Սոնա Զաքարյանի բոլոր հրապարակումները

sona zaqaryan

Արմատներ

Երբ փոքր էի, սիրում էի նստել տատիկիս կողքին ու լսել նրա պատմությունները իր ու պապիկիս կյանքի, հարազատների ու մտերիմների մասին: Ճիշտ է, շատ բան չէի հասկանում, քանի որ երեխա էի, բայց միևնույն է, ինձ հետաքրքիր էր այդ ամենը: Հետաքրքրությունս կրկնապատկվեց այն ժամանակ, երբ ուսուցչուհիս հանձնարարել էր կազմել մեր ընտանիքի տոհմածառը: Իսկ տոհմածառ կազմելը իրոք շատ հետաքրքիր է: Տատիկս պատմում էր, թե ովքեր են եղել պապիս պապը, նրա որդիները, և ես շատ մեծ հետաքրքրությամբ կազմում էի տոհմածառը: Որոշ ժամանակ անցավ, ու ես հասկացա, որ միայն անուններն իմանալը շատ քիչ է, և պետք է նաև իմանաl նրանց կյանքի ու գործերի մասին: Սկսեցի հետաքրքրվել և արդյունքում հետաքրքիր բաներ իմացա:

Գյուղում մարդիկ պատկանում են տարբեր «ազգերի»: Մեր գյուղի հիմնական ազգերն են` Պապունց, Ապունց, Դավութանց, Կիրիքորանց, Շեթանց: Յուրաքանչյուր ազգ ունի իրեն բնորոշ հատկանիշներն ու յուրահատկությունները: Մեր ազգը Պապունց ազգն է: Պապը ունեցել է հինգ տղա, որոնցից մեկը Զաքարան է եղել`պապիկիս պապը: Զաքարայից էլ առաջացել է Զաքարունց ճյուղը: Գյուղում այդպիսի մարդ չկա, ում հարցնես Պապունց ազգի և Զաքարյանների մասին, ու նրանք չիմանան:

Հայրիկիս ու տատիկիս հետ զրուցեցի, և նրանք ինձ պատմեցին Զաքարյանների մասին մի քանի բան:

Զաքարյանները Շամբ գյուղում մեծ հողատարածք են ունեցել: Այնտեղ բերք ու բարիք են ցանել: Մի մեծ խնձորենի է եղել այնտեղ, որը «շաղկալդի» են կոչել:

-Տատ, բայց ի՞նչ հետաքրքիր բան կա այդ ծառի մեջ:

-Բալաս, էդ ծառը մի տոննա խնձոր ա տվալ: Լյավ մեծ-մեծ կարմիր խնձորնի: Շատ են ըշխադալ, վեր լյավ բերք ստանան:

Զաքարայի տղաներից մեկը հորս պապիկն է եղել` Ներսեսը: Մի անգամ Ներսեսը երեկոյան որոշում է այգին ջրել: Մութ է լինում և ոչինչ չի երևում: Նրա կինը` Կայանը (անունը Գայանե է, ուղղակի բարբառով այսպես է հնչում), հրացանը վերցնում է և կրակում, կարծելով, որ գող է մտել այգի: Բայց բարեբախտաբար Նեսեսը չի վնասվում, փամփուշտը գլխի մոտով է անցնում: Ներսեսը չորս որդի է ունեցել` Սուրենը (պապս), Ռուբենը, Վանուշը և Ժորան

1941 թ. Ներսեսը որդու` Ռուբենի հետ մեկնել է ռազմաճակատ՝ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու:Ռուբենը զոհվել է ռազմաճակատում, իսկ Ներսեսը վիրավոր վերադարձել է և մեկ-երկու տարի անց մահացել:

Մնացել են Ներսեսի երեք որդիներն ու չորս քույրերը: Պապիկս գյուղում հայտնի մարդ է եղել, և նրան ճանաչել են որպես Շոֆեր Սուրեն:

-ԽՍՀՄ-ի տարիներին թորքերի նհետ շատ լյավ էինք, պապիդ ալ պիրըմ էր տոն, հաց տալիս: Ասըմ էր՝ սաղս ալ մարդ ենք, խե՞ թշնամություն անենք:

Պապիկիս ու նրա նախնիների թողած ժառանգությունը իրոք մեծ է: Երբ գյուղում ինձ հարցնում էին, թե ով եմ, ծնողներիս անունը տալով չէին ճանաչում, բայց երբ ասում էի, որ Զաքարյան Սուրենի թոռն եմ, միանգամից ճանաչում էին:

-Պապունց ազգի հարսները շատ խելոք, կրթված ու դաստիարակված են իլալ,-ասում է տատս:

Մեր հարևան Աղավնի տատը, ով նույնպես Պապունց ազգի հարս է, միշտ ասում է.

-Շտեղ մի լյավ ու ըշխադող աղջիկ ա իլալ, ընգալ ա Պապունց ազգի տղերքի ձեռը:

Միշտ այն համոզմանն եմ եղել ու հիմա էլ համոզված եմ, որ մարդ պետք է հպարտանա իր արմատներով: Եվ, այո’, ես իրոք հպարտ եմ, որ Դարբաս գյուղից եմ, և որ Պապունց ազգի ու Զաքարյանների ժառանգներից մեկն եմ: Մեր նախնիները մեզ հպարտանալու առիթ են տվել, մենք էլ պետք է այնպես անենք, որ մեր սերունդները հպարտանան մեզնով, ու Զաքարյանների անունը միշտ բարձր պահենք:

Նոր տարի, նոր էջ

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Ո~ւխ, վերջացնում ենք:

-Արի գնանք տուն, կիսամյակները արդեն փակել են:

-Երեխե~ք, միջոցառում է լինելու:

Այսպիսի արտահայտություններ լսեցի, երբ ուրբաթ օրը մտա դպրոց: Բոլորը շատ ուրախ էին ու խառնված: Երեխաները ամանորյա փայլեր, շղթաներ, խաղալիքներ ձեռքներին այս ու այն կողմ էին վազվզում: Դե իհարկե, պատրաստվում էին ամանորյա միջոցառման: Ամեն տարի մինչև արձակուրդների սկսվելը դպրոցում ամանորյա միջոցառում է կազմակերպվում: Բայց մինչև ամանորյա միջոցառումը կատարվում է տոնածառ դնելու արարողությունը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ մեծ ուրախություն է տիրում դպրոցի միջանցքում, երբ երեխաները տեսնում են զարդարված եղևնին: Նրանք շրջան են կազմում տոնածառի շուրջը և սկսում երգել.

-Ալո՜, Ձմեռ Պապի՜կ, քեզ սպասում ենք անհամբե՜ր…

Շա՜տ եմ ոգևորվում, երբ տեսնում եմ նրանց՝ տոնածառի մոտ երգելիս: Ես էլ եմ ուզում գնալ միանալ նրանց. երգել ու սպասել Ձմեռ պապին: Նրանք այնքան լավ տրամադրություն են հաղորդում մեծերին, որ մի պահ մեծերն էլ են մանկանում և սկսում հավատալ ամանորյա հրաշքներին:

Ուրբաթ օրն էր և ամեն տարվա նման՝ մեր հեքիաթային ամանորյա միջոցառումն էր: Բոլորը երգում էին ու պարում.

-Նոր տարի, Նոր տարի, քեզ սպասում ենք շուտ արի…

Թեև ուրախ տրամադրություն ունեի, բայց ինձ կրկին այցելել էին իմ մտքերը: Սովորաբար հաճախ են դրանք այցելում ինձ: Հիշեցի, որ ես արդեն մեծ եմ, մյուս տարի կավարտեմ դպրոցը ու ամեն տարվա պես չեմ կարող իմ հին ու հարազատ դպրոցի հետ նշել Ամանորը: Զգացի, որ ամեն տարին ավարտվելու հետ սկսում եմ ավելի շատ գնահատել ու արժևորել դպրոցս, ընկերներիս, գյուղս: Ու անգամ դեռ այստեղ լինելով՝ կարոտել:

Միջոցառման օրը նայում էի բոլոր ուսուցիչներին, նրանց ժպտացող դեմքերին: Նրանց դեմքերին երևում էր տարիների հոգնատանջ աշխատանքը, որը սքողված էր ժպիտով: Իսկ այդ ժպիտը նրանց պարգևում էին հենց իրենց աշակերտները: Ինչքա՜ն մեծ հպարտությամբ էր տնօրենը խոսում աշակերտների մասին: Դա իրոք մեծ երջանկություն է: Երջանկություն է այն, որ ուսուցիչները իրենց կատարած աշխատանքնի արդյունքը տեսնում են ու մտածում, որ իզուր չէ այն ամբողջ եռանդը, որը ներդնում են իրենց նվիրական գործում: Մեծ երջանկություն է, երբ աշակերտները հասկանում են, որ արդարացրել են թե՛ իրենց ծնողների, և թե՛ ուսուցիչների սպասելիքները: Ինչքա՜ն եմ կարոտելու ուսուցիչներիս հայացքները՝ բարի, խիստ, ուրախ և տխուր:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ամանորի գալուստը մեզ հուշում է, որ մի տարով էլ մեծացանք ու սկսում ենք մտածել այս տարիների մեր արածների ու չարածների մասին: Սկսում ենք հասկանալ կյանքը և գիտակցել բոլոր այն դժվարությունները, որոնք շուտով շրջապատելու են մեզ:

Նոր տարին իր հետ կյանքի մի նոր էջ է բերում, մաքուր էջ, որի վրա պետք է գրենք գեղեցիկ ձեռագրով ու առանց ջնջումների:

Նոր տարվա գալու հետ ոչ միայն մենք ենք մեծանում, այլև մեր հայրենիքը և նրա պատմությանը մի նոր էջ է ավելանում: Բոլորս հավատում ենք և աղոթում հայրենիքի համար, աղոթում, որ այս էջը գրվի պայծառ ու գունավոր տառերով:

sona zaqaryan

Ինչից է հյուսվում կյանքը

Երբ հիշողություններդ այցելում են քեզ, ոչինչ չես կարողանում անել, որ մոռացության տաս դրանք: Հիշողությունները մի փոքրիկ արկղի մեջ են դասավորված, իսկ արկղը հոգուդ մեջ, մի փոքրիկ անկյունում: Տարիների ընթացքում արկղերից շատերի վրա փոշի է հավաքվում, շատերը փակվում են հավերժ չբացվելու նպատակով, բայց միևնույն է, մի օր բացվում են, որովհետև ոչ ոք չի կարող այնպես անել, որ դրանք հավերժ փակ մնան: Իմ արկղը դեռ մաքուր է, և երբեք փոշի չի նստել դրա վրա: Գիտե՞ք ինչու: Որովհետև այդ արկղը անընդհատ բացվում է,և ինչքան էլ ցանկանամ, չեմ կարող փակ պահել: Այդ արկղի մեջ մեծ մասամբ իմ մանկության հուշերն են, չէ որ ես 16 տարեկան եմ, և ինչպես մեծերն են ասում, կյանքի փորձ չունեմ: Բայց ես շատ ուրախ եմ, որ մանկությանս հուշերն են տեղ գտել այնտեղ և որոշել եմ, որ միշտ այնտեղ են մնալու, որովհետև եթե ցանկանամ էլ, չեմ կարող հանել դրանք: Մանկությանս հուշերում միշտ մի դեմք եմ տեսնում պայծառ, տխուր աչքերով, բարի դեմքով, իմ չարաճճիությունների վրա ժպտացող թախծոտ աչքերով: Իմ պաշտպանը: Եթե անգամ բոլորը ինձ մեղադրեին, նրա համար ես ճիշտ էի: Հող ու աշխատանք սիրող մարդ էր նա, առանց դրա չէր կարողանում ու ամեն անգամ այնքան մեծ կարոտով էր նայում այգուն, ծառերին, աշխատող մարդկանց:

Մի փոքրիկ ցանկություն էր միայն փայփայում նա, որ իրեն այգի տանենք, նստի այգում, իրեն այդքան կապված հողը շոշափի, զգա այդ հողին պարգևած արևի ճառագայթների ջերմությունը և ուրախանա երեխաներով ու թոռներով: Մի պայծառ դեմք էլ է միշտ իմ հիշողության մեջ, ով ժպիտ է ինձ պարգևում, և ում գնած շոկոլադները ամենահամեղն են:

Պապիկնե’րս, դուք հավերժ իմ փոքրիկ արկղում եք: Մանկությանս հուշերում կանաչ աչքեր են, բարի ու հոգատար, որոնք երբեք չեմ կարող մոռանալ: Հոգնատանջ, բայց ժպտացող դեմքով մի գեղեցիկ ու առեղծվածային կին: Դոլմա փաթաթող, հարիսա եփող, գուլպա գործող ծերացած ձեռքեր են: Գյուղական անուշ բարբառով հնչող խոսքեր են: Տատիկնե’րս, դուք հավերժ իմ փոքրիկ արկղում եք:

Մանկությանս հուշերում մայրական անուշ ձայն է, հոգատար փափուկ ձեռքեր: Իմ կամակորություններին դիմացող, ինձ համար միշտ անհանգստացող լուսավոր, գեղեցիկ էակ: Մա’մ դեռ չծնված դու իմ փոքրիկ արկղում ես եղել ու հավերժ կմնաս: Մանկությանս հուշերում, հորս բարությունն է, նրա կոպիտ, բայց ճշմարտությամբ լցված խոսքերը, նրա խրատները: Պա’պ, քո տեղը իմ արկղում այնքան մեծ է, ինչքան քո բարի սիրտը:

Մանկությանս հուշերում ջարդված սահնակ է, մի մեծ ձնագունդ, մի պայծառ արև: Մանկությանս հուշերում մի փոքրիկ գյուղ է` ինձ ժպտացող գյուղ, մի մեծ խաղաղ աշխարհում:

sona zaqaryan

Անգլերեն, ժպիտներ և ուրախ առօրյա

Հինգշաբթի օրը շաբաթվա իմ ամենասիրելի ու սպասված օրերից մեկն է: Հետաքրքրե՞ց, թե ինչու: Այդ օրը մեր «English club»-ի օրն է: Հիմա կասեք, թե ինչու եմ այսքան շատ սպասում այդ օրվան, չէ՞ որ սովորական անգլերենի պարապմունք է: Բայց այն ինձ համար այդքան էլ սովորական պարապմունք չէ: Դա ինձ համար այն օրն է, երբ ես ուրախանում ու լիցքաթափվում եմ, համադրելով նաև գիտելիքը: Դա այն օրն է, երբ ստանում եմ շատ ժպիտներ ու ինքս էլ եմ ժպտում: Դա այն օրն է, երբ մի սովորական «hello»-ն մեծ տոն է դառնում: 

Երևի հիմա մտածում եք, է, ինչեր եմ գրում, ու չեք կարողանում հասկանալ: Լավ, հիմա կբացեմ փակագծերը: «English club»-ը , «hello»-ն և մնացած բաները կապված են մեր ամերիկուհի կամավորի հետ: Նրա անունը Ալիա է: Մենք նրան դիմում ենք` միսս Ալիա: Նա ամենաժպտերես ամերիկուհիներից է: Դե, ոնց որ հայերն են ասում` ջիգյարով: Գյուղում բոլորը նրան շա~տ են սիրում, հատկապես երեխաները: Մենք բոլորս շատ ենք գնահատոմ այն, որ նա կտրել, անցել է հսկա օվկիանոսը և եկել հասել մեր փոքրիկ Դարբաս գյուղ, որպեսզի սովորի ու սովորեցնի:

Բոլորիս օրը նրա հետ շատ ուրախ ու հագեցած է անցնում: Երբ մտնում է դպրոց, երեխաները հավաքվում են նրա շուրջը և մեկը մեկից բարձր «hello» գոչում: Ի~նչ մեծ երջանկություն է այդ փոքրիկ «hello»-ն նրանց համար: Միսս Ալիան հետաքրքիր պարապմունքներ է կազմակերպում թե փոքրերի, և թե մեզ` մեծերիս համար: Դրանց նպատակը ոչ միայն անգլերեն սովորելն է, այլև ամերիկյան բազմազան մշակույթի հետ ծանոթացումը: Պարապմունքները հաճելի ու ընկերներական մթնոլորտում են անցնում: Համատեղում ենք հաճելին օգտակարի հետ:

Միսս Ալիան շատ է սիրում գյուղը, գյուղի մարդկանց և իհարկե հայկական մշակույթը: Շատ ուրախալի է, երբ օտարերկրացիները հետաքրքրվում են հայկական մշակույթով, իսկ այդ մշակույթը նրանց ներկայացնելը կրկնակի ուրախություն է: Այնպես է ստացվում, որ թե’ մենք, թե’ միսս Ալիան սովորողի և սովորեցնողի դերերում ենք, որը իսկապես շատ հետաքրքիր է:

Անգամ տատիկներն ու պապիկներն են ուզում սովորել, ինչու չէ, նաև ապացուցել, որ իրենք էլ պակաս լեզու չգիտեն: Մի անգամ մի զվարճալի դեպք պատահեց: Ես ու միսս Ալիան քայլում էինք ու ճանապարհին հանդիպեցինք Սամո պապիկին: Միսս Ալիան, իր սովորության համաձայն, ջերմ ժպիտով բարևեց նրան, դե Սամո պապիկն էլ ժպիտով պատասխանեց ու ավելացրեց.

-Как жизнь?

Միսս Ալիան, ոչինչ չհասկացավ և ժպտաց:Ես էլ նրան բացատրեցի, որ պապիկը ռուսերեն էր պատասխանում, և թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը: Տատիկներն ու պապիկներն էլ իրենց իմացած ռուսերենով են հպարտանում, և երբ մենք անգլերեն խոսում ենք, ու նրանք ոչինչ չեն հասկանում, այսպես են ասում.

-Երկու անգլերան տառ են գիդըմ, մտածըմ են` էտա, վեր կա, էն վախտը, հո՞վ էր մեզ նման ռուսերան գիդըմ, գերմաներեն ալ էինք սվերըմ:

Մենք էլ նրանցից չենք նեղանում, այլ ընդհակառակը ժպտում ենք և փորձում նրանց էլ սովորեցնել:

Ա’յ, այսպիսի դրական ու հետաքրքիր փոփոխություններ են մեր կյանք մտցվում կամավորների շնորհիվ: Հուսով եմ, որ նրանց գործունեությունը շարունակական կլինի, քանի որ այն շատ հետաքրքիր է ու ողջունելի: Գյուղում ապրող երեխաները շատ խելացի են և արժանի են մեծ հաջողությունների հասնելու:

Դե ինչ, եկեք բոլորս սովորենք, ժպտանք ու մեր ժպիտներով ջերմացնենք շրջապատը, իսկ ջերմության կարիք մենք հաստատ ունենք, չէ՞ որ շուտով ձմեռ է:

Գյուղական համ ու հոտ

Դեռ նոյեմբեր ամիսն է, բայց ձմեռը արդեն հյուր է եկել մեզ: Այն զգացնել տվեց իր գալուստը դեռ հոկտեմբեր ամսվա կեսերից: Ձյունը եկավ, նորից հալվեց ու նորից արևը իր կենսաժպիտ շողերով ողջունեց մեզ: Գյուղացիները դեռ չէին վերջացրել ձմռանը պատրաստվելու աշխատանքները, ուստի բոլորը նորից անցան աշխատանքի, քանի աշունը մի նոր անակնկալ չէր մատուցել: 

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ամբողջ օրը լսվում է «դրուժբայի» ձայնն, ու ամեն անգամ այդ ձայնը լսելիս հասկանում եմ, որ ձմեռը մոտենում է: Գյուղացիները իրենց փայտն են կտրում, որ ձմռանը կարողանան ջեռուցել իրենց տները: Մի կողմից էլ` կացնի ձայնն է լսվում, որը սկսում է իր գործը կատարել «դրուժբայից» հետո:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Այնուհետև սկսում են փայտերը դասավորել: Սկսվում է նաև ձմռան պաշար հավաքելու գործընթացը: Երբ տատիկս ինձ ասում է.

-Սոնա’, մի քինա էն ճղոպուրի տակը վհաքի,- ես հասկանում եմ, որ արդեն հոկտեմբեր է: Հոկտեմբեր ամսվա գլխավոր ընդեղենը դա ճղոպուրն է`ընկույզը: Շատ հեշտ կարելի է գուշակել, թե երբ է ընկույզի սեզոնը: Երբ մեծ ու փոքրի ձեռքերը ամբողջովին սևացել են, ուրեմն սեզոնը սկսված է:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ընկույզը բերում ենք տուն, մաքրում, ապա դնում արևի տակ, որ չորանա, քանի որ սկզբում այն թաց է լինում: Այնուհետև տատիկս անցնում է ընկույզը կոտրելու և միջուկը մաքրելու գործին.

-Էս մաքրածս լրցրեք մի տոպրակի մեջին, տիրեք մի տեղ, վեր ղարկեմ Սեյրանիս, հեսա մի տոպրակ էլ մաքրեմ, էտ ալ կղարկենք Սվետիս:

-Տատ, անընդհատ մաքրում ես, աչքերդ չի՞ ցավում:

-Բալա, հինչ անեմ ցավըմա, բա խոխորցս մհար չմաքրե՞մ:

Ու առավոտից երեկո տատիկս այդ գործով է զբաղված:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ընկույզից սուջուխ էլ ենք պատրաստում, որը Նոր տարվա «չարազի» սեղանի գլխավոր զարդն է: Սուջուխ պատրաստելու համար ընկույզները շարում են թելերի վրա, այնուհետև պատրաստում են թանձր զանգված, որտեղ օգտագործվում են ալյուր, դոշաբ, շաքարավազ, ջուր, մեխակ և դարչին: Ընկույզով շարված թելերը մտցնում են այդ թանձր զանգվածի մեջ, այնուհետև կախում են, որ չորանա: Չորանալուց հետո ստացվում է սուջուխը: Սիրում եմ տատիկիս ու մայրիկիս հետ սուջուխ պատրաստել:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Այսօր մայրիկիս հետ որոշեցինք գինի պատրաստել ձմռան համար: Դե իհարկե, մեր այգու համեղ խաղողից: Սկսեցինք խաղողը մաքրել, լվանալ, այնուհետև ճզմել, որ հյութը դուրս գա: Այդ ամենից հետո խաղողահյութը դրեցինք, որ թթվի ու դառնա գինի: Ամեն հոկտեմբերի գինի ենք պատրաստում, ու ամեն անգամ այդ գինին խմելիս եղբայրս ասում է.

-Մամ, էս գինի՞ ա: Ոնց որ սոկ լինի:

Բայց դե գինի է, ուղղակի ինչպես հայրիկս է ասում, «գրադուսը քիչ ա»: Այս տարի էլ կպարծենամ, որ գինին ես եմ պատրաստել…

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Այս պարզ թվացող, բայց միևնույն ժամանակ, բարդ աշխատանքները գյուղացու առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Գյուղացին իր արդար աշխատանքով է ապրում` իր մի կտոր վաստակած հացը ուրիշների հետ կիսելով: Իսկ գյուղական աշխատանքները շատ հաճելի են ու հետաքրքիր: Եթե հետաքրքրեց ուրեմն այցելեք մեզ: Հասցե` Սյունիքի մարզ, դրախտային Դարբաս:

Ես ու գյուղս

Նայում եմ գյուղիս: Ինչ գեղեցիկ է այն: Աշուն է, գունավոր աշուն: Այն աշուններից, որոնք միայն իմ գյուղին են հատուկ: Քայլում եմ աշնան շնչով լցված նեղլիկ փողոցներով և նայում աշնան մեջ սքողված գյուղիս: Քամին սուրալով մոտենում է ինձ, հասնում մինչև ոսկորներս: Իմ առանց այդ էլ բարակ հագնված մարմինը սարսռում է ու ակամա հիշում եմ , որ մայրս ինձ խնդրեց մի տաք բան հագնել, բայց ես չլսեցի: Քամու պատճառած այդ սարսուռը երբեմն այնքա~ն հաճելի է: Գիտե՞ք ինչու: Որովհետև գյուղիս քամին է: Ոչինչ, թող սարսռամ, միայն թե գյուղիս քամին սարսռացնի իմ բարակ հագնված մարմինը:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Քայլում եմ գյուղով ու նայում եմ տերևներին, տներին, քարերին: Այնքա~ն կարոտ կա այդ գույնզգույն փոքրիկ տերևների մեջ և այնքան սեր:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ահա մոտեցա մի տան: Դուռը կողպված է: Ինչքա~ն դատարկություն կա այդ տան մեջ, որը տարիներով սպասում է ինչ-որ մեկին, ով կմաքրի իր մոռացված կահույքի փոշին: Այդ նույն տնից մի ժամանակ լսվում էր երեխաների անհոգ ծիծաղը, այնտեղից միշտ բուրում էր համեղ կերակուրների հոտը, և այդ տունը միշտ պատրաստ էր ընդունելու անձրևից թրջված անցորդին` մի բաժակ թեյ խմելու…

Ինչքա~ն քար կա, ու երևի այնքա~ն պատմություններ ու հիշողություններ այդ քարերի հետ կապված: Ա’յ, այս քարին ժամանակին հովիվն է նստել, որ մի փոքր շունչ առնի և վայելի իր մի կտոր հաց ու պանիրը: Մյուս քարին երևի մի տղա է նստել ու նայել հեռուն, մտածելով իր սիրելի աղջկա մասին: Այս մեկին մի երեխա է բարձրացել և փորձել ապացուցել իր ընկերներին, որ կարող է թռչել քարից: Իսկ ահա այս մեկին կնստեմ ես և կպարուրվեմ աշնան մեջ թաթախված գյուղիս: Կնայեմ լեռներին, կփորձեմ լեռների հետ զրուցել, զրուցել նրանց անցած ճանապարհի մասին…

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ես տարվել եմ լեռների հետ զրույցով և չեմ նկատում, թե ինչպես է մառախուղը հետզհետե ծածկում նրանց վեհ գագաթները: Անձրևի երկու խոշոր կաթիլ ընկան կոպերիս, և ես սթափվեցի: Անձրևը սաստկացա~վ:

Այո’, ես ուզում եմ թրջվել, ուզում եմ թրջվել մինչև ոսկորներս, միայն թե գյուղիս անձրևը թրջի ինձ…

Բերքի տոն և հին ու բարի հիշողություններ

Հոկտեմբերի 9-ին Դարբասում բերքի տոն էր: Ահել-ջահել հավաքվել էին եկեղեցու բակում: Օրը սկսվեց Սուրբ Պատարագով: Աշնանային հիանալի տրամադրություն էր: Անընդհատ հանդիպում էի բոլորի ուրախ ու զվարթ դեմքերին: Մեկը սեղանն էր ձևավորում, մյուսը` պար փորձում, մի քանիսն էլ երգում էին: Նկարչության և ուլունքագործության խմբակի երեխաները ցուցադրեցին իրենց կատարած գեղեցիկ աշխատանքները: Կիրակնօրյա դպրոցի աղջիկները հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել համեմված երգով, պարով և ասմունքով: Այսօր առաջին անգամն էր, որ չէի մասնակցում կիրակնօրյա դպրոցի միջոցառմանը: Առաջին անգամն էր, որ իմ այդքան սիրելի տարազը չէի հագել: Դե, ես էլ մեծացա, դասերը, պարապմունքները սկսեցին, ու որոշեցի այլևս չհաճախել: Բայց դա չէր նշանակում, որ բաժանվում եմ իմ սիրելի ուսուցիչներից, երեխաներից: Նրանց շա~տ-շա~տ եմ սիրում: Ու ամեն անգամ այնքան մեծ ուրախություն եմ զգում, երբ ինձ ջերմորեն ընդունում են: Հանդիպեցի երգի ուսուցչուհուն, ինձ ամուր-ամուր գրկել էր ու ասում էր.

-Սոնա, խի՞ չես մեկ-մեկ գալիս, քեզ կարոտում ենք:

Ակամա հիշում եմ, թե ինչ ուրախ, նաև տխուր և անմոռաց պահեր եմ անցկացրել կիրակնօրյա դպրոցի երեխեքի ու իմ շատ սիրելի ուսուցիչների հետ և քիչ էր մնում լաց լինեմ: Հիշում եմ այն օրը, որ խոսեցի ուսուցիչներիս հետ և ասացի, որ էլ չեմ կարող հաճախել պարապմունքների, ինչքան էի հուզվել ու ինչքան լաց եղա: Երեխեքը անգամ կատակում էին, որ ինձ ուրախացնեն.

-Սոնա, կարո՞ղ ա ուսուցիչները քեզ մի լավ ծեծել են, դրա համար ես լացում:

Իսկ ես արցունքների միջից ծիծաղում էի: Ու այսօր ամեն ինչ այսքան փոխվել է: Ու չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում: Կողքիս Հերմինեն ու Սոսեն էին: Նրանք էլ ինձ հետ հին ու բարի հիշողությունների գրկում էին: Դե, այնպես ստացվեց, որ Զաքարյաններով լքեցինք կիրակնօրյա դպրոցը, բայց հոգով մնացինք այնտեղ: Է~, մեծանալն էլ մի բան չի: Բայց դե ի՞նչ կարող ենք անել…

Այդ օրը տարբեր հեռախոսներ էին ձեռքումս, անգամ չգիտեի` ումը որն է: Դե մի բան պիտի անեի, չէ՞: Ես էլ որոշեցի նկարահանումը ինձ վրա վերցնել: Այնքան նկարեցի, որ այսպես ասած, մեջքս ծռվեց: Դե, ոչինչ, կարևորը, որ լավ կադրեր ստացված լինեն: Հենց այդ օրն էլ հասկացա, թե ինչ բարդ ու պատասխանատու գործ է լրագրողի աշխատանքը: Իսկ միջոցառումը ուղղակի հիանալի էր: Թող Դարբասում բերքը միշտ առատ լինի, և մարդիկ հպարտանան իրենց կատարած աշխատանքով:

Բերքի տոն էր…

Լուսնային հիշողություններ

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Գեղեցիկ է, չէ՞, լուսինը: Մանավանդ այն ժամանակ, երբ շրջապատված է ամպերով: Մանավանդ այն ժամանակ, երբ նայում է աշխարհին և լուսավորում իր պայծառ լույսով: Մանկուց սիրում էի լուսինը: Նա այնքան պայծառ էր ու լուսավոր: Նայում էի ու մտածում, թե ոնց է մեր գյուղից այն երևում, չէ որ մեր գյուղը հեռու է, շա~տ հեռու աշխարհից:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Գյուղս ինձ համար մի ուրիշ աշխարհ է, առանձին աշխարհ: Շատ էի ուրախանում, երբ մտածում էի, որ լուսինը մեզ էլ է նկատում ու լուսավորում: Սիրում էի լուսինը, ու այն ինձ համար ուղղակի երկրի արբանյակ չէր, ուր չկա ոչինչ ապրելու և գոյատևելու համար: Նա ուղղակի իմ գիշերային ընկերն էր, ում հետ երազում էի, պատմում ամեն ինչ ու վստահում: Մանկական այդ երազանքները վառ են մնացել հիշողությանս մեջ: Օրինակ, երազում էի, որ մայրիկը չբարկանա վրաս, որ տատիկի ոտքերը չցավեն, որ հայրիկը աշխատանքից միշտ ուրախ վերադառնա և որ նորից պապիկիս տեսնեմ: Տեսնեմ նրան, գրկեմ ու ասեմ, որ շատ եմ սիրում ու միշտ հիշում եմ նրա դողդոջուն ձայնը, որ ասում էր. «Բալաս, վեր մեռնեմ, գերեզմանիս ծաղիկ կտինես»… Ու լուսնին նայելով մտքում ասում էի` «Դնում եմ, պա’պ»: Մեկ-մեկ էլ մտածում էի, որ պապիկը գնացել է լուսին ու նորից հետ է գալու: Միգուցե լսում էր ինձ:

Նայում էի լուսնին ու մտածում, որ նա շատ մարդկանց ճակատագրերի է ծանոթ, շատերի ուրախ ու տխուր պահերն է տեսել ու զգացել: Անվերջ նայում էի լուսնին, նայում էի ու երազում այնքան, մինչև լսում էի մայրիկի անհանգիստ ձայնը. «Բալես կմրսես, տուն արի’»: Երեխա էի…

Լուսինը նույնն է մնացել , այդքան էլ չի փոխվել, երևի մի քիչ մեծացել է, ինչպես որ ես եմ մեծացել տարիների ընթացքում: Էլի կիսվում եմ հետը, պատմում ամեն ինչ, ու նա ինձ միշտ հասկանում է: Երևի դեռ երեխա եմ:

Սիրում եմ լուսինը…

Հունձք

Լուսանկարը՝ Նելլի Գեւորգյանի

Լուսանկարը՝ Նելլի Գեւորգյանի

Սովորական առավոտ է, Սյունիքի ամառային առավոտներից մեկը: Ինձ համար նստած գիրք եմ կարդում, մեկ էլ լսում եմ տատիկիս ձայնը.

-Հը՞ն, բալաս, ի՞նչ ըրեցիք:

-Մամա, դե չկարացա տրակտրիստի հետ խոսամ:

-Էյ՛,այ բալա, ե՞րբ կիլի, վեր էդ ցորենն ու կյարին հըվաքենք, արխային տառնանք:

Ինչպես միշտ, հայրիկս փորձում է տրակտորիստ գտնել արտը հնձելու համար, բայց դե ախր, խնդիրը ոչ թե տրակտորիստն է, այլ հենց տրակտորը: Իսկ մեր գյուղում, տրակտորիստ, ավելի ճիշտ տրակտոր որոնողները շատ-շատ են: Դե, մեր գյուղում ձեռնտու չի արտ հնձել, մյուս գյուղերի դիրքերը ավելի լավն են:

-Լյավ, մամ, դասավորիլվ ենք, պան չկա:

Այս հարցերի շուրջ`խոտի, գարու, ցորենի և այլն, տատիկիս անհանգստությանը ոչ ոք չի հասնի: Իսկ այդ անհանգստությունը աճել և ձևավորվել է տարիների ընթացքում, չէ որ մանուկ հասակից այդ ամենի մեջ է:

Իսկ մե՞նք` ես և եղբայրս,մենք նույնպես անհանգստանում ենք, չնայած հայրիկի խոսքերին. «Դե խոխորցը ի՞նչ կա, ապրուստը` ձրի, կյանքը` երջանիկ»: Դե, հայրիկին էլ կարելի է հասկանալ. գյուղական գործերը շատ բարդ են ու անվերջանալի, բայց իմ կարծիքով նաև շատ հավես.

-Լավ, բա ի՞նչ անենք, որ էդ հարցը լուծվի,- ասում եմ եղբորս:

-Մենք ի՞նչ անենք,- տխուր պատասխանում է նա:

Հանկարծ հայրիկը ժպիտը դեմքին ներս է մտնում և ասում մայրիկին.

-Լիլիթ, հաց սարքի: Գնում ենք արտը հնձենք:

Ինչպիսի ուրախություն է տանը: Վերջապե՛ս: Հիմա էլ, բոլորս կրկին անհանգստանում ենք: Ասեք` ինչո՞ւ: Դե, որ հանկարծ անձրև գա ու ամեն ինչ ջուր չընկնի: Տատիկիս հետ նստած սպասում ենք, թե երբ բակում կլսվի այդքան բաղձալի բեռնատարի ձայնը:

sona zaqaryan

Ընդամենը երկու սեպտեմբերի 1

Մի օր և ահա նորից սեպտեմբերի մեկ: Շատերի համար սպասված, շատերի համար անսպասելի, շատերի համար էլ ուղղակի  ատելի սեպտեմբերի մեկը:
Կգա սեպտեմբերի մեկը, իր հետ կբերի նոր հույսեր, սպասումներ և ամենակարևորը, անվերջ պարապմունքներ ու դասեր:
Դե, անկեղծ ասած, սիրում եմ սեպտեմբերի մեկը, չնայած անհամար դասերին ու տանջանքներին:
Ոմանք դպրոց են գնում սովորելու համար, ոմանք` ընկերներին տեսնելու և նրանց հետ չարաճճիություն անելու համար (հիմնականում բնորոշ է ավելի ցածր տարիքի երեխաներին), ոմանք էլ դպրոց գնալու փաստը ընդունում են զուտ  որպես  պարտականություն: Իսկ սեպտեմբերից առաջ կատարվող քննարկումները  շատ-շատ են.
-Երեխեք, ուզո՞ւմ եք գնանք դպրոց:
-Հա շատ, էս ամառը անկապ էր:
-Է, չէ, ամառը լավ ա:
-Եսիմ, է, ինձ համար մեկ ա:
Այ, այսպիսի պատասխաններ են հնչում, երբ երեխաներին հարցնում են դպրոց գնալու մասին: Դե, 12-րդ դասարանցիների մի մասը ուրախ, մի մասն էլ տխուր ասում են.
-Մեր վերջին սեպտեմբերի մեկն ա:
-Է, երանի ձեզ, հեսա դպրոցը պրծնում եք,-լսվում են ցածր դասարանի երեխաների տխուր բացականչությունները:
Իսկ ես մտածում եմ, թե ինչու են ուզում դպրոցը շուտ ավարտել:
-Դպրոցը կավարտեք, իսկ հետո՞: Հետո կմտնեք կյանքի մի բարդ փուլ, որը լի է դժվարություններով, և դուք պետք է հաղթահարեք դրանք, դառնալով հասուն ու փորձված մարդ: Այնպես որ, կյանքը այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է:
Մի՞թե չեք կարոտելու դասից ուշանալը, ընկերների անմեղ կամ մեղավոր ժպիտները, դասամիջոցների կարճ տևողությունից բողոքելը, դասից թռնելը և ընթացքում էլ մի քանի հատ սելֆի անելը, «Լավ էլի, 5 րոպե շուտ գնանք տուն» արտահայտությունը և շատ ուրիշ բաներ:
Ով ինչ ուզում է ասի, միևնույն է բոլորն էլ հոգու խորքում կարոտում են դպրոցը թե’ ուրախ և թե’ տխուր այն բոլոր պահերը, որ անցկացրել են դպրոցի, ընկերների և արդեն շատ հարազատ դարձած ուսուցիչների հետ, չէ, որ 12 տարվա մեծ մասը դպրոցում ենք անցկացնում: Ով գիտի, ինչքան ուրախ պահեր, ինչ հիշողություններ և արցունքներ են թաքնված դպրոցի հին և նոր պատերի ներսում: Գիտեք, հիմա էլ չեմ պատկերացնում, որ կգա մի օր, ու էլ չեմ գնա դպրոց:
Ուղղակի ոչինչ չեմ կարող փոխել: Ընդամենը երկու սեպտեմբերի 1 և, վերջ, ես կավարտեմ դպրոցը` ինձ հետ տանելով շատ գիտելիքներ ու հիշողություններ կյանքիս նոր ճանապարհը սկսելու համար: