Սոնա Զաքարյանի բոլոր հրապարակումները

Հիշի՛ր, Հայաստանը միշտ քեզ է նայում

Լուսանկարը՝ Ջոանն Բեմիշի

Բարև՜, Հայաստան։ Արդեն բավականին ժամանակ է, ինչ նյութեր չեմ գրում, չնայած որ շատ եմ ցանկանում։ Երևի հարց առաջացավ, թե ինչու։ Մոտ երկու ամիս է, ինչ ԱՄՆ-ում եմ ՖԼԵՔՍ ծրագրով:  Բայց մի՞թե ԱՄՆ-ում գտնվելը պատճառ է նյութեր չգրելու համար։ Իրականում պատճառը այստեղի հագեցած առօրյան է: Եթե հայ դեռահասները մտածում են, որ իրենց առօրյան շատ հագեցած է ու ծանրաբեռնված, ապա կարող եմ վստահեցնել, որ այստեղ դեռահասների առօրյան շատ ավելի ծանրաբեռնված է, քան կարող եք պատկերացնել։
Մի փոքր նկարագրեմ թինեյջերների (դեռահասների) առօրյան ԱՄՆ-ում։ Նրանք սովորաբար շատ շուտ են արթնանում քանի որ դասերն այստեղ ավելի վաղ են սկսում, քան Հայաստանում։ Աշակերտների հիմնական մասը դպրոց է գնում դպրոցական ավտոբուսով (school bus)։ Եվ հավատացեք, որ ամենահաճելի բաներից մեկը դա դպրոցական ավտոբուսով դասի գնալն է: Չնայած ես առիթ չեմ ունեցել դպրոց գնալ այդ ավտոբուսով, քանի որ բավականին մոտ եմ ապրում դպրոցին։ Բայց դպրոցական ավտոբուսը նախատեսված չէ միայն երեխաներին դասի տանելու ու դասից բերելու համար։ Ուրիշ ինչի՞ համար կարող է նախատեսված լինել այն։ Չգուշակեցի՞ք։ Դե իհարկե, դպրոցական սպորտի թիմերին  տարբեր մրցույթների տեղափոխելու համար։ Սրան մի քիչ ավելի ուշ կանդրադառնամ։ Հիմա խոսենք դպրոցի մասին։ Դպրոցները այստեղ բավականին տարբեր են։ Եթե համեմատեմ Հայաստանի դպրոցների հետ՝ սարեր ձորերի տարբերություն։ Բայց ինչպես սովոր են ասել փոխանակման ծրագրի աշակերտները՝ ոչ ավելի լավ է, ոչ ավելի վատ՝ ուղղակի տարբեր է։ Ամերիկյան ավագ դպրոցում պարտադիր առարկաները հիմնականում  չորսից ավելի չեն լինում։ Մնացած առարկաները կարող ես ընտրել քո ցանկությամբ։ Իմ կարծիքով դա իրականում շատ ավելի լավ տարբերակ է։

Երբ ինձ այստեղ հարցնում են, թե ինչպիսինն է կրթական համակարգը Հայաստանի դպրոցներում, իմ պատասխանից հետ շատ են զարմանում։ Ամերիկացիների համար բավականին դժվար է երկրորդ լեզու սովորելը, այդ պատճառով նրանց համար նույնպես զարմանալի է, թե ինչպես են մեկ այլ երկրի աշակերտները  երկուսից ավելի լեզուների տիրապետում։

Դասերը ժամը 15։00-ից շուտ չեն ավարտվում, իսկ եթե ինչ-որ սպորտի թիմում ես, ապա շատ հնարավոր է,որ դասերից անմիջապես հետո միանգամից գնաս մարզումներին մասնակցելու։ Իմ դեպքում այդպես է։ Ես որպես սպորտ ընտրել եմ վազքը, որը հեշտ թվացող, բայց իրականում ամենաբարդ սպորտաձևերից մեկն է։ Ամեն օր դասերից հետո պետք է մնամ ու մասնակցեմ մարզումներին և հիմնականում 17:00 կամ 18:00-ից շուտ տուն չեմ կարող գնալ։

Տուն գալուց հետո ճաշում ես, որից հետո պետք է ավարտես տնային հանձնարարություններդ։ Որոշ աշակերտներ անգամ աշխատում են, որպեսզի կարողանան ապահովել իրենց առօրյա ծախսերը։ Այս ամենից հետո էլ էներգիա չի մնում: Այնպես որ, միանգամից ուզում ես քնել։ Ամենաշատ էներգիան սպառվում է մարզումների վրա։ Ինչպես հասկացաք, ԱՄՆ-ում սպորտին շատ մեծ տեղ են տալիս, և սպորտը ոչ միայն աշակերտների, այլ տարբեր տարիքի մարդկանց առօրյայի ու կյանքի մեծ մասն է կազմում։

Երբեք չեմ հասկացել սպորտի նշանակությունն ու կարևորությունը, բայց այստեղ գտնվելով հասկացա, թե ինչ մեծ ու կարևոր նշանակություն ունի այն։ Սպորտը մարդուն չի կոփում միայն ֆիզիկապես, այն կոփում է նաև հոգեպես։ Այն ստիպում է, որպեսզի անես ավելին, քան մտածում ես, որ կարող ես անել։ Ստիպում է միշտ պայքարել ու երբեք չհանձնվել և վերջապես սպորտը բացահայտում է մարդու անհատականությունը։ Շատ կցանկանայի, որ Հայաստանի դպրոցներում էլ սպորտին մեծ նշանակություն տային, քանի որ ամենավառ անհատականությունները հենց սպորտի շնորհիվ են ձևավորվում։

Երկու օր առաջ ընկերներիցս մեկը հարցրեց, թե ինչ ենք անում դպրոցում ֆիզկուլտուրայի ժամին։ Ու այս հարցը ինձ մտածելու տեղիք տվեց։ Երբեք ֆիզկուլտուրային որպես լուրջ առարկա չեմ վերաբերվել, բայց հիմա կարծիքս փոխվել է։ Շատ եմ ափսոսում, որ Հայաստանի շատ դպրոցներում, ինչպես նաև իմ դպրոցում, նորմալ պայմաններ չկան երեխաներին մարզելու  համար։ Բայց հուսով եմ, որ ապագայում ամեն ինչ կփոխվի։

Այսքան շատ խոսեցի սպորտի մասին, բայց չասացի, որ ոչ միայն մարզվում ենք կոփվելու, այլ նաև մրցույթներին մասնակցելու և հաղթելու համար։ Ամեն շաբաթ բոլոր սպորտային թիմերը մրցումներ են ունենում։ Երեկ վազքի մրցարշավներից մեկն էր, որին ես էլ էի մասնակցում։ Չնայած մռայլ եղանակին, մեր թիմը մարտական էր տրամադրված, իսկ մարզչի խոսքերը էլ ավելի էին քաջալերում և ուժ տալիս.

-Սոնա՛, իմ հայ ընկեր, պատրա՞ստ ես։ Հիշի՛ր, Հայաստանը միշտ քեզ է նայում։

Ա՛յ, այսպիսի խոսքերն են, որ քաջալերում են ինձ ու դարձնում էլ ավելի պատասխանատու։

Ահա իմ ամերիկյան առօրյայից մի փոքրիկ պատառ, հուսամ հետաքրքիր էր։ Կփորձեմ ձեզ ինչքան հնարավոր է շատ բան պատել ԱՄՆ-ի մասին չնայած այս ծանրաբեռնված առօրյային։

Դե, ինչպես ասում են՝ սի յու սուն (շուտով կհանդիպենք): Հուսամ՝ ինձ շատ չեք կարոտի։

sona zaqaryan

Պայքարելու և հուսալու մասին

2015 թվականն էր, երբ իմացա մի ծրագրի մասին, որը երկու տարի հետո փոխելու էր կյանքս: Խոսքը Ֆլեքս (FLEX- Future Leaders Exchange program) ծրագրի մասին է: Հետո իմացա, որ նախորդ տարիների Ֆլեքս շրջանավարտները ճամբար են կազմակերպում Սիսիան քաղաքում և որոշեցի մասնակցել: Ճամբարում շատ նոր բաներ իմացա Ֆլեքսի մասին և այդ օրվանից անհամբերությամբ սպասում էի, թե երբ պետք է սկսվեն քննությունները, որ մասնակցեմ:

Եկավ շատ սպասված օրը, շատ լարված էի, մտածում էի, որ դժվար կլինի, ու անգամ առաջին փուլը չեմ կարողանա անցնել, բայց հաղթահարեցի:

Երկրորդ փուլն ավելի բարդ էր, բայց հույս ունեի, որ կանցնեմ (առհասարակ՝ ես միշտ հույս ունեմ, թեկուզ շատ չնչին ու փոքր): Հույսերս չարդարացան, որովհետև չկարողացա հաղթահարել երկրորդ փուլը: Հույսերը չարդարանալն ու հուսահատվելը տարբեր բաներ են: Իսկ ես չհուսահատվեցի: Մտադրվեցի, որ մյուս տարի անպայման նորից պետք է մասնակցեմ: Նույն ապրումների միջով անցնելով՝ հաղթահարեցի առաջին փուլը, երկրորդը՝ նույնպես:

Մեկ տարվա ընթացքում ես զգում էի, թե ինչքան եմ հասունացել, զգում էի առաջընթացս: Եվ, ահա, սկսվեցին երկար ու ձիգ հինգ ամիսները, որոնց ավարտից հետո պետք է իմանայի՝ արդյո՞ք ծրագրի հաղթող եմ ճանաչվել, թե՞ ոչ: Այդ ամիսների ընթացքում ամեն րոպե դրա մասին էի մտածում, կարծես ամեն ինչ ինձ հիշեցներ Ֆլեքսի մասին: Տարբեր կերպ էի տրամադրվում ու մտածում. «Սոնա, պատկերացնո՞ւմ ես զանգեն ու ասեն, որ անցել ես»: «Սոնա, իսկ եթե ասեն, որ չես անցել, ուրե՞մն… Ուրեմն մյուս տարի նորից կփորձեմ, կտխրեմ, բայց չեմ հուսահատվի»:

2017 թվականի մարտի 15-ն էր: Օրս հետաքրքիր և ուրախ էր սկսվել: Այդ օրերին անընդհատ զանգի էի սպասում, ամեն մի հեռախոսազանգ լսելիս՝ սիրտս արագ էր աշխատում: Դպրոցում էի, ՆԶՊ-ի ժամն էր, և հանկարծ հեռախոսազանգ եմ ստանում. «091-ով սկսվող համար է, պետք է որ «Ֆլեքսի» համար զանգեն»: Վերցրեցի հեռախոսը. «Սոնա, պատրաստ եղիր, կանցնես՝ շատ լավ, չես անցնի՝ ուրեմն, դա է ճիշտը»:

-Ալո, բարև ձեզ, Սոնայի հե՞տ եմ խոսում:

-Այո:

-Շնորհավորում եմ, դուք դարձել եք «Ֆլեքս» ծրագրի հաղթող:

Չգիտեմ՝ հետս ինչ կատարվեց, արցունքները ակամա գլորվեցին աչքերիցս.

-Սո՞ն, անցե՞լ ես,- բացականչեց Անին:

Գլխով արեցի, բոլոր ընկերներս եկան ու գրկեցին ինձ: Իմ կյանքի ամենահուզիչ պահերից մեկն էր, և ես լաց էի լինում: Կարծես երազ լիներ, մի քանի օր չէի կարողանում ուշքի գալ: Բոլորը շնորհավորում էին, տարբեր հարցեր տալիս:

Հետո սկսվեցին պատրաստությունները, ժողովները, հանդիպումները մյուս հաղթողների հետ: Կարող եմ վստահորեն ասել, որ հիմա մենք մի մեծ ընտանիք ենք, «Ֆլեքսի» հաղթողներից յուրաքանչյուրը մի վառ անհատականություն է, և համոզված եմ, որ ապագայում մեծ հաջողությունների է հասնելու:

Ֆլեքսը այն ծրագրերից մեկն է, որի շնորհիվ ես համոզվեցի, որ արդարությունը, ազնվությունը և տքնաջան աշխատանքը միշտ գնահատվում են, և որ միշտ պետք է հետևես երազանքներիդ՝ դրանք դարձնելով նպատակներ, ու երբեք չհիասթափվես:

Մեկ ամսից ես արդեն ԱՄՆ-ում կլինեմ՝ հեռու Հայաստանից, հարազատներից ու ընկերներից: Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում դրան ու գիտակցում, որ սա կյանքի մի փուլ է լինելու, որը պետք է պատվով հաղթահարեմ: «Դրական տրամադրվենք և համբերատար լինենք»՝ ահա իմ կարգախոսը: Հուսամ, որ այդ կարգախոսը կյանքում ինձ շատ կօգնի:

Իսկ դուք սպասեք իմ հետաքրքիր նյութերին՝ արդեն ԱՄՆ-ից:

sona zaqaryan

Մարդիկ

Մարդիկ միշտ դժգոհ են, դժգոհ են ամեն ինչից: Դժգոհ են իրենց կյանքից, չնայած նրանց կյանքը լավ է դասավորված, դժգոհ են մարդկանցից, դժգոհ են աշխարհից: Մարդն իր էությամբ է դժգոհ: Շատ անգամ, երբ ինչ-որ բան այնպես չի լինում, դժգոհում ենք, բայց դժգոհելուց հետո երկար խորհում ու հասկանում.

-Մի ՞թե այսպես ավելի լավ չէ, շատերը կցանկանային հենց իմ փոխարեն լինել:

Իհարկե, սա շատ քչերն են հասկանում:

Մարդիկ միշտ նախանձում են, նախանձում են ամենաչնչին բաներին, վատություն են անում մարդկանց, անգամ եթե այդ մարդիկ իրենց ոչինչ չեն արել: Իսկ երբ հարցնում ես, թե ինչու են նման բան անում, հետևում է պատասխանը.

-Չեմ կարող հանդուրժել ուրիշների երջանկությունը:

Ինչպիսի հիմնավոր պատճառ…

Մարդիկ փորձում են լավ ու բարի երևալ, փորձում են անգամ գեղեցիկ երևալ, բայց ցավոք միայն երևալ:

Օրինակ, մի տղա երթուղայինում գեղեցիկ աղջիկ տեսավ և լավ տպավորություն գործելու համար անմիջապես տեղը զիջեց մի տատիկի: Հաջորդ անգամ երթուղայինում գեղեցիկ աղջիկ չկար, իսկ մի բարի տատիկ կանգած էր մնացել, և տղան անգամ ուշադրություն չդարձրեց նրան:

Մարդիկ առհասարակ ապրում են միայն ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու համար:

Ինչո՞ւ են մարդիկ լավը անում զուտ ուրիշներին ապացուցելու համար, որ իրենք լավն են:

Մարդիկ շատ սխալներ են գործում ապրում են սխալ կյանքով և հետո ուրիշներին մեղադրում դրա համար.

-Եթե այսինչ մարդը իմ կյանքում չլիներ, ես հիմա այսքան շատ սխալներ չէի գործի:

Ինչո՞ւ մենք չենք հասկանում, որ մեր կյանքի ճիշտ ու սխալ որոշումներ կայացնելը միայն մեր ձեռքերում է, որ ուրիշներին մեղադրելուց առաջ նախ մեզ պետք է մեղադրենք: Իսկ մի ՞թե սա ավելի ճիշտ չէ.

-Եթե ես այսինչ որոշումը չկայացնեի, նա իմ կյանքում չէր հայտնվի, և ես այսքան շատ սխալներ չէի գործի:

Մարդիկ ասում են, որ քրիստոնյա են, բայց երբեք ժամանակ չեն ունենում այցելելու եկեղեցի, երբեք չեն աղոթում և երբեք քրիստոնեական հավատով չեն առաջնորդվում:

Մարդիկ ասում են, որ հայրենասեր են, զինվորական հագուստով սելֆիներ են անում և հայրենասիրկան գրառումներ կատարում սոցիալական ցանցերում, բայց երբեք պահը բաց չեն թողնում, երկիրը վատաբանելու և «երկիրը երկիր չի» արտահայտությունը անելու համար: Եթե այդ «հայրենասեր» մարդկանց հարցնես, թե կգնա՞ն արդյոք ուրիշ երկրում ապրելու, նրանք կպատասխանեն` «երբե’ք», բայց առաջին իսկ հնարավորության դեպքում կթողնեն ու կհեռանան:

Ինչո՞ւ այս մարդիկ չեն հասկանում, որ հայրենասիրությունը դա սոցիալական ցանցերում արված գեղեցիկ նկարներն ու գրառումները չեն, ուրիշներին հաճոյանալու համար ասված խոսքերը չեն, երկիրն ու կառավարությունը վատաբանելը չեն, այլ գործելն ու արդյունքի հասնելը:

Մարդիկ խոսում են խաղաղության մասին, ցավում են, երբ ինչ-որ տեղ պատերազմ կամ ահաբեկչություն է լինում, ցավում են անմեղ մարդկանց կորստի պատճառով, բաց ցավոք միայն ցավում են:

Մի՞թե հանցանքը կվերանա, եթե միայն այն դատապարտվի, բայց դրա դեմ ոչ մի միջոց չձեռնարկվի:

Մարդիկ, մարդիկ, մարդիկ…

Մարդկանց մասին անվերջ կարելի է խոսել, քննադատել կամ գովաբանել, ատել կամ սիրել: Վերջում միևնույն է մի եզրակացության ենք հանգելու.

Մարդիկ միակ բանական էակներ են աշխարհում՝ անբանական մտածելակերպով…

sona zaqaryan

Հիշողություններ և նոր ճանապարհներ

Եվս մեկ ուսումնական տարի մոտենում է իր ավարտին, իր հետ տանելով բազմաթիվ ուրախ ու տխուր պահեր, լավ ու վատ հիշողություններ: Վերջին զանգի պատրաստությունները արդեն սկսվել են: Շրջանավարտների մեծ մասն էլ պատրաստվում է միասնական քննություններին: Հաջողությու~ն բոլորիդ:

Երբեմն այնքա~ն եմ ուրախանում, երբ հիշում եմ, որ շրջանավարտ չեմ, քննություններ չկան, բայց շտեմարանները, քննությունները և Վերջին զանգի պատրաստությունները մի օր ինձ էլ կհետապնդեն: Այնքա~ն եմ տխրում, երբ հիշում եմ, որ դպրոցը իմ սիրելի դասարանի հետ չեմ ավարտելու, քանի որ պետք է գնամ ԱՄՆ սովորելու: Ամեն անգամ աչքիս առջև են հայտնվում այն 11 երկար և միաժամանակ կարճ տարիները, որոնք անցկացրել եմ դպրոցում, դասարանիս և սիրելի ուսուցիչներիս հետ:

Գիտեք, մենք դասարանով սիրում ենք նստել և երկար զրուցել, խոսել մեր երազանքների, ապագայի պլանների մասին, իրար խորհուրդ ենք տալիս և խորհուրդ հարցնում: 11 տարի մեր բոլոր երազանքները, հույսերը և ապրումները իրար հետ ենք կիսել: Որքա~ն կկարոտեմ մեր փոքրիկ 7 հոգանոց դասարանը: Կկարոտեմ ձմռանը վառարանի շուրջ հավաքվելը, տղաների կռիվները, թե ով պետք է գնա փայտ բերելու, իրարից նեղանալը և երկու րոպե հետո նորից հաշտվելը: Կկարոտեմ տղաների կատակները, որոնցից շատերը բարկացնում էին ինձ, կկարոտեմ ուսուցիչներիս, դպրոցի բոլոր աշակերտներին, որոնցից յուրաքանչյուրի դեմքը պարզ գծագրված է հիշողությանս մեջ, և վերջապես կկարոտեմ իմ ցուրտ, բայց ջերմ դպրոցը, որը իր հին պատերի մեջ ինձ կոփել է, դարձրել հասուն և ուժեղ աշակերտ, կյանքի բոլոր դժվարություններին դիմակայելու պատրաստ: Երևի անվերջանալի մի նյութ կստացվի, եթե գրեմ բոլոր այն բաների մասին, որոնց կկարոտեմ:

Բայց ես վստահ եմ, որ եթե անգամ դասարանիս հետ չավարտեմ դպրոցը, միևնույն է, մեր ընկերությունը, մեր իրար հետ կիսած վառ հիշողությունները երբեք չեն մոռացվի: Ընկերներիցս յուրաքանչյուրը իր երազանքներն ու նպատակներն ունի, ու ես վստահ եմ, որ նրանք կիրագործեն դրանք:

Համոզված եմ, Անին լավ մանկավարժ կդառնա, Նաիրան` նկարչուհի, Դավիթը` ծրագրավորող, Գոռը` իրավաբան, մյուս Դավիթը` պատմաբան, իսկ մյուս Գոռը` մեխանիկ: Այո’, ճիշտ հասկացաք, մենք դասարանում չորս տղա ունենք` երկու Գոռ և երկու Դավիթ, սա էլ մեր դասարանի յուրահատկություններից մեկն է:

Կարծես երազ լինի, դեռ երեկ էի առաջին դասարան, իսկ այսօր կարծես ես էլ արդեն շրջանավարտ լինեմ: Վերջին զանգի օրը ես էլ շրջանավարտների հետ հրաժեշտ կտամ դպրոցիս ու իմ դպրոցի կերտած հիմքով կշարունակեմ կառուցել ապագաս` իրականացնելով բոլոր երազանքներս: Այնքա~ն երախտապարտ եմ դպրոցիս, բոլոր ուսուցիչներիս, ինձ այսպիսին դաստիարակելու, այսպիսի լավ որակներ իմ մեջ սերմանելու համար: Ուղղակի ուզում եմ ասել.

-Շնորհակա~լ եմ, կկարոտեմ բոլորիդ:

sona zaqaryan

17.am-ն իմ կյանքում

Երբ փոքր էի, ստեղծագործում էի: Բանաստեղծություններ էի գրում և ամեն անգամ դրանք կարդալիս մեծ հրճվանք էի ապրում, հատկապես, երբ մեծերը գովաբանում էին ինձ:

Անցավ մեկ-երկու տարի: Ընդհանրապես չէի ստեղծագործում: Ինչպես ասում են՝ մուսա չկար: Մուսաս 17.am-ի շնորհիվ արթնացավ: Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով կարողացա գտնել 17-ի էջը և սկսեցի թղթակցել: Գրում էի գյուղի, հետաքրքիր մարդկանց ու տարբեր թեմաների շուրջ: Մեծ ուրախությամբ ընդունեցի այն փաստը, որ ընտրվել էի որպես աշնանային մեդիա ճամբարի մասնակից: Այնտեղ շա՜տ բաներ սովորեցի լրագրության, ֆոտոլրագրության, ինչպես նաև կինոյի մասին: Ձեռք բերեցի բազում ընկերներ ու շա՜տ գիտելիքներ: 17-ը դարձավ առօրյայիս ու կյանքիս հիմնական մասը: Հոդվածներս նաև սկսեցին տպագրվել «Որոտան» թերթում: Այսպես ասած՝ հայտնի մարդ էի դարձել: Դրսում անծանոթ մարդիկ հարցնում էին.

-Դու է՜ն լավ հոդվածներ գրող Սոնան չե՞ս:

Գիտե՞ք ինչ հաճելի է, երբ մարդիկ գնահատում են քո աշխատանքը, ու երբ հասկանում ես, որ մարդկանց իրոք հետաքրքիր են քո ստեղծագործությունները: 17-ը ինձ օգնեց հասկանալ, որ աշխարհն ավելի գեղեցիկ է, քան թվում է, որ մեզ շրջապատող ամեն ինչի մեջ կարելի է հետաքրքրություն գտնել, որ այն բաները, որոնք մեզ մանրուք էին թվում, հաճախ կարող են ավելի կարևոր նշանակություն ունենալ:

Այսօր ես հպարտ եմ, որ 17-ի մի փոքրիկ մասն են կազմում, կարողանում եմ ստեղծագործել ու պատմել աշխարհին իմ փոքրիկ գյուղի ու հետաքրքիր մարդկանց մասին:

Շնորհակալ եմ 17-ի ողջ անձնակազմին ինձ այսպիսի հնարավորություն տալու համար, ու թող 17-ի գործունեությունը երկա՜ր շարունակվի, որպեսզի մեր հայ պատանիները իրենց համար բացահայտեն ավելի գունավոր ու գեղեցիկ աշխարհ:

sona zaqaryan

«Գյուղական պատմությունների համար»

«Գյուղական պատմությունների համար»

17.am-ը մտավ իմ կյանք, ինչպես մի գունավոր ու պայծառ լույս։ Կյանքս փոխվեց, ու ես սկսեցի մեծ հետաքրքրություն գտնել այն ամենի մեջ, ինչը որ ինձ երբեք չէր հետաքրքրել։ Երբեմն մեր շրջապատում ինչ-որ բաներ տեսնելով կարևորություն չենք տալիս դրանց, մտածելով, որ դրանք չնչին բաներ են։ 17-ի շնորհիվ ես հասկացա, որ այդ չնչին բաները կարող են ամենահետաքրքիր նյութի թեմա դառնալ, որ դրանց մեջ գեղեցիկը տեսնելով կարող եմ շունչ հաղորդել դրանց և արդյունքում ստանալ մի հրաշալի ու հետաքրքիր նյութ։

Եվ ահա սկսվեց իմ գունավոր ստեղծագործական կյանքը։ Երկու տարվա թղթակցությունից հետո, եկավ բոլորիս տքնաջան աշխատանքը գնահատելու օրը։ Տեղի ունեցավ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը։ Շատ ոգևորված էի, որ պետք է մասնակցեմ, շա՜տ էի կարոտել մեր «Մանանայի» մեծ ընտանիքին։ Այդքան թղթակիցների միաժամանակ տեսնելը այնքա՜ն հաճելի էր։ Միշտ մտածել եմ, որ եթե մարդ տքնաջան աշխատում է ինչ-որ բանի հասնելու համար, այդ աշխատանքը միշտ գնահատվում է։

Երեկ իմ աշխատանքի արդյունքը գնահատվեց։ Ստացա դիպլոմ և մրցանակ «Գյուղական պատմությունների համար»: Աննկարագրելի ուրախ էի։ Մրցանակը ստանալուց հետո մեծ երախտագիտություն ու պատասխանատվություն եմ զգում։ Այնքան պահեր են եղել, երբ չեմ կարողացել նյութ գրել, «մուսա» չեմ ունեցել։ Բայց երբ ինձ քաջալերել են, որ նյութ գրեմ, «մուսաս» միանգամից եկել է։ Այսօր առավոտյան էլ կարծես 17-ի աշխատակազմի ձայնն էր ակաջներիս մեջ, և ես արթնացա ու հիշեցի, որ պետք է անպայման նյութ գրեմ։

Լրագրությունը կյանքիս ամենակարևոր ու անբաժան մասն է դարձել, ու այսօրվանից ինձ ավելի պատասխանատու եմ զգում և շարունակելու եմ ստեղծագործել, չնայած որ այս տարի օտար երկրում եմ սովորելու։

Չեմ կարող իմ մեծ շնորհակալությունը չհայտնել ձեզ։ Շնորհակալ եմ, որ ջերմացնում ու գունավորում եք այդքան պատանիների ու երիտասարդների կյանքը։

Գարնանային էսքիզներ

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Այս տարի թռչուննե՞րն ուշ եկան, թե՞ ծաղիկները ուշ բացվեցին։ Իսկ միգուցե արև՞ն էր մոռացել այս փոքրիկ ձորի մասին։ Բոլորը գարնանն էին սպասում, բայց ինչո՞ւ էր նա այսքան ուշանում։ Երկա՜ր, հույսով սպասեցինք, և նա վերջապես եկավ։ Գետը վարարեց, նրա պղտոր ջրերից զգացվեց գարնան գալը։ Գետի խշշոցին անվերջ կարելի է ականջ դնել։ Այդ խշշոցը կարծես մի քնքուշ ու բարի մեղեդի լինի, որը պատմում է գյուղի ու նրա հին օրերի մասին։ 

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ե՞րբ է գարունը գալիս։ Գարունը գալիս է այն ժամանակ, երբ մեր գյուղի տղաները շտապում են մեր փոքրիկ ֆուտբոլի դաշտ՝ ֆուտբոլ խաղալու։

-Գո՜լ, ուռա՜, գոլ՜,- անգամ մեր բակից լսվում են նրանց ձայնը։

Գիտե՞ք՝ գարունը երբ է գալիս։ Երբ դպրոցի դիմացի «փամփլիկ» ծառը բողբոջներ է տալիս։ Անհամար մեղուներ հավաքվում են այդ ծառի վրա, և մենք, նրանցից մի կերպ խուսափելով, դուրս ենք գալիս դպրոցի բակից։ «Փամփլիկ» ծառ. մենք այդպես ենք անվանում այդ ծառը։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Գարունը գալիս է այն ժամանակ, երբ տատս ասում է, որ խնջլոզը դուրս է եկել ու պետք է գնանք այն հավաքելու։ Խնջլոզը գարնան առաջին համեղ բույսն է։ Երկար աշխատանք է պահանջվում, մինչև խնջլոզը տեղ է գտնում մեր գարնանային փոքրիկ սեղանին։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Գարունը գալիս է առաջին տապակած բանջարի հոտով։ Վախենալով, որ բանջարը կցավեցնի մեր ձեռքերը, մենք միևնույնն է՝ խիզախորեն հավաքում ենք այն՝ մրցելով իրար հետ։ Տեսնես՝ ո՞վ ամենաշատ բանջարը կհավաքի և կարժանանա մայրիկի գովեստին։

Գարունը գալիս է, երբ Չապո պապիկը նստում է մեր տան դիմացի նստարանին, հանում է չիբուխը և մտախոհ հայացքով նայում հեռուները։ Գարունը գալիս է ձնծաղիկի, մանուշակի ու ջանգյուլումի հոտերով, և երբ ուսուցիչների ձեռքերին երևում են դրանց փոքրիկ փնջերը։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Գարունը գալիս է այն ժամանակ, երբ այգու գործերից հոգնած գյուղացին սրբում է ճակատի քրտինքը և շարունակում աշխատել՝ իրեն այդքան հարազատ հողի հետ։

Գարունը գալիս է, երբ լսվում է տրակտորների «դռդըռոցը», որը երեխաները շատ են սիրում և ուրախ դեմքերով ձեռքով են անում տրակտորիստին։ Երբ արևը դուրս է գալիս ու այնքա՜ն պայծառ է լինում, որ թվում է, թե երբեք ամպամած չի լինի, բայց դու գիտես, որ մեկ-երկու ժամից անձրև կգա. ուրեմն արդեն գարուն է։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Գարունը սկսվում է եկեղեցու զանգերի ղողանջով ու ճրագալույցի պատարագով։

Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց երբեք քաղաքի գարունը այնպես չեմ զգացել, ինչպես գյուղինը։ Քաղաքի գարունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ նայում եմ տատիկիս զմրուխտե կանաչ աչքերին։

Գարունը գալիս է…

sona zaqaryan

Սըվերե~ք, բալաս, սըվերե~ք…

Մեր ժամանակներում կրթություն ստանալը շատ հեշտ է և հատկապես ինքնակրթությամբ զբաղվելը: Կան շատ գրքեր, շատ նյութեր, էլ չեմ ասում ինտերնետային նյութերի մասին, որոնց միջոցով հնարավոր է սովորել և զարգացնել գիտելիքները: Այո’, մեր ժամանակներում:

Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են մարդիկ սովորել, երբ անգամ գիրք չեն կարողացել գտնել: Այս ամենի մասին շատ լավ պատկերացում ունի տատիկս, ով ապրել է հենց այն դժվարին ժամանակաշրջանում, երբ ոչ միայն գրքեր չեն եղել, այլև` սնունդ ու հագուստ:

Մի օր նստած դաս էի սովորում, երբ զգացի, որ տատիկս ուշադիր նայում է ինձ և ինչ-որ բան է մտածում:

-Տա՞տ, ի՞նչ ես մտածում:

-Էհ, բալա, մըհեկ, վեր սենց գիրք եք կարդըմ, տեսնըմ եմ, վեր աման հինչ կա, աման հինչով ապահովված եք, ու մտածըմ, վեր տուք շատ լյավ պիտի սըվերեք: Էն վախտ տետրակ չկար գրիլի, վեր դպրոցըմ գրավոր էին տամ, հետո էդ տետրակնին մնըմ էր, հըվաքըմ էին, կապըմ, տանըմ: Մունք ալ քինում էինք էդ տետրակնին վերցնըմ էն սայա (մաքուր) թղթերը կտորըմ էինք, պիրըմ տինըմ ուրուր վիրա, ասեղավ կարըմ, տետրակ սարքըմ, դաս գրըմ:

-Նրանք, ովքեր հնարավորություն չունեի՞ն:

-Սկի, ոչ մինն ալ հնարավորություն չուներ, չկա’ր, ո’չ թուղթ, ո’չ գիրք, ո’չ տետրակ: Պատերազմը պրծալ էր, եկիրը բյուջե չուներ, հո՞ւ նց աներ: Ութերորդ դասարանըմը սըվերիլիս դասարանցիս` Մաշենկան, մի աշխարհագրության գիրք ուներ, մինակ ինքն էր, վեր դասարանըմ ուներ էդ գիրքը: Շարիկը ուրան ախպորը տղան ունք էր ունում էդ գիրքը, Շարիկը իմ ախպերնալ ա, շատ մոտիկ էինք, դե տներն ալ մոտիկ էր, կալիս էր ինձ կանչըմ, քինըմ էինք իրանց տանը քյուրսուն տակ նստըմ, կարդըմ:

Ախպերս շատ խելունքա իլալ, բայց ինքը կեղըմ չոբանություն էր անըմ, մնացածը քինըմ էին Գորիս սըվերըմ, կալիս կեղըմ ըշխադըմ: Հունց սըվերեր, վեր հնարավորություն չկար:

Տասըս ավարտալ եմ, ասալ եմ պիտի քինամ Երևան սըվերեմ:Մերս ասալ ա՝ ինձ միջոց չունեմ քեզ Երևան ղարկիլի: Հորքուրիս հարսը քինըմա Երևան, վեր սըվերի, ասըմա ես քինամ, եդավ տեսնամ հինչա, քեզ ալ կկանչեմ: Վեր ինձ նհետը չէր տանըմ, սկսեցի լաց իլիլը, մի թախտ ունեինք, էն թախտին վիրա նստալ եմ, սկսալ լաց իլիլը: Աչքերս կրմրալ էր: Մերս եկալ ա տեսալ աչքերս կրմրած, հարցրալ, թե հինչ ա իլալ: Ես ալ ասըմ եմ՝ Վարդուշը քինում ա Երևան սըվերիլի, ինձ նհետը չի տանըմ: Մերս եր կենա, քինա Վարդուշի կողքը, ասի՝ բալաս, խնդրըմ եմ Սոնիկին ալ տար նհետդ: Դե վերջը քինըմ եմ: Քինըմ եմ ընդունվըմ ջոկատավարական դպրոց: Վեց ամիս ընդեղ սըվերըմ եմ, բայց օզըմ չեմ մնամ քաղաքըմ, ետ եմ կալիս կեղը: Դեկտեմբերի վերջին եկա կեղը: Սիսիանըմ պիտի ըշխադեի, բայց չէի օզըմ, ասըմ էի՝ պիտի քինամ կեղըմ ըշխադեմ: Եդավ ախպորս կնեկը տեղափոխվեց Սիսիան, ես ալ եկա ստեղի դպրոց ու սկսեցի ջոկատավար ըշխադիլը: Հաջորդ տարին ալ քինացի, ինիստուտի քննություն տվա, կտրվեցի: Սաղ քննությունին տվա, մնաց ալ էր ֆիզիկան, ասեցի՝ սաղի հետ քինամ, վեր տամ, կընդունվեմ՝ շատ լավ, կիլի՝ չեմ ընդունվիլ, չեմ ընդունվիլ: Վերջը, կարացի ոչ ընդունվեմ: Հաջորդ օրը եկալ եմ կեղը, բայց ոչ մինը հըվատըմ չի, վեր չեմ ընդունվալ: Է~, բալաս, հինչ ասեմ, է…

Տատիկս աչքերը լցրեց: Ինչքա~ն է պայքարել կրթություն ստանալու համար: Շատ մեծ հիասթափություններ է ապրել, բայց երբեք չի հուսահատվել:

Հետաքրքիր թեմա է, գնամ նյութ գրեմ, մտածեցի ես: Իսկ նյութ գրելու ընթացքում հյուրասենյակից լսում էի տատիկիս ձայնը.

-Սըվերե~ք, բալաս, սըվերե~ք…

sona zaqaryan

Հին ու բարի ժամանակներ

Ձմեռային մի ցուրտ ու մռայլ օր էր: Դպրոցից տուն էի գնում: Դրսում շա՜տ ցուրտ էր: Տանել չեմ կարողանում ցուրտը: Եկա տուն ու անմիջապես նստեցի վառարանի մոտ.

-Տա՜տ, շատ ցուրտ ա, մրսում եմ:

-Այ բալա, տատին հի՞նչ անի, սպասի երկու փեդ տինեմ փիչին մեջ՝ տքանաս: Է՜հ բալա, հիշըմ եմ՝ էն ժամանակ սաղս հվաքվըմ էինք քյուրսուն տակ, լյավ տաք էր իլըմ տեղներս:

-Տատ, քյուրսի՞: Կպատմե՞ս մի քիչ դրա մասին:

-Թոնիրը վառըմ էինք, վիրան քյուրսի տինըմ: Քյուրսին ալ տախտակներով էին սարքըմ: Սեղանի նման էր, բայց ավելի ցածր: Վիրան ալ կարպետ էինք քցըմ: Կողքին քեչա էինք քցըմ, նստըմ վիրան: Քեչան բրդից էինք սարքըմ, մի հինգ-վեց կիլո բուրդ էինք լիվանըմ, հետո գզըմ: Մի հատ մեծ շոր էինք քցըմ, էդ բուրդը վիրան լցնում ու ջուր շաղ տալիս, հետո փեդ էին տինըմ մեջին ու էդ շորավը փթաթում: Մի քանի ջահիլ տղա ուս-ուսի տված ոններով տալիս էին էդ փթաթածին, տանըմ էին էն ղոլ (կողմ), նորից պիրըմ էս ղոլ: Էնքան էին տալիս վեր էդ բուրդը կպնըմ էր իրար: Հետո պիրըմ էին պացըմ, քեչան հանըմ: Քեչան քըցըմ էին քյուրսուն չորս ղոլին: Վեր թոնրում ճաշ էինք եփում, քյուրսին մի ղոլ էինք տինում: Կճոճը իջացնըմ էինք թոնրին մեջին, ճաշ եփըմ: Ճաշը եփիլից հետո, քյուրսուն վիրա հաց էինք տինըմ, նըստըմ քեչայի վիրան, ոններնիս մեկնըմ քյուրսուն տակը, հաց օտըմ: Քյուրսուն վիրա դաս էինք գըրըմ, սըվերըմ, բա հինչ:

Տատիկի պատմելուց հետո հիշողությունների գիրկը ընկա: Հիշեցի մեր թոնիրը, որ արդեն բավականին ժամանակ է` չենք օգտագործում:

Երբ փոքր էի, թոնրում հաց էինք թխում: Հիշում եմ՝ ամեն անգամ, երբ գիտեի, որ հաջորդ օրը պետք է հաց թխենք, շուտ էի արթնանում: Գնում էի այնտեղ, որտեղ շարված էին պյուլերը (խմորի գնդերը) և սկսում դիպչել դրանց: Տատիկն ու մայրիկը բարկանում էին վրաս, ես էլ թողնում էի ու փախչում, մինչև որ զգում էի նոր թխված հացի հոտը ու շտապում թոնրից հանած առաջին լավաշը համտեսելու:

Այնքա՜ն մեծ ոգևորությամբ էր կատարվում լավաշ թխելու արարողությունը: Ամեն մեկը մի գործ էր անում: Մեկը պյուլերն էր բերում, մյուսները գրտնակում էին, մեկը լավաշն էր թխում թոնրի մեջ, մյուսը հանում էր լավաշները և հերթով դասավորում: Բոլորը շատ մեծ նվիրումով էին այս աշխատանքը կատարում, դրա համար էլ լավաշը այդքան համեղ էր ստացվում:

Երբ գյուղում մեկը լավաշ էր թխում, թաղում բոլորը իմանում էին, որովհետև լավաշի հոտը արագ տարածվում էր: Բակում խաղալու ժամանակ, երբ երեխաներով լավաշի հոտ էինք առնում, սկսում էինք մեր խուզարկությունը, որ պարզենք, թե ում տանն են լավաշ թխում: Այսպիսի ավանդույթ էլ կար. այն տանից, որտեղ լավաշ էր թխվում, թխվելուց հետո լավաշ էր բաժանվում թաղի բնակիչներին: Այդ գործը մեծերը մեզ` երեխաներիս էին վստահում: Մենք էլ մեծ ոգևորությամբ բաժանում էինք այդ երկար, բարակ գանձերը: Ինչքան լավ ու հետաքրքիր էր անցնում այդ ամենը…

Է՜հ, մանկությունս կարոտեցի:

Թոնիրը դեռ պահպանվում է, բայց էլ չի օգտագործվում: Ամեն անգամ, երբ մտնում եմ հացատուն, հիշում եմ այս ամենը: Նայում եմ թոնրին: Այն կարծես մոռացված լինի, բայց իր մեջ դեռ պահպանում է հին ու բարի օրերի շունչը և ամեն րոպե պատրաստ է վերակենդանանալու: Իսկ ես հույսով սպասում եմ, որ կգա մի օր ու ես նորից կզգամ այդ հին ու բարի ժամանակների շունչը:

Համբերել և հաղթահարել դժվարությունները

Հարցազրույց Դարբաս համայնքի հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանի հետ

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

-Որտե՞ղ եք ծնվել և մեծացել: 

-Ծնվել և մեծացել եմ Երևան քաղաքում: Հայր չեմ ունեցել, երկու տարեկան հասակում կորցրել եմ նրան: Մորս և տատիկիս հետ եմ ապրել: Մայրական կողմս արևմտահայեր են, Թուրքիայից մազապուրծ փախած, ցեղասպանությունից փրկվածներ են, ովքեր 1924 թվականին Թուրքիայից գաղթեցին Ռուսաստան: Ռուսաստանում երկար տարիներ մնացին և 1961 թվականին արդեն որոշեցին վերադառնալ Հայաստան: Ես ծնվեցի Երևանում: Ավարտել եմ պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ռադիոինժեներ եմ եղել: Հետո իմ կյանքում փոփոխություններ տեղի ունեցան, և որոշեցի դառնալ քահանա: Մինչև քահանա ձեռնադրվելս ապրում էի Երևանում, իսկ ձեռնադրվելուց հետո, ինձ ուղարկեցին Սյունիքի մարզ: Սյունիքում արդեն 10 տարուց ավելի է, ինչ կատարում եմ հոգևոր ծառայությունս տարբեր քաղաքներում: Կարելի է ասել՝ ամբողջ Սյունիքով պտտվել եմ: Վերջին հանգրվանելուս տեղը Դարբաս գյուղն է, որտեղ արդեն 5 տարի է, ինչ իրականացնում եմ հոգևոր ծառայությունս: Գյուղում պայմանները ուրիշ են, և այստեղ այլ տեսակ դժվարություններ կան, որոնք փորձում եմ հաղթահարել և զուգահեռ տանել նաև հոգևոր դաստիարակչական աշխատանքներ:

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ քահանա: 

-Յուրաքանչյուր մարդ, ով ծնվում և ապրում է աշխարհում, ունի իր աշխարհայացքը, գաղափարները, նպատակները և ծրագրերը: Մարդը երբեք ամբողջությամբ չի կարող պատկերացնել իր իսկական առաքելությունը որն է: Ինչպես ցանկացած մարդ, այնպես էլ ես, ունեի իմ հայացքները: Ինչպես ասացի՝ ես սովորել եմ այլ մասնագիտություն, ավարտել եմ պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ռադիոինժեներ եմ եղել, և իմ հեռանկարներն ունեի: Ես պատկերացնում էի, թե ով եմ լինելու: Ես զգում էի, որ իմ մասնագիտությունը կարող եմ կիրառել այս կամ այն բնագավառում: Ես նպատակ ունեի և փորձում էի իրականացնել իմ առջև դրված խնդիրները, առաջ գնալ, բայց հանկարծ լուրջ խնդիր առաջացավ իմ կյանքում, որից հետո ես փոխեցի հայացքներս և կյանքի իմաստին իմ մոտեցումը: Մոտ 25 տարեկան էի, երբ ծանր հիվանդացա: Հիվանդությունը իսկապես ծանր էր, թոքաբորբ էի տանում, բայց չգիտեի, որ ծանր հիվանդ եմ: Պարզապես շնչահեղձ լինելով՝ այդ ծանր վիճակում ես զգացի, որ կարող եմ մեռնել: Չնայած, որ դեռ երիտասարդ էի, ես զգացի մահվան հոտը, ես զգացի, որ մահը չի նայում՝ երիտասա՞րդ ես, թե՞ ծեր: Ես շատ վախեցա, ես չէի ուզում, որ իմ կյանքի թելը կտրվեր: Այդ պահին իմ հոգուց, իմ սրտից կարծես մի ձայն դուրս եկավ: Ես Աստծուն խնդրեցի, որ ինձ կյանք շնորհի, այդ վիճակից դուրս հանի և խոստացա, որ իմ կյանքը կնվիրեմ Նրան: Երբ դա ասացի, հանկարծ զգացի, որ ինչ-որ բան փոխվեց: Ես շնչահեղձ էի լինում, բայց սկսեցի հանգիստ շնչել, կազդուրվել: Ինձ մի պահ թվաց, որ Աստված լսեց ինձ, պատասխանեց, այսինքն, Նա տվեց ինձ այն, ինչ ուզում էի: Նույնիսկ մի պահ զգացի, թե ինչ մեծ պատասխանատվության առաջ եմ կանգնած: Եթե ես մի բան եմ խոստացել, ուրեմն պիտի կատարեմ: Ես պատկերացրի, որ պետք է ծառայեմ, մտնեմ հոգևոր ասպարեզ, դառնամ հոգևորական: Ես աշխարհիկ մարդ էի, աշխատում էի Երևանում` հեռախոսային հանգույցում, և չէի պատկերացնում, թե ինչպես պետք է դա անեմ: Վախեցա՝ գուցե չկարողանամ:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Ես դեռ շարունակում էի աշխատել, երբ մի օր Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում առիթ եղավ հանդիպելու եկեղեցու սպասավորներին` դպիրներին: Նրանք մոտեցան ինձ մի անակնկալ առաջարկով: Դպիրները գիտեին, որ հավատացյալ մարդ եմ, հաճախում եմ եկեղեցի, և առաջարկեցին, որ շապիկ հագնեմ և մասնակցեմ պատարագներին: Ինձ համար այդ առաջարկը շատ անսպասելի էր, չէի պատկերացնում, թե ինչպես պետք է սկսեմ ծառայել եկեղեցում: Սկսեցի մտածել այն խոստման մասին, որ տվել էի Աստծուն և հասկացա, որ Աստված ինձ համար դուռ է բացում, որ այդ քայլը անեմ: Այդ ժամանակ ինձ շատ օգնեց քույրս, որը տեղյակ էր այդ ամենի մասին: Սկզբում հրաժարվում էի, և քույրս ինձ ուղղորդեց, որ հետ չկանգնեմ, գուցե ամեն ինչ հենց այդպես պետք է լինի: Ես տարակուսանքի մեջ էի:

Հաջորդ անգամ, երբ գնացի եկեղեցի, ինձ ասացին, որ Տեր Հայրը մենակ է մնալու, և լավ կլինի, որ ես մնամ ու օգնեմ նրան. Սուրբ Հովհաննես եկեղեցում օգնական չկար: Ես գնացի քահանայի մոտ, նա ստուգեց իմ ձայնային տվյալները, հավանեց և ասաց, որ շապիկ կհագնեմ և կծառայեմ եկեղեցում:

-Ինչպե՞ս ընտանիքում ընդունեցին այդ փաստը: 

-Սկզբում շփոթվեցին, ինչպես և ես: Նրանք էլ ուրիշ պատկերացումներ, ուրիշ հայացքներ ունեին: Դա, կարելի է ասել, առաջացրեց մի փոքրիկ տարակարծություն, որովհետև ընտանիքս ցանկանում էր, որ ես առաջադիմեմ աշխարհիկ կյանքում, և հոգևոր կյանքը մի քիչ խորթ էր նրանց համար: Ի՞նչ պետք է անեի ես հոգևոր աշխարհում, ինչո՞ւ ես այդպես փոխեցի իմ հայացքները: Նույնիսկ ինչ-որ տեղ նրանց մեջ խուճապ առաջացավ: Հետո նրանք հանդարտվեցին, դեմ չգնացին իմ որոշմանը: Ես նրանց բացատրեցի, որ ամեն ինչ Աստծո ձեռքում է, և Աստված մեզ սիրում է ու մեր լավն է ցանկանում: Երբեք պատահական ոչինչ չի լինում մարդու կյանքում: Աստծո կանչին պետք է պատասխանել: Ես դա ընդունեցի որպես աստվածային կանչ: Նեղությունների, տառապանքի, չարչարանքի միջոցով մենք ավելի ենք մոտենում Աստծուն, սկսում ենք ճանաչել նրան, հասկանալ, որ մենք կախված ենք նրանից և հասկանում ենք, որ նա մեզ սիրում է և սպասում է, որ դիմենք իրեն:

-Որո՞նք էին ձեր քայլերը քահանա դառնալու ճանապարհին: 

-Ամեն շաբաթ կիրակի հաճախում էի եկեղեցի, շապիկ էի հագնում, մասնակցում էի ժամերգություններին, պատարագներին, բայց դեռ շարունակում էի գնալ աշխատանքի: Եկավ մի օր, որ մեր կազմակերպությունը փակվեց, որովհետև երկրում սկսվեցին լուրջ փոփոխություններ: Ես կորցրի աշխատանքս: Կարող էի նորից աշխատանք գտնել և շարունակել իմ աշխատանքը աշխարհիկ ասպարեզում, բայց զգացի, որ արդեն այն պահն է, երբ պետք է նվիրվեմ եկեղեցուն: Կարևոր քայլերից մեկն այն էր, որ մի քահանայի առաջադրանքով գնացի Կոտայքի մարզի Առինջ գյուղում ծառայելու, որտեղ ծանոթացա Առաքել սրբազանի հետ, ով ինձ մի տարի հետո ձեռնադրեց սարկավագ: Ես որպես սարկավագ ծառայեցի հենց Առինջ գյուղում մինչև 2002 թվականը՝ մոտ 4-5 տարի: 2002 թվականին Վեհափառ հայրապետի տնօրինությամբ ստեղծվեց ճեմարանին կից գործող հոգևոր դպրոց, որը կոչվում էր Քահանայից լսարան: Դպրոց նրանց համար, ովքեր աշխարհիկ ասպարեզից ցանկանում էին մտնել հոգևոր ասպարեզ: Ճեմարանը մեզ չէր ընդունի, քանի որ մեր տարիքը մեծ էր՝ 30-ից ավելի: Ինձ հետ միասին Քահանայից լսարան ընդունվեցին 40-45 հոգի տարբեր շրջաններից և նաև քաղաքից: Առաջին կուրսում 40-ից ավելի ուսանողներ էինք, և երկու տարվա ընթացքում մենք ավարտեցինք ամբողջ հոգևոր դպրոցը: Քննություն հանձնեցինք և կաթողիկոսին ներկայացանք արդեն որպես քահանայի թեկնածուներ: Ես, աստիճանաբար վերլուծելով իմ քայլերը, հասկացա, որ ճիշտ եմ վարվում: Մինչև քահանա դառնալս 6-7 տարի սարկավագություն եմ արել: Ինձ համար շատ դժվար էր այդ որոշումը կայացնել: Այնքան էլ հեշտ չէ հասկանալ, կարո՞ղ ես քահանա լինել, թե՞ ոչ: Արդյո՞ք Աստծուն հաճելի ես, թե ոչ:

Վերջին նշանը, որով ես համոզվեցի, որ պետք է քահանա դառնամ, երեխայիս ծնունդն էր: Բավականին երկար ժամանակ պահանջվեց, մինչև ես կայացա և հաստատվեցի իմ որոշման մեջ: Ճգնաժամային պահ է եղել, երբ ես այնքան ընկճված էի, որ նույնիսկ որոշեցի չդառնալ քահանա, այլ մնալ ուղղակի սարկավագ: Բանն այն է, որ մեր եկեղեցում կա ամուսնացյալ և կուսակրոն քահանայություն: Ես ընտրեցի ամուսնացյալ քահանայությունը, սակայն այս դեպքում պարտադիր է, որ քահանայի ընտանիքում երեխա ծնվի: Եթե ամուսնացյալները դեռ երեխա չունեն, կաթողիկոսը քահանա չի ձեռնադրում: Դա անհրաժեշտ է նրա համար, որ ընտանիքում լինի զավակ, լինի ժառանգ, և ընտանիքը ամուր լինի: Դեպքեր են եղել, որ ամուսնացածները չեն ունեցել զավակ և ձեռնադրվել են որպես քահանա, հետո բաժանվել են: Դա ստվեր է գցել, հետք է թողել քահանայի հեղինակության վրա, ժողովրդի կողմից վատ է ընկալվել: Այդ պատճառով վեհափառ հայրապետը հստակ կանոն սահմանեց, որ ամուսնացյալները պարտադիր պետք է երեխա ունենան, հետո կատարվի նրանց ձեռնադրությունը:

Մի անգամ, երբ ես Մայր աթոռ Սուրբ էջմիածնի տարածքում էի, հանդիպեցի կաթողիկոսին: Նա հետաքրքրվեց, թե ինչպես ենք: Ասացի, որ շուտով երեխա պետք է ունենանք: Նա հրահանգ տվեց, որ ես դիմում գրեմ: Այսպես է օրենքը. ով ցանկանում է քահանա օծվել, պետք է դիմում գրի վեհափառ հայրապետին, և այդ դիմումը նրա կողմից պետք է մակագրվի: Պայմանները արդեն նպաստավոր էին: Ես դա որպես վերջին նշան ընդունեցի: Ուրեմն Աստված ինձ ընդունում է և դուռ է բացում իմ քահանայության համար: Դրանից հետո շատ կարճ ժամանակում նշանակվեց օր, երբ ես պետք է ձեռնադրվեի:

Մի հետաքրքիր դեպք պատահեց: Այդ օրը օծվողներս հինգ հոգի էինք: Օծման օրը 2006 թ.-ի փետրվարի 5-ն էր: Բայց ընտրվեցին չորսը, որից երեքը կուսակրոն քահանաներ էին, ամուսնացյալ միայն ես էի: Ո՞վ էր այդ հինգերորդը, որ չձեռնադրվեց: Դա մի երիտասարդ սարկավագ էր, որին սպասեցինք երկար ժամանակ, զանգահարեցինք, չպատասխանեց, հետո մի կերպ կապվեցինք նրա հետ: Ասաց, որ զբաղված է, և չի կարող գալ: Ի՞նչ զբաղվածություն կարող էր լինել այդ օրը, երբ նա պետք է ձեռնադրվեր: Դա կարևոր իրադարձություն է, բոլոր գործերը պետք է մի կողմ թողնել: Եվ ես մտածեցի, որ դա նշան է: Ինքս էլ դժվարություններով, վերլուծություններով, կասկածամտության մեջ լինելով՝ վերջնականապես հաստատվեցի այն որոշման մեջ, որ Աստծուն հաճելի և ընդունելի է իմ որոշումը և այդ քայլը: Այսինքն՝ Աստված կամենում է, որ ես քահանա դառնամ: Միայն մարդկանց կամեցողությունը քիչ է, և այս երիտասարդի դեպքը ինձ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ եթե այդ մարդու սրտում Աստված չի դրել քահանա դառնալու ցանկությունը, ուրեմն նա չի ձեռնադրվի: Եվ այսպես ես դարձա քահանա և արդեն 11 տարի է, ինչ քահանա եմ:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական նոր պետականություն ստեղծվեց, բայց հայերի մեծ մասը դեռ շարունակում էր կրել աթեիստական գաղափարներ: Հե՞շտ էր արդյոք կրկին հավատ սերմանել մարդկանց մեջ: 

-Հեշտ չէր: Դրա համար պետք էր տևական աշխատանք և համբերություն:

Պետք է հասկանալ դիմացինին, պետք է մարդուն ընդունել այնպես, ինչպիսին նա կա: Ես էլ եմ այն սերնդի մարդ, որ ստացել է աթեիստական դաստիարակություն: Բայց իմ ընտանիքում մթնոլորտը այլ էր: Տատիկս շատ հավատացյալ կին էր, և հավատքի սերմերը իմ մեջ սերմանեց տատիկս, փոքր հասակում: Եկեղեցիները չէին գործում, արգելված էր քարոզչությունը, բայց հիշում եմ՝ տատիկս ձեռքիցս բռնած տանում էր եկեղեցի, մոմ էր վառում, իսկ ես միշտ հարցեր էի տալիս նրան: Այդ աստվածավախությունը նա սերմանեց իմ մեջ: Հետագայում դա ծիլ տվեց, պտուղներ տվեց, երբ վերադարձա բանակից, արդեն սկսեցի հաճախել եկեղեցի և իմ բոլոր հարազատներին, տնեցիներին աստիճանաբար ձգեցի իմ հետևից: Պատարագին մասնակցելը մեզ համար մի քիչ անսովոր էր: 1990-1991 թվականներն էին: Այդ ժամանակաշրջանում մարդիկ նոր-նոր էին արթնանում, աչքերը բացում: Եվ երբ սկսեցի հաճախել եկեղեցի, ինձ հարցնում էին՝ «որտեղի՞ց եկար»: Հավատացյալները շատ քիչ էին, մեծ մասամբ՝ տատիկներ: Նրանք ինձ հարցնում էին, թե ով խորհուրդ տվեց ինձ գնալ եկեղեցի: Ես ասում էի, որ ոչ ոք ինձ խորհուրդ չի տվել: «Ուրեմն դու հոգու կանչով ես եկել այստեղ»,- պատասխանում էին նրանք: Հոգու կանչը աստվածային կանչն է: Ամեն մարդու համար մոտեցումը տարբեր է: Ամեն մարդու հետ Աստված խոսում է անհատապես, յուրովի, և պարզ բան է, որ ամեն մարդու սրտի դուռը Աստված բախում է: Մենք այդ ճանապարհին ենք դառնում հավատացյալներ, թեպետ աթեիստներ ենք եղել նախկինում: Շատ-շատ մարդիկ՝ Սովետական Միության փլուզումից հետո դեռ աթեիստական գաղափարներով առաջնորդվող, աստիճանաբար դարձի եկան: Դա էլ էր շատ զարմանալի և դա էլ էր հրաշք:

-Ո՞րն է ձեր պատգամը ապագա սերունդներին: 

-Իմ պատգամն այն է, որ երիտասարդ սերունդը ավելի հարստանա և զինվի հոգևոր արժեքներով: Քրիստոնեական սկզբունքներով առաջնորդվի, որովհետև երիտասարդությունը պետք է ներկայացնի Հայաստանի ապագա հասարակությունը: Որպեսզի այդ հասարակությունը լինի ավելի կայուն, բարոյապես ավելի առողջ, ավելի առաջադիմող, դժվարությունները հաղթահարող, հավատքը պետք է լինի ամուր սկզբունքներով: Մեր երիտասարդները պետք է այդ հոգևոր ուժը իրենց մեջ ունենան, որպեսզի կարողանան կառուցել երկրի ապագան: Չէ՞ որ երիտասարդությունը ազգի ուժն ու հույսն է: Մենք շատ բան կորցրինք աթեիստական ժամանակաշրջանում: Մենք զուրկ էինք այդ գաղափարներից, գիտելիքից, հավատքից: Մեզ, կարելի է ասել, այդ ներքին ուժը պակասում էր: Մենք առաջնորդվում էինք լոզունգներով, պրոպագանդա էր գործում, որը երկար տարիներ չէր կարող մարդուն տալ այն էներգիան, որը նա կներդներ իր երկրի, ժողովրդի համար: Իսկ աստվածճանաչողությունը ես առաջնային եմ համարում: Աստծուն պետք է ճանաչեն որպես Տեր:

Ես ցանկանում եմ, որ նոր սերունդը ապրի հավատքով, հույսով առ Աստված, լինի բարոյապես մաքուր, հայրենասեր: Հայրենասիրությունը միայն խոսք չէ, որը գեղեցիկ է հնչում, դա միայն գաղափար չէ: Այն իրագործում է, ապրում է, կյանք է: Երիտասարդները դա պետք տեսնեն: Մենք ունենք հերոսների օրինակներ, որոնք ցույց տվեցին՝ ինչպես պետք է սիրել երկիրը, հայրենիքը՝ ոչ միայն պաշտպանելով թշնամիներից, այլ նաև ներսից հզորացնելով այն: Ես չէի ցանկանա, որ երիտասարդները պակասեն, երկրից հեռանան: Նրանք պետք է տրամադրվեն, համբերեն և հաղթահարեն դժվարությունները: Աշխատեն իրենց երկրում, իրենց մասնագիտական ուժը ներդնեն մեր երկրում, թեև դա դժվար է: Ուզում եմ, որ երիտասարդները Հայաստանի կորիզը կազմեն, որը պիտի հիմք հանդիսանա մեր բարգավաճող ապագա Հայաստանի համար: Ես կարծում եմ, որ ամեն ինչ գալիս է տրամադրվածությունից և գաղափարից, իսկ այդ հոգեկան ուժը գտնելու համար մեզ հավատ է պետք: Մենք չպետք է վախենանք: Աստված մեզ ասում է. «Մի՛ վախեցեք, ես ձեզ հետ եմ»: Աշակերտները վախեցան, երբ նրանք նավակի մեջ էին, և ծովը ալեկոծվում էր: Նրանք մտածում էին, որ արդեն սուզվում են: Բայց Քրիստոս այդ պահին ասաց. «Մի՛ վախեցեք»: Ալեկոծումը դադարեց:

Ալեկոծությունը խորհրդանշական է, դա մեր կյանքի ալեկոծությունն է, մեր կյանքի փոթորիկներն են, որից մենք էլ ենք վախենում և ցանկանում ենք փախչել այդ նավից: Այդ նավը մեր երկիրն է: Մի՞թե պետք է այն խորտակենք: Իհարկե, ոչ: Մենք պետք է այն պահենք: Իսկ եթե ապավինենք Աստծուն, այդ ուժը մեզ կտրվի: