Ջեմմա Պետրոսյանի բոլոր հրապարակումները

jemma petrosyan

Շնորհավոր տոնդ, մայր

-Արագացրու։
-Լավ, դու էլ տորթը բեր։
-Էմ, Էմ, ձայները արդեն լսում եմ։
-Լավ, մի խառնվի իրար։ Հա, ճիշտ ա, ես քեզանից փոքր եմ, բայց մեկ ա, չեմ վախենում։
-Հա, բայց ի՞նչ կա վախենալու, ուղղակի լարվում եմ: Չէ՞ որ ես առաջին անգամն ա, որ շնորհավորում ենք մամային։

Գիտե՞ք, ես ընդամենը 9 տարեկան էի, իսկ քույրիկս՝ 7, երբ առաջին անգամ շնորհավորեցինք մայրիկիս տոնր՝ մարտի ութը։ Նեղվում էի, մտածում էի, որ մի բան էնպես չեմ անի ու կնեղացնեմ մայրիկիս (ուղղակի դա ինձ էր թվում)։ Հարևանուհիս, որի տարիքային տարբերությունը 7 տարի էր ինձանից, օգնեց պատրաստել մի փոքրիկ տորթ: Ճիշտ է, այդքան էլ համեղ չէր, բայց մայրիկի համար ամենահամովն էր (ինքն էր այդպես ասում), ու ես հավատում էի, քանի որ դա մեր առաջին անակնկալն էր։ Մենք՝ քույրերս, հաճախ ենք հիշում այդ օրը ու մեծ ուրախությամբ փորձում ենք մայրիկին նմանատիպ անակնկալներ մատուցել։

Այսօր մարտի 8-ն է, և մի անակնկալ ենք պատրաստել մայրիկիս։

-Եթե հանկարծ կարդաս այս նյութը, մա՛մ… Շնորհակալություն, իմ պատճառով անքուն անցկացրած գիշերներիդ համար։ Կներես ինձ բարկացած ժամանակ հետդ կոպիտ խոսելու համար։ Ուզում եմ միշտ առողջ ու երջանիկ լինես և միշտ ինձ ուղեկցես ճիշտ խորհուրդներով։

Ի վերջո, շնորհավոր բոլորիդ միամսյակը։

 

jemma petrosyan

Գրել, բայց ինչի՞ մասին

Արդեն բավական ժամանակ է, ինչ չեմ կարողանում նյութեր ուղարկել 17․am-ին։ Երբ ամեն անգամ մտածում եմ գրելու մասին, ինչ-որ մի բան խանգարում է։

Ամեն անգամ քնելուց մտածում եմ վաղվա մասին, ու երևի այս օրերի ընթացքում չի եղել մի այնպիսի օր, որ չմտածեմ գրելու մասին։ Հա, ճիշտ է, ես չեմ սիրում գրել, բայց մտածե՞լ։ Ինչպե՞ս կարելի է չսիրել «մտածել» ասվածը։ Հը՞։

Միշտ մտածում եմ, որ երբ առավոտյան արթնանամ՝ մի խորիմաստ ու հավես նյութ կգրեմ։ Չգիտեմ, է՜։ Առավոտ արթնանալուն պես փորձում եմ գրել այն ամենը, ինչ մտածում էի նախորդ գիշեր։ Մտածել ամեն ինչի մասին ու այդ ամենը միացնել իրար։

Երբ դեռ չես հասցրել մի բան գրել, տան մեծերը սկսում են քեզ գործի դնել, այդ ամենից հետո դասեր, իսկ երբ այդ բոլորը վերջացնում ես ու բոլորից թաքուն փորձում ես գրել… Ի՞նչ գրել։ Արդեն բոլոր մտքերը ցրվեցին։ Վերցնել թուղթը և գրիչը: Ես չեմ կարողանում, ու գիտե՞ք ինչու, որովհետև ես չեմ սիրում գրել , չեմ սիրում մտածածս թղթին հանձնել։ Բայց այսօր որոշեցի ինչ մտածում եմ ասել․ ասել այն ամենը, ինչ արդեն ներկայացրեցի: Որտեղի՞ց պետք է սկսել, կամ որտեղ վերջացնել։

Հա, ճիշտ եմ ասում, այս օրերին շատ գաղափարներ եմ ունեցել, բայց երբ թուղթը և գրիչը վերցրել եմ ձեռքս, ամեն ինչ հօդս է ցնդել։ Ախր, ես գիտեի, թե ինչ կարելի էր գրել, բայց մտածում էի, որ բոլորն էլ գրում են, նյութի պակաս չկա 17-ում, կհասցնեմ, հետո տեսնում էի, որ ուրիշներն արդեն այդ մասին գրել են, այդ իսկ պատճառով սպասում էի մեկ այլ թեմայի։

Վերջ, սպասելն ինձ շատ խանգարեց: Այսուհետ չեմ սպասելու, գրելու եմ հաճախ, գրելու եմ առօրյա կյանքի, ինձ հուզող խնդիրների, նորությունների, ինձ շրջապատող մարդկանց մասին։

jemma petrosyan

Չկրկնել նույն սխալը

-Հաստ շոր հագի, կմրսես։

-Չէ, մամ, ցուրտ չի։

-Ասում եմ` հագի, ցուրտ ա։ Առանց դուրս գալու արդեն գիտե՞ս։

-Մամ, արև ա դուրսը, որ պիտի հագնեմ ու ճանապարհին հանեմ, էլ ի՞նչ իմաստ ունի հագնելը։

-Լավ, բայց հետո չասես՝ չզգուշացրեցի։

Այսպես ամեն առավոտ ու ամեն օր նույն խոսակցությունը: Ամեն անգամ չլսելով մայրիկին՝ բաճկոն չեմ վերցնում հետս դպրոց գնալիս։ Այս առավոտը մնացած օրերից շատ էր տարբերվում։ Ցուրտ էր շատ։ Ճիշտ են ասում. «Մեծին լսողի ոտքը երբեք քարին չի դիպչում»։ Մրսում էի, բայց արդեն տնից բավականաչափ հեռու էի ու համ էլ ալարում էի հետ վերադառնալ։ Հասա դպրոց։ Դպրոցում ջերմաստիճանը բարձր էր, նաև արևկողմ դասարանում էինք դասի։

Անցավ երկու օր, արդեն տաք վերարկու էի հագել։ Դասի ժամանակ հասկացա, որ ջերմում եմ ու այդ պատճառով գնացի բուժկետ։ Համոզվելով, որ ջերմություն ունեմ՝ դիմեցի դասղեկիս, ու նա ինձ տուն ուղղարկեց։

Ու գիտե՞ք հիվանդանալուս պատճառը․ դրսի ցուրտն էր, այն օրվա ցուրտը, որ չլսեցի մայրիկիս ու հիվանդացա։ Հա, ես եմ մեղավոր ու այլևս չեմ կրկնի նման սխալ։ Սա իմ համար խրատ կլինի, որ տանից դուրս գալիս տաք վերնազգեստ հագնեմ, մայրիկը ինչ էլ ասի՝ չհակաճառեմ նրան ու անեմ այնպես, ինչպես նա է ասում։

jemma petrosyan

Պահածոների սեզոնը

—Չէ, չէ․․․ Մի քիչ էս կողմ դիր։

—Զգու՜յշ, վրադ ես թափելու։

—Ա՜, տատ, լավ էլի, հիմա ի՞նչ, էստեղ լավ չի՞։

—Լավ ա, լավ ա: Դիր: Մենակ հեռու գնա` չթափես վրադ, թե չէ` օգնելու տեղը մի բան էլ վնաս կտաս։

Մի փոքրիկ միջադեպ առօրյա կյանքից։ Հիմա սա կարդալով երևի կմտածեք` գժվեց էս աղջիկը։ ՉԷ, չէ, սխալ հասկացաք։ Հիմա ասեմ` ինչու:

Արդեն աշուն է, ու սկսվել է մարդկանց կողմից երկար սպասված պահը՝ բերքահավաքը։ Դե, եթե բերքահավաք է, ուրեմն պահածոների պատրաստման ժամանակն է։ Մենք էլ բոլորի նման որոշեցինք փակել տոմատի մածուկ։ Բայց ինչ եղավ` կհասկանաք ընթացքում։

—Տատ, գիտես չէ՞, ես եմ քամելու։

—Տո քեզանից ի՞նչ տոմատ ճզմող, դու ավելի լավ ա` արի գնա բանկաները լվա, որ մեր գործը հեշտ լինի:

—Ու՜ֆ, տա, լավ, դե ինչ արած, հեսա կանեմ։

Բայց դե ինչ անելու մասին է խոսքը։ Ինչպես միշտ, չուզենալով արեցի այն ամենը, ինչը ասել էր տատիկը։ Մեկ էլ մի շրխկոց․․․ Ինձ թվում է` հասկացաք, թե ինչի մասին է խոսքը։ Իմ անփութության պատճառով բանկաները մեկը մյուսի վրա դնելով՝ ջարդեցի բոլորը։ Դե, հիմա ինձ ասեք, թե ես ինչ պիտի անեմ կամ ինչ պիտի հորինեմ, որ էս ամենի տակից կարողանամ դուրս գալ։

Մի երկու օր է անցել տվյալ դեպքից,ու այսօր մերոնք էլի պահածո են փակում: Հիմա վախենում եմ օգնել, գիտեմ. ամեն անգամվա նման մի փորձանքի եմհանդիպելու։Ինձ կհասկանան բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ նման իրավիճակի մեջ հայտնվել են։

Jemma

Դիլիջան մեդիա ճամբար. հավես օրեր

Հավե՜ս․․․Ես բառը իրա մեջ տարբեր իմաստներ և հետաքրքիր բացատրություններ ունի։ Դիլիջան գնալով կյանքս երկարեց։ Ըհն․․․Ուրեմն ասեմ` ինչու: Սկսեմ ամենասկզբից, որ հետաքրքիր արկածները ամենուր էին՝ ժպիտներ՝ ասում են, ով ժպտում է նրա կյանքը մի քանի տարով երկարում է , խաղեր, դասաժամեր ու ամենակարևորը ուտել համապատասխան ժամերին, այսինքն, օրը երեք անգամ։ Դե հիմա մտածում եք, որ խելքս ուտելու համար գնում ա, բայց ասեմ, որ ադքան էլ չէ։ Ավելի շատ սիրում եմ ճաշի ժամին զրուցել, քան ուտել։ 

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, «Մանանա» կենտրոնի անձնակազմին, ովքեր այդ յոթ օրերը մեզ հետ անցկացրեցին և, որոնց շնորհիվ շատ բան հասկացանք ու սովորեցինք։ Սիրում եմ բոլորիդ. մեծ թե փոքր։ Այս ընթացքում հասցրեցի բոլորիդ փոքր-ինչ ճանաչելու սիրել:Հա, մեկ էլ չգիտեմ ինչու, ուրիշ կերպ մեջս տպավորվեց վերջին գիշերը։ Հավես ու հաճելի անցավ։ Անտառում, խարույկի շուրջը ես ուղղակի բառեր են, պիտի գոնե մի անգամ լինես այդպիսի վիճակում, որ պատկերացնես։ Խաղեր, երգեր, կատակներ, մի խոսքով, ամեն ինչ․․․

Հուսով եմ հետագայում կհասցնեմ շնորհակալությունս արտահայտել նյութերիս տեսքով։

Jemma

Արտագաղթը և ես

Երբեմն ճակատագիրը դառն է թվում, և բոլորին այս կյանքում հավասար չի տրվում: Մեկ-մեկ մտածում եմ, ինչո՞ւ մի երեխա պիտի ունենա ամեն ինչ, իսկ մյուսը` ոչինչ, ինչո՞ւ կյանքում հարուստ ու աղքատ, լավ և վատ, օտար և մտերիմ, հարազատ ու թշնամի պետք է լինի: Ինչո՞ւ բոլորը չեն կարող ապրել հավասար իրավունքներով: Երևի դա նրանից է, որ մարդն է որոշում  իր ճակատագիրը, բայց չէ. ես համաձայն չեմ այդ ամենին:

Մեր ընտանիքում ապրում ենք ես, քույրիկս, եղբայրս և ծնողներս: Ես շատ-շատ եմ սիրում հայրիկիս, և ինձ համար դժվար է իրենից հեռու գտնվելը: Չնայած այս ամենին, հայրիկս տարվա մեջ գրեթե երկու կամ էլ երեք ամիս է մեր հետ անցկացնում: Տան սոցիալական վիճակը բարելավելու նպատակով մեկնում է արտերկիր` աշխատելու:

Մայրիկը չուզենալով հայրիկի գնալը՝ պատճառներ է փնտրում.

-Դե, որ գնաս, ես մենակ ի՞նչ եմ անելու, ավելի լավ ա մնա` քո առևտրով զբաղվի:

-Տո այ կնիկ, շուկան էլ ա փչացել: Չի ծախվում:

Ու այսպես մայրիկը՝  հասկանալով, որ անիմաստ է շարունակելը, չի խոսում, բայց նաև հասկանում է, որ ապրելու համար աշխատանք է պետք, թեկուզ դա լինի Հայաստանից դուրս:

Մայրիկից հետո շարունակում է պապիկս.

-Տղա ջան, քարը փեշիցդ թափի, մնա հայրենիքումդ, մի կտոր հաց կեր, բայց քո տանը կեր:

-Պապ ջան, ցավդ տանեմ: Երեխեքս մեծացել են, էլ չեմ հասցնում պահել:

-Շուկադ ի՞նչ ա եղել:

-Է~, լավ էլի, պապ ջան:

Ու այսպես շարունակ… Եվ հիմա սա կարդալով չգիտեմ` ինձ ինչպես կհասկանաք, բայց լինում են ժամանակներ, երբ բարի նախանձով նախանձում եմ ընկերներիս, քանի որ իրենց հայրիկները տանն են և կարող են օգնել տարբեր հարցերում: Բայց այս ամենը միայն իմ հայրիկին չի վերաբերվում: Հայրիկս նման շատերը ևս գնում են արտերկրում, որպեսզի կարողանան ընտանիք պահել, հոգալ այն ամենի մասին, ինչը մենք՝ երեխաներս ենք ցանկանում:

Իսկ եթե անկեղծ, ես չեմ նեղվում այսպես ապրելուց: Ինձ սոցիալական վիճակը չի հետաքրքրում, ինձ միայն իմ հայրիկն է պետք: Ուզում եմ, որ միշտ հայրիկս կողքիս լինի, բայց ոչ միայն իմ հայրիկը, այլ ուզում եմ, որ բոլոր երեխաները միշտ իրենց ծնողների կողքին ապրեն երջանիկ ու համերաշխ:

Ուզում եմ, որ բոլոր ծնողները իրենց երեխաների կողքին լինեն:

jemma petrosyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. կարևորը սովորելն է

Երբևէ մտածե՞լ եք, թե որտեղ կարող ենք հարցազրույց վերցնել, կամ ընդանրապես սովորել։ Ես մտածել եմ ու մտածելու հետ մեկտեղ սովորել։

Օրինակ, ինձ համար կապ չունի` որտեղ սովորել, կարևորը սովորելն է։ Երեկոյան ուզում էի նյութ գրել։ Հասկանալով, որ այդ հարցում ինձ կարող է օգնել Շուշանիկը (մեր մենթորներից մեկը)՝ դիմեցի նրան։ Փնտրելով նրան՝ գտա սենյակներից մեկում, որտեղ չկար սեղան և նստարան։ Ես և Շուշանիկը նստեցինք գետնին, և ես սկսեցի հարցերով տանջել նրան։ Ու ասեմ, որ նրա համար դա տանջանք չէր, նա մեծ ոգևորությամբ ու հաճույքով պատասխանում և բացատրում էր ինձ։

Այս ամենը պատմեցի նրա համար, որ իմանաք` կապ չունի որտեղ և ինչի վրա սովորել։ Կարևորը գիտելիք ստանալ և այն օգտագործել կարողանալն է։ Եվ այդ իսկ պատճառով որոշեցի, որ իր բացատրած կերպով պետք է այս ամենը գրեմ։ Դրանից բացի երեկ ցերեկը նկարահանումների դասեր էինք անցկացնում, և այդ ընթացքում որոշեցի ավելի լավ հասկանալու համար հարցազրույց վերցնել և միաժամանակ նկարել։

Քանի որ երեխաները շատ էին՝ բաժանվեցինք երեք հոգանոց խմբերի, այնուհետև պետք է հարցազրույց վերցնեինք մեկս մյուսից։ Մեր խմբում երկու աղջիկ էր՝ ես և Մերին, և մեկ տղա՝ Սերյոժան։ Առաջին հարցազրույց տվողը ես էի։ Եթե նախորդ օրինակի մեջ տեղը կապ չուներ, այստեղ որոշ չափով կարևոր էր, քանի որ նկարահանումներ կատարելու համար պետք է հարմար պայմաններ և վայրեր լինեն։ Մենք ունեինք ընդամենը մեկ ժամ, որից քսան րոպեն տեղ էինք փնտրում։ Երկար ժամանակ փորձում էի լրջանալ, բայց չէր ստացվում, չնայած դա ինձ օգնեց չլարվել և հանգիստ պատասխանել հարցերին։ Գիտե՞ք, էն ծիծաղելի իրավիճակը գնալով ավելանում էր, բայց դե սա էլ լավ անցավ։ Հա, մեկ էլ չմոռանամ ասել, որ անլրջության պատճառով ակնոցը մնացել էր ծառի վրա։ Ամենահետաքրքիրը երրորդ հարցազրույցն էր։ Ասե՞մ` ինչու։ Դե իհարկե՜, կասեմ, քանի որ չեմ ուզում խոսքս կիսատ թողնել։ Սերյոժայի հարցազրույցից հետո վախենալով իջնում էինք զառիթափը, ու մեկ էլ ի՜նչ տեսնենք։ Տեսանք, որ տանիք տանող ճանապարհ կար։ Մենք էլ օգտվելով առիթից, բարձրացանք տանիք։ Շատերը զարմացան իմանալով, թե որտեղ ենք նկարել հարցազրույցը:

Նկարահանումներ անելու համար պակաս կարևոր չի հարցազրույցի տեղը ճիշտ որոշել։ Իսկ ես հանգիստ կարող եմ ասել, որ ես և ընկերներս ճիշտ և հարմար տեղ էինք ընտրել։

Jemma

Գյուղացու տանջանքը

Հուլիսի տասի երեկոյան անձրև էր գալիս, բայց այդ անձրևը տարբերվում էր մնացած անձրևներից։ Տանը նստած գիրք էի կարդում։ Մի պահ վախեցած մտածեցի` կարկուտ է գալիս։ Մտածելուն պես աչքիս առաջ եկան դաշտերը, այգիները և, ի վերջո, այդ ամենը մշակող մարդը։ Բնազդաբար վազեցի պատուհանիս մոտ, կարծես դեմքիս ժպիտ հայտնվեց, որովհետև դա կարկուտ չէր, ուղղակի այնպիսի արագությամբ էր գալիս, որ թվում էր դույլերով լցնում էին գետնին։

Երբ անձրևը փոքր-ինչ դադարել էր, լույսերն անջատվեցին, ավելի շուտ հոսանքի լարերը վնասվել էին։ Այդ ժամանակ հայրիկս զանգահարեց․ ասում էր, որ տուն է վերադառնում ու շատ քաղցած է։ Ես և քույրիկս տան բոլոր անկյունները մոմեր էինք վառել, իսկ մայրիկը սեղան էր գցում։ Արդեն բոլորով ճաշի սեղանի մոտ էինք, երբ զանգահարեցին հայրիկիս տեղեկացնելու կարկտահարված դաշտերի մասին։ Չնայած դա մեղմ էր ասված։ Այն աստիճան էր եկել, որ ոչ մի նորմալ բույս չէր մնացել։ Այդ ամենը լսելուց հետո ընկա մտորումների մեջ․ «Այդքան ամիսներ մշակես, կարելի է ասել, երեխայի պես խնամես, վարկ կամ էլ պարտք անես ու վերջում մնաս դատարկաձեռն»։

Հաջորդ օրը փորձեցի զրուցել տուժած հողագործների հետ։ Բոլորը նույն բան էին ասում․

-Է՜ բալա ջան, մնացինք շիվար։ Էսքան տանջվելուց հետո նորից պարտքեր, ու դեռ հարց է` կկարողանա՞նք փակել վերցրածը։

Մի անգամ էլ կողքից լսեցի, թե երկու կին ինչպես են զրուցում․

-Սաղ ջարդել ա կարկուտը, բան չի մնացել կամ էլ մենակ քոքերը։

-Դե, շատ մի՛ մտածի, մի բան կլինի, էլի։

-Տո, ո՞նց չմտածեմ է, դրա հույսով պիտի ապրեինք, երեխուս վարձը պիտի տայի։

-Աստված մեծ ա, մի բան կլինի։

Դա ուղղակի պատկերացնել է պետք։ Այնքան դժվար է. տանջվել, բայց անօգուտ։ Տանջվել առանց եկամուտի, պարտքերով գոյատևել մինչև աշնանը բերք հավաքես ու վաճառես։ Ու դեռ հարց է` կհավաքե՞ս ինչ-որ մի բան, թե՝ ոչ։

Jemma

Ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը

Չնայած ես չեմ սիրում ամառային արձակուրդները, բայց այդ օրերը հաճույքով անցնում են ընկերական շրջապատում։ Չեմ սիրում, քանի որ դպրոց հաճախելուց մի առանձին ոգևորություն և ուրախություն եմ զգում, իսկ դրանից բացի, այսպես ասած, «արգելակվում եմ», որովհետև դպրոց հաճախելով գիտելիք եմ ստանում, իսկ տանը չկրկնելով այն, ինչ ուսուցիչների միջոցով ենք սովորում, մոռանում եմ։ Ապրում եմ Ակնալիճ գյուղում, որտեղ չկան նաև Երևանի զվարճությունները. Զբոսայգի, սրճարան, կինո, պարզապես զբոսանք գեղեցիկ վայրերով:

Դե մենք էլ դասարանի երեխաներով ավելի հաճախ ենք հանդիպում ու հավաքույթներ կազմակերպում, քանի որ ոչ դաս կա, ոչ էլ առավել ևս, գրավոր։

Չնայած այս ամենին, սիրում եմ ամառն իր տոներով և հետաքրքիր զվարճություններով։ Ես ամառ ասելով հասկանում եմ հունիսի մեկ, Վարդավառ, Խաղողօրհեք․․․ Իսկ զվարճություն ասելով հասկանում եմ, երբ այդ տոն օրերին ընկերներով հավաքվում ենք՝ ուրախանալու նպատակով։

Ամառվա օրերը անցնում են կամ տանը, կամ էլ մի այնպիսի վայրում, որտեղ բնություն կա։ Տանը լինելով փորձում եմ այնպիսի գրքեր կարդալ։ Իսկ բնության գրկում սիրում եմ լուռ նստել և վայելել բնության գեղեցկությունը:

Ամառային արձակուրդների ժամանակ՝ գրեթե ամեն օր, դուրս ենք գալիս բակ խաղալու: Երբեք չեմ մոռանա անցյալ տարվա մեր արշավը դեպի Բազմաղբյուր: Ի տարբերության այլ հավաքների, սա մենք ինքներս էինք կազմակերպել: Այս տարի ևս  գնալու ենք, բայց դեռ չենք կողմնորոշվում` ուր և երբ։ Ես վստահ եմ, մի փոքր վիճելուց հետո բոլորս կազմակերպված կփնտրենք մի վայր, որտեղ կարող ենք լավ ժամանակ անցկացնել: Ամառը մեզ սովորեցնում է ինքնուրույն որոշումներ կայացնել, սա էլ պակաս կարևոր չէ, քան դպրոցական առարկաները:

Jemma

Լավ ընկեր ունեցողը ևս պետք է լավ ընկեր լինի

Մի օր ընկերուհիներով դասից տուն էինք գալիս։ Հանկարծ հիշելով հայրիկիս խոսքերը՝ ասացի նրանց․

-Գիտեք, երեխեք, պապան ասում ա, որ մենք գնալու ենք տատիկենց տուն, իսկ իրանք` Ռուսաստան։ Մի կիսամյակ դասի կգանք ու կմեկնենք իրենց մոտ։

Այդ պահին երեխաները ցույց տվեցին, որ տխրել են, որ չեն ուզում` ես գնամ։ Բայց եղավ անսպասելին։

Նրանք մտածում էին, որ այլևս հետ չեմ վերադառնալու։ Երբ գնացի, որոշ ժամանակ զանգում էին, իսկ հետո պարզապես չէին ուզում զանգել։ Ես ամեն հարմար առիթ փնտրում էի, որպեսզի կարողանայի կապ հաստատել նրանց հետ, բայց փորձերս ապարդյուն էին անցնում։ Այնպես եղավ, որ մինչ մեր գնալը՝ ծնողներս հետ վերադարձան։ Բախտի բերմամբ մենք վերադարձանք մեր մշտական տուն։ Առաջին իսկ օրը ուրախ վազեցի ընկերուհիներիս մոտ, այդ պահին նրանք միասին էին և ինձ անտարբեր ընդունելուց հետո կարծես չէին ուզում շփվել ինձ հետ։ Ես իրենց հարցեր էի տալիս`թե ինչպե՞ս են, ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղված։ Բայց նրանք, անտեսելով իմ հարցերը, ուրիշ թեմայից էին խոսում միասին։

Մի քանի օր անց պատուհանից տեսա, որ նրանք բակում խաղում էին։ Մի սարսափելի զգացողություն, երբ վաղեմի ընկերներդ մոռացել են քեզ և քեզ հետ կապված հիիշողությունները։ Շատ էի տխրել, քանի որ ինձ չէին կանչել իրենց հետ խաղալու։ Տանը նստած մտածում էի․«Կարո՞ղ ա իրենց նեղացրել եմ», և այդ պահին դուռը թակեցին։ Դուռը բացելուն պես ուրախացա, բայց ուրախությունս կարճ տևեց։ Ընկերուհիներիցս մեկն էր, որը եկել էր ինձ ասելու․

-Ես չեմ ուզում քեզ հետ շփվել։

Իսկ ես ընդամենը պատասխանեցի․

-Դու ինձանից առաջ անցար։

Չգիտեմ ինչու այդպես ասաց, կամ ես ինչու այդպիսի պատասխան տվեցի։ Հասկանում եմ, կարող էի այլ կերպ պատասխանել, բայց դա տևեց ընդամենը վարկյաններ, և ես պատասխանեցի բնազդաբար։ Ես այս ամենը պատմեցի մայրիկս. էլ չէի կարողանում մեջս պահել։ Մայրիկս բարկանալով ասաց.

-Ես քեզ վաղուց զգուշացնում էի, որ ինչ-որ մեկին լիովին չվստահես։

Այդ պահին խորթ թվացին մայրիկիս խոսքերը, բայց հետո հասկացա։ Նա ևս այդպես չէր ուզում։ Ինձ վաղուց զգուշացրել էր, բայց ես ականջի հետև էի գցել այդ խոսքերը։

Անցան ամիսիներ, արդեն դպրոց էինք գնում և ընդհանրապես չէինք շփվում իրար հետ, կարելի է ասել, որ արդեն ես էլ ցանկություն չունեի շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ամեն ինչ շուտ մոռանում էին։

Մի օր նրանցից մեկը բարձրաձայն ասաց.․

-Էլ չեմ ուզում, որ կռված մնանք։ Արի բարիշենք:

Իսկ ես… Ես նույնպես չէի ուզում այդպես մնալ։ Անտանելի է, երբ սովորում էինք նույն դասարանում, բայց ոչ մի կերպ նրանց ինձ  դասընկեր չէի համարում։ Փորձեցի ես էլ պատասխանել  իր հարցին․

-Ես էլ չեմ ուզում։

-Ուրեմն վե՞րջ, մենք նորից ընկերուհինե՞ր ենք։

-Ընկերուհիներ ենք,- ժպտալով պատասխանեցի։

Այս ամենից անցել է երկու տարի ու հիմա շատ ուրախ եմ, որովհետև երկուսն էլ կողքիս են։ Չգիտեմ ինչպես կհասկանաք․ ուրախ եմ նաև, որ այդպիսի դեպք տեղի ունեցավ, և ես հասկացա կորցնելու ցավը։ Հիմա մենք բոլորս միասին լավ ընկերուհիներ ենք և ամեն ինչ կանենք, որ պահպանենք մեր ընկերությունը:

Այս կանքը մարդուն մեկ անգամ է տրվում։ Եվ պետք է այնպես պլանավորես քայլերդ, որ հետո չփոշմանես։ Իսկ լավ ընկերներ կամ ընկերուհիներ ունեցողը այս կյանքում մեծ դեր ունի։ Ես համոզված եմ, որ լավ ընկերուհիներ ունեցողը ևս պետք է լավը լինի։ Միգուցե իմ մեղավորությունն էլ կար, բայց ոչինչ, պետք է կորցնելուց հետո սկսես գնահատել։