Իմ էջը խորագրի արխիվներ

ella mnacakanyan yerevan

Կասկադը՝ ժամանակակիցի ու ազգայինի խաչմերուկ

Կասկադը Երևանում ինձ ամենահարազատ վայրերից է միշտ եղել: Իսկ մայիսից սեպտեմբեր ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը այն դառնում է նաև ամենասիրելին՝ չնայած մարդաշատությանն ու աղմուկին: Այդ օրերին Կասկադը վերածվում է մի խաչմերուկի, որտեղ «բախվում» են ժամանակակիցն ու հին ազգայինը՝ ազգագրական երգն ու պարը: Արդեն երկու տարի է, ինչ ես նույնպես մասնակից եմ դառնում ամենամսյա այս տոնին, որն իրար շուրջ է հավաքում թե՛ արտաքնապես, թե՛ կենսակերպով ու թե՛ էությամբ ամբողջապես տարբեր մարդկանց, որոնց միավորում է միայն մեկ բան՝ սերը հայկական մշակույթի հանդեպ: Ինչո՞ւ չնշեցի միևնույն ազգային պատկանելիությունը: Որովհետև, ի ուրախություն ինձ, ամեն ամիս կտրուկ աճում է նաև այն զբոսաշրջիկների թիվը, ովքեր այդ օրերին գալիս են Կասկադ ու այնպիսի մեծ ոգևորությամբ են փորձում սովորել հայկական ազգագրական պարերը, որ ինքդ ես ամաչում, երբ հասկանում ես, որ դու էլ լավ չես տիրապետում դրանց:

Ես ինքնուս եմ: Պարերը սովորել եմ ամեն անգամ Կասկադ գալով ու համառորեն փորձելով կրկնել կողքիններիս շարժումները, որոնց անընդհատ խանգարում էի իմ՝ պարել չիմանալով: Բայց չէ՜, այնտեղ ինձ հանդիպած մարդիկ միշտ այնքա՜ն բարեհամբույր ու պատրաստակամ են եղել՝ օգնելու սովորել պարերը, ու քաջալերել են, երբ ինչ-որ շարժում շարունակ չի ստացվել: Ու այդ հանգամանքն այն մագնիսն է, որ երկաթի նման ինձ ամեն անգամ ձգում, քաշում է դեպի Կասկադ ու նույնիսկ ոգևորում այնքան, որ երկու անգամ համարձակվել եմ ինձ հետ օտարերկրացիների բերելու: Այս տարվա վերջին բացօթյա համերգին՝ սեպտեմբերի 30-ին, թեև հետս դրսից հյուրերի չէի բերել, բայց այնքան էի հպարտանում, որ պարողների մեջ գրեթե ամեն երրորդը ծանոթ ու հարազատ էր՝ մեծամասամբ համալսարանից: Մինչդեռ վերջերս, երբ կրթական ծրագրի շրջանակներում հյուր էինք երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, վերջինս պնդում էր, թե Հայաստանում Ֆրանսիական համալսարանը թեև տալիս է որակյալ մասնագիտական կրթություն, բայց կաղում է ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում: Այդ ժամանակ շատ տխրեցի այդ խոսքերից, բայց ոչ մի հակափաստարկ չկարողացա ներկայացնել: Իսկ հիմա վստահորեն կարող եմ ասել, որ մեր համալսարանը եթե չի գերազանցում, ապա գոնե չի զիջում մնացած բուհերին ռազմահայրենասիրական կրթությամբ: Չնայած՝ դա արդեն կարևոր էլ չէ…
Կարևորն այն է, որ ամսեամիս Կասկադում մարդիկ շատանում են, պարելու տեղը՝ փոքրանում, մթնոլորտը դառնում է ավելի ջերմ, իսկ ոգին՝ ավելի հայկական:

Հիշի՛ր, Հայաստանը միշտ քեզ է նայում

Լուսանկարը՝ Ջոանն Բեմիշի

Բարև՜, Հայաստան։ Արդեն բավականին ժամանակ է, ինչ նյութեր չեմ գրում, չնայած որ շատ եմ ցանկանում։ Երևի հարց առաջացավ, թե ինչու։ Մոտ երկու ամիս է, ինչ ԱՄՆ-ում եմ ՖԼԵՔՍ ծրագրով:  Բայց մի՞թե ԱՄՆ-ում գտնվելը պատճառ է նյութեր չգրելու համար։ Իրականում պատճառը այստեղի հագեցած առօրյան է: Եթե հայ դեռահասները մտածում են, որ իրենց առօրյան շատ հագեցած է ու ծանրաբեռնված, ապա կարող եմ վստահեցնել, որ այստեղ դեռահասների առօրյան շատ ավելի ծանրաբեռնված է, քան կարող եք պատկերացնել։
Մի փոքր նկարագրեմ թինեյջերների (դեռահասների) առօրյան ԱՄՆ-ում։ Նրանք սովորաբար շատ շուտ են արթնանում քանի որ դասերն այստեղ ավելի վաղ են սկսում, քան Հայաստանում։ Աշակերտների հիմնական մասը դպրոց է գնում դպրոցական ավտոբուսով (school bus)։ Եվ հավատացեք, որ ամենահաճելի բաներից մեկը դա դպրոցական ավտոբուսով դասի գնալն է: Չնայած ես առիթ չեմ ունեցել դպրոց գնալ այդ ավտոբուսով, քանի որ բավականին մոտ եմ ապրում դպրոցին։ Բայց դպրոցական ավտոբուսը նախատեսված չէ միայն երեխաներին դասի տանելու ու դասից բերելու համար։ Ուրիշ ինչի՞ համար կարող է նախատեսված լինել այն։ Չգուշակեցի՞ք։ Դե իհարկե, դպրոցական սպորտի թիմերին  տարբեր մրցույթների տեղափոխելու համար։ Սրան մի քիչ ավելի ուշ կանդրադառնամ։ Հիմա խոսենք դպրոցի մասին։ Դպրոցները այստեղ բավականին տարբեր են։ Եթե համեմատեմ Հայաստանի դպրոցների հետ՝ սարեր ձորերի տարբերություն։ Բայց ինչպես սովոր են ասել փոխանակման ծրագրի աշակերտները՝ ոչ ավելի լավ է, ոչ ավելի վատ՝ ուղղակի տարբեր է։ Ամերիկյան ավագ դպրոցում պարտադիր առարկաները հիմնականում  չորսից ավելի չեն լինում։ Մնացած առարկաները կարող ես ընտրել քո ցանկությամբ։ Իմ կարծիքով դա իրականում շատ ավելի լավ տարբերակ է։

Երբ ինձ այստեղ հարցնում են, թե ինչպիսինն է կրթական համակարգը Հայաստանի դպրոցներում, իմ պատասխանից հետ շատ են զարմանում։ Ամերիկացիների համար բավականին դժվար է երկրորդ լեզու սովորելը, այդ պատճառով նրանց համար նույնպես զարմանալի է, թե ինչպես են մեկ այլ երկրի աշակերտները  երկուսից ավելի լեզուների տիրապետում։

Դասերը ժամը 15։00-ից շուտ չեն ավարտվում, իսկ եթե ինչ-որ սպորտի թիմում ես, ապա շատ հնարավոր է,որ դասերից անմիջապես հետո միանգամից գնաս մարզումներին մասնակցելու։ Իմ դեպքում այդպես է։ Ես որպես սպորտ ընտրել եմ վազքը, որը հեշտ թվացող, բայց իրականում ամենաբարդ սպորտաձևերից մեկն է։ Ամեն օր դասերից հետո պետք է մնամ ու մասնակցեմ մարզումներին և հիմնականում 17:00 կամ 18:00-ից շուտ տուն չեմ կարող գնալ։

Տուն գալուց հետո ճաշում ես, որից հետո պետք է ավարտես տնային հանձնարարություններդ։ Որոշ աշակերտներ անգամ աշխատում են, որպեսզի կարողանան ապահովել իրենց առօրյա ծախսերը։ Այս ամենից հետո էլ էներգիա չի մնում: Այնպես որ, միանգամից ուզում ես քնել։ Ամենաշատ էներգիան սպառվում է մարզումների վրա։ Ինչպես հասկացաք, ԱՄՆ-ում սպորտին շատ մեծ տեղ են տալիս, և սպորտը ոչ միայն աշակերտների, այլ տարբեր տարիքի մարդկանց առօրյայի ու կյանքի մեծ մասն է կազմում։

Երբեք չեմ հասկացել սպորտի նշանակությունն ու կարևորությունը, բայց այստեղ գտնվելով հասկացա, թե ինչ մեծ ու կարևոր նշանակություն ունի այն։ Սպորտը մարդուն չի կոփում միայն ֆիզիկապես, այն կոփում է նաև հոգեպես։ Այն ստիպում է, որպեսզի անես ավելին, քան մտածում ես, որ կարող ես անել։ Ստիպում է միշտ պայքարել ու երբեք չհանձնվել և վերջապես սպորտը բացահայտում է մարդու անհատականությունը։ Շատ կցանկանայի, որ Հայաստանի դպրոցներում էլ սպորտին մեծ նշանակություն տային, քանի որ ամենավառ անհատականությունները հենց սպորտի շնորհիվ են ձևավորվում։

Երկու օր առաջ ընկերներիցս մեկը հարցրեց, թե ինչ ենք անում դպրոցում ֆիզկուլտուրայի ժամին։ Ու այս հարցը ինձ մտածելու տեղիք տվեց։ Երբեք ֆիզկուլտուրային որպես լուրջ առարկա չեմ վերաբերվել, բայց հիմա կարծիքս փոխվել է։ Շատ եմ ափսոսում, որ Հայաստանի շատ դպրոցներում, ինչպես նաև իմ դպրոցում, նորմալ պայմաններ չկան երեխաներին մարզելու  համար։ Բայց հուսով եմ, որ ապագայում ամեն ինչ կփոխվի։

Այսքան շատ խոսեցի սպորտի մասին, բայց չասացի, որ ոչ միայն մարզվում ենք կոփվելու, այլ նաև մրցույթներին մասնակցելու և հաղթելու համար։ Ամեն շաբաթ բոլոր սպորտային թիմերը մրցումներ են ունենում։ Երեկ վազքի մրցարշավներից մեկն էր, որին ես էլ էի մասնակցում։ Չնայած մռայլ եղանակին, մեր թիմը մարտական էր տրամադրված, իսկ մարզչի խոսքերը էլ ավելի էին քաջալերում և ուժ տալիս.

-Սոնա՛, իմ հայ ընկեր, պատրա՞ստ ես։ Հիշի՛ր, Հայաստանը միշտ քեզ է նայում։

Ա՛յ, այսպիսի խոսքերն են, որ քաջալերում են ինձ ու դարձնում էլ ավելի պատասխանատու։

Ահա իմ ամերիկյան առօրյայից մի փոքրիկ պատառ, հուսամ հետաքրքիր էր։ Կփորձեմ ձեզ ինչքան հնարավոր է շատ բան պատել ԱՄՆ-ի մասին չնայած այս ծանրաբեռնված առօրյային։

Դե, ինչպես ասում են՝ սի յու սուն (շուտով կհանդիպենք): Հուսամ՝ ինձ շատ չեք կարոտի։

anahit badalyan (kapan)

Փոքրիկ թամադան

Երբ Երևան եմ գնում, հորեղբորս տանն եմ ապրում: Արժանանում եմ գեղեցիկ ու հաճելի ընդունելության, և գրեթե միշտ ճաշակում եմ հորեղբորս կնոջ պատրաստած համեղ խմորեղենը: Սիրում ենք ժամերով զրուցել՝ սովորաբար իմ ապագայի ու կրթության մասին: Անին՝ հորեղբորս կինը, ինձ պես սիրել է անգլերենն, ու մենք նախասիրություններով շատ նման ենք: Ես միշտ հետաքրքրությամբ եմ լսում այն դրվագները, որոնք նա պատմում է իր դպրոցական ու համալսարանական կյանքից:

Հորեղբորս գեղեցիկ ընտանիքն ամբողջացնում են նրա երկու որդիները՝ Հենրին ու Ալենը: Նրանք փոքր են՝ 8 և 4 տարեկան: Ուզում եմ պատմել փոքրի՝ Ալենի մասին: Նա իր տեսակով այնքան տարբերվող է: Այդքան փոքր լինելով՝ նա կարողանում է տղամարդու նման զսպել արցունքները, պահպանել հավասարակշռությունն ու ափերից դուրս չգալ: Իր տարեկիցներին ոչ բնորոշ խաղաղասիրությամբ ու հանդարտությամբ է օժտված: Եվ որ ամենակարևորն է՝ մեծ ու բարի սիրտ ունի: Բայց Ալենի անհատականության մեջ ամենատպավորիչն ու ապշեցնողը նրա խոսքն է: Հիմա կզարմանաք. այդ տարիքի շատ երեխաներ դեռ ամբողջապես ձևավորված խոսք չեն ունենում, իսկ նա օգտագործում է այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «հատկապես», «առհասարակ», «ինքնըստինքյան»: Անգամ բազում մեծահասակներ են խուսափում իրենց խոսքում նման բառեր գործածելուց, իսկ նա կիրթ ու գեղեցիկ ձևով է դրանք արտահայտում: Բայց դա էլ դեռ ամենը չէ. նա անփոխարինելի հանդիսավար է: Երբ բոլորով սեղան ենք նստում, սեղանին պիտի պարտադիր խմելու ինչ-որ բան լինի, Ալենի բաժակը պիտի անպայման լիքը լինի: Նա լուռ վերցնում է իրենից մեծ այդ բաժակը, պատառաքաղով զարկում ու ասում.

-Պա՜պ, կենաց եմ ուզում…

-Ասա, բալես,- պատասխանում է հորեղբայրս:

Ու անկախ նրանից, թե ինչ առիթով ենք հավաքվել, ինչ թեմաներից ենք խոսում ու ինչ ենք քննարկում, նրա կենացը մեկն է ու անփոփոխ.

-Մամային, պապային չջղայնացնե՛ք:

Ամեն անգամ, երբ նա այսպես է ասում, ամբողջ մարմինս փշաքաղվում է: Բոլորը համակ ուշադրությամբ լսում են նրան. նա մեր սեղանի փոքրիկ թամադան է:

Հայաստան-Սփյուռք համաժողովի կամավորները

Լուսանկարը` Ժան Երեմյանի

Լուսանկարը` Ժան Երեմյանի

Եթե սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 7-ին Հանրապետության հրապարակում տեսել եք կապույտ վերնաշապիկներով անքուն երիտասարդների, ապա դա մենք ենք եղել` Հայաստան-Սփյուռք համաժողովի կամավորները: Մեր թիմը ամեն առավոտ դիմավորում և ուղեկցում էր համաժողովի մասնակիցներին: 

Օր 1. 18.09.2017

-Բարև ձեզ, համաժողովի մասնակից եք, չէ՞:

-Այո: Այդքան վա՞տ է տեսքս:

-Ինչո՞ւ:

-Միանգամից երևո՞ւմ է, որ համաժողովի մասնակից եմ:

-Դե, այս ժամին միայն համաժողովի մասնակիցներն են հրապարակում, համ էլ՝ կապույտ բեյջ ունեք:

Օրը կարծես թե լավ է սկսվում: Այս պապիկին ուղեկցելուց հետո նորից գնացի ու կանգնեցի իմ դիրքում: Հեռվում տեսա փողոցն անցնողների մի խումբ: Ըհը, նրանք էլ են երևի մասնակից: Պարզվեց՝ Ռուսաստանից ներկայացուցիչներ էին: Անուշի հետ մոտեցանք նրանց: Առաջին օրն էր, դեռ չէինք համարձակվում միայնակ մոտենալ և ուղեկցել խմբով եկածներին: Երբ հասանք ավտոբուսին, նրանցից մեկն ինձ ասաց.

-Эта девушка очень хорошо говорит по-русски.

-Անուշ, էստեղ արի, քեզ են գովում:

Անուշը չզգաց, թե ինչպես կարմրեց: «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Մուրադի նման հպարտ կանգնած նայում էի, թե ինչպես են գովում ընկերուհուս:

Հետաքրքիր և անմիջական էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ գործիչների հետ շփումը:

Ժամը 8-ին մեկնեցինք Համալիր: Չեմ ուզում մանրամասն պատմել նախագահի, վարչապետի և այլ քաղաքական գործիչների ժամանման մասին: Ամեն տեղ նույնն է:

Ամենածանր օրը առաջինն էր. մարդիկ նոր էին եկել և դեռ չգիտեին բոլոր դահլիճների տեղերը: Համաժողովի ժամանակ 4 տարբեր դահլիճներում անցկացվելու էին թեմատիկ նիստեր Հայաստանի զարգացման հիմնախնդիրները, ազգ-բանակ, արտաքին քաղաքականության օրակարգը, հայապահպանության հիմնախնդիրները թեմաներով: Ամեն մեկս մեր կանգնելու տեղն ունեինք. մեկը աստիճանների մոտ, մյուսը՝ առաջին հարկում… Օրվա առաջին կեսը «կես դրույքով» վերելակավար եմ աշխատել՝ հյուրերին ուղեկցելով 7-րդ հարկ: Վերելակ մտավ Եգիպտոսի պատվիրակությունը:

-Չեմ հասկանում՝ այստեղ բոլորն ինձ ուզում են խաբե՞լ,- հումորով հարցրեց մի երիտասարդ:

-Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել:

-Ինձ հարկավոր է Հայաստանի տնտեսության զարգացման դահլիճը. մեկ տանում են 4-րդ հարկ, հետո իջեցնում 3-րդ: Դուք վստա՞հ եք, որ ինձ ճիշտ տեղ եք տանում,- անհույս հարցրեց ինձ:

Վերջապես վրայիցս հանելով «վերելակի գծով մենեջերի» պաշտոնը՝ իջա առաջին հարկ: Մինչև ժամը 17-ը չավարտեցինք առաջին օրվա պլանը: Սփյուռքահայերի հումորներն ու անմիջական շփումը այս օրվա ծանր լինելը զգացնել չտվեցին: Համենայնդեպս՝ ինձ համար:

Օր 2. 19.09.2017

Հեռվից եկող ծանոթ մի մարդու նկատեցի:

-Ես հենց ձեզ էի սպասում,- առավոտյան ժամը 6-ին արթնացած մարդուն ոչ բնորոշ առույգությամբ ասաց մի պապիկ:

-Բարև ձեզ, ինչպե՞ս եք:

-Շատ լավ, հիանալի օր է այսօր:

Տրամադրությունս միանգամից բարձրացավ: Համալիրում էլի իրարանցում էր: Ամեն մեկն ուզում էր գտնել իր դահլիճը: Մի պապիկ մոտեցավ՝ օգնության համար: Մինչ նրան ուղեկցում էի, հարցուփորձ էր անում, թե որտեղ եմ սովորում: Այսօր Կարո Փայլանը պիտի ելույթ ունենար «Հնարավոր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Բոլորն էին ուզում Փայլանին լսել: Ես բացառություն չէի: Անուշին համոզեցի դիրքը թողնել ու բարձրանալ ինձ հետ երրորդ հարկ, այնտեղից կտեսնեի՝ հենց Փայլանը գար, գուցե կհասցնեի հետը նկարվել: Ոչ տեսա, թե ոնց եկավ, ոչ էլ նկարվեցի: Լավ է` ելույթը լսեցի:

Օր 3. 20.09.2017

Այսօր Համալիրում էլ ակտիվ շարժ չկար: Օրվա մեծ մասը պարապ ենք անցկացրել: Շարժը սկսվեց վերջում, երբ հյուրերը սկսեցին գնալ: Բոլորը մեզ մոտենում, շնորհակալություն էին հայտնում, ուզում էին նկարվել մեզ հետ: Ժան Երեմյանը մեզ նկարեց ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրության շարժման նախագահի՝ Անտուան Բազդիկյանի հետ: Մուտքի մոտ նորից հանդիպեցի այն պապիկին. այս անգամ կնոջ հետ էր:

-Օրիորդ, շատ շնորհակալ եմ այս երեք օրվա ընթացքում Ձեր կատարած աշխատանքի համար,-այնուհետև դիմեց տիկնոջը,- այս օրիորդն ինձ այսօր շատ է օգնել:

-Ուրախ եմ, որ մեզանից գոհ եք գնում,- ժպտացի ես:

Իսկապես կկարոտեմ այս պոզիտիվ պապիկին և բոլոր-բոլոր ինձ և ամբողջ Հայաստանին դրական լիցքեր հաղորդած մարդկանց:

anna mesropyan lori

Միակ աղջիկը

Ողջույն: Ես Աննան եմ: Արդեն ուսանող եմ: Ընդունվել եմ ՎՊՀ ռադիոֆիզիկայի բաժինը: Հենց սկզբից գիտեի, որ իմ կուրսում աղջիկներ քիչ են լինելու, բայց քանի որ ես սիրում եմ ֆիզիկան, որոշեցի ընդունվել այդ բաժինը:

Այս տարվա սեպտեմբերի 1-ը ամենատխուրն էր ինձ համար, որովհետև իմացա, որ կուրսում միակ աղջիկն եմ ու շատ սրտնեղեցի: Առաջին շաբաթը մեծ դժվարությամբ էի հաճախում դասերին, բայց երբ հասկանում ես, որ շրջապատված ես լավ մարդկանցով, ստիպված համակերպվում ես միջավայրին:

Արդեն անցել է մոտավորապես մի ամիս, և ես հաճույքով եմ հաճախում դասերին, ուսանողական կյանքն էլ է ինձ դուր գալիս: Կուրսում շատ հաճելի մթնոլորտ է, բոլորն ինձ լավ են վերաբերվում: Դասախոսներն էլ են շատ լավ հարաբերությունների մեջ ինձ հետ, ամենաշատը ինձ են վստահում և հենց ինձ են կուրսի ավագ նշանակել: Թեև շատ պատասխանատու գործ է, բայց ես հաճույքով եմ կատարում այն:

Բուհում ես տխրելու ժամանակ չեմ ունենում, ճիշտ է՝ կուրսում աղջիկ չկա, բայց ինձ հետ ուրիշ կուրսի աղջիկներն էլ են շփվում, և ես ինձ երբեք մենակ չեմ զգում:

Կուրսում միակ աղջիկ լինելը իր բացասական կողմերն էլ ունի, ամբողջ դասին միայն ես եմ դաս պատասխանում, լեկցիաները միայն ես եմ գրում, ու մեկ-մեկ մտածում եմ՝ եթե մի օր դասի չգնամ, ով է դասերը պատասխանելու, ումից եմ լեկցիաները արտագրելու:

Չնայած բոլոր տխուր և ուրախ պահերին՝ ես սիրում եմ ուսանողական կյանքը, և չեմ զղջում, որ ընդունվել եմ, քանի որ սովորում եմ իմ ընտրած բաժնում և ամենակարևորը՝ անվճար:

arusyak grboyan

Մա՞հ, թե՞ կյանք

Միշտ մտածել եմ կյանքի ու մահվան հերթափոխի մասին, բայց փոխեցի տրամադրվածությունս կյանքի հանդեպ՝ ուսուցչուհուս խոսքերից հետո: Առաջին օրն էր դպրոցում արձակուրդներից հետո: Ամբողջ օրն անցավ՝ քննարկելով մեր անցկացրած արձակուրդներն ու հանգիստը: Բայց ես շատ զարմացա, երբ ուսուցչուհիներիցս մեկը դասը սկսեց փոքրիկ առակով: Ահա այն այնպես, ինչպես տպավորվել է իմ մեջ.

«Կար մի հեռավոր քաղաք: Այն չէր տարբերվում մնացած քաղաքներից ոչնչով: Բայց ուներ մի առավելություն: Քաղաքում ապրում էր մի իմաստուն, որին բոլորը սիրում և հարգում էին: Նրա համբավը հասնում էր շատ հեռուներ: Քաղաքում ապրում էր ևս մի խելացի մարդ, որը նախանձից դրդված ցանկանում էր բոլորին ապացուցել, որ ինքն ավելի խելացի է, քան այդ իմաստունը: Երկար մտորումներից հետո նրա գլխում մի փառահեղ միտք է ծագում: Նա ասում է.

-Ես կբռնեմ փոքրիկ թիթեռի, կպահեմ նրան ձեռքիս մեջ և կհարցնեմ այդ իմաստունին՝ ինչ կա արդյոք իմ ձեռքում՝ մահ, թե կյանք: Եթե նա ասի՝ մահ, ես բաց կթողնեմ թիթեռին, եթե ասի՝ կյանք, ապա կսպանեմ նրան: Ամեն դեպքում նա սխալ կլինի:

Հաջորդ օրը նա անում է այն, ինչ մտածել էր, և հարցնում է իմաստունին.

-Ի՞նչ է իմ ձեռքերում՝ մա՞հ, թե՞ կյանք:

Իմաստունը պատասխանում է.

-Ամեն ինչ քո ձեռքերում է, կուզես՝ կյանք կլինի, կուզես՝ մահ:

Այսինքն՝ մեզանից է կախված, թե ինչ կլինի մեր ձեռքերում՝ մահ, թե կյանք»։

Այդ օրվանից հետո միշտ հիշում էի թիթեռնիկին ու ժպտում: Նա կարծես ամենուր ինձ հետ էր, իմ ուղեկիցն էր դարձել:

Մի օր մի դեպք էր պատահել ինձ հետ, և ես մի անիմաստ բանից զայրացել էի ու տխրել՝ չնկատելով, որ արդեն քիչ էր մնացել սպանեի թիթեռիս: Ես վնասել էի նրա փոքրիկ թևը, և դրա առողջացման համար մի քանի ժամ պահանջվեց: Բայց ի վերջո նա կազդուրվեց, կրկին ժպտաց ու նոր կյանք հաղորդեց հոգուս:

hovik vanyan dsex

Կարոտում եմ քեզ, տատիկ

Շուտով հինգ տարի կլինի, որ Ասիկ տատիկս (մայրիկիս մայրը) ֆիզիկապես ինձ հետ չէ: Անչափ շատ էի (եմ) սիրում նրան: Ամեն անգամ, երբ հիշում եմ իր մասին, առաջին բանը, որ մտքիս է գալիս, նրա անսահման սերն ու բարությունն է: Շատ օրինակելի ու մեծահոգի կին էր: Սիրում էր խելացի մարդկանց, ու ինքն էլ շատ խելացի էր…

Երեք տարեկանից սկսած, կարողացել եմ մենակ գնալ նրանց տուն (պապիկս ու տատիկս երկուսով էին ապրում), չնայած այն բանին, որ մեր տունը գյուղի մի ծայրում է գտնվում, իսկ նրանցը` մյուս: Տատիկիս կողքին ինձ շատ լավ էի զգում: Կարծես հրեշտակ լիներ` ինձ միշտ ջերմությամբ ու սիրով էր պատում: Հաճախ էի գիշերները նրանց տանը մնում, որովհետև շատ հետաքրքիր էր անցնում ժամանակը: Երեկոյան, երբ ոչխարները գալիս էին հանդից, գնում էինք գոմի մոտ, ու ես դույլը պահում էի, որ տատիկս կթի ոչխարներին: Հետո այդ կաթը պետք է պանիր դարձնեինք, ու ես անհամբեր սպասում էի «ղազանդիբի» (կաթի մինչև պանիր դառնալու պահը) ուտելուն, շատ համեղ էր լինում: Այդ ամենը վերջացնելուց հետո էլ վառարանն էինք վառում, որ պլեճ անենք: Ես վառարանի մեջ արվածն էի սիրում, իսկ տատիկս` հենց վրայինը:

Վերջապես գալիս էր հեքիաթ կարդալու ժամանակը: Շատ էի սիրում «Գեղեցկուհի Վասիլիսան» ու «Կռնատ աղջիկը» հեքիաթները ու չէի հոգնում դրանք անդադար լսելուց, որոնք տատիկս առանց հոգնելու սիրով կարդում էր ինձ համար: Ժամը 11-ից հետո էլ քնելու ժամանակն էր, ու երբ քնած ժամանակ վերմակը վրայիցս ընկնում էր, զգում էի, թե ինչպես է տատիկս զգուշությամբ նորից ծածկում ինձ…

Հիմա, երբ տատիկս ինձ հետ չէ, պատրաստ եմ ամեն ինչ տալ, միայն թե հին օրերը վերադառնան, որ նորից նրա պատրաստած ոչխարի պանիրն ուտեմ, որ նորից հեքիաթ կարդա ինձ համար ու նորից գիշերները ծածկի ինձ:

Տատիկ ջան, միշտ հիշում եմ քո խորհուրդները ու հիմա ինչի կարողացել եմ հասնել, հենց այդ խորհուրդներն են ինձ օգնել:

Կարոտում եմ քեզ…

tatev nurijanyan

Առաջին քայլս

11-րդ դասարանում էի սովորում, երբ սկսեցի լրջորեն մտածել մասնագիություն ընտրելու մասին: Մտքիս գալիս էին աշխարհի բոլոր մասնագիտությունները՝ ոստիկանից մինչև բժիշկ, խոհարարից մինչև դերասան, վարսահարդարից մինչև հոգեբան: Դժվարին ու բարդ այդ տարբերակների մեջ կանգ առա «վերամբարձ» ու առաջին հայացքից շատ դժվար թվացող պատմաբանի մասնագիտության վրա:

Պատմությունը միակ առարկան էր, որտեղ ես ինձ զգում էի ինչպես ձուկը՝ ջրում:
Պատմության հանդեպ սեր իմ մեջ արթնացրել է իմ պատմության ուսուցիչը, որը նաև իմ կնքահայրն է: Նա է եղել իմ ոգեշնչման աղբյուրը, ու որքան էլ տարօրինակ էր, նա դեմ էր իմ ընտրությանը: Փորձում էր համոզել հրաժարվել այդ բարդ ուղի ունեցող մասնագիտությունից: Խորհուրդ էր տալիս ընտրել ավելի ժամանակակից մասնագիտություն, բայց ես իմ որոշման մեջ մնացի անսասան: Դա ինձ համար արդեն ոչ միայն երազանք էր, այլև նպատակ:
Հիմա ես Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող եմ: Կատարվել է երազանքս, որին հասնելու ճանապարհին ես անդադար աշխատել եմ՝ ոչնչի առաջ կանգ չառնելով, որովհետև գիտեի, որ եթե կատարվի իմ երազանքը, դրանից ինձնից շատ կուրախանան ծնողներս ու կնքահայրս:
Երազանքները միշտ էլ կատարվում են, եթե պայքարում ենք արդեն նպատակ դարձած երազանքի համար:

amalya harutyunyan

«Սոնե» աղջկա մասին

-Ինչ տարօրինակ աղջիկ ես, ամեն ինչի մասին ուրիշ կերպ ես մտածում:

Այսպես ասաց Սոնան դեռ մեր ծանոթության առաջին օրը, դրանից հետո մեզ շատ չշփված օրեր էին սպասվում, ու կարծես հենց սկզբից էլ չէինք գտել մտերմանալու ուղին: Դե, մենք ի՞նչ իմանայինք, որ շուտով Սոնան ստիպված էր լինելու 5 օր ինձ հետ ապրել, այն էլ իրենց տանը ու այն էլ ճամբարի շրջանակներում:
Չէր էլ լրացել մեր ծանոթության 1 ամիսը, երբ մենք բավականին լավ գիտեինք իրար:
Ու երբ մենք մեծ երևակայությամբ իմ փախուստն էինք պլանավորում դեպի Մալիշկա, ինչի շնորհիվ պետք է տեսնեինք իրար, «երկնքից ընկնում է» հնարավորությունը՝ «ՏՆԱԿ» ճամբարը:
Մի քանի օր անց արդեն փախուստիս տոմսերն էլ էին ձեռքումս: Դե, նկատի ունեմ՝ ես ու Սոնան լրացրել էինք հայտը ու, ի ուրախություն մեզ, անցել ճամբարը: Ճամբարի ֆորմատը այլ էր, բոլոր այն մարդիկ, ովքեր Վայոց ձորից չէին, պիտի գային ու հյուրընկալվեին վայոցձորցիների տանը: Սոնան ու իր ընտանիքը դարձան ինձ հյուրընկալող ընտանիքը:
Հիմա, երբ հիշում եմ, որ առաջին 5 րոպեների ընթացքում չեմ ճանաչել Սոնային, ու մի կերպ եմ հասկացել, որ նա է, նորից կարմրում եմ: Ախր, շատ ամոթ էր, է: Բայց մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես ուժեղ գրկեց ինձ:

Ու սկսվեց, սկսվեցին իմ 5 անմոռանալի օրերի արկածները Վայքում ու Մալիշկայում:
Դե, պատկերացրեք՝ մեկը, ով ապրում է Երևանում, տանը միշտ փակված է ու բակում չունի ընկերներ, ամեն օր շրջապատվում է 30-ից ավելի ընկերներով, ու դա էլ հերիք չի, ընկերուհու տանն է մնում: Պատկերացրի՞ք, թե ինչ ուրախություն էր պատել ինձ: Ես էլ մինչև վերջին վայրկյանը չէի պատկերացնում: Ես տանը քնում եմ շատ ուշ՝ 3-ին կամ 4-ին ու արթնանում ցերեկը՝ 12-ին: Սոնան ինձ ստիպում էր, որ քնեի երեկոյան 11-ին ու արթնանայի առավոտյան 6-ին: Արթնանում էինք ու ճանապարհվում Վայք: Սոնայենց տունը սարի վրա էր, մենք ստիպված էինք շատ թեք ճանապարհներով գնալ: Միայն տեսնեիք, թե ինչ անհանգստությամբ ու զգուշությամբ էր բռնում ձեռքս Սոնան ու իջեցնում դժվար ճանապարհներով: Իջնում էինք, ճանապարհի կեսից միանում էին երեխեքի մի մասը, մյուս կեսից էլ՝ մյուս մասը, ու բոլորով ուղևորվում էինք կանգառ: Մեզ գցում էինք փոքրիկ ավտոբուսն ու մի փոքր տեղ գտնում նստելու: Սոնայի պատճառով ես ամբողջ ճանապարհին քնում էի, ու քնում էի՝ որպես բարձ օգտագործելով Սոնայի ուսը, Սոնան էլ ստիպված էր լինում գրկել ինձ: Դե, ճանապարհներն անհարթ էին ու իմ ընկնելու հավանականությունն էլ՝ շատ մեծ: Հասնում էինք, ամբողջ օրը միասին, ամբողջ օրը մի տեղում: Կիսում էինք նույն հացը կամ նույն նվերը (հա, Սոնան ինչ ստանում էր, ես միշտ կեսը ինձ էի վերցնում): Անցնում էինք ճոճվող կամուրջը՝ միասին գոռալով: Դասընթացներին միասին էինք ինչ-որ բան մտածում կամ միասին էինք արձագանքում ինչ-որ բանի:
Միասին էինք գնում Վայք ու Վայքից գալիս Մալիշկա:
Չեք էլ պատկերացնի՝ ինչքան շատ եմ սիրել Մալիշկան, մրգերը, որ պատահած ծառից թաքուն քաղում էինք, ճանապարհները, որ թեկուզ դժվար էր գնալ, բայց Սոնայի ձեռքը բռնած՝ լրիվ ուրիշ էր: Տները, որ հին էին շատ, բայց հետաքրքիր էին, էն սարը, որ Սոնայենց տան վերևում էր, ու որը մենք երկուսով բարձրացանք ու հայտնվեցինք արևին շատ մոտ:
Գիշերները մի լավ զրուցում էինք հազարավոր բաներից, պատմում մեր ամենակարևոր պատմությունները: Ու երբ Սոնան քնում էր, ես աչքերս բաց պառկում էի ու փորձում կանգնեցնել ժամանակը: Ես չէի ցանկանում, որ վերջանար ամեն ինչ, թեև գիտեի, որ այդ օրը շատ մոտ է:
Էդպիսի պահեր են, չէ՞, լինում, որ չես մոռանա երբեք, հա, ես չեմ մոռանա, թե ինչպես էր օգնում Սոնան, որ մաքրեի վրայիս ցեխը, երբ ընկել էի: Կամ ինչքան էր անհանգստանում, երբ ես շոգից լավ չէի զգում, ու ինչպես էր ինձ համար ջուր գտնում: Չեմ մոռանա՝ ինչպես էր ախառնվում իրար, երբ իր տեսադաշտից կորչում էի, կամ ինչպես էր մտահոգվում, երբ քաղցած էի լինում:
Մեկ, երկու, երեք, ու էսպես շուրջ 5 օր անցկացրինք ես ու Սոնան: Ամեն օրը յուրովի ուրիշ էր ու հետաքրքիր, միևնույն ժամանակ՝ խառն էր ու նույնը, արցունքոտ ու ժպիտներով լի: Բայց էդ օրերը մերն էին, մեզ համար ամենակարևոր ու ամենաթանկ պահերն էին:
Այնքան եմ կարոտում Մալիշկան: Ես նորից եմ ուզում արթնանալ Սոնայի հորդորներից առավոտյան 6-ին, ես նորից եմ ուզում ամաչել, ընկնել անհարմար իրավիճակների մեջ, նորից եմ ուզում լսել Աշոտիկի՝ Սոնայի փոքր եղբոր բղաված «բարևը», կամ նորից եմ ուզում զգալ նրա հարվածները, նորից եմ ուզում ստիպել Սոնային սովորեցնել իրենց բարբառը: Նորից եմ ուզում ընկնել ցեխաջուրն ու լաց լինել, ու ծարավ լինելու դեպքում՝ նորից եմ ուզում ջուր խմել այն տեղից, որը կենդանիների համար էր նախատեսված:
Հիմա այս ամենն արդեն երազ է թվում, թվում է, թե կյանքում չի էլ եղել, ու ես միայն քնի մեջ՝ երազում եմ այդ օրերը տեսել:
Իսկ դեռ մի քանի օր առաջ ես Մալիշկայի փողոցներով էի քայլում:
Վերջում, երբ արդեն գնում էինք, Սոնայի տանեցիները մրգի տոպրակը տվեցին ձեռքս ու ասացին՝ տանեմ: Սոնայի տատիկն էլ ասաց, որ միշտ հիշեմ՝ Մալիշկայում հարազատ քույր ունեմ ու ընտանիք:
Չէ, ես էլի եմ գնալու: Գնալու եմ՝ կարոտս առնեմ:
Գնալու եմ, հաստատ:
Մի փոքր ծանոթությունը վերածվեց մի մեծ շատ ամուր ընկերության:
Ինչ տարօրինակ ես, կյա՛նք, ամեն ինչ ուրիշ ձևով ես մատուցում:

Ani Ghulinyan

Երբ ինքդ քեզնից շատ բան չես հասկանում

Նախկինում, երբ գյուղից հաճախ չէի դուրս գալիս, մտածում էի, որ եթե գնամ, երբեք չեմ կարոտի:  Սկսում էի ձանձրանալ, որովհետև ամեն մի ծառն ու թուփն անգիր գիտեի: Իսկ երբ արձակուրդներին  տան երես չէի տեսնում, տեսած ժամանակ էլ միշտ շտապելով, միշտ ինչ-որ բանից ուշանալով, նկատել եմ, որ անգիր իմացածս ծառերը կտրված են, իսկ դրանց տեղում նոր` լրիվ անծանոթ թփեր են աճել: Ինձ ծանոթ մարդկանից շատերն էլ այլևս չկան: Սկզբից նրանց գնալը տարօրինակ է, հետո գնալուն էլ ես սովորում,  հրաժեշտները դառնում են առօրեական  ու առանց ավելորդ արցունքների:
Որոշ ժամանակ առաջ ընկերներիցս մեկը խնդրում էր օգնել, որ իմ տեսանկյունից սահմանեմ «կարոտ» բառը, այն ժամանակ հիմարաբար ասացի, որ երբեք իրական կարոտ չեմ զգացել, հետևաբար այն սահմանել չեմ կարող: Դրա պատճառը իմ կարճաժամկետ հիշողությունն է, որ տարածվում է ոչ միայն իրադարձությունների, այլև զգացողությունների վրա: Մոռացել եմ, թե ինչքան ուժգին էի կարոտում հորս, երբ նա մի քանի ամսով բացակայում էր: Հիմա այդ կարոտը ինչ-որ հեռավոր բան է թվում, որովհետև նա կողքիս է: Հիմա մենք լրացնում ենք «կարոտի ժամանակների» բացը:
Այս անտեր կարոտը (ինչպես ամեն վատ բան) գալիս է այն ժամանակ, երբ ամենից քիչն ես դրան սպասում:
Մեկ-մեկ ես կարոտում եմ գյուղիս պարապությունը, երբ կարող ես ժամերով պառկել ճոճի վրա ու ոչինչ չանել: Այդ ոչինչ չանելը շատ բան անելուց հետո այնքան հաճելի է:
Կարոտում եմ նաև ութերորդ դասարանի աշխարհագրությունը իր քարտեզներով, գրականությունը` միայն իմ սիրելի գրողներով, ու երկրաչափությունը` դեռևս հեշտ ու պարզ խնդիրներով: Կարոտում  եմ և ինձ` տասներկու տարեկան Անիին, որի միակ մտահոգությունը օրագրի մեջ «ութ» չստանալն էր, որի համար մասնագիտական ընտրության խնդիրն ու դպրոցն ավարտելու ժամանակն այնքան հեռու էին թվում:
Մեկ-մեկ սարսափում եմ այն մտքից, որ մի օր երեսուն տարեկան եմ լինելու: Ինձ համար երեսունը երիտասարդությունը ավարտելու հետ է ասոցացվում: Մայրս ասում է, որ դեռ վաղ է նման բաների մասին մտածելու համար, իսկ ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է: