Իմ գյուղը խորագրի արխիվներ

aniharutyunyanarm

Մեկուսացված այգում` հողի հետ

-Մենք գյուղում միշտ էլ կարանտինի մեջ ենք էլի, ի՞նչ նորություն էր:

-Տո Աշոտ, էս սաղ ամերիկացիք են սարքել աշխարհի գլխին, դրանց ձեռի գործն ա: Հիմա էլ սաղին կարանտին են հայտարարել:

-Այ մարդ, հերիք ա էլի, քեզ դրել ես գիտնականի տեղ, ի՞նչ գիտես, դատարկ-դատարկ մի խոսի: Երկուսդ էլ սուս մնացեք, էս սխտորը կերեք,- սեղանին ափսեով սխտոր ու հաց դնելով` հրամայեց Գայանը:

-Էդ սխտորը դու էլ կուտես, քեզ բժշկի տեղ ես դրել, խունկ էլ չծխես էլ տան մեջ, ինչքան չար ու բարի հոգի կար՝ տնից հանեցիր:

Գյուղում մարդկանց տանը մեկուսացնելն ամենաբարդն է: Այստեղ մարդիկ ոչ թե տանը, այլ այգում ու բակում են մեկուսանում: Գարնան օդին գյուղում տանը մնալուց ավելի շատ մարդ կհիվանդանա: Գիտականորեն ապացուցված չէ, բայց փորձը ցույց է տալիս: Մարդ այգին կթողնի՞, անասուններին կթողնի՞ ու մնա տանը: Այստեղ մարդիկ շարունակում են գնալ աշխատանքի. տանից աշխատել չի լինի: Տանից այգին մշակել ու անասուններին կերակրել չես կարող: Ամեն ինչ դասավորել ու նոր, բերքառատ տարվան պատրաստվել չես կարող: 20-ից ավելի էլ մարդիկ այստեղ գրեթե չեն հավաքվում: Ոչ մի փողոցում այդքան շատ կին միասին սուրճ չի խմում, այդքան շատ տղամարդ օղի քաշելու սարքի մոտ` օղի:

Այստեղ մարդիկ կամ հանգիստ են, կամ չեն հավատում վիրուսի իրականությանը, կամ լուրջ վերլուծություններ են անում: Գյուղում երբեք ոչ մի հարցի շուրջ փորձագետների պակաս չկա: Յուրաքանչյուր փողոցում հավաքված 5-10 տղամարդկանցից երկուսը փորձագետներ են` հավերժ իրար հակառակ կարծիքներով ու անվերջ կռիվներով: Մնացածը միշտ հանգիստ են կամ չեն հավատում: Սխտոր են ուտում ու հանգիստ են: Այստեղ հանգիստ են նաև խանութները: Որովհետև մարդիկ ձմեռվա համար փակած պահածոներից դեռ ունեն, մառանում` սառը տեղ, մի քիչ անգամ խաղող, չորացրած լավաշ ու մի քանի լիտր օղի: Մարդիկ ավելի շատ վատ եղանակի լուրերից են անհանգստանում, կարկուտից ու գարնանն անսպասելի ցրտից են վախենում: Անկախ իրավիճակից` ավելի շատ լուրերի վերջին` եղանակի տեսությանն են սպասում: Ասում են` վիրուսը մի քանի ամսվա է, իսկ բերքն ամբողջ տարվա համար:

Արտակարգ իրավիճակը հարևան կանանց համար շարունակում է մնալ մեկի աղջկա ամուսնությունը, տղամարդկանց համար` ընկերոջ խոպանից վերադառնալը: Երիտասարդ տղաների համար` գյուղում անծանոթ աղջկա գալուստը, աղջիկների համար` նոր ու անծանոթ մեքենայի: Արտակարգ է միայն դպրոցականների համար, բայց ոչ թե իրավիճակը, այլ ամեն ինչ. դասի չեն գնում, առցանց էլ, դե, գրեթե դաս չեն անում:

Այստեղ մարդիկ դիմակներով չեն, ոչ էլ բժշկական: Ստից բաներ են, ասում են, որ վերջներս եկավ, էլ ի՞նչ դիմակ: Բայց ձեռքերը ավելի շատ, այնուամենայնիվ, լվանում են, վնաս չկա, ի՞նչ կա որ: Սխտոր են ուտում ու լվացվում են: Չեն հավատում ու լվացվում են:

Գյուղում մարդիկ մեծ մասամբ հանգիստ են, միշտ են այդպիսին: Բայց նաև զգույշ են, դե, միշտ են այդպիսին: Հողի ու անկանխատեսելի բնության հետ գործ ունեցող ցանկացածի պես տագնապի մեջ են, միշտ են այդպիսին:

Lion Chopikyan

Քո ժպիտն եմ, Մաստարա

Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեմ իմ կյանքում, իմ ծնողներն են։ Հայրս՝ առատաձեռն և անչափ բարի մարդ է։ Իսկ մայրս ազնիվ կին է, չափազանց մարդասեր և հետաքրքիր բնավորության տեր։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 2002 թ. հունվարի 20-ին, Արագածոտն մարզի Մաստարա գյուղում։

Մաստարան իմ ծննդավայրն է: Գյուղս գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Մաստարան չքնաղ է իր բոլոր գույներով։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ գիտի քարից հաց քամել, կառուցել ու շենացնել իր հայրենի ծննդավայրը։ Շատ է զարմացնում համայնքի հոգևոր-մշակութային նշանակություն ունեցող բազմաթիվ կառույցները։ Օրինակ՝ Սբ. Հովհաննեսը (5-րդ դար), Սբ. Ստեփանոս Նախավկան (17-րդ դար) և այլն։

Ես ապրում եմ մի գյուղում, որտեղ կարևորվում է կրթությունը։ Իսկ կրթության մեջ մեծ դեր ունի համայնքի դպրոցը: Բայց միայն դպրոցի կրթությամբ չի սահմանափակվում գիտելիքներ ստանալու մեր հնարավորությունը։ Գյուղում գործում են տարբեր ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Օրինակ՝ IMPATC-ը, բանավեճի ակումբը և նմանատիպ շատ այլ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ Այս ոլորտի բարեփոխումները սկսվել են իրականացվել 5-6 տարի առաջ։ Ավելի քան 5 տարվա ընթացքում իրականացված բարեփոխումները հնարավորություն տվեցին լուծելու համայնքում առկա շատ խնդիրներ։ Օրինակ՝ լուսավորությունը եկեղեցու բակում, տաղավարների,  նստարանների, աղբամաններ տեղադրումը տարբեր վայրերում։

Մեր ոգևորվածությունը խոսում է կրթության ոլորտի արդյունավետության մասին, իսկ մեր ազատ ժամանակը փոխարինվել է գիտելիքներ ստանալու նոր հնարավորությամբ։ Մաստարայում կրթության ոլորտը կարևորվում է որպես համայնքի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման և վերարտադրության նախապայմաններից մեկը։ Գիտելիքի կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում, և թե՛ ողջ համայնքում։

«Գիտելիքն ուժ է և այն կարող է հարկադրել ենթարկվել իրեն։ Գիտելիքի տիրապետող մարդն իր կյանքի ընթացքում կարող է հարկադրել մարդկանց հնազանդվել իրեն և հետևել։ Հիշե՛ք, գիտելիքը կառավարող է, իսկ հարստությունը՝ հպատակը»: Ահա այսպիսի գաղափարախոսությամբ է զինված Մաստարա համայնքի յուրաքանչյուր բնակիչ։

Իմ հարազատ գյուղ, ես սիրում եմ քեզ։

Laura Yesayan

Մեր ապրելու և արարելու ցանկությունը

Ձեզանից քանի՞սը գիտեն, որ քաղաք Իջևանից 22 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանամերձ Այգեհովիտ գյուղը, նույն ինքը՝ Ուզունթալան (թարգմանությամբ՝ երկար բացատ): Եվ որպեսզի հասկանաք, թե ինչ կապ ունեն Այգեհովիտ և սահմանամերձ բառերը միմյանց հետ, կներկայացնեմ մի քանի ստույգ տվյալներ:

Այգեհովիտ գյուղը հյուսիս-արևելքից սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանին, իսկ վերջինիս հետ սահմանը ընդամենը 12 կիլոմետր է: Դե, երևի այս տվյալներն էլ ոչինչ չեն ասի ձեզ, մինչև չլսեք կրակոցի ձայներն ու չտեսնեք սահմանը:

Թե երբ է հիմնադրվել գյուղը, կամ ովքեր են եղել նրա առաջին բնակիչները, դեռևս անհայտ է, քանի որ ոչ մի պատմական աղբյուր այդ մասին ոչինչ չի հայտնում: Ոմանք այն կարծիքին են, որ գյուղի բնակիչները եկվորներ են, ովքեր ներգաղթել են Լեռնային Ղարաբաղից 16-18-րդ դարերում: Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1837 թվականին ծնված Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը իր «Տեր Սարգիս» վեպում նշում է, որ ներկայիս գյուղի բնակիչները բնակվելիս են եղել ներկայիս Կայան անունը կրող տարածքում, որը այն ժամանակ կոչվել է Ճալա: Հետագայում, մոտավորապես՝ 18-րդ դարի երկրորդ կեսից, գյուղի բնակիչները բարձրացել են դեպի անտառի փեշերը և ճալա գյուղից դեպի հարավ ՝ երեք կիլոմետր հեռավորության վրա, հիմնել են նոր գյուղ և այն անվանել Ուզունթալա:

Ամենաուշագրավ փաստը Այգեհովիտի մասին այն է, որ մինչև այսօր Այգեհովիտ գյուղի անտառում՝ մի գեղատեսիլ վայրում, որտեղից էլ ի դեպ պարզ երևում է սահմանը, կանգնած է 12-13-րդ դդ-ում կառուցված անտառի զարդը՝ Սուրբ Սրվեղը: Վանքը կառուցվել է Վրաստանի արքունիքում ծառայած Իվանե և Զաքարե Զաքարյան եղբայրների օրոք: Խորհրդային տարիներից այն այլևս չի գործել, զրկվել է հատուկ խնամքից և ժամանակի ընթացքում ավերածությունների ենթարկվելով դարձել է կիսաքանդ հուշարձան: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում վանքը վերանորոգելու ուղղությամբ:

Այսօրվա Այգեհովիտ համայնքն ունի 3700-ից ավելի բնակիչ, ովքեր զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ և նաև մշակաբույսերի աճեցմամբ:

Բնակավայրում կա 2 միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, հացի փուռ, խանութներ, մշակույթի պալատ, մարզադաշտ, և այլն:

Այստեղ կյանք կա, այստեղ ապրելու ու արարելու ցանկություն կա, այստեղ մարդիկ կերտում են իրենց և իրենց երեխաների ապագան՝ չվախենալով ոչ թշնամու կրակոցից, ոչ էլ որևէ այլ խոչընդոտից: Անցած անգամ էլ եմ ասել և հիմա էլ կասեմ, որ գնալու եմ սովորելու ու հետ գամ Ճալես կամ Ուզունթալաս, իսկ ավելի ճիշտ՝ իմ սիրուն Այգեհովիտը:

Ani Hakobyan

Շղարշիկ

Արագածոտն մարզի բարձր լեռնային հատվածներում է տեղակայված Շղարշիկը: Գյուղ, որը տվել է սերունդներ, որոնցից մեկը ես եմ:

Երբ նոր էի գնում դպրոց, արդեն հասցրել էի իմանալ, որ դասընկերներս ծնվել են Երևանում, իսկ ես՝ ոչ: Սկզբում տարօրինակ էր, բայց հետո չէի էլ պատկերացնի, որ կհպարտանամ դրանով:

Գյուղը, որտեղ ծնվել եմ և անցկացրել մանկությանս գրեթե մեծ մասը, որտեղ ծնվել են հայրս ու պապիկս,  ստեղծել են Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մի քանի փախստականներ: Երկու փոքր վարելահողը և մի քանի խրճիթը այսօր դարձել է մի մեծ գյուղ, որն ունի մոտ յոթ հարյուր բնակիչ:

Քաղաքի դպրոցները, որոնք ամեն տարի իրենց դռներն են բացում  հարյուրավոր առաջին դասարանցիների առաջ, տարբերվում են գյուղիս դպրոցից նրանով, որ մենք չունենք հարյուրավոր առաջին դասարանցիներ, այլ մեկը կամ երկուսը: Սակայն այդ մեկ-երկուսով մենք զարգացել ենք, և չկա այդպիսի մի մարդ այդ գյուղում, ով չհպարտանա իր մի կտոր հողով:

Այս գյուղ մտնելուն պես ականջիս է հասնում դարերի խորքից լսվող հայի էրգրի կարոտի կանչը: Կարոտ, որ նման է թոնրի մոխրի տակ մնացած անթեղ կրակի:

Մի անգամ՝ ամառային արձակուրդների ավարտվելու շեմին, տան կողքի այգում նստած գիրք էի կարդում, երբ լսեցի այս փոքր խոսակցությունը՝ տատիս և մորս միջև.

-Երեխա ին ունեծի:

-Հորով-մորով երեխա մեձնա…

Չեմ էլ հիշում՝ ում մասին էր խոսքը, ով էր երեխա ունեցել, և խոսակցությունը հետագա ինչ ընթացք ունեցավ, միայն այդ օրվանից սկսած հասկացա, որ այդ գյուղում ծնվող ամեն մի երեխա մի տան, մի գերդաստանի, մի տոհմածառի և վերջապես մեր ազգի շարունակությունն է:

Մինչև օրս էլ կանչում է այդ գյուղը ինձ, կանչում՝ կարոտով: Չգիտեմ, միգուցե, ծննդավայրս է, բայց դրանից զատ հարազատ է, որով միշտ հպարտացել եմ ու կհպարտանամ այն փաստով, որ ծնվել եմ այնտեղ:

Բաղանիսյան հովվերգություն

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Մնաս բարով, Տավուշ, կհանդիպենք երկու տարուց

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

aniharutyunyanarm

Ծիրանի օղի

Օղի քաշելու առաջին փուլը սկսվում է ծիրանի հասնելուն պես: Երբ դեռ ծիրանը ծառերին տերևների գույնն ունի, Գևորգն արդեն սկսում է նկուղից հանել, մաքրել, դասավորել ու հավաքել օղի քաշելու սարքը: Սարքը դեռ Գևորգի պապի ժամանակներից է մնացել, ինքն էլ միշտ ասում է.

-Մեր ընտանիքում լավ արաղ քաշելը ցեղական ա, ես էլ տղուս եմ սովորեցնելու։

Օղի քաշելու արարողությունն ընդհանրապես մեծ իրարանցում է առաջացնում հարևան տղամարդկանց շրջանում: Ովքեր հասցնում են տեսնել Գևորգին` սարքը հավաքելիս, արդեն ձեռքերը իրար շփելով սպասում են ծիրանի հասնելուն: Երբ ծիրանն արդեն մի քիչ քաղցրանում է, բուն նախապատրաստական աշխատանքները սկսվում են` պետք է ցախերը հավաքել ու ձեռքի տակ հարմար դասավորել, սարքի ամրությունը վերջնական ստուգել, օղու համար նախատեսված մեծ տարաները լվանալ ու նորից ձեռքի տակ պահել և վերջում, իհարկե, մի քանի փոքր բաժակ տանից բերել ու դնել կողքին, որովհետև տարիների փորձից Գևորգը գիտի` սկսելուն պես հարևաններն ու ընկերները կհավաքվեն` մի-մի բաժակ խմելու ու օղին փորձելու:

Ծիրանը հասնում է, բայց մինչև օղի դառնալը դեռ ճանապարհ ունի անցնելու։ Գևորգը ծիրանը հավաքում է, կորիզներից մաքրում, կորիզները լվանում ու փռում արևին։ Երեխեքը սիրում են ամբողջ բակը կեղև անելով ուտել չորացած կորիզները։ Կորիզազրկված ծիրանը լցնում է մեծ տարաները ու սպասում, մինչև ամբողջությամբ պատրաստ կլինի` դառնալու առիթների ժամանակ իր ու ընկերների սեղանի անբաժան մասը: Իսկ արդեն օղին քաշելու իսկական գործընթացը սկվում է, երբ ծիրանը, սարքը և հարևանները վերջնականապես պատրաստ են լինում.

-Դե լից, լից մի բաժակ խմենք, փորձենք,- առաջինը սկսում է Արթուրը, որ օղիներից գլուխ է հանում ու հենց Գևորգն էլ նրա կարծիքն է հիմնականում հաշվի առնում:

Բայց հո բոլորն էլ գիտեն, որ միայն մեկ անգամ քաշած օղին դեռ որոշակի համ, հոտ ունի, որոնք վերանում ու մաքրվում են երկրորդ անգամ քաշելուց հետո:

Մինչ Արթուրը փորձագետի հայացքով զննում է օղին, Գևորգը ուշադիր հետևում է, որ հանկարծ կրակը չհանգչի, թորված օղին այնքան չլցվի, որ բարձրանա ու թափվի, ու ընդհանրապես, Գևորգի գործը հեշտ չէ, որովհետև նա իր կատարած ցանկացած գործին լրջությամբ է մոտենում, օղի քաշելուն՝ առավել ևս, հեշտ չէ օրվա շոգ պահին անընդհատ հետևել կրակին, արագ գնալ գոմ, կենդանիներին ջուր հասցնել, մի քանի գործ անել դաշտում ու նորից արագ վազել դեպի օղին։ Հեշտ չէ, բայց Գևորգը հասցնում է, չի բողոքում, ասում է, որ հիմա մի քիչ կտանջվի, բայց ձմռանը ամեն ինչ իր տեղում կլինի:

Օղին քաշելու երկրորդ կամ երրորդ օրն արդեն օջախից մի փոքր հեռու փոքրիկ սեղան է հայտնվում՝ վրան հիմնականում մի քանի օղու բաժակ, պանիր, հաց ու կանաչի, լոլիկն էլ հենց կողքին է` այգում, ցանկացած պահի, երբ ինչ-որ մեկը գալիս է, Գևորգն արագ մտնում է այգի, քաղում ու հպարտությամբ կտրատում իր աճեցրած քաղցր լոլիկը: Սեղանի շուրջ միշտ տղամարդիկ են հավաքված, երեխեքն էլ սարքի կողքերը վազվզում են, Գևորգը բարկանում է.

-Շան լակոտներ, կամաց, ձեզ մի վնաս կտաք, արաղս էլ հարամ կանեք։

Բայց երեխեքը շարունակում են վազվզել, տղամարդիկ՝ խմել, երեխեքը հոգնում են վազվզելուց, տղամարդիկ խմելուց՝ երբեք։ Օղին քաշելու վերջին օրն արդեն բոլորով են հավաքվում Գևորգին շնորհավորելու ու մի կտոր հաց ուտելու։

Վերջապես օղին հասնում է նկուղ, բայց երկար էլ չի մնում, որովհետև Գևորգի օղին լավն է, իսկ հաճախորդները՝ շատ։

Alla Virabyan

Կյանքը Մովսեսում

Ես ապրում եմ Տավուշի մարզի սահմանապահ, այլ ոչ թե սահմանամերձ Մովսես գյուղում, որտեղ մի քանի մետր հեռավորության վրա ապրում է նաև թշնամին: Այստեղ մարդիկ արտասովոր չեն ապրում, ապրում են այնպես, ինչպես բոլորը, ուղղակի, երբ քաղաքում հրավառություն է լինում, և բոլորը ուրախանում են, գյուղում կրակոցներ են լինում: Եվ ինչպես ամեն ուրախ կամ տխուր օրվանից հետո` առավոտյան մարդիկ վերադառնում են իրենց կյանքին, գյուղացին էլ գնում է հողամաս, ու հանկարծ սկսվում են կրակոցները: Մի այդպիսի օր, երբ Սերյոժա պապն իր ավանակին լծած սայլակով հասել էր իր հանդը, սկսեցին կրակել:

-Նրանք ըլյե՞տ սկսեցին կրակիլը: Վայ, ծեր տունը շինվի:

Եվ հենց այդ ժամանակ հակառակորդի արձակած գնդակը դիպչում է Սերյոժա պապի ոտքին: Վիրավոր պապը մի կերպ սողալով մտնում է թփերի տակ, բայց հասկանում է, որ երկար այդտեղ մնալ չի կարող, արնաքամ կլինի: Շտապում է դեպի սայլը, պառկում սայլի մեջ: Նույն վայրկյանին գնդակը դիպչում է նաև ավանակի ոտքին: Կենդանին ցավից ձայներ է արձակում:

-Քնա, քնա, գոնե փրկվենք,- ասում է պապիկը:

Կենդանին չի հանձնվում և արնաքամ լինելով` արդեն ուժասպառ, տիրոջը հասցնում է տուն, ձայներ հանում` իմաց տալու տանեցիներին իր տիրոջ` վիրավոր լինելու մասին, և ուժասպառ լինելով` նույն պահին սատկում է:

Պապիկը ողջ է շնորհիվ իր հավատարիմ ընկերոջ` ավանակի, որին գյուղացիները անգամ անուն չեն տալիս: Հիմա էլ գնում է իր հանդամասը, բայց արդեն մենակ:

Կյանքը Մովսեսում շարունակվում է, սովորական իր հունով. մի օր կրակում են, մի օր տանից դուրս գալ խորհուրդ չեն տալիս, բայց այստեղ ապրող թե՛ մեծահասակները, թե՛ փոքրահասակները, անգամ կենդանիները,  ապրում են, պայքարում և չեն հանձնվում:

aniharutyunyanarm

Բանջարեղեն ծախող մեքենան

   Գյուղում եղանակների տաքանալը ազդարարում է մրգերով ու բանջարեղեններով բեռնված հին «Վոլգայի» բարձր ու ականջ ծակող ազդանշանի ձայնը, այնքան է բեռնված, որ եթե նախնիների պատիվը պահելու հարցը չլիներ, «Վոլգան» երևի գյուղի առաջին փողոցից վերև չբարձրանար: Դեռ փողոց չմտած` գյուղի սկզբից, որտեղ նոր-նոր սկսվում են մշակովի այգիները, մեքենան բարձր ազդանշան է տալիս ու հայտարարում իր գալուստը, որ տնային տնտեսուհիները հասցնեն ձեռքերը խմորից ու փրփուրից լվանալ, փողը արագ վերցնել ու դուրս գալ բակ: Կամ նրանք, ովքեր նախօրոք չգիտեին` ինչ է պետք գնել, արագ պահեստը նայեն` ինչ պակաս մթերք կա, ու դուրս գան բակ:

   Տատիկների հետ միշտ դուրս են գալիս թոռները, չնայած առևտրից այդքան էլ գլուխ չեն հանում, բայց մեքենայի գալը միշտ էլ ուրախություն է երեխաների համար, որովհետև բոլորը խառնվում են իրար, փողոցում աղմուկ է` գին են գցում, լավ ու վատ ապրանքներն են ջոկում, Մարիամն էլ միշտ իր կշեռքն է բերում, որ հանկարծ իրեն ապրանքի քաշի մեջ չխաբեն: Երեխեքը հատկապես ուրախանում են, երբ տատիկները հանձնարարած են լինում` հենց բանջարեղեն ծախող մեքենան գա, ինձ անպայման ձեն կտաս, որ բադրիջան առնեմ: Որքան էլ խաղով զբաղված լինեն` Արամը, ազդանշանը լսելուն պես, սլանում է տուն` տատիկին ձայն տալու, ու հանձնարարությունը կատարած լինելով` գոհ-գոհ վերադառնում է խաղին:

   Անտանելի շոգն ու անցնող մեքենաներից բարձրացող փոշին չեն խանգարում կանանց արագ ջոկել ամենալավ մրգերը, ով էլ առաջինն է հասնում` լավագուն պտուղները նրան են բաժին հասնում: Վարորդն էլ միշտ սրտնեղում է, թե որ դուք էդպես ջոկում եք, բա մի քիչ վնասվածները ի՞նչ անեմ: Բայց կանայք շատ են, ինքը` մենակ, ի՞նչ կարող է անել, մնում է հարմարվել ու գյուղի վերջին փողոցները հասնելիս ապրանքի գինը իջեցնել, որովհետև արկղերում մնում է միայն վնասվածը, դա էլ թանկով չես վաճառի:

Սոնան հազվադեպ է ապրանք գնում. ինքն իր այգին ունի, բայց անպայման դուրս է գալիս ու մասնագետի աչքով քննադատում կիլոմետրեր անցած, մի քիչ թոռոմած, արևից թուլացած բանջարեղենն ու ոչ պակաս թուլացած, խեղճ վարորդին.

- Է՜, թանկ ես ասում էս թոռոմած քյալամի համար, երեկ մի ուրիշ ավտո էր եկել, նույն գնով նորմալ ապրանք էր ծախում:

- Դե լավ, էլի, մորքուր ջան, ամեն անգամ նույն պատմությունն ես սարքում. չես հավանում իմ ապրանքը, մի՛ առ, մարդկանց էլ կամ ու կացի մեջ մի՛ քից:

Վեճը դեռ երկար կշարունակվի, եթե Անոն իրեն պետքական բանջարեղենը գնելուց հետո Սոնային չհրավիրի սուրճի` ժպտալով ու ներողություն խնդրող հայացքով աչքով անելով վարորդին, իբր` մեր Սոնան է, էլի, սրտիդ մոտ մի ընդունիր: Բայց այս իրարանցման մեջ էլ հարևանությունը մնում է հարևանություն.

- Գոհար, հազար դրամ տուր` կանաչի ու վարունգ առնեմ, մինչև իրիկունը տղես գործից գա, կվերցնեմ, կտամ:

Գոհարը փողոցի այն հարևանուհին է, որ միշտ մերան, մի բաժակ ավելի սուրճ ու շաքարավազ ունի, նաև մեքենայի գալու օրերին` հազար դրամ պահեստային փող` հարևանուհիներին օգնելու համար: Փողոցում Գոհարի ամուսինն էլ հենց այն տղամարդ հարևանն է, որ ցանկացած համարի պտուտակ ու ցանկացած մեծության ուրագ ունի, ու էլի միշտ պատրաստ է հարևաններին օգնել:

Այդպես մեքենան բարձրանում է մինչև գյուղի ամենախորքը` թեթևացնելով նստատեղերի բեռն ու ծանրացնելով վարորդի գրպանը, որ հաջորդ օրը նորից «Վոլգան» բեռնած, մեքենային մի կերպ համոզելով վերադառնա: Ոչ ոք չգիտի` վարորդը որտեղից է գալիս, հետո ուր է գնալու, ինչ մրգեր ու բանջարեղեն են դրանք առհասարակ, ու ոչ ոքի առանձնապես չի էլ հետաքրքրում, որովհետև Սոնան միշտ վիճելու է, Անոն անպայման մի բան է գնելու, Գոհարն էլ, անկախ ամեն ինչից, պարտքով տալու փող է ունենալու: