Սերյոժա Բաբոյանի բոլոր հրապարակումները

seroja baboyan

Աղվերանի մեդիա ճամբար. Ճամբարից լիցքավորված

Ահա եկավ այն պահը, երբ բոլորս բաժանվեցինք: Ամեն մեկս անցավ իր սովորական առօրյային: Տան գործ, պարապմունք և այլն: Էլ չասեմ, որ կարոտած ճամբարի ամեն մի րոպեին:

Լավ, է… Ասացի, չնայած որ շաբլոն ա: Ճամբարից վերադարձա էներգիայով լի: Ամենա-ամենա շատը ուրախ եմ, որ լրացրել եմ լուսանկարչական գիտելիքներիս պաշարը, կատարելագործել եմ մոնտաժ (կտրել – կպցնելու) գիտելիքներս: Այ, պարոն Արայի շնորհիվ ֆիլմ նկարելը թեև դժվար, բայց հետաքրքիր գործ դարձավ: Աշոտի շնորհիվ  լուսանկարչությունը մտավ մինչև երակներս: Հովնանի ու Սիսակի շնորհիվ փիքսիլեյշնը դարձավ ուրախությամբ լի գործընթաց: Շուշանիկը… Շուշանիկի հետ ինչ որ բարեկամական կապ գտանք, նույն տեղանքից գաղթած նախնիներ ունենք: Նարեն` ինձ ու Խաչին միշտ խառնում էր, և  վերջին նախաճաշի ժամանակ խոստովանեց դա: Դե, Լեյլիի հետ կատարելագործեցի «Լեննագանի» բառբաով խոսելու ունակությունս: Մարիամը սովորեցրեց օրվա իրադարձությունները գրի առնել, որն ինձ մոտ երբեք չէր ստացվում: Դե, Սոսեն մեր շարքերում էր, ու մեզ հետ հավասար: Լիլիթ և Դիանա… Նրանք ինձ դեռ դասընթացի ժամանակ են առաջին գիտելիքները տվել լուսաանկարչությունից և օգնել, որ խորացնեմ այն: Դե, Տիկին Ռուզանն էլ… Հե’նց ինքը դարձավ էս ամբողջի պատճառը:

Շնորհակալ եմ բոլորիցդ:

Հ.Գ. Սիս, թրաշդ հավեսա:

seroja baboyan

Աղվերանի մեդիա ճամբար. Ինչպես ընտրել լավ ֆոտո

Աղվերանի մեդիա ճամբարի երրորդ օրը գնացել էինք ֆոտոարշավի Բջնի գյուղ: Ֆոտոարշավի ընթացքում քչից-շատից հետաքրքիր դրվագներ ստացվել էին: Ահա եկավ հինգերորդ օրը: Պետք է ֆոտոշարք ընտրեինք: Բոլորով սկսեցինք ընտրել լավ ֆոտոները: Ուշադրություն էր դարձվում ռակուրսին, լույսին, ֆոկուսին, կադրի ճիշտ տեղադրմանը: Ընդհանուր ընտրվեցին 20-ից ավելի ֆոտոներ, որոնցից նույնպես պետք է ընտրվեին լավագույնները: Ինձ ամենից շատ դուր եկավ Խաչիկի ֆոտոն, որտեղ պատկերված էին Բջնի գյուղի երեխաները իրենց շան հետ: Ֆոտոշարքի ընտրությանը հաջորդեցին փիքսիլեյշնի նկարահանումները և դարբին Արտակի մասին պատմող ֆիլմի մոնտաժային աշխատանքները:

Դե ինչ, սպասենք հաջորդ ֆոտոարշավին:

seroja baboyan

Աղվերանի մեդիա ճամբար. Մինչև և հետո

Օրը բարի էր, չնայած որ Նարեկի պապիկի սովետական 24-ի մեջ դարձել էի շախմատի ձի, իսկ 24-ը` իմ խաղատախտակը, որով մենք սլանում էինք դեպի Երևան: Սլանում  էինք, բա չէ՞: Վաթսուն կիլոմետր ժամ արագություն, մաքսիմալ արագություն, որը մենք զարգացրել էինք ամբողջ ճանապարհին: Լավ, անցանք:

Երկու ժամ մինչ Խամաճիկների թատրոնը հասնելը, մենք, այսինքն ես ու Նարեկը, անցկացրել ենք արկածներ փնտրելով: Դե, արկածներ էդքան էլ չէ, բայց պոկեմոններ հաստատ փնտրելով:
Ոնց ասել էր Լիլիթը, մենք հավաքվեցինք Մաշտոցի պողոտայում: Առաջինը տեսա Կարինեին ու Ռուզաննային, նստած Խամաճիկների թատրոնի դիմացի նստարանին, այնուհետև` Ժորա, Արման, Դավիթ, Գայանե, Խաչիկ… Նկարներից ենթադրելով ես մի քանիսի մասին, չակերտավոր ասած, կարծիք էի կազմել, ուրեմն:

Ժորա` թաղի «աբրած» տղա, վերև սանրած մազերով «քյառթու»:

Առմ` քիմիկոս (սպիտակ մազերից ենթադրելով), միշտ կխոսի գիտությունից:

Գայանե` Ֆեյսբուքի պատի նկարից ենթադրեցի, որ լուրջ դեմք ա, գործից հասկանում ա:

Էսքանը, երևի:
Չէ, էսքանը չէ: Ասեմ, որ բոլորի մասին իմ պատկերացումը փոխել եմ: Լավն են իրենք:

Հ.Գ Հա, մի բան էլ. ես ունեմ թույլտվություն` հրապարակելու իրենց մասին իմ կարծիքը: Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Էս նյութը գրելու ընթացքում մի միտք առաջացավ, գիտեք՞: Ուրեմն, մարտահրավերի տեսքով: Էս նյութի նման նյութ եք գրում ու ձեր կարծիքները երեխեքի մասին մինչև ծանոթանալը հայտնում: Մարտահրավեր եմ նետում Արման Արշակ-Շահբազյանին, Ժորա Պետրոսյանին, Գայանե Ավագյանին և Դավիթ Ալեքսանյանին:

Seryozha

Պարապություն

Նստել եմ տանը, բազմոցի վրա ու չգիտեմ` ինչ անեմ: Շուրջս լռություն է, ճանճի տզզոցն անգամ լսվում է ու նյարդայնացնում: Ձանձրույթից քիչ է մնում խեղդվեմ: Մի պահ ուզում եմ մայրիկիս հարցնել, մի գուցե նա հուշի, թե ինչով կարելի է զբաղվել: Բայց «ստոպ»,  ես ռիսկի չեմ դիմի: Գիտեմ, ասելու է` մի գիրք բաց, կարդա: Կարդա՞մ, չէ՛ , ոչ այս անգամ:

Ամառ է, և ուր որ է արևը մայր կմտնի: Դուրս եմ գալիս տանից թաղ, ու ոչ ոք չկա: Միայն, ինչպես միշտ, հարևան Հենո պապն է նստած իրենց նստարանին: Ուֆ, էլի մարդ չկա: Ինչ արած, կնստեմ Հենո պապիկի կողքը: Հենո պապիկին էլ մարդ էր պետք, որ անցյալից պատմի: Պատմեց. է՛լ ծնվելուց, է՛լ մանկությունից, ինչ է արել, ում է սիրել, ինչ է կոտրել, ինչ է նորոգել: Հատ-հատ թվարկում է` որտեղ ծառայեց, թվարկեց ծառայակիցներին, մի քանիսին հիշում եմ, ուրեմն` Կոլյա, Վիտալի, Բոնդր, Ռավշամ, Միհմեդ: Այսպես հասցրեց մինչև այն պահը, թե ոնց եղավ, որ հիմա նստած է իմ կողքին:
«Տունը նստուկ էմեր, մեկ էլ լոսերը կնացին, ասիմ` ես ծեր… Մե պան չեն թողնի ըշկամ, ըտենց խալիվոր հալով էլամ նստամ տուսը»: Հազիվ վերջացրեց, չնայած ես շատ ուշադիր լսում էի նրան:
Մի քանի րոպե հետո եկավ Այծրուն պապիկը: Հենո պապը ինձ արդեն բանի տեղ չէր դնում: Որոշեցի գնալ տուն, մի քիչ հեռուստացույց դիտել: Ահա, երբ մի բան ուզենամ անել, մի բան կխանգարի: Տեխնիկական խնդիրներ, և հոսանք չկա: Չգիտեմ` ինչ  անեմ: Գնամ գիրք կարդա՞մ: Չէ հա, ի՞նչ գիրք:
Սեղանին մի գիրք եմ նկատում, բայց հայացքս թեքում եմ ուրիշ կողմ: Մեկ ա, էդ գիրքն ինձ անդադար «աչքով ա անում»: Ա~… Դե արի ստեղ, է: Բացում եմ գիրքը ու հայտնվում Ժյուլ Վերնի «Խորհրդավոր կղզու» ինչ որ խոնավ քարակույտի մեջ:Եվ չեմ էլ նկատում, որ արդեն մի ուրիշ աշխարհում եմ…

 

Գետի սեզոնն սկսում է

Լուսանկարը՝ Մարիամ Այդինյանի

Լուսանկարը՝ Մարիամ Այդինյանի

Արդեն ամառ է, շոգ ու անտանելի եղանակ: Մեծերի համար պրծում չկա, բայց մեր ձեռքն էլ հո քարի տակ չէ՞: Ես պաշտոնապես համարում եմ գետի սեզոնը բացված: Սկսում է գետի սեզոնը, և դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ վառվելու ենք արևի տակ, որ սկսվում են մեր ամառային արկածները, որ անպայման կլինի այնպիսի բան, որ դեռ երկար կհիշենք:

Սկսվում է «Բումը», այսինքն` կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն, որ մենք, այսպես ասած, օգտվում ենք նրանց այգու համով դեղձերից:

Ու մի այսպիսի պատկեր է ստեղծվում. մեր շատ սիրելի Թոմի ու Ջերիի պատմությունը, բայց  ջերիները շատ են: Ինչպես միշտ, մենք չենք բռնվում: Դե, գիտեք, մենք` տղաներս, պարկուրի որոշ հնարքների լավ ենք տիրապետում: Ահա և հասանք գետ: Ի՞նչ է մեզ այստեղ սպասվում, հեսա տեսնենք: Հա, հաստատ մի բան կլինի, որ մեզ մինչև տուն հասնելը լավ կծիծաղեցնի: Երևի մեկը ինչ-որ արկածախնդրություն կանի, ու կսկսվի մեր արկածների երկրորդ փուլը:

Վերադարձն ամենատհաճն է. սոված, ծարավ, ուժասպառ, հոգնած, ոտքի վրա հազիվ ենք կարողանում կանգնել: Ոչ թե մենք ենք կառավարում ոտքերին, այլ նրանք մեզ: Հասնում ենք դեղձի ծառի մոտ ու գիտակցում,  որ հաստատ չենք կարողանա այս վիճակով «պլստալ» տիրոջ ձեռքից: Մեզ հազիվ զսպելով անցնում ենք կողքով ու «ջուր» կանչելով հասնում մոտակա աղբյուրին: Այսպես քայլելով հասնում ենք տուն ու սկսում հաշվել մոծակների խայթած տեղերը:

Հ.Գ. Որ հիշում եմ մոծակներին, գետ գնալս չի գալիս:

seryoja baboyan

Թե ինչպես գյուղը տեղափոխվեց

Տատիկիս անուն-ազգանունը Սիրանուշ Մովսիսյան է, սակայն գյուղում բոլորը նրան ճանաչում են Ջեմմա անունով: Նա 65 տարեկան է: Ես այս հարցազրույցի ընթացքում տատիկիս հետ կխոսեմ «Դուք»-ով, որպեսզի ավելի նմանվեմ պրոֆեսիոնալ լրագրողի: Ես կխոսեմ այն մասին, թե 60-ական թվականներին ինչպես են Մալիշկա գյուղի իշխանությունները որոշել գյուղի բնակչությանը տեղափոխել ավելի ներքև՝ մոտեցնելով Արփա գետի ափին:

-Տատի՛կ, Դուք հիշում եք, չէ՞ բնակչությանը տեղափոխելու այդ ժամանակները:

-Հա՛, ոնց չեմ հիշում: Դժվար էր, բայց հենց ժողովրդին էր ձեռնտու:

-Իսկ ինչո՞ւ որոշեցին, որ գյուղացիներին պետք է տեղափոխեն:

-Բնակչության թիվն արդեն մեծացել էր, ժողովուրդը շատ խիտ էր բնակեցված: Մի տան մեջ ապրում էին մի քանի եղբայր իրենց կանանց, երեխաների և ծնողների հետ: Այն ժամանակ մարդիկ շատ երեխաներ էին ունենում: Այդ պատճառով էլ իշխանությունները որոշեցին հողաբաժանում կատարել հին գյուղից մի քիչ ներքև:

-Բայց նրանք ինչ-որ բանով օգնո՞ւմ էին գյուղացիներին:

-Չէ՛, չէին օգնում, միայն հող էին տրամադրում մարդկանց, որ տուն սարքեն:

-Ինչպե՞ս է եղել, որ գյուղում բոլորի տները համարյա նույն գծագրով են կառուցված:

-Եղեգնաձորից ճարտարապետ էին ուղարկել, որ հատակագիծ գծեր: Բոլորն այդպես կառուցեցին:

-Իսկ ինչո՞ւ մարդիկ իրենք իրենց ուզած ձևով չէին կառուցում տները:

-Որովհետև մարդիկ այն ժամանակ ապրել են հողից, կավից պատրաստված տներում: Եվ գաղափար անգամ չեն ունեցել հատակագիծ գծելու մասին:

-Ինչպե՞ս է եղել, որ բոլորը եկել են, իսկ մի քանի ընտանիքներ չեն իջել և բնակություն չեն հաստատել այստեղ:

-Մարդիկ շատ անասուններ էին պահում, հին գյուղն էլ արոտավայրերին մոտիկ էր, իսկ ընտանիքի անդամները քիչ են եղել և այդ պատճառով էլ չեն իջել:

-Մարդկանց վրա լա՞վ ազդեցություն թողեց տեղափոխությունը:

-Շատ լավ: Մարդկանց պայմանները լավացան թե՛ կենցաղային, թե՛ մնացած առումներով: Լուծվեցին ջրի, հոսանքի և շատ այլ խնդիրներ, որոնք մինչ այդ շատ էին հուզում մարդկանց:

-Դրանից բնակչության թիվն ավելացա՞վ:

-Հա՛, իհարկե, գյուղի բնակչությունը շատացավ՝ եռապատկվեց:

-Հետագայում ինչե՞ր կառուցվեցին հին տների տեղերում:

-Կառուցել են գործարանը, 2-րդ դպրոցը, Սբ. Աննա եկեղեցին և այլն:

Հարցազրույցը վարեց` Սերյոժա Բաբոյանը

seryoja baboyan

Բամբասանք, այ քեզ չարիք

Երևի բոլորիս բակում, փողոցում, շենքում, գյուղում, քաղաքում, չգիտեմ որտեղ, կան բամբասկոտ կանայք, և չեմ էլ ուզում ասել` տղամարդիկ։ Նրանց, ինչպես կարգն է, անվանում են BBC-ներ, բամբասկոտներ։ Նրանք բամբասում են ամեն մեկից, ինչ-որ երևույթից, կարճ ասած, ամեն ինչից։ Նրանք միշտ նստած են լինում նույն վայրում, նույն դիրքով և նույն կազմով։ Իսկ ցուրտ եղանակին շփվում են հեռախոսով կամ մեկը մյուսի տուն գնալով։ Ինչպես ասացի, նրանք բամբասում են ամեն ինչից։ Էս մեկը էս շորը հագավ, էն մեկը էս ձև էր քայլում, մյուսը էսօր էս ինչ բանը կերավ, էն մեկը մեկի հետ խոսեց, էս մեկը, եսիմ ինչ, արեց ու էդպես լիքը բաներ։ Կամ մի բան էլ ասեմ, որն ինձ շատ է բարկացնում՝ մեկը մյուսին բողոքելը։ Կոպիտ օրինակ բերեմ։

«Աղջի, տեսա՞ր, սրա հավերն էսօր տասը հատ ձու ածեցին, իմ հավերը չածեցին»։ «Սրա կովը էսօր էսքան կաթ բերեց, իմ կովը մի կես բաժակ էլ չբերեց»։ «Աղջի, տեսա՞ր, էն օրը էս ինչի թաղմանը, օրինակ՝ Զարիկը լացում էր, մյուսը չէր լացում»։

Ամբողջ օրը թողնես մենակ բամբասեն՝ սրանից-նրանից, բարևեց-չբարևեց, էկավ-չեկավ ու նման նյարդայնացնող բաներ։ Բա որ էդ «բամբասկոտ բրիգադի» անդամներից մեկը գալիս է մեր տուն ու սկսում է պատմել, բողոքել, գովել, ու դու էդ ամեն ինչը ապշած լսում ես։

Մի անգամ մեր փողոցի բամբասկոտ բրիգադի անդամներից մեկը եկել էր մեր տուն ու «նստել» տատիկիս ականջին։ Նրա գնալուց հետո ջղայնացած տատիկիս հարցրի․

-Տատ, ո՞նց ես լսում իրա պատմածները, կոպիտ ասած, «ամբախ-զամբախ» խոսում ա, չեմ հասկանում, ո՞նց ես դիմանում։

Ու տատիկս հոգոց հանելով պատասխանեց.

-Ճարս ինչ, այ բալա, հո չե՞մ ասի` թող գնա ստեղից։

Համաձայն եմ, մի քիչ կոպիտ կլիներ, եթե այդպես ասեր տատիկս։ Բայց դրան չափ ու սահման կա չէ՞, վերջիվերջո։ Բա որ կողքներից անցնում ես, ուշադիր նայում են քեզ ու ինչ որ բան են փսփսում։ Ուղղակի տարիքները հաշվի առնելով չեմ շրջվում ու ասում․

-Ախր ի՞նչ էս տենց ուշադիր նայում վրես։

Ուֆ, չգիտեմ ինչ ասեմ։ Կարճ կապեմ, թե չէ էդ բամբասկոտներն ինձ որտեղ բռնեցին, կդարձնեն իրենց բրիգադի անդամ։ Ես էլ հո չե՞մ գժվել, տասնհինգ տարեկան եմ, գնամ` կործանվեմ։

Հ․Գ․ Ես չեմ ուզում ներողություն խնդրել նրանցից, ուղղակի թող կարդան ու որոշ չափով ուղղվեն։ Չնայած գիտեմ, որ ամբողջովին չեն կարող, դրանից պրծում չկա։ 

seryoja baboyan

Մինչև անձրևը վերջանա

Եղանակները տաքացել էին։ Տատիկս առավոտից երեկո աշխատում էր այգում։ Բայց այսօր առավոտից երեկո անձրև է տեղում, տատիկս էլ տանից ոչ մի րոպե չի բացակայել։ Զգում եմ, որ մի բան այն չէ։ Տատիկիցս հարցրի, թե ի՞նչ է պատահել։

-Ախ, էդ անձրևը ընչի՞ էկավ, է… Հիմա էն մովերը դարսել-պրծել էինք, Սերոժ ջան։

-Հա, ի՞նչ անենք, մի օր էլ գործ մի արա։

-Չէ, է… Կմնա` կթացանա, մինչև չորանա՜․․․

-Հա լավ, ոչինչ, տատի։

Այդ խոսակցությունից շատ չանցած մեր հարևանը եկավ մեր տուն։ Նա էլ նկատեց, որ տատիկը անհանգիստ է։

-Ի՞նչի էլե, չըլի՞ էսօր չես էչե բախչադ։

Տատիկիս մայրը գյուղում աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, և բոլորը նրան այդպես էին ճանաչում։ Այդ պահին հարևանը դիմեց ինձ։

-Հեկտորի աղջիկն ա, է, մի օր գործ չանի` կհիվանդանա։

Դե իհարկե, նա կատակեց, բայց դա համապատասխանում է իրականությանը։ Տատիկս ասում է. «Երբ գործ չեմ անում, մի տեսակ անհանգստություն, գլխացավ ու հոգնածություն եմ զգում»։

-Ինչ արած, տատ, սպասիր մինչև անձրևը վերջանա, գետինն էլ չորանա։

Հ․Գ․ Նյութը գրելուց հետո անձրևը վերջացավ, բայց սկսվեց ձյունը։

seryoja baboyan

Ակտիվանալու ժամանակն է

Գարունն արդեն բացվել է, և դու, հա-հա, հենց դու, որ հիմա կարդում ես նյութս, կտրվիր համակարգչից կամ սմարթֆոնի էկրանից, կտրիր քեզ չոր կամ հարմարավետ աթոռից ու տնից … Դուրս արի փողոց, թաղ, բակ… Տես, թե ինչքան լավ եղանակ է։ Եթե իմ տարիքին ես`պատանի, ավելի լավ։ Կանչիր ընկերներիդ, և վերջապես մի բան արեք, ու խոսքն ամենևին էլ CS:GO խաղին  չի վերաբերում: Արեք այն, ինչ հաճելի է, արեք այն, ինչ օգտակար է, և… այլն։ 

Հիմա ասեմ, թե գարնան լավ օրերին ինչպես եմ ես անցկացնում ժամանակը, ասացի`լավ օրերին: Դե, ո՞վ չգիտի, որ լինում են օրեր, երբ չես ուզում դուրս գալ տնից։

Եվ այսպես…

Գարնանային լավ օրն ինձ համար սկսվում է կանչով: Կամ ինձ են կանչում, կամ ես եմ կանչում: Ես դուրս եմ գալիս տնից ու կանչում տղերքին, ում կարողանում եմ։ Մի քիչ դրսում խոսելուց ու ինչ որ բան քննարկելուց հետո (չէ, դա բամբասանք չի լինում), մեկի գլխում ինչ որ ֆանտաստիկ միտք է առաջանում ։ Բայց մենք հո «Հոբիթ» ֆիլմի հերոսներից չե՞նք. ֆանտաստիկ բաներ մեզ  թույլ չենք տալիս… Ուղղակի, չակերտավոր ասած, ռեսթայլինգի ենթարկելուց հետո, էլի են ինչ-որ մտքեր առաջանում, բայց դե, չերկարացնեմ: Այդ մտքերի հիման վրա էլ շարունակվում է  ողջ օրս։

Դե, մտքերն էլ…

Բարձրանալ գյուղի մոտակա սարերը, գնալ «սիբեխ» հավաքելու, կամ գնալ գետից այն կողմ, ոնց էլ չլինի, ինչ-որ հետաքրքիր բան հաստատ կլինի անելու։

ՀԳ Դու դեռ մոնիտորի առա՞ջ ես։