Ազատ տարածք խորագրի արխիվներ

Հաղթանակա՛ծ ապրիլ, գարունդ նորից կծնվի

Լույս, խավար, լույս, խավար․․․

Խավարասերը, իր վախկոտ բնավորությանը հավատարիմ մնալով, փորձեց կրկին իր սև գործն անել։

Հերթական սովորական օրերից էր։ Դպրոցում դասի էինք, երբ հանկարծ ամեն ինչ մի վայրկյանում փոխվեց։ Լուր տարածվեց, որ պատերազմ է սկսվել։ Մենք դեռ այդքան էլ չէինք գիտակցում, թե ինչ է կատարվում, բայց մեր ուսուցիչները լավ գիտեին, որովհետև արդեն մեկ անգամ անցել էին դրա միջով։ Դասերն ավարտելուց հետո տուն գնացինք։ Ամբողջ քաղաքն էր արդեն պատերազմի մասին խոսում։ Անգամ լսում էինք, որ մի քանի ժամ առաջ կամավորական ջոկատներ են Արցախ մեկնել։ Փողոցում ամեն ինչ հանդարտ էր, բայց մարդկանց նայելիս կարելի էր միանգամից հասկանալ, որ անասելի անհանգիստ ու լարված էին։ Այդ օրը կիթառահարների մեր փոքրիկ խմբով առաջին անգամ պետք է նվագեինք։ Նվագեցինք, բայց․․․ Փոքրաթիվ հանդիսատեսը, որ կանգնած էր, ջանում էր ոգևորել մեզ, բայց յուրաքանչյուրիս էլ այդ պահին մի հարց էր տանջում՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ հանկարծ սկսվեց այդ ամենը, ինչպե՞ս էին զինվորները, շա՞տ են զոհերը, ի՞նչ է լինելու վերջում, ե՞րբ է ավարտվելու ամեն ինչ։

Մայրիկիս հետ տուն էինք վերադառնում, երբ բակում հանկարծ մի քանի րոպե քարացա տեղումս․ երբեք այդքան բարձր դղրդոց չէի լսել։ Հարցրի մայրիկիս, թե ինչ է կատարվում, ու նա ասաց, որ տանկերն են պատերազմի գնում։ Անհավատալի էր, բայց մեզնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էին գտնվում այդ տանկերը։ Նրանց ձայնից կարծես ողջ քաղաքը ցնցվում էր։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էի անթարթ հայացքով մտապահում այդ ձայները։ Ես ոչ միայն անսպասելի վախից, այլև զարմանքից էի քարացել։ Չէի կարողանում հավատալ, որ այդ ամենն իսկապես կարող է իրականություն լինել։ Ախր մենք պատերազմի մասին միայն գրքերում էինք կարդացել։ Մայրիկս այդ պահին մի փոքր ավելի սառնասիրտ էր, չէ, ոչ թե սառնասիրտ, այլ փորձառու։ Նա արդեն երկրորդ անգամ էր տանկերի ձայնը այդչափ բարձր լսում։ Նա երկրորդ անգամ էր պատերազմական այդ իրավիճակին ականատես լինում։ Տուն հասնելուց հետո ընկերներով անընդհատ քննարկում էինք իրավիճակը, իրար հարցնում, թե ինչ նորություն կա։ Ոչ մի վայրկյան հեռուստացույցի էկրաններից չէինք կտրվում, որովհետև ամեն վայրկյան լուրերի էինք սպասում։ Շուտով սկսեցին հերթով մեր զոհերի մասին հայտարարել։ Նրանց նկարներն էին ցույց տալիս, պատմում նրանց մասին։ Ժամ առ ժամ, օր օրի անուններն ավելանում էին, ու չնայած՝ մեծամասնությանն անձամբ չէինք ճանաչում, մեր արցունքները չէինք կարողանում զսպել։ Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը լույս էր, կյանք։ Հերթը հասավ նաև մեր քաղաքի՝ Կապանի հերոսներին։ Ամբողջ քաղաքն էր սգում։ Նրանցից երկուսի թաղման օրը, երբ ամբողջ քաղաքն էր ճանապարհում, մենք աշակերտներով հավաքվել էինք դպրոցի բակում։ Երբեք մեր բակը այդքան լռակյաց չէր եղել․ անգամ շշուկ չէր լսվում։ Բոլորս մեր արցունքներոը խեղդելով կամ էլ հուզվելով, ափսոսանքով նայում էինք այդ դաժան, սիրտ կրծող, ցավալի տեսարանին։ Չէ՞ որ այդ հերոսներից յուրաքանչյուրը լուսավոր երազանքներ, նպատակներ ուներ։ Պատերազմական այդ օրերին բոլորիս կյանքը կարծես գլխիվայր շուռ եկած լիներ։ Անտանելի անհանգստություն, անբացատրելի իրադարձություններ, անդադար հարցեր, ափսոսանքով նայող հայացքներ, անմեղ զոհեր, անբուժելի ցավ, անջնջելի հիշողություններ, աննկարագրելի խորը վերք, որը դեռ շատ երկար, գուցե և երբեք չսպիանա։

Մենք, որ սահմանին կանգնած չէինք կռվում, այսպիսի զգացողություններ, ապրումներ ենք ունեցել։ Իսկ ի՞նչ են զգացել այդ րոպեին սահմանին կանգած զինվորները, որոնք իրենց ընկերների մահն են տեսել, որոնք պայքարել են, որոնք զգացել են պատերազմի դառը համը։ Կարծում եմ՝ բառերը քիչ կլինեն անգամ նկարագրել փորձելու համար։ Շատ պատանիներ ժամանակից շուտ հասունացան, սկսեցին շատ խորը ընկալել ու հասկանալ, թե ինչ է հայրենիքը, ընկերությունը, հայրենասիրությունը։

2016թ․-ի ապրիլը տպվեց բոլորիս հիշողության մեջ։ Ցավալի է, երբ մարդկային կյանքը ժամանակից շուտ է ընդհատվում։ Որքան էլ փորձում ենք ցույց տալ, որ կյանքը շարունակում է իր բնականոն ընթացքով շարժվել, այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ շատ բան է փոխվել։ Յուրաքանչյուրս էլ ժամանակ առ ժամանակ առանձնանում ենք ինքներս մեզ հետ՝ սկսելով անդադար հարցեր տալ ու պատասխաններ գտնել։ Պատասխանների մեծ մասը այդպես էլ չենք ստանում ու, երևի թե, դա բնական է։ Ուղղակի պիտի համակերպվենք այն փաստի հետ, որ պատերազմը միշտ էլ զոհեր է պահանջում։ Հիշողությունները երբեք չեն լքի ու ցավ կպատճառեն հենց այն պատճառով, որ ընդամենը հիշողություն են։ Կյանքը գուցե ամեն վայրկյան է փոխվում, բայց կան արժեքներ, որոնք մնայուն են։ Խաղաղությունը բացարձակ արժեք է և ցանկալի կլինի, որ օրերից մի օր կարողանանք վերջնականապես հասնել դրան։ Իհարկե, ասածս մի փոքր անհավանական է հնչում, բայց պետք չէ հուսահատվել։ Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ մենք այսօր մեր ամենօրյա կյանքն ենք ապրում։

Խավարասերը, իր վախկոտ բնավորությանը հավատարիմ մնալով, փորձեց կրկին իր սև գործն անել, բայց չգիտեր, որ չի կարողանալու հաջողել։ Ախր նա այնքան վախկոտ է ու այսքան տարիների ընթացքում այդպես էլ չի հասկացել, որ լույսը միշտ է հաղթում խավարին, միշտ։

Լույս, խավար, լույս, խավար, լույս։

Դուրս մի՛ արի սենյակից

Не выходи из комнаты; считай, что тебя nродуло.
Что интересней на свете стены и стула?
Зачем выходить оттуда, куда вернешься вечером
таким же, каким ты был, тем более — изувеченным?

Иосиф Бродский

Դուրս մի արի սենյակից․ հաշվիր, թե քամի է փչում,
Ի՞նչ կա պատից ու աթոռից գրավիչ,
Ինչո՞ւ դուրս գալ, եթե երեկոյան պիտ վերադառնաս
այնպիսին, ինչպիսին մինչ այդ էիր, դեռ մի բան էլ՝ խեղված․․․

Իոսիֆ Բրոդսկի

Juliabrahamyn12

Տան ու գուլպաների մասին

Կարանտինի ընթացքում ես հասկացա, որ տան մասին բոլոր ռոմանտիկ պատմություններն ու ասացվածքները սուտ են ու անիրական։

Տունը ո՛չ մարդ է, ո՛չ զգացմունք։ Տունն այն վայրն է, որտեղ դու կարող ես երկու իրարից տարբեր գուլպաներ հագնել, որովհետև յուրաքանչյուրի զույգը կորցրել ես, ու քեզ բավականին հարմար զգալ։ Եթե շատ ես ուզում, ապա կարող ես մորդ հպարտ-հպարտ ցույց տալ։
Ես նման մի բան արեցի, ու մայրս ուղղակի քթի տակ հառաչելով ասաց․

-Արդեն 17 տարի, 17․․․

Ոչինչ, կդիմանամ, կարևորը, որ ինձ ուրախություն է պատճառում իմ ամանորյա կարմիր գուլպան մյուս՝ մոխրագույն ու կատուներով գուլպայի համադրությամբ։

Հա, ի՞նչ էի պատմում։ Կարանտին։ Դե, օնլայն դասեր և այլն։ Բանից պարզվում է,  եթե տանն ես ու տանից ես աշխատում և սովորում, ապա օրդ զարմանահրաշ կերպով 24 ժամից դառնում է 35 ժամ։ Կարող ես հանգիստ մի ողջ կիսամյակի դաս անել երեք օրում, չէ որ․

-Տանն եք, գործերիդ անունն ի՞նչ է որ։

Սա էլ անցնենք, որովհետև ուսանողների մոտ մի հրաշք հնարավորություն կա, որը համարյա միշտ միացված է։ Կոչվում է «Չքնել երեք օր՝ առանց օ՜ֆ ասելու»։ Մեղքս չթաքցնեմ ու միանգամից ասեմ՝ վերջին մասն ինձնից հորինեցի։

Օրական մոտավորապես տասը ժամ համակարգչի առաջ անցկացնելուց հետո հասկացա, որ ես երբեք, լսու՞մ եք, եր-բեք IT մասնագետ չեմ դառնա։ Իհարկե, մինչև դա էլ չէի դառնա, բայց այսպես ավելի դրամատիկ է հնչում։

Հեռավար դասերի ժամանակ խմբի ուսանողներով մի տեսակ ուրիշ մտերմություն եք զգում։ Ավելի համախմբված եք։ Իհարկե, մտերմանալն անխուսափելի կլիներ, եթե էկրանից այն կողմ տեսնում ես կուրսեցուդ՝ գիշերազգեստով ու անկողնու մեջ։ Կամ, երբ դասախոսին եք սպասում, և դու հնարավորությունը բաց չես թողնում քո՝ իրարից տարբեր գուլպաները բոլորին ցույց տալու։

Բացի անքուն գիշերներից ու մի ամբողջ ուսումնական տարվա համար դասերից՝ կարանտինը հնարավորություն է տալիս շփվել տանեցիների հետ։ Պարզվում է՝ լավ էլ մարդիկ են։ Մեկ-մեկ հեռուստացույցի ձայնն են չափից դուրս բարձրացնում, բայց հետաքրքիր մարդիկ են։

Ինչևէ, եթե ես չլինեի ալարկոտ ու սուրճից կախում չունենայի, ապա միգուցե մի քանի լավ ֆիլմերի ու գրքերի անուններ կգրեի ու խորհուրդներ կտայի, թե ինչ անել կարանտինի ժամանակ, բայց եկեք անկեղծ լինենք՝ ոչ մեկս էլ նման խորհուրդների չենք հետևում։

Վերջում էլ ինձ կպատկերացնեմ ինչ-որ կարևոր պաշտոնյայի դերում ու կասեմ․

-Առողջ եղեք։

 

ofelya hovhannisyan

Թող ամեն ինչ առաջվանը լինի

Արդեն հոգնել եմ այս օնլայն կյանքից։ Առանց այն էլ համացանցը և սոցիալական կայքերը ամենուրեք մեզ հետ են։ Առանց այս ամենի՝ մեզ համար չկա հետաքրքրություն։ Չնայած ամենօրյա դասերին և ընթերցանությանը՝ համցանցն էլ իր նշանակությունը ունի։ Բայց հիմա այն սկսել է ինձ շատ հոգնեցել։ Հիմա ստիպված ես չեմ գնա համալսարան, որովհետև դասերս արդեն օնլայն եմ անում, կարիք չկա գրադարան գնալու, հիմա օնլայն եմ կարդում գրքերը և ընկերներիս, որոնց վաղուց չեմ տեսել, հիմա էլ չեմ կարող տեսնել, կամ ավելի վատ՝ կարող ես տեսնել, բայց ստիպված եք միմյանց հեռվից բարևել ու անցնել, որովհետև կորոնավիրուսի պատճառով դու նրանց հետ էլ պետք է օնլայն շփվես և գրկելու սմայլներ ուղարկես։ Այն օրից, երբ դադարեցին դասերը և առհասարակ հայտարարվեց արտակարգ իրավիճակ, օրերս անցնում են միօրինակ։

Հիշում եմ՝ ամեն առավոտ, երբ շտապում էի կանգառ, սպասում իմ տրանսպորտին, հաճախ չէի հասցնում, լարված մյուսին էի սպասում։ Հետո համալսարանում տեսնում էի ընկերներիս, քննարկում դասերը, գնում գրադարան և դասերս վերջացնելուց հետո կրկին շտապում կանգառ ու անհանգստանում, որ տրանսպորտս մի քիչ ուշացավ։ Իրականում ինձ համար մի փոքր դժվար է երկրորդ հերթը, բայց կարոտում եմ այդ օրերը, քանի որ ամեն ինչ այնքան հանկարծակի փոխվեց։ Հիմա ես չեմ շտապում կանգառ և չեմ սպասում տրանսպորտի, արթնանում եմ քնից և միանգամից նստում համակարգչի առաջ, հեռախոսս՝ ձեռքիս, որ ոչ մի դաս բաց չթողնեմ։ Ընկերներիս միայն ձայներն եմ լսում դասի ժամանակ, դասախոսիս լավ է՝ գոնե տեսնում եմ լսելուց բացի։ Օնլայն գրքեր արդեն դադարել եմ կարդալ, քանի որ անհնար է օրվա վերջում հեռանալ համակարգչի մոտից և չբողոքել տեսողությունից։

Ահավոր է հատկապես այն երևույթը, երբ նայում եմ պատուհանից ու դրսում ամայություն է։ Պատուհանը անգամ բացելիս, քույրս տագնապում է՝ ասելով․

-Օֆ, փակի, վիրուսը տուն կգա։

Հոգնել եմ կորոնավիրուսի մասին արդեն կարդալուց։ Ուզում եմ դուրս գալ, մարդկանց տեսնել, դիպչել ու զգալ, որ առաջվանն է կրկին։ Վայր դնել հեռախոսս ու հեռանալ համակարգչի դիմացից, որ գնամ՝ համալսարանում բուռն քննարկումերով անցկացնենք դասը և հետո, թեև շատ հոգնած, բայց հաճելի օրվա ավարտից հետո վերադառնամ տուն։ Եվ վերջապես ընկերներիս տեսնելուց կարողանամ գրկել, ոչ թե զուտ ձեռքով անեմ և ասեմ.

-Չմոռանաս չաթ մտնել։

Հոգնել եմ այս օնլայն կյանքից ու մեկուսացումից։ Ուզում եմ, որ բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին։

Այնուհանդերձ գարուն է

Nare Hovhannisyan

Իմ նվիրած փողկապը

Էս աուրան կթողնեմ էստեղ, իսկ դու կկառչես դրա ճոթերից, կօրորվես։ Հետո մի պահ կփորձես հիշել դիմագծերս, լուռ ու մուգ աչքերս, երկար ու խիտ թարթիչներս, նեղ ու կիսակարմիր շուրթերս․․․ Դրանք բոլորը աղոտ տպավորված կլինեն գլխումդ, ու նորից կձևես ինձ ու կփոշմանես, որ կազմվածքս լավ չես հիշում։ Կնստես բազմոցին, կվառես վերջին ծխախոտդ, ամուր կպահես ատամներիդ արանքում, ու կխեղդվես, որովհետև էլի ծխել չսովորեցիր։ Կհանես մուգ կապույտ վերարկուդ, անփութորեն կշպրտես դռան մոտ դրված պահարանի վրա, ակնթարթի պես վերարկուդ կսահի ու կփլվի գետնին՝ մոռանալով իր անհրաժեշտության մասին։ Նորից կփլվես բազմոցին, ճմլված ծխախոտը վերջապես կհանես բերանիցդ ու կնետես աշխարհից ծանրացած մոխրամանի մեջ։ Տաք թեյին կկարոտես, մտքումդ մի քիչ դարչին կավելացնես՝ նուրբ կծվություն պահանջելով, թզի մուրաբան էլ կհալչի բերանումդ։ Փողկապդ կարձակես, որը միշտ վզիցդ բռնում է ու թափ տալիս քեզ՝ հիշեցնելով ով լինելդ։ Մի թեք հայացք կնետես, որ էլի իմ նվիրածը չկապեցիր, որովհետև մանուշակագույնն ու նարնջագույնը քեզ համար համատեղելի չեն։ Աչքերիցդ այն կողմ ծակող ու անտանելի ցավեր կզգաս, կտրորես, կմտածես իմ ասած մեթոդների մասին, ու աչքերդ 20 անգամ աջ ու ձախ կտանես, 30 անգամ վերև-ներք և միայն մեկ անգամ այդ ամենը կանես հավատով։ Կփնտրես բազմոցին շարված բարձերից մեկը, գլուխդ կդնես ու կհիշես, որ ասել եմ, որ չի կարելի առանց ծածկոց քնել, այն էլ հունվար ամսին։ Միտքդ ինձ կհիշի, ու հենց այդ պահին գլուխդ ծուլորեն կբարձրանա բարձից։ Մարմինդ՝ կմախքացած ու նվաղած, օրորալով հյուրասենյակից կուղղվի ննջարան ու քնելուն ծարավ հայացքով կանիծի չխմած թեյերի համար։ Մարմինդ կնետես մահճակալին ու կմոլորվես նրա ծալքերում… Թեյնիկը կեռա, տաք թեյի կկանչի, իսկ դու իմ նվիրած փողկապը էդպես էլ չես կապի։

nare ohanyan

Սերը կորոնավիրուսի, թե կորոնավիրուսը սիրո օրերին

Պատերազմները քրեորեն դատապարտելի են, համաճարակները՝ ոչ։

Կյանքը շեղվել է սովորական ընթացքից։ Մարդիկ ինքնամեկուսացել են։ Երևանյան լիքը փողոցները դատարկվել են։ Փակվել է համալսարանը, ու ես, մի փոքր անգամ չոգևորվելով այս հանգամանքից, հեռացել եմ Երևանից՝ քաղաքը թողնելով բնիկներին։ Բայց քանի որ ցանկացած իրավիճակից պետք է քաղել լավագույնը, չսպանելով ժամանակս՝ փորձում եմ այն օգտագործել հնարավորինս արդյունավետ։ Դե, իսկ իմ ժամանակը ոչինչ ավելի արդյունավետ դարձնել  չի կարող, քան գրելը։ Հավատացնում եմ՝ գրելու շատ բան կա, հատկապես՝ հիմա։ Ինչպես չգրեմ այն ամենի մասին, ինչը տեսնում եմ այս օրերին։ Երբ արտակարգ դրությանը, անսովոր ապրելակերպին գերազանցում է անսովոր արտակարգ սերը։  Մեր ժամանակներում իսկական սեր է, երբ մեզ կոչ են անում պահպանել սոցիալական տարածք կոչվածը, բայց մեր կողքին մենք ունենք մարդիկ, որոնց հետ շփվելիս չենք հասկանում ոչ մի սոցիալական տարածք, որովհետև պիտի բուժենք ու բուժվենք մոտիկությունո՜վ, առանց որևէ տարածք պահելու։  Մենք կապաքինվենք իրար գրկելով, կապաքինվենք՝ զգալով, որ միայնակ չենք։ Կապաքինվենք, որովհետև կհասկանանք, որ նրանց համար հաստատ արժե ապրել նույնիսկ համաճարակի ժամանակ։

Եվ եթե սոցիալական տարածքը լիներ փրկությունը, բժիշկներն այդքան մոտ չէին կանգնի իրենց հիվանդներին։ Եթե դա լիներ բուժումը, աշխարհում ոչ մեկն այդպես էլ չէր բուժվի, որովհետև իրարով պիտի բուժվենք։ Համաճարակը մարդկանց ներսում է. ներսից են վարակված, ներսից էլ պիտի բուժվեն։

Սերը կանցկացնի կորոնավիրուսը։

Սե՛րը կլավացնի մեզ կորոնավիրուսի օրերին։

#չփռշտաք
#առողջություն

mariam tonoyan

Մեկ ժամ

Գիտե՞ք, վերջերս սկսել եմ շատ հաշվել. 1…20…56…90…194…235..․ Հաշվում եմ ժամ առ ժամ նոր վիրուսով վարակվածների թիվը, հաշվում եմ վիրուսի տարածման արագությունը, իմ վարակվելու հավանականությունը, հնարավոր հետագա զարգացումները, անգամ ամեն նոր լուսացող առավոտ՝ մտածելով,  որ շատերի համար դա վերջինն է։

Սկսել եմ հաշվել իմ անմիտ քայլերը, օրինակ, սովորականից մեկ ժամ ուշ արթնանալը, որի պատճառով  կորցնում եմ մեկ ամբողջ ժամ՝ հանգստանալու վրա ծախսելով, երբ մեկ ժամվա ընթացքում հազարավոր կիլոմետրեր այն կողմ մեկն իր վերջին արտաշունչն է անում։ Հաշվում եմ, թե քանի անգամ եմ կոպտում քրոջս մեկ ժամում, թե մեկ ժամում քանի անգամ եմ մերժում մորս խնդրանքն անմիջապես կատարել, նույն ժամանակահատվածում քանի վարժություն եմ գրում շտեմարանից՝ առանց գլուխս թղթից բարձրացնելու ու հարազատներիս ժպտալու։ Բայց այդ մեկ ժամը, ամեն դեպքում,  հաստատ կարելի էր ավելի լավ օգտագործել՝ գրկել մայրիկին, զրուցել քրոջս հետ նրա երազանաքների մասին, սուրճ պատրաստել հորս համար կամ շախմատ խաղալ եղբորս հետ, հիշել ամենահին ծանոթներից մեկին  ու զրուցել հետը, հաշտվել բարեկամիս հետ ու ներել ընկերոջս, և առհասարակ չափսոսել բառերը՝ նկարագրելու համար կարոտդ ու սերդ…

Այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը ասես կաթվածահար է, երբ նմանարիպ շատ մեկ ժամեր ունեք տանը անցկացնելու համար, խնդրում եմ, մտածեք, որ մեկ ժամը չափազանց շատ է միայն աշխատելու ու գլուխդ ինչ-որ հաշվարկներով ծանրաբեռնելու համար։ Կյանքը չափազանց փխրուն է՝ քո զամբյուղն անընդհատ փողով ու գիտելիքով լցնելու համար։ Երբեմն կարելի է չզլանալ ու քո զամբյուղից մարդկանց ժպիտ,  ուրախություն, հիշողություն, անգամ կյանք նվիրել։ 16.558 մարդ կհամաձայներ այս մտքի հետ, եթե արդեն մահացած չլինեին։ Կհամաձայնեն նաև 400.000 վարակվածները, ովքեր վախենում են կիսատ ապրել իրենց կյանքը ու կառչել են ժամանակից՝ լրացնելով իրենց բացթողումները ու պարզապես ձգտելով ապրել։ Անշուշտ, նրանք հիմա գնահատում են ջերմ գրկախառնությունները, որոնք հիմա վտանգավոր են դարձել, հիմա նրանք պատրաստ են ներողություն խնդրելու, ում նեղացրել են, պատրաստ են ներելու՝ առանց նախապես ծանրութեթև անելու, որովհետև, ի՞նչ իմանաս, գուցե այդ մարդկանց կյանքն է՞լ է հետհաշվարկի մեջ, ու չներված լինելը ավելի է ծանրացնում շնչելը…

Հա, երբ հիվանդ ես, հասկանում ես, թե կյանքում որքան ես սխալվել, որքան անարժեք խոստումներ ես տվել, քանի մարդու տեսնելիս ես ճանապարհդ թեքել՝ երկար ու ձանձրալի զրույցի չբռնվելու համար, բայց ում զրույցներին հիմա, գուցե, կարոտում ես, ինչ սովորական են եղել քեզ համար հարևանների հետ սուրճ խմելը, երեխայիդ հետ զբոսնելը կամ գնումներ կատարելը, հավաքվելը հարազատներիդ շրջանակում կամ պատարագի ժամանակ աղոթելը։

Հիմա,  երբ ամեն ինչից ասես զրկվել ենք, հիմա, երբ այս փորձությունը երկնքից է կախվել ու կոկորդդ բռնած ուզում է, որ դու ապրել սովորես ի վերջո, կամ գնահատես ունեցածդ, առողջ եղիր, և մտածիր համաճարակի վերացումից հետո քո հետագա կյանքի մասին, որպեսզի կյանքից զզվելու փոխարեն օգտագործես յուրաքանչյուր մեկ ժամդ այնպես, որ երբեք չափսոսես։

shushanik harutyunyan

Պանդեմիա

Տատիկս տեսել ա համաշխարհային պատերազմ,
Նաև Ղարաբաղի,
Ու Ապրիլյան:
Ապրել ա Սովետի ժամանակ,
Տեսել ա ստալինիզմ,
Կուլակություն,
Կուլակաթափություն:
Տատիկս տեսել ա Անկախությունը,
Երկրաշարժը:
Ապրել ա փոփոխության ճեղքերի վրա՝ «ցուրտի-մութի»,
Տեսել ա մոդեռնիզացիան,
Ու նաև դեինդուստրիալիզացիան:
Տատիկս տեսել ա կյանքը ինտերնետից առաջ,
Էլեկտրականությունից առաջ:
Էսօր ինքը լացում էր մեր համար,

աշխարհի համար

ու համբուրում հեռախոսի էկրանը.
«Էս ի՞նչ եղավ էս աշխարհի խետ, ազիզ ջան. էս ջահելները մեղք են…»