Ազատ տարածք խորագրի արխիվներ

Դռները բացե՛ք, գարու՜ն է գալիս

Դռները բացե՛ք, գարու՜ն է գալիս, իսկ ավելի ճիշտ՝ արդեն գարնան երկրորդ ամիսն է:

Հաճելի է քայլել փողոցով ու զգալ գարնան շունչը ամեն տեղ: Ծաղկող ծառեր ու ծաղիկներ, արևի տակ փռված կենդանիներ, հարավից վերադարձող թռչուններ ու բակ դուրս եկող երեխաներ: Ներկայացնում եմ մի քանի լուսանկար այդ տեսարաններից: Ուղղակի նայեք, եթե անգամ ցանկություն չունեք դուրս գալ տանից և հիանալ այդ տեսարաններով սեփական աչքերով:

Երջանկությունը

Հաճախ են, չէ՞, մեծ մտածողները խորհել այն հարցի մասին, թե ինչ է երջանկությունը…

Իմ կարծիքը նոր-նոր ձևավորվեց կամ գուցե ամբողջացավ, գտավ իր` «փազլի» պակասող մի հատիկը, երբ Արագածի փեշերին հանդիպեցի մի խումբ եզդիների, որոնք իրենց ամառային ամիսներն էին անցկացնում այնտեղ: Նրանք ոչ իրենց հագուկապով, ոչ էլ իրենց կացարաններով նման չէին մեծահարուստների: Բայց նրանք երևի աշխարհի ամենահարուստ մարդիկ էին. նրանք ունեին այն, ինչը աշխարհում ամենաթանկն է, և այն, ինչը երբեք ոչ մի գումարով չես գնի` լինես միլիոնատեր, թե` միլիարդատեր:

Նրանք երջանիկ էին, որովհետև գտնվում էին այնպիսի մարդկանց կողքին, ում նրանք սիրում էին, և ովքեր նրանց էին սիրում: Նրանք զերծ էին ձևականությունից, նրանց անկեղծության մասին իրենց աչքերն էին խոսում, իրենց ժպիտը, ծիծաղը ու իրենց հյուրընկալ վերաբերմունքը: Երջանիկ լինելու համար կարևոր չէ, թե որտեղ ես գտնվում կամ թե ինչքան գումար ունես, կարևորը` սիրելի մարդկանցով շրջապատված լինելն է: Սրան պետք է ավելացնել մի քիչ լավատեսություն և համեմել շատ-շատ ժպիտով ու ծիծաղով… Ահա և երջանկության բաղադրատոմսերից մեկը…

Ջերմուկում դեռ ձմեռ է

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Ես ապրում եմ Ջերմուկ քաղաքում: Իմ քաղաքը հայտնի է իր ջրերով, առողջարաններով և հրաշք բնությամբ: Թեև հիմա ամբողջ հանրապետությունում արդեն գարուն է, բայց դա մեզ՝ ջերմուկցիներիս, չի՛ վերաբերվում: Հիմա կասեք՝  ինչո՞ւ:  Ջերմուկը բարձր լեռնային քաղաք է, այդ պատճառով այստեղ ձմռանը շատ է ձյուն տեղում, նաև շատ ցուրտ է լինում: Այ այս օրերին, երբ սառը հոսանք անցավ հանրապետությունով, մենք նորից ընկղմվեցինք խորը ձմռան մեջ:

Սակայն ամռանը Ջերմուկի բնությունն ուղղակի հրաշք է: Կարճ ասած՝ Ջերմուկում լինում է երկու եղանակ՝ ամառ և ձմեռ: Իսկ գարուն ու աշուն մենք գրեթե չենք տեսնում: Բայց վերջին տարիների ընթացքում Ջերմուկի կլիման բավականին փոխվել է. առաջ ձմռանը ձյան հետ ուժեղ քամիներ էին լինում, իսկ հիմա այլևս նման բան չի լինում: Պատճառն այն է, որ մարդկությունը մեծ վնաս է հասցնում բնությանը, և կարծում եմ, որ տարիներ հետո Ջերմուկի կլիման ավելի մեծ փոփոխություններ կունենա ու դա կբերի նոր աղետների… Ինձ դա շատ է հուզում:

Պատահում է և այսպես

Ամեն ինչ սկսվեց սիրո համար ոչ այնքան համապատասխան եղանակին… Ցուրտ ու մռայլ ձմեռ էր, երբ առաջին անգամ տեսա նրան… Մոտ կես ժամ նրա գեղեցկությամբ զմայլվելուց հետո նոր հասկացա, որ դպրոցում եմ, դասաժամ է… Եվ ամենասարսափելին` գրատախտակի մոտ էի… Պոտենցիալ «2»-ը պատրաստ էր… Բայց դա ինձ ամենաքիչն էր հետաքրքրում…
Առիթը բաց չէի թողնում կիսաբաց դռան արանքից նայելու նրան… Ժպտում էր… Այդքանը հերիք էր, որ օրերով սավառնեի օդերով… Սիրահարվել էի… Մինչև ականջներիս ծայրը…

Որոշեցի մտերմանալ հետը, (դեռ ընդհանրապես չէի ճանաչում նրան, միայն անունը գիտեի: Աշխարհի ամենագեղեցիկ անունը` Նարե…), բայց այ ինչպես ծանոթանալ, այ, դա հարց էր…

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Որոշեցի ամեն ինչ սկսել շոկոլադով…
Հաջորդ օրն առավոտյան իր սեղանին մի տուփ շոկոլադ էր դրված…
Թեև այդ օրվանից արդեն մոտ երկու տարի է անցել, բայց բաներ կան, որ չեն ջնջվում հիշողությունիցս…

Չգիտեմ ինչու, բայց դեռ չծանոթացած դարձել էր օրվաս մի մասը… Չգիտեմ ինչու, բայց ամբողջ օրը մտածում էի իմ, նրա ու հետագա անելիքներիս մասին…

«Շոկոլադ» գաղտնի օպերացիայի հաջորդ օրը հավաքվեցի, որոշեցի գնալ և խոսակցություն սկսել հետը, երևի արդեն զրույցի պահանջ ունեի…

Բարձրանում էր աստիճաններով, երբ (չնայած ոտքերս հազիվ էի պահում, որ դողալուց չջարդվեն) լրիվ ինքնավստահ սկսեցի խոսակցությունը…

-Նարե:

Շրջվեց և նայեց ուղիղ աչքերիս մեջ… Սպասում էր խոսքիս շարունակությանը…

-Կներես, էլի, ուզում էի իմանալ… Կարո՞ղ եմ անակնկալս ստացված համարել:

-Հա, բայց պետք չէր,- շատ համեստ տոնով պատասխանեց ինձ:

Ամեն ինչ լավ էր, չնայած արդեն չէի կարողանում զսպել ոտքերիս դողը… Ամեն ինչ լավ էր, մինչև որ նայեց պատուհանին, նկատեց ինչ-որ մեկին ու գնաց, ասելով որ հիմա չի կարող խոսել…

Վիճակս, մեղմ ասած, այդքան էլ լավ չէր: Ուզում էի հանգստանալ և սառը գլխով դատել կատարվածը:

Որոշեցի փնտրել սոցցանցերում և գոնե մի օգուտ քաղել այդ կայքերից:

Ստացվեց… Սկսեցի շփվել հետը, չնայած և’ ես, և’ ինքը դեմ էինք այդ կարգի շփումներին…

Խոսակցության ընթացքում ես ինձ համեմատում էի ծովահենի հետ, իսկ իրեն’ ԳԱՆՁ-ի… Ու իրոք այդպես էր:

Ցանկացած ծովահեն իր կյանքի ընթացքում գտնում է իր գանձը, այլ հարց է, թե կյանքի որ հատվածում:

Նշել էի նաև որ իմ «նավակին» խփողներ կլինեն, կլինեն այնպիսիները որ կփորձեն խանգարել հասնելու իմ ԳԱՆՁ-ին…

Ու չուշացան այդ խփողները: Եղավ այն, ինչ եղավ… Մեկ շաբաթից նա սկսեց չօգտվել սոցցանցերից, իսկ ինձ բաժին հասավ հին, կոտրված տաշտակս…

Որոշեցի չընկճվել և պայքարել…

Բարևելու մի քանի անհաջող փորձից հետո, մի օր, երբ մենակ էր, մոտեցա և հարցրի, թե արժանի՞ եմ արդյոք էդ արհամարհանքին:

Հնչեց ոչինչ չասող մի պատասխան. «Կներես, բայց չեմ լսել, որ բարևել ես»:

Ախ, այդ աղջիկները… Ինչքան տարօրինակ և միևնույն ժամանակ հետաքրքիր էակներ եք դուք…

Աշխարհս շուռ եկավ, երբ իմացա, որ ընկերս նույնպես անտարբեր չի նրա նկատմամբ… Սա էլ նավակիս խփող ամենամեծ գնդակը…

Միևնույն ժամանակ հանգիստ էի, որովհետև ճանաչում էի և’ ընկերոջս, և’ Նարեին… Մեղմ ասած, նրանք անհամատեղելի էին…

Ժամանակի ընթացքում մենք ավելի մտերմացանք… Նավակս ինքն իրեն վերանորոգվում էր… Ինքն իրեն կոտրվում ու նորից նորոգվում…

Շփվում եմ նրա հետ մինչև հիմա, նույն ոգևորությամբ ու նույն ակնածանքով, ինչպես այն առաջին անգամը, երբ դողդողում էի հետը խոսելիս…

Նա այն միակն է, ում սիրել և սիրում եմ… Սիրում եմ առանց վախենալու, շատ ժամանակ նույնիսկ առանց ակնկալիքի, անշահախնդրորեն…

Բնականաբար կլինեն այնպիսի մարդիկ, որ նայելով ինձ կամ տարիքիս, անլրջորեն կվերաբերվեն էս գրածիս… Բայց գիտե՞ք ինչ: Ինձ թվում է` հենց սա է սերը, ոչ թե ուրիշներինը` հիմնված փողի կամ այլ նյութական արժեքների վրա…

Յուրաքանչյուրս էլ ունենում ենք մեր կյանքում մեր սեփական նավակն ու ԳԱՆՁ-ը… Այլ հարց է, թե կյանքի որ ժամանակահատվածում ենք հասնում այդ ԳԱՆՁ-ին (կամ` հասնո՞ւմ ենք արդյոք)… Ուրախ եմ, որ հասել եմ նրան հենց այսս ժամանակ…

Թեկուզ միայն նրա համար, որ ավելի շատ ժամանակ կունենամ հետն անցկացնելու…

Կուզենայի պատմությունս  ավարտել Արթուր  Մեսչյանի այս տողերով.

…Եվ կատարվեց կյանքս կարծես,

ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐԵԼ ԵՄ ԵՍ… 

Հարության տոնը Մալիշկա գյուղում

Այսօր քրիստոնեական եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկն է:   Մեր գյուղում՝ Մալիշկայում, նույնպես նշում են այս գեղեցիկ տոնը: Առավոտյան Ս. Աննա եկեղեցում Ս.Պատարագ է մատուցվում, Պատարագի վերջում նաև օրհնվում են զատկական ձվերը: Այնուհետև հենց եկեղեցու բակում հյուրասիրություն է լինում, հաճելի երգ ու պար մանկապարտեզի սաների և պարի խմբի երեխաների մասնակցությամբ: Բոլորը մոմ են վառում, աղոթում, վերցնում օրհնված ձվերը և գնում տուն: Ահա մի քանի լուսանկար, որն արել եմ երեկ: