Ազատ տարածք խորագրի արխիվներ

Աշունն ու երազանքները

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Սեպտեմբերն է, բայց զգում ես աշունը իր բոլոր երանգներով: Էս զգացողությունը միշտ ինձ մոտ հոկտեմբերին է լինում, բայց այս տարի ուրիշ է ` շուտ է եկել:

Աշունն ինձ համար երազանքների, դրանց կատարվելու հետ է կապվում: Պատահական չէ, որ հենց աշնանն են երազանքերիցս շատերը կատարվել, մի քանիսն էլ աշնան տերևների հետ գնացել:

Աշունն ինձ համար նաև երջանիկ լինելու ժամանակ է: Ոչ մի եղանակ ինձ այդքան չի ուրախացնում, թեև ասում են` «մելամաղձոտ» ու «տխուր» աշուն:

Աշնան մեջ կա պարզություն, գույներ, հանգստություն, բաներ, որոնք անհնար է չսիրել: Հենց աշնանը կարող ես վայելել այն, ինչ հնարավոր չէ ուրիշ եղանակի: Ուղղակի վերցրու մի բաժակ թեյ, նստիր պատուհանին, նայիր անձրևի կաթիլներին, լսիր քո սիրելի երգերից մեկը ու երազիր, անվերջ երազիր:
Անձրևի հետ գուցե հիշես անցած գնացած օրերը, կարոտես թանկ մարդկանց կամ նրանց հետ անցկացրած պահերը: Ես ինքս էլ այդպես եմ անում ` կարոտում եմ մանկությունս աշնան հետ, ու թե ինչպես էի սպասում աշնան գալուն, որ էլի գնայի այդքան սիրելի դպրոց:

Մեկ օր Ֆրունզի հետ

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Սեպտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցավ փառատոն «Մեկ օր Ֆրունզի հետ» խորագրով՝ նվիրված Ֆրունզիկ Մկրտչյանին: Visit Gyumri տուրիստական նախաձեռնության շրջանակներում «Դիջիթըլ Փոմըգրանեթ (Թվային Նուռ)» ընկերությունը Գյումրիում կազմակերպեց հիանալի ու անմոռաց օր, որին մասնակցելու էին եկել ինչպես Երեւանից մի խումբ երիտասարդներս, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրեր:

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Օրը հագեցած էր: Այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան (ի դեպ, սեպտեմբերի 16-ին թանգարանի բացման 10-րդ տարին էր), քայլարշավ ունեցանք Գյումրիի փողոցներում՝ տեսանք վայրեր, որտեղ նկարահանվել էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմը: Տեղի ունեցավ նաեւ «Այցելիր Գյումրի» կայքի եւ «Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի» կայքի շնորհանդեսը: Մենք հնարավորություն ունեցանք դիտելու Հովհաննես Պապիկյանի հեղինակած ֆիլմը՝ նվիրված Ֆրունզիկ Մկրտչյանին:

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Իսկ երիտասարդ արվեստագետներն անակնկալ մատուցեցին՝ Street Art ոճի մեջ ներկայացնելով պատկերներ նույնպես նվիրված Ֆրունզիկին: Մեզ հնարավորություն ընձեռվեց նաեւ լինելու Գյումրու քաղաքապետարանում, որի համար շնորհակալ ենք Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին:

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Ստեղծվել էր ջերմ մթնոլորտ, անմիջական շփում, ու այդ ամենը մեր հոգատար կազմակերպիչների ու պրոֆեսիոնալ էքսկուրսավարի շնորհիվ: Իսկ նրանց բարբառը, ինչն էլ ինձ ամենաշատը դուր եկավ, վեր էր ամեն ինչից:

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Լուսանկարը՝ Լիանա Բրյանի

Ունենալով աննկարագրելի օր, մոռացել էինք ժամանակի մասին եւ քիչ էր մնում ուշանայինք գնացքից: Բայց, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, հասցրինք գնացքի մեկնմանը՝ մեզ հետ տանելով անմոռաց ապրումներ եւ մեզ համար նոր բացահայտումներով Գյումրու մասին հիշողություններ:

Մենք դեռ հետ կգանք, ԳՅՈՒՄՐԻ՜…

Ինչպես են նշել Անկախության օրը Հայաստանի տարբեր մարզերում

elyanora balyan

Գրքին ոչինչ չի փոխարինի

Այո սա 21-րդ դարն է տեխնիկայի ու զարգացման ժամանակաշրջան: Շատերի համար գիրք կարդալը դարձել է հնաոճ: Երբ հարցնում ես. «Ի ՞նչ գիրք ես սիրում», «Սիրո՞ւմ ես կարդալ», այդ հարցերին մեծ մասամբ տրվում է նմանատիպ կարճ ու սուր պատասխան. «Էս ո՞ր դարն ա, որ գիրք կարդամ»: Եվ այդտեղ ես ընկնում եմ երկմտանքի մեջ: Ի՞նչ կապ ունի դարը գիրք կարդալու հետ: Դարը հո չի՞ վերցնում ձեռքից գիրքն ու ասում` մի կարդա, և ձեռքը տալիս պլանշետը, համակարգիչը, հեռախոսը, որ ապրի վիրտուալ կյանքով: Նա, ով ցանկանում է կարդալ, կարող է այդ նույն պլանշետով, հեռախոսով կամ համակարգչով կարդալ: Իհարկե, այն չի կարող փոխարինել գրքին, բայց գոնե միտքը քաղցած չի մնա :

Մի պատճառաբանեք դարն և նրա զարգացումը: Ինչքան էլ այն զարգանա, գիրքը երբեք չի հնանա, որովհետև այդ նույն գրքի շնորհիվ է զարգանում դարը:

seda harutynyan-2

Երազանքները իրականանում են

Դու։ Հա՛, հա՛, հենց դու։ Իսկ դու հիշու՞մ ես, փոքր տարիքում ինչ երազանքներ ես ունեցել։ Ի՞նչ երազանք ես պահել տորթիդ մոմերը փչելուց ու երբ երկնքից ընկնող աստղ ես տեսել, ո՞ր երազանքդ է միտքդ եկել առաջինը։ Իսկ ես հիշում եմ։ Ու գիտե՞ս, իմ երազանքը, որն իմ կարծիքով երազանք էլ մնալու էր, իրականացավ: Իսկ հիմա ուշադիր կարդա ու հավատա երազանքիդ կատարմանը, քանի որ ինձ ընկնող աստղերն են հիշել ու իրականացրել այն։

Երևի 8-9 տարեկան էի, երբ հեռուստացույցով անընդհատ տեսնում էի, թե ինչպես են տարբեր երկրներում պարգևատրում երկար մազեր կամ բարձր հասակ ունեցող մարդկանց, իսկ ինձ համար երազանք էր դարձել այն, որ իմ մազերը ամբողջ աշխարհում լինեն ամենաերկարը, և դրա շնորհիվ հանդիպեմ մեր նախագահին, և նա սեղմի իմ ձեռքը։  Զուտ մանկական երազանք, որի կատարմանը ոչ ես՛, և ոչ էլ ուրիշ ինչ որ մեկը կհավատար։ Հիշում եմ, որ ամեն ընկնող աստղ տեսնելուց պահում էի այդ երազանքը, ու անգամ երազներ էի տեսնում, թե ինչպես էի հպարտորեն սեղմում նախագահի ձեռքը։

Անցել են տարիներ, հիմա երազանքները ավելի շատ նպատակներ են դարձել ու ավելի լուրջ են, քան փոքր տարիքում։

2016թ-ի օգոստոսի 29-ն էր։ Կանգնած էի կանգառում և սպասում էի, թե երբ է գալու Աբովյան մեկնող երթուղայինը, երբ հեռախոսիս զանգ եկավ ՝ մայրիկս էր։ Վերցրի ու սովորականի պես սպասում էի, որ նա կհարցներ, թե  որտեղ եմ  և երբ եմ հասնելու, բայց փոխարենը լսեցի․

-Սեդ ջան, նոր դպրոցի փոխտնօրեն ընկեր Գևորգյանն էր զանգել ու ասաց, որ «Այբ» կրթական հիմնադրամից են զանգել և համարս են հարցրել: Դուրս է գալիս, իմ աղջիկ, որ օգոստոսի 31-ին պետք է գնաս նախագահի նստավայր` նախագահին հանդիպելու, որպեսզի հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստանան  իրենց պարգևները։

Ու այդ պահին սիրտս սկսեց էնպես արագ խփել, որ չնայած կողքիս աղմուկին, լսում էի էդ դմփդմփոցը։

-Մամ, ի՞նչ ես խոսում, դե երդվի։

-Սեդուլ ջան, լուրջ եմ ասում: Ախր, հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթել ես, չէ՞: Պիտի պարգևատրվես: Ինչի՞ չես հավատում։

-Լավ, լավ, մամ, կզանգեմ հետո,- ասացի ու անջատեցի հեռախոսը։

Ու շատ բարձր ուրախությունից էնպես ճչացի, որ ընթացող մեքենաների միջից մարդիկ զարմացած ինձ էին նայում, թե էս ինչ եղավ ես աղջկան։ Աչքերս լցվել էին։

Այդ երկու օրը անցավ անասելի արագ։ Մայրիկիս ուղեկցությամբ գնացինք «Այբ» կրթական հիմնադրամի կենտրոն։ Հատուկ ծրագրով «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակակիրները՝ հաղթողներն և յուրաքանչյուր մարզում ու տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներս, այցելեցինք Մայր Աթոռ Սբ. Էջմիածին՝ ստացանք օրհնություն, եղանք թանգարանում, ապա մեզ՝  երեխաներիս, հյուրընկալեց ՀՀ նախագահը իր նստավայրում։ Նախագահական նստավայրի դահլիճում նստած էի երկրորդ շարքում, որ լավ տեսնեմ ու ավելի լավ վայելեմ ամեն մի վայրկյանը։ Դիմացս նստած էին պաշտոնյաներ, որոնցից մեկը թեքվեց ու սկսեց հետս զրուցել, ու մինչև վերջին վայրկյանը չիմացա, որ զրուցում էի պարոն Մկրտչյանի՝ մեր նոր կրթության և գիտության նախարարի հետ։ Չնայած նրան, որ ինձ հարցրեց` ճանաչո՞ւմ եմ իրեն, թե ոչ՞, ես էլ անջատված պատասխանեցի` ոչ, մեկ է, վերջում հիշեցի, որ ինքը մեր նոր նախարարն է, ու հնչեց ինձ բնորոշ չմտածված նախադասությունը․

-Հա ՜, չլինի՞ դուք կրթության և գիտության նախարարն եք։

-Հա՜, չլինի ես կրթության և գիտության նախարարն եմ,- ծիծաղելով պատասխանեց նախարարը։

Ու թե ինչ ամոթ ապրեցի ես այդ պահին, իմացա մենակ ես։  Ի դեպ, շատ բարի ու ժպտերես նախարար ունենք։

Հետո եկավ պարոն Սարգսյանը, նստեց և սկսեց իր խոսքը: Թե ինչ էր խոսում, չեմ հիշում, հիշում եմ միայն այն, թե ինչպես էին դողում ձեռքերս, ու ոնց էր խփում սիրտս։ Սկսեցին կարդալ հաղթողների անունները, ու հնչեց իմ անունը, վեր կացա և մոտեցա պարոն Սարգսյանին  և պարոն Մկրտչյանին։ Դա մի պստլիկ տարածք էր, մի  քանի քայլ, ու ես հայտնվում եմ նախագահի կողքին։ Մոտեցա, սեղմեցի երկուսի ձեռքը, վերցրի հավաստագիրը ու լսեցի նախագահի ձայնը․

-Ապրես, իմ աղջիկ։

Դրանից հետո մի հանգստության, մի երջանկություն պատեց իմ հոգին, ու ես ինձ ասացի․ «Ապրես դու»։

Անցավ մի քանի օր։ Մեր համակարգչի  մոնիտորի էկրանին դրված է իմ լուսանկարը նախագահի ու նախարարի հետ։ Նայեցի լուսանկարին, տեսա երկար մազերս ու մի պահ սառեցի: Հիշեցի էն շատ՜ տարիներ առաջ պահած երազանքիս մասին, որ դարձել էր երազ։ Եվ հուզվեցի, շնորհակալություն հայտնեցի Աստծուն ու մի հետևություն արեցի, որ անկեղծ սրտով պահված բոլոր երազանքները իրականանում են, ու կապ չունի` տասը, տասնհինգ, թե քսան տարի հետո, կարևորը, իրականանում են, գուցե մի քիչ այլ կերպ, ու այլ պայմաններում։

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Անկախության հետքերով

Երեւի ապրած ամեն օրվա վերջում պետք է մի հայացք նետել հետադարձ ուղղությամբ՝ հասկանալու, թե ինչ հասցրինք կամ ինչը մոռացանք, թե ինչ գտանք կամ ինչը կորցրինք: Այ, քսանհինգ տարի առաջ գտած անկախության հետքերով այսօր Հանրապետության հրապարակում էինք: Լուսանկարում էինք, հարցազրույցներ վերցնում, զրուցում թե՛ խորհրդայինն ապրած մեծահասակների, թե՛ անկախությունը կրող երիտասարդների հետ:

-Զորահանդե՞ս… Իսկական զորահանդեսը մեր ժամանակ էր: Մեր ժամանակ ամեն ինչն էլ ուրիշ էր:

Մենք ձեր պատմած «մեր ժամանակում» չենք եղել երբեւէ, բայց փոխարենն ապրել ենք մի շրջան, որի մասին այսօր շշուկով ենք խոսում.

-Ես մի ամիս առաջ եմ զորացրվել, ես Ապրիլյան պատերազմին եմ մասնակցել,- մեր հարցին, թե ներկա գտնվե՞լ են երբեւէ քաղաքացիական ցույցերի, պատասխանում է երիտասարդներից մեկը: Պատասխանում է ու փախցնում հայացքը՝ դեմքին ինչ-որ հաշտված տխրություն ընդգծելով:

-Ասա՛,- հուշում է ընկերը:

-Ի՞նչ ասեմ,- եւ լռում է:

Լռում ենք մենք էլ՝ այդպես էլ չիմանալով, թե ինչի մասին պիտի ասվեր:

-Մենք կլինենք անկախ, քանի դեռ կլինի մեր բանակը:

Թերեւս այսքանը:

Anahit Ghazakhetsyan

Կներե՞մ, Հայաստան

Դու էն չես, Հայաստան:

Գրում եմ, ու միանգամից մտքիս են գալիս բոլոր էն ուսուցիչները, ովքեր մեկ-մեկ պաթոսաշատ տողեր են ասում, թե՝ «Հայաստանը մեր հայրենիքն է, մենք պարտավոր ենք էս-էն» կամ հեռուստատեսային էն հաղորդումները՝ «Դարերի միջով անցած, բայց գոյատևած երկիր իմ Նաիրյան, և այլն, և այլն»:

Գիտե՞ս, այ Հայաստան, սիրտս խառնում է էս բոլոր արտահայտություններից: Ոնց որ պատմության քառահատորյակով աշխարհընկալմանս գլխին տան: Անկախությունդ պաթոսով են չափում, դրա համար բոլորը գիտեն, լսել են հայրենիք բառը, բայց գոնե հեռու պատկերացում էլ չունեն՝ ինչ ա դա:

Ամեն տարի սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքիս պատին պարտադիր ինչ-որ գրառում էի անում, որի տողերում կամ տողատակերում անպայման կկարդացվեր՝ կներես, Հայաստանս:

Այ հիմա նստել, մտածում եմ՝ ինչի՞ համար պիտի ինձ ներես:

Երևի նրա, որ քեզ բոլորի պես սոսնձել եմ «երկիրը երկիր չի» արտահայտությո՞ւնը: Գիտե՞ս՝ մենք էդ չուզելով ենք ասում, բայց ասելու մեր տոնը էնքան հստակ է, որ էլ դու` սուս: Բայց հո ինչ-որ բան հասցնո՞ւմ է ասելուն:

Կներես, հա՞ ինձ, Հայաստան, որ իմ քաղաքի քիմգործարանը չի աշխատում ու երեկոյան պարապմունքից հետ գալիս ցրտի պես զգում եմ քաղաքի դատարկվածությունը:

Կներես էլի, որ մենք օրուգիշեր քեզ համար այլընտրանքներ ենք որոնում, որ փորձում ենք չակերտալքել «անկախիդ» կարգավիճակը:

Փորձիր ներել ինձ, որ դեռ գյուղեր ունես՝ աշխարհից կտրված, որ կարգին ավտոճանապարհներ չունես:

Կներես, իմ Հայաստան, որ մի բուռ, բռաչափ երկիր ես, բայց բռունցք չես դառնում:

Կներես, Հայաստան իմ, որ ընդամենը 29, 8 հազար կմ2 ես՝ 1000 քաղաքական կողմնորոշումներով:

Կներես, Հայաստանս, որ օդանավակայաններդ հրաժեշտ տվողներով են լցված:

Կներես, որ անունդ տալիս ժայռի մեջ մի բույն չեմ հիշում, այլ ինչ-որ կառավարական խումբ, ինչ-որ Ազգային Ժողով ու չգիտեմ` էլ ինչ:

…Իսկ դու, դու իրականում առավել ես, քան պաթոսախեղդ հայրենիք բառը: Դու Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մեր տունն ես, դու տատիկիս եփած դոլման ես, Գյումրու հին-հին փողոցները, Սյունիքի ու Արցախի բարբառը, դու Չարենցի թանգարանն ես, Խուստուփի լանջերն ու գագաթը, դու Նժդեհի «Ցեղակրոն»-ն ես, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, քեզնից մի մաս Վիլյամ Սարոյանի բեղերում կա, մի մաս էլ՝ Մաթևոսյանիս ճակատի կնճիռներում, դու իմ մեջ միանշանակ ես, երևի նրանից է, որ դու Ես եմ… Որ դու նաև մենք ենք:

Հ.Գ. Իսկ դու կներես իրականում, որ չունեցածդ երեսովդ եմ տալիս: Ասում եմ, որ ունենաս:
Որ լինես:

Անկախության օրը մեր դպրոցում

Սեպտեմբերի 20- ին մեր դպրոցում դեռ վաղ առավոտից մեծ տոնախմբություն էր, ժամը 8:00-ից երեխաները գեղեցիկ հագնված, ձեռքներում եռագույն փուչիկներ հպարտ պահած վազում էին դպրոց:

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Ամբողջ դպրոցը երեք գույների մեջ էր, բոլորը երգում էին, պարում էին: Հետո դպրոցի տաղանդավոր աշակերտները երգեցին հայրենասիրական երգեր, պարի խմբակը գեղեցիկ պարեր ներկայացրեց, իսկ մնացածը ասմունքում էին:

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Ամեն տարի այս օրը մեր դպրոցում եռագույն է բարձրացվում օրհներգի ներքո: Իսկ հետո բաց ենք թողնում եռագույնի գույներով փուչիկներ:

Երբ հնչեց առաջին ժամի զանգը, և բոլորը արդեն դասարաններում էին, նրանք առաջին ժամերը սկսեցին անկախության մասին բաց դասով:

Օգտվելով այս առիթից, ես դուրս եկա դպրոց և հարցում արեցի տարբեր դասարանի աշակերտներին, պատասխանները շատ-շատ էին, բայց իմ մեջ տպավորվեց 1-ին դասարանի փոքրիկների պատասխանները:

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Լինան ասաց.

-Անկախությունը էնքան լավ տոն ա, բոլորս փուչիկներով գալիս ենք դպրոց, ուրախանում ենք, պարում ենք, ու համ էլ վաղը ես իմ պապայի հետ գնալու եմ երթի` Երևան:

Նուշիկը բացատրեց դրոշի գույները, Անդրանիկը ասաց, որ 25–րդ տարին ենք տոնում:

Արդեն ավելի բարձր դասարաններում պատասխանը հիմնականում նույն էր այս հարցը լսելուց հետո:

Ես զրուցեցի նաև մեր դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանի հետ:

Նա պատմեց դպրոցում տեղի ունեցած միջոցառման և երեխաների ոգևորության մասին:

Տեսնելով նաև իմ լրագրողության հանդեպ ունեցած այսքան մեծ սերը, առաջարկեց դպրոցի թերթ հիմնադրել, որի գլխավոր խմբագիրը կլինեմ ես: Այո, այո, ես նույնպես չէի հավատում: Այս գործը շարունակելու համար խնդրեց, որ այն երեխաներին, որոնք կուզեն թղթակցել դպրոցի թերթին, տամ այն գիտելիքները, որը ձեռք եմ բերել «Մանանայում»:

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Արդեն սեպտեմբերի 21-ին ամբողջ Արմավիրը ելավ երթի: Բոլորը գոռում-գոչում էին` Ազատ՜, անկախ Հայաստան, երգում էին, պարում էին և քայլեցին դեպի հուշարձան:

Մի խոսքով, Արմավիրում ամեն տարի Անկախության տոնը տոնվում է մեծ շուքով: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել իմ Հայրենակիցներին` ԱԶԱՏ,  ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ…

artyom safaryan

Հա՞յ ես, կայֆա, չէ՞

Էս արտահայտությունը շատ անգամ լսել եմ ու գիտակցել եմ, որ այն շատ ճիշտ բնորոշում է մեր ազգայինը, մեր ինքնատիպ դիմանկարը, որովհետև մենք «կայֆոտ» ազգ ենք: Բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչու: Ու նախօրոք ասեմ, ես չեմ սիրում ավելորդ հայրենասիրական պաթոսը, որի պատճառով կորցնում ենք մեր ազգային ինքնատիպությունը: Դրա համար կփորձեմ ավելի իրատեսորեն մոտենալ այսօրվա մեր հարցին:

Դե ոչ մեկի համար, ինձ թվում է, գաղտնիք չէ, որ մենք հայերս շատ խելացի ազգ ենք և ունենք բազմադարյա մշակույթ: Բայց հետաքրքիրն այն է, որ այդ մշակույթը ողողված է այնպիսի ինքնատիպ տարրերով, որոնցից զուրկ են աշխարհի բազմաթիվ մշակույթներ: Ինչո՞ւմ է կայանում ինքնատիպությունը: Բացատրեմ. մեր տարածքը արևելքի ու արևմուտքի ձեռքսեղմումն է, և այդ է պատճառը, որ մեր մշակույթը ճշգրիտ է, ինչպես եվրոպականը, և գունագեղ, ինչպես արևելյանը:

Բոլոր երկրներն էլ ունեն զավակներ, որոնցով հպարտանում են, բայց ոչ մի երկիր չունի այնպիսի զավակներ, որոնք իրենց անփոխարինելի տեղը ունեն համաշխարհային մշակույթում. Այվազովսկի, Մարտիրոս Սարյան, Շարլ Ազնավուրը, Քեն Դավիդյան, Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան, Մհեր Մկրտչյան, Բաղրամյան, Խուդյակով, Իսակով և շատ-շատ ուրիշներ, որոնք թողել են իրենց հետքը համաշխարհային պատմության մեջ: Եվ երբեմն ինձ թվում է, թե մենք հայերս հատուկ առաքելություն ունենք, որ զարգացնենք աշխարհի բոլոր անկյունները մեր տաղանդավոր հայորդիներով: Հիմա էլ, բոլորը ճանաչում են Հենրիկ Մխիթարյանին, Արթուր Աբրահամին:

Մեր մայրաքաղաքը Երևանը 27 տարով մեծ է հավերժական Հռոմից, դե հիմի ասեք` ո՞վ է հավերժական: Մեր էպոսը համարվում է բոլոր ազգերի լավագույն էպոսը, քանի որ հաղթել է էպոսների մրցույթում: Հայերին միշտ բնորոշել են իբրև աշխատասեր և խելացի, փորձել են կոտրել մեզ, բայց դե, չէ, մենք ամուր ընկույզ ենք ու ոչ մի ջարդիչ մեզ չի ջարդի:

Անհարթ ու խորդուբորդ ճանապարհի վրա, որը պատմություն է կոչվում, մենք շատ ջարդարարներ ենք ճամփու դրել: Այդպիսի կայսրություններ էին Բաբելոնը, Ասորեստանը, Հռոմը և էլի շատ-շատեր: Բայց դե, ժողովուրդ, մենք հիմա ունենք մեր երիտասարդ պետությունը, որը անկախ նրանից` լավն է, թե վատը, շեն է, թե քայքայված, միևնույն է, մերն է, ու մենք ենք պատասխանատու նրա համար: Մեր ուսերին է նրա ապագան, մեր շուրթերից պետք է հնչեն նրա երգերը, մեր գրիչները պետք է գրեն նրա օրենքները, մեր բռնած զենքը պետք է պահի նրա սահմանը, մեր ձեռքերը պետք է կառուցեն նրա շենքերը, դրա համար պետք է սիրենք մեր հայրենիքը: Ու ինձ ասեք, խնդրում եմ, այս ամենից հետո հայ լինելը կայֆ չի՞: