Ազատ տարածք խորագրի արխիվներ
Ճամփաբաժանին
Լուսնի լույսով էինք լուսացնում։
Մեկ` դըմփ, երկու` դըմփ, երեք` դըմփ, ու երբ դադարում էր դմփալ, միանգամից հայտնվում էի տանը՝ տաք, կուշտ, ուրախ, անհոգ։ Մորս մոտ նստած էի՝ հենց նոր սիրածս թխվածքը թխած տաք ձեռքերը բռնած, բայց… Մի պահ, հենց նայում էի վերև, էլի նույն սառած տանկս էր, ես էլ նստած էի սառը գետնին՝ գիշերվա սառնությունը հավաքած զենքը բռնած։
Սառնությունը երևի զգոնություն էր հաղորդում, բայց միևնույն ժամանակ կտրում էր մեզ մեր տներից, մեր հույսերից, մեր ճանապարհներից։ Երբ ընկերոջս՝ մեր տանկի մեխանիկին, ասում էի` տեսնես վերջը ողջ կմնա՞նք, ասում էր. «Մեր վրա ատոմային ռումբ էլ ընկնի, ողջ ենք մնալու, չմտածես»։
Ու այդպես էլ եղավ. երկուսս էլ փրկվեցինք։ Փրկվեցինք մի քանի ժամերի տարբերությամբ: Ես նրան վերջին անգամ տեսա վիրավորված, իսկ հետո արդեն հիվանդանոցում՝ իմ կողքին նստած։
Երևի հավատը փրկեց մեզ: Հավատում էինք, որ մի քանի օրից վերջանալու է, ու ամեն մեկս գնալու ենք մեր ճանապարհով։
Վերջացավ: Ու ամեն մեկս գնացինք մեր ճանապարհով։ Ոմանք ստանձնեցին հավերժ ճամփորդի պաշտոնը, ոմանք էլ արդեն հասել են ճանապարհի վերջին։ Ես էլ դեռ գնում եմ, գնում եմ, որ գտնեմ այն, ինչի համար ճանապարհ եմ ընկել։
Աստված օգնական բոլորիս։
Ներսես Ներսիսյանի անվան ռազմազգային ճամբար
Դեռևս 7 տարի առաջ ոսկեհատցի երիտասարդների ջանքերով հիմնադրվեց «Երիտասարդ Ոսկեհատ» երիտասարդական նախաձեռնությունը, որը գյուղում ծավալում էր ակտիվ գործունեություն։ Հենց այդ երիտասարդների շնորհիվ 2018 թվականի ամռանը Ոսկեհատում առաջին անգամ տեղի ունեցավ ազգային-բակային ճամբար, որն այժմ ամենամյա բնույթ է կրում։
-Ճամբար կազմակերպելու հիմնական նպատակն այն էր, որ երեխաներն ունենան ավելի հետաքրքիր առօրյա, անցկացնեն ամառն այնպես, ինչպես մենք չենք անցկացրել, ծանոթ լինեն իրենց ազգային արժեքներին,- պատմում է ճամբարի համակարգող Մարինե Մխիթարյանը։

Նրա խոսքով ճամբարի կենտրոնում կանգնած է եղել Ոսկեհատի երիտասարդներից Ներսեսը։ Նա միակ տղան էր, ով կանգնեց այդքան աղջիկների կողքին ու աջակցեց ամեն հարցում։
2020 թվականի 44-օրյա պատերազմը խլեց նաև Ներսեսի կյանքը։ Այդ պատճառով ազգային-բակային ճամբարը այս տարի վերանվանվեց, վերափոխվեց և դարձավ «Ներսիսյան Ներսեսի անվան ռազմազգային ճամբար»։

-Ամեն տարի անուն էինք փնտրում ճամբարի համար, բայց այսուհետ այն ունի իր հստակ անվանումը, որն առավել քան պարտավորեցնող է։ Ճիշտ է, այս տարի, հաշվի առնելով բոլորի հոգեվիճակը, ճամբարը կազմակերպելն ավելի դժվար էր, սակայն սա Ներսեսին կենդանի հիշելու տարբերակներից մեկն էր,- պատմում է Մարինեն:
Ճամբարին այս տարի մասնակցել է 5-17 տարեկան ավելի քան 120 երեխա։ Նրանք ըստ տարիքի բաժանված էին 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր ջոկատավարը։ Ջոկատավարները գյուղի 18 տարին լրացած երիտասարդներն էին։

-Սկզբում թվում էր, թե ընդհանրապես չեմ կարողանալու երեխաների հետ լեզու գտնել, բայց հետո այնքան լավ հարաբերություններ ստեղծվեցին, որ նույնիսկ երեխաները իրենց պատրաստածն էին ինձ նվիրում,- պատմում է փոքրերի խմբի հետ աշխատող Սյուզին։
Այս տարի ճամբարը հատկապես յուրահատուկ էր ավագ խմբի համար, քանի որ կամավոր հիմունքներով ճամբարին էին միացել «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության չորս հրահանգիչներ։ Նրանք ճամբարային հինգ օրերի ընթացքում սովորեցրին ավագ խմբի ապագա զինվորներին և զինվորուհիներին զենքի հետ վարվելու ձևերը, առաջին օգնության հիմունքները, մի խոսքով, այն ամենը, ինչն անհրաժեշտ է ռազմի դաշտում։

-Առաջին օրը՝ համեմատած մյուս օրերին, ավելի բարդ էր, որովհետև թվում էր, թե երեխաներին չի հետաքրքրում այն, ինչ սովորեցնում ենք, սակայն երբ անցանք գործնական հատվածին, երբ իրենք ինքներն էին ցուցաբերում առաջին օգնություն, հասկացանք, որ դա ոչ միայն հետաքրքիր է նրանց, այլ նաև դա անում են մեծերից ավելի լավ,- ասում է ՈՄԱ-ի առաջին բուժօգնության հրահանգիչ Իզաբելլան։
-Սակայն մենք կցանկանայինք նրանց սովորեցնել առաջին օգնությունը առօրյայում, այլ ոչ թե ռազմի դաշտում,- ավելացնում է մյուս հրահանգիչը՝ Նանեն։

Իսկ ըստ ՈՄԱ-ի մյուս ներկայացուցիչների, 5 օրը բավական մեծ ժամանակահատված էր պատանիներին ռազմական գիտելիքներ փոխանցելու համար։ Վստահ են, որ երեխաները սերտել են իրենց փոխանցածը և կարող են կիրառել պետք եղած դեպքում։ Ինչ վերաբերում է իրենց, ապա շատ են սիրել գյուղը, երեխաներին և հաջորդ տարիներին նույնպես պատրաստ են աջակցելու ճամբարին:
Գյուղում կազմակերպված ճամբարը ուրախություն և բավականություն էր պատճառել ոչ միայն երեխաներին, որոնք սովորում էին ազգային երգ ու պար, նկարչություն ու տեխնոլոգիական աշխատանք, այլ նաև իրենց ծնողներին։

-Աղջիկս մեծ ոգևորությամբ վերադառնում էր ճամբարից և անհամբեր սպասում հաջորդ օրվան,- ասում էր ծնողներից մեկը։ Նրանք անչափ գոհ և երախտապարտ են, որ գյուղում կազմակերպվում են նման միջոցառումներ։
Այսպիսով Ներսես Ներսիսյանի անվան ռազմազգային ճամբարը կլինի շարունակական, կլցնի Ոսկեհատի փոքրիկների առօրյան և ամեն նոր սերնդի կպատմի Ներսեսի մասին։

Լուսանկարները` Անի Ավետիսյանի
Իմ սեր Արցախ
Պատերազմից հետո Արցախ գնալը մարդիկ դժվար են պատկերացնում.
վախ… տագնապ… հուզմունք…
Նշեմ, որ միայն հպարտություն և հիացմունք պետք է ապրել Արցախ գնալուց։
…Եթե մինչև տրանսպորտ նստելը մի պահ մտածել էի, որ ինչ-որ իրողություն կխանգարի, և չեմ գնա Արցախ, ապա տրանսպորտ նստելուց՝ կարևորագույն փուլը հաղթահարեցի։
Հինգով էինք: Վարորդը կատակում էր, ասելով՝ նախորդ օրն այնքան ուղևորներ կային, որ քիչ էր մնում գլխիս նստեն։
Չնայած սպիտակ փոխադրամիջոցի կիսադատարկ լինելուն՝ զգացմունքներս ամբողջությամբ լցնում էին այն։
Ճանապարհը միայնակ էր ու տխուր, մշտական բնակիչները լքել էին նրան…
Իսկ Շուշիի կողքով անցնելուց, ամեն ինչ այնքան անհավատալի էր, որ այդ պահին ասես ոչ մի զգացողություն չկար։ Հետ գալուց միայն ուշքի եկա, տեսա Շուշիի տխրությունն ու դատարկությունը. նկարագրել չի լինի…
Շուտով հասանք, ես անհամբեր սպասում էի այդ պահին։ Ընկերուհիս՝ Տաթևը, դիմավորեց, գնացինք տուն, հանգստացանք, դուրս եկանք վայելելու Ստեփանակերտը։
Արցախն այնքան լուսավոր է, գունեղ, չքնաղ, որ ես պարզապես հիացած եմ, չնայած նրան, որ շատ եմ եղել այնտեղ։
Անդադար քայլել էի ուզում, ցանկանում էի շրջել բոլոր փողոցներով, զգալ նրա ողջ հզորությունն ու ջերմությունը, որն արդեն մի բուռ դարձած Արցախից էր փոխանցվում։
Մինչև ուշ երեկո քայլում էինք, չնայած նրան, որ հողը փախչում էր ոտքերիս տակից, բայց հասցրեցի ապրել Արցախը։
Առավոտներն արթնանում էի արևածագից շուտ՝ պատուհանից վայելելով Արցախում բացվող հերթական խաղաղ լուսաբացը…
Հաջորդ կայարանն Ասկերանն էր, որտեղ գնալու ճանապարհը կիսեցինք զինվորների հետ։
Ասկերանում իր ամբողջ վեհությամբ մեզ էր սպասում Մայրաբերդը։ Իսկ այնտեղի փողոցներով անցնելուց՝ նկատում էի պատերազմի դեմ պայքարած բերքատու ծառերի պտուղներ… Մի կին իր բակի դարպասը բացեց, հարցրեց, թե որտեղից ենք, հետո ասաց, որ չնայած քիչ մասն է մնացել, սակայն կարող ենք զգալ ողջ յուրահատկությունը…
Գնալ Արցախ և չհամտեսել ժենգյալով հացը՝ աններելի է։ Ինձ հաջողվեց վայելել իմ պատրաստած ժենգյալով հացը, ինչն առանց արցախցի տիկնոջ օգնության՝ անհնարին կլիներ։
Տուն վերադաձա, սակայն չշտապեցի հրաժեշտ տալ հարազատ Արցախին։ Ինձնից մի մասնիկ մնաց Արցախում, իսկ Արցախից մի մասնիկ հասավ Սյունիք։
Արցախը ծաղկում է, այնտեղ չգիտեն, թե ինչ է հանձնվել ասվածը… Ե՛կ Արցախ։
Լուսանկարները` հեղինակի
Կարևորը
Գյուղում, եթե ուշադիր շուրջդ նայելով չքայլես, փոփոխություններ չես նկատի: Եթե ուշադիր չնայես Գևորգենց բակին, դարպասի նոր գույնը գուցե չնկատես, տասնամյակներով կանգնած հսկա թթենու բացակայությունը կնկատես միայն արևից այրվելիս: Գևորգին, եթե հեռվից նայես, հազիվ թե փոփոխություն նկատես. շորերը նույնն են, քայլվածքը մի քիչ ավելի խոնարհ` դեպի գետինը, դեպի հողը, որի վրա տարիներ շարունակ կռացած է ու տեսնում է ամենից շատ:
Երբ գյուղ ես գալիս միայն երեկոյան մթին ու տանեցիներին տեսնել ես հազիվ հասցնում, փոփոխություններ երբեք չես զգա: Գևորգին դեռ տեսնում եմ մանկության աչքերով, պապիս մոտ ընկերն է ու անընդհատ մեր բակում է, մեկ-մեկ էլ պապս է էնտեղ: Պապս ջահել է, հայրս էլ 19 էր` եղբայրս ծնվեց, պապիս ընկերներն էլ մեծ չէին, ու ես նրանց հիշում եմ առույգ, առանց սպիտակ մազերի ու կնճիռների: Երբ ես մեծացա, իրենք էլ, սկսեցին մեր բակ չգալ, գնացին երկրից, իրենց մեծանալը ես չտեսա, ու մնացին հիշողությանս մեջ պապիս` անկնճիռ ու սևահեր ընկերները:
Ինձ թվում էր` գյուղում փոփոխություններ չեն լինում. ովքեր չեն մահանում, միշտ մնում են մանկությանս հիշողությունների տեսքով, իրենց նույն բակում, նույն բազկաթոռին ու նույն շորերով: Հազվադեպ եմ դուրս գալիս գյուղում քայլելու: Քայլելն էլ երբեք աննպատակ չի լինում. պատճառը խանութ գնալն է: Գյուղում զբոսնելն ընդունված չէ. դաշտերում քայլելու շատ ժամանակ ունեն, երեկոն էլ հանգստինն է: Խանութի բակում Գևորգին տեսա: Մթությունից ու կարճատեսությունիցս ճիշտ կլինի ասել` նկատեցի, որ ինքն է: Բարևեցինք իրար: Պապիս ընկերներից իմ սիրելին է, միշտ ջերմ, հարգանքով:
Ներս մտա լուսավորված խանութ, Գևորգն էլ եկավ, կանգնեց կողքիս` դրամարկղի մոտ, նորից հարցրեց` լա՞վ ես, Անի ջան, բարձրացրի հայացքս` պապիս սևահեր ու անկնճիռ ընկերոջը տեսնելու. աչքիս առաջ կնճիռներն էին, սպիտակ մազեր: Շփոթվեցի, մի պահ առևտուրս մոռացա: Գյուղի գլխավոր փոփոխությունը մի վայրկյանում նկատեցի, հասկացա, որ դա բնավ ասֆալտը չի լինելու, ավելի շատ լուսավորությունը` նույնպես: Մարդիկ են գյուղի գլխավոր փոփոխությունը, նրանց վրա ես զգալու, ինքդ քո վրա ես զգալու, մանկությանդ մարդկանց ծերանալով ես զգալու: Հետո արդեն հորդ ու իր ընկերների ծերանալով ես զգալու: Ու ասֆալտն ու նոր տները գուցե երբեք էլ չտեսնես. փոփոխությունը մարդկանց վրա ես զգալու:
Շրջագայություն Լոռիում
Քրիստոնյա Լոռի










Չավարտված պատերազմ
Ես հիշում եմ. մեկ-մեկ ժպտում էինք,
Ու չէինք զգում դժոխքը մեզ կուլ տված,
Պատերազմը տաք վերք էր,
Նոր կոտրած ոտքի պես տաք էր,
Ցավը գալու էր հետո, բութ, առանց ընդհատման:
Տատս օրագրում պատմում էր.
«Վարդանը պոստում էր,
Լվացք էի անում»,
Ո°վ էր պատերազմի
Ժամանակ լվացք անում, այ կին,
Տուն մաքրում հանձնելուց առաջ,
Ու կեր տալիս հավերին:
Մենք ապրեցինք պատերազմի ժամանակ ձեր պես,
Նախաճաշ սարքեցինք,
Մաքրեցինք պահարանի փոշին,
Իմացանք ստիպված ապրելը որն է:
Ես կարծում էի 90-ականներին մութ ու ցուրտ,
Ցերեկը մութ ա եղել, ամռանը` ցուրտ,
Բոլորը տխուր մի անկյունում նստած են եղել միշտ,
Մեր երեխաները չգիտեմ` ինչ կմտածեն մեր մասին,
Կհավատա՞ն մեր ժամանակներին:
Թումանյանը ասում էր. «Ապրե՜ք երեխեք, բայց մեզ պես չապրեք»:
Ես կարծում էի, դա մի իմիջիայլոց կենաց ա, «Ողջ եղեք»-ի պես:
Տատիս պես թոռներիս կասեմ.
«Մենակ կռիվ չլինի»,
Կհուսամ, որ չեն հասկանա:
Մեկ-մեկ մի երկու բառ ա հասնում կոկորդիս
Ու դուրս գալու տեղ չի գտնում,
Մեր շուրջն էլ տխրություն տեղավորելու տեղ չկա,
Եկել եմ սարերին պատմեմ:
Պատերազմի մասին հնարավոր ա լռել,
Աչքերը չթարթել, հետո թուքը կուլ տալ,
Հնարավոր ա գրել ցաքուցրիվ,
էդպես էլ ոչինչ չասելով,
Հետո շարունակել լռել…

Զինվոր եղբայրներս
Միշտ հպարտացել եմ, որ հայ եմ։ Հպարտացել եմ, որ ազգս ունի հազարամյակների պատմություն։ Հպարտացել եմ, որ թշնամիների հյուսած դավերը կարողացել ենք հաղթահարել, ժամանակ առ ժամանակ՝ շրջանցել։
Հայաստանն իր պատմության մեջ գրեթե չի ունեցել որևէ ժամանակաշրջան, երբ լինեին խաղաղ սահմաններ, չունենար կորստի վախ։ Հիմա ևս ապրում ենք ալեկոծված պետությունում, վախի մեջ։ Վախենում ենք ինքներս մեզ և յուրաքանչյուր հայի համար, վախենում ենք, որ մի օր այն հողի վրա, որը համարում ենք մերը, մեր պապականը և, որի վրա ամուր կանգնած ենք, կկանգնի թշնամին և իր ցնծությամբ կպղծի մեր հայրենին։ Վախենում ենք մեր զինվորների համար։ Եվ կապ չունի, որ նրանց 90 տոկոսից ավելիին անգամ չենք էլ ճանաչում։ Ամեն զինվորի կյանքի հետ մեզնից մի կտոր ճանապարհում ենք, ամեն զինվորի հեռանալով մեզնից մի մասնիկ ուղարկում ենք երկինք։ Ամեն զինվորի զոհվելուն պես ավելի ու ավելի ենք հասկանում մեր կյանքի գինն ու մեր պարտավորությունները։ Մեր զինվորների ուժն ու կամքը աշխարհում երևի էլ ոչ ոք չունի և չի էլ ունենա։
Պատերազմ է…
Դրսում, ներսում, մտքում, ամենուր պատերազմ է ու կռիվ։ Իսկ մեր հոգում դուք եք, տղե՛րք։ Մեր հույսն ու վստահությունը դուք եք, տղե՛րք։
Հիմա, առավել քան երբևէ, հպարտանում եմ իմ եղբայրներով, իմ զինվոր եղբայրներով, ովքեր իրենց մի խոսքով անգամ հավատ են ներշնչում։
Ուզում եմ երբեք չկորցնել հպարտությունս և շարունակել ապրել գլուխս բարձր այն պատճառով, որ հայի ոգի և հզոր ազգ ունեմ։




































































