Իմ էջը խորագրի արխիվներ

Milena Abrahamyan

Երեք վայրկյան ընդամենը

Մատներս արդեն դիպչում են գնացքի բաց դռանը, վայրկյան առ վայրկյան ավելի են ուժգնանում քայլերս, հետո անցնում վազքի, ձեռքս ձգվում է այնքան ուժեղ, որ թվում է, թե մկաններս չեն դիմակայի ու մի պահ ամեն բան կվերանա։ Սակայն հանձնվել չեմ պատրաստվում ու հասկանում եմ, որ ինչ֊որ տեղ թերագնահատել եմ գնացքի մեխանիկական արագությունը։

Արդեն լսվում է այն ահաբեկիչ ձայնը, ներսումս ամեն ինչ խառնվում է…

Թվում է, թե այսօր կյանքիս առաջին օրն է, չգիտեմ ինչից սկսել, որ ոտքով քայլ առաջ անել, որ հնչյունով ուզածս երաժշտությունը ստեղծել, որ աչքով նկարս ուսումնասիրել։ Բայց ես չեմ մտահոգվում, ի վերջո մի բան կլինի, չէ՞ որ մենք բոլորս «ապրում» ենք։ Եվ ո՞վ է մեզ այսքան երկար խաբել։

Բայց համենայնդեպս գիտակցությանս մի փոքրիկ բայց շատ կարևոր հատված ինձ միշտ ասում է…

Հիշի՛ր, երբ կանգ առնես, գետինը ճահիճ է դառնալու, ճանապարհդ անտեսանելի, ոտքերդ այլևս չեն շարժվելու, միտքդ կորցնելու է արարելու ունակությունը։

Բայց հայացքը կյանքի դեմքին միշտ մնում է անփոփոխ… Բայց քայլերը աշխարհի մեջ միշտ մնում են անկայուն։

Ու սկսում ես մոռանալ… Մոռանալ այն վառ երազանքների մասին, որոնք դու մի օր պետք է ցույց տայիր աչքերիդ… Ցույց տայիր, որպեսզի ուղեղդ նույնպես հավատար սրտիդ։

Եվ իսկապես: Մոռացիր ու ապրիր նորից։ Կորցրու ու գտիր նորից։ Բաց թող ու գրկիր նորից։ Բայց կանգ մի առ։

Ու այս բոլոր մտքերի հետ մի պահ թվաց, թե կանգ առա, որովհետև թմրած մարմինս այլևս չէի զգում, բայց հենց այդ պահին էլ երեք քայլ ետ մնացի, ախր, պարզապես մտածեցի ու անդրադարձը տեսա վախիս մեջ։

Ու հենց այդպես էլ ապրում ենք մի ամբողջ կյանք, որն ընդամենը երեք վայրկյանի արժեք ունի:

Սակայն մարդիկ սովորել են ապրել կարոտով, ապրել` անգիտակ մնալով սեփական կյանքից, ապրել` անտես մնալով աշխարհի սիրուց, ապրել` մերժված լինելով կարոտի հույսից…

Ու բոլորն ունեն նույն երեք վայրկյանը, ոմանք` մի քիչ կարճ, ոմանք` մի քիչ երկար…

Հիմա ինձ թվում է, թե ապրում եմ կյանքիս երեք վայրկյանը, կյանքս այնտե՞ղ է, թե՞ ներս մտնեմ, սեղմեմ ժամանակի «ստոպը», թե՞ ոչ: Եթե ոչ,  ուրեմն` 1…2…3…

Lilit Hovsepyan Yerevan new

Մի՞թե այդքան ցրված էի

Կարոտով լցված հոգիները լռում էին: Կաթկթացող լռությունը նյարդայնացնում էր մոռացյալ հոգիներին և ստիպում կոտրել անտանելի թվացող անձայնությունը: Կոտրված լռություն, ամբոխ, տեղատարափ աղմուկ: Աղմուկի միջից ականջս շոյող մի մեղմ շշնջոց. «Անկարող ես դիմանալ գոյությանս»: Անկարող եմ: Գուցե թուլության նշա՞ն է: Գուցե՞ տագնապի: Գուցե վախենու՞մ եմ խեղդամահ անող կապանքներիցդ, որոնք հանգիստ չեն տալիս կոկորդս: Գուցե վախենու՞մ եմ, որ կապանքներդ ուժասպառ կանեն հոգիս: Իսկ գուցե վախենու՞մ եմ, որ անտեսանելի թելերով կկապվենք իրար: Վախենու՞մ եմ: Ինքս էլ անկարող եմ հասկանալ: Երևի վախենում եմ խեղդամահ լինելուց: Դե լավ, ինձ հետ հեշտ չէ: Կորուսյալ հոգիների մեջ անգամ տեղս չեմ գտնում: Ինչու՞ եմ այդքան վախենում գոյությունիցդ: Ինքս ինձ հասկանալ անգամ անզոր եմ: Անզոր եմ թափանցել հոգիդ: Անզոր եմ գտնել հարցերիս պատասխանները: Հարցեր, որոնք այդպես էլ կմնան անպատասխան: Անզոր եմ հանդուրժել մահու չափ խլացուցիչ ձայնիդ:

Գիտես` քեզ հավերժ պահելու եմ հոգուս խունացած էջերում:

Կպատկերեմ դեմքդ: Կապավինեմ հիշողությանս ու կստեղծեմ քեզ: Դառնությամբ լցված մատներս կաղավաղեն պատկերդ, կխառնեն դիմագծերդ ու կկուրացնեն հոգիդ: Պատկերիդ նայել դժվար, թե ստացվի: Սրտխառնոց առաջացնող դեմքդ շատ ծանոթ կթվա ինձ: Գուցե ամենևին էլ չե՞մ աղավաղել դեմքդ: Գուցե հիշողությունս ինձ չի՞ դավաճանել: Գուցե դու այդպիսի՞ն էիր: Միթե՞ ես էի կույր: Միթե՞ այդքան ցրված էի:

nelli grigoryan

Բերձորն իմն էր, ես՝ Բերձորինը

Վերջին տարիներին սկսել էի Բերձորն ամուր պատանեկական սիրով սիրել: Բերձորն իմն էր դարձել, ես՝ իրենը: Ու մինչև վերջին պահը, արմատներս հողին ամրացրած, ես Բերձորում էի: Եթե ոչ ես, ապա սիրտս Բերձորինն էր, միտքս ու ուղեղս միայն Բերձորն էին: Բերձորն արդեն իմ երազանքների քաղաքն էր դարձել: Միգուցե ես էլ իր երազանքների պատանի բնակիչն էի դարձե՞լ: Այդ արդեն այժմ չգիտեմ, չհասցրի հարցնել… Չհասցրի:

Ես շատ բան չհասցրի: Ես չհասցրի հրաժեշտ տալ հող ու ջրիս, ես չհասցրի վերջին անգամ տանս նայել, որովհետև վստահ էի՝ սա հրաժեշտ չէ:

Ես չհասցրի հավաքել հիշողություններս ու ճամպրուկումս տեղավորել: Մարմինս անզգայացել էր, հոգիս ցավից լռել, միտքս՝ բթացել: Միայն հետո ես հասկացա՝ ինչ եմ կորցրել. տուն, ընկերներ, հայրենիք… Եվ այս ամենը ես գուցե փուչ համարեի, եթե հայրենիքս չլիներ: Ես գուցե կարողանայի ներել ճակատագրին, եթե հայրենիքս չլիներ:

Իսկապես, հայրենիք կորցնելը սարսափելի բան է, ավելի սարսափելի, քան քո տեսած բոլոր սարսափ ֆիլմերն ու դրանցից եկած այդ դատարկ զգացումները: Հիմա ես ոչինչ չեմ զգում, որովհետև զգացմունքներս Արցախում մնացին:

Հիմա ես էլ ոչ մի տուն, ոչ մի դպրոց, ոչ մի դասարան, ոչ մի արև ու ոչ մի երկինք չեմ ընդունում, որովհետև իմն Արցախում է: Ու քանի տարի էլ անցնի, ինձ հասնող արևի մեջ ես Արցախն եմ տեսնելու, երազներիս մեջ Արցախում եմ լինելու ու լուրթ երկնքի պարզության մեջ ես իմ խաղաղ երկիրն եմ տեսնելու:

Եվ վստահ եմ՝ մի օր էլ, ինչպես առաջին անգամ, ես քաղաքիս գիրկն եմ վազելու՝ մանկացած, ու արցունքոտ աչքերով ծածանվող Հայոց Եռագույնն եմ տեսնելու:

64, 8160122%

Լույս, արևի ճառագայթներ, գունավոր առարկաներ, ՄԱՐԴԻԿ:

Լայն, կյանքով լեցուն, խինդ ու ծիծաղով լիքը ճանապարհով գնում էինք, ճանապարհ էր, բայց ավելի շատ նման էր քաղաքի, ավելի ճիշտ` աշխարհի: Քայլելով, ապրելով ու շարունակելով քայլերը`  հասանք մի դռան: Դռան հետևում պատկերացում անգամ չկար, թե ինչ կարող է լինել, սակայն այլ ելք չկար, մեր ճանապարհն էր մեզ բերել այստեղ:  Անհասկանալի դուռը անկախ մեր կամքից բացվելու էր ու կլանելու էր մեզ, մենք միայն մի բան կարող էինք անել` ինքնակամ բացել դուռն ու շարունակել ճանապարհը:

Խավար, մութ, միագույն առարկաներ, մադիկ: Դռան հետևում կրկին ճանապարհ էր, ու էս անգամ ճանապարհը աշխարհ չէր, այլ իրական քաղաք էր, քաղաք` իր կանոններով, սահմանված օրենքներով ու հսկիչներով: Ճանապարհը լայն էր թվում սկզբից, ապրում էինք այդ ճանապարհում` կիսելով կյանքի` մեզ տված փոքր ճանապարհը այլոց հետ: Քայլում էինք` մեր կողքին հավաքելով լիքը այլ մարդկանց, քայլում էինք նրանց հավաքելով մեր կողքը: Անցավ ժամանակը, անցանք օրեցօր ավելի ու ավելի նեղացող ճանապարհով, հասանք այլ քաղաք: Դժվար էր քայլել ճանապարհով, այն էլ նեղացող, շատ մարդկանց հետ: Ստիպված էինք բաժանվել շատերից, իսկ շատերն էլ, առանց ստիպված լինելու ու առանց մի վայրկյան մտածելու, թողնում էին մեզ, որ միայնակ անցնեն ու առաջ գնան նեղացող ճանապարհով: Մեր ճանապարհները չէին խաչվում իրար, որովհետև բոլորս էլ քայլում էինք նույն ճանապարհով ու փնտրում ելքը, մեկս մյուսից առաջ էր ուզում գնար, ստացվում էր շատերի մոտ, սակայն դրանք նման էին անապատում հանդիպող միրաժներին, անիրական էին այդ անցումները. ժամանակն էր ապացուցում, իրարից առաջ ու հետ էինք, բայց նույն ժամանակի ու տարածության մեջ: Ստիպված էինք ավելի ու ավելի նեղացնել մեր հետ քայլող մարդկանց շրջանակը, որ կարողանայինք անցնել էս անիծյալ ճանապարհը գոնե այն մարդկանց հետ, որոնց իրոք հավատում, սիրում և վստահում էինք. այլ կերպ չէինք կարող: Բայց ավաղ էն մարդիկ, որոնց հաճախ ընտրում էինք մեր «ճանապարհի» ընկերը, թողնում էին մեզ, որ արդեն նեղացած ճանապարհը կարողանային առանց դժվարության` առանց մեզ անցնեին:

Հեշտ էր ճանապարհը, որը աշխարհով էր անցնում, ընտրում էինք ավելի շատ մարդկանց, մարդիկ միայն չէին մտածում իրենց ու իրենց ճանապարհի անցման հեշտության մասին, «լայն էր կյանքը»… Լայն կյանքում հանդիպած, իրենց հետ նույն ճանապարհով քայլած «ընկերներին» հեշտությամբ էինք ձեռք բերել, կյանքն ու ճակատագիրն էին կապել մեր ճանապարհները իրար, բայց նեղացող ճանապարհները նույն հեշտությամբ էլ բաժանում էին մեզ իրարից, բաժանումը, որպես կանոն, միշտ էլ դժվար է, բայց ոչ այնքան դժվար, ինչքան «ճանապարհը»:

Սլաքներ, րոպեներ, օրացույց, ժամանակ:

Շարունակում ԵՄ ճանապարհս, դժվար է օրերի հետ նեղացող ճանապարհը անցնել միայնակ, նեղ ճանապարհով էլ մարդիկ փորձում են անցնել իրարից առանց իրար, ու պիտի ընտրես` ընկրկել թե առաջ գնալ` մոռանալով բոլորին ու չզիջելով ոչինչ…

Նեղ ճանապարհում թաքուն պահում եմ Քեզ ու ձեզ:

karin eranosyan

Ընկուզենիները

Հայրիկիս ամենատանջող հարցը, երկրի վիճակից բացի, մեր գյուղի տունն է, որը արդեն 2 տարի է, թախծոտ նայում է մեքենաներին. գուցե մտածելով, որ իր մոտ են գալիս, բայց՝  չէ։ Իր մոտ հազարից մեկ ենք գնում, իր տերերին հազարից մեկ է տեսնում։

Արդեն մի քանի տարի, սպասելով հարմար պահի, ոչինչ չի արվել տան համար: Հողը սպասում էր, թե երբ են ջրելու իրեն, երբ են օրհնելու, որ բերք է պարգևում։ Չգիտեմ էլ ինչ կատարվեց, հայրիկիս մտքում ընկույզի ծառերն էին մի քանի ամիս շարունակ, ամեն պահ պատկերացնում էր գյուղի ընկուզենու այգին, որը շատ հարցերում կարող է օգուտ տալ, հետո նեղսրոտւմ՝ հիշելով, որ այգին դեռևս ՉԿԱ։

Արդեն ընկույզի ծառերը կանաչ տերևիկներ են տալիս, հողին օրհնում են, իսկ գյուղի տունը, այդքան էլ երկար չի սպասում մեզ։

Բայց Մեծ տատիկս։

Երևի կհիշեք՝ հորաքրոջս տանն է ապրում, առաջ տատիկիս ու պապիկիս հետ ծիծաղում էր, կյանքից դժգոհում, հետո էլ փառք տալիս Աստծուն, հիմա ո՛չ պապիկը կգա տուն, ո՛չ տատիկը (ով առաջ հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում գալիս էր)։

Մեծ տատիկս մենակ է մնացել։

Գուցե ամենագլխավոր վիրավորանքն է կյանքից, երբ ծերության տարիներին չես կարող քո տան մեջ լինել, քո գյուղի արևից վիտամին D ստանալ, բայց ընկուզենիների մասին իմանալուն պես՝ տատիկն ուրախացել է։ Ինչպես ինքն է ասել.

-Ընդհանուր առմամբ՝ շատ տխուր եմ, բայց ծառերի համար` շա՜տ ուրախացա։

Հայրիկս էլ ասել է.

-Տա՛տ, քո տանը տիրություն անող կա:

-Էն էլ ի՜նչ տիրություն անող։

Արցունքները գնացել են ներքև, կա՛մ երջանկությունից, կա՛մ…

Էլ «կամ» չկա։

Դրանք էին երջանկության արցունքները։

Կյանքը պատերազմի օրերին

2020թ. Սեպտեմբերի 27։ Առաջին հայացքից սա էլ պետք է մնացած օրերի նման լիներ, բայց չէ` պատերազմ էր։ Մի ողջ հայ ժողովուրդ հեռուստացույցների առաջ գամված լուրի էին սպասում։ Ոմանք ցավով կարդում էին զոհվածների անունները, մտքում աղոթք մրմնջում, որ հանկարծ իրենց եղբոր կամ որդու անունները չկարդան։ Ոմանք էլ հեռախոսները ցած չէին դնում` ամեն վայրկյան զինվորի զանգի էին սպասում, ու կապ չունի, որ դա մի քանի վայրկյան էր լինելու։ Ես էլ բացառություն չէի։ Եղբորս զանգին էի սպասում։ Չնայած այդ ամենին, թիկունքը ամուր էր։ Արվեց ամեն ինչ հողը պահելու համար։ Տղաները, որոնցից շատերը պատմության դասերին ներկա չէին եղել, այսօր դարձան մեր պատմության շարունակողը։ Տղաները կռվեցին հանուն հողի։ Չէ, կներեք, դա լոկ հող չէր, դա մենք էինք, մեր պատմությունը, մեր զոհված տղաները։

Ավարտվեց պատերազմը, տվեցինք հողերը, շարունակեցինք ապրել ու հաշտվել մեր կորցրածի հետ։ Շարունակեցինք ապրել, ոչ միայն մեր կյանքը, այլ նաև 5000 երիտասարդներին, ովքեր զոհվեցին հանուն մեզ։ Շարունակեցինք ապրել` գնահատելով մեր կյանքը, որ անիմաստ վատնում էինք, առանց ինչ որ նպատակի ձգտելու։

Ինչպես բոլորին, պատերազմն ինձ էլ փոխեց։ Սկսեցի վախենալ կորցնելուց։ Ու հա, ինչից որ շատն ես վախենում, կատարվում է։ Կորցրեցի դպրոցիս ու դասարանիս լուսավոր տղային` հերոս Արտակին։ Մի ժամանակ, երբ դասարանիս մասին էի խոսում, միայն ժպիտ էր դեմքիս, իսկ հիմա արցունքներս հազիվ եմ զսպում։

Ցավոք, միայն կորցնելուց հասկացա, թե ինչ մեծ դեր ունեն մարդիկ մեր կյանքում։ Պատերազմը ստիպեց ինձ սիրել, գնահատել շուրջս կատարվող ամեն մի մանրուք։ Բայց նաև ստիպեց ատել։ Ատել մարդկանց, ովքեր չսովորեցին ճիշտ սգալ իրենց վիշտը, չսովորեցին, որ Եռաբլուրը եկեղեցու նման սուրբ է և այնտեղ ասված ամեն վիրավորանք ոճիրից էլ սարսափելի է։ Ատեցի նրանց, ովքեր և պատերազմից առաջ, և պատերազմի ընթացքում նույն սրիկան էին և շարունակում են նույնը մնալ։

Իսկ եղբայրս, ով դեռ ծառայում է և կշարունակի ծառայել, հպարտ է, որ հայոց բանակի զինվոր է։ Իսկ մենք պետք է ապրենք արժանապատիվ հանուն 5000 և ավել զինվորների, հանուն նրանց չապրած կյանքի։

Srbuhi Ananyan new

Գրիչս քեզանոտվել է…

Ինձ այդպես էլ չսիրեցիր,

Ինձ ճանաչել չուզեցիր։

Քո մասին գրե՞մ… Եղել է.

Գրիչս քեզանոտվել է։

 

Բայց դու այդպես ինձ մի նայիր`

Հայացքիցդ շփոթվում եմ։

Անունդ սրտիս դաջե՞մ… Եղել է.

Գրիչս քեզանոտվել է։

 

Մատներս սառել են,

Իրար շփելն էլ չի օգնում։

Սառած մատներով գրիչը վերցնեմ, որ պատմե՞մ… Եղել է.

Գրիչս քեզանոտվել է։

elena zakaryan

Պելեն, ֆուտբոլը և իմ երազանքը

Երեկ երեկոյան հոգնած և ձանձրացած որոշեցի մի ֆիլմ դիտել։

-Երդվում եմ, քո մեջ ամեն ինչ կփոխվի, երբ դիտես այդ ֆիլմը,- ոգևորված պատմում էր ընկերուհիս։

-Ամեն տեսարան, ամեն խոսք, ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ ու խորիմաստ է այդ ֆիլմում,- շարունակում էր նա։

Ֆիլմի անունն էր ՝ «Պելե․ լեգենդի ծնունդը»։ Անունն արդեն իսկ ասում է ամեն ինչ։ Այո, ֆիլմը պատմում է ֆուտբոլի լեգենդի կյանքի ու դժվարությունների մասին։ Այդ ֆիլմը նայելը իրական երջանկություն էր և հաճույք: Ֆիլմի ամեն տեսարան կարծես մի բան էր փոխում հոգումս։ Այդ ֆիլմն ուղղակի Պելեի մասին չէր։ Այն Պելեի կյանքի, դժվարությունների ու հաղթանակների միջոցով պատմում էր երազանքների ու նպատակների մասին։ Այդ ֆիլմը իրոք ինչ-որ բան փոխեց իմ մեջ։

Առավոտյան նորից հանդիպեցի ընկերուհուս․

-Հը՞ն, նայեցի՞ր ֆիլմը,- միանգամից հարցրեց նա։

-Հա՜,  շատ լավն էր,- ասացի ես։

-Միայն այդքա՞նը․ դեռ ոչ ոք այդպես չէր ասել այդ ֆիլմը դիտելուց հետո։

-Դե իրականում սովորեցի ամենակարևոր բանը՝ այն,  որ եթե դու ունես  երազանքներ, պետք է ամեն գնով հասնես դրանց։

Պելեն ամեն ինչ արեց,  որպեսզի հասնի իր երազանքին։ Նա գիտեր, որ շատ դժվար է լինելու, բայց չվախեցավ դժվարություններից։ Նրան բոլորը ծաղրում էին ու ասում «Դու ոչնչի չես հասնի», բայց նա ուրիշներին չէր լսում։ Նա քայլում էր, ընկնում, բայց նորից վեր կենում ու քայլում ավելի հմուտ։

Եվ ի վերջո, երազանքները իրականանում են, եթե միայն պայքարենք դրանց հասնելու համար։

Shushan nersisyan

Խաղարկվող հավատ

Քո տևողությունն իմ կյանքում հաշված 23 վայրկյան էր, ճիշտ այնքան, որքան մեր քաղաքի լուսացույցի ամենաերկար տևողությունն է, երբ անցորդները նույնիսկ հասցնում են ձանձրանալ: Ու մինչև ես կհասցնեի գիտակցել ներկայությանդ անլրջությունը, լուսացույցի թվերը նվազում էին:

Ու ես, ինչպես միշտ, ինչպես ամեն անգամ, հատնող երջանկությանս նայելու ցանկություն չունեցա:

***

Ընդամենը 23 վայրկյան տևեց երջանկությանս անմիտ խաղարկությունը. ես անփորձի նման համարձակվեցի Ճակատագիր կոչվածի հետ խաղարկել հավատիս վերջին՝ քեզ համար պահած պատառները՝ ամենանվիրականը, ինչ ունեի: Ծանր է, երբ ճակատագրի հետ հավատ են խաղարկում, բայց ես համառում էի, ես չէի հանձնվում: Ու շարունակում էի, որովհետև Դու ինձ սովորեցրել ես պայքարել, սովորեցրել ես, որ պայքարը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ հաղթանակի վերջնական կրողը դու չես: Ու ես շարունակում էի, համառորեն շարունակում: Ու կհաղթեի, գիտե՞ս: Կհաղթեի, եթե չհասկանայի, որ ճակատագրի անվան տակ հավատս խաղարկում ես Դու: Կհաղթեի, եթե չհասկանայի, որ պայքարում եմ քեզ հետ: Ես ճակատագրին կհաղթեի, Քեզ՝ ոչ:

Իսկ դրանից հետո…

Իսկ դրանից անմիջապես հետո ես հասկացա, որ տանուլ եմ տալիս: Ես զգում էի, որ պարտվում եմ, ես զգում էի, որ կեսգիշերի մեջ քաղաքի թաց ու խոնավ փողոցներից ինչ-որ մեկում ինչ-որ շատ կարևոր բան կիսատ է մնալու: Ինչ-որ շոշափելի, շատ կարևոր մի բան…

Ես զգում էի մոտալուտ պարտությունս ու շարունակում էի քեզ հետ խաղարկել քեզ համար պահած հավատիս վերջին պատառները: Դու ինձ պատրաստել էիր հնարավոր ու անհնար բոլոր մարտահրավերներին: Բայց երբեք, ոչ մի անգամ չես սովորեցրել Քեզ հաղթելու ձևը: Ու ես պարտվեցի:

Ինձնից ընդամենը 23 վայրկյան պահանջվեց պարտվելու, պարտությունս սթափորեն ընդունելու, ճակատագրիս ձեռքը պարտությունն արժանապատիվ ընդունողի նման սեղմելու ու հեռանալու համար:

Պահանջվեց հաշված 23 վայրկյան Քեզ ու հավատս կորցնելու համար:

***

Եթե չհամարձակվեի խաղարկել երջանկությունս, 23 վայրկյանում ես կհասցնեի մի կամ երկու կարևոր զանգ կատարել, շրթներկս թարմացնել (ասենք, հենց քո մեքենայի փոքրիկ հայելու մեջ), այդ նույն 23 վայրկյանում դու կարող էիր ծխել, ինչ-որ կարևոր զանգի պատասխանել կամ անջատել այդ զանգը: 23 վայրկյանում եթե ոչ մեկ, ապա հաստատ կես շիշ գինի (առանց կենացների) երկուսով կդատարկեինք:

23 վայրկյանում ես երկու անգամ գլուխս կդնեի աջ ուսիդ, երկու անգամ աչքերս կփակեի, մեկ անգամ կհամարձակվեի նայել աչքերիդ, ու ոչ մի անգամ չէի ասի, որ սիրում եմ քեզ: Չէի ասի, որովհետև 23 վայրկյանում սեր չեն խոստովանում: Որովհետև 23 վայրկյանում հազիվ հասցնում ենք հավատ խաղարկել ու տանուլ տալ:

***

Իմ պարտությունից հետո դու խոստացար գնալ ու գնացիր: Արժանապատիվ տղամարդիկ այդպիսին են. նրանք միշտ իրենց խոսքի տերն են՝ անկախ հանգամանքներից: Դե, դու նույնպես:

Միայն ուզում եմ իմանաս, որ ես բոլոր դեպքերի համար ինձ մոտ մեկ տուփ ծխախոտ ունեմ պահած. ես գիտեմ, որ դու ծխում ես, ու եթե մի օր որոշես վերադառնալ, ես քեզ մի գլանակ ծխախոտ կհյուրասիրեմ, կլսեմ պատմություններ քո չստացված սերերի, անլուրջ հարաբերությունների, քո գնած վերջին օծանելիքի մասին, որ թողել ես ճամպրուկներիցդ մեկում, կլսեմ ամեն ինչ: Բայց ուզում եմ իմանաս նաև, որ գիտեմ՝ երկար է ձգվելու նաև բացակայությունդ, ու մի օր համբերությանս բաժակը լցվելու է, ու ծայրահեղ դեպքում եմ ես վառելու քեզ համար պահած ծխախոտի վերջին գլանակն ու ծխելու եմ, ներս եմ քաշելու քեզ հիշեցնող ծուխն ու անհավատների համար բարձր գոռալու եմ, որ հավերժությունները տևում են վայրկյաններ, ասենք, օրինակ, հաշված 23 վայրկյան, երբ մարդիկ հասցնում են սիրել ու չխոսել այդ մասին:

***

Ընդամենը 23 վայրկյան, երբ մարդիկ հասցնում են սիրել ու երբեք այդ մասին չխոսել…