Ազատ տարածք խորագրի արխիվներ

Hripsime Vardanyan

Ես արեցի դա

Արդեն բավականին ժամանակ է, ինչ չեմ գրել: Անսովոր զգացում էր կուտակվել ներսումս: Անընդհատ ինձ թվում էր, թե տնային ինչ որ հանձնարարություն չեմ կատարել: Եվ այսօր հավաքվեցի և որոշեցի մի փոքր կիսվել իմ առօրյա անցուդարձով:

Հերթական խոսակցություններից մեկի ժամանակ, ինչպես միշտ, շոշափվեց իմ մասնագիտության ընտրության հարցը (ընթերցողներից ոչ մեկին չեմ ցանկանա այդ պահին տեսնել իմ դեմքի արտահայտությունը): Բայց այս անգամ որոշեցի՝ նստում եմ համակարգչի դիմաց, բացում արդեն հարազատ դարձած atc-ին, ընտրում մասնագիտություն և երբ վեր կենամ համակարգչի դիմացից, ես ընտրած կլինեմ մասնագիտությունս:

Դե ինչ, փորձը փորձանք չէ: Նստում եմ համակարգչի դիմաց, միացնում իմ սիրելի երգը, բացում կայքը, որով պետք է նայեմ ֆակուլտետները և սուզվում մտածմունքների մեջ: Սա չէ, սա չէ, սա էլ չէ: Բայց այս անգամ կանգ առա մեկ, այլ ոչ թե մի քանիսի վրա, ինչը շատ զարմանալի էր: Չգիտեմ, տեսա ինձ այս մասնագիտության մեջ, թե արդեն հոգնել էի այդքան փնտրտուքներից, բայց ես արեցի դա: Ես արեցի դա:

Երբ ինձ հարցնում են, թե ինչ եմ ուզում դառնալ, ես պատասխանում եմ, որ դեռ չեմ կողմնորոշվել: Հետո հարցնում են` ի՞նչ եմ սիրում, ո՞ր ոլորտում եմ ինձ տեսնում:

Որքան էլ զարմանալի լինի, ես սիրում եմ խոսել, շփվել տարբեր մարդկանց հետ: Արդեն մի քանի տարի է, հետաքրքրված էի էքսկուրսավարի մասնագիտությամբ: Բայց քանի որ կային նաև շատ այլ տարբերակներ, սրանք միշտ հետին պլան էին մղվում: Միշտ ցանկացել եմ օտար լեզուներ ուսումնասիրել, և այսօր ես կայացրեցի որոշում, որը հուսով եմ փոփոխությունների չի ենթարկվի:

Ես որոշեցի միացնել ցանկություններս ու պատկերացումներս և դառնալ լեզվաբան: Հույս ունեմ, կհասնեմ նպատակիս և լավ մասնագետ կդառնամ:

«Նաիրյան արկածներ» Արզականում. կադրի հետևում

Վերջերս իսկական «Նաիրյան արկածներ» տեղի ունեցավ Արզականում` պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանի  և Գարիկ Աբելյանի, Գագիկ Եդիգարյանի աշխատանքի շնորհիվ, Կատյա Թովմասյանի  ու Նունե Ենգուլյանի գլխավորությամբ,   նաև հայտնի լուսանկարիչ` Էդգար Հարությունյանի, ում հետ անձամբ ծանոթացա: Բնականաբար, նրա գործը լուսանկարելն էր…

Նաև մոռացա, չէ՛, ինչ մոռանալ, ուղղակի ամաչեցի ասել նրան, որ 17.am-ի հարցաթերթիկը լրացնելու ժամանակ, որպես ճանաչված լուսանկարիչ, ես հենց իր՝ Էդգար Հարությունյանի անունն էի գրել, բայց ով կմտածեր, որ ես այդ մարդու հետ անձամբ կծանոթանամ… Ա՜յ քեզ բան…

Սկսեմ այնտեղից, որ հայրիկիս հեռախոսին զանգ եկավ: Նրան զանգում էին «Կանալ Փրոդաքշնից»… Հայրիկիս ընկերն էր նրանց համարը փոխանցել և պատմել էր, որ 17.am-ի թիմն էլ է Դարբին Արտակի մասին ֆիլմ նկարահանել: Եվ այսպես, նրանք ասացին, որ պետք է գան մեր գյուղ՝ Արզական, և նկարահանումներ անեն, նկարահանումների մեջ մտնում էր մեր դարբնոցը: Բայց այս անգամ բացառություն եղավ. ոչ թե հայրիկիս էին նկարում, այլ մեր դարբնոցը` Կատյայի և Նունեի մասնակցությամբ: Շատ հաճելի էր՝ գտնվելով կադրի հետևում, հետևել նրանց աշխատանքին, երևի շատ քչերին կարող է այդպիսի բախտ վիճակվել:

 

Արզականում նկարահանումներ էին անցկացրել եկեղեցիներում և գյուղի այլ տարբեր վայրերում:

Իսկ հիմա, ես անհամբեր սպասում եմ «Նաիրյան արկածների» եթեր գնալուն…

 

jora petrosyan

Հրաշք քիմիան

Վստահ եմ,  աշակերտներից շատերը չեն սիրում քիմիա առարկան։ Քիմայի դասաժամը դիմավորում են հետևյալ բառերով.

-Յախք, էլի քիմիա։
Ինչ մեղքս թաքցնեմ,  ես էլ առաջ չէի սիրում  քիմիան:  Ես էլ էի ասում այդ արտահայտությունը, բայց ամեն ինչ փոխվեց,  երբ սկսեցի ուսումնասիրել այդ առարկան։ Պարապող ուսուցչուհուս,  ինչու չէ, նաև իմ ջանասիրության ու աշխատասիրության շնորհիվ,  սկսեցի ավելի հեշտ ընկալել այդ առարկան։  Հիմա ընդամենը մի բան կարող եմ ասել քիմիա առարկայի վերաբերյալ.
-Ա՜յ, գիտություն։
Քիմիա առարկան շատ աշակերտների մոտ ասոցացվում է «գմփալու» հետ։ Դրա մեջ, անշուշտ, ճշմարտության չնչին քանակ կա։ Քիմիան՝ քիմիական փորձերը, իհարկե, ուղեկցվում են «գմփոցներով»,  բայց առաջացնելով ոչ թե վնաս, այլ հրաշագեղ մի բան (իհարկե, եթե ամեն բան ճիշտ անենք):
Էլ ի՞նչ քիմիա  առանց քիմիական փորձերի։ Որպեսզի քիմիան ատող աշակերտներին համոզեմ, որ քիմիան դա ուղղակի առարկա չէ՝ անիմաստ ու անհասկանալի խնդիրներով ողողված, այլ մեկ ուրիշ բան,  մեկ ուրիշ աշխարհ,  մեկ ուրիշ հրաշք,  որոշեցի կատարել քիմիական փորձեր ու դրանք վիդեո տարբերակով ներբեռնել YouTube: Դա կատարելու համար ինձ օգնեցին ո՛չ միայն քիմիայից ստացած իմ գիտելիքները,  այլև «Մանանա» կենտրոնի  կողմից տրված ֆիլմի նկարահանման և մոնտաժի հմտությունները։ Դե ինչ, միասին սկսենք ուսումնասիրել քիմիան՝ քիմիական փորձերի միջոցով։
Եվ այսպես կարող եք դիտել.
Փորձ 1. Կալիումի պերմանգանատի և գլիցերինի փոխազդեցությունը.

Այստեղ ջուրը հանդես է գալիս որպես կատալիզատոր,  իսկ կատալիզատորները այն նյութերն են,  որոնք արագացնում են քիմիական ռեակցիայի ընթացքը,  բայց չեն մասնակցում այդ ռեակցիային։

Փորձ 2. Փարավոնի օձ.

Կալցիումի գլյուկոնատը հիմնականում օգտագործվում է օրգանիզմում կալցիումի պակասի համար։

Փորձ 3. Շաքարի ածխացում.

Ծծմբական թթուն իրենից շատ վտանգավոր նյութ է ներկայացնում։ Խիտ ծծմբական թթուն կարող է քայքայել մաշկը՝ առաջացնելով այրվածքներ,  հագուստը, փայտը,  թուղթը և այլն։ Նոսր թթուն  համեմատաբար ավելի «մեղմ»  է։ Թթուն նոսրացնելու համար հարկավոր է թթուն բարակ շիթով լցնել ջրի վրա,  հակառակ դեպքում այն «կեռա», վտանգավոր թթուն դուրս կցայտի և կվնասի արտաքին միջավայրում եղած ամեն մի իր:

«Անդոկ» ազգային պարերի խումբը

Հարցազրույց չարենցավանցիների կողմից արդեն շատ սիրված «Անդոկ» ազգային պարերի խմբի ղեկավար Հրայր Փարսադանյանի հետ: Հրայրը ընդամենը 17 տարեկան է, և այս տարիքում նա արդեն շատ հաջողությունների է հասել:

Լուսանկարը` Աբիռ Դավթյանի

Լուսանկարը` Աբիռ Դավթյանի

-Կներկայանա՞ք:

-Հրայր Փարսադանյան՝ «Անդոկ» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար: Սովորում եմ Պարարվեստի ուսումնարանում, նաև ուսումնասիրում եմ ժողովրդական  պարեր:

-Ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք պարով:

-Պարել սկսել եմ 6 տարեկանից, սակայն 10 տարեկանում թողել եմ պարը: Բայց հետագայում կրկին սկսեցի զբաղվել պարով, և արդեն 4 տարի է, ինչ պարում եմ:

-Ի՞նչը դրդեց խումբ ստեղծել և այն անվանել «Անդոկ»:

-Խումբը ստեղծել եմ, որպեսզի մեր երիտասարդությունը ճանաչի իր արմատները, իր ժողովրդի երգն ու պարը: Իսկ Անդոկը Արևմտյան Հայաստանում գտնվող լեռ է, որը շատ մեծ դեր է ունեցել հայերի կյանքում, քանի որ երբ սկսվել են Սասունի ջարդերը, հայերը երկար ժամանակ թաքնվել են Անդոկ լեռան անտառներում, և մի շարք հայեր, այնտեղ թաքնվելով, կարողացել են փրկվել:

-Որքա՞ն ժամանակ է, որ խումբը գործում է, և քանի՞ աշակերտ ունեք:

-Խումբը գործում է մեկ տարի: Արդեն ունենք սեփական տարածք, որը մեծ քայլ է առաջ գնալու համար, և ունենք 50-ից ավելի աշակերտ:

-Արդյոք կա՞ տարիքային սահմանափակում:

-Սեփական երկրի ազգային պարերը ճանաչելը տարիք չի հարցնում: Իհարկե, 6 տարեկան երեխան չի կարող պարել, բայց 8-90 տարեկան յուրաքանչյուր անձ կարող է գալ և ընդունվել մեր խումբ:

Լուսանկարը` Աբիռ Դավթյանի

Լուսանկարը` Աբիռ Դավթյանի

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում խմբի հետագա գործունեությունը բարելավելու համար:

-Խումբը արդեն հասցրել է ելույթ ունենալ մի շարք բեմերում: Քանի որ համերգները և մենահամերգները խմբի համար շատ կարևոր են, այժմ դրա համար պլանավորում ենք մեծ մենահամերգ Երևանում, նաև ցանկանում ենք համերգ կազմակերպել հենց մեր քաղաքում՝ Չարենցավանում:

-Իսկ կցանկանայի՞ք նույն կազմի հետ աշխատել նույնիսկ քսան տարի անց:

-Թեկուզ երեսուն, քառասուն տարի էլ անցնի, դա նշանակություն չունի, ես պատրաստ եմ նույն մարդկանց հետ աշխատել:

Լուսանկարը` Աբիռ Դավթյանի

Լուսանկարը` Աբիռ Դավթյանի

-Ինչ-որ բան կա՞, որ կցանկանայիք ավելացնել:

-Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լոս Անջելեսի «Լույս» կրթական միությանը` մեզ աջակցելու համար: Դիմում եմ հայ ժողովրդին, հայ ազգին, որ ավելի շատ հետաքրքրվի և ուսումնասիրի մեր պատմությունը,  որպեսզի իմանա, թե ով է հայը, և որտեղից է սկիզբ առնում մեր ազգը, քանի որ մի շարք մարդիկ աղավաղում են մեր ազգայինը՝ չիմանալով, թե որն է հայկականը:

Mariam barseghyan

Նորից երթուղայինում

Ամեն օր դասի գնացող և դասից տուն վերադարձող ուսանողի համար ամենահետաքրքիր վայրերից մեկը երթուղայինն է: Սա այն վայրն է, որտեղ ամեն օր հավաքվում են տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության և մտածելակերպի մարդիկ: Ոմանք ակտիվ զրուցում են, ոմանք էլ պատուհանից այն կողմ են նայում և ականջի ծայրով լսում հետաքրքիր զրույցը: Ճիշտ է, ուրիշի խոսակցությանը ականջ չեն դնում, բայց երթուղայինում, ուզած թե չուզած, ստացվում է: Հատկապես շատ եմ սիրում երեկոյան երթուղայինը: Օրվա այս ժամին, չնայած մարդիկ աշխատանքից հոգնած տուն են վերադառնում, նրանք լի են խոսելու, կատակելու էներգիայով: Դեռ փոքր տարիքից ինձ միշտ զվարճացրել են այդ զրույցները: Այդ ժամի երթուղայիններին «ուրախ» էի անվանում: Եթե առաջ ես միայն լսողի դերում էի, ապա այսօր իմ ուրախ երթուղայիններում ակտիվ զրուցողը և կատակողը հենց ես եմ: Երբեմն զվարճանքի թեման ընդհանուր է դառնում, և դա ավելի է բարձրացնում երթուղայինի ընդհանուր տրամադրությունը: Կանգառում իջնելուց հետո զգում եմ, որ ծանր օրվա հոգնածությունը էլ չկա, որ մարմինս լցված է դրական էներգիայով:

Արդեն անգիր գիտեմ 2-րդ համարի երթուղայինների բոլոր վարորդներին, գիտեմ` ով ինչ երաժշտություն է նախընտրում, թեկուզ շատ հաճախ հազիվ եմ դիմանում այդ երգերին:

Գիտեմ, կարող է տարօրինակ թվալ, բայց անկեղծորեն սիրում եմ ինձ ամեն օր դասի տանող երթուղայինը, սիրում եմ և ուզում եմ, որ այն ավելի լավը լինի: Ուզում եմ, որ երթուղայինի դռան վրա կարիք չլինի փակցնել «Կամաց ջարդեք» արտահայտությունը, որ երթուղայինի վարորդը իր մարմնի ամեն մասնիկով չզգա, թե ինչպես են ավտոմեքենայի անիվները քսվում քարուքանդ ասֆալտին, և վերջապես ուզում եմ, որ փողոցով երթևեկող երթուղայիններին նայելիս ուղղակի հաճույք ստանալ:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի
Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա

Չորրորդ եղանակը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի մարզերում եւ Երեւանում մեր թղթակիցները նկարել են ձմեռային օրվա իրենց հանդիպած ամենավառ պահը։

Ani Ghulinyan

Լավ պրծանք

Այս օրերին հաճախ եմ «17.am»-ի նյութերի մեջ 9-րդ դասարանի քննությունների ու նոր քննակարգի մասին կարդում, շրջապատումս էլ այդ թեմայով լավ անհանգստացած են: Լսելով այս ամենը` ակամա մտաբերում եմ անցյալ տարվա իմ կարգավիճակը. տասնյակ գրքերը, որոնց կեսն անգամ չհասցրեցի վերընթերցել, քննություններին նախորդող անքուն գիշերները, հայոց պատմության թվականները հիշելու համար մեղր ու պոպոք ուտելը… Քննությունները հեշտ չէին, բայց դժվար էլ չէին: Այն, ինչի համար ողջ դասարանով անհանգստանում էինք, քննարկում, մտահոգվում, այսօր այլևս ոչ ոք չի հիշում: Ես, ինքս դժվարությամբ եմ մտաբերում իմ քննությունների արդյունքները: Նախորդ տարի ամեն բան իհարկե ավելի հեշտ էր` բնագիտական առարկաներից մեկը պիտի ընտրեինք, իսկ հիմա` բոլորը միասին: Իրոք, այս տարվա 9-րդ դասարանցիները նախանձելի վիճակում չեն: Եթե նոր քննակարգի մասին լուրերը մեր վերևի դասարանում գտվող իններորդցիների մոտ տխուր ու հուսահատ մտքեր էին առաջ բերում, ապա մեր` տասներորդցիներիս մոտ, բարի ճակատագրի հասցեին շնորհակալական խոսքեր: Ես ու դասընկերուհիս փառք էինք տալիս Աստծուն, որ թեև դպրոց ընդունվելիս դեռ 6 տարեկան չենք եղել, բայց մեր ծնողները մեզ փոքր չեն համարել ու շուտ են ընդունել դպրոց: Մեկ տարի առաջ, չէի էլ կարող պատկերացնել, որ հինգ ու կես տարեկանում դպրոց գալու համար այսքան ուրախ կլինեմ: Բայց ինչպես ասում են` «ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում»: Առջևում ավարտական քննություններ են, իսկ ամեն նոր եկող կրթության նախարարի հետ` նոր քննակարգ է գալիս, նոր կանոններ, ի՞նչ իմանաս, թե երկու տարուց ինչ կլինի:

Իսկ այս տարվա քննություն հանձնողներին հորդորում եմ ամեն բան այդքան ծանր չտանել: Սովորաբար ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում, քան մտածում ենք, իսկ այդքան սարսափելի թվացող քննությունների մասին, ընդամենը մեկ ամսից, որքան էլ զարմանալի լինի, հաճելի հիշողություններ են մնում:

heghine grigoryan

Արևը բարև կիտա

Երեկոյան, երբ արևն ուր որ է, մայր էր մտնելու, փոքրիկ քույրիկս` Մանանը, ով 3 տարեկան է, սկսեց պնդել, որ հյուր գնանք տատիկին: Ես դասերս դեռ չէի սովորել և սկսեցի նրան համոզել, որ արդեն ուշ է, բայց ապարդյուն: Նա նվնվում էր ու իրենը պնդում: Ես որոշեցի նրան բացատրել, որ արևը մայր է մտնում, որ արդեն մթնում է, ու դրսում ցուրտ է լինելու: Նրան գրկեցի ու տարա պատուհանի մոտ: Մենք հետևում էինք արևին, և ես նրան բացատրում էի, որ երբ արևը մտնում է սարի հետևը, մթնում է, և երբ առավոտյան դուրս գա, լույս կլինի, ու մենք միասին կգնանք տատիկին հյուր: Քույրիկս սկսեց ինձ ուղղել.

-Խեվինե’ (նա այդպես է ինձ դիմում, որովհետև դեռ չի կարողանում «Հ» և «Ղ» տառերը կարգին արտասանել և «Հեղինե»-ից ստացվում է «Խեվինե»: Ինչ արած…), Չէ… Արևը մեկ խատ (հատ) թուշիկ ունի, աչուկ ու բերան ու մեկ խատ էլ՝ քիթիկ: Եբ որ վավըն արևն գիկա, մենք կերտանք (երբ որ վաղը արևը գա, մենք կգնանք): Ընձի բարևա կիտա արևըն: Արևն կերտա գիշերանոց խագնի, քնի, որ վավն գա իմ խետ խավա (խաղա): Տե՛ս, մգա մութ ա կեվնի (կլինի) ու «луна»-ն գիկա, մեկ էլ «twinkle star»-ն ու իրար խետ դուս կմնան քնին: Իսկ «облако»-ն արևի խետնա կերտա, որ առավոտն իրար խետ գան ծավիկներուն (ծաղիկներին) մութ չևնի (չլինի): Օր գիկա, բարևա կիտա ու խավա իմ խետ…

Դե, պատկերացնում եք հիմա, քույրիկս իրար է խառնում Մարտունու բարբառը, մուլտերից լսած ռուսերեն բառերն ու անգլերեն երգերը, ու այդպես է խոսում:
Հետո երբ արդեն արևն էլ չէր երևում, նա սկսեց աստղերի մասին անգլերեն (բնականաբար, դարձյալ աղավաղված) երգ երգել: Պարզվեց, որ փոքրիկ կամակորը հասկանում էր, թե երբ է ցերեկ լինում, երբ` լուսին գալիս, և որ գիշերը դուրս գնալ չի կարելի: Ուղղակի նրա համառությունն էր գլուխ բարձրացրել և այն էլ այն ժամանակ, երբ ես դասերս էի պատրաստում…

Sargis Melkonyan

Չապրած օրերի մասին

Բարև, Ձմեռ: Քեզնից առաջ ամա՞ռն էր, լավ չեմ հիշում։ Չէ՛, չէ՛, ինչ-որ այլ եղանակ էր՝ անհասկանալի։ Բարև, Ձմեռ, մի՞թե այսպես շուտ պիտի գայիր։ Իսկ ո՞ւր մնաց քո նախաբանը՝ աշունը։

Աշո՜ւն… Է՜հ… Ինչո՞ւ չեկար այս տարի։ Չէ, չէ սպասիր, ես ապրել եմ քեզ այս տարի մի պահ, երբ 9-ից հինգ էր պակաս, երբ դեռ 700 մետր կար դպրոց հասնելուն, երբ վազում էի հարևան բակի դեղին տերևների միջով ու լսում քո ձայնը։ Ա՜խ, Աշուն, Աշուն․․․ Կներես, ես շտապում էի դպրոց հասնել, բայց դեռ մեկ ամիս կար քո ավարտին, ինչո՞ւ շուտ հեռացար․․․ Սպասիր, ի՞նչ կլինի․․․

Չէ, ես քեզ էլի եմ տեսել, տեսել եմ իմ չապրած օրերում․․․ Աշո՜ւն, Աշո՜ւն․․․ Մյուս տարի ավելի երկար մնա մեզ հետ։ Դուռը ոնց որ թակում են, սպասիր․․․ Բարև, Ձմեռ․․․

Angelina Karapetyan

Քսաներկուսից ընդամենը չորսը

Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Եփրեմ Հարությունյանը հյուրընկալվել էր Բաղրամյանի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցում՝ աշակերտների հետ հոգևոր զրույց անցկացնելու: Այս անգամ զրույցը անցկացվելու էր մեր դասարանի հետ:

Երբ իմացանք այդ մասին, անչափ ուրախացանք:

Զրույցը սկսեցինք աղոթքով: Հետո Տեր Եփրեմը բացատրեց, թե ինչ է նշանակում «եկեղեցի» բառը: Տեր հայրը մեզ հարցեր էր տալիս, մեր ուսուցչուհին էլ քաջալերում էր.

-Համարձակ եղեք, երեխանե՛ր, և ազատ արտահայտվեք:

Զրույցը շարունակվեց քրիստոնեական առակներով, Գրիգոր Լուսավորչի կյանքի պատմություններով. թե ինչու բանտարկվեց Արտաշատ քաղաքի բերդի ներքին զնդանում`Խոր Վիրապում, և ինչպես դուրս եկավ ու դարձավ հայոց առաջին կաթողիկոսը:

Այս ամենը լսելուց հետո հնչեց մի հարց.

-Երեխանե՛ր, այստեղ բոլորդ քրիստոնյա՞ եք:

Դասարանում քսաներկու հոգի ենք, բայց լսվեց կրկնակի պատասխաններ՝ բարձրաձայն ու հպարտ. «Այո´, իհարկե´, անշուշ»՝ չհասկանալով, թե Տեր Եփրեմն ինչ նկատի ուներ իր հարցով:

-Բոլորդ մկրտվա՞ծ եք,- ասաց նա:

Այստեղ հասկացանք նրա խոսքերի իմաստը: Ցավոք, քսաներկուսիցս միայն չորսն էին մկրտված:

-Երբ մկրտվում ենք, մեր հոգին ծնվում է, մաքրվում ենք ադամական մեղքից, Աստծո արքայությանն ենք արժանանում, և դառնում ենք եկեղեցու լիարժեք անդամ: Մկրտությունը քրիստոնյա լինելու կարևոր պայման է,- բացատրեց մեզ Տեր Եփրեմը:

Նրա գնալուց հետո երկար մտածում էի. միշտ հպարտ ասում ենք` մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, ավելին, ապրում ենք Խոր Վիրապին շատ մոտ, որտեղից քրիստոնեությունը տարածվեց Հայոց աշխարհում, բայց ամենակարևոր քրիստոնյա չենք, որովհետև մկրտված չենք: