Ես ապրում եմ «աշխարհից հեռու», բայց այս աշխարհի մի մասը գյուղում՝ Շենիկում: Գյուղս մեկն է Արարատյան դաշտի այն գյուղերից, որտեղից ամեն առավոտ կարելի է տեսնել Արարատը: Գյուղիս մասին խոսելիս ակամայից ուզում եմ ասել.
-Սա իմ գյուղն է
Չափսերով այնպիսին,
Որ կարող եմ վերցնել հետս,
Երբ մի ինչ-որ տեղ գնամ:
Այո, գյուղս փոքր է: Բոլորը ճանաչում են իրար, և դա ինձ դուր է գալիս: Այս փոքրիկ գյուղի մի փոքրիկ անկյունում է գտնվում մեր թաղը: Մեր թաղի համբավը տարածված է ամբողջ գյուղով: Այնտեղ, ուր ավարտվում են դպրոցի դասերը, այնտեղ, ուր կյանքը դառնում է պայծառ ու լուսավոր, երբ ամեն ինչ դառնում է դրական, սկսվում են մեր թաղի իրիկունները: Հավաքվում ենք ընկերներով ՝ տղա, աղջիկ, և սկսում ենք ասել ու խոսել, խնդալ ու խաղալ մինչև որ մութն ընկնի: Ամառները ավելի երկար ենք մնում դրսում: Մեր երգիծաբանները իրենց կատակներով ապահովում են մեր ծիծաղը, հաճախ նույն կատակը մեկից ավելի անգամ կրկնելով: Դե, էլ ի՞նչ հավաքներ առանց խաղերի:
Խաղում ենք, խաղում, այնքան, մինչև հարևանուհին բողոքում է մեր ձայներից:
Այս ամենը ավելի հետաքրքիր է դառնում «ցոգոլի սեզոնին»: Մեր հավաքույթները համեմվում են ցոգոլի թթու ու հյութեղ համերով: Իսկ հարց չառաջացա՞վ, թե որտեղից այդ ցոգոլները. դե, իհարկե, մեր հարևանի այգուց:
Քանի որ խոսք գնաց հարևանի այգուց ու ցոգոլներից, պատմեմ մի դեպք:
Ամառ էր: Մեր թաղի իրիկուններից մեկն էր: Սովորականի պես նստած էինք, ու միտքներս ընկավ հարևանի այգու ցոգոլները: Անգիր գիտեինք հարևանի գործի ժամերը: Բախտներս բերեց, ու նա տանը չէր: Սովորաբար ցոգոլի գնում էինք բոլորով: Ամեն մեկս մի աշխատանք էր կատարում՝ մեկը քաղում էր, մյուսը ծառի տակից բռնում, երրորդը՝ հսկում, որ մարդ չգա:
Արդեն այգում էինք: Դեռ մի քանի հատ էլ չէինք քաղել, հանկարծ լուր բերին, թե տանտերը գալիս է: Ուր որ է` ուզում էինք փախնել, բայց չհասցրինք: Տանտերը եկավ: Մի քանի փոքր ծառեր կային այգում: Մի 6 հոգով թաքնվեցինք դրանց հետևում: Դեռ թաքնված էինք, երբ սկսվեց ուժեղ անձրև: Մեկն ասում էր.
-Էկեք դուրս գանք: Ավելի լավ է` բռնվենք, քան թրջվենք:
-Չէ՛, չէ՛, որ բռնվենք, էլ ցոգոլի երես չենք տեսնի,- գոչում էր մեկը մի ուրիշ կողմից:
Այսպես երկար որոշում էինք դուրս գալ, թե ոչ, իսկ անձրևը գնալով ուժեղանում էր: Չնայած ընկերների հետ արժեր ժամերով մնալ անձրևի տակ ու թրջվել: Երևի մեր բախտից էր, որ անձրևը շուտ կտրվեց: Հարմար առիթ գտանք, որ ոչ ոք չտեսնի ու դուրս թռանք այգուց: Ոտքից գլուխ ջուր էինք եղել:
Բոլորը անձրևի ժամանակ մեզ էին փնտրել, իսկ մենք ասացինք, թե թաքնվել էինք մի ծառի տակ, որ չթրջվենք: Մեր հավաքած ցոգոլների կեսն էր մնացել միայն: Դրանք էլ կերանք ու գնացինք տուն:
Այս դեպքից հետո էլ երբեք հարևանի այգի չմտանք ցոգոլ հավաքելու, անգամ երբ տանը չէր: Բոլորս «կշտացել» էինք գլխներիս եկածից:
Չնայած դրան, մեր թաղում իրիկունները հիմա էլ անցնում են ուրախ ու առաջվա նման, դե իհարկե, առանց ցոգոլի:
Եվ վերջում, եթե օրերից մի օր մեր հարևանը կարդա սա, թող ների մեզ, ու մեր պատանեկան արարքները:



Էդ օրը հայերը ևս մի անգամ համախմբվեցին, մեր «դուխը» թռավ օդ: Մտածում եմ. ի~նչ հավես կլինի, երբ դադարենք իրար տակ փորել, իրար միս ուտել, միշտ միասնական լինենք: Մենակ էդ դեպքում կարող ենք ինչ-որ բան փոխել: Ամեն անգամ, արդյունքի ենք հասնում` միանալով իրար, ամեն անգամ էլ սիրուն ենք նայվում, ամեն անգամ էլ` աշխարհին իսկական հային ենք ցույց տալիս:
Մի առավոտ արթնացա, երբ արևը առատորեն լուսավորել էր սենյակս: Քույրս ու եղբայրս արդեն դպրոց էին գնացել: Խոհանոցից ափսեների շըխկշըխկոց էր լսվում. հասկացա՝ մայրս նախաճաշ էր պատրաստում: Վայելում էի արթնանալուց հետո անկողնում մնալու հաճույքը: Այսօրվա պես հիշում եմ՝ մեծ բավականությամբ ձգվեցի, հորանջեցի և, ինչպես պատահեց, ձեռքս կրծքիս ընկավ… Ոնց էի լալիս, ցատկում անկողնուս մեջ, կանչում մայրիկիս, և երբ մայրս խոհանոցից տագնապահար հասավ ու գրկեց ինձ, ես, արցունքներս կուլ տալով, սկսեցի բացատրել իրավիճակը` ձեռքս կրծքիս սեղմած.«Մա՛մ, ըստի մի բանա շըրխկըմ, շըրխկը-դըրխկը, շըրխկը-դըրխկը…»: Մորս սարսափահար դեմքը լուսավորվեց ներողամտությամբ, մեղմ ժպիտով պատասխանեց տագնապիս և ջերմ համբույրներով ողողեց արցունքներից կարմրած աչքերս ու թուշիկներս: Հասկանո՞ւմ ես, ընթերցող, ես սիրտս էի գտել…