Իմ էջը խորագրի արխիվներ

rafayel najaryan

Մանեն

Երբ ծնվեց քույրս` Մանեն, ես շատ էի ուրախացել: Ես, հայրս և հորս ընկերները ծննդատան դիմաց անհամբեր սպասում էինք քրոջս ծնվելուն: Ես այդ ժամանակ 12 տարեկան էի: 2012թ. մարտի 13-ն էր, և ժամը 21:15-ին զանգեց մայրս և ասաց, որ ծնվեց Մանեն: Այդ ժամը մնաց իմ կյանքի ամենալավ և ուրախ ժամերից մեկը: Մենք շատ էինք ուրախացել, և երբ նայեցի հորս, տեսա, որ նա ուրախությունից ոչինչ չի տեսնում: Անընդհատ զանգեր, նամակներ և այդ ամենին ստիպված պատասխանում էի ես:

Երբ Մանեին տարանք տուն, ես նրա կողքից չէի հեռանում և շատ էի սիրում նրան դուրս տանել զբոսանքի: Բայց այդ ժամանակն այնքան արագ անցավ, որ ես նույնիսկ չնկատեցի, թե Մանեն ինչպես այդքան մեծացավ: Չնայած, որ Մանեն արդեն չորս տարեկան է, իսկ ես` տասնվեց, մենք շատ մոտ ենք և շատ կապված իրար հետ:

Օրինակ` երբ ես տանից բացակայում եմ, բաժանվում ենք իրարից, թե իմ, թե Մանեի նույնիսկ ջերմությունը շատ է բարձրանում: Բայց իմ ընտանիքն ապրում է Երևանում, իսկ ես Կարմիրգյուղում` տատիկիս և պապիկիս հետ: Երբ ես Երևանում ավարտեցի իններորդ դասարանը, պետք է ընտրեի, թե ինչ ավագ դպրոց ընտրել, ցանկացա գնալ գյուղ, որպեսզի տատիկս և պապիկս մենակ չմնան: Հիմա ապրում եմ գյուղում տատիկիս ու պապիկիս հետ ու ստիպված եմ գոնե շաբաթական մեկ անգամ գնալ Երևան, որպեսզի տեսնեմ քրոջս և կարոտս առնեմ որոշ չափով: Քույրս մանկապարտեզ է գնում և արդեն մի քիչ խոսում է անգլերեն և ռուսերեն, իսկ հայերեն ամենալավն է խոսում մանկապարտեզում: Այդ ամենից բացի քույրս շատ է սիրում նկարվել և նկարել: Երբ ես գնում եմ Երևան, նա միշտ ինձ ասում է.

-Րաֆուլ, մի հատ ինձ նկարի, կամ արի` սելֆի անենք:

Իսկ ես միշտ համաձայնվում եմ, քանի որ դեռ չի եղել, որ քրոջս մերժեմ: Բայց առաջ նկարում էի շատ վատ և չէի նկատում այնպիսի մանրուքներ, որոնք սկսեցի նկատել և հասկանալ «Մանանա» կենտրոն հաճախելուց հետո:

Ալիքներին դեմ և համընթաց

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Թիավարությունը շատ դժվար սպորտաձև է: Որպեսզի կարողանաս լավ թիավարել, պետք է լինես ֆիզիկապես և հոգեպես ուժեղ: Բայց ինձ համար հոգեպես ուժեղ լինելն ավելի կարևոր է, որպեսզի պարտվելու դեպքում չհուսահատվես և շարունակես մարզվել: Սա ոչ միայն կարևոր է թիավարության դեպքում, այլ նաև բոլոր սպորտաձևերում:

Հա, մոռացա ներկայանալ` ես Դավիթն եմ, թիավարող եմ և շատ-շատ եմ սիրում այս սպորտաձևը: Թիավարությունը մի սպորտաձև է, որի ժամանակ շփվում ես ջրի, քամու ու ցրտի հետ և դրա շնորհիվ կոփում ես մարմինդ:

Այս սպորտով զբաղվել եմ 13 տարեկանից: Մինչ օրս հիշում եմ իմ առաջին հաջողություններն ու անհաջողությունները: Առաջին տարին, երբ դեռ նոր էի սկսել մարզվել, մրցումներ անցկացվեցին Հրազդան գետում: Ճիշտ է, ես լարվածությունից ու անփորձությունից չկարողացա որևէ հաջողության հասնել, սակայն չհուսահատվեցի և շարունակեցի այդ սպորտով զբաղվել: Մեկ տարի անց ես ունեցա առաջին հաջողությունս` մեծ դժվարությամբ, բայց հասա: Մրցման ժամանակ ամենակարևորը չպետք է լարվել, մտածել պարտության մասին, բայց չպետք է թերագնահատել նաև հակառակորդին:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Շատ եմ սիրում ու հարգում իմ մարզիչներին: Ամեն պարապմունքից առաջ
մեզ տալիս են առաջադրանքներ, որոնք ճիշտ կատարելով հասնում ենք որևէ արդյունքի: Մենք 20-ից ավելի մարզիկներ ենք: Ամեն մեկն ունի իր նավակը: Ճիշտ է, այնքան էլ լավ վիճակում չեն, բայց մենք  խնամքով ենք վարվում: Բախտներս այնքանով է բերել, որ մենք Սևան ունենք և Հրազդան գետ, բայց հիմնականում մարզվում ենք Հրազդան գետի վրա: Թիավարությունը Սևանում զարգացել է մեկ տասնամյակ առաջ: Ասեմ, որ կա թիավարության 4 ձև`«բայդարկա», «կանոե», «պարականոե», «ակադեմիական»:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Սևանում միայն առաջին երեք ձևերն են զարգացած: Մյուսով զբաղվում են միայն Երևանյան լճում: Սևանում ունենք ընդամենը մի քանի թանկարժեք «նավակներ», որոնցից երկուսը այս տարի արտերկրից են բերվել: Կան նաև երկու առանձին  թիանավակներ` նախատեսված  հաշմանդամների համար:

Թիավարությունը Հայաստանում այդքան էլ լավ զարգացած չէ. չկան լավ պայմաններ, բայց մենք չենք հուսահատվում և շարունակում ենք պարապմունքները:

suren ghazaryan

Իմ նոր զբաղմունքը

Այդ օրը ես շատ անհանգիստ էի: Դասի ընթացքում ոչինչ չէի լսում: Սպասում էի, թե երբ պիտի գա ժամը, երբ պիտի գնամ իմ ու նրա առաջին հանդիպմանը: Եվ վերջապես եկավ այդ պահը: Ես ավարտեցի դասերս ու շտապեցի քաղաքի մյուս ծայրում թաքնված փոքր ախոռների մոտ ու հանդիպեցի նրան: Ես նրան երևի հենց այդպիսն էլ պատկերացնում էի՝ հպարտ, վսեմ և յուրահատուկ ձևով գեղեցիկ: Ու ես սիրեցի նրան հենց առաջին իսկ հայացքից:

Ահա և կատարվեց իմ բաղձալի երազանքը, ու ես ստացա ձի հեծնելու հնարավորությոն: Այդ պահին մարմնովս սարսուռ անցավ և ոտքերս սկսեցին դողալ:
Մարտունի քաղաքի մի ծայրամասում էին ախոռները: Դրանք նման էին պատերազմի ժամանակ մոռացված խարխուլ տնակների: Եվ ոչ մեկը չէր էլ պատկերացնում, որ այնտեղ կարող է ինչ-որ կենդանի շունչ լինել:
Մի օր ռազմագիտության ժամին մեզ հայտնեցին, որ մեր ուսուցիչը չի գալու: Ու հենց այդ օրը ես լսեցի անիրական թվացող մի խոսակցություն, թե մեր ռազմագիտության ուսուցիչը ինչ-որ մի ծրագրով գումար է ստացել և պատրաստվում է ձի գնել: Այդ ժամանակ, անգամ ձի տեսնելը ինձ համար անիրական թվացող ցանկություն էր:
Բայց հիմա նստած ձիու վրա, մտածում եմ, որ սա մեր երազանքների կատարման վառ օրինակ է:
Այդ տարի իմ ուսուցիչը որոշեց ձիավարության ակումբ հիմնել և գնեց ևս մեկ ձի: Դա ինձ համար արդեն երկրորդ խոշոր անակնկալն էր: Ես սկսեցի հաճախել այդտեղ՝ պարապմունքների, և ինչ-որ ժամանակ անց, կարելի է ասել, որոշ չափով հմտացա ձիավարության մեջ: Ես սկսեցի ավելի շատ սիրել ձիերին, և ձիավարությունը դարձավ իմ հոբին:

Diana Grigoryan

Գունավորից անգույն, կամ հակառակը

Մի օր վանաձորյան խճանկարի առաջին էջը դարձրին գունավոր: Նորույթ էր, անսովոր ու ուրախալի բան: Հիշում եմ՝ ցուրտ ձմեռ էր, բայց տանը տաք էր: Դեռ փայտ էինք վառում ու տաքանում: Մեկ էլ դուռը թակեցին, բերեցին առաջին հրատակարությունը, ուրախացանք. 50 դրամ ավելացրել էին, բայց վերցրինք:

Մի օր էլ հայրս ու մայրս տուն բերեցին գունավոր հեռուստացույցը: Այնպես էի թռվռում, արկղն էլ այնքան մեծ էր՝ մեջն էի մտել ու խաղում էի:

Հետո բոլոր դասագրքերը նորից տպագրեցին. էջերը՝ սպիտակ, մաքուր, գույները՝ պայծառ:

Վերջերս էլ նկատեցի՝ քաղաքիս մարդիկ սկսել են գունավոր հագնվել: Նայում եմ, ուրախանում…

Բայց մեծացել եմ: Զգում եմ, որ արտաքինից գունավոր ենք ներկվել: Բա նե՞րսը: Ներսն ու դուրսը խառնվել են, ու ներսը դարձել է անտարբեր: Հա՛, անտարբեր, ոչ թե մռայլ: Անտարբեր ենք դարձել, որովհետև էլ չենք զարմանում: Դե, ինչպես ասում են՝ մեր սերնդին ոչնչով չես զարմացնի: Ուզում եք ստեղծեք մի սարք, որով կարող եմ գրկել Գերմանիայում ապրող քրոջս, ուզում եք Մարսի վրա տուն շինեք և ուղարկեք ինձ այնտեղ ապրելու, մեկ է, չեմ զարմանա: Չէ՛, ինչ ուզում եք արեք, չեք համոզի:

Արդեն նորմալ ենք նայում աթեիզմին, սեռական փոքրամասնություններին ու նման բաներին: Ազատամտությո՞ւն, թե՞ անտարբերություն կասեք: Եսի՞մ:

Ոչ թե հանրահաշվական կամ նմանության հականիշ «տարբերություն»-ով, այլ անտարբերության հականիշ տարբերությամբ լցվեք:

Գունավոր տարբերությամբ… Որ գոնե համապատասխանենք «գունավոր» կյանքին:

vahe stepanyan

Մենք անմահ ենք

Նախ զգուշացնեմ, որ այս նյութը կարող է շատ երկար ստացվել: Ինքս էլ չգիտեմ դեռ: Այսինքն, եթե դու հավես չունես ու համոզված չես, որ կկարողանաս մինչև վերջ կարդալ, ավելի լավ ա` մի սկսիր: Փակիր էջը ու կբացես, երբ մի քիչ ազատ ժամանակ ունենաս և ուզես մի հետաքրքիր բան իմանալ:

Ասում են` մարդիկ անմահ չեն լինում: Հիմա կասեք` «ասում են»-ը ո՞րն ա. պարզ ա, անմահ չեն լինում: Հեհե: Դու չարաչար սխալվում ես: Հա, ու ես անմահ ասելով նկատի չունեմ, օրինակ, Շեքսպիրին կամ Բեթհովենին (ճիշտն ասած, ես կլասիկայի սիրահար չեմ, բայց դե փաստը մնում է փաստ` նրանք անմահ են): Ես նկատի ունեմ անմահ՝ ֆիզիկապես: Մահը հարաբերական է: Ուզո՞ւմ եք մի քիչ գլուխներդ տանեմ:

Հա, ինչի՞ եմ հարցնում որ. մեկ ա, պիտի պատմեմ: Դե, եթե դու դեռ չես քնել ու շարունակում ես կարդալ, ուրեմն, լարիր ուղեղդ ու շարունակիր: Էստեղ մի 2 հետաքրքիր բան ունեմ ձեզ համար:
(Ստորև ներկայացված մասը իմի եմ բերում այն գիտելիքներից, որոնք ինձ «տվել են» Մայք Սթիվենսը ու Բիլ Բրայսոնը: Այն կարող է հետաքրքիր լինել, կարող է նաև՝ ոչ: Դրա համար էլ խորհուրդ եմ տալիս մի բաժակ սուրճով կամ թեյով զինվել):

Ֆուհ: Հլը մի հատ լուսամուտից նայեք: Նայեք, կարող ա` հենց հիմա պատահաբար անցնում ա էն աղջիկը (կամ էլ տղան), ով ձեզ վաղուց դուր ա գալիս: Բայց քանի որ դու շատ ամաչկոտ երիտասարդ ես ու չգիտես ինչ պիտի ասես նրան, երբ նայես նրա աչքերին, քանի որ երբեք չես մոտեցել նրան: Դե, հիմա հանկարծ պահը բաց չթողնեք: Վազեք փողոց, հասեք նրան, բռնեք նրա թևից ու ասեք.
-Իսկ դու գիտե՞ս, որ մենք բարեկամներ ենք:
Ու մինչ ինքը ձեռքը կազատի, կնայի քեզ ու կասի. «Կարո՞ղ է դեբիլ ես», դու կհիշես իմ գրածը ու առանց ստելու կպնդես, որ ինքը քո բարեկամն ա:

Դե, գիտեք, եթե նայենք գենետիկայի տեսանկյունից, հավանականությունն ուղղակի ահռելի ա, որ քո երկրում ապրող ու քո ազգին պատկանող ամեն պատահական մարդ քո հետ ունեցել է ընտանիքի ընդհանուր անդամ ամենաշատը 10 սերունդ առաջ: Այսինքն, 1600-ականներում ապրող մի մարդ կարող է լինել երկուսիդ ընդհանուր նախնին: Ու սա հեչ էլ դատարկ խոսքեր չեն: Մաքուր գիտական հաշվարկ:
Քանի մտածում եք. «Ի՞նչ ա անկապ խոսում», մի բան էլ ավելացնեմ:
Հիմա Երկիր մոլորակի վրա ապրող 7 միլիարդ մարդկանց ընդհանուր նախնին հնարավոր է, որ գոյություն է ունեցել մոլորակի վրա արդեն մ.թ.ա. 300 թվականին: Ըստ երևույթին, նա ապրել է Թայվանում, որտեղից իր հաջորդները կարողացել են արագ տարածվել ամբողջ աշխարհում: Թեթև հաշվարկը ցույց է տալիս, որ մոլորակի վրա ապրող ամեն մարդ մյուսի «պիծիձիսիտիյուռդնի» ( չգիտեմ հայերեն համարժեքը, դե «դվայուռդնիի» պես էլի, ուղղակի 50 պորտ) զարմիկն է կամ զարմուհին: Հասկանո՞ւմ եք, ամեն պատահական մարդ: Մինչև սա մարսեք, մի ուրիշ բան էլ ասեմ, որ գուցե ձեզ հետաքրքրի, գուցե և` ոչ:
Երկու բառ տեսությունից:
Մեր մարմնի բջիջները ու բակտերիաները մշտապես մահանում են ու փոխվում նորերով: Նույնիսկ մեր ուղեղի բջիջները՝ նեյրոնները, որ ահագին երկարակյաց են, անընդհատ փոփոխվում են: Նորից մի երկու կտկտոց հաշվիչի վրա, ու կպարզվի, որ մեր մարմնի մաս կազմող ատոմներից յուրաքանչյուրը 5 տարին մեկ փոխվում է ուրիշով: Հիշեք ձեզ 5 տարի առաջ: Դուք ատոմային մակարդակով ոչ մի ընդհանուր բան չունեք նրա հետ: Ոչ մի ատոմ: Գուցե դուք արդեն ձանձրացե՞լ եք, բայց ես միևնույն է, պիտի շարունակեմ:
Եթե մարդ վայրկյանում մի թիվ հաշվեր, մինչև միլիոնը հաշվելու համար նրանից կպահանջվեր 12 օր, իսկ մինչև միլիարդը` 34: 34 տարի… Էս ուղղակի, որ պատկերացնեք, թե միլիարդը ինչքան մեծ թիվ ա: Որովհետև հեսա վերջում միլիարդների հետ ենք գործ ունենալու: Հա ու մեկ էլ. եթե ունենաք մի միլիարդ նատրիումի ատոմ, նրանց ընդհանուր կշիռը միասին կկազմի 0 ամբողջ 13 հատ 0 վերջում 38 գրամ: Էս էլ որ պատկեարցնեք, թե ինչ փոքր ա ատոմը, որովհետև հեսա ատոմների հետ ենք գործ ունենալու:
Հեսա սպասեք: Մարդու ամեն բջիջ իր մեջ ունի 100 անգամ ավելի շատ ատոմ, քան աստղ կա մեր գալակտիկայում: Այսինքն, մի մարդու մարմնում ավելի շատ ատոմ կա, քան գիտությանը հայտնի ամբողջ տիեզերքում (ուղղակի ֆիզիկայով հետաքրքրվողների համար էստեղ թողնեմ, որ գիտությանը հայտնի տիեզերքը իրենից ներկայացնում է 130 միլիարդ լուսային տարի տրամագծով մի գունդ):
Բիլ Բրայսոնը (իմիջայլոց, մի շատ կայֆ մարդ) իմի բերեց էս փաստերը, մի քիչ կռվեց թվերի հետ ու հասավ մի հասարակ վիճակագրության: Դե, եթե մեր մարմնում էդքան անընդհատ փոփոխվող ատոմներ կան, ըստ Բիլի հաշվարկների, ներկա պահին քո մարմնում կա մի միլիարդ ատոմ, որ ժամանակին եղել են նույն Շեքսպիրի կամ Բեթհովենի մարմնում: Հենց հիմա տվյալ պահին մի միլիարդ ատոմ քո մարմնից Չինգիզ Խանինն են, մի միլիարդը` Դա Վինչիինը: Չէ, բայց դու զգո՞ւմ ես:
Մյուս կողմից, հենց հիմա քո մարմնի մասը կազմող մի միլիարդ ատոմ 1000 տարի հետո կարող են լինել ԱՄՆ 200-րդ նախագահի մարմնի մասը: Դու մասը կլինես այն մարդու, ով 1000 տարի հետո առաջինը ոտք կդնի մի անհայտ մոլորակի վրա ու կսեղմի այլմոլորակայինի ձեռքը (դե, կամ կմեռնի նրա ձեռքով):

Հասկանո՞ւմ ես, քո մի մասը միշտ էլ կմնա: Դու անմահ ես: Դե, գուցե մասամբ, բայց դու միշտ կթողնես քո հետքը տիեզերքում:

Մենք անմահ ենք: Ու պահում ենք մեր մեջ անմահներին: Ու ամենևին էլ կապ չունի` մարդը քո թշնամին է, թե բարեկամը. դու կապված ես նրա հետ: Դու կապված ես բոլորի հետ: Մենք բոլորս իրար հետ ենք կապված: Ինչ Հարաբերական բան ա դառնում կյանքը:

Մի ջարդեք ձեր գլուխը դատարկ բաների վրա: Ուղղակի սիրեք իրար:

Հ.Գ. Շնորհակալ եմ, եթե դու դիմացար ու կարդացիր մինչև վերջ, որովհետև ես ահագին լարեցի միտքս նյութս գրելուց:Հուսով եմ, հասկացար` ինչ էի ուզում ասել:

Հա, ու մեկ էլ. հիշիր, որ մենք բարեկամներ ենք:

Ani Ghulinyan

Ֆուտբոլը իր ողջ հմայքով

Երբևէ ականատես եղե՞լ եք ֆուտբոլասերների կռիվներին: Ովքեր չեն տեսել, խորհուրդ եմ տալիս ամեն կերպ խուսափել:

Նախ ասեմ, որ ըստ իս և շատերի, ֆուտբոլասերները` ֆաները, բաժանվում են երեք խմբի: Առաջինը նրանք են, որոնց համար լրիվ մեկ է ֆուտբոլը, ուղղակի հիմա «մոդա» է ֆուտբոլ նայել, նավանավանդ, եթե դու աղջիկ ես, դա քեզ համար մեծ «պլյուս» է: Այսպիսիք սովորաբար միայն շատ կարևոր խաղերն են նայում, որ հաջորդ օրը գնան դասի կամ գործի, ու պարծենան, որ կարողացել են հաղթահարել այդքան սպասված քունը, նստել մինչև գիշերվա երկուսը, ֆուտբոլ են նայել:

Երկրորդ խմբի անդամները մի քանի անգամ ավելի վատն են առաջիններից, նրանց անվանում են «գլորներ»: Սրանք այն մարդիկ են, ովքեր կոչված են հակառակորդ թիմի խաղացողներին ու երկրպագուներին ամեն անհնար ու հնարավոր ձևերով վիրավորելու: Նրանք սովորաբար ավելի շատ ատում են իրենց հակառակորդ թիմին, քան սիրում իրենց ակումբին կամ հավաքականին: Բոլոր թիմերի երկրպագուների մեջ էլ այսպիսիք կան. թե մադրիդիստների, թե կուլեների, թե մանկունյացիների…
Եվ վերջապես երրորդ`իմ ամենասիրելի խումբը: Սրանք այն ֆաներն են, որոնք երկրպագում են իրենց թիմին առանց ինչ որ բան մեկին ապացուցելու ձգտման, ուրախանում նրանց հաղթանակներով, անկեղծորեն տխրում պարտություններից:

Մի խումբ էլ կա, նրանք, ովքեր ուղղակի ֆուտբոլ չեն սիրում:
Ֆուտբոլը այսքան գեղեցիկ սպորտ չէր լինի, եթե չունենար երկրպագուների բանակ: Երկրպագուները կարող են թիմին հասցնել հաղթանակի և այնպես անել, որ նա պարտվի, նրանց աջակցությունը շատ կարևոր է:
Ֆուտբոլ չեն խաղում 22 հոգով, խաղի մեջ են նաև նրանք, ովքեր սրտի թրթիռով են սպասում հաղթական գոլին, որոնց սրտի աշխատանքը սկսում է արագանալ, երբ մրցակիցը գնդակով հայտնվում է իրենց տուգանային հրապարակում, նրանք գտնվում են տրիբունաներում ու հեռուստացույցի դիմաց:

Հաճախ, երբ հարցնում են Բարսայի խաղը ոնց ավարտվեց, ասում եմ` հաղթեցինք կամ պարտվեցինք, ծիծաղում են, ասելով` դու չհաղթեցիր, իրենք հաղթեցին, բայց ամեն երկրպագու իրեն թիմի լիարժեք անդամ է զգում: Թիմը ուժեղ է իր երկրպագուներով:
Ֆուտբոլը տհաճ կողմեր էլ ունի` երկրպագուների միջև բախումները: Զինագործները վիրավորում են ազնվականներին, մանկունյանցիները` քաղաքայիններին, կապտանռնագույնները` սերուցքայիններին, և հակառակը (իհարկե, ոչ բոլորը): Ամեն բան ավելի է սրվում կլասիկոներից (Ռեալ Մադրիդ-Բարսելոնա խաղերը) կամ դերբիներից (երբ որևէ քաղաքի երկու թիմեր խաղում են իրար հետ, օրինակ` Մանչսթեր Սիթի-Մանչեսթեր Յունայթեդ, Չելսի –Արսենալ) առաջ: Մինչ խաղադաշտում ֆուտբոլիստներն ու մարզիչները իրար ձեռք են սեղմում, երկրպագուները «իրար միս են ուտում»:
Անկախ ամեն ինչից, իր դրական ու բացասական կողմերով հանդերձ ֆուտբոլը ինձ ու շատերի համար մնում է ամենագեղեցիկ ու հույզերով լի սպորտը: Այն իր մեջ ամփոփում է ողջ կյանքը`հիասթափություն, հարգանք, սեր, հիացմունք…
Հ.Գ. Շատերը գուցե իմ նյութից ոչինչ չհասկանան, բայց լավ ֆուտբոլասերները կկիսեն իմ կարծիքը:

araqsya azizyan

Գնահատենք ամեն վայրկյան

Դպրոցական ընկերները հավերժ չեն մնա մեր կյանքում: Ուսուցչուհին միշտ չէ, որ մեզ կնստեցնի առաջին նստարանին, իսկ ծնողները գոնե մեկ անգամ կնստեցնեն տնային կալանքի, մեծ վեճերից հետո:

Մենք երբեք չեն կարող կատարել տնային հանձնարարությունները, մեկ շաբաթ առաջ, թեկուզ այն շատ ցանկանանք:

Մենք կգրենք շարադրություն մի գրքի մասին, որը չենք կարդացել, բայց կյանքում կգտնենք մի գիրք, որը կկլանի մեզ։

Մենք միշտ կերազենք աշնան մասին, իսկ աշունը կգա ու արագ կանցնի, տանելով հազարավոր երազանքներ:

Մենք կօգնենք մեկին ոտքի կանգնել, մեծ սխալից հետո: Մենք ինքներս կանենք սխալներ, իսկ հետո կզղջանք սխալի համար, ու կանենք ամեն քայլ` սխալն ուղղելու համար:

Մեր կյանքում կլինի մեկը, ով կքննադատի մեր երաժշտական ճաշակը, իսկ կգա մեկը, ով մեզ հետ հավասար կլսի մեր սիրած երգերը:

Մենք հաստատ լաց կլինենք մեր հարազատին, թանկ մարդուն կորցնելուց: Մեր կյանքում կլինեն մարդիկ, դեմքեր, հայացքներ, կլինեն իրադարձություններ, որոնք կմոռացվեն: Մենք մեզ միայնակ կզգանք, բայց ոչ մեկ անգամ: Մեզ կխաբեն: Կծիծաղեն մեզ վրա, կբղավեն, կդավաճանեն: Մենք կհեռանանք տնից, ցանկանալով մնալ միայնակ, կթափառենք փողոցներով:

Մենք կերազենք հեռանալ մեր երկրից, հեռանալուց հետո կսկսենք կարոտել մեր երկիրը:

Մենք մեկ անգամ չէ, որ կսիրահարվենք, կձանձրանանք, մինչև հասկանանք` որն է իրական սերը:

Մենք ամեն տեղ փորձելու ենք փնտրել մեզ: Բայց մենք երիտասարդ ենք, պետք է գնահատենք ամեն վայրկյանն ու րոպեն, ուրախ լինենք ամեն երջանկության ու տխրության համար, այլ ոչ թէ կատարած սխալից հետո առաջ գնալու փոխարեն հետ գնանք: Գտնենք կյանքի ճիշտ ապրելու բանաձևը։ Անենք ամեն խենթություն` ապրած օրերն ավելի ուրախ դարձնելու համար։

Սիրենք, սիրվենք ու լինենք հարգված։ Ու ամենակարևորը` եկեք ժպտանք։

sofya tadevosyan

Սև ծիածան

Իսկ ինչո՞վ ես զբաղվում դու գիշերը ժամը 4-ին, եթե քնած չես: Վերջերս ես սկսել եմ քիչ քնել: Հնարավոր է՝ դա կապված է եղանակի հետ, կամ էլ՝ զգացմունքների: Ավելի շուտ այդ եղանակն է ազդում զգացմունքներիս վրա: Երբ 12 տարեկան էի, ինձ պատմել են մի առակ, որն ընդմիշտ հետք է թողել իմ սրտի վրա: Միայն մեծանալով ես հասկացա, որ այն ճիշտ էր: Հենց հիմա՝ այս տարիքում եմ ես իսկապես հասկանում, որ դարձել եմ սև ծիածան: Ասում են՝ յուրաքանչյուր մարդ ծնվում է ծիածանի բոլոր գույներով: Փոքր հասակում մենք շողում ենք, ուրախանում և դառնում ավել պայծառ: Երբ մեծանում ենք, մեր ծիածանի գույների վրա սկսում են ազդել մարդիկ, որոնք մեզ շրջապատում են: Մարդկանց հետ կամ քեզ լավ ես զգում և սկսում ես շողալ ավելի պայծառ, կամ էլ նրանք կոտրում են քեզ, և դու սկսում ես հանգչել, մինչև, արդյունքում, դառնում ես մոխիր: Մոխիր, որից այլևս փյունիկ չի վերածնվի: Բայց… Միշտ կա այդ «բայցը»: Չէ՞ որ այդ «բայցի» շնորհիվ ենք մենք փորձում փոխել մեր կյանքը: Եվ հիմա, այսքան տարի հետո, ես հասկացա, որ ես սև ծիածան եմ: Եվ ինչքան էլ որ ծեծված հնչի՝ ես դժվար թե փոխվեմ: Ես սիրում եմ նրանց, ովքեր իմ կողքին են, չնայած այն բոլոր վատ արարքներին, որ գործել եմ իմ կյանքում: Իմ կողքին են միշտ այն մարդիկ, ովքեր փորձում են փոխել ինձ, դարձնել նորմալ: Բայց… Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: 18 տարվա ընթացքում իմ եսը սկսել է ինձ տանջել, դրա պատճառով ես շատերին եմ կորցրել, այնուամենայնիվ: Հիմա բոլորը փորձում են փոխել ինձ: Ես մարել եմ այն իրադարձություններից, որոնք ազդել են իմ վրա: 

Բայց սև ծիածան լինելը հետաքրքիր է, կախված նրանից, թե որ կողմից կնայես: Մենք՝ սև ծիածաններս, աշխատում ենք ապահովել բոլոր նրանց անվտանգությունը, ում սիրում ենք: Մենք պատրաստ ենք ինքներս տանջվել, միայն թե նրանց համար լավ լինի: Մենք միշտ կարող ենք թաքցնել ցավը, որը կրծում է մեզ ներսից, թաքցնել դա ժպիտի տակ: Ես պատրաստ եմ շարունակել լինել սև ծիածան: Եվ չեմ պատրաստվում փոխվել: Վերջին խոսքերը, որ տատիկս ինձ ասաց մահվանից առաջ.

-Թոռնիկս, ես գիտեմ, որ դու թաքցնելու ես ամբողջ ցավը քո մեջ, մինչև այն կսկսի քեզ կրծել ներսից: Դադարիր լինել սև ծիածան և վանել ուրիշ մարդկանց: Չէ՞ որ դու կարող ես կորցնել իսկապես լավ մարդկանց, որոնք քեզ դարձրել են այդքան պայծառ:

Խմբագրության կողմից. Իսկապես դադարիր, կյանքը բազմագույն է, իսկ դու երիտասարդ, մանավանդ, պատրաստ ես հանուն մերձավորների ամեն ինչ անել: Դե ուրեմն, հանուն մերձավորների` փոխվիր:

tamara galstyan

Չհանձնվել

Այս տարի ես փոխադրվեցի 12-րդ դասարան: Ինչպես մյուսները, այնպես էլ ես, ունեմ տարեվերջյան ավարտական քննություններ, սակայն բացի դրանից, որոշել եմ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն և ջանք չեմ խնայելու նպատակիս հասնելու համար: Բնականաբար, քանի որ վերջին տարին է, ես պետք է լարված աշխատեմ, որպեսզի կարողանամ գերազանց հանձնել ինչպես ավարտական, այնպես էլ ընդունելության քննությունները: 

Գրաֆիկս ահավոր լարված է, փորձում եմ ամեն ինչ ծրագրել, որպեսզի ամեն ինչ հասցնեմ և չունենամ թերություններ: Չեմ թաքցնի` շատ դժվար է, հաճախ հուսահատվում եմ, կոտրվում, ցանկանում եմ վերջ տալ ամեն ինչին, բայց հետո հասկանում եմ, որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում, նպատակներին հասնելու համար պետք է պայքարել: Երբ հուսահատվում եմ, ինձ ասում են` մի նեղսրտիր, ամեն ինչ դեռ առջևում է «Մոսկվան էլ մի օրում չեն կառուցել»: Որոշել եմ ընդունվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համասարան, մարտական եմ տրամադրված` գնալու եմ մինչև վերջ:

Հաճախ պատահում է, որ գիշերները չեմ քնում` առաջադրանքներս կատարելու համար, պատահում է նաև լաց եմ լինում, բայց արցունքն աչքերիս շարունակում եմ սովորել և չեմ հանձնվում: Գիտեմ, որ բոլոր այն երեխաները, ովքեր ունեն դպրոցում ավարտական քննություններ և դրա հետ մեկտեղ ցանկանում են ընդունվել բուհ, գտվում են նույն վիճակում, ինչ ես: Ես նրանց խորհուրդ եմ տալիս չընկճվել, չհանձնվել և նպատակին հասնելու համար պայքարել մինչև վերջ: Ինչպես ինձ, այնպես էլ մյուսներին, ովքեր ունեն այդպիսի ծրագրեր, մաղթում եմ հաջողություն և բարձր միավորներ ընդունելության քննությունների ժամանակ:

Ani v. Shahbazyan

Սիրո խոստովանություն

Ամենաբարի, ամենահոգատար, ամենակամեցող, ամենա-ամենա…  Բառեր չեմ գտնում, որոնցով կարողանամ նկարագրել տատիկիս: Ինձ թվում է նրա նման տատիկ աշխարհում չկա: Յուրահատուկ ձևով եմ սիրում նրան: Հիանալի խոհարար է տատիկս, շատ եմ սիրում նրա պատրաստած կերակուրները, որոնցից երբեք չեմ կշտանում: Տատիկս նույնիսկ բանաստեղծություններ է գրում, որոնցից մեկն էլ ինձ է նվիրված, որը նա գրել է ծնվելուցս մի օր հետո: Ամեն անգամ կարդալիս հուզվում եմ, հետո գրկում ու համբուրում եմ նրան:

Տատս իմ երկրորդ մայրն է: 

Ես փոքր ժամանակից էլ կապված եմ եղել նրա հետ: Եղել է ժամանակ, որ ծնողներս այստեղ չէին, և ես երեք տարի մնացել եմ տատիկիս հետ: Շատ հետաքրքիր և անմոռանալի օրեր էին:

Տատիկիս հետ երբեք չեմ ձանձրանում, նրա հետ միշտ ուրախ է անցնում: Դե, էլ չխոսեմ նրա անսպառ կատակների մասին: Երբ ինչ-որ տեղ եմ գնում նրա հետ, բոլորը մտածում են, թե մայրիկս է,  հետո, որ իմանում են տատիկս է՝  մտածում են, թե կատակ եմ անում, որովհետև նա ծեր չէ, ընդամենը 57 տարեկան է:

Տատս ինձ այնքան լավ գիտի, որ կես խոսքից ինձ հասկանում է:  Չէ, ինչ կես խոսք՝  կես հայացքից: Շատ լավ է կարդում մտքերս ու երբեք չի սխալվում, ու ես ամեն անգամ զարմանում եմ դրա վրա ու սկսում եմ ծիծաղել:

Շատ եմ սիրում նրա բարությունը, որը սահմաններ չունի…

Ես միշտ պարտական եմ նրան ու ինձ թվում է, որ մի ամբողջ կյանք բավական չի լինի տալու նրան այն, ինչ նա է ինձ տվել:

Տատ ջան, հավատա, ես ամեն ինչ հասկանում ու գնահատում եմ: Ես գիտեմ, որ ինչքան էլ մեծանամ, մեկ է` մնալու եմ քո փոքրիկ Անին: Այս նյութս նվիրում եմ քեզ և ուզում եմ ասեմ որ…

Շնորհակալ եմ քեզ, տատ ջան, շնորհակալ եմ, որ կաս: Գիտեմ, քեզ շատ եմ բարկացնում ու ամեն անգամ զղջում եմ: Կներես տատ, ես իրոք դա անգիտակցաբար եմ անում: Ուզում եմ միշտ լինես կողքիս, միշտ: Ուզում եմ միշտ լսել քո խորհուրդները, որոնք այնքան կարևոր ու թանկ են ինձ համար, տատ…

Ես քեզ շատ եմ սիրում: