Արամները և խոսում էին Արամի լեզվով (վաներենով, հայերենով), կոչվեցին Արատտա, իսկ հետո Արմենիա կամ Հայաստան (Հայ աստվածների տուն)։ Արշալույսի (Արշալույս. առ սա լույս՝ վերցրու այս լույսը, ընդունիր այս արևը) և արևամուտի երևույթը դարձավ այս ժողովրդի սիմվոլը։
Պրոֆեսոր Գրիգորի Վահանյան և արվեստագիտության թեկնածու Վահան Վահանյան
Հատվածներ «ԱՐ ԱՍ ՏՎԱԾ» հոդվածից
Թարգմանությունը ռուսերենից՝ Մարիամ Տոնոյանի

Լույսի ու խավարի արանքում

Իսկ դու մանուկ եղե՞լ ես
Չգիտեմ… Գուցե կյանքն էլ հեքիաթ է, այն հեքիաթներից, որ տատիկս էր պատմում ինձ համար, իսկ ես կլանված լսում էի։ Հիշում եմ, սիրում էի մի պատմություն, որ նա միշտ պատմում էր մի մոր և որդու մասին։ Դա երևի շատերը լսած կլինեն։ Մոր սրտի մասին, որ անկախ ամեն ցավի, որ որդին էր նրան տվել իր սիրելիի պատճառով, միևնույն է, մոր սիրտը ցավում է, երբ տղային որևէ բան է պատահում։
Իսկ մե՞նք… Չէ’, մենք գնահատել չգիտենք, ոչ մի դեպքում սովորել չենք ուզում, նույնիսկ պատերազմը մեզ չսթափեցրեց։ Մենք կորցնելուց հետո անգամ չենք գնահատում կամ գուցե գնահատում ենք, բայց երբեք չենք խոսում այդ մասին։ Մենք հեշտ ենք համակերպվում, հեշտ ենք հաշտվում ու հանձնվում։ Երբեք չենք ափսոսում ունեցածի ու կորցրածի համար։ Երբեք չենք գոռում մեր կորցրածի համար, չնայած, որ դա անիմաստ է լինում արդեն։ Մենք չենք գոռում, իսկ ինչո՞ւ…
Թող աշխարհը ետ վերադարձնի այն, ինչ մի օր խլել է մեզնից։ Թող ետ բերի նրանց, ում Աստված իր մոտ է տարել։ Ես էլ չեմ կարող, հոգիս գոռում է ցավից, ես լուռ եմ, բայց սիրտս, ա՜խ, նա այնպե՜ս է ուզում տեղից դուրս թռչել ու դուրս գալ իմ միջից, ատում է ինձ նա, շատ եմ ցավեցրել` գիտակցաբար ու անգիտակցաբար։
Երբեմն ուզում եմ գնալ բոլորից հեռու։ Ոչ ոք չի հասկանում, բայց ես չեմ ուզում մի օր կորցնել նրանց, ում ունեմ հիմա կամ կարծում եմ, թե այդպես է, իսկ իրականում` չունեմ։ Ես չեմ կարող նստել ու մտածել, որ մի օր նրանց էլ կկորցնեմ։ Չեմ ուզում… Իմ կյանքում ես միայն կորցրել եմ, երբեք չեմ գտել, իսկ գտածս էլ շատ հեշտ եմ բաց թողել ու հաշտվել եմ` կարծես այդպես էլ պիտի լիներ։
Չէ’, տխուր եմ, չգիտեմ` ինչու, չգիտեմ` ինչպես, բայց լացել եմ ուզում, անդադար լացել։ Մարդիկ մտածում են, թե դա ամոթ է, բայց չէ… Իսկ ո՞վ գիտի, թե ինչքան եմ լացում։ Լացում եմ ամեն գիշեր, բայց ո՞ւմ եմ ցույց տալիս, հարցրեք խնդրեմ, առավոտյան ո՞վ է նկատում։ Լացելուն էլ ձև կա։ Ես նրանցից չեմ, որ ուրիշների մոտ են լացում` ցույց տալու համար, չէ’, ես գիշերն եմ լուռ ցավում, ու արցունքները խեղդում են կոկորդս, ցավս խորն է։
Բոլորը ասում են, թե մազերս ճերմակել են, դե, իսկ ես չեմ զարմանում, որովհետև գիտեմ, որ կյանքն ինձ շուտ է մեծացրել։ Ես շուտ մեծացա, չունեցա մանկություն, չունեցա ընկերներ բակի, չունեցա մանկական խաղեր, չունեցա երազանքների իրականացում, չունեցա հարազատ ընտանիք, որտեղ ամաչելու փոխարեն կարող էի կիսվել իմ խնդիրներով, չունեցա ոչինչ, բայց պայքարեցի հանուն այն կյանքի, որի մասին մանկուց սկսեցի երազել։ Մեծ ճանաչում, մեծ շրջապատ, մեծ հաջողություններ, գուցե մի օր էլ մեծ սեր ու մեծ ընտանիք, որտեղ իմ փոքրիկները կունենան մանկություն, իսկ ես երջանիկ կլինեմ մի օր։
Չունեցա, ափսոսեցի, բայց հաշտվեցի։ Ու երբեք չգոռացի մարդկանց վրա, թե ինչու ես մանուկ չեղա…
Չգոռացի, ու կյանքը անցավ, անցավ ու գնաց ինչպես մի օր, որտեղ մե՜ծ պատմություն եմ թաղել, թաղում եմ ամեն օր, թաղելով նաև ինձ ու ամեն բան, որ եղել է անցյալում, որովհետև անցյալը թաղել է պետք, որովհետև այն, ինչ ունես ու ինչ պետք է քեզ այնտեղից, դու դա կհիշես ամբողջ կյանքում։ Ասում են` հին օրագրերը չեն պահում, իսկ ես պահում եմ, երևի դժվար է պոկվել հիշողություններից ու այն ցավերից, որ լցրել ես այդ թղթերի ամեն տողի մեջ, հետո ծածկել, որ իրար կպչեն ու մի բուռ դառնան, ու չկարդաս:
Գիշեր է… Համեցի’ր, բարեկամս, արի’ լացենք, ես քեզ առավոտյան հասարակությանը ժպտալ կսովորեցնեմ։
-Իսկ դու մանուկ եղե՞լ ես…

Մենք նման ենք իրար
Մենք նման ենք իրար։ Մենք սիրում ենք, ժպտում, լացում, ուրախանում, բարկանում, մենք ապրում ենք նույն կյանքը և փորձում ենք գույներ հաղորդել մեր կյանքին։ Ես մի վրձնահարվածով ներկում եմ կյանքս վառ գույներով, դու գույների կանչն անգամ չես լսում, դու փորձում ես համեմատվել, իսկ ես լռել չեմ սիրում, ես սիրում եմ գրքերի բույրը, իսկ քեզ երիցուկինն է գրավում։
Ոչ, մենք տարբեր ենք, մենք ապրում ենք նույն կյանքը, բայց այն այնքա՜ն տարբեր է։ Մենք ապրում ենք մեր սեփական աշխարհում, մենք ստեղծել ենք մերը, որտեղ ոչինչ մեր կամքին հակառակ չէ, այնտեղ մեր երազներն են, մեր հոգին է։
Երեկ, երբ սովորականի պես դասարանում նստած գրքերի էջերն էի թերթում, ակամա հայտնվեցի իմ գունեղ աշխարհում։ Ես զբոսնում էի, և փնտրում էի մեկին, ում կարող եմ ցույց տալ իմ աշխարհը, բայց ոչ ոքի չգտա։
Ես նկատել եմ, որ տարբեր եմ նրանցից, ես չեմ կարող բացել իմ աշխարհի դռները, չեմ կարող ցույց տալ ներսի հրաշալիքները։ Ես սիրում եմ արդարության, սիրում եմ գրքեր և կարող եմ ժամերով խորասուզվել նրանց մեջ, սիրում եմ փոփոխություններ, սիրում եմ գտնել տարօրինակ հարցեր և տալ դրանց հետաքրքիր պատասխաններ: Սիրում եմ արվեստ, գույներ, սիրում եմ բնությունը, գյուղս, ես սիրում եմ ինձ։
Ես փնտրում եմ ինձ նման մեկին, մենք կխոսենք գրքերի մասին, կուսումնասիրենք աշխարհը։ Ես կլինեմ այն ջրի կաթիլը, որից օվկիանոս է գոյանում, ես կփոխեմ քեզ և աշխարհը, և դու կտեսնես այն իմ պատուհանից։

Տղամարդիկ
Տղամարդու ուժը հայ «տղամարդկանց» շրջանակում գնահատվում է մի քանի հիմնական դրույթներով՝ ֆիզիկական ուժ, լեզվի ճկունություն, որն ապահովում է «ճշտի» մասին բանավեճերում հաղթանակ, երբեմն փող բերում կամ տալիս շահավետ ծանոթություններ, և վերջապես, ինչը երևի ամենակարևորն է, թե որքանո՞վ է կարողանում «ուժեղ տղամարդը» իր կնոջը, քրոջը կամ աղջկան «բռի մեջ պահել»։ Եթե վերոհիշյալ բոլոր դրույթներին համապատասխանում ես, բայց կնոջդ «բռի մեջ չես պահում», ուրեմն մոռացի՛ր այլ «տղամարդկանց» հարգանքի մասին։
Ես մեծանալով այնպիսի ընտանիքում, որտեղ տղամարդու առաքելությունը չի եղել «բռի մեջ պահել» իր կնոջն ու աղջիկներին, որտեղ հայրը ամեն հնարավորինս արել է, որ իր աղջիկները մեծանան ինքնուրույն, կայացած, ուժեղ և ոչ մեկից կախում չունեցող կանայք, բացարձակ այլ պատկերացումներ ունեմ ուժեղ հայ տղամարդու մասին։
Ըստ իս՝ ուժեղ հայ տղամարդը պետք է նախ և առաջ ծառայի Հայաստանի Հանրապետության բանակում, ցանկացած ոք, ով խուսափում է կամ արդեն խուսափել է ծառայությունից, այս կաղապարի մեջ արդեն չի կարող տեղավորվել։
Տղամարդը պետք է ունենա արժանապատվություն, հարգանք այլոց աշխատանքի և կյանքի նկատմամբ։
Տղամարդը պետք է հարգի և գնահատի կնոջը։ Կնոջ իրավունքներն ու ցանկությունները սահմանափակող, կնոջ նկատմամբ բռնություն իրականացնող տղամարդը նվազագույնը ինքնագնահատականի լուրջ խնդիրներ ունի։ Եթե միավորեմ իմ՝ ուժեղ տղամարդ լինելու մասին պատկերացումները, ապա կարող եմ ամփոփել հետևյալ կերպ․
Տղամարդու ուժեղ լինելը գնահատվում է նրա՝ կնոջ, հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։
Ավաղ, վատ կրթությունը, մոռացված հայկական արժեքները բերեցին նրան, որ արժանապատիվ, ուժեղ հայ տղամարդու նկարագիրը վերածվեց փողոցում ամբողջ օրը արևածաղիկ և ծխախոտ սպառող կամ բազմոցին նստած, տղամարդուն ոչ հարիր հատկանիշներով անձանց ձևավորմանը։ Ու արդյունքում այդ անձինք իշխանության բերեցին իրենց իսկ հայելային արտացոլանքը։
Կապիտուլյացիայի՝ դավաճանական պայմանագրի ստորագրումից հետո, քիչ չեն եղել դեպքերը, երբ ոստիկանական ուժերը բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ։ Բայց պետք է մատնանշել, որ բռնությունը և անհարգալից վերաբերմունքը տեսանելիորեն շատ է հենց կանանց նկատմամբ։ Սա բավականին բնական է, բայց ոչ օրինաչափ։ Բնական է, որովհետև հենց այդպես է վարվում թույլ, ինքնահաստատման կարիք ունեցող տղամարդը։ Անկեղծ ասած, տղամարդ բառը ճոխություն է այդպիսի երևույթներին բնորոշելու համար։
Ապրիլի 7-ին, մայրության և գեղեցկության օրը, կանանց նկատմամբ բռնություն իրականացրած ոստիկաններն այլևս չեն կարող քողարկել իրենց գործողությունները «Հրաման եմ կատարում» արտահայտությամբ։ Դուք ոչ միայն վարկաբեկում եք ոստիկանի մասնագիտությունը, այլև չեք կարողանում համապատասխանել ձեր հիմնական դերին, որը կարծես թե բնությամբ էր տրված․․․
Տղամարդ եղե՛ք․․․

Հատիկ
Հովհաննես Հովհաննիսյան
Հատիկ
Լույսը բացվում է. շուտ արտը գընամ.
Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի.
Իմ սիրո՛ւն հատիկ, քեզ նորան պահ տամ
Մինչև օրերը ամռան արևի։
Թաղեմ քեզ, հատի՛կ, և դարդըս քեզ հետ.
Թե Աստված ուզեց, դու կանաչեցիր,
Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ,
Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի՛ր։
Եվ ջերմ աղոթքով Տիրամոր առջև
Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծըխեմ,
Որ քեզ պարգևե մի առատ անձրև,
Որ քեզ միշտ սիրով նայե խնդադեմ։
Բայց թե այդ շնորհին մեղքերիս համար
Արժանի չլինիմ, ծով կըդարձնեմ
Ես տաք քրտինքը ճակտիս արևառ,
Որ քեզ, իմ հատի՛կ, ծարավ չըթողնեմ։
Ծըլի՛ր, կանաչի՛ր, ոսկե սավանով
Ծածկի՛ր իմ արտը ողջ ալեծածան,
Նոր այն ժամանակ անուշ շրշյունով
Տո՛ւր ջարդված սրտիս մի քուն հանգստյան։