Մեր հերոս Ռուբիկ Ալեքսանյանը

Ռուբիկ Ալեքսանյանը  ծնվել է 2002թ ապրիլի 3-ին Արտենի գյուղում, սովորել  Արտենիի հիմնական դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Արմավիրի Եվգենյան քոլեջում: 2020 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայել է Ջաբրայիլում,  մասնակցել Արցախի համար մղվող մարտերին: Վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 28-ին, որից հետո երկու ամիս տեղեկություն չի եղել: Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից:

Նրա մասին բոլոր հիշողությունները բարի են, հաճախում էր ռոբոտաշինության խմբակ: Ռոբոտաշինության խմբակի ընկերներն էլ պատմում են Ռուբիկի մասին:

- Ռուբիկն ասում էր մաթեմատիկայից զրո եմ, բայց ծրագրավորման հանդեպ հետաքրքրված էր, խմբակի ամենալավ ու աշխատասեր մասնակիցն է եղել,-պատմում է խմբակի ղեկավար Հայարփի Այվազյանը,-  Բոլորի հետ ընկերական էր: Մեկը, որ մի բան չգիտեր, հանգիստ ասում էր իրեն, ինքը բացատրում էր: Հենց սկսվում էր խմբակի պարապմունքը, սկսում էր պրինտերի վրա աշխատել մինչև ժամը վերջանար:

Խմբակի մասնակիցներից մեկն էլ ավելացրեց.

- Ռուբիկի հետ խմբակում ենք ընկերացել:  Շատ արագ ընկերացանք: Իր հետ շատ հեշտ էր ընկերանալը: Ընկերների կողմից սիրված էր: Մի անգամ պարապմունքից դուրս եկանք, տուն էինք գնում: Տղաներից մեկն ասաց` շուտ հասնեմ տուն, հաց ուտեմ` սոված եմ: Ռուբիկը կատակով ասաց. «Բոլորդ մտածում եք գնաք տուն, հաց ուտեք, իսկ իմ մտքի մեջ էն ա, որ տուն հասնեմ, մի նոր բան սարքեմ»:

Նորից պամում է ուսուցչուհին.

- Լավ էր տիրապետում Arduino ծրագրին: Դրանով էր հետաքրքրված: Մի օր հետաքրքիր բան էր տեսել, եկավ փորձեց ռոբոտաշինության ժամանակ ու ստացվեց:  Էնքան էինք ուրախացել:

Ընկերը` Ավետիսը, պատմում է.

- Ես ուրախ եմ, որ իրեն ճանաչել եմ: Ինքը իր տեսակով լավ մարդ էր, ընկերասեր, բարի, եթե մի բան որոշում էր աներ, ու չէր ստացվում, էնքան էր խորանում, փորձում, մինչև հասկանար ինչից է…

Արմենը` մտերիմ ընկերը, ասում է.

- Ես հպարտ եմ, որ ճանաչել եմ Ռուբիկին… Ինքը իմ հերոս ընկերն է, ով հանուն բոլորիս ապագայի անմահացավ… Երբեք չէինք պատկերացնի, որ հետո իր ամեն բառը էս առիթով ենք հիշելու:

Եվ այո, հպարտ ենք, որ նման հերոս ունենք: Ես էլ երբեք չէի պատկերացնի, որ մի օր կգրեմ հերոս դարձած Ռուբիկի մասին: Հավերժ փառք քեզ, անմահ ՀԵՐՈՍ` ՌՈւԲԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ: Քո սխրանքն անմահ է, քո անունը` մեր սրտերում: Հազար փառք և խոնարհում պատերազմում ընկած մեր քաջ հայորդի զինվորներին:

Հրաժեշտ

Հրաժեշտները միշտ էլ բացասական ավարտ են ունենում։
Դրանք կամ ոչնչացնում են մարդու ինքնազգացողությունը կամ կործանման տանում, կամ էլ առհասարակ առողջությունն են վնասում։

Բայց հրաժեշտները լինում են երկու տեսակ՝ հավերժ հրաժեշտներ և կրկին հանդիպելու նախապայմանով հրաժեշտներ։ Երկու դեպքում էլ ընթացքը ծանր է, բայց դիմանալ լինում է։

Մենք ու մեր ազգը հավերժ սպասողներ ենք։

Մեր մայրերն ու հայրերը հավիտենական կարոտով սպասում են մոտալուտ հանդիպմանը, որ երկարաշունչ ձմռան է նման։
Ու կան հանդիպումներ, որ նման են կյանքին՝ իմաստ ունեն, բայց միշտ ցավալի են։

Հրաժեշտները ունեն նաև դրական կողմ՝սովորեցնում են ճիշտ սպասել ու ապրել կանոնակարգված, որ ինչ էլ լինի, այդ օրը կգա։ Պարզապես դա հասու է միայն նրանց, ովքեր զգում են պահի կարևորությունը ու լրջությունը։

Հասու է նրանց, ովքեր գիտակցում են կյանքի գինը։
Ինչ էլ լինի, աշխարհի որ ծագում էլ ապրենք, ինչ էլ որ արարենք, ում էլ որ սպասենք, մեկ է, մի օր մենք էլ հավերժ հրաժեշտ կտանք, ոչ միայն բոլորին, այլ նաև աշխարհին։

Հրաժեշտ կտանք, ու կսովորեցնենք սպասելու կարողությունը։
Կսովորեցնենք հավատարիմ լինել, թեկուզ մեր մահվան գնով։
Գուցե աշխարհ ենք եկել, որ պարզապես սովորեցնե՞նք։

janna sargsyan lori

Բարև, ինձ քո մի մասնիկը չհամարող աշխարհ

Բարև, ինձ քո մի մասնիկը չհամարող աշխարհ։

Իմ ու քո ճամփաները երբեք չեն հատվում, պատճառը, երևի, քեզ հակառակվելն ու տարբեր լինելն է։

Բոլորից տարբերվել ինձ դու ես սովորեցրել։

Դու ինձ մենակ թողեցիր էս ամբոխի մեջ, իսկ որպես նվեր` խիղճ տվեցիր, որ արդար լինեմ, ու քեզ երբեք չդատեմ։

Դու ինձ ոտքեր տվեցիր, որ ամուր կանգնեմ, բայց թևերս փորձեցիր կոտրել, որ էդ ցավից ծնկեմ ու ծնկած ապրեմ, քո ենթական լինեմ, բայց չստացվեց, դրա համար էլ դու ինձ քո մի մասնիկը չհամարեցիր։

Ինձ միտք ու արդարություն տվեցիր, իսկ հետո, քո աշխարհի մարդկանց անարդար դարձրիր ու թողեցիր, որ ես մենակ պայքարեմ ու հանձնվեմ, բայց չհանձնվեցի, դրա համար էլ քո մի մասնիկը չդարձա։

Դու ինձ սիրտ տվեցիր, որ սիրեմ, իսկ հետո, սրտիս համար, քո մեծ աշխարհից, ընտրեցիր մեկին, ով անհասանելի էր, անիրական։ Դու ուզեցիր սիրտս կոտրել, բայց չստացվեց, դրա համար էլ, ես քո մի մասնիկը չդարձա։

Հիմա, ես ու դու հավերժ պայքարի մեջ ենք: Էս պայքարում ես կամ հաղթող եմ, կամ պարտվող։ Եթե անգամ պարտվեմ, հիշիր, որ ինձ մինչև վերջ հանդուրժելու ես, ու համակերպվելու իմ տարբեր լինելու հետ, որովհետև ես երբեք քո մի մասնիկը չեմ լինելու։

Հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտով

Մերին մեր դասարան եկավ, երբ Արցախում պատերազմն արդեն սկսվել էր։ Նա Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղից է։ Սեպտեմբերի վերջին սկսված պատերազմը Մերիի ընտանիքին էլ էր ստիպել թողնել գյուղն ու տեղափոխվել Հայաստան։ Արդեն մի քանի ամիս նրանք ապրում են Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում։ Լռակյաց, համեստ, ինքնամփոփ աղջիկ է Մերին, բայց կարճ ժամանակ անց դարձավ մեզ շատ հարազատ մարդ։ Շուտով տեղեկացա, որ դասընկերուհիս լինելուց բացի նա նաև հարևանուհիս է։

Ընտանիքում հինգ երեխա են՝ չորս աղջիկ և մեկ տղա։ Մերին ինձ ծանոթացրեց իր մյուս քույրիկի՝ Անիի հետ։ Անին 18 տարեկան է ու Մերիից շատ տարբեր։ Անին ավելի աշխույժ է, կյանքով լի։ Երբեմն երեքով հանդիպում էինք և զրուցում։ Քույրերի համար դժվար է խոսել կորցրած գյուղի մասին: Երբ հարցրի, Անին տխուր ժպտաց, Մերին՝ հուզվեց։

Հայրենական գյուղը Նոր Գետաշենն է։ Այն հիմնադրել էին  հին գետաշենցիները։ Գետաշենը Արցախի Շահումյանի շրջանի ամենահայտնի գյուղերից է։ Այն Ադրբեջանի տիրապետության տակ մնաց Արցախյան առաջին պատերազմից հետո։ Իսկ գյուղի բնակիչները Քարվաճառում (Շահումյանի շրջան) հիմնեցին Նոր Գետաշենը։ Ինչու՞ հենց այդտեղ, որովհետև  այդ տարածքը նման էր Գետաշենին։ Փոքր էր գյուղը, բայց պարուրված էր հրաշալի  բնությամբ, նրա կենտրոնով հոսում էր Թարթառ գետը։ Անին հիշում է. «Անասելի գեղեցկություն ուներ Նոր Գետաշենը։ Դեպի իրեն էր ձգում ամեն անցորդի»։ Բնակիչները նույնպես քիչ էին։ Նրանց հիմնական զբաղմունքը հողագործությունն էր, քանի որ հողն անչափ բերրի էր։ Պատմում են, որ գյուղում ապրում էին սիրո և ջերմության մթնոլորտում, չնայած ամենասկզբում, երբ բնակիչները նոր էին հաստատվել այնտեղ, չկար նույնիսկ էլեկտրականություն։ Ընտանիքի անդամները հիշում էին, թե ինչպես էր ամբողջ գյուղը հավաքվում մի տեղում և նշում ցանկացած տոն։ «Գյուղի երեխաների մեջ գերակշռում էին աղջիկները։ Բոլորս` աղջիկ թե տղա, ցանկացած ժամի հավաքվում էինք գետում լողալու կամ ձմռանը ձյուների հետ խաղալու համար»,- ասում էր Անին։

Վերջին տարիներին գյուղի վիճակը բարելավվել էր։ Չնայած բոլոր դժվարություններին՝ սիրում էին գյուղը և չէին ցանկանում լքել, բայց պատերազմն այլ ելք չթողեց։ Պատերազմի առաջին օրերին գյուղում տագնապը մեծ չէր,   սակայն վտանգավոր ու ինտենսիվ պայքարը նրանց ստիպեց տեղափոխվել Հայաստան։ Ընտանիքը վստահ էր, որ մի քանի օր անց վերադառնալու է։ Վերցրել էին միայն առաջին անհրաժեշտության պարագաներ։ Պատերազմից հետո, սակայն, Նոր Գետաշենը ևս հանձնվեց Ադրբեջանին։

Մեծ քույրը` Սոնան, իր երեխաների և ամուսնու հետ դեռ ավելի վաղ էր որոշել տեղափոխվել Հայաստան։ Բայց չէր էլ պատկերացնում, որ տեղափոխությունը նման կերպ կլինի, և այսքան ցավ ու դառնություն կպատճառի իրենց։ Նրանց հաջողվել էր տնից որոշ իրեր վերադարձնել։

Վերջին օրերին տարիներ շարունակ կառուցած տունն այրել էին՝ ամբողջ իրերով։ «Սա ավելի նախընտրելի էր, քան մտածելը, թե ինչ որ թշնամի ապրում է քո սեփական տանն ու վայելում ստեղծածդ»,- համոզված է մայրը։

Այս մեծ վիշտը մեծ ընտանիքը կարողացավ որոշ չափով հաղթահարել Հայաստանում ստացած ջերմ ընդունելության շնորհիվ։ Հավանել են մեր գյուղը, և եթե հնարավորություն լինի, կցանկանան հենց այստեղ էլ հաստատվել։  Արցախ վերադառնալու մտադրություն առայժմ չունեն։ «Ապրես Արցախում և չկարողանաս այցելել քո սեփական գյուղը։ Մեզ համար դա սարսափելի է»,-ասում էր մայրը։ Անիի և Մերիի  մայրիկը ուսուցչուհի է, իսկ ամենամեծ քույրիկը`  երեք երեխաների մայր, ասում է, որ միակ ցանկությունն է` իր փոքրիկները ապահով պայմաններում մեծանալու հնարավորություն ունենան։ Հայաստանում նրանք արդեն աշխատում են, որպեսզի հոգան իրենց կարիքները։

Երեխաները տարբեր նպատակներ ու ցանկություններ ունեն։ Մեկն ապագա լրագրող է, մյուսը` խոհարար, իսկ ամենափոքրը` Շողերը, ուզում է ուսուցչուհի դառնալ։ Նրանց ամենամեծ ցանկությունը, սակայն, խաղաղությունն է։ Նրանք հավատով սպասում են այն օրվան, որ կարողանան նորից տեսնել հայրենի բնօրրանը` այն վայրը, ուր անցկացրել են մանկությունը և թողել են լավագույն հուշերը։

marat sirunyan

Հո՜պ…

Մանուկ օրերին, երբ ժիր ու խնդուն փոքրիկներ էինք, մեկ-մեկ գժվում ու վազ էինք տալիս մեր գյուղի տակի առվակի կողմը, որն այն ժամանակ համարում էինք, թե մի մե՜ծ գետ է։ Հասնում էինք նրան, խաղում վազվզում ու մեր աղմուկը խառնում էինք քամուն, որ գյուղով տանում, սարերն էր հանում։

- Հո-պալյա՜… Հո՜պ, հո՜պ…

Իբր թռչելով ուզում էինք անցնել այս ափից այն ափ, բայց փոխարենը հագուստ-կապուստով հայտնվում էինք առվակի մատղաշ ալիքների մեջ ու թրջվելուց մենք հրճվում էինք, գետը՝ խեղճանում. մեր ցատկից հատակն էնպես էր ցնցվում՝ հող, ավազ ու քար իրար խառնված պղտորում էին սարերից եկած, հոգնած ջրերը։ Ու կարկաչները այդ խեղճ առվակի, մեր ձեռքից քիչ-քիչ վերածվում էին օգնության կանչի։ Եվ բարդիները՝ հպարտ, սլացիկ, որոնց սաղարթներն էլ մեզ տեսնելիս բիզ-բիզ էին կանգնում, սկսում էին խիտ ճյուղերն իրար զարկել ու կանչել.

- Խը՜շշշ-խը՜շշշշ… Խը՜շշ-Խը՜շշշ…

Եվ այդ կարճալիք բառի երկար «շ»-ն, մեզ հասկացնում էր, թե սո’ւս կացեք, սո՜ւս, հերիք է տանջեք… Ուռին էլ՝ որպես համաձայնություն, արցունքներն աչքին, գլուխն էր միայն ետ-առաջ անում… Բայց այդ մանկական անհոգության մեջ, ո՞վ էր «շ»-էրին բանատեղ դնում. մենք էլի գիժ-գիժ, մեր գետը՝ խեղճ-խեղճ, բարդիքն էլ՝ բիզ-բիզ… Ու չէինք հասկանում, որ ուռին՝ սուս-փուս, խոր դարդն էր լալիս, որն այդ մենք էինք անգիտակցաբար ու անխղճորեն իրարով տալիս…

* * *

Տարիներ հետո, երբ հասակ առա, ամենքից թաքուն էլի գնում էի էն առվակի մոտ, որն էլ այնքան էր հալվել ու մաշվել, որ «գետ» կոչվածից մնացել էր լոկ մի պուտ պղտոր ջուր, որ ինչ-որ տեղից հազիվ ուժ առած, զարկում էր իրեն ցանցառ քարերին, ինչպես վհատված մահկանացուն է անճարությունից գլուխը զարկում իր տան պատերին, թե` տեսե՜ք-տեսե՜ք, ինձնից ինչ մնաց…

Գնում էի, նստում հենց ուռենու տակ, որն արդեն կարծես շատ էր ծերացել. աչքն էլ, արցունքն էլ ցամաքել էին դրկից գետի պես։ Միայն չէր փոխվել նրա ողբալաց, խոր լռությունը։ Ու կարծես՝ այնտեղ հիշում էին ինձ, որ մանուկ օրերին տանջում էի իրենց։ Բայց տարիքն առած, իմաստուն, բարի ծնողների պես ներում էին ինձ… Անմորմոք դարդից ու մարդկանց ձեռքից բզկտված ուռին, հաճախ գլուխս էր շոյում իր բարակ, մաշված մատներով, ասես ուզում էր խեղճ սրտիս ցավերն ամոքել մոր պես ու իմ փոխարեն նորից ու նորից ինքը լաց լիներ… Առվակն էլ մի պուտ ջուրն այս ու այն կողմ հազիվ զարկելով, ասես ուզում էր վրաս մի երկու կաթիլ ջուր ցողել, իբր՝ բերկրանամ, ինչպես նախկինում։ Բարդին էլ բիզ-բիզ մազերը սանրած, հին երգն էր երգում.

- Խը՜շշ-խը՜շշշ… խը՜շշ-խը՜շշշ…

Ու սվսվոցով «շ»-երը հանկարծ անկոչ հյուրի պես ներս թափանցեցին հոգուս բաց դռնով, իրենց ետևից պինդ փակելով այն։ Ու միայն այդ ժամ տանջված գետի մի պուտ ջրի մեջ արտացոլանքս տեսա, այլայլվեց… Ու լռեց հոգիս, ինչպես տարիներ շարունակ ուռին, որ լռության մեջ վշտերը թաղել ու արտասվում էր այդ գերեզմանին…

- Վո՜ւշշ-վո՜ւշշշ… Վո՜ւշշ-վո՜ւշշշ…

* * *

- Հո-պլյա՜… Հոպ-հո՜պ…

Տարիներն էլի թռան, ու կյանքն էն մեր գետի պես հոսելով գնա՜ց-գնա՜ց ու քիչ-քիչ ցամաքեց, վերջացավ… Մի քիչ մնաց, որ զարկվելով օրերին, ժամերին, րոպեներին, վայրկյաններին, մահվանն է ձեն տալիս, թե «շըշշ՜շ», ձայն չհանե՜ս… Բայց այդ անիրավին էլ, ինչպես մեզ՝ մանուկ օրերում, ոչ մի «շ» դեռ երբեք չի կանգնեցրել, դեռ ավելին՝ սկսել է ավելի բարձր ու վստահ «հե՜յ, հարա՜յ» կանչել… Ու «հո՜պ-հո՜պ». ժամանակն էլի թռչում է, լա՜վ է թռչում, այնպես, որ առանց սայթաքելու ու կյանքին դիպչելու ողջ անցյալդ խառնելով պղտորում է հոգիդ… Ու մահը չարաճճի երեխայի պես պոկում է կյանք կոչվող ճյուղդ ու՝ հո՜պ, նետում գետի ջրերի մեջ, որոնք եկան ու գնացին, այլևս ետ չեն դառնալու: Հետո հրամանի պես կարձակվի մի «Շ» ու ամեն ինչ կարգով կընթանա. ուրիշ ջրեր կգան ու կանցնեն այդ գետի հունով։ Քո փոխարեն կհայտնվի մեկ ուրիշը, որն էլ իր վիշտը կթաղի հոգում տեղավորած լռության մեջ ու կարտասվի այդ գերեզմանին մինչև պարպել-վերջանալը…

Թե մի քիչ բախտ ունեցար, գուցե գետդ՝ ցամաքած, գերեզմանդ էլ անարցունք չմնա…

milena movsesyan

Ինձ հեքիաթ պատմեք

Ինձ հեքիաթ պատմեք: Ամենից լուսավոր հեքիաթը հիշեք՝ առանց բացասական կերպարների, վախեցնող դեպքերի, չար հերոսների ու փորձությունների, առանց մութ անտառների ու կորած երեխաների: Եթե չգիտեք աշխարհի ամենախաղաղ վայրի ու հանդարտ սյուժեի մասին, ուրեմն հեքիաթը հորինեք հենց սկզբից: Հնարեք ամենասուտ ու մտացածին աշխարհն ինձ համար: Իսկ հետո ցածր, հանդարտ ձայնով սկսեք պատմել…

Պատմեք ինձ խաղաղ ծովերի, լուսավոր անտառների, բարձր լեռների ու գրավիչ մայրամուտների մասին: Համոզեք, որ այդ աշխարհի կենդանիների բոլոր տեսակները անվտանգ են, որ անգամ առյուծն է նուրբ ու հոգատար։ Ասեք, որ այնտեղ չեն լսվում տագնապի ազդանշաններ` ո՛չ բնական աղետների, ո՛չ հեռախոսի զանգերի և ո՛չ էլ շտապօգնության մեքենաների: Այնտեղ թող շշնջան միայն չարաճճի ալիքները, մեղմ շոյող քամին, բազմերանգ տերևներն ու թռչունները:

Հավաստիացրեք, որ ոտքս ուր էլ դնեմ՝ փայլփլուն ծաղիկներ կբացվեն։ Թե բարձր ժայռից ցած նետվեմ, քամին ինձ դանդաղ ներքև կիջեցնի։ Իսկ եթե սուզվեմ ծովի խորքերը, ջուրը ինձ արագ վերև կհանի։ Ու ես այս հրաշքներով հիացած, գլուխս կորցրած ժամանակի և իրական կյանքի մասին շուտ կմոռանամ։

Ինձ մենակ թողեք այդ անիրական վայրում: Խնդրում եմ, թող այդ հեքիաթում ինձանից բացի ուրիշ հերոսներ չլինեն: Որպեսզի ես ընկերներ ձեռք չբերեմ, չմտերմանամ շատ մարդկանց հետ, որպեսզի հետո ստիպված չլինեմ նրանց կորցնել, հրաժեշտ տալ ու էլ չտեսնել:

Զրկեք ինձ մտածելու, վերլուծելու և հետևություններ անելու կարողությունից: Անջատեք իմ գիտակցությունը, զգացմունքներն ու հույզերը: Թող արցունքներս թափվեն, խառնվեն ծովին, բայց թույլ մի տվեք, որ ներսս ցավի: Թող ես լինեմ այդ հեքիաթի ամենաթույլ ու ենթարկվող հերոսուհին: Հոգնել եմ ներկայիս ուժեղ կերպարից: Ուզում եմ վերջապես ընկնել ու ջանք չթափել կանգնելու համար․․․

Երբ ես վերջապես թիթեռի հետևից վազելով կհասնեմ աշխարհը ձեր հորինած, խնդրում եմ, ինձ այնտեղ կողպեք։ Էլ ոչ մի դեպքում դուռը չբացեք․․․

Gohar Petrosyan

Անուրջ տանիքում

Կգա այն օրը, երբ մեր դաշտերում
Ձեռքդ բռնած կքայլեմ հանգիստ,
Եվ մանկությանս խենթ քամին կրկին
Ետ կգա իր հետ ծաղկի բույրերով։

Կնստեմ կանաչ ծառի շվաքում,
Լուռ կհետևեմ քո աշխատանքին,
Ու ծաղիկներից պսակ գործելով
Ուրախ կվազեմ` կարոտ քո գրկին։

Կգրկես ինձ քո ամուր ձեռքերով,
Կասես` գեղեցիկ է պսակը իմ,
Ու քո խոսքերով հոգիս լցնելով`
Թևեր կտաս իմ երազանքին։

Դաշտերում անհոգ կվազեմ անվերջ
Ու կմոռանամ տունդարձի մասին,
Քանզի ողջ կյանքում ուր էլ որ լինեմ`
Միայն քեզ հետ է տունը իմ։

Արևի շողերը դեմքիս կընկնեն,
Ու կփակվեն աչքերս հոգնած,
Մթին գրկումդ ինձ տուն տանելով`
Մանկությունս կարծես հեքիաթ կթվա։

Բայց խավարներում հոգիդ կորցնելով
Քայլում եմ մութը ներսումս պահած,
Մնաց ինձ միայն դաշտերի քամին`
Մանկության բույրը իր մեջ հավաքած։

Եկան ու անցան օրերը այն հին,
Երբ քո գրկում էի տուն դառնում քնած,
Ու այն խենթ քամին` դաշտի բույրերով
Կմնա լոկ հուշ իմ երազանքին։

Ու մենակ, դատարկ տանիքում նստած
Կսպասեմ երկնքից ընկնող աստղին,
Որ քեզ այնտեղից իր գրկում պահած
Բերի ու թողնի հավերժ իմ կողքին։

Տեսքդ պահենք սրտներիս մեջ

-Հաճախ մեզ համար ամենաթանկ, ամենահարազատ մարդկանց մենք մոռանում ենք ասել ամենակարևոր խոսքերը: Մոռանում ենք կամ էլ ուղղակի մտածում ենք, որ դրա կարիքը չկա, շուտ է, կամ էլ դեռ շատ ժամանակ կա, կհասցնենք: Բայց ցավոք, այդ ամենամոտ մարդիկ հեռանում են մեր կյանքից այնքան արագ ու հանկարծակի, որ նույնիսկ չենք էլ հասկանում, թե ինչ կատարվեց, ինչպես տեղի ունեցավ դա, և մեզ համար անտեղի ու ոչ կարևոր թվացող բառերը այնպես էլ չենք հասցնում ասել,-ասում է Արտյոմը` մեր թղթակից Արտյոմ Ավետիսյանը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից։

-Գիտե՞ս, այսօր ընկերներիցս մեկն ինձ հարցրեց՝ ի՞նչ ես կարծում, ո՞րն է ավելի ցավոտ, ընկերոջդ ֆիզիկապես, թե՞ հոգեպես կորցնելը։ Ես առանց երկար մտածելու պարզապես պատասխանեցի այն, ինչ զգում էի. երբ ընկերդ հոգեպես քո մի մասն է, քո հոգու մի մասը, ու դու նրան ֆիզիկապես ես կորցնում, քո հոգուց մի կտոր իր հետ պոկվում-գնում է… Քո կյանքում պակասում է նրա ներկայությունը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես… Երբ միայն հոգեպես ես կորցնում ընկերոջդ, բայց գիտես, որ նա ինչ-որ մի տեղ երջանիկ է, և միգուցե երբևէ տեսնվեք, մի տեսակ մխիթարվում ես, չնայած այն դատարկությանը, որ ագահաբար լցրել է ներսդ,-պատասխանում եմ ես ու շարունակում,-Հիմա ես հասկանում եմ քո այդքա՜ն զրուցասեր էության գաղտնիքը. դու չասված բառեր չես թողել քո ներսում և մեզ էլ ամբողջ ժամանակ քո անմիջականությամբ հուշել ես այդ մասին։ Հասկացրել ես, որ միմյանց հանդեպ սերն արժի այնքան, որ արարքներից բացի արտահայտվի նաև բառերով…

Արտյոմն իր ուսուցիչների մասին ասում է.

-Ուզում եմ ամեն անգամ մտնել դպրոց, ու դուք միշտ լինեք այնտեղ, մատյանները ձեր ձեռքերին, ժպտաք և ձեր աշխատանքին նվիրված անցնեք գնաք…

-Դու էլ մեզ ուսուցիչ եղար՝ քո կերպարով, տեսքով, քո գեղեցիկ բարբառով համեմված զրույցներով,-պատասխանում եմ ես,- Մեզ ապրել սովորեցրիր՝ ապրելը սիրելով։

Քեզ ճանաչել ու սիրել են նույնիսկ անծանոթները. և ո՞վ կարող էր անտարբեր անցնել նյութերիդ վերնագրերի վերևում շողացող կենսախինդ ժպիտի ու քո տողերում թաքնված հուզական խորհրդավորության կողքով…  իսկ դու միշտ շռայլ էիր ժպիտի հարցում. ճամբարում մեզ՝ քո ընկերներին, ժպիտիկների վերածած էիր պատկերել, բոլորս ժպիտ էինք, բոլորս տարբեր, բոլորս նման…

Դու ժպտում էիր, որովհետև անմեղ էիր, որովհետև տալով ստանալ չէիր ակնկալում, որովհետև աշխարհն այլ գույներ ուներ քո պատկերացումներում՝ ապագա ռեժիսորի պատկերացումներում,  որովհետև ժպիտը կյանք էր, իսկ կյանքը սիրում էիր այնքան, որ կրծքով կասեցրիր մեզ ուղղված փամփուշտները, որ մենք նոր առավոտներ լուսացնենք…

-Այսօրվա պատուհանից այն կողմ՝ երկնքում, լողում էր կարմիր արևը և իր շողերը գցելով սենյակ՝ հիշեցնում էր, որ կա և գոյություն ունի իրական կյանքը: Արևը ժպտում էր և «լացող» պատուհանի հետ միասին այլ երանգ էր հաղորդում խորհրդավոր աշխարհին,-ասում է Արտյոմը։

-Ես գիտեմ, թե ով էի այս առավոտ, երբ արթնացա ու պատուհանից ժպտացող արևին նայեցի, բայց երեկոյան, երբ իմացա, որ էլ չես վերադառնա, ես այդ նույն պատուհանի վրա արցունքներ նկատեցի։ Ես արցունքներ տեսա հայելուց այն կողմ՝ այտերիս վրա, և կորցրեցի ինձ, ինձ մոռացա… Միայն հիշեցի այն չասված բառերը, որ գուցե շատերս ենք մոռացել քեզ ասել, վստահ լինելով, որ գիտես, ախր, գիտես…

Մենք սիրում ենք քեզ, սիրում ենք քեզ, սիրում ենք…

Մեկ անգամ էլ կարդացեք Արտյոմ Ավետիսյանի նյութերը, բացահայտեք նրա աշխարհը ու պահեք ձեր սրտի մեջ: Նա պիտի դառնար տաղանդավոր ռեժիսոր, եթե պատերազմը չընդհատեր թռիչքը…

http://www.17.am/author/edd81594f0d605b34c9761f1033617b41059a133/