Ինձ բացակա չդնեք. Գոռ Օհանյան

Մեր դասարանում մի խելոք տղա էր սովորում, ով թեպետ շատ համեստ ու հավասարակշռված էր, բայց որտեղ կռիվ լիներ, առաջինը ինքը կգնար մասնակցելու։ Գոռն էր այդ տղան ` հաղթանդամ, ամրակազմ, բարձրահասակ, թիկնեղ ու արծվաքիթ։ Հենց սկսում էր շարժվել Գոռը, կարծես մի հսկա քայլելիս լիներ։ Խոշոր ձեռքեր ուներ նա, խիստ հայացք ու բարի աչքեր։ Թեև լավ չէր սովորում, բայց առաջինը ինքն էր մտնում դասարան առավոտ շուտ։ Տարվա վերջում էլ գրքերը հանձնելիս բոլորս կատակում էինք. «Ամենալավը Գոռն է պահում իր գրքերը, էջերը` մաքուր ու սպիտակ, թերթերը` չբացված»։

Հիմա այն ժամանակվա նման չենք ծիծաղում, որովհետև Գոռը վերևից կլսի մեր բարձր ձայնը ու կնեղանա, որ առանց իրեն ենք հավաքվել։ Ո՜վ կպատկերացներ, որ մի օր երանի կտանք այդ  հուշացած ակնթարթներին։ Հիմա ետ եմ շրջվում ու դպրոցական լավագույն հուշերումս միայն քեզ եմ տեսնում, Գո՛ռ։

Գոռը չկարդացված գիրք էր։ Ժպտում էր, ու փոքրացած աչքերի մեջ տխրության մի խորունկ ծով էիր նկատում։ Հիմա  դպրոցում Գոռին ենք փնտրում` իր դասասեղանը, աթոռը, փնտրում ենք ու մեկ էլ կանգ առնում. ախր, Գոռն ամենուր է։ Դպրոցում մի գործ չկա, որ ինքը արած չլինի։ Արդեն բոլորը սովորել էին. հենց օգնության կարիք էր լինում,  բոլորը վազում էին մեր դասասենյակ, նայում մեկ ուսուցչին, մեկ մեզ ու վերջ, Գոռն արդեն գիտեր իր անելիքը. ձեռքերը բռունցք էր անում, սպիտակ ատամներով ժպտում ու ծանրաքայլ դուրս գալիս դասասենյակից։ Գոռն ամենուր է։ Նա այնքան լավն էր, որ դասի չեկած օրերին անգամ ուսուցիչները մատյանում բացակա չէին դնում։ Բոլորիս ականջներում Գոռի ձայնն է անընդհատ հնչում, ու հերթով սկսում ենք պատմել չխոսկան Գոռի հետ ունեցած մեր կցկտուր խոսակցությունները։

Երբ Տավուշ գնաք, անպայման այցելեք Գոռի գերեզմանին։ Ծաղիկներ կտանեք ձեզ հետ, անպայման դաշտային, որովհետև մեր Գոռը իսկական սարեցի էր, Սադիր սարի թագավորը։ Կկանգնեք բարձունքում ծածանվող եռագույնի մոտ ու կնայեք շիրմաքարին` Գոռ Գագիկի Օհանյան, 2001-2020։ Բայց հանկարծ ձեր հայացքը չխոնարհեք, այլ կնայեք վեր, վե՜ր, որտեղ սավառնում է լուսաշող տղայի հոգին։ Կփնտրեք նրա կերպարանքը խռովված երկնքում ու կզրուցեք Գոռի հետ։ Ինքը չի պատասխանի ձեզ, ինչպես երբեք չէր պատասխանում մեզ, այլ լուռ լսում ու միայն ժպտում էր։ Հիմա էլ չի խոսում մեզ հետ։ Նեղացե՞լ ես մեզնից, Գոռ։

…Գոռի փառքի անկյունում ամփոփված է նրա կարճ ջահել կյանքը։ Լուսանկարներ, որոնք տակնուվրա են անում ապրողներիս հոգիները, հուշեր, որ ժապավենի նման սահում են մեր աչքերի առջևով, արցունքներ, անսահման, անսահման, ու մայր հող, որ մատղաշ տղերքին իր գիրկն է առել։ Գոռի անկյունում առաջինը վերցնում եմ փոքրիկ նոթատետրը։ Գոռը, որ դպրոցում չէր ուզում մի տառ անգամ գրել, իր նման մանրիկ տառերով շարադրել է. «Մահը կյանքի ամենամեծ կորուստը չէ։ Ամենամեծ կորուստն այն է, ինչ մեռնում է մեր մեջ, երբ մենք դեռ ողջ ենք»։ Խրոխտ տղա, դու շարունակում ես հրեշտակային ժպիտովդ ժպտալ, իսկ մենք դեռ երկար ժամանակ ենք սգալու։ Սև հագիր, սևսիրտ մարե…

Գոռ Գագիկի Օհանյանը ծնվել  է 2001թ. հուլիսի 25-ին Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Գոռը ինը տարի սովորել է Տավուշի միջն. դպրոցում, ապա ուսումը շարունակել Բերդի բազմագործառութային պետական քոլեջում` խոհարարի մասնագիտությամբ։ Դեռ փոքր տարիքից ընտանիքի հոգսերն ուսերին առած` անտրտունջ ու անխոնջ աշխատում էր Գոռը։ Երկու եղբայրներից իրապես տարբերվում էր տղան. ուրիշ բնավորություն, հայացք, սիրտ ուներ նա։ Շատ ուշադիր էր տատիկի ու հոգատար մայրիկի հանդեպ։ Լռակյաց ու չխոսկան Գոռը իր նպատակների մասին ոչ ոքի չէր պատմում, այլ պահում էր սրտում, որ կամաց-կամաց իրագործի։ Բայց ամեն ինչ պիտի սպասեր. ժամն էր մեկնել հայրենիքի պաշտպանության։ Գոռը բանակ է զորակոչվում 2019թ. դեկտեմբերի 19-ին ու ծառայության անցնում  Ջաբրայիլում։ Շարքային Օհանյանը կարգապահ էր ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական կյանքում։ Նրան սիրում ու հարգում էին զինվորից մինչև հրամանատար։ Գոռի ծառայության իններորդ ամսում սկսվեց պատերազմը։ Առաջինը արձագանքելով հրամանատարի կոչին` մեկնել առաջնագիծ, տավուշցի հերոսը առանց վարանելու ելնում է մարտի։ Գոռը կռվեց Հադրութում, ապա Ֆիզուլիում, կռվեց 23 օր քաջաբար ու հերոսի պես, կռվեց վահանով ու եկավ վահանի վրա։ Նրա զոհվելու մասին լուրն առանք հոկտեմբերի 21-ին, իսկ վերջին անգամ ընտանիքի անդամները Գոռի ձայնը լսեցին զոհվելու նախօրեին։ Օրեր շարունակ անքուն մնացած, ոտքերին կապտուկներ առաջացած, հոգին վրեժով լցված, կարոտը սրտում պահած Գոռը կյանքը նվիրեց հայրենիքին։ Ու թեպետ ժամանակից շուտ «զորացրվեց», բայց հիմա էլ Նվարդ մայրիկը շարունակում է որդու ետդարձի օրերը հաշվել արցունքով, հպարտությամբ, ցավով։ Գոռ Գագիկի Օհանյանը ապրեց 19 տարի` անունը ոսկե տառերով գրելով մեր պատմության արյունոտ էջերում։

Նա շատ երազանքներ ուներ։ Եկեք որդեգրենք դրանք ու տեր լինենք նրա անընդգրկելի մեծ գործերին։

marat sirunyan

ԲԱԽՏԻ ԽՈՓԸ

Մի խոփ կապած եզան ուսին,

Իր այդ միակ արտի հույսին,

Մի գյուղացի իր ծեր հալին

Եկել էր արտ՝ վար ու ցանի:

 

Եզն էլ իր պես կյանք էր տեսել.

Քանի՛ թազա խոփ էր մաշել,

Քանի՛ մարդու հոգս էր քաշել,

Բայց իր գործից ձեռք չէր քաշել:

 

Ո՞ւմ բողոքեին այս փուչ կյանքից.

Երկու իրար հին բախտակից,

Մեկի որդին չեկավ կռվից,

Մեկին զրկին իր «շնորհից»:

 

Ու դարդերը իրար տալով,

Հո ու ջան իրար խառնելով,

Քրտինք սուրբ հողին շաղ տալով՝

Ապրել էին գերդաստանով:

 

Բայց կյանքն էր մահից դաժան,

Քանդեց մի ողջ գերդաստան,

Թողեց անտեր, անտիրական

Խեղճ գյուղացուն` հետը եզան:

 

Մյուս որդին՝ ջահել-ջիվան,

Դարձավ ղարիբ անօթևան:

Քանի երամ եկավ անցավ,

Մեկ է՝ որդուց լուր չստացավ:

 

Ցավը ընկավ իր կնոջ ջան,

Ու մահն անգութ տարավ նրան:

Մնաց ինքն ու դուստրը` Աննան,

Մեկ էլ եզը` ախոռապան:

 

Աղջկան էլ տվեց հեռու

Գավառական մի շան որդու:

Մնաց միայն հույսն ապրելու

Վերադարձը պանդուխտ որդու:

 

Օրեր անցան. եկավ որդին,

Խնդությունով լցվեց հոգին,

Անգամ ուզեց մորթել եզին,

Բայց քարացավ` խոսքից բալի.

 

- Հայրիկ, կերթամ` եղբորս նման,

Էրգրի կռվին, մահի բերան:

Բայց ետ կգամ ես անպայման,

Կշենանա քու գերդաստան:

 

- Աստվաձ քեզ հետ լինի, որդի՛,

Բարով երթաս, գալդ բարի:

Քանի եզանս խոփը կաբրի,

Քու ամեն զարգն Աստված կօրհնի:

 

Եզան առաջ մեղա գալով,

Հին դարդերը իրար տալով,

Հո՛ ասելով, ջա՛ն լսելով՝

Մի գարուն էլ բերին զոռով:

 

Հալվեց կորավ սարերի ձյուն,

Բայց դարդեր դեռ կային հոգում:

Ծաղիկ տվին ծառերն այգում,

Բախտի ծառը դեռ չի ծաղկում:

 

Արտ էր գնում՝ աղոթք շուրթին.

- Աստվա՛ծ, խոփը չառնի քարին:

Ու ապրում էր՝ աչքը ճամփին,

Բոլորել էր քանի՛ տարի:

 

Ահա խեղճը՝ ճեփ-ճերմակած,

Եզան մեջքը ոսկրոտած,

Սպասում են մի խաբարի.

«Աստված խոփը չառնի քարի»:

 

Ու հենց էսպես` մահից դաժան,

Կյանքն էին քաշում ` խոփի նման:

Միտք էին անում` ջահել չեղան,

Օրերի հետ ո՞նց ծերացան:

 

Ու մի օր էլ հավքի թևով

Լուրը հասավ, եղավ գեղով…

Ի՞նչ անեծքով ու չար ձեռով,

Խոփը զարկվեց ժեռ քարերով:

 

Էլ էդ օրից ինչպե՞ս չասենք,

Ախր, Աստծուն ո՞նց չանիծենք,

Ո՞նց չլացենք ու պահանջենք

Ինչպե՞ս գինու թասով չասենք`

 

Հե՛յ վախ, հեյ վա՛խ

էն գլխից էր խոփը ջարդել

Խեղճ գյուղացու բախտի քարը:

Էն գլխից էր ջուրը տարել

Բախտ հորինող ջաղացքարը…

Vardik Barxudaryan

Երկրաշա՞րժ, թե՞ գանգատ

Օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժը ցնցեց հայ ազգիս։ Շատերը չեն էլ հասկանում ինչ է կատարվել, շատերին չի հետաքրքրում, շատերը կարծում են պարզապես երկրաշարժ էր, իսկ մի մասն էլ մտածում է, որ սա տղերքի գանգատն էր։ Ես էլ այդ մի մասի մասնիկն եմ։

Տղերքը դժգոհ են…
 Ուզում էին սթափվեք, որովհետև մենք չենք ուղղվում: Միևնույն է, մնում ենք այնպիսին, ինչպիսին կանք ու շարունակում ենք չգնահատել։ Մարդն այսպիսինն է. չի գնահատում յուրաքանչյուր պահը, ժամը, րոպեն, վայրկյանն անգամ, իսկ երբ գալիս է մի պահ, երբ կորցնում են ամեն ինչ, ասում են, որ ժամանակ չկար, չհասցրին։

Երկրաշարժը բոլորիս բառիս բուն իմաստով ցնցելու, թափահարելու համար էր, որպեսզի հասկանանք, թե մեզնից ով ինչ է ուզում և ինչի համար։ 
Մենք պետք է պարզապես արթնանանք այս խորը քնից ու նայենք վեր, որտեղ մեր տղերքն են, հերոս տղերքը։ Մարդիկ որդի են կորցրել, սիրած տղա, ընկեր, հարազատ, իսկ մենք դեռ չենք սովորել գնահատել ամեն մի ակնթարթը։

Իրականում խղճում եմ չգնահատող չգնահատվածներին:

Պայքարելու մասին

Հետաքրքիր բան է երևակայությունը, նաև՝ տարօրինակ։ Մի օր զվարթ պատկերներ է ստեղծում, մեկ այլ օր էլ թափառում է իր իսկ ստեղծած մառախլապատ աշխարհում։

Ես բարդ բնավորության տեր մարդ եմ, սովորաբար դժգոհ և ունքակախ։ Ինձ զարմացնելն այնքա՜ն բարդ է դարձել, որ վերջերս այլևս ոչ մեկին չի հաջողում անել դա, դե՜, բացառություն է սեփական երևակայությունս։ Վերջինս միշտ ինձ հետ է, բնական է, միշտ գործում է ու հավիտենական զրուցակիցս է։ Մինչ այսօր հիշում եմ անցած տարվա հունվար ամսվա ճամփորդությունս դեպի Ջրվեժ, որի ընթացքում ինքս ինձ համար նոր աշխարհ բացահայտեցի։ Այդ նոր աշխարհը երևակայությանս մեջ էր, դրա թաքնված անկյուններից մեկն էր։

Հունվար ամիսն էր․․․ Ամենուր ձյան ճերմակ շերտ էր նստած։ Քոլեջի երեխաներով և ուսուցիչներով սահնակ քշեցինք, ձնագնդի խաղացինք, բայց դեռ առույգ էինք ու հեռանալ չէինք ուզում, սակայն արդեն վերադարձի ժամն էր հասել։ Չէինք կամենում հեռանալ, դրա համար էլ դանդաղ էինք քայլում այն ճանապարհով, որ դեպի ավտոբուսն էր տանում։ Դեռ 2019 թ-ի թախծալի իրադարձությունների տակ էի, դեռ նեղված էի ու առանձնացա բոլորից։ Միայնակ մտքերիս մեջ՝ հայացքս գետնին ուղղեցի․ ամենուր ձյուն էր, իմ սիրելի եղանակն էր։ Եվ հանկարծ հասկացա, որ ես ներկայում չեմ, այլ մեկ այլ աշխարհում եմ սավառնում։ Երկինքը նուրբ կարմիր երանգով էր պատված, շուրջ բոլորս ծաղիկներ էին՝ տարբեր-տարբեր, ու զեփյուռն էր մեղմ երգ երգում։ Ապշեցի ու զարմացա․ այն երևակայական աշխարհում, ուր միշտ մռայլ ու անձրևոտ եղանակն էր տիրում, ուր դժկամ բողոքներն էին անվերջ հնչում, արև ծագեց, ու ծաղիկներ բուսնեցին։ Եվ հասկացա, որ երջանիկ ու անհոգ եմ, քանի որ ապրում եմ, քանի որ ծնվել եմ։

Ու հիմա 2021 թիվն է։ 2020-ը սարսափելի տարի էր: Նորից անմխիթար վիճակում էի, բայց մեկ է, նույնն եմ։ Շուրջս հնարավորություններով ու փորձություններով լի հսկա աշխարհն է, այն երախը բաց ինձ է սպասում, որ փշրի ոսկորներս, ճզմի ջիլերս, կուլ տա ու հանգիստ շունչ քաշի… Բայց ես հիմա մեծ եմ, էլ ավելի համառ եմ և ընդունում եմ նրա մարտահրավերը։ Ես պատրաստ եմ դիմակայել նրան ու թե ընկնեմ, ապա վայրկյաններ անց ոտքի կկանգնեմ:

taguhi aghasyan

ՀՊՄՀ-ի ուսանողը

Երեկ համակուրսեցիս մի հումորային տեսանյութ ուղարկեց ինձ: Ես սկսեցի նայել: Սկզբում ամեն ինչ ծիծաղելի էր: Այդ տեսանյութում համապատասխանեցվում էին համալսարանները ու ինչ-որ երգեր: Հերթը հասավ ՀՊՄՀ-ին: Ես սպասում էի, թե որ երգն է համապատասխանում մեր համալսարանին: Հնչեց «Ռեինկարնացիա» խմբի «Էլի լավ ա» երգը: Ըստ այդ տեսանյութի, մեզ՝ Մանկավարժական համալսարանի ուսանողներիս համար, այստեղ ընդունվելն էլ է լավ՝ էլի լավ ա: Ես չորոնեցի, թե ով է տեսանյութի հեղինակը մտածելով, որ ուղղակի կատակ է, բայց հիշեցի իմ դպրոցում սովորելու ժամանակները: Հիշում եմ, որ դասընկերներս որոշել էին, որ երրորդ կամ չորրորդ հայտով կնշեն Մանկավարժական համալսարանը, քանի որ ըստ նրանց՝  այստեղ ընդունվելը շատ հեշտ էր թվում: Երեխաները հաճախ են դժգոհում, որ դասավանդող ուսուցիչները չեն սիրում իրենց աշխատանքը ու դժգոհությամբ են աշխատում.  դե, իհարկե, դա նորմալ է. հենց նրանք են այն մարդիկ, որ վստահորեն չորրորդ հայտով նշել են Մանկավարժականն ու ընդունվել, իսկ դա չսովորելուց «էլի լավ ա»:

Մանկավարժ լինելը խաղուպար չէ: Մանկավարժական ընդունվողների համար ոչ թե էլի լավ ա, այլ` շատ լավ ա: Ես մի ողջ տարի աշխատել եմ ու մեծ ուրախությամբ ընդունվել այս համալսարան ու հիմա էլ մեծ սիրով սովորում եմ, որպեսզի վաղվա օրվա զինվորի համար լավ ուսուցիչ լինեմ: Ես շատ եմ սիրում մեր համալսարանը ու շատ ուրախ եմ, որ համակուրսեցիներս էլ ինձ նման մեծ նվիրումով են հաճախում դասերին ու մատների արանքով չեն նայում դասերին:

Gohar Petrosyan

Թռչունները թռչում են տարբեր ուղղություններով

Գիտեմ, որ թռչունները թռչում են տարբեր ուղղություններով
Հուսով եմ` կրկին կտեսնեմ քեզ…

Ամեն անգամ, երբ լսում եմ այս երգը՝ աչքիս առաջ դու ես երևում: Բառերը ճիշտ են ընտրված, որ լսելիս կարող եմ զգալ ամեն տողը, որովհետեւ իրոք ուզում եմ հավատալ, որ օրերից մի օր կտեսնեմ քեզ:
Չնայած, առանց երգն էլ լսելու, միևնույն է, միշտ քո մասին եմ մտածում, պարզապես երգը ներսս իրոք տակնուվրա է անում: Քեզ կորցնելու ժամանակ շատ պատահաբար լսեցի ու դարձրի բացակայությանդ ամեն վայրկյանը հիշեցնող խորհրդանիշ, որ գոնե քարացած տեսակս մի փոքր թուլանա այն լսելիս, որ կոկորդիս խեղդող քարը մեկ-մեկ կոտրեմ ու չմոռանամ արցունքները այնպես սրբելու մասին, որ որևէ մեկը անքնությունից զատ այլ բան չկարծի:

Չգիտեմ էլ, թե այսօր ամսի քանիսն է, գիտեմ միայն ամիսը, ու գիտեմ, որ շուտով ծննդյանդ օրն է: Ծանր գրաֆիկս է անհանգստացնում, մտածում եմ մի բան անեմ, որ գոնե այդ օրը կարողանամ կողքիդ լինել: Գիտեմ, որ չես նեղանում քեզ մոտ հաճախ գալ չկարողանալու համար: Դե գիտես, թե ինչ ծանր ու աշխատանքային է անցնում օրս:

Երբ տուն էի գալիս, տեսնում էի ուրախությունդ ու չէի ցանկանում հետ գնալ: Բայց թե գնում էլ էի, որքան էլ որ տխրում էիր՝ ցույց չէիր տալիս, որովհետև հավատում էիր ինձ: Հավատում էիր, որ կարող եմ, որ հասնելու եմ երազանքիս, որ ամեն անգամ մի նոր հպարտանալու առիթ էիր ունենալու: Ես էլ ուժերիցս ավելին էի անում՝ քեզ ուրախություն պարգևելու համար: Բայց հիմա, պարզապես ուզում եմ թողնել ամեն բան, գալ ու նստել կողքիդ: Եվ կներես ինձ, թե որոշեմ վառել ծխախոտս:

Ոչ մի նոր բան չկա: Ամեն օրս տարբեր է ու նման անցածին իր միօրինակությամբ ու անիմաստությամբ, որովհետև չեմ էլ մտածում ապագայի մասին: Ժամանակս կանգնեց մի քանի ամիս առաջ:

Կանգնեցրիր… Ներիր, թե այսքան կոտրված ու աշխարհից հիասթափվածի պես եմ խոսում: Չնայած, այդպես էլ կա: Ժամանակն էլ չի փոխի, որովհետև չես գալու ու չի մոռացվելու գնալդ, չլինելուդ ամեն օրվա ցավն ու արցունքները սրբել չմոռանալը:
Չգիտեմ էլ ինչ գրեմ, դատարկվել են բառերս: Ուզում եմ ասել, որ կարոտել եմ: Երգն էլ, այնքան տխուր է: Ու դու չես լսի ու չես էլ կարդա հերթական նամակս: Ոչինչ, ես չեմ նեղանում քեզնից, ինչպես դու ինձնից՝ շիրիմիդ չայցելելու համար:

Գիտեմ, որ թռչունները թռչում են տարբեր ուղղություններով,
Հուսով եմ`  կրկին կտեսնեմ քեզ…

marat sirunyan

Տե՛ր հայր, սամի՛

Իր նորանշանակ տիրացուի հետ հարսանքատեղից ետ էր դառնում մշեցոնց գյուղի, օսկերչու թաղի Տեր Դանելը։ Շատ էին անցել, թե քիչ, երբ տիրացուն կանգնեցրեց լծկան եզներին կցված սայլը, ու դարձավ Տեր հոր կողմը։
-Տեր հայր, զիմ սիրդ ուր տեղ չի գդնա, գուզիմ հիմնամ՝ իմա՞լ կեղնի, որ ծեսի վախտ համեն բան ես կենիմ, դու մեգ-էրգու աղոթք կսիս ու գպրձնաս, բայց սեղանու վրա հմնուց պադվավոր տեղ քումն ի, ու զիս տեղ չկա։

Բանն այն էր, որ ամեն ծեսի ժամանակ խեղճ տիրացուն ամբողջ օրը ման էր գալիս Տեր հոր ետևից, կատարում նրա ասածները, շարականներ երգում ու աղոթք կարդում ինչքան ասես, բայց երբ սեղան նստելու ժամանակն էր գալիս, Տեր Դանելը մոռանում էր նրան, և քանի որ տիրացուն իրավունք չուներ առանց Տեր հոր թույլտվության սեղան նստել, այդպես մինչև վերջ մնում էր ոտքի վրա, դատարկ փորով։

- Էս ի՞նճ կսիս, տղա՜, զիմ հե՞դ ոդ գմեգնիս, մեղք է, լա՜ո, Աստվաձ չի ներե։

- Թե որ Աստվաձ քզի ներեց, ընձի լե գներե ու գներե,- բարկացած նետեց տիրացուն ու հանելով եզների սամին սկսեց ծեծել Տեր հորը։
- Վա՜յ, կսպանիս, թո՜ղ, լա՜ո, իդրաց հեդո դու լը զիմ հեդ սեղան գնստիս,- հարվածների տարափի տակ մի կերպ աղերսեց Տեր Դանելը։
- Դը իշե՛, Տեր հայր, թը դու քու խոսկ լը չհիշիս, իդը սամին քու միտք պահե։

Հերթական հարսանիքն էր, նորից ճոխ սեղանների ամենապատվավոր տեղերից մեկը Տեր Դանելինն էր, իսկ նա կրկին մոռացել էր տիրացուին էլ, իր խոստումն էլ… Թեժ կերուխում էր, երբ Տեր հոր կողքին կատաղությունից փայլող աչքերով հայտնվեց տիրացուն ու կամացուկ շշնջաց ականջին.

- Տո՛ Տեր հա՞յր, սամի՜…
-Վա՜յ, տե՛ր օրշնած, ծամի՜,- վեր թռչելով պատվիրեց Տեր հայրը՝ մտաբերելով նախորդ անգամ գլխին եկածը…

Հ.Գ.- Պատմության դեպքերն ու դեմքերը վերցված են պապիս՝ Գրիշա Այվազյանի պատմություններից։