Ազատ տարածք խորագրի արխիվներ

Նիրվանա

Ինչպես յուրաքանչյուր երեկո՝ սա նույնպես նույնն է, մի փոքր տարբերվող նույնը։ Իմ ականջակալների մեջ զնգում է Նիրվանան, ու մերոնք կրկին անգամ հեռուստացույցի ձայնն իմ ներքին ձայնից բարձր են արել։ Հայրենասիրական ֆիլմ է։ Մեր ընտանիքում այս օրերին կամ լուրերն են միացրած լինում, կամ հայրենասիրական ֆիլմերը, չնայած, որ երբեք էլ հայրենասիրական ֆիլմեր չենք նայել։

Մատներս ֆիլմի ձայնի հետ հավասար գնում են դեպի ստեղնաշարը, որ Նիրվանան ավելի բարձրացնեմ ու ֆիլմի գոռգոռոցը չլսեմ։

Հանկարծ մտքումս կադրը փոխվում է, ես՝ երեսուն տարի առաջ՝  Նիրվանայի համերգին ու հետևիս սարերում արկերն են պայթում։ Խնդրում եմ, որ ավելի բարձր նվագեն, իսկ հետևիս սարերում արկերն ավելի ուժեղ են պայթում, ու ես ցանկանում եմ մի բան անել, որ միայն շեկ մազերով երգչի խռպոտ ձայնը լսեմ, բայց արկերը պայթում են ու պայթում։ Կարծես մեկը մատը համաչափ ստեղնաշարի վրա է դնում ու արկերի ձայնը բարձրացնում։

Ու հիմա մտքով ես Լևոնի մոտ եմ։ Տեսնես՝ ու՞ր ես, Լյով ջան։ Տեսնես՝ Նիրվանա՞ ես լսում, թե՞ արկերի ձայներ։ Հենց գաս՝ ինչ կուզես` դա էլ կլսենք, խոսք եմ տալիս։ Մոտս նույնիսկ գրում եմ, որ չմոռանամ։

Իսկ հետևիս սարերում արկերը պայթում են ու պայթում։ Ոնց որ պնդաճակատ լինեն։ Նիրվանան էլ անջատվեց, երկրորդ հայրենասիրական ֆիլմը միացավ, բայց կրկին գոռգոռոցներ, տեղ-տեղ գլխավոր հերոսը գոռում է․

-Պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ։

Տեսնես՝ գլխավոր հերոսը Լյո՞վն է, թե՞ մեր դասարանի Կարոն։ Բոլորն էլ գլխավոր հերոս են, ուղղակի տարբեր տեղեր։

Ես էլ իմ ստեղնաշարի վրա եմ գլխավոր հերոս, իմ ստեղնաշարի վրա եմ արկերի ձայներ իջեցնում ու բարձրացնում, Նիրվանան գլխումս՝ ինքս իմ հետ պայքար եմ մղում։

Ընդհանուր առմամբ, նույնն է ամեն ինչ մնացել, ուղղակի մերոնք սկսել են հայրենասիրական ֆիլմեր նայել, ես սկսել եմ Նիրվանայի ձայնը բարձրացնել, որ հայրենասիրական ֆիլմերի ձայնը չլսեմ, որովհետև իմ ֆիլմերի հերոսները վաղուց կողքիս չեն։ Վաղուց պայքարի մեջ են։ Մտքերս գրավել են ու անցել են առաջ՝ դիրքեր գրավելու։

Ու ոնց մտքերս չեն թողնում, որ ինձ մնան, չեն հանձնում ու նահանջում, այդպես էլ դիրքերը չեն թողնում ու նահանջում։ Դրա համար էլ միտքս օրվա մեջ քսան անգամ դեպի հարավ է գնում՝ Լյովենց մոտ։ Հետաքրքիր է, եթե Նիրվանա է լսում, ապա ո՞ր երգն է լսում, թե՞ արկի ձայները խանգարում են․․․

Տուն դարձեք, տղերք

Մեր հերոսները հայր դառնալ էդպես էլ չհասցրին …

Շատ փոքրիկներ էդպես էլ հերոս հայրեր չունեցան,

Աղջիկները մնացին անվերջ սպասելով,

Ու ոչ ոք չգիտի, կհավատա՞ն սիրուն կրկին …

Պատերազմը կավարտվի,

Կհաղթենք, անպայման կհաղթենք,

Ու երջանկությունից բարձր կգոռանք, ոռնալու աստիճան:

Բայց կորուստները հավերժ կսգանք,

Որովհետև բոլորս կորցրինք ամենաթանկը:

Ու երևի, թե էլ լիաթոք երբեք չենք ուրախանա:

Նրանց տեղը ոչ ոք չի լրացնելու:

Նրանց տեղը տան դուռը բացող չի լինելու:

Նրանց տեղը ոչ ոք հետ չի գալու:

Նրանց տեղը սիրող չի լինելու:

Էլ երբեք,

Ոչ մի ժամանակ,

Ոչ մեկը …

Սիրտներս արնաքամ է լինում:

Հերիք ա տղերք, տուն դարձեք:

Հայրենիքը մերն է

Արդեն մեկ ամիսն անցավ: Պատերազմը շարունակվում է, պատերազմ հանուն ազատության և հանուն հայրենիքի։ Մեր լսած հեքիաթների չարն ու բարին են կռվում դեմ առ դեմ, որտեղ միշտ չարը պարտվել է, և այսօր էլ պարտվում է։

Պատմությունը շա՜տ է ստիպել մեզ՝ պայքարելու և պահելու մեր իսկ հողում ապրելու արդարացի իրավունքը, հողում, որի հիմնական «պարարտանյութը» դարերով ու հազարամյակներով եղել է հայի արյունը։ Թեև որտե՞ղ չի թափվել այն… Անգամ Դեր Զորն ենք «սնել» այդ արյունով: Զարմանալի է, որ այդպես էլ չծաղկեց այդ անապատն այս հարյուր տարվա ընթացքում։ Դարերով ու հազարամյակներով ստիպված ենք եղել կռիվ տալ, պայքարել, մեռնել, որպեսզի ապրենք… Այդպես էր Հայկի ու Բելի ժամանակներում, այդպես էր 451թ.-ին, այդպես էր 1992-ին, այդպես էր 2016 թվականի ապրիլին, այդպես է նաև այսօր…

Թվում է, թե անցել են զենքի ու պատերազմի ժամանակները, թե հարցերն արդեն կարելի է լուծել մեկ սեղանի շուրջ, բայց դա այդպես չէ ամենևին։ Հայը 21-րդ դարում էլ շարունակում է պայքարել, կռիվ տալ, մեռնել, որ ապրի… Հարձակվել են, բզկտել, ամեն մեկը փորձել է փախցնել իր կտորը, բայց հայ տեսակին վերացնել չեն կարողացել ու չեն էլ կարողանա։

Մերօրյա հերոսը հայ զինվորն է։ Այն զինվորը, որը միայնակ մնալով խրամատում և չլքելով իր անմահացած ընկերներին, նռնակով պայթեցնում է իրեն և իր հետ տանում թշնամուն։

Անմահացան հանուն մեզ, հանուն հայրենիքի ազատության…

Հերոս են տասնութամյա պատանիները, ովքեր դեռ մեկ տարի առաջ դպրոցական նստարանին նստած սերտում էին հայրենասիրության մասին, Ավարայրի ճակատամարտի ու Վարդան Մամիկոնյանի սխրանքի մասին, իսկ այսօր իրենք են սահմանին կանգնած ապացուցելու իրենց հայրենասիրությունն ու նվիրվածությունը, իրենց խիզախությունն ու քաջությունը։

Հերոս է յուրաքանչյուր զինվոր, թե՛ կամավոր, թե՛ ֆիդայի։ Յուրաքանչյուր տագնապի դեպքում անվարան վերցնում են զենքն ու առանց վախի համարձակ կանգնում սահմանին։

Մեր շուրջն այնքա՜ն հերոսներ կան… Հերոս են դեռ չծնված։ Ծնվում ու մեծանում են հայրենիքին նվիրաբերվելու համար։ Մինչև վերջին շունչը կռվելով պատմություն կերտում։ Դարերից եկած մեր վրեժխնդրությունը նրանց մեջ էր, նրանք կյանքի գնով լուծեցին այն…

Պատերազմ չենք ուզում, չենք նախաձեռնում, չենք հրահրում, բայց գիտե՛նք դիմակայել, գիտե՛նք մեկ բռունցք դառնալ, գիտե՛նք ձեռք ձեռքի տալ, գիտե՛նք արյան գնով կռիվ տալ, մեզ չե՛ն ստիպում, մեզ չե՛ն համոզում, մեզ չե՛ն խնդրում… Ո՛չ, մենք ինքնակամ ենք գնում՝ առանց նայելու տարիքին ու օրվա հոգսին, գնում ենք, որովհետև հողը մերն է, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐՆ Է…

Կիսատ կյանք

Ասում են` ապրում ենք ձեր կյանքի գնով։ Ապրում ենք ձեր չապրած կյանքը։ Բայց ապրու՞մ ենք արդյոք։ Այդ ինչպե՞ս ենք ապրում։ Կասե՞ք։ Մենք չենք ապրում։ Մենք օրեր ենք մթնեցնում ու լուսացնում, բայց չենք ապրում։ Արթնանում ենք, զբաղվում առօրյա գործերով, բայց չենք ապրում։ Ուղղակի չենք կարող ապրել։

Ամեն օր, լսելով հեռուստացույցի ձայնը, անմիջապես ամուր փակում եմ ականջներս կրկին նոր զոհված հերոսի անուն չլսելու համար, նորից մարած ճրագի մասին չիմանալու համար։ Ամեն գիշեր սեղմում եմ աչքերս և խնդրում, որ առավոտյան լավ լուր ստանանք՝ «Պատերազմն ավարտվեց։ Արցախն անկախացավ»։ Մի պահ մտածեք քանի մարդ կա աշխարհում, ովքեր ապրում են այս բառերը լսելու անհագ ցանկությամբ։

Ամեն վայրկյան հեռախոսը ձեռքումս, զանգի եմ սպասում։ Սպասում եմ, որ հեռախոսի այն կողմից միայն մեկ բառ լսեմ` լավ ենք։ Որքան մարդիկ կան, չէ՞, այս բառին սպասող։

Ամեն վայրկյան վախը սրտումս լուրի եմ սպասում և հույս ունենում, որ լուրը բարի կլինի։

Հիմա խնդրում եմ պատասխանեք.

Ինչպե՞ս ենք ապրում։ Կամ ապրո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Ախր, այսքան չապրած, վաղ ավարտված, այսքան կիսատ նպատակներով կյանքերի արանքում չենք կարող ապրել։ Պատճառն ակնհայտ է։ Մարդն իր էությամբ այնպիսին է, որ չի կարող իդեալական ճիշտ ապրել։ Իսկ եթե ասում ենք, որ պետք է ապրենք կիսատ կյանքերի փոխարեն, պետք է նաև գիտակցենք, որ անսխալական ենք ապրելու, հերոսներին արժանի ենք ապրելու։ Այդ դեպքում միայն կապրենք մեր լույս ՀԵՐՈՍՆԵՐԻ կիսատ մնացած կյանքը։

Վերջում մի փոքր խոսք էլ ուղղեմ մեր սահմանին կանգնած քաջ ու անվախ հերոսներին։ Մի պակասեք, տղերք, տանը սպասող ունեք։ Վերադարձեք, տղերք, անպայման վերադարձեք։ Մեզ անմահացած հերոսներ պետք չեն, տղերք, մեզ դուք եք պետք, ձեր կյանքն է պետք, ձեզ ողջ ու առողջ տեսնել է պետք։ Մի պակասեք, տղերք, մի հեռացեք։ Ախր, շատ գործեր ունեք դեռ անելու։ Ինչպե՞ս ենք ապրելու ձեր կյանքի գնով։ Ինչպե՞ս ենք քնելու, երբ գիտենք, որ մեր հանգիստ քնի համար դուք հավերժ քնած եք մնալու։ Մի պակասեք, տղերք, մի պակասեք։ Ես հավատում եմ, որ հետ եք գալու հաղթանակած։ Միասին մեր պապական հողի վրա քոչարի պիտի պարենք։ Ես սպասում եմ ձեզ։

ՄԵՆՔ սպասում ենք ձեզ տղերք։

#հաղթելու_ենք

Հոր նամակը սահմանից

«Իմ աղջիկ, նորից շտապում եմ…

Շատ էի կարոտել բոլորիդ: Կարոտել էի իմ ընտանիքը, սիրելիներիս, մտերիմներիս… Սիրում եմ բոլորիդ, բայց ես չեմ կարող ավելի շատ չսիրել իմ հայրենիքը։

Ավելի քան 1 ամիս է` մենք նորից պատերազմի մեջ ենք․ ադրբեջանական ուժերը պատերազմ են մղում հայության դեմ, այն էլ ինչ պատերազմ, թուրք-ադրբեջանաահաբեկչական ոսոխը նորից փորձեց անցնել այս լեռներով, ներս մտնել մեր դարպասներից ինչպես պտտահողմ, ինչպես ամպրոպն ահավոր։ Անցյալ դարերում մեր թշնամին այսքան նենգ ու վայրագ երբեք չէր եղել, բայց գիտե՞ս, մեր 18-20 տարեկան հզոր տղաները իրենց կենսագրության էջերն են շարունակում գրել Հայոց բանակի զինվորական մատյանում, յուրաքանչյուրն ուզում է դառնալ այս հողի առաջին պարիսպը: ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶՆԻՎ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍՈՒՄ…

Չէ, ընկճված չեմ, այլ վստահաբար կարող եմ ասել, որ մեր հզոր բանակը տապալում է թշնամու զորքը: Ոչ մի ժամանակի և ոչ մի երկրի զինվոր չի կարող համեմատվել հայ զինվորի հետ իր քաջությամբ ու հայրենասիրությամբ, որովհետև հենց հայ զինվորի արյունով է թաթախված այս հողը, ամեն քարի ու ժայռի մեջ արյան կանչ կա։

Մենք ոչ մի թիզ հող չենք թողնի թշնամուն:

Ահա թե ինչու եմ շտապում, հայրենի հողը կանչում է ինձ, իմ զինակից ընկերները ինձ են սպասում։

Այսօր բոլորիս վիճակված է լինել անկոտրում և Արցախի զինվորն ու տերը։ Մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի թանկ ժառանգություն ենք ստացել մեր հայրենիքից։ Մեր միասնությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելը կստիպի աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը։

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ ՊԱՐՏՔ»:

Մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս

Վարդգես Պետրոսյանն իր գործերից մեկում գրել է. «Երկիրը երկու հարևանով տուն չի, որ վատ հարևանի պատճառով ծախես, գնաս մի ուրիշ փողոց կամ քաղաք, նոր տուն առնես․․․ Կպած ապրում ենք ու պիտի ապրենք, մինչև Ահեղ դատաստան»։

Ու երևի մի ուրիշ կյանքում կամ մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս ես էս նախադասությունը նույնիսկ երկու անգամ չէի կարդա։ Պայուսակիս միջից մատիտ չէի հանի ու ընդգծեի։ Գիտե՞ք ինչի։ Որովհետև մեզ դա են սովորեցրել դպրոցում, ու մենք չենք հարցրել. «Ա՛խր, ինչի՞ համար, այ ընկեր Գասպարյան»։ Որովհետև մեզ ստիպել են, որ ամեն տարի բանակի օրը զինվորին կամ բանակին նվիրված մի շարադրություն գրենք։ Ասում եմ` ստիպել են, քանի որ դասարանից դուրս, դպրոցի դարպասների մյուս կողմում մենք չենք իմացել՝ ոնց իրականում նվիրվենք էդ բանակին ու մեր զինվորին։ Չենք իմացել՝ ոնց էդ գրականության տասներկու թերթանի ստուգողականների տետրի թերթերից պոկենք մեր հարգանքն ու իրական կյանքում մի կերպ կիրառենք։ Հակառակն ենք տեսել։ Տեսել ենք ընտանիքներ, դասարանցիներ, ծնողներ ու ծանոթներ, որ ամեն կերպ ուզեցել են էդ փառահեղ բանակից իրենց որդիներին «փրկեն»։ Ու երևի դրա համար էլ չենք կարողացել վերոհիշյալ հարգանքը պոկել գրականության տետրի էջերից։

Ու երևի մի ուրիշ կյանքում կամ մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս չէի դնի ու ժամերով մտածեի՝ արդյո՞ք եկել ու վրա է հասել էդ Ահեղ դատաստանը։ Արդյոք հիմա ես պիտի տունս ծախեմ ու գնա՞մ, թե՞ պիտի մնամ տանը ու էդ հարևանի աղմուկին ու բարբարոսություններին դիմանամ։ Արդյո՞ք էդ խաբեբա հարևանն արժե իմ հանգիստ քունն ու ընկերներիս կյանքը։ Արժե՞ իմ տաք ու հարմարավետ տունը, որ ես կորցնեմ իմ հարազատ ու սիրելի մարդկանց։ Արժե՞, որ հազարավոր ուրիշ տներում անընդհատ ճրագ մարի, ու կյանքը էլ երբեք առաջվանը չլինի։ Արժե՞ իմ էս տանը մնալը ինչ-որ բան, եթե Արցախից եկած երեխեքը էլ տուն չունեն, ու էնպես են նայում աչքերիս մեջ, որ իմ աչքերն էլ են արցունքոտվում։ Արժե՞ իմ էդ մի հատ տունը, որ ես տեսնեմ, ութ տարեկան Մանեին լացելուց, որովհետև ինքը գրքերը թողել է Մարտակերտում, գրասեղանին, ու հիմա դաս չի կարողանում անի։ Արժե՞ իմ տունը, որ չեմ ծախում ու գնամ, որ տիկին Հասմիկը գա ու նստի իմ կողքին, սկսի լաց լինել, որովհետև երեք տղաներն էլ առաջնագծում են՝ երկուսը բժիշկ, մյուսը` զինվոր, հետո էլ ինքը ինձ հույս տա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ու պիտի՞ ես կպած ապրեմ, եթե շուրջս մարդկանց համար ամեն ինչ մեկ է դարձել։ Եթե ամեն անգամ զոհերի ցուցակում ծանոթ անուն փնտրելուց հետո աչքերս լցվում են, որովհետև ծանոթ անուն էս անգամ չկար, բայց հետո հասկանում եմ, որ ուրիշներին 1009 անգամ արդեն ծանոթ անուն է հանդիպել։ Ախր, ես ո՞նց կպած ապրեմ, եթե իմ տրամադրությունը, կենսակերպն ու ապրելը առհասարակ կախված է ընկերներիս մի հաղորդագրությունից, մի զանգից, մի լուսանկարից։

Ու երևի մի ուրիշ կյանքում կամ մի ուրիշ հոկտեմբեր ապրելիս ես չէի իմանա, թե ահեղ դատաստանը որն է։ Չէի իմանա, թե ինչպես կարող է սիրտդ կոտրվել մեկ օրում տասնյակ անգամներ ուրիշի ցավից։ Մի ուրիշ կյանքում ու մի ուրիշ հոկտեմբերին ես ուղղակի չէի մտապահի էդ երկտողը․․․

Մի լուսանկարի պատմություն

Էս լուսանկարում են պապաս, հորաքրոջս ամուսինն ու հորեղբայրս… Էս  նկարը ես դնում եմ էջիս պատին,  գլուխ գովալու կամ  PR անելու համար չէ… Ուրիշ է…  Պապաս, ինչքան հիշում եմ ինձ ու իմ մանկությունը, միշտ պատմում էր ու շարունակում է մինչ օրս պատմել, պնդել, բանավիճել ու ապացուցել , թե ինչ լավ  ու յուրաքանչյուր հայ տղայի համար անհրաժեշտ բան է ծառայելը: Երբ որոշ տղաների ծնողները մտահոգվում ու հազար ու մի ճանապարհներ էին փորձում իրենց տղային Արցախ չուղարկելու  (ու իրականում իրենց մեղադրել պետք չի), իմ պապան հակառակը՝  երազում էր  որ եղբայրս Արցախի պաշտպանը լինի (դե, դուք պատկերացրեք մամայիս վիճակը: Անկեղծ ասած, հոգուս խորքում միշտ նախանձել եմ ու ափսոսացել, որ  չունենք աղջիկների բանակ և էդ սուրբ գործին ես չունեմ մասնակցություն:

Երբ պատերազմը սկսվեց, պապաս նոր էր վերադարձել Հայաստան, կարելի է ասել, չհասցրեց նորմալ շունչ քաշել: Մազերիս ծայրով էի զգում, որ ինքը հանգիստ չի նստի ու նայի, թե սահմանում ոնց է կռվում ու նահատակվում մատաղ սերունդը։ Ես գիտեի, որ ինքն ամեն ինչ կանի, որ գնա  18 – 20 տարեկան տղերքին թիկունք լինի: Ու ես չսխալվեցի…Պապաս գնում է էնտեղ, որտեղ իր կարիքը ամենաշատը կա… Ասել, որ ես հպարտ եմ, գրեթե ոչինչ չասել: Ասել, որ վախ չկա, նշանակում է` ստել: Իրականում, բոլոր զգացմունքներս խառնվել են իրար՝ սեր, զայրույթ, հպարտություն, վախ, ծնողապաշտություն, վիրավորանք, հայրենասիրություն, տագնապ, հիասթափություն, վճռականություն, ուրախություն…

Պետք է սթափվել… Իրենք գնում են որպես զինվոր – հերոսի մեծ եղբայր: Գնում են, զինվորի կողքին, զինվորի հետ միասին թշնամուն դուրս շպրտելու  էն հողից, որի համար թափվել  ու շարունակում է թափվել անմեղ արյուն… Միտքս ուրիշ բան է ասում, սիրտս` ուրիշ։ Պետք է հավաքվել…

Իրենք գնում են, ու ես գիտեմ, որ հետ են գալու հաղթանակը ձեռքում… Իրենք գնում են Հայրենիքը պաշտպանելու… Իրենք գնում են ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՄԵՐ ՀԱՆԳԻՍՏ ՔՈՒՆԸ հսկելու…

Ես էլ՝ հորս աղջիկը լինելով, իր և մյուս կամավորների թիկունքում սիրով և ԱՆԴԱԴԱՐ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ կշարունակեմ մտովի և հոգեպես վահան լինել հորս և բոլոր մարտի դաշտում կռվողների համար, իսկ հնչեցրածս աղոթքը՝ «բալիստիկ, կասետային, լոռա» հրթիռ, «իսկանդեր» թշնամու համար։

Էս պատերազմը ինձ շատ բան հասկացրեց։ Հասկացրեց մորս խոսքերի իմաստը. «Չես սիրում հայերենը, ուրեմն, չես սիրում ոչ հայրենիքդ, ոչ էլ մորդ»… Հիշեցրեց ՌԴ –ում պապայիս ու հորաքրոջս ամուսնու պարտադրանքը ինձ ու եղբայրներիս՝ տանը խոսել  միայն հայերենով: Ափսոս, որ էն ժամանակ մենք դա անում էինք, երբ իրենք տուն էին գալիս…

Գիտեմ, իրենք բոլորը հետ են գալու… Գիտեմ, որ եթե պապաս  գնում է մի տեղ, էդ տեղում հումորի չափաբաժինը շատ – շատ է լինելու:  Ու երբ հետ գա՝ շարունակելու ենք «գրազով» պարելը և մամայիս ՝ «քանդվիս աշխարհ…» խոսքը  ցիտելը:

Ամեն ինչ ավարտվելու է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ, ՀԱՅԻ հաղթանակով…

Աստված պահապան բոլորին։

#Հաղթելուենք #Հայաստան #Հաղթելենք

Չափման միավորը` Հայ Զինվոր

Այս օրերին Զինվորների մասին շատ եմ ուզում գրել, բայց նաև շատ եմ դժվարանում։ Պատերազմի առաջին օրից մտքիս մեջ մի նոր նյութ եմ գրում, ապա ջնջում, մի քանի տող փոխում, ապա ամբողջ տեքստն եմ ջնջում ու սկսում նորի վրա աշխատել։ Պատճառը ձեզ այդքան գովելու անհագ զգացումն է, երևի բառերս չեն հերիքում։

Շատ կուզեի այս տեքստը լիներ մի պարտադրված շարադրություն, որը ուսուցչուհին գրականության ժամին առաջադրած կլիներ, ու դասարանի մի մասը կասեր` այո, եկեք գրենք, իսկ մյուսները կտրտնջային։ Չէ, էս տողերս պարտադրված չեմ գրում, բայց պարտավոր եմ գրել։

Գիտե՞ք, ես ամեն օր առավոտյան արթնանալուց հետո օրվա անելիքներս եմ վերհիշում, ու մտածում եմ, որ շատ-շատ անելիք ունեմ ու չեմ կարող այդքանը անել, իսկ այսօր ձեր անելիքները պատկերացնելիս իմ անելիքները չանելու համարձակություն չեմ գտնում։ Դուք ազգ եք պաշտպանում, միլիոնավոր մարդկանց, բայց և այդքան բարդ գործն անելիս ժպտում եք, հեռախոսով ընտանիքի հետ խոսելիս գոտեպնդում եք: Ճիշտ է, հոգում զգացածը այնքան էլ ուրախ ու բարի բան չէ, բայց ժպտում եք։ Ձեզանից դեռ շատ բան պետք է սովորենք, երբ մեզ չափից դուրս հայրենասեր զգանք։

Դուք Միավորների Միջազգային Համակարգում մի նոր մեծություն ներմուծեցիք՝ հայրենասիրության չափման միավորը` Հայ Զինվորը։

Ձեզնից ոմանք դպրոցում ծուլություն էին անում, իսկ հիմա բոլոր զենքերի մասին ամեն տեղեկություն այնքան լավ եք սերտել, որ մենք նույնիսկ մեզ պրոֆեսիոնալ համարող ֆիզիկոսներս՝ ֆիզիկայից, կենսաբաններս՝ կենսաբանությունից, բնագետներս՝ բնագիտությունից, կամ առևտրականներս՝ առևտրից այդքան բան չգիտենք։

Դուք հայ մարդու վեհ օրինակ եք, ով գերազանցեց մեր պապերին ու ապուպապերին։

Ու երևի դուք կլինեք իմ գրած առաջին գրքի անպարտ հերոսները, ովքեր հայրենիքի հաղթանակը ավելի վեհ գնահատեցին, քան իրենց կյանքը։

Ապրեք տղերք, կաղոթենք ձեզ համար մինչև ձեր տուն վերադառնալու վերջին օրը։

Հաղթելու ենք

Սիրելիներս,

ի տարբերություն լրատվամիջոցների մեծ մասի, մեր թղթակիցներից շատ-շատերը այսօր ոչ թե լուսաբանում են ռազմաճակատի ու թիկունքի իրադարձությունները, այլ հենց իրենք են կերտում այդ իրադարձությունները` կենաց ու մահու պայքար մղելով առաջնագծում: Քանի որ նրանք, ձեզ հետ միասին, ներկայացուցիչներն են այն սերնդի, որն իր ուսերի վրա է տանում այս պատերազմը:

Խնդրում եմ ամեն օր հիշեք նրանց ձեր աղոթքներում:

Խնդրում եմ նաև ավելի ակտիվ փորձեք լրացնել նրանց ժամանակավորապես թափուր թողած տեղը` ձեր հույզերը, գործերն ու հաղթանակի հավատը ներկայացնող նյութերով:

Եվ հիշեք, որ դրանց հիմնական ընթերցողներն էլ ձեր սերնդակիցներն են, ում վիճակված է մաքառել և հաղթել: Նրանք սրտատրոփ սպասում են ձեր «նամակներին»:

Ու եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման շատ ուշադիր ընթերցելու են դրանք: