Ազատ տարածք խորագրի արխիվներ

Հունիսի 1, Երևան

Լրագրողների համահայկական իններորդ համաժողովը

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ լրագրողների համահայկական իններորդ համաժողովը, որին մասնակցում էին մասնակցել է Հայաստանից, Սփյուռքից և Արցախից 100-ից ավելի լրագրող, որոնցից 40-ը գլխավոր խմբագիր: Քննարկվել է 7 թեմա, ելույթ է ունեցել 30 մասնակից, հարակից ելույթներով և առաջարկներով հանդես է եկել 50-ից ավելի լրագրող:

Այս ամենամյա համաժողովը առիթ է հանդիսանում հայ լրագրողներին արտահայտելու իրենց տեսակետները և ներկայացնելու մամուլի խնդիրները՝ փորձելով լուծումներ առաջարկել: Մասնակիցները քննարկեցին հայկական մամուլի խնդիրները՝ սփյուռքի տպագիր մամուլի խնդիրները, Հայաստանում մամուլի ազատության խնդիրները, պետություն-մամուլ կապը, ընդդիմադիր մամուլի խնդիրները և տեղեկատվության հասանելիության խնդիրները և շատ այլ հարցեր:

17.am-ի թղթակիցները լուսաբանում էին համաժողովի աշխատանքները, ծանոթանում հայկական մամուլի դաշտին, լսում նրանց խնդիրների մասին:

Ցավոք, մեր ջանքերը՝ կապեր հաստատելու սփյուռքում գործող պատանեկան երիտասարդական լրատվամիջոցների հետ, ապարդյուն անցան: Նման լրատվամիջոցներ պարզապես չկային:

Հուսանք հաջորդ համաժողովը կքննարկի նաև պատանեկան, երիտասարդական մամուլի հիմնախնդիրները ևս:

Նորից ամառն ու «Տոնացույցս»

Երկար ընդմիջումից, դասերից ու քննություններից հետո վերջապես նորից ամառ։

Չեմ պատկերացնում, թե ինչպես էի անցկացնելու դպրոցական վերջին տարիներս, եթե խորհրդանշական մարտի 3-ից հետո իմ կյանք չմտներ «Տոնացույցը»։ Այո՛, այդ ես չեմ մտել «Տոնացույց», այլ «Տոնացույցն» իմ կյանք, որովհետև այն ինձ համար ոչ միայն մշակութային կենտրոն է, այլ նաև ուղեկից կյանքում և կամ՝ դպրոց կյանքի։

Հավանաբար հիա մտածում ես, թե ինչ է «Տոնացույցը»: Փորձեմ մի երկու խոսքով ներկայացնել:

Ազգային տոների և ավանդույթների պահպանման ներկայացման և փոխակերպման նպատակով 1998 թվականին էթնո-երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի կողմից հիմնվեց «Տոնացույց» կազմակերպությունը, որտեղ գործում է ազգագրական խմբերի էթնոդպրոց և ավանդույթ ակումբը։

2014 թվականից կազմակերպությունը տեղափոխվեց Բյուրական։ Գյուղի բնական միջավայրում, մոտ 200 տարվա պատմություն ունեցող տանը հիմնվեց կենտրոնը։ Այստեղ գործունեությանը ավելացան տոների թանգարանը և հյուրատունը։ «Տոնացույցը» իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնցից են` ժողովրդական տոների և միջազգային փառատոների կազմակերպում, ինչպես նաև կրթամշակութային ծրագրերի իրականացում։

Հատկապես հետաքրքիր ծրագրերն ու համերգները մեզ մոտ շատ են ամռանը:

Այնտեղ ես ոչ միայն ծանոթացա հայկական մշակույթի, երգ ու պարի հետ, այլև սովորեցի շփվել մարդկանց հետ ու լինել անկաշկանդ (դե, որովհետև մեկ օրվա մեջ հանդիպում ու շփվում էի տասնյակծանոթ ու անծանոթ մարդկանց հետ)։

Մի խոսքով, այսքան ասածիցս երևի արդեն զգացվում է, որ «Տոնացույցի» դերն իմ կյանքում շա՜տ մեծ է։

Այսօրվա «Տոնացույց» գնալս նման էր ինչ որ հեռու տեղից հայրական տուն վերադառնալուն։ Գրկախառնությունների ջերմ պահից հետո անցնում ենք մեր մշտական գրաֆիկին։

-Մի քիչ զրուցենք մինչև սկսելը:

- Մի հատ ծրագրի վրայով նորից անցնենք:

-Երգերը հիշո՞ւմ եք:

-Նվարդ ջան, ծրագիրը գրի:

-Հա, երեխեք, էսօր երկու համերգ ունենք, ու երկրորդը մտածեցի բարեգործական անենք, որովհետև հյուրերը ազատամարտիկների երեխաներ են:

Բարեգործական համերգի միտքն ինձ շատ դուր եկավ, ու ես բնականաբար համաձայնեցի, բայց մինչ քննարկում էինք, ժամանակն անցավ չափազանց արագ։

-Վայ, երեխեք, արդեն ժամը 12-ն է, գնացինք հագնվելու։

Ու հենց այսպես խառնված էլ ազդարարում եմ իմ ջերմ, սիրառատ ու համերգաշատ ամառվա սկիզբը:

Համեցեք Բյուրական:

Հունիսի 1-ը Վանաձորում

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Լուսանկարը՝ Աննա Մելիքյանի

Վանաձորյան առավոտն սկսվեց  տոնական տրամադրությամբ՝ փոքրիկների  մի ձեռքին  փուչիկներ էին, իսկ մյուսին՝  քաղցր բամբակ: Առաջին միջոցառումը Վանաձորի կերպարվեստի թանգարանի դիմաց էր, որտեղ պարային համարներով հանդես եկան տարբեր պարային խմբեր:  Այնուհետև տոնը շարունակվեց Շառլ Ազնավուրի անվան  մշակույթի պալատում, որտեղ տոնական համերգ էր, ինչպես նաև Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական  թատրոնում: Այստեղ այցելած  փոքրիկները դիտեցին «Մոխրոտը» հեքիաթ-ներկայացումը:

Դե ինչ, մեծահասակներն արեցին ամեն ինչ, մեր օրը իսկական տոն դարձնելու համար, և դա նրանց հաջողվեց:

Լուսանկարը՝ Արփի Վերանյանի

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

iza Astsatryan

Թողե՛ք մանուկ մնամ…

Հունիսի մեկ, օր, որը լիովին կարող է փոխել քեզ, և կապ չունի, թե դու 3, 5, թե 16 տարեկան ես:

Հունիսի մեկին, առավոտյան արթնանում ես թե չէ, անկախ քո ցրվածությունից, կամ չգիտեմ, քո ցածր կամ բարձր տրամադրությունից, միանգամից հիշում ես այն, հիշում ես, որովհետև դա հենց քո տոնն է, հիշում ես, որովհետև կգա ժամանակ, և դու այլևս հնարավորություն չես ունենա այն նշելու, նշելու որպես քո տոն:

Եղել են տարիներ, որ հունիսի մեկը ուրիշ վայրում եմ նշել, իմ Հալիձորից հեռու, բայց գրեթե մեծ մասը, հենց Հալիձորում եմ անցկացրել, որովհետև մեկ այլ ուրախություն է տեսնել հենց քո բնակավայրի երեխաների ոգևորությունը, նրանց պատրաստակամությունը, նրանց աչքերի փայլը:

Գիտեք, մեկ այլ երջանկություն է, երբ հենց դու ես նրանց ոգևորության պատճառը, երբ դու ես մի քանի օր առաջ ընկերներիդ և կազմակերպչիդ հետ հավաքվել, մտածել, թե այս տարի ինչ հետաքրքիր բան կարելի է անել, հանուն մեր երեխաների, հանուն նրանց երջանկության և աչքերի փայլի:

Ըստ երեխաների մասին ՀՀ օրենքի՝ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Հոդվածը կարդալուց հետո սիրտս ճմլվում է, որովհետև ինչպես մնացած տարիներին, այս տարի ևս կնշեմ հունիսի մեկը, բայց վերջին անգամ: Ասեմ, որ մեծ ուրախությամբ և անմոռանալի եմ որոշել նշել: Եվ այո, անմոռանալին կլինի այն, որ այս տարի ավելի շատ ժպտացող դեմքեր կտեսնեմ:

Ինչքան էլ ասեմ, որ ուզում եմ հետ բերել մանկությունս, մեկ է, դա ինձ մոտ չի հաջողվի, չնայած իմ հրաշքներին հավատալու հանգամանքին:

Գիտե՞ք, ես ուզում եմ դպրոցն ավարտել, բայց չեմ կարծում, որ այն եզակի մարդկանցից եմ, որ շտապում է դպրոցն ավարտել, սակայն չի ուզում մեծանալ, ուզում է մանուկ մնալ:

Գիտեմ, դպրոցից դուրս, ինձ ավելի դժվար փորձություններ են սպասում, բայց…

Լավ, փորձեմ ձեզ հետ կիսվել: Գիտե՞ք , մեկ-մեկ ինձ ճնշված եմ զգում, այո, ճնշված եմ զգում, որովհետև չեմ կարող տեղավորվել մայրիկիս գրում… Չէ, իրականում կատակում եմ, բախտն ինձ ժպտացել է, իմ փոքրամարմին լինելն ինձ ահագին օգնում է:

Մի բան ևս հավելեմ, ես ինձ այնքան վատ եմ զգում, երբ որևէ խելառ բան եմ ուզում անել, բայց ինձ ասում են, որ ես արդեն փոքր չեմ և մեջբերում.

-Մեծ մարդ ես:

Այո, այս արտահայտությունը կարող ես լսել և՛ տանը, և՛ դպրոցում, և՛ ընկերական շրջապատում:

Ընկերներիցս մեկը՝ Դավիթը, լավ խոսք ունի, ասում է.

-Որ ինձ ասում եք մեծ մարդ, ես ինձ 98 տարեկան եմ զգում:

Իրականում միայն Դավիթը չէ այդպես կարծում, նաև ես, Գոհարը և մնացած ընկերներս:

Մեր ժամանակ մանկապարտեզը փակ էր, չգիտեմ վերանորոգում էին, թե ինչ, բայց մեր դասարանից ոչ մեկս մանկապարտեզ չգնացինք, բայց դա հոգ չէր, մենք հաճախ են հավաքում, կարուսել նստում, պաղպաղակ ուտում, երգում, պարում. լրացնելով մանկապարտեզի բացը:

Սիրելի երեխաներ, շնորհավոր բոլորիս հունիսի մեկը, վայելեք այն, որովհետև կգա ժամանակ և այդ հնարավորությունը չեք ունենա։ Վայելեք, որովհետև մանկությունը, մեր ամենա-ամենա գունավոր էջերն ունի, և կապ չունի, դու ծնվել ես 1990-ականներին, թե 2018 թվականին: Մի շտապեք մեծանալ, որովհետև մեծանալը մեր ապագան է, իսկ փոքր լինելը՝ անցյալն է, որը հետ չես կարող բերել:

Ani asryan

Մեր մանկությունը

Մանկությունն այն է, երբ լողանում էին՝ կրակի վրա ջուր տաքացնելով, սև ու սպիտակ մուլտֆիլմեր նայելով, քնելիս գորգի զարդանախշերը հաշվելով: Սա է այն մանկության բաղադրատոմսը, որը երբեք հնարավոր չէ մոռանալ: Այն իր մեջ է ընդգրկում դրախտի բոլոր բաղադրիչները:

Հաճախ է պատահում, որ ինչ-որ խնդրի հանդիպելիս ուզում եմ մանուկ դառնալ: Հետ գնալ, ապրել աշխարհից ոչինչ չհասկանալով, խաղալ տիկնիկով ու միայն լացել, երբ այն խլեն ինձնից: Հաճախ պատմում են, որ այդքան էլ խելոք փոքրիկ չեմ եղել: Մի անգամ մայրս պատմեց.

-Երբ տուն հյուր էր գալիս, գնում էիր սենյակ, բարձը դնում գլխիդ, տիկնիկիդ գրկում ու քնում: Իսկ լացելիս ձայնդ չէիր խնայում: Շատ էիր ուտում, իսկ սոված ժամանակ մեր կյանքն էիր ուտում:

Տատս պատմում է, որ ավելի շատ ինքն է ինձ պահել, լողացրել է, մազերս հյուսել: Ասում է, որ ինձ դեռ մանկուց շատ է սիրել՝ իր աղջկա պես, և հիմա էլ ես նրա աղջիկն եմ:

Մանուկ ժամանակ մի փոքրիկ տիկնիկ ունեի, շատ էի սիրում այդ խաղալիքը: Մազերը հարդարում էի, լողացնում: Այնքան հետաքրքիր էր, երբ լողացնում էի, մտածում էի, որ եթե աչքերի մեջ օճառ լցվի, տիկնիկը կլացի:

Հիմա մարդիկ շատ են ասում, որ փոքր եմ: Նրանք, ովքեր մանկությունը շատ են սիրում, երևի մանուկ են լինում նույնիսկ երիտասարդ տարիքում: Շատ է պատահում, երբ երիտասարդները, իրենց մեծ համարելով, փորձում են իշխել փոքրերին, կամ այլ կերպ են վերաբերվում այն երիտասարդներին, ովքեր սիրում են խաղալ փոքրերի հետ: Ես ավելի շատ սիրում եմ խաղալ ու շփվել փոքր երեխաների հետ, քան հասակակիցների: Նրանց հետ շփվելով՝ տեսնում եմ ինձ, ապրում նոր մանկություն նոր գույներով:

Հիմա նայում եմ երեխաների զգեստներին ու հիշում մեր վարդագույն տաբատները, կապույտ գուլպաներն ու երիցուկով մազակալները: Իմ մանկության ժամանակ քնում էինք անկողնու մոտ կախած գորգին նայելով, իսկ հիմա փոքրիկները կամ երգ լսելով են քնում, կամ հեռախոսով այնքան են խաղում մինչև քունը տանի։ Չեմ կարող ասել, որ իրենց մանկությունը հետաքրքիր չէ, երևի դա էլ իր յուրահատկությունն ունի, բայց մերն ուրիշ էր: Մենք վազվզել ենք, ընկել, խաղացել, լացել, ուրախացել: Աղքատիկ մանկություն էր, բայց և այնքան ջերմություն կար այդ ամենի մեջ: Հիշում եմ, երբ մանկապարտեզ էինք գնում, մայրիկը գունավոր էր հագցնում, ոչ մի զգեստ համապատասխան չէր, համադրում չկար: Հիմա հագնում ենք այն, ինչը նորաձև է, իսկ այն ժամանակ՝ այն, ինչ ունեինք: Երբ հավաքվում ենք ընկերներով, հիշում ենք տարօրինակ կրունկներով կոշիկները, մեր մշտական պոչիկ արած մազերը:

Ամեն մանրուք հիշելիս ասես փորձում ենք փշուր-փշուր հավաքել ու իմի բերել մեր մանկությունը, որ երբեք չմոռացվի:

seda mkhitaryan

«Միակ ուսուցիչը, որ երբեք վերջին զանգ չի ունենում` գիրքն է». Սամվել Խալաթյան

Գրող, երգիծաբան-դրամատուրգ Սամվել Խալաթյանի հետ ունեցանք հարցազրույց` գրողին բացահայտելու և նրա կերպարին ծանոթանալու համար։

-Պարո՛ն Խալաթյան, որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք գրական գործունեությամբ։
-Առաջին մանկական ոտանավորս գրել եմ 55 տարի առաջ։ Գրեցի, տարա «Կայծ» թերթի խմբագրություն` չտպեցին (այն ժամանակ քաղաքային թերթ կար` «Կայծ»)։ Գրել էի այսպես.

«Ես պիտի տեսնեմ Անին ծաղկած,
Մասիսը կանգնած` ժպիտ դեմքին,
Պիտի շրջեմ Ղարս, Էրզրում,
Մինչև Վան պիտի գնամ,
Ու իմ Վանի պարզ ջրերին
Զով Սևանիս բարևը տամ»։

Բայց չտպեցին, ասացին` շատ ես Շիրազի նման գրում։
Փոքր ժամանակ ես շատ եմ սիրել Շիրազ։ Անգիր էի արել նրա այն ժամանակ արգելված բանաստեղծությունը` «Ղարաբաղը»։  Դպրոցում, որ արտասանեցի, ինձ նկատողություն տվեցին։

-Ինչպե՞ս կնկարագրեք Ձեր մանկությունը։
-Դա շատ տխուր հարց է, որովհետև ես ծնվել եմ աքսորավայրում` Ալթայի երկրամասի Տիագուն գյուղում։ Իմ գիտակցական կյանքն այնտեղից է սկսվում։ Դե, Սիբիրում ի՞նչ պիտի լիներ. շատ վատ էր, սով։ Իհարկե, վերջին տարիներին արդեն այդպես չէր։ Սիբիրից կտորներ եմ հիշում. 3-4 տարեկան էի։ Ու արդեն հիշում եմ Կիրովականը, ուր արդարացվեցինք և վերադարձանք։ Մանկությանս հիմնական գիտակցական մասը` տպավորիչ մասը, անցել է Կիրովականի Սպանդարյան փողոցում։ Այն ժամանակ կոչվում էր Էվակոբազար։ Այդպես էր կոչվում, որովհետև 1946-47 թվականներին, երբ հայրենադարձության նոր ալիք սկսվեց, գերմանացի ռազմագերիների ուժերով բարաքներ կառուցվեցին։ Միհարկանի բարաքներ էին, յուրաքանչյուր բարաքում՝ 10 սենյակ։  Հայրենադարձներին բերում էին և ուղղակի մի կերպ տեղավորում էին այդտեղ։ Աղքատ թաղամաս էր։ Հետագայում պետական վարկով տներ կառուցեցին։ Ահա այդ էվակուատոր բազար թաղամասը փոքրիկ Հայաստան էր. գյումրեցի կար, ղարսեցի կար, սիրիացի կար, ֆրանսիացի կար, լոռեցի կար` գյուղերից եկել էին, ռուսներ կային, զինվորականներ կային, որ ապրում էին։ Ամեն բարբառ կարելի էր լսել, շատ կոլորիտով թաղամաս էր։ Այդտեղ ես ապրել եմ հինգ տարեկանից մինչև տասնմեկ տարեկանս: Դա գիտակցական ամենահրաշալի տարիքն էր, որ ես ապրեցի  այնտեղ։ Հետագայում էլ իմ ստեղծագործությունների մեջ ես անդրադարձա էվակոատոր բազարին։ Կերպարները` այդ հյութեղ, հրաշալի մարդկանց, այդ աղքատ հպարտների, ոգևորվածների, որոնք բոլորը հավատում էին կոմունիզմի գալուն, սոցիալիզմի հաղթանակին և այլն, իմ մեջ շատ տպավորվեցին։ Իմ մանկությունը այդպես է անցել։

 

-Ո՞րն է եղել Ձեր հրապարակած առաջին ստեղծագործությունը։
  -1967 թվականին, ես 17 տարեկան էի, բանաստեղծություններ էի գրում: Այն ժամանակ ես արձակագիր չէի։ Հիմա էլ եմ գրում, բայց ես ինձ բանաստեղծ չեմ համարում, ես արձակագիր եմ, դրամատուրգ-երգիծաբան եմ։ Սկսել էի խմբագրությունների դռները ծեծել։ Բանաստեղծ Սերո Անտոնյան կար, գրական խումբ ուներ, որին ես մասնակցում էի, նա իմ բանաստեղծությունները նայեց և խորհուրդ տվեց տանել «Կայծ» թերթ, ահա այդտեղ տպագրվեց իմ երեք բանաստեղծություն։ Ինձ թվում էր, թե ամբողջ աշխարհում կարդում են գրածներս` Ամերիկայում են կարդում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում։ Իմ առաջին տպագրված գործը դա եղավ։ Հետագայում  շատ տպագրեցի տարբեր թերթերում, բայց դա ամենաանմոռացն էր։ «Պիոներ կանչ»-ում  հետո սկսեցի տպագրվել` փոքրիկ պատմվածքներով, երգիծանքներով և այլն։

-Ո՞րն է Ձեր հրապարակած առաջին գիրքը։

-Առաջին գիրքս մի քիչ ուշ տպագրվեց, որովհետև այն ժամանակ գիրք տպագրելը շատ դժվար էր։ Ովքեր արդեն պատրաստի ժողովածու ունեին, նախ պետք է քննարկվեր, Կիրովականի գրողների հավանությանն արժանանար, հետո` ուղարկեին Երևան, Երևանում էլ հավանություն տային, նոր ուղարկեին հրատարակչություն։ Հրատարակչությունում երեք հոգի պետք է գրախոսություն գրեին և հետո` հրատարակեին։ Ուրեմն` իմ առաջին գիրքը ալմանախային է եղել։ Երևի 70-ականների վերջերն էր, համարյա 30 տարեկան էի։ Ես ներկայացրել էի երգիծական պատմվածքների ժողովածու և «Մարդը Լադ մոլորակից» երգիծական վիպակը։ Չնայած այն բանին, որ գրախոսվել էի դրական, մեկ էլ հանկարծ իմանում եմ, որ տպագրվել է երգիծական ալմանախ` տարբեր երգիծաբաններից։ Այդ իմ գրքից տպագրեցին այդ ալմանախում։ Հետո երկրորդ ալմանախում էլի տպագրեցին։ Այսինքն, իմ գիրքը մասնատելով տպագրեցին։  Երգիծավեպը չտպագրվեց. ցենզուրան արգելեց։ Տարիներ անց տպագրվեց իմ «Փոքր քաղաքի մեծերը» վիպակը, որտեղ «Մարդը Լադ մոլորակիցը» խմբագրված և իր շարունակությամբ տեղ գտավ։ Վանաձորի մասին այդ գործով ես փորձեցի շարունակել այն ավանդույթը, որ սկսել էր Հակոբ Պարոնյանը` «Ազգային ջոջերով», Բակունցը` «Կյորեսով», Չարենցը` «Երկիր Նաիրիով»։ Ուզեցա, որ նրանց շարքում լինի, ոչ հեղինակների, այլ` ստեղծագործությունների։ Այդ գիրքը լույս տեսնելուն պես` հենց երրորդ օրը ստացա Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակը, որի համար ես անչափ ուրախ եմ, որովհետև Մկրտիչ Սարգսյանը իմ հոգեհայրն էր։

-Ձեր ստեղծագործություններից ո՞րն եք ամենաշատը սիրում։
-Չեմ կարող ասել սիրելի, բոլորն էլ իմ զավակներն են։  Ո՞ր մատս կտրեմ, որ ցավ չտա։ Ես 37 գիրք եմ տպագրել։ Ինձ համար անչափ գնահատելի է «40 օր համբառնալուց առաջ» տրագիկոմեդիան, որը գրելուց հետո Հայաստանի 11 թատրոններում խաղացվեց։ Շատ եմ հավանում «Վերջին ծաղրածուն», որով ես 2004 թվականին Եվրոպայի լավագույն դրամատուրգների մեջ 6-ից մեկը համարվեցի։
«Սիմոն թագավորը» և էլի գործեր, որոնք ինձ հոգեհարազատ են։ Բոլորն էլ հոգեհարազատ են, բայց ամենաշատը, իհարկե, ես  «Վերջին ծաղրածուին» եմ տեղ տալիս, որովհետև արտահայտած գաղափարները շատ ավելի ինձ սրտամոտ են և շատ ավելի ընդհանրական են, հասարակական հնչեղություն ունեն։

-Ո՞վ է Ձեր ամենասիրելի գրողը։

-Նարեկացի, Թումանյան, Չարենց, Շեքսպիր, Պուշկին, Մկրտիչ Սարգսյան` բոլորը։ Բոլորը իմ ուսուցիչ-գրողներն են, որոնք իմ տառերը իմանալուց ի վեր դաս են տվել ինձ, և որոնց ընթերցել եմ և հիմա էլ ընթերցում եմ։ Միակ ուսուցիչը, որ երբեք վերջին զանգ չի ունենում` գիրքն է։

-Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենաուրախ օրը։
-Յուրաքանչյուր օր։ Աստծու տված յուրաքանչյուր օր։ Ես` ինչպես ամեն կարգին մարդ, կյանքում  երջանիկ պահեր շատ եմ ունեցել, բայց ասել ամենաերջանիկ օրը. ամեն օրն էլ երջանիկ է, որովհետև երջանիկ պահեր են պահում իրենց մեջ, մի լավ բան ես իմանում և իհարկե երջանկանում ես այդ պահի ազդեցությամբ։

-Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը։
-Դա շատ հետաքրքիր հարց է։ Դարերով ծեծված հարց է. ի՞նչ բան է երջանկությունը։ Երջանկությունը հարատև, երկարատև չի լինում։ Դա պահի զգացում է։ Այդ պահին, այդ ակնթարթին  սիրտդ ծաղկում է հանկարծ։ Ո՛չ նյութական ունեցվածքը, ո՛չ բարեհարմար կյանքը երջանկություն չեն։ Նույնիսկ իսկական սերը երջանիկ չէ։ Դա հաճելի տառապանք է։ Պատկերացնո՞ւմ ես սիրահարված մարդու ողբերգական վիճակը. անընդհատ կարոտում է՝ անընդհատ, սիրած մարդը կողքին էլ է լինում` կարոտում է։ Հիմա ի՞նչ ասենք, ասենք՝ երջանիկ չի՞։ Դա էլ էդ տեսակ երջանկություն է։

-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել վերցնել գրիչը և ստեղծագործել։
-Քո ժպիտը, էն ծաղիկը, փողոցով անցնող մի լավ երիտասարդ, կամ մի լավ երիտասարդուհի. ամեն ինչը։
Ինձ թվում է՝ կա լիցքավորման և լիցքաթափման շրջան` ստեղծագործելու համար։ Լիցքավորվում ես` մի բան գալիս է, սկսում ես գրել, կիսատ է մնում, ուզում ես շարունակես, արդեն դեն ես գցում։ Էդպես շատ-շատ է լինում։ Դրանից հետո գալիս է տեղատվության մի շրջան, որ արդեն պետք է նորից լիցքավորվես, նորից ազդակներ ստանաս։ Այդպես է. անընդհատ գրիչը պետք է ձեռքիդ լինի։

Մի անգամ Համո Սահյանը եկել էր Վանաձոր` 2-3 օրով։ Մենք երիտասարդներով աղաչեցինք, պաղատեցինք. «Մի քիչ երկար մնա»։ Տանում էինք, հյուրասիրում էինք, խմացնում էինք, որ չգնա։ Էսպես մի յոթ օր պահեցինք։ Մի օր ասաց. «Տղե՛րք յոթ օր է արդեն էստեղ եմ, գնամ տուն, հիմի իմ գրիչն էլ է ինձանից խռովել, գրասեղանս էլ»։ Էնքան գեղեցիկ ասեց։ Էն ժամանակվա գրողները իմաստուն էին. իմ նման թավաքյալի չէին։ Կարգին նստած տղերք էին։ Ու հիմա ո՞նց ասեմ. միշտ էլ պետք է գրիչդ ձեռքիդ լինի. մտքիդ գրիչը, հոգուդ գրիչը, սրտիդ գրիչը. մտքում էլ պետք է գրես, մի թղթի կտորի վրա գրես, դնես գրպանդ:

-Գրող, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ. ի՞նչ կավելացնեք։

-Նաև` ամուսին, հայր, պապիկ. ես ի՞նչ գիտեմ, մնացածն էլ դու ավելացրու։

sveta davtyan

Իմ և իմ ընտանիքի անունից

Սիրելի վարչապետ իմ և իմ ընտանիքի անունից գրում եմ Ձեզ այս նամակը: Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, այնուամենայնիվ անբացատրելի և անթաքույց է մեր հուզմունքը, մեր սպասումները, մեր ակնկալիքները, որ կապված են այս հեղափոխության հետ, այս չտեսնված, մինչև հիմա չկրկնված, բոլոր տեղյակ ազգերի մարդկանց հիացմունքին արժանացած, մեր փոքր ազգի համազգային հեղափոխությունը, որի առաջնորդն եք Դուք, քանի որ այդպես ուզեց մեր ողջ ազգը:

Այժմ դուք ստանձնում եք մի դեր, որ, իհարկե, հասկանում ենք, որ ծայրագույնս դժվար է լինելու. այնքան շատ են առաջացած խնդիրները, բացթողումները, չարի արմատները, որոնք լուծելու համար մեծ ջանքեր, եռանդ կպահանջի Ձեզանից, իսկ մեզանից համբերություն, մինչև գարնանային այս սիրո հեղափոխությունը տա իր պտուղները:

Երբ արդեն կենտրոնանաք Ձեր աշխատանքի վրա, նախ խնդրում եմ, հանկարծ չփոխվեք, կմնաք այսպիսին՝ պարզ, հասարակ, ժողովրդի հետ, ժողովրդի մեջ: Դուրս եկեք փողոց ու պարզ ճակատով շրջեք, քայլեք ու զրուցեք, դիտողություն արեք և խրատներ ընդունեք, քանզի դուք էլ նրանց ծոցից եք դուրս եկել ու տեղյակ եք ժողովրդի հոգսից ու ցավոտ կողմերից: Ուշադիր եղեք խնդրում եմ առողջապահության խնդիրներին, որ անապահով մարդը, իրոք, կարողանա անվճար բուժվել և բարեհամբույր վերաբերմունքի արժանանալ: Չնայած որ միջոցները չեն ների, խնդրում եմ ուշադիր եղեք, որ վարձի չմուծման պատճառով ուսանողը թևաթափ չլինի, որպեսզի ծնողը իրեն նսեմացած չզգա, արդարադատությունը թող լինի ամենուր և ամենքի համար հավասար, որպեսզի անարդարության զոհեր չլինեն:

Շատ բան չեմ ցանկանում, միայն ուզում եմ, որ ոգևորությունը, այս զրնգուն տրամադրությունը Ձեզ տանի ի գործ, միայն թե Դուք ուժեղ եղեք, անկոտրում կամքը էլ ավելի զորացրեք, քանի որ մի ողջ ազգի կոտրված թևերի դարմանն եք դարձել:

Ես գիտեմ, Դուք կախարդական փայտիկ չունեք, կամ հրաշագործ չեք, որ իսպառ վերացնեք չարն ու ատելությունը մարդկանց սրտերից, բայց Ձեր ժողովուրդը, Ձեր հպարտ ու այլևս անկոտրում քաղաքացին անվերապահորեն վստահում ե Ձեզ, սիրում է Ձեզ, քանի որ Ձեր խոսքը դարձավ գործ, իսկ գործը տվեց իր բաղձալի պտուղները:

Ես հասկանում եմ, որ ոմանց համար այս հեղափոխությամբ ինչ- որ պարտություն ազդարարվեց, բայց համոզված եմ, որ դրանից միայն երկիրս կծաղկի, զինվորն ավելի վստահ կգնա ծառայելու, բժիշկը ավելի սրտացավ կաշխատի, մանկավարժը ավելի ջանասիրաբար, ուսանողը՝ գիտելիքի ծարավով, թևավորված ապագայի տեսիլներով, երեխան կունենա ապահով և անհոգ մանկություն, իսկ թոշակառուն՝ ապահով ծերություն:

Ուզում եմ ակնկալել, որ Ձեր ու մեր բոլոր երկիրը լքած քույրերն ու եղբայրները մի օր տուն կդառնան, իմանալով, թե հիմա մենք ինչպիսի մարդասիրական երկրում ենք ապրում, ինչպիսի օրինապահ ենք դարձել, ինչպիսի հզոր երկրում ենք ապրում, քանի որ ազգովին լուծելու դեռ էլի խնդիրներ ունենք:

Ես և իմ ընտանիքը հասկանում է Ձեր առջև խոյացած բոլոր դժվարությունները, բայց հավատում է Ձեզ: Դուք եք տվել այդ հույսը և  ակնկալիքները: Գիտենք, հեշտ չի լինելու իրականացնելը, բայց Ձեր թիմով փորձեք քայլ առ քայլ իրագործել մեր երազած Հայաստանի սրբագործված ապագան:

Ի՞նչ է լինելու մեզ հետ

Ես Բեգլարյան Դիանան եմ, 13 տարեկան, Իջևան քաղաքից։ Խնամվում եմ Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, սովորում եմ Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցում։ Փոխադրվել եմ 9-րդ դասարան։

Դիլիջանի հեքիաթային բնության մի անկյունում 1961թ. իր դռները բացեց N19 առողջարանային գիշերօթիկ դպրոցը: Կարճ ժամանակում այն դարձավ Հայաստանի ճանաչված գիշերօթիկներց մեկը: Այստեղ իրենց կրթությունն ու բուժումն են ստացել հանրապետության տարբեր մարզերի բազմաթիվ երեխաներ: Հետագայում գիշերօթիկ դպրոցը դարձավ հատուկ դպրոց, այնուհետև  2007 թվականից՝ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:
Ես այս հաստատություն եմ ընդունվել 3 տարեկանից։ Որոշ պայմաններից ելնելով՝  մայրս բացակայում էր, ուստի ես և մեծ քույրս հայտնվեցինք այստեղ։ Առաջին իսկ օրվանից մենք շրջապատվեցինք ջերմությամբ և հոգատարությամբ։ Ողջ անձնակազմը փոխարինեց իմ ընտանիքին և բարեկամներին։ Այստեղ ես խնամվում եմ մինչև օրս։ Հիմա մայրիկիս հետ մեր կապը ամուր է, արձակուրդներին տոնական օրերին ես գտնվում եմ մորս մոտ, ինքն էլ է այցելում հաստատություն։ Սակայն նա իր ստացած ցածր աշխատավարձով չի կարող ինձ վերադարձնել ընտանիք։ Ես երազում եմ սովորել Դիլիջանի պետական քոլեջում։

Օրերս Իջևանի սոցիալական ծառայության աշխատակիցները մայրիկիս զգուշացրել են, որ մեր հաստատությունը սեպտեմբերից այլևս չի գործելու, և առաջարկել են, որ ինձ տանեն խնամատար ընտանիք։ Բայց մեզ համար դա բացառվում է։ Ես շատ եմ սիրում այս հաստատությունը: Ավելի լավ է շատ խղճուկ ու աղքատ պայմաններում ապրեմ մորս հետ, եթե այն փակվի, քան ուրիշի ընտանիքում։ Մեր հաստատությունում խնամվում են մոտ 100 երեխա տարբեր մարզերից։ Նրանցից շատերը շատ ավելի վատ պայմաններում են ապրում՝  խիստ անապահով են, ծնողազուրկ, անտուն․․․
Մի՞թե մեր ճակատագիրն այսպես էլ ոչ մեկին չի անհանգստացնում, հաստատությունը կփակվի, և մենք կհայտնվենք փողոցում։ Շատերը կրթությունից դուրս կմնան։
Ես և հաստատության սաները մեծ հույսեր ենք կազմում նորանշանակ նախարար տիկին Մանե Թանդիլյանի հետ և խնդրում ենք  վերանայել նախորդ որոշումը։