
Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
Եթե հիմա փորձեմ հիշել, թե երբ եմ վերջին անգամ նյութ կամ հոդված գրել, դժվար թե որևէ բան ստացվի: Բանն այն է, որ վերջին ամիսների ընթացքում ինձ ամբողջությամբ նվիրել էի շտեմարաններին և այլ բանով զբաղվելու ուժ և ժամանակ ուղղակի չէր մնում: Միայն դիմորդները կհասկանան, թե որքան ցավ և տառապանք է թաքնված այդ մեկ բառի մեջ: Միգուցե հիմա կմտածեք. «Լավ, էս աղջիկը ինչի՞ ա սենց չափազանցնում»: Ուղղակի շատ ցավալի է երկար ժամանակ ջանք ու եռանդ չխնայել մի բան անելու համար, իսկ հետո հասկանալ, որ դա անիմաստ էր, որովհետև քննություններից հետո անգիր արած շտեմարանները դժվար թե պետք գան:
Ես դեռ ընդամենը մեկ առարկայի շտեմարանների վրա եմ աշխատել: Զարմանում եմ՝ ինչպես են ծանոթներիցս շատերը համատեղել նաև անգլերենը, հայոց պատմությունը կամ էլ մաթեմատիկան, այն էլ՝ երկու տարի շարունակ: Շատ ուրախ եմ, որ այժմ հույս կա, որ հաջորդ տարվանից այլևս քննությունները այսպես չեն լինի, այլ շեշտը կդրվի տրամաբանության զարգացման վրա: Կարծում եմ՝ նաև դպրոցներում կրթությունը կդառնա 11-ամյա: Դժվար թե մեկը չհամաձայնվի, որ ավագ դպրոցում սովորելը անիմաստ է: Այդ երեք տարին նախատեսված է նրա համար, որ կրկնենք անցածը և հենց դպրոցում պատրաստվենք քննություններին, սակայն այդպիսի մեկին գտնելը անհնար է: Բոլորն էլ դպրոցից դուրս պարապում են ընդունելության համար, որովհետև դպրոցում անհնար կլինի հավաքել անհրաժեշտ գիտելիքները: Սակայն եթե միայն դրանով սահմանափակվեին դպրոցի խնդիրները, ամեն ինչ շատ լավ կլիներ: Կարծում եմ, որ բոլոր խնդիրները սկսվում են դասագրքերից: Բոլոր առարկաների դասագրքերը գրված են բարդ տերմիններով և դպրոցականների համար ոչ մատչելի ձևով: Իհարկե, մենք ունենք ուսուցիչներ, ովքեր պետք է պատասխանեն մեզ համար անհասկանալի հարցերին, սակայն այստեղ ծագում է հաջորդ խնդիրը՝ ոչ բոլոր ուսուցիչներն են այդքան սիրալիր և իրենց առարկայի գիտակը դա անելու համար: Որպես օրինակ հիշեմ աշխարհագրության կամ հասարակագիտության դասերը: Աշակերտի պատասխանից հետո, որ դասը չի հասկացել և կխնդրեր բացատրել, հնչում է այսպիսի պատասխան. «Էս էլ հո մաթեմ չի՞, որ չես հասկացել»: Իհարկե շատ առիթներ եմ ունեցել դպրոցը և ուսուցիչներին չսիրելու համար, բայց չսիրելս հասավ գագաթնակետին, երբ հեղափոխության օրերին բացառապես բոլոր ուսուցիչները փորձում էին աշակերտներին հետ պահել ցույցերին մասնակցություն ունենալուց և պահում էին վախի մթնոլորտում և անդադար կրկնում՝գործ չունեք, իհարկե, ապարդյուն: Ես հասկանում եմ, որ այդ անորոշ պահին նրանք մտածում էին իրենց աշխատանքը չկորցնելու մասին, սակայն գոնե այդպիսի հորդորներով հանդես չգալը նրանց կողմից ավելի ճիշտ կլիներ: Չէ որ այդ ամենը արվում էր մարդկանց կյանքը փոխելու համար, իսկ ուսուցիչները ամենից շատ էին բողոքում իրենց ցածր աշխատավարձից՝ հակառակ իրենց կատարած մեծ աշխատանքի: Իսկ այժմ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու միտում կա: Եվ սա ամենաչնչինն է այն բարեփոխումներից, որոնց կատարման գործընթացը արդեն իսկ սկիզբ է առել:
Լուսանկարը՝ Լաուրա Մանուկյանի
Վանաձոր։ Շատերի համար փոքր-ինչ քուն մտած այս քաղաքում արդեն բավականին երկար ժամանակ է՝ երիտասարդները ձգտում են արթնացնել բոլորին:
Բնությունն է այստեղ արթուն, ինչ գեղեցիկ կլինի, երբ այն իր շունչը տա բոլորին։
Վանաձորցի երկու խելացի և հնարամիտ տղաներ, մտահոգված լինելով քաղաքի խնդիրներով, որոշեցին իրենց ներդրումն ունենալ քաղաքի զարգացման գործում:
ԵՊԲՀ նախկին ուսանող Դավիթ Ամիրյանի, և ՎՊՀ ուսանողական խորհդի նախագահ Արեն Հովհաննիսյանի շնորհիվ ստեղծվեց «Canyon Park» արկածային տուրիզմի կենտրոնը:
Այն հարցին, թե ինչպես, երբ ստեղծվեց «Canyon Park»-ը, և որն է դրա նպատակը՝ հիմնադիրներից Դավիթը պատասխանեց.
-Գաղափարը դեռևս կար 2017 թվականին, սակայն այն գործի դրվեց 2018 թվականի հունվարից: Նպատակները շատ են, սակայն ամենագլխավորը՝ ստեղծել ինչ-որ մի բան, որ դեռևս չկա Լոռու մարզում, որ կլինի նորություն, և այն էլ՝ միակը: Մենք ցանկություն ունենք Լոռու մարզը դարձնել ամենաակտիվ տուրիստական մարզը:
Արենը, շարունակելով միտքը, ասաց.
-Մեր մյուս ոչ պակաս կարևոր նպատակն է միավորել երիտասարդներին մեկ հարկի տակ: Միավորել նրանց գաղափարները, մտքերը, և գործի դնել մեր բոլոր ուժերը՝ մարզը տուրիզմի տեսանկյունից ավելի հետաքրքիր դարձնելու համար:
Ըստ հիմնադիրների՝ ծրագիրը նաև տարածում կգտնի մարզի սահմաններից դուրս՝ միավորելով այլ մարզեր և մայրաքաղաք Երևանը:
70 և ավելի երիտասարդներ հանդիսանում են «Canyon Park»-ի կամավորներ: «Canyon Park»-ում դասավանդվում է նաև անգլերեն՝ հատուկ արշավների և տուրիզմի համար:
Հուսով ենք «Canyon Park»-ն իրեն կարդարացնի, իսկ այն, որ մեծ արդյունքի կհասնի, արդեն երևում է նրանց աշխատանքից և ջանասիրությունից:
«Ոզնի»՝ մրցույթ, որին մասնակցում են, ոգեշնչվում և դարի ամենապահանջված մասնագիտության մեջ հմտանում, առաջ գնում։
Հունիսի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում տեղի ունեցավ «Ոզնի 2018» ամենամյա համակարգչային մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։
Մրցանակակիր երեխաները 65-ն էին՝ տարբեր մարզերից և տարբեր տարիքի աշակերտներ, ովքեր օրինակ են ծառայում և ոգեշնչում են իրենց ընկերներին։ Մրցանակներ ոչ միայն մրցույթի կազմակերպիչներն էին պատրաստել, այլև մրցույթի աջակից կազմակերպությունները, ինչը նույնպես ոգևորիչ էր։
Մրցանակակիրներից Արթուր Քոլոզյանը (6-րդ դասարանցի) ասում է, որ անսպասելի էր արդյունքը, բայց մեծ հաջողություն է համարում այս տարիքում այսպիսի մրցույթում հաղթելը և խոստացավ անպայման մյուս տարի էլ մասնակցել՝ արդեն ընկերների հետ։
Այսպիսի մրցույթներին մասնակցելով և համակարգչային ծրագրերը ուսումնասիրելով, կիրառելով՝ ավելի շատ բան ենք սովորում ու ավելի ոգևորվում, քան շատ այլ դպրոցական դասերի ժամանակ։
Առա՜ջ, «Ոզնի», քո նպատակը (խթանել դպրոցներում ՏՀՏ ոլորտի զարգացումը) արդեն իրականանում է։
Լուսանկարը` Մանե Մինասյանի
Արձակուրդները… Չակերտների մեջ դրված այս արձակուրդները։ Չակերտների մեջ, որովհետև դպրոցական երեքամսյա հանգիստը թեպետև կա,բայց միայն դասերից, բայց ինձ համար չակերտավոր են։ Ամեն օր ինչ-որ գործեր ունեմ։ Մի օր ՍՄԱՐԹ-ում, մի օր դպրոցում, մի օր համայնքից դուրս։
Դե, էս տարի էլ, ինչպես մյուս տարիներին, դասարանական էքսկուրսիա չգնացինք։ Հավաքվեցինք աշակերտներով ու ծնողներով, որպեսզի որոշենք էքսկուրսիայի ուղղությունը, մի ժամ դա քննարկելուց հետո, որոշվեց մեր Դսեղ գյուղի Ծովերում դասարանական «քեֆ» անել (հավաքույթ բառը,մեր պարագայում, այդքան էլ ճիշտ չէ ասել), ու էլի էքսկուրսիա չգնացինք: Սպասենք աշունը գա։
Շուտով նաև ճամբարների «սեզոնը» կհամարեմ բացված, սկսած գյուղի ճամբարից, Դիլիջանի և այլ հանգստյան գոտիների տարբեր ճամբարներ։
Անկեղծ ասած, պասիվ կյանք չեմ սիրում։ Սիրում եմ, երբ անընդհատ ինչ-որ խառը և հետաքրքիր գործերով եմ զբաղված։ Ու իմ օրերը կարծես թե հենց այդպես էլ անցնում են։ Արձակուրդի մեջ արձակուրդ չունեմ, երևի թե ուրախ եմ, որ այսպես է։ Հա՜, մոռացա ասել. արդեն ես 17-ամյա 17.am-ցի եմ։
Մի բուռ Հայաստան ենք, կես բուռ ժողովրդով ապրում ենք էս տարածքում, բայց մի Ռուսաստանի չափ նպատակներ ու ձգտումներ ունի ամեն մեկս։ Մենք բոլորով էլ ուզում ենք հիասքանչ կրթություն ստանալ արտասահմանում, ինչից հետո մեզ կառաջարկեն մշտական աշխատանքի մնալ էդտեղ։ Մի մասը ուղղակի կհրաժարվի, որ գա մեր հողը շենացնի, մի քանիսը երկու տարի հազիվ ձգեն, հետո փախչելով հետ գան։ Մնացածն էլ հենց դրան էին սպասում, որ էլ կյանքում չվերադառնան։
Բայց էս մի բուռ Հայաստանը, դու մի ասա, ուրիշների համար էդ ի՜նչ գրավիչ ա, էլ սուս։
Օրինակ՝ էս «գիժ» ամերիկացիները քնում են, զարթնում ու անհայտ մի ծրագրով գալիս են Հայաստան, որ տարիներով կամ, ով գիտի, մշտական բնակություն հաստատեն իմ ու քո պապերի հողում։ Լավ, հլը Հայաստան գային, Երևանի կենտրոնում ճոխ բնակարան վարձեին՝ կհասկանայի, բայց չէ։ Սրանք ինչ-որ ձևով հաջողացնում են ոչ ավել, ոչ պակաս Գավառ էլ գալ (կամ ոնց տեղացիները սիրելով ասում են՝ Քյավառ)։
Քյավառի համեստ անկյուններից մեկում մի կորած շենք է վեր խոյանում։ Ու լեգենդներ են պտտվում, որ էդ շենքում ամերիկացիներ են բնակվում։ Լուսաբացին իրենք դուրս են գալիս շենքի երկաթյա դռներից, հեծնում են իրենց երկաթե նժույգները (հեծանիվ են քշում, ուրիշ բան չմտածեք) ու սլանում են անհայտ ուղղությամբ։ Իսկ երեկոյան արևի վերջին շողերի հետ նրանք վերադառնում են իրենց կացարանը, մետաղե ձիերին «ախոռում» անկյուն են կանգնեցնում, որ չեն կարողացել պատվով հաղթահարել Քյավառի բազմամյա «լադոկները» (փոսերը)։ Հետո իրենք էլ գնում են մարդա իր սենյակ ու օրվա հացը վայելում։ Ամեն ինչը ամերիկյան լավագույն ֆիլմերի ավանդույթներով։
Բայց էս լեգենդն ավելի իրական է, քան, օրինակ, Բիգֆութի մասին հորինած պատմությունները։ Հա, հա, ես իմ աչքերով եմ տեսել, թե ոնց էին այր ու կին՝ մի մարմին, իջնում «երրորդ մասի» ճանապարհով (մենք էլ ունենք տենց բաներ)։ Էնքան էլ վստահ չեմ, որ հենց ամերիկացի էին, հեծանիվի գույնից ու «պեդալները» պտտելու արագությունից դժվարանում եմ ազգությունը կռահել, բայց դե, լեգենդին լրիվ համապատասխան էին։ Մի խոսքով՝ էս մարդիկ իրենց փոքրիկ աշխարհն ունեն արդեն մեր առանց էդ էլ փոքրիկ Քյավառում։ Իրենք գործի են գնում, չգիտեմ էլ՝ ինչ են աշխատում, ոնց որ թե անգլերենի հետ լավ չի տեղի ժողովուրդը։ Բայց փաստ, որ մի բանով զբաղվում են, չէ՞, մեր Քյավառում։
Այ, ինչի՞ պիտի ամերիկացին իմ հողում գործ գտնի, ոտքով-ձեռքով ավելի լավ շփվի տեղացիների հետ, իսկ ես կամ իմ պես մեկը՝ չէ։ Ենթադրում եմ, որ գոհ են իրենց կյանքից, թե չէ՝ չէին մնա, կփախչեին։ Իսկ որ իրենք գալիս են, ուրեմն մի բան կա, չէ՞, էս փոքր հողի վրա։ Ուրեմն արժի, չէ՞, որ մենք էլ մնանք, փորձենք էդ մի բանը գտնել ու ուրախանալ դրանով։
Հայաստանում մնալով՝ մտովի գնում ենք Հայաստանից։ Մենք գնում ենք, բայց ուրիշներն էլ գալիս են, ախր։ Գալիս են էդ բանի հետևից, որ մենք չենք տեսնում։ Ուզածս մի բան ա, էդ մի բանը։
Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի
Հիմա պատմեմ, թե ինչ եղավ մինչև Արցախ գնալը:
Մի քանի օր առաջ, հավաքվել էինք, որոշելու, թե որտեղ գնանք էքսկուրսիայի: Դժվար էր, տարբերակները շատ էին, չէինք կողմնորոշվում: Վերջում, մնաց երկու տարբերակ՝ Սևան կամ Արցախ: Ընտրեցինք Արցախ տարբերակը, օրը, ժամը պայմանավորվեցինք, մնում էր գնալը:
Առավոտյան 6:40 էր, բոլորս պատրաստ էինք, նստեցինք մեքենաները և շարժվեցինք:
Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի
Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի
Չնայած ճանապարհի երկարությանը, այն կարճ էր թվում:
Երբ հասանք Արցախ, սկզբից մտանք Գանձասարի վանական համալիր, որտեղ մի պապիկ կար, իր ճերմակ ձիով, ով մեզ համոզում էր ձի նստել, բայց դասընկերներիցս մեկն ասաց.
-Պապի ջան, ես ձիու վրա մեծացած երեխա եմ, չեմ ուզում:
Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի
Ապա գնացինք Գանձասարի հայտնի հյուրանոցը, հետո էլ Գանձասարի մինի «Տիտանիկ»-ի մոտ, որի հարակից շրջանում էլ հայտնի վագրն է, որը պարզապես մռնչում է, ուրիշ ոչինչ:
Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի
Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի
Ընկերներիցս մեկին՝ Դավիթին, գեղեցիկ լուսանկար էի արել:
Երբ լուսանկարները նայում էինք, Նարեկը ասաց.
-Իզան նենց ա նկարել, որ «ցելի» Արցախը երևում ա:
Մոռացա նշել այն երկու շունիկների մասին, որոնց հետ հասցրել էի ընկերանալ, այնքան խելացի էին: Նրանց հետ խաղացի, շոյեցի, հետո ցտեսություն մաղթեցի…
Հետաքրքիր էր նաև Խաչեն գետը, որի ափին նստեցինք, հաց կերանք ու շարժվեցինք դեպի Շուշի:
Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի
Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց ես ասում էի.
-Գնալ Արցախ, անցնել Ստեփանակերտի կողքով ու չտեսնել «Պապիկ-տատիկ»-ի արձանը, դա նույնն է, ոնց որ օգոստոսին գնալ Սևան ու չմտնել լողանալու:
Ու չնայած դրան, գնացինք Շուշի, տանկի մոտ լուսանկարվեցինք, մտանք Ղազանչեցոց եկեղեցի, ապա շարժվեցինք տուն:
Զարմանալին այն էր, որ գնալուց անձրև էր գալիս, արդեն հույսներս կորցրել էինք, բայց մեր բախտը բերեց և անձրևը դադարեց: Գալուց էլ որոշել էինք տեսնել Խնձորեսկի ճոճվող կամուրջը, բայց անձրևը չթողեց:
Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի
Պետք է ասեմ, որ առաջին անգամը չէր, որ գնացել էի Արցախ, բայց դասընկերներով գնալը, մի ուրիշ հետաքրքրություն էր:
Վերջում հավելեմ, որ Արցախից մեզ հետ բերեցինք լիքը ժպիտներ, անմոռանալի հուշեր, անթիվ լուսանկարներ և հուշանվերներ:
Ահա ինչու եմ սիրում ամառը:
Համալսարանի այս երկու տարիների ընթացքում մի սովորություն ձեռք բերեցի՝ ամեն օր նկարել Արարատը նույն լսարանից։ Առավոտյան, գալով լսարան, առաջինը գնում էի պատուհանի մոտ ՝ տեսնելու, թե այսօր ինչպիսինն են Սիսն ու Մասիսը՝ ամպամած, ձնապատ, թե պարզ ու հանգիստ։ Ու ոչ մի անգամ չունեին նախորդ օրվա տեսքը։