Իմ էջը խորագրի արխիվներ

mariam tonoyan

Էլի տանը մենակ

Էլի տանը մենակ… Հաճելի և երկարատև լռություն, ամփոփված ժամացույցի խլացող «տիկ-տակ»-ներով, Գյոթեի հանճարեղ տողեր, մի գավաթ թեյ և դուրեկան սառնություն` պատված աշնանային սառը շնչով: Գիրքս մի կողմ դրեցի ու պատուհանից դուրս նայեցի` ձյան փաթիլներ, դեռ տերևաթափ չեղած, կանաչ սաղարթներով ծառերի արանքում սպիտակ արահետ, իսկ ձյան կույտի տակ, խեղճացած ու գլուխը կախած` փոքրիկ ու անօգնական խատուտիկ… Ինքս ինձ մտածեցի. «Որքա՜ն զորեղ է բնությունը, որքա՜ն զարմանալի: Իսկ մերոնք դեռ չեկան, ժամանակն էլ չի անցնում»: 

«Որքան երկար են թվում մեզ այն արագընթաց, կարճ ժամանակները, երբ սպասում ենք, – կրկին մտածեցի ես,- օրինակ, այն ժամանակահատվածը, երբ լցված անհամբերությամբ` սպասում ենք մայրամուտի վերջին շողերին, որոնք այնքան ուշանում են: Բայց բավական է խեղդել քո մեջ անհամբերությունը և սևեռված ուղղակի հետևել արևի թեքվելուն, նկատելու համար, թե որքան արագ մայր մտավ երկրի լուսատուն, ու որքան երկար էր թվում այնժամ, երբ սպասում էինք:

Այդպիսի զարմանք առաջացնում է նաև տարածությունը: Նայի՛ր հորիզոնին փռված հսկա սարերի ձյունապատ կատարներին: Թվում է, թե այնքա՜ն մոտ են, չէ՞, ուր որ է` կարող ես դիպչել, բայց բավական է մտածել այնտեղ հասնելու մասին, և քո առջև կծառանա այն հսկա քաղաքն ու ճանապարհները, որոնք ահռելի տարածությամբ բաժանում են նախկինում մոտ թվացող լեռնագագաթները:

Ասում եք, մարդիկ նո՞ւյնպես զարմանալի են: Իհարկե՛, ամենազարմանալին հենց մարդն է: Նա խորհրդավոր ու վեհ է իրեն շրջապատող աշխարհում: Անկախ ամեն տեսակետներից, ես գտնում եմ, որ մարդը կանխատեսելի առեղծված է: Չէ որ նա ունի բազում դրսևորումներ` բարի, չար, արդար, խելացի… Հենց դրանում էլ կայանում է նրա առեղծվածային էությունը:

Կյանքը… Գուցե, անվանենք այն փորձությո՞ւն: Ի վերուստ տրված փորձություն, հասկանալու համար աստվածայինի արժեքը, նախքան աստվածայինը ճաշակելը: Փորձություն` մտածելու, տառապելու, արարելու, սխալվելու, ուղղվելու, գործելու, բազմանալու, հասկանալու համար:

Այո, բնությունը զորեղ է, բայց ինչպես ասում է Գյոթեն. մարդ պետք է բնությունից ճիշտ լինի, որպեսզի լավ մտքերը իրենք իրենց հայտնվեն, ինչպես Աստծո ազատածին զավակներ և բացականչեն` ահա մենք»:

Դուռը թակեցին, խախտվեց լռությունը, ծնողներս վերադարձան և տուն ներխուժեց աղմկոտ ընտանիքիս հաճելի մթնոլորտը:

nina arsutamyan portret

Թե` խելքս շատ էր կտրում

Մոտ հինգ տարեկան էի, և մեր տանն ամեն օր վեճ ու կռիվ էր: Հիմա ասեմ` ինչու:

Քույրիկս սովորում էր հենց մեր գյուղի` Գորայքի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում: Նրա համար գնում էին տարբեր գրենական պիտույքներ, ես նույնպես ցանկանում էի գնալ դպրոց` այդ իսկ պատճառով ամբողջ օրը հորս և մորս խնդրում էի ինձ նույնպես տանել դպրոց, քանի որ, ես նույնպես ցանկանում էի ունենալ տարբեր ձևի գրենական պիտույքներ, ուսերիս գցել գեղեցիկ պայուսակ, հագնել «թիթիզ-թիթիզ» շորեր և իհարկե, ամենակարևորը, տառերը և թվերը իմանալն էր:

-Պա~պ, մա~մ , խնդրում եմ, ինձ էլ տարեք դպրոց:

Այս նախադասությունը կարծես դարձած լիներ իմ օրվա խոսակցականի մեծ մասը: Բայց ես միայն լսում էի.

-Նինա ջան, չէ, դեռ ժամանակը չէ,- ասում էր մայրս,- Նինա ջան, համբերի, մյուս տարվանից կգնաս: Համ էլ Գրիգորը (հորեղբորս տղան է), վատ կզգա մենակ, մի դասարանից կլինեք, միասին կսովորեք, մի նստարանի կնստեք:

Ես նեղացած գնում էի նստում սենյակում, հանում քրոջս` Զաբելի գրքերը և սկսում իբրև դաս անել: Վերցնում էի ամենասիրածս տիկնիկը և սկսում իրեն «դաս տալ»: Հետո կրկին գնում էի մորս մոտ և սկսում նվնվալ.

-Մամ, լավ էլի, խնդրում եմ,- և սկսում լաց լինել:

Օրեր էին անցնում, որոնք կարծես ինձ համար տարիներ լինեին:

Արդեն սեպտեմբերի մեկն անցել էր, տատիկենց տանը հացի խմոր էին անում: Տատս կաթսայի մեջ լցնում էր խմորի համար անհրաժեշտ բաղադրիչները, իսկ մայրս` խառնում էր դրանք: Դե, ես կրկին ժամանակ չէի կորցնում և նստում էի թոնրի կողքին և սկսում.

-Մամ, լավ էլի, խնդրում եմ…

Տատիկս թեման փոխելու համար ինձ ասում էր, թե այս խմորով քանի լավաշի գունդ կլինի: Խմորն արեցին, և գնացինք մեր տուն: Մեր տունը գտնվում էր հենց տատիկենց փողոցում: Կրկին ես նվնվում էի:

-Մամ, լավ էլի, այ մամ, ես ինձ խելոք կպահեմ, ինչ ասես` կանեմ: Մենակ` Զաբելի, Տաթևի հետ գնամ դասի, լավ էլի…

Մեր դիմացով քայլում էր դպրոցի տնօրենը և ականջի պոչով լսում մեզ:

-Մամ, նայի` գալիս ա, գնա ասա, էլի, գնա… Ես էլ գնամ, լավ էլի, խնդրում եմ…

-Նելլի ջան, ինչո՞ւ է երեխան այդպես նվնվում,- հարցրեց տնօրենը:

-Ընկեր Թադևոսյան, ուզում է դպրոց գնալ, բայց մենք ուզում ենք իր տարիքի երեխաների հետ մյուս տարի գնա:

Էլի ինչպես միշտ անպոչ գդալ, մտա խոսակցության մեջ.

-Խնդրում եմ, էլի, ասեք, որ ես կարող եմ գալ…

-Այո, իհարկե, կարող ես: Վաղը Նինայի փաստաթղթերը կբերես, և նա կդառնա մեր դպրոցի աշակերտուհի:

Այս մեկ նախադասությունից հետո այնքան էի ուրախացել, որ էլ ասելու չի: Ես դարձա առաջին դասարանցի:

Բայց հիմա ժամանակ է գալիս, որ զղջում եմ, իսկ ժամանակ է գալիս, որ չեմ զղջում:

Թե` խելքս շատ էր կտրում:

mane antonyan

Հանուն ուշադրության

Նոր միջավայրում բոլորն էլ ուզում են աչքի ընկնել ու սիրվել (դե, գոնե լավ տպավորություն թողնել)։ Մարդիկ էլ կան, որ նախընտրում են «մնալ ստվերում» ու աշխատում են ոչ մի բան չխոսել։

Ես, լինելով ակտիվ ու շփվող մարդ, նախընտրում եմ աչքի ընկնել մարդկանց շրջանում։ Դա անկախ ինձնից է ստացվում։ Ժամանակի ընթացքում ականատես եղա դեպքերի, երբ մարդիկ ամեն ինչի պատրաստ են ուշադրությունն իրենց կողմը գրավելու համար։ Օրինակ՝ ոմանք գալիս են, պատմում, թե ֆեյսբուքում ինչքան հետևորդ ունեն, մոտ ընկերուհիները մրցակցում են միմյանց հետ հարյուր լայք ավել ունենալու համար։

Ես, նախ և առաջ, մտովի համբուրեցի ընկերուհուս ճակատը, որ նրանց նման չի, հետո էլ մտածեցի. «Բայց ինձ պես նորմալ լինելն էլ վատ չի, չէ՞»։

Ani avetisyan

Կյանքը՝ պար

Երկրորդ կամ երրորդ դասարանում էի, երբ մեր դպրոցում ժողովրդական պարի խմբակ բացվեց, ուրախացած որոշեցի, որ պիտի գնամ: Գնացի, բայց չեմ հիշում՝ քանի օր կամ գուցե ամիս գնալուց հետո հասկացա, որ ինչ-որ բան դուրս չի գալիս: Մի բան պակաս էր, կամ սխալ: Կարճ ասած՝ դուրս եկա խմբից:

 Երևի այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ մի օր նորից ուրախացած կվազեմ պարի խմբակ, բայց ոչ թե մեկ կամ երկու օր, այլ շատ ավելի երկար:

Երկու կամ երեք տարի առաջ էր, երբ դպրոցում խոսակցություններ էին ազգային պարի խմբի բացվելու մասին: Ես ու դասընկերուհիներիցս մի քանիսը որոշեցինք, որ գոնե առաջին օրը գնանք, եթե ամեն ինչ լավ լինի՝ կշարունակենք: Ու վստահ եմ՝ այն ժամանակ ոչ մեկս էլ չէր պատկերացնում, որ օրը ամիս է դառնալու, իսկ ամիսը՝ տարի:

Ժամանակի ընթացքում հասկացա, որ պարը ոչ մի կապ չուներ, որ ես, մեկ է՝ սիրում եմ պարել, սխալը պարն էր, որն ընտրել էի:

Հասկացա, որ ժողովրդական պարը չուներ այն, ինչ կա ազգային պարի մեջ. ոգի, անկեղծություն ու ամենակարևորը՝ շատ մերձ էին մեր արմատներին: Կամ, գուցե կար, ուղղակի ես չեմ զգացել: Ուղղակի այդ «պարտադրված» հավասարությունն ու մշակվածությունը մինչև հիմա էլ կաշկանդում են ինձ, իսկ ազգային պարերում նման բան չկա, այնտեղ ամեն ինչ իրական է, անկեղծ, այնպես, ինչպես եղել է հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր տարիներ առաջ:

 Փորձերի առաջին իսկ օրից ինձ համար պարզ էր, որ նա մի տեսակ ուրիշ է, ավելի հարազատ, ավելի ոգեշնչող: Ու չզգացի, թե ինչպես օրերը ամիսներ դարձան, իսկ ամիսները՝ տարի: Աստիճանաբար սովորածս պարերի քանակն էլ մեկ-երկուսից հասավ տասի, քսանի:

Հիշում եմ, երբ նոր էինք սովորում պարերը, անգամ դպրոցում՝ գրատախտակի մոտ կանգնած, անկախ ինձանից ոտքերս շարժվում էին: Դպրոցական ոչ մի միջոցառում չէր անցնում առանց պարի: Հիմա էլ:

Ու ոնց էինք ուրախանում, երբ նոր համերգի հրավեր էինք ստանում, կամ փառատոներից մրցանակով էինք վերադառնում:

Անարդարություններին էլ սովորում էինք:

Հիմա էլ չեմ գնում պարի, բայց այն ամենը, ինչ սովորել եմ այդ երկու տարիների ընթացքում, երևի երբեք չմոռանամ, սկսած «յարխուշտայից», մինչև ազգայինը գնահատելու կարևորությունը: Երևի միշտ էլ ծանոթ երաժշտություն լսելիս ոտքերս շարժվել են սկսելու:

nina shahmuradyan

Երբ ես թռչուն էի

Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ բոլոր մարդիկ թռչուններ են եղել, ու երբ իրենց սկսել են վատ պահել, մարդ են դարձել: Ես փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի կրկին թռչուն դառնամ, որպեսզի կարողանամ տեսնել աշխարհը վերևից: Ի՜նչ փոքր կլինեին իմ ընկերուհիները: Հետո, երբ մի քիչ էլ մեծացա, հասկացա, որ եթե մենակ ես թռչուն լինեի, անհետաքրքիր կլիներ: Ու դրա համար, հենց տեսնում էի, որ ընկերուհիներիցս մեկը իրեն վատ է պահում, ջղայնանում էի ու ասում, որ եթե ինքը չարություն անի, թռչուն չի դառնա ու ինձ հետ վերև չի գա:

Երբ ավելի մեծացա, հասկացա, որ մարդը հենց սկզբից էլ մարդ է լինում, ու հույսս փշրվեց: Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ հետաքրքիր է թռչունների կյանքը: Նրանք ապրում են ծառերի վրա, երգում են, թռչում, ու բոլորը բարի են:

Երբ արդեն բավական մեծ էի ու արդեն գիտեի` ինչ է նշանակում գողություն, մարդասպանություն, չարություն, նախանձ ու դավաճանություն, ավելի շատ էի ուզում թռչուն լինել: Ես գիտեի, որ դա անհնար է, բայց երազներումս միշտ պատկերացնում էի ինձ՝ թռչուն, մյուս բարի թռչունների շրջապատում, միշտ անհոգ ու ազատ:

Հիմա… Հիմա ամեն ինչ փոխվել է: Հիմա արդեն էլ չեմ մտածում թռչուն լինելու մասին: Հիմա ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ լինեն թռչունների պես բարի, անկեղծ, ազատ ու առանց չարության: Ուզում եմ, որ մարդիկ թափանցիկ լինեն, որ նրանք չունենան բազմաթիվ դիմակներ, ամեն մեկի համար պատրաստած հատուկ դեմք ու այդ մարդուն համապատասխան բնավորության գիծ:

Հետաքրքիր է, ի՞նչն է ստիպում մարդուն չարանալ: Ճի՛շտ եք՝ մարդիկ: Մարդիկ ստիպում են դիմացինին, որ նա ուզենա սպանել, ստիպում են գողություն անել, ստիպում են դավաճանել, խաբել… Ամեն ինչում մարդիկ են մեղավոր… Եթե մարդիկ հենց ամենասկզբից չփորձեին իրար գերազանցել, այսպես չէր լինի: Եթե մարդիկ բոլորի հանդեպ անտարբեր չլինեին, բոլորին չնայեին նույն աչքերով ու նույն զզվանքով, այսպես չէ՛ր լինի: Ուրեմն, ի՞նչ, արդեն ո՞ւշ է, էլ հույս չկա՞:

Իսկ եթե մենք հիմա՛ փորձենք հանել այդ նողկալի անտարբերությունը մեր միջից, ինչ-որ բան կփոխվի՞: Եթե մենք չփորձենք լինել ուրիշից լավը, այլ փորձենք գերազանցել ինքներս մեզ, փորձենք ոչ թե դառնալ ավելի լավը, քան նա, այլ ավելի լավը, քան մենք հիմա ենք: Կփոխվի՞ արդյոք ինչ որ բան, կփոխվե՞ն արդյոք մարդիկ: Հետաքրքիր է:

violeta mkrtchyan

Լարված գրաֆիկ

Շաբաթվա սկզբից մինչև վերջ ես գրեթե տուն չեմ մտնում, եթե մտնում էլ եմ, միայն քնի ժամերին: Բանն այն է, որ օրակարգս այնքան խիտ և հագեցած է, որ չեմ հասցնում ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել: Մայրս միշտ ասում է.

-Տունը դարձել է քեզ համար հյուրանոց, գալիս` քնում ես, առավոտյան արթնանում ու գնում ես:

Բայց ես ամենևին մեղավոր չեմ:

Մի քանի օր առաջ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի քվեարկություն, որտեղ պետք է ընտրեին նախագահ և փոխնախագահ: Քվեարկության արդյունքում երկու ձայնով զիջեցի նախագահին ու դարձա դպրոցի ԱԽ-ի փոխնախագահ, իսկ նախագահը դասընկերուհիս է: Ես նրա համար շատ ուրախ եմ, քանի որ նա արժանի էր դրան:

Հերիք չէին դասերս, պարապմունքներս ու Թումոն, ավելացան ԱԽ-ի աշխատանքները: Դե արի ու այսքանը միասին հասցրու: Պլանավորվեցին ԱԽ-ի գործերը, հույս չունեի, որ մի բան կստացվի, բայց սկսեցի աշխատել: Նախապատրաստական աշխատանքների մեջ է գտնվում «Հայ Ասպետ» մրցախաղը, եկող շաբաթ սպասում ենք նորությունների: Միջանցքներում մշակվեցին պարտադիր հերթապահություններ, որոնք կատարելու են ԱԽ-ի բոլոր անդամները: Պատերին փակցրինք ցուցակները:

Սիրում եմ զբաղվել կազմակերպչական աշխատանքներով, մանավանդ, որ վերջում արդյունքի ես հասնում: Շաբաթվա մեջ 3-2 օր ժողովներ ենք անում և քննարկում հետագա քայլերը: Պարապմունքներիս ուշ-ուշ եմ գնում, մինչ դպրոցից հոգնած հասնում եմ տուն, որ պետք է գնամ, արդեն մութ է լինում:

Չգիտեմ, այս ամենը և լավ է, և վատ: Կարծում եմ՝ լավ է այն առումով, որ երբ ուսանող դառնամ, և լարվածությունս շատ լինի, կկարողանամ դիմակայել ամենադժվարին: Իսկ վատ է դասերիս համար, շատ են տնային հանձնարարությունները, դրանց հետ միասին էլ` պատմել, գրել, կարդալ, չեմ հասցնում, էլի: Տոն օրերն էլ չասեմ, պետք է մասնակցեմ բոլոր միջոցառումներին, հավաքույթներին, համերգներին: Բնավորությունս ինձ ստիպում է անել ամեն բան, սովորել ամեն բան, ընդունվել այն տեղերը, որոնք ինձ շատ են հետաքրքրում, իսկ դրա հետ մեկտեղ պետք է աշխատել և սովորել:

Anahit Ghazakhetsyan

Միայն թե ոչ զուգահեռ

Ես, օրինակ, պատերին ու դեղնավուն թղթերին գրել ու գծել եմ սիրում, բայց դու կարող ես սովորական թուղթ վերցնել: Ուրեմն, վերցրու ու զուգահեռներ գծիր (հետն էլ աշխարհի ամենատխուր նկարը կտեսնես): Գծիր ու հավատա, որ աշխարհում ապրում են զուգահեռի կյանք վարող մարդիկ: Թե՞ դու էլ ես նրանցից:

Հետո ընկիր երկրաչափական ցանկացած պատկերի հետևից, իրար կողքի, իրար տակ, էստեղ-էնտեղ գծիր եռանկյուն, քառանկյուն, շեղանկյուն ու սեղան: Իրենց պետքն էլ չի, որ հեռու են: Այ, տես՝ մեկը չորս հատված ունի, մյուսը` երեք, տես, որ մենակության անհնարինություն կա:

Անկյունագծեր ու կիսորդներ են տարվում, բարձրություններ իջեցվում, խնդիրները՝ լուծումներ, x-երն ու y-ները՝ արժեքներ ստանում, իսկ մենք պատերին, գետիններին՝ կավիճով, տետրերում ու հուշատետրերում գրիչներով գծված, մեր արժեքն իմացող, բայց դրան բանի տեղ չդնող զուգահեռներ ենք մնում: Ո՞ւմ է պետք. էդպես էլ ուրիշ համաստեղություն կհասնենք ձգվելով, բայց հատման ընդհանուր կետ չենք գտնի: Երևի, էլի:

Ինձ թվում էր՝ ես սկսվում, իսկ ավելի ճիշտ, շարունակվում եմ քո վերջից, բայց դա հեչ էլ այդպես չէ: Որովհետև մեր կյանքը տարբերվում է երկրաչափությունից նրանով, որ դու հեռու ես ու ոչ միայն տարածության մեջ:

Հետո, խնդրում եմ, թե ձեռքիդ ռետին կա, վերցրու ու ջնջիր էս բոլոր անկապությունները: Ջնջիր իմ ու նրա, մյուսի ու էն մյուսի զուգահեռ կյանքերը: Ու չափսոսաս: Կամ էլ մեկիս ջնջիր ու ուղղահայաց իջեցրու: Մնում է՝ ջնջվենք: Ռետինի կարիք լինի, ձայն տուր:

Թքած` լուծվելու կարիք զգացող բոլոր խնդիրների ու երկրաչափական կանոնների վրա:

«Հայր մեր, որ երկնքում ես, կամ էլ չգիտեմ՝ որտեղ, ամեն դեպքում ինչքան գիտեմ՝ ձայնը հավասարաչափ է տարածվում, այսինքն՝ կլսես, ուրեմն՝ թող վերանա աշխարհի երեսից զուգահեռությունը»:

«Թող լինի»-ն ներքևի վանդակի զուգահեռներից մեկն է ասում:

Կողքերից «ամեն»-ներ եմ լսում, կամ էլ՝ դու էլ ես լսում:

Ու մեկ էլ, թե հնարավոր է, թող ռետինը ջնջի մեզ: Սա մտքումս եմ ասում, բայց գիտեմ, որ մյուս զուգահեռներն էլ համաձայն կլինեն ու էլի «ամեն» կասեն:

Ինչքան էլ ճակատագրին չհավատամ, վերագծիր:

Որովհետև ես ամեն օր ձեռքս մեկնում եմ նրան ու թեկուզ մատներիս ծայրով չեմ կպչում:

Բայց գիտեմ, որ էդպես պետք չէ: Գիտեմ: Սկիզբ դիր էսքան ժամանակվա վերջին: Ռետինդ ո՞ւր է… Ռետինդ:

Ու գիտես՝ մեր մտքով էնքան բան է անցել, մեր իրականության համար էնքան խելագար բաներ ենք արել: Այ, օրինակ, դու հաշվե՞լ ես՝ աշխարհում քանի կայսրություն է փլուզվել, ու քանի երկրներ են դադարել գոյություն ունենալ: Ու տեսե՞լ ես՝ իրենց տեղերը հեչ էլ դատարկ չեն մնացել: Մեր տեղն էլ դատարկ չի մնա:

Հեչ չմտածես:

nare harutyunyan

Մեր բակի տատիկները

Հենց օրերը տաքանում են, մեր շենքի տատիկներին հաստատ կտեսնես շենքի տակի խանութների աստիճաններին նստած կամ մի փոքր քարի վրա, որ դարձել է նրանց նստարանը:

Մեր բակի «նստարանի» տերերը երկուսն են` Ժենիկ ու Ժուլետ տատիկները: Նրանք երկուսն էլ առանձնահատուկ են, երկուսն էլ տարբերվում են միմյանցից:

Ժենիկ տատիկը մենակ է ապրում, բայց իրեն միայնակ չի զգում: Նրան ցուրտ եղանակին միշտ կտեսնես կոն հավաքելիս: Ժենիկ տատիկը չունի երեխաներ, հարազատներ, այդ պատճառով մենք և մեր հարևանները շատ ենք օգնում նրան: Մենք նրան վառելիք ենք տալիս, տոներին` ուտելիք: Նա շատ է սիրում մեզ` երեխաներիս, երբ խոսում ենք նրա հետ, նա միշտ օրհնում է:

-Բարև, Ժենիկ տատիկ: Ո՞նց ես:

-Բարև մեռնեմ քեզի` Աստծո հրեշտակ: Լավ եմ, լավ, Աստված օրհնա ձեզի:

Տատիկը հատկապես շատ է սիրում իմ եղբորը, ներկա է լինում եղբորս ծննդյան տարեդարձներին: Նա շատ է հավատում Աստծո գոյությանը և պնդում է, որ նրան տեսել է: Ես նրան հավատում եմ և սիրում:

Հիմա պատմեմ Ժուլետ տատիկի մասին: Նա նույնպես ապրում է մենակ, բայց ունի բարեկամներ: Նա Ժենիկ տատիկից տարբերվում է նրանով, որ շատ է անիծում և ինքն իրեն խոսում: Երբ մոտենում ես նրան, հետը խոսում, պատասխանում է «ջանով-ղուրբանով», իսկ երբ հեռանում ես` հետևիցդ անիծում է.

-Վա՜յ, թաղեմ քեզի, մեռնես դու:

Չեմ սիրում այդպիսի մարդկանց:

Շատերն ասում են, որ դրա պատճառը նրա մենակությունն է, բայց դա ես չեմ ընդունում. չէ՞ որ Ժենիկ տատիկն էլ է մենակ ապրում, բայց նրա պես չի անիծում: Այնուամենայնիվ, նրանք իրենց բնավորությունը չեն փոխի: Այսպիսին են մեր բակի տատիկները:

anna gasparyan

Երազանքներն իրականանում են

6-րդ դասարանում էի: Սովորականի պես նստած էի դասի: Եվ ներս մտավ փոխտնօրեն ընկեր Մարդոյանը: Նա հայտնեց, որ մեկնարկել է նոր մրցույթ՝ «Ամենախելացին»: Եվ ասաց, որ կա տարիքային սահմանափակում: Երբ ես իմացա, որ մրցույթը 12-13 տարեկան աշակերտների համար է, հույսս կորցրի, որովհետև ընդամենը 11 տարեկան էի: Բայց մասնակցելու ցանկությունը շատ մեծ էր: Այնքան համոզեցի, որ, վերջիվերջո, որոշեցին ինձ նույնպես ուղարկել այդ մրցույթին:

Դեկտեմբերի 7-ն էր: Երեկվա պես հիշում եմ այդ օրը: Գավառում տեղի ունեցավ ընտրական փուլը: Բաժանեցին գրավոր հարցաթերթիկները, ազդարարեցին ժամանակի սկիզբը: Չնայած, որ տարիքով փոքր էի, երկար համոզելուց հետո ինձ թույլ տվեցին մասնակցել: Հարցաթերթիկում շատ էին հարցերը, որոնց պատասխանը չգիտեի: Երբ ստուգեցին աշխատանքները, ասացին, որ քույրս անցել է բանավոր փուլ: Անկասկած, ես վստահ էի նրա ուժերի վրա: Բանավոր փուլը նույնպես հրաշալի անցավ: Ես արդեն վստահ էի, որ քույրս անցել է հեռուստատեսային փուլ:

Որոշ ժամանակ անց մենք ստացանք այն սպասված զանգը, որը կփաստեր, որ Արաքսին հեռուստատեսային փուլում է: «Ա~խ, երանի Արաքսիին»- մտածում էի ես: Եվ իրոք, ինձ համար անհաս երազանք էր հեռուստատեսությունում հայտնվելը:

Զանգից հետո ամբողջ ընտանիքով անհամբեր սպասում էինք խաղի օրվան: Եվ, վերջապես, այդ օրը եկավ: Ես, փոքր քույրս, մայրիկս եկել էինք որպես հանդիսատես: Ցավոք, այդ օրը Արաքսին չկարողացավ անցնել հաջորդ փուլ: Ես շատ էի ափսոսում, բայց, հույս ունեի, որ կկանգնեմ քրոջս տեղում և կշարունակեմ նրա կիսատ թողած ճանապարհը, դրա հետ մեկտեղ՝ կիրականացնեմ երազանքս:

«Ամենախելացիի» բոլոր խաղերը դիտում էի՝ առանց որևէ խաղ բաց թողելու: Օրեցօր ավելի ու ավելի էի տենչում կանգնել «Ամենախելացիի» հարթակում: Ավելի քան մեկ տարի սպասել եմ այդ բաղձալի օրվան: Վերջապես ես հնարավորություն ստացա երազանքս իրականացնելու:

7-րդ դասարանում էի: Դարձյալ դասարան մտավ ընկեր Մարդոյանը՝ իր հետ բերելով այդ հրաշալի լուրը: 4-րդ եթերաշրջանը հենց իմ տարիքային խմբի համար էր: Անմիջապես հայտագրվեցի: Հուրախություն ինձ, կարողացա ընտրական փուլում անցնել բանավոր փուլ: Բանավոր փուլն անթերի պատասխանեցի, և ինձ մնում էր միայն սպասել, թե երբ կզանգահարեն ինձ:

Հուլիս ամսվա մի առավոտ մայրիկիս զանգահարեցին և ասացին, որ անցել եմ հեռուստատեսային փուլ: Ես արդեն 7-րդ երկնքում էի: Արդեն սկսեցի հաշվել օրերը: Մնաց 31 օր, 30, 29, 28, 27… Մեծ եռանդով էի պատրաստվում: Վերջապես եկավ այն օրը, որին անհամբերությամբ սպասում էի: Եվ… Ես անցա: Ես արդարացրեցի հարազատներիս հույսերը: Վերջապես կատարվեց իմ՝ երկար փայփայված այդ երազանքը… Երազանքները վաղ թե ուշ իրականանում են. անհրաժեշտ է միայն հավատ, ձգտում և համբերություն:

diana karapetyan

Սուպերհերոս եմ դառնալու

Փոքր ժամանակ ես հավատում էի բոլոր սուպերհերոսների գոյությանը: Հիանում էի, թե ինչպես են նրանք իրենց կյանքը զոհաբերում իրենց ընդհանրապես անծանոթ մարդկանց կյանքը փրկելու համար: Զարմանում էի, թե ինչպես են նրանք հաղթահարում բոլոր դժվարությունները և հաղթում չարին: Երազում էի դառնալ իրենց պես հերոս և փրկել մարդկանց կյանքերը, բայց մեծանալով հասկացա, որ մարդկանց կյանքերը փրկելու համար պետք չէ ունենալ ինչ-որ սուպեր ուժ, կամ կախարդական թևեր, որ աշխարհի մի ծայրից մյուսը թռչել: Բավական է ուղղակի ընտրել ճիշտ մասնագիտություն:

Երկար էի մտածում, թե ինչ մասնագիտություն ընտրել: Ի՞նչ ընտրել, որ կարողանամ մարդկանց օգուտ տալ և փրկել նրանց կյանքերը:

Հիմա կմտածեք` բժիշկ եմ ուզում դառնալ: Ուզում էի, բայց չգիտես ինչու, մտափոխվեցի: Դե հա, բժիշկները այն մարդիկ են, որ միշտ փրկում են մարդկանց կյանքերը, նրանք իմ կարծիքով իսկական սուպերհերոսներ են, բայց մի տեսակ ես վախենում էի: Վախենում էի ու վախենում եմ, բայց ոչ թե արյունից կամ այդ դժվար գործից, այլ վախենում եմ, որ կարող է մի օր ինչ որ մեկի կյանքը չկարողանամ փրկել: Վախենում եմ, որ նա կմահանա իմ աչքի առջև, և դա կլինի իմ մեղքով: Այդ վախը ստիպեց ինձ հետ կանգնել այդ որոշումից:

Նորից երկար մտածմունքներ…

Ճգնաժամային իրավիճակների կառավարող, այս է արդեն վերջնական իմ որոշումը: Գիտեմ, դժվար գործ է, բայց ես իմ մանկության հերոսների պես կհաղթահարեմ բոլոր դժվարությունները: Այստեղ էլ վախ կա, բայց…

Բայց իմ հերոսները ինձ սովորեցրել են, որ «Եթե ինչ որ բան շատ ես ուզում, ապա պետք է պայքարես ու հաղթահարես բոլոր դժվարությունները, եթե ձեռքերդ վայր դնես, ապա «սուպերհերոս» չես կարող դառնալ»:

Ճիշտ է, ծնողներս ու ընկերներս այդքան էլ դրական կարծիք չհայտնեցին: Նրանք ծիծաղում էին ու ասում, որ ես չեմ կարող այդ գործը անել:

-Ախր, չես կարա: Լավ, գնա, գնա: Ես էլ կզանգեմ, քեզ տուն կկանչեմ: Ի՞նչ պիտի հավաքեմ., ինը, մեկ, մեկ, չէ՞,-ծիծաղելով ասում էր մայրիկս:

-Հենց կարոտեմ` տունս «պաժառ» կտամ, որ գաս` համ ինձ փրկես, համ էլ` քեզ կտեսնեմ: Թե չէ, որ դու գնացիր, ինձ կմոռանաս,- ասում էր ընկերուհիս՝ Զարուհին:

Մի կողմից բարկանում էի նրանց վրա, իսկ մյուս կողմից` ուրախանում էի: Բայց դե կարևորը, հայրիկս դեմ չի: Բայց և այնպես, ես արդեն իմ որոշումը կայացրել եմ և ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ իմ նպատակին: