Ամենօրյա կյանք խորագրի արխիվներ

lida armenakyan

Ինչ անել, երբ ինքնամեկուսացած ես

Մի ամբողջ to do list եմ կազմել, որով առաջնորդվում եմ, ու ենթադրում եմ, որ պետք կգա, որպեսզի ամբողջ օրը տխուր չանցկացնես տանը:

1. Կարդալ գրքեր, շատ գրքեր
Սկզբում կարդալ տան բոլոր չկարդացած գրքերը, որոնք միշտ ուզել ես կարդալ, բայց չես հասցրել: Եթե տանը գրքեր չունես, օնլայն հարթակում բազմաթիվ գրքեր կան, ներբեռնիր ու կարդա։ Կարող ես օգտվել․
1․1 էլեկտրոնային գրքեր Յավրուհրատից
*https://yavrumyan.blogspot.com/p/ebook.html?fbclid=IwAR0A_u7YYFGUHSdqmbUe4RC6WFx93gJOYVkNktvf2Ph4vG6C0ILi_g9CUjI
1․2 աուդիոգրքեր Գրքասերից, տելեգրամի Книжная полка ալիքից, Youtube-ի ИДДК ալիքից
* http://grqaser.org/am
* tglink.ru/knizhnay
* https://www.youtube.com/channel/UC9KNcRNJZBZ9g1YN1tdOkew

1․3 գրքային վերլուծությունները կարդալ Գրանիշում ու նայել Youtube-ի Coffeebook Mari ալիքում
* https://granish.org/
* https://www.youtube.com/channel/UCYOfOAhFPm_L2Stsgq_LJWg

2. Դիտել լիքը ֆիլմեր ու սերիալներ
Իսկական ժամանակն է 2016 թվականից պահած ու էդպես էլ չնայած ֆիլմերը նայելու համար։ Բազմահազարանոց սերիաներով սերիալների մասին չեմ էլ ասում։ Ֆիլմային կայքերը ենթադրում եմ, որ գիտեք, բայց այ, ֆիլմերի ու սերիալների մասին քննարկումներն ու վերլուծությունները կարելի է նայել․․․
2․1 Youtube-ի КиноПоиск պաշտոնական ալիքում
* https://www.youtube.com/channel/UC4tlrTXCBw6NPZ9nCA3_s9w

3․ Հավես բաներ Յութուբասեր հասարակության համար
3․1 Նայել/լսել թեդ թոլքերը – աշխարհի, կյանքի, գիտական փորձերի, ուսման, աշխատանքի, ամեն ինչի մասին
* https://www.youtube.com/channel/UCsT0YIqwnpJCM-mx7-gSA4Q
* https://www.youtube.com/channel/UCAuUUnT6oDeKwE6v1NGQxug

3․2 Նայել/լսել Բուն TV – մասնագիտական դասընթացներ, ու էլի աշխարհից ամեն ինչի մասին հավես բաներ
* https://www.youtube.com/channel/UCRrEtoEV1qKbmhL3JHabWSQ
3․3 Նայել/լսել Yerevanderful-ի պոդքասթները
* https://www.youtube.com/channel/UC0Ie4_wSZQVX7k0CkzwnXpA
3․4 Մշակութային հետաքրքրություններով
Google Arts & Culture
* https://www.youtube.com/channel/UCGn7dlcAmH44GqycKa_3ssA
Arzamas
* https://www.youtube.com/channel/UCVgvnGSFU41kIhEc09aztEg

3.5 Ինչու չէ, նաև հոգեբանություն
Authentic Mental Health
* https://www.youtube.com/channel/UC6EyD09YAae38tfAmm383Tg

4․ Սովորել նոր լեզու
Կարելի է սկսել հենց DuoLingo-ից
* https://www.duolingo.com/

5․ Անցնել օնլայն դասընթացներ
Համացանցը լի է անվճար օնլայն դասընթացներով։ Մեծամասնությունն անգամ օնլայն սերտիֆիկատներ են տրամադրում։ Ուրեմն հիանալի հնարավորություն պահը օգտագործելու ու նոր բաներ սովորելու համար։
* http://learn.edx.org/partner-harvard/?msclkid=0935a3c883b51e7291dffda7c70b933d&utm_source=bing&utm_medium=cpc&utm_campaign=bs-us-nonbrand-partner-harvard&utm_term=harvard%20coursera&utm_content=name_b
* https://www.coursera.org/?ranMID=40328&ranEAID=je6NUbpObpQ&ranSiteID=je6NUbpObpQ-qzai8Z8IAty_ymYjRIkLeg&siteID=je6NUbpObpQ-qzai8Z8IAty_ymYjRIkLeg&utm_content=10&utm_medium=partners&utm_source=linkshare&utm_campaign=je6NUbpObpQ

 

6. 1200-ից ավել թանգարան, որոնք այս օրերին առցանց են դաձել
* https://artsandculture.google.com/partner?hl=en&fbclid=IwAR2oGRJEGrkApVb8DwyD5NRkoffAmzU4ia-unDMZaUaLTcpebq6bS5B2vO4&tab=pop

 

7. Զբաղվել սիրելի հոբբիներով, որոնց համար դասերի և աշխատանքի պատճառով շատ հաճախ ժամանակ չենք գտնում։ Նկարեք, լուսանկարեք, նվագեք, երգեք, խոհարարությամբ զբաղվեք։ Արեք այն, ինչ իսկապես ուզում եք։

Ու էստեղ առայժմ ավարտենք, պիտի որ մի շաբաթվա (դեռ ավելիի) համար լավ ու օգտակար պաշար լինի։ Եղեք առողջ ու երջանիկ։

Խմբագրության կողմից. Չմոռանաք, www.17.am -ը ֆիլմերի, լուսանկարների, հետաքրքիր նյութերի մեծ, շատ մեծ ռեսուրս ունի, որը համոզված ենք, ժամանակն օգտակար անցկացնելու լավագույն աղբյուրներից մեկն է:

anna khachatryan

Մեկուսանալու նուրբ արվեստը

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14- ը Հայաստանում սահմանվել է արտակարգ դրություն: Դպրոցներն ու համալսարանները փակ են: Մի մասը ուրախ է, որ դաս չի լինելու (եթե, իհարկե, հեռակա ուսուցման չեն անցել), մյուս մասն էլ տխուր է, որովհետև մեկ ամիս զրկված է լինելու սիրածին գոնե հեռվից տեսնելու հնարավորությունից:

Երևանում մնալու անհրաժեշտություն հիմա չկա: Եկել եմ Տավուշ՝ մեկուսանալու, կարոտս առնելու, մտքերիս՝ հանգստություն ու գրչիս ազատություն տալու: Սա այն ժամանակն է, երբ կարող ենք մեր սիրելիներին ասել այն խոսքերը, որոնք հազվադեպ ենք ասում՝ սիրում եմ և շնորհակալ եմ: Սա այն լավագույն պահն է, որ կարող ենք գրկել մայրիկին՝ ջերմորեն, պինդ, շնչասպառ լինելու չափ պինդ: Հիմա կարող ենք նվիրել մի փունջ մանուշակ ու նրան դարձնել աշխարհի ամենաերջանիկն ու ամենաբախտավորը: Մենք գուշակներ չենք ու չենք կարող իմանալ, թե ինչ կլինի վաղը մեզ հետ: Չպետք է կորցնենք այս թանկարժեք օրերը, պիտի որքան կարող ենք վայելենք յուրաքանչյուր պահը, ինքնակրթվենք ու ջերմ խոսքեր ասենք նրանց, ովքեր մեր կողքին են, ու աղոթենք նրանց համար, ովքեր հեռու են կիլոմետրերով, օրինակ՝ Ղարաբաղում, սահմանին, դիրքերում, անքուն, անձրևի և կամ արևի տակ։

-Էս ծիպուլը քու հմար ա, կէ՛, կացի քյընամ հյունի կամպոտ էլ պիրեմ, խմես, տյու տյըրանի շատ ես սիրըմ, ըսօր րյուգյու էլ պամիդորով ձվաձեղ կշինեմ…

Մայրիկն է, գալուս օրվանից խառնվել է իրար, նկուղը տակնուվրա է անում, պահածոներից մի բան գտնում, բերում ու ստիպում, որ ուտեմ։

-Կե՛ր, թե չէ կնեղանամ:

Գիտի ձևերը: Արդեն սարսափում եմ կշեռքին կանգնելուց։

Վերևում խոսեցի ինքնակրթվելու մասին: Քանի դեռ տանն եք, փորձեք կտրվել հեռախոսներից, ինտերնետ կապից, ֆեյսբուքյան չատերից ու փորձեք շատ կարդալ այս ընթացքում: Հիմա կնշեմ իմ ամենասիրելի 10 գրքերի ցանկը, որոնք առաջարկում եմ կարդալ:

1․ Վարդգես Պետրոսյան- «Վերջին ուսուցիչը»
2. Գաբրիել Գարսիա Մարկես- «100տարվա մենություն»
3. Ալեքսանդր Դյումա- «Կոմս Մոնտե Քրիստո»
4. Արթուր Կոնան Դոյլ- «Չորսի նշանը»
5. Ժյուլ Վեռն- «Խորհրդավոր կղզին»
6. Վախթանգ Անանյան- «Հովազաձորի գերիները»
7. Դերենիկ Դեմիրճյան- «Վարդանանք»
8. Անդրե Մորուա- «Նամակներ անծանոթուհուն»
9. Ջորջ Օրուել- «1984»
10. Ստեփան Զորյան- «Պապ թագավոր»

Առողջություն եմ մաղթում բոլորին։

#չփռշտաք

maneHarutyunyan

Մի ճյուղ

Միշտ հետաքրքիր է հիշողությունների միջով քայլելը։ Ճանապարհը ու մայթեզրը նույնն են, բայց փոխվել են մարդիկ՝ քեզ թողնելով միայն մանկության վառ հիշողություններ։

Երեկ քայլելիս մի ծաղկած ծիրանենի տեսա, նայեցի, զգացի դրա հիասքանչ բուրմունքը ու շարունակեցի ճանապարհս։ Այսօր ևս ինձ իր հմայքով գրավեց այդ ծառը, ու նկատեցի, թե ինչպես էին փոքրիկ բողբոջները նոր շունչ առել` կենդանություն լցնելով շրջապատը։

ImMG_20200310_153508

Ծիրանենու շուրջն ամայի էր, բայց նրա կենդանությունը շրջապատը լցրել էր սիրով, տվել ներդաշնակության նոր ներշնչանք։ Նա նման էր այն մարդկանց, ովքեր իրենց իմաստությամբ կյանք են տվել շրջապատին։

IMmG_20200311_160036

Ճանապարհը շարունակելիս կտրած ծառերի մի շարք նկատեցի։ Կար ժամանակ, երբ այդ ծառերը դեռ կենդանի էին։

IMmG_20200311_182132

Գյուղական առօրյա

Վերնիսաժ

aniharutyunyanarm

Կյանքը սուրճի բաժակում

- Տո, ա՛յ Անուշ, էս ո՞ւր ես: Աչքներս ջուր կտրեց: Երկու բաժակ կոֆե խմեցինք, մինչև եկար, – ասում է Գայանը բաժակ նայող հարևանուհուն: – Դե գնա՛, գնա՛, Լիլի՛թ ջան, մեզ էլի կոֆե դիր, հազիվ Անուշն եկել ա:

Բաժակ նայելը հին արհեստ է, Անուշին էլ որ հարցնես` արվեստ է: Բայց ինքը չգիտի` որտեղի՞ց են արմատները, ո՞վ է հորինել: Ըստ վարկածներից մեկի` ալարկոտ հարսները մի ժամանակ ջան չեն արել բաժակները լվանալ, ցանկացել են սուրճի սեղանի մոտ երկար նստել ու զրուցել, բաժակ նայելը սարքել են մահանա, փորձել են պատկերներ գտնել: Սկզբում զուտ զվարճության համար, հետո կամաց-կամաց որոշել են իմաստավորել ու հարևանների մոտ գլուխ գովել, թե բա` բնատուր շնորհք է, Աստծուց է ուղարկված: Ու էդպես` տարիների մեջ տեղափոխվելով, վարկածը կրճատվել, փոփոխվել, հասել է մեր օրեր ու մարդկանց գիտակցության մեջ մտել է որպես, իրոք, Աստծու կողմից տրված շնորհ: Կանայք էլ են սկսել հավատալ իրենց գերբնական ուժերին ու փողոցում կամ երբեմն ամբողջ գյուղում դարձել են հեղինակություն:

- Լիլի՛թ, էդ խաշն ի՞նչ եղավ: Երեք բաժակ կոֆեն քանի՞ ժամ ես եփում:

- Հերիք ա խոսես էդ երեխու վրա, Գայա՛ն: Գործիդ անունն ի՞նչ ա. սպասի էլի:

Գայանը ոչ սուրճին էր սպասում, ոչ էլ Անուշի` բաժակ նայելուն: Գայանը ամուսնուն էր սպասում Ռուսաստանից, որ ամեն ամիս վերադառնալը հետաձգում էր: Ամեն անգամ, երբ խոստացած հերթական օրն էր անցնում, ու ամուսինը չէր հայտնվում, Գայանը կանչում էր Անուշին ու անհամբերությամբ սպասում, որ Անուշն ասի` բաժակիդ մեջ ճանապարհ կա, վերջում` տղամարդ է կանգնած: Էսպես Գայանն իր նվիրական ցանկություններն ու նպատակները վստահում է սուրճի մրուրին ու Անուշի երևակայությանը: Անճար մարդու սովորական միամտությամբ մոռանում է, որ Անուշն իր մասին ամեն ինչ գիտի, իր ընտանիքի կյանքին ու սպասումին տեղյակ է, որ Անուշի գուշակությանը հավատալը, թե` ամուսինը շուտով վերադառնալու է, շարքային ինքնախաբեություն ու միջին վիճակագրական ժամանակավոր սրտհովանք է: Բայց անճար մարդիկ հիմնականում հանձնվում ու իրենց ցանկությունները սուրճի բաժակներին ու երազահաններին են վստահում:

Ասում են նաև, որ երբ շրջում ես բաժակը ափսեի մեջ լցրած մրուրի վրա, սպասում, որ չորանա ու այբուբենի ամեն տառն ասելու հետ խփում բաժակին, որ տառի վրա պոկվեց բաժակն ափսեից, ուրեմն այդ տառով սկսվող անունն ունեցող մարդը կարոտում է քեզ:

Գայանի ամուսնու անունը Լևոն է: Գայանը սուրճը դառն է խմում: Դառը մրուրին հատկապես բաժակը երբեք այնքան ուժեղ չի ամրանում, որ 12 հարվածին դիմանա, ու Գայանը գոնե հուսա, որ ամուսինն իրեն կարոտում է:

Ասում են, որ բաժակում հայտնված ձին մուրազ է, սլացող ձին` լավ լուր սիրելիից, իսկ ձիու գլուխը` հանդիպում սիրելիի հետ: Գայանը ճանապարհից բացի նաև ձիուն էր սպասում իր բաժակում: Անուշն ամեն անգամ ձի ու ճանապարհ էր տեսնում, Գայանն էլ, մյուս կանանց նման, չէր համոզում, որ Անուշը ցույց տա ձին, բացատրի, թե ինչպե՞ս տեսավ: Խաբված լինելն ընդունում էր խոնարհաբար, երջանկանում ու ասում էր` Աստված ձայնդ լսի, Անուշ ջան: Անուշը, առաքելությունը կատարածի դեմքով, մի քանի բան էլ ասում էր Լիլիթի համար, որ արդեն ամուսնանալու ժամանակն էր, մի քիչ փողից, մի քիչ հաջողությունից, ու այդ շաբաթվա հույսի չափաբաժինը Գայանի համար պատրաստ էր:

Պատահում էր նաև, որ սուրճի ժամանակը համընկնում էր Գայանի սկեսրայրի՝ դաշտից վերադառնալուն։ Մտնում էր խոհանոց Գևորգը, բայց Անուշն ուշադրություն չէր դարձնում Գայանի նշաններին, թե` սուս արա, ու շարունակում էր աչքերը կկոցած նայել ու ճանապարհը նշմարել։ Գևորգը երբեք չէր հավատում բաժակի պատկերներին։ Ամեն անգամ թարս նայելով իր ջուրն էր վերցնում, բայց չէր շտապում դուրս գնալ։ Ինքն էլ արդեն հոգու խորքում ձիու հայտնվելուն էր սպասում։ Ինքն էլ ակամա ուրախանում էր, չհավատացողի համառությանը անճարի անկարողությունը մի պահ հաղթում էր։ Ու ձին ու ճանապարհը կամ ձին ճանապարհին իր համար էլ հույս էին դառնում։

Դե բեր, բեր, Լիլի՛թ ջան, արագ նայեմ ու գնամ, գործերս մնացին, – ասաց Անուշն ու տաք սուրճը` լեզուն այրելով, մի կերպ խմեց: Ինքն իր բաժակը երբեք չէր նայում, ինքն իրեն դժվարանում էր խաբել: Շտապելով վերցրեց Գայանի բաժակն ու գազի վրա թողած ճաշի մտքերով մոռացավ ասել, որ ձի ու ճանապարհ կան բաժակում: Շտապելուց չնկատեց էլ Գայանի շփոթված հայացքը` սովորության խախտման անակնկալից:

Դե, գնացի, ժողովուրդ ջան, վաղը կհավաքվենք, – վեր կենալով ասաց ու շտապելուց պատահաբար գցեց գետնին ու կոտրեց Գայանի օժիտի սուրճի բաժակը: Ներողությունների մեջ լսեց Գայանի հեծկլտոցը:

Դե լավ, մա՛մ, բաժակ էր, էլի, նորը կառնենք, – հանգստացնում էր Լիլիթը: Իսկ Գայանը չէր հասկանում` բաժակի՞ համար էր լաց լինում, թե՞ Անուշի շտապելու, ձին ու ճանապարհը մոռանալու: Չգիտեր` ամուսնուն իրո՞ք այդքան սպասում էր, թե՞ գյուղի ձանձրալի օրերում սպասումն արդեն ինչ-որ հետաքրքրություն էր դարձել:

Ani Hakobyan

Թաքնված բարություն

Մի անգամ ինչ-որ բանից բարկացած (հիմա չեմ էլ հիշում, թե ինչ էր) տուն էի շտապում, երբ մի երեխա մոտեցավ ու իր բարի ժպիտով ասաց.

-Պեչենի կուզե՞ս:

Իսկ ես իմ նյարդային հայացքով նայեցի փոքրիկին ու բղավեցի.

-Չէ՛, չեմ ուզում, քե՛զ պահիր քո պեչենին:

Ի՞նչ մեղք ուներ այդ երեխան և իր թխվածքաբլիթը: Նա ուղղակի իր ունեցածը ուզեց կիսել ինձ հետ, որ դեմքիս ժպիտ գա, իր դեմքի նման պայծառ ու լուսավոր դառնա, իսկ ես ավելի մռայլվեցի: Հետո, երբ նյարդայնությունս անցավ, մի պահ ուզեցի գտնել այդ փոքրիկին, բայց ո՛չ ինքը կար, ո՛չ էլ թխվածքաբլիթը:

Պահի ազդեցության տակ արված քայլերը մենք հետո ենք հիշում և վերլուծում՝ հասկանալով ճիշտ էինք, թե սխալ: Իմ դեպքում սխալը ես էի: Նման դեպքերում լռել է պետք սովորել, ուղղակի լռել, քանի որ մեր վերաբերմունքով ու խոսքերով մենք շատ ժամանակ նեղացնում և վիրավորում ենք մեր ծնողներին, ընկերներին, մեզ համար շատ ու շատ կարևոր մարդկանց: Արդյոք արժե անտեղի բաների համար նեղացնել անգամ անծանոթ որևէ մեկին: Ոչինչ չասելը մեզ ժամանակ առ ժամանակ տալիս է մտքի ազատություն, իսկ ազատությունը երջանիկ լինելու ամենաառաջին գլխավոր պայմանն է: Եթե սրտի խորքում դեռևս կառչել ենք որևէ բաներից՝ անհանգստությունից, բարկությունից, ագրեսիայից, մենք չենք կարող ազատ լինել:

Նման դեպքեր բոլորիս հետ էլ լինում են, բայց պիտի կարողանանք բարությունը դարձնել մեր կյանքի կարևորագույն գործոններից մեկը, որը անգամ ուժեղ բարկության դեպքում կստիպի, որ ձեռքդ առաջ տանես ու վերցնես թխվածքաբլիթը: Պիտի գիտակցենք, որ ամեն մեկիս սրտի մի անկյունում գոնե մի փոքր բարություն կա, որ գործի դնելով՝ կուրախացնենք և՛ մեզ, և՛ դիմացինին: Մարդու համար կարևոր է առողջությունը, հոգու համար՝ բարությունը: Երկուսն էլ անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, բայց բացակայությունը միանգամից զգացնել կտա իրեն և տակնուվրա կանի ամեն հնարավոր և անհնար բան:

Եթե օրերից մի օր մի փոքրիկ մոտենա ու թխվածքաբլիթ առաջարկի, ինչքան էլ բարկացած լինեք, վերցրե՛ք:

milena sedrakyan

Նախատոնական հրդեհ

Քայլում էի նախատոնական Երևանի փողոցներով և Հյուսիսային պողոտայի կողմից օդ բարձրացող ահռելի չափսերի սև ծուխ երևաց: Վազեցի դեպի այդ կողմ` ուսումնասիրելու համար: Տեսա, որ վառվում է տոնածառը: Որոշեցի լրագրողական պարտքս կատարել` լուանկարեցի և տեղեկություններ հավաքեցի:

SONY DSC

Հունվարի 27-ին  Երևանում ժամը 16:00-ի դրությամբ ամբողջությամբ այրվել է  տոնածառ:

SONY DSC

Հրդեհի պատճառը պարզ չէ, քանի որ տոնածառը պատված չէր լույսերով, և անձրևը չէր կարող նպաստել դրան:

SONY DSC

ԱԻՆ-ը չուշացավ և հարցին շուտափույթ լուծում տվեց:

Տոնածառը վերջերս շուկայում հայտնված «Ապաչի» ընկերությանն էր պատկանում և զարդարված էր արևածաղիկի սերմերի տուփերով: Ցավոք, ամանորյա զարդարանքը դարձավ մոխիր:

zarine kirakosyan

Ձոն տաքսիստին

Չէ, բայց դուք պատկերացնո՞ւմ եք, 120 կմ ճանապարհ մեն-մենակ միջին վիճակագրական  հայ տաքսիստի հետ: Օրվա էներգիադ սպառած ուզում ես մի կերպ տուն հասնել, միակ շփումը պատկերացնում ես ականջակալներիդ երգերի հետ, բայց մեր էս  հորեղբայրը որոշել է, որ ես լուսանկարիչ եմ, ու ուզում է պատմել  արվեստի հետ իր ունեցած բոլոր կապերից, Րաֆֆու «Սամվելի» նկարագրությունների մանրամասնությամբ բացատրում է, թե իրենց տան դաշնամուրը որ պատի տակ էր դրած, լույսն էլ ինչ աստիճանի անկյան տակ էր ընկնում, թե ինչպես ինքը էդպես էլ չսովորեց ակորդեոն նվագել ու մի օր իրենց բարեկամի տան ոչխարի արձանիկը դրեց մեկին մեկ նկարեց:
Դե իհարկե, 120կմ-ում այսքանով չես սահմանափակվի:  Մենք ծանոթացանք Սամվել պապիի ամբողջ գերդաստանին,  բոլոր նախորդ մեքենաներին իրենց տեխնիկական խնդիրներով, հիացանք Սևանի հայելու վրա ընկած լուսնի լույսով,  բայց որ ամենակարևորն էր` ի տարբերություն միջին վիճակագրական հայ տաքսիստի, էս մարդը Ռուսաստանում բիզնես չուներ:  Սամվել պապիին բոլոր մնացած տաքսիստներից առանձնացնում էր այն, որ ինքը ինձ թվում է, վերջի  30 տարին չի ապրել այս աշխարհի վրա,  և ահա ամեն ինչ սկսվեց այսպես.

Էպիզոդ 1

-Սպասեք` տամ վարորդին, բացատրեք ձեր տեղը, լա՞վ,- հայկական մուննաթով արտասանեց հեռախոսավարը:
-Լավ
-Բարև Ձեզ, կարո՞ղ եք մոտենալ Պարույր Սևակ-Ուլնեցի խաչմերուկ, «Պեպսիի» գործարանի մոտ:
- Բայց «Պեպսիի» գործարանը շամպայնի գործարանի մոտ ա:
-Ըը, չէ, սրտաբանական հիվանդանոցի  մոտ ա:
-Լավ, բալես, դե ես 20 րոպեից  կգամ, բայց հեռախոս չունեմ: Էս դիսպետչերի համարն ա, ըտեղից չշարժվես, որ գամ` կարենամ գտնել:
-Ը, լավ էդ դեպքում ես մեծ ուսապարկով եմ,  երևի կնկատեք:

Էպիզոդ 2.

25 րոպե հետո.
-Ո°ւր ենք գնում:
-Ճամբարակ, Շորժայի կողմերը:
-Հա~, բալես, ես Սևանի էդ կողմը չեմ քշել ընդհանրապես, ճանապարհներին ուշադիր կլինես, չքնես` սխալ չքշեմ:
-Լա~վ (պլաններս խախտեց):

Էպիզոդ 3.

Մեկ րոպե անց.
Պ.Սևակ-Ազատության պողոտա:
-Բալե՞ս:
-Լսում եմ:
-Կարո°ղ ա իմանաս` էս խաչմերուկում  թողո՞ւմ ա աջ անել (լուրջ էր հարցնում):

Էպիզոդ 4.

-Բալես, հեռախոս ունեիր, չէ՞:
-Հա, իհարկե:
- Դե լավ ա: Ես ճիշտն ասած,  իմ ավտոն էսօր խփել եմ, ուրիշի մեքենան եմ վերցրել, հեռախոսս էլ փչացել ա, ճանապարհի վրա ենք, մարդ ես, էլի:

Էպիզոդ 5.

-Բայց էդ Ճամբարակը ընդհանրապես չեմ լսել:
-Սովետական շրջանում տարածաշրջանը Կրասնոսելսկ ա կոչվել:
-Հա, Կռասնին ա՞, մի հատ էլ գյուղ ունի` Արծվաշենը: Բարեկամ ունենք էնտեղ, փոքր ժամանակ գնացել եմ:
-Հա, բայց  երևի էլ չունեք, Արծվաշենը հիմա անկլավային տարածք ա, Ադրբեջանի սահմանում :
-Ո°նց, Արծվաշենը վերցրե՞լ են, էդ  ե՞րբ, Ապրիլյանի՞ն:
- Չէ, 27 տարի առաջ, օգոստոսին:
Իհարկե Սամվել պապին շատ տխրեց, երբ իմացավ իրենց հեռու բարեկամը  էլ 27 տարի է` էդ գյուղում չի ապրում, ինչին հաջորդեց.
-Բալես, կարա՞մ ծխեմ:

Ես խորը շունչ քաշեցի, ուժ հավաքեցի, որ ասեմ` չէ, հետո հիշեցի, որ Սամվել պապին հենց նոր կորցրեց իր հեռու Արծվաշենի բարեկամներին, հեռախոսը չի աշխատում,  մեքենան խփել ա,  էս մարդը հենց նոր ա  իմացել, որ «Պեպսին» էլ շամպայնի գործարանի մոտ չի, ու չի եղել, Ճամբարակը նույն Կրասնին ա, Պարույր Սևակից էլ կարելի ա աջով մտնել Թբիլիսյան: Մի խոսքով, հարգեցի էս մարդու վիշտը ու ասացի.
- Եթե ուզում եք` կանգնեք, դուրս եկեք, ծխեք: