Հայոց Անմահների գունդը խորագրի արխիվներ

qnarik.mkhitaryan

Մեր հերոսը` Մանուկը

Ժամանակ առ ժամանակ լռությունը խաթարվում է, մեր դեպքում` հայրենիքի համար կամ հանուն Հայրենիքի: Մենք այդ աղմուկի մեջ կորցնում ենք մեզ,  կորցնում մեր սիրելիներին, և որն ամենացավոտն է, գտնում ենք կարոտը: Ամեն բացվող օր սպասում ենք մի  հրաշքի, որը թվում էր, թե պիտի գա ու փրկի մեզ էս խավարից: Բայց խավարն ավելի է սաստկանում, երբ ցավն անձամբ քո դուռն է թակում: Այսօր մենք կորցրել ենք մեր Մանուկին, դասարանի համեստ և զուսպ տղային, ով  միշտ աչքի էր ընկնում իր լուռ ու հանգիստ բնավորությամբ: Տառապանքի ու խլացնող ձայների մեջ փորձում ենք հիշել ու որսալ հենց իր ձայնը, էն Մանուկի ձայնը, ով 12-րդ դասարանում  հարց ու պատասխանի ժամանակ վստահ ասաց, որ  ցանկանում է դառնալ սպա: Չեմ կարծում հիմա որևէ մեկը կարողանա լսել դա, աղմուկը շատ է. շատ են հիշողությունները, երջանիկ ու սիրուն պատմությունները, որոնք ապրել ենք Մանուկի հետ: Շատ են,  բայց հիմա  ցավը կոկորդում խեղդելով պետք է շնորհակալ լինենք էն փոքր տղային, ով այսօր մեր խաղաղ օրվա համար իր կյանքն է տվել, իրեն և էն բոլոր ծառայակից տղաներին, որոնց միշտ պետք է երախտապարտ լինենք:

Էն ժամանակ, երբ ինչ որ բան էի գրում, հումորի էր վերածում:  Այս աշխարհում ամենաքիչը կուզեի քո մասին այդքան կարոտով ու ցավով  գրել:

Մանուկ Արմենի Միքայելյանը հերոսաբար զոհվել է հանուն հայրենիքի, որի փրկության պայքարը պետք է շարունակենք մենք, պարտավոր ենք շարունակել մեր տեղում լինելով և մեր գործը նույն նպատակի ծառայեցնելով:

Շնորհակալ եմ, եղբայր:

Կներես մեզ …

Մենախոսություն եղբորս հետ

բարև, ախպե´րս, ո՞նց ես:

տղերքը ո՞նց են:

 

ասում են` էդտեղ ես, հա՞, ներքևում:

տեղդ հարմա՞ր ա, բատինկեքդ հո չե՞ն սեղմում,

 

կարոտել եմ:

ես քեզ կարոտում եմ ամեն օր, որովհետև դու չես կարող անցյալ լինել` նույնիսկ վաղակատար:

 

էս ծաղիկները մաշկիդ պես սպիտակ են, երկինքը` աչքերիդ պես կապույտ,  տապանաքարդ` հայացքիդ պես սառը, բայց ջերմ:

 

վերևից ամեն ինչ ավելի լավ ես տեսնում, չէ՞:

ախր նոր ներքևում չէի՞ր:

 

ձեռքս դնում եմ սրտիդ, բայց ափս էնքան փոքր ա սրտիդ համեմատ:

տաքություն եմ զգում էս խոտից, ուրեմն ճիշտ եմ դրել ձեռքս:

 

բա ո՞նց անենք, Ա´րտ, ո՞նց օգնենք տղերքին, որ ձեր մոտ չգան,

ո՞նց ասենք, որ ձեր մոտ ամենալավ մարդիկ են, բայց ամենատխուր դեմքերով:

 

հետս ինչի՞ չես խոսում, հո չե՞ս նեղացել:

մի բա´ն ասա, Արտա´կ, ախպոր պես, մի բա´ն ասա:

էս աղմկոտ աշխարհում քեզ էսքան լռություն որտեղի՞ց:

 

ուզում եմ դեմքիդ նայել:

ուզում եմ` թարթես աչքերդ, երբ անթարթ աչքերիդ եմ նայում:

 

մատներդ քոնը չեն, երկար էին քոնը, ասում էին` լավ դաշնակահար կդառնաս:

չգիտենք, չենք իմանա` ինչ էիր դառնալու:

 

պատերազմից առաջ վերջին անգամ անունդ քննության ցուցակների մեջ էի տեսել:

 

կողքիդ կանգնած հասկանում եմ, որ ինձնից բարձրահասակ ես, բայց ինձնից մեծ չես, ախպե´րս, կներես:

ես չէի ուզում էս հարցում քեզ հասնել:

ես ուզում էի իմ տասնինը նշել քո քսանմեկի հետ:

 

իմացի´ր, որ այստեղ ինձ չեն նեղացնում, այլ միայն սիրում են,

որովհետև ես Արտակի Աննան եմ, քո Աննան, ու միշտ եմ լինելու, հասկանու՞մ ես, Ա´րտ, միշտ:

 

տասնինը վարդ չորացել է հենց քո վրա:

վարդերը հետդ տու´ն բեր, բայց ծաղկած, խնդրում եմ, թոռոմածը քեզ չի սազում:

 

հիմա հանգիստ եմ. վերևում մեր ընտանիքն ավելի մեծ է,

ուրեմն մենակ չես:

 

արևը գնաց, որ դու գաս:

 

ես էլ տուն եմ գնում, թեպետ տարբերություն չկա:

Հայկոն էր ասում, չէ՞,

որտեղ դու կաս, այնտեղ է տունը իմ:

 

բայց այս տանը ջեռուցում ու լույս չկա, մրսում եմ, երևի գնամ մյուս տուն:

գիտեմ` դու էլ ես գալու:

 

լա´վ մնա, իմ ամենալա´վ ընկեր:

մինչ հանդիպում

Անավարտ երազանքներ

44-օրյա պատերազմում հերոսացած Սուրեն Եսայանն իր բազմաթիվ նպատակներից առավել կարևորում էր մեկը՝ հայրենիքը շենացնելը։ Սուրենի մոր՝ Նարինեի ականջներում շարունակ հնչում են նրա խոսքերը. «Մամ, ես շենացնելու եմ մեր երկիրը, կտեսնես՝ տղեդ ինչ ա անելու, իսկ դու ու պապան գլուխներդ բարձր եք քայլելու»։

Ընտանիքը Սուրենով հպարտանալու բազմաթիվ առիթներ ուներ․ Սուրենը 18 տարեկանում արդեն 5 լեզվի էր տիրապետում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և հինդի։

12 տարեկանում սեփական որոշմամբ իր մտերիմ ընկերոջ հետ մեկնել էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանում սովորելու։ Երբ Սուրենին դպրոցն ընդունվելու համար հարցազրույցի էին հրավիրել, քննող հանձնաժողովը զարմացել էր այդ տարիքում նրա ունեցած գիտելիքներից։

«Երեք տարի Հնդկաստանում մնալուց հետո կարոտին չդիմացավ․ եկավ Հայաստան։ Ասում էր, որ իր տեղը Հայաստանում է, առանց իր ընտանիքի ու հայրենիքի չէր կարողանում»։

Դպրոցն այստեղ ավարտելուց հետո Ֆրանսիական համալսարան էր ընդունվել, մեկ տարի սովորել ու մեկնել ծառայության։ Ջրականում էր ծառայում ու երկու ամիս էր, ինչ կրում էր զինվորական համազգեստը, երբ պատերազմը սկսվեց։ Ընտանիքին վստահեցնում էր, որ ինքն ու մյուս նորակոչիկներն ապահով վայրում են ու չեն մասնակցում մարտական գործողություններին։ Մինչև իր զոհվելը ընտանիքը չի իմացել պատերազմին նրա մասնակցության մասին։

Հոկտեմբերի 10-ի հրադադարից հետո Սուրենն այլևս տուն չզանգեց։ Ընտանիքը հույսով սպասում էր որևէ լուրի նրանից։ Սուրենից երկար սպասված զանգի փոխարեն մեկ այլ զանգ ստացան․ Սուրենի փաստաթղթերով մարմին էր գտնվել։ Երեք անգամ ԴՆԹ անալիզը չէր համընկել․ չորրորդը դրական էր․․․

Սուրենի հաղթանդամ մարմնի մեջ անսահման բարի ու փխրուն հոգի կար։ Մտերիմները նրան «բարի արջուկ» մականունն էին տվել։ Կապուտաչյա ու շիկահեր տղայի ծնողներն ու երեք քույրերը վստահ են՝ մի օր նորից կտեսնեն Սուրենին։

Սուրեն Սարգսի Եսայանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառու է։

 

Հոգեհաց` յոթ հոգու համար հավիտյան

Ավագ սերժանտ դիրքի ավագ Յուրին ամեն անգամ տնից դիրքեր բարձրանալիս մորն ասում էր․ «Մա՛մ, մենակ ինձ համար չէ, 7 մարդու համար ուտելիք դիր, որ երեխեքս էլ նորմալ ուտեն»։ Իր զինվորներին միշտ երեխաներ էր ասում ու այդպես էլ մինչև զոհվելը երեխեքին մենակ չթողեց։

Յուրի Հայրապետյանը հասուն ու հանգիստ էր իր երիտասարդ տարիքի համեմատ։ Հավասարակշռված ու վստահ իր որոշումներում՝ Յուրին Ստեփանակերտի բժշկական ուսումնարանն ավարտելուց հետո հստակ որոշեց, որ սպիտակ խալաթը պիտի փոխարինի զինվորական համազգեստով։ Այդպես էլ պարտադիր ծառայությունից հետո մնաց՝ շարունակելու ծառայել հայրենիքին։

«Երբ 14 օրով դիրքերից տուն էր գալիս, անընդհատ ասում էր՝ երբ են օրերը անցնելու, բարձրանամ դիրքեր երեխեքիս մոտ», – պատմում է մայրը՝ տիկին Սիլվան։

Սեպտեմբերի 26-ին տուն էր եկել, բայց մորը խնդրել էր շորերը չլվանալ, որ պատրաստ լիներ ցանկացած պահի դիրքեր բարձրանալուն։ Առավոտյան իրենց գյուղում՝ Ճարտարում, արդեն պայթյուններ էին լսվել, ու Յուրին միանգամից շտապել էր դիրքեր։

Պատերազմի օրերին Յուրին թոքերի լուրջ բորբոքումով հոսպիտալ էր տեղափոխվել, սակայն երեք օր դեռ չանցած ու չկազդուրված՝ բժշկի հետ կռիվ էր տվել նորից դիրքեր բարձրանալու համար։ Անընդհատ կրկնում էր՝ երեխեքիս մենակ չեմ թողնի։

Հոկտեմբերի 22-ին վերջին անգամ զանգում է տուն ու մորը խնդրում հեռանալ կամ պատսպարվել․ իրավիճակը շատ լարված էր․ առավոտյան արդեն ստանում են նրա վիրավորվելու լուրը։ Վիրավորումից հետո երկար ժամանակ արյունահոսելուց  հետո Յուրիին տեղափոխում են մոտակա հոսպիտալ, սակայն այդտեղ է ավարտվում նրա կռիվը՝ փրկելու մարդկանց կյանքեր ինչպես սպիտակ խալաթով, այնպես էլ զինվորական համազգեստով։

Յուրի Հայրապետյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է:

Հասմիկ Արզումանյան

44-օրյա պատերազմի առաջին զոհերից մեկը 35-ամյա կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանն էր։ Մայրը պատմում է՝ դեռ 2020թ․-ի ամռանը ասում էր՝ մամ, պատերազմ է լինելու, բայց չգիտենք՝ երբ, որ օրը, ասել է՝ թող, դուրս արի, Հասմիկ ջան, պատասխանել է՝ մամ, եթե ես ծառայում եմ ու երդում եմ տվել, պիտի մինչև վերջ ծառայեմ հայրենիքիս։

Մոր՝ Նունիկ Արզումանյանի բնութագրմամբ շատ հայրենասեր Հասմիկը թեև մանկուց չէր երազում զինվորական ծառայության անցնելու մասին, բայց երբ սկսել էր աշխատել, միանգամից սիրել էր ծառայությունն ու նվիրվել բանակին։

«Դպրոցն ավարտելուց հետո Հասմիկը վարսահարդարություն էր սովորել, սակայն միշտ ձգտում էր բարձրագույն կրթություն ստանալ: Մի օր ամուսնուս եղբորորդին ասաց, որ Սիսիանի զորամասում Հասմիկին հարմար աշխատանք կա», – պատմում է մայրը։

Սկզբում թե՛ Հասմիկը, թե՛ մայրն ու եղբայրը մերժել են առաջարկը, մտածելով, որ չի կարող հարմարվել ծառայությանն ու զորամասին։ Հետո Հասմիկը մտափոխվել է ու 2014թ․-ից անցել ծառայության որպես օպերատոր։

«Մի քանի ամիս աշխատում էր մեզ մոտ, այնուհետև տեղափոխվեց Կապան։ Երբ Կապան պիտի գնար, ես էլի դեմ էի, ասում էի՝ հեռու ես գնում, բայց ինքն ասում էր՝ մամ, Կապանում միշտ տաք է, ես էլ էդպիսի եղանակ սիրում եմ, իսկական իմ տեղն է։ Ու աղջկա հետ գնացին ապրելու Կապանում», – ասում է մայրը։

Մի քանի օր էր, ինչ տիկին Նունիկը Կապանում էր, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան Հասմիկը սկսեց զանգերին չպատասխանել։

«Դեռ չգիտեի, որ պատերազմ է սկսվել, և որ կրակել են Հասմիկենց զորքի ուղղությամբ․ բոլորը վիրավոր են, հոսպիտալում են։ Անմիջապես գյուղ վերադարձա։ Մեր բակում հավաքված մարդիկ և վառվող լույսն ամեն ինչ գուժեցին»։

Անչափ աշխույժ, ընկերասեր ու բարեհամբույր Հասմիկին զորամասում սիրում էին բոլորը։ Ուրախ մարդ էր, կատակասեր, երաժշտությունն ու պարելն էլ անբաժան էին իրենից։ Նրա նման է նաև 15-ամյա աղջիկը՝ Քրիստինեն։ Տիկին Նունիկի խոսքով՝ նման է Հասմիկին թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ։ Ինչպես Հասմիկը, ինքը նույնպես նպատակ ունի բարձրագույն կրթություն ստանալու ու կատարելու նաև մոր երազանքը։

Հասմիկ Սմբատի Արզումանյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառու է։

«Այն, ինչ հիշվում է, չի կարող երբեք անցյալ համարվել»

44-օրյա պատերազմի մասնակից Վահե Ադյանը ընտրել էր դերասանի ուղին և մինչև ծառայության մեկնելը քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին նկարահանվող փոքրիկ ֆիլմում խաղում էր Ռոբերտի դերը։ Ծառայությունից հետո ֆիլմը պետք է ավարտին հասցնեին, սակայն ոչ ոք չէր պատկերացնի, որ Վահեն ինքն է դառնալու պատերազմի հերոս։

Վահեին մանկուց կարելի էր տեսնել զինվորական տարբերանշանով իրերով, զինվորական հագուստով։ Վահեի մեծ եղբայրը քառօրյա պատերազմի մասնակից էր։ Վահեն հպարտանում էր եղբորով ու նրա ծառայությամբ։

Ընկերասեր ու բոլորին օգնության հասնող, հաշտեցնող Վահեն մասնագիտության ընտրության հարցում երբեք երկընտրանքի առաջ չէր կանգնել. ասում էր՝ բեմը սպասում է ինձ։ Ընդունվել էր Աբել Աբելյանի արվեստի դպրոց ու որոշ ժամանակ անց արդեն աշխատում էր այնտեղ։

Ամենաշատը, իհարկե, Վահեն սիրում էր զինվորական դերեր խաղալ թե՛ դպրոցում, թե՛ արվեստի դպրոցում․ «Վերջին զանգին ուսուցչուհուն խնդրել էր իրեն զինվորականի դեր տալ, երբ ուսուցչուհին առարկել էր, որ վերջին զանգին նման դեր գուցե չունենան, նա համառել էր սցենարում իրեն դեր հատկացնել», – հիշում է մայրը։

Վահեն մեկ տարի էր ծառայում Ջրականում, երբ սկսվեց պատերազմը։ Մեկ ամիս պայքարից հետո՝ հոկտեմբերի 30-ին, անմահացավ Մարտունի 2-ում, թշնամու ԱԹՍ-ի հարվածից։

Վահեն բանաստեղծություններ էր գրում, և հատկապես այս խոսքերը տպավորում են բոլորին․ «Այն, ինչ հիշվում է, չի կարող երբեք անցյալ համարվել»։ Ինչպես Վահեն, այնպես էլ մեր հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած բոլոր զինվորներն ու նրանց սխրանքները չեն կարող անցյալ համարվել։

Վահե Ավետիքի Ադյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։

Դու հավերժ կմնաս մեր սրտերում

«Ահարս, դու կապրե՛ս մեր մեջ, դու հավերժ կմնա՛ս մեր սրտերում»,-ասում է  Նաիրան իր հերոս ամուսնու` 44-օրյա պատերազմի մասնակից  Ահարոն Մովսիսյանի մասին։

Ահարոն Մովսիսյանը ծնվել է 1989թ․ Արարատի մարզի  Ջրաշեն գյուղում։ Հաճախել է Ս. Քոլոզյանի անվան դպրոցը։ Նա մասնագիտությամբ՝ դիպուկահար, իսկ կոչումով ենթասպա էր։  Երկու տարի իր պարտքը կատարելուց հետո վերադառնալով կազմում է ընտանիք։ Նա ունի երկու զավակ․ 9-ամյա Անդրանիկը և 8-ամյա Զառան։

Ահարոն Մովսիսյանի կինը միշտ ժպիտով է հիշում իրենց ապրած ամեն մի  րոպեն։ Ըստ Նաիրայի՝ նրանք սիրեցին իրար հեքիաթային սիրով և հասան իրենց հեքիաթին դժվարությամբ։ Սակայն իրենց հեքիաթը ավարտվեց 2020 թվականին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

«Պատերազմը սկսելուն պես մեծ  անհամբերությամբ սպասում էր ռազմաճակատ մեկնելու իր հրամանին և հոկտեմբերի երեքին՝ վաղ առավոտյան, իր կամքով մեկնում է Արցախը պաշտպանելու։ Օրեր շարունակ դաժան և ծանր մարտեր են մղում։ Ընկնելով շրջափակման մեջ, խիզախորեն շարունակում է առաջ գնալ և պաշտպանել զինակից ընկերներին։ Սակայն թշնամու մի կրակոցը խլում է նրա կյանքը»,-պատմում է նրա կինը՝ Նաիրան։

Նրա որդին՝  Անդրանիկը, նամակ է գրել իր հերոս հայրիկին, որով նա ասում է, թե ինչքան հպարտ է իր հայրիկով, որ առանց երկմտելու գնաց կռվելու թուրքերի դեմ, որ գնաց պաշտպանելու հայրենիքը (Նամակը ներքևում):

Նաիրան ասում է․ «Ահարոնը իր կյաքը զոհեց հանուն կյանքերի, հանուն հայրենիքի բարօրության, բայց կան մեր երկու հրեշտակները։ Նրանք Ահարոնից մնացած երկու մասնիկներն են, որոնք միշտ վառ են պահելու Ահարոնի մասին հուշերը, և նա  միշտ ՆԵՐԿԱ է լինելու։

Հ․Գ. Մենք բոլորս մեր այս օրվա համար պարտական ենք մեր ՀԵՐՈՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ։

Մենք պարտավոր ենք իմանալ նրանց կատարած ամեն մի սխրանքի մասին։

Մենք պարտավոր ենք վառ պահել նրանց հիշատակը։

Արթուրի հավերժացած ժպիտը

Արթուր Բալասանյանն իր գրեթե բոլոր լուսանկարներում ու տեսանյութերում լայն ժպտում ու բարձր ծիծաղում է։ Անգամ լուսանկարից ժպիտը վարակում է, ու հանկարծ գիտակցում ես, որ դու էլ լայն ժպտում ես։

Դժվար է կյանքում Արթուրի պես նվիրված ու լավ ընկեր գտնելը, բայց գտնելուց հետո էլ կորցնելն անպատմելի ցավ է բերում` փաստում են ընկերները։ Մագնիսի պես Արթուրը ձգում էր բոլորին ու գրավում իր դրական էներգիայով, տարբերվող տեսակով։

Դեռ մանկուց ճշգրիտ գիտություններով հետաքրքրված լինելով՝ Արթուրը  անսպասելիորեն արվեստի ուղին է բռնում, սկսում նկարել և ընդունվում է Գեղարվեստի պետական ակադեմիա․ ճարտարապետ-դիզայներ պիտի դառնար։ Նպատակները կապում էր այդ մասանգիտության ու ստեղծագործելով աշխարհը գեղեցկացնելու հետ։

Երգով ու պարով գնաց ծառայության: Մեկնելու առավոտյան էլ ընկերները ուրախ ու երգելով ճանապարհեցին։ Ամբողջ ծառայության ընթացքում երբեք չէր բողոքում, բնավորության համաձայն ժպտում էր։

Պատերազմից մի քանի օր առաջ արդեն դիրքերում էին։ Հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ոչնչացրին հակառակորդի մեկ տանկ ու տանկի հետևակ։

Արթուրն ընտանիքի հետ վերջին անգամ կապ էր հաստատել սեպտեմբերի 26-ին։ Սեպտեմբերի 27-ին Արթուրն ու իր 5 ընկերները անմահացան։ Երկար որոնումներից հետո՝ 2021թ․-ի փետրվարին, հարազատները գտան Արթուրի մարմինն այն նույն դիրքում, որը հերոսաբար պաշտպանել էր։

Արթուր Սերյոժայի Բալասանյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։

Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում

44-օրյա պատերազմի ընթացքում Շանթ Նավոյանի՝ նոթատետրում արված գրառումներն այդ օրերի իրական վավերագրությունն են, երբ կարդալիս աչքիդ առաջ հայտնվում են պատերազմի բոլոր դրվագները։ Էջերից մեկում Շանթը գրում էր․

«Սաղավարտը մարմնի մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել և որով մեզ ապահով էինք զգում։ Ամեն անգամ թաքստոց նետվելիս աղոթում էինք ողջ դուրս գալու համար, քնելիս աղոթում, որ իմ ուղղությամբ եկող արկերը շեղվեն ճանապարհից․․․»։ Ցավոք, Շանթի ուղղությամբ եկող հարվածներից մեկն այդպես էլ չշեղվեց 2020թ․ հոկտեմբերի 10-ին՝ թվացյալ հրադադարից կես ժամ անց։

Շանթ Նավոյանի մայրը որդու մասին անցյալով խոսել չի կարողանում։ Ասում է՝ Շանթի ներկայությունն անդադար ու անընդհատ են զգում։ Վստահ են, որ նրա ներկայությունը զգում է նաև իր հարազատ ու սիրելի քաղաքը՝ Երևանը, որի շենքերի տանիքներին Շանթն անընդհատ իր ազատությունն էր գտնում։ Թռչում էր տանիքից տանիք, նստում ու մենակ մնում իր մտքերի հետ։

Թեև ինքնամփոփ էր ու սիրում էր մենակ մնալ, բայց մեծ ընկերասեր էր և իր մտքի ճկունությամբ ու ազատությամբ գրավում էր շրջապատի բոլոր մարդկանց։ Դեռ 19-ը չլրացած Շանթը հասցրել էր սիրել։ Շատերը զարմանում էին, որ այդ տարիքում այդքան հասուն զգացմունքներ ուներ և վստահ որոշել էր՝ ընկերուհին միակն է իր կյանքում մինչև վերջ։

Մայրը պատմում է․ «Շանթը դեռ 14 տարեկանից անընդհատ գրում էր իր մտքերը, այն, ինչ զգում ու տեսնում էր։ Իր զոհվելուց հետո, երբ պահարաններում էլ գտանք ձեռագիր գրառումները, որոշեցինք հավաքել ամբողջն ու գիրք հրատարակել»։

7 ամսվա աշխատանքից հետո հրատարակվեց Շանթ Նավոյանի՝ «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը, որտեղ Շանթի մտքերն են, պատերազմի օրերի գրառումներն ու նրա մասին պատմությունները։ Մայրն ասում է՝ գիրքը շատ կարճ ժամանակում բեսթսելլեր դարձավ ու հատկապես պատերազմական գրառումները զարմացրել էին բոլոր ընթերցողներին։

Մայրն ասում է․ «Ես իսկապես զգում եմ Շանթի ներկայությունը, նրա ֆիզիկապես բացակայությունն է, որ սարսափելի ցավեցնում է։ Պետք է ուժ գտնել ու չչարանալ, բավական է մի փոքր անգամ թուլանալ, ու դա կսկսի հաղթել։ Ես փորձում եմ մնալ այն մտքով, որ Շանթը շարունակում է ծառայել։ Ես կմնամ հավերժ սպասող նրան»։

Շանթ Գուրգենի Նավոյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) շահառու է։

Արեգի սիրտը փնտրեք լեռներում

«Քո հանդեպ սերը սկսվում է հայրենիքի հանդեպ սիրուց, ու եթե ես չպահեմ ամեն միլիմետրը, որ մերն է, էդ սերը գնալով կպակասի թե՛ քո հանդեպ, թե՛ հայրենիքի», – այսպես էր 44-օրյա պատերազմի հերոս Արեգ Ադուրյանը պատասխանել սիրած աղջկա խնդրանքին` փորձել ծառայության չգնալ։

Արեգը, ում ընկերները հաճախ Արեգակ էին կոչում լուսավորության ու պայծառության համար, չափից շատ սիրում էր Հայաստանի լեռները, ու նրանց երկարաժամկետ հրաժեշտ տալ կարող էր միայն ծառայության գնալու և հայրենիքն ու լեռները պաշտպանելու համար։ Հայրն ասում է՝ լեռներն իր կյանքն էին։ Երբ ծառայում էր Իջևանում, լեռնագնացների իրենց խումբը այդ տարածքում լեռ էր բարձրանալու։ Արեգը հատուկ այդ օրվա համար արձակման թերթիկ էր խնդրել ու միացել թիմին։ Հատիսն էր սիրելի լեռը։

«Արեգի ներսում փիլիսոփա էր ապրում. դա նաև զգացվում էր ֆեյսբուքյան էջի գրառումներից։ 2020թ․-ին՝ անկախության օրը շնորհավորելիս, գրել էր` խնդրում եմ չդադարել ստեղծել ու ստեղծագործել, ժամանակ չկորցնել մեր պետությունն ավելի լավը դարձնելու գործում, քանի որ անկախության ամեն մի օրն անգին է», – պատմում է հայրը՝ Արտակը։

Արեգն ամենուր էր․ բժշկությունից մինչև գրաֆիկ դիզայն, ԹՈՒՄՈ ու լեռներ։ Իսկ Երևանը, իր ամեն անկյունով ու շենքով, Արեգի հավերժական սերն էր։ Երբ կարճաժամկետ մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն՝ հորն այցելելու, անընդհատ գրում էր ընկերներին․ «Երևանս ո՞նց ա, կարոտել եմ»։

Շարունակելով հոր գործը՝ Արեգն ընտրել էր բժշկության ուղին։ Սովորել էր Մխիթար Հերացու անվան քոլեջի ատամնատեխնիկական բաժնում, ընդունվել Հայբուսակ համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը։ Ծառայության ընթացքում էլ բուժակ էր։

Հայրը պատմում է․ «Շատ ընկերասեր էր ու առանց չափազանցնելու՝ իր ընկերների համար անգամ կյանքը կտար։ Եվ այդպես էլ եղավ։ Հոկտեմբերի 19-ի առավոտյան 10։15 իր դասակի վիրավոր հրամանատարին բերում, հասցնում է մեքենային ու կարող էր հրամանատարի հետ դուրս գալ դիրքից, բայց նրան թողնում, ինքը վերադառնում է մարտի դաշտ։ 10։45 արդեն անմահացել էր»։

Հայրն ասում է, որ մինչ դեպքը տեղի ունենալը, կապվել էր բոլոր սիրելիների հետ ու խոսել, կարծես զգում էր՝ ինչ է լինելու։ Արեգի զոհվելուց հետո նրան փնտրել են 51 օր, ընտանիքն անգամ չգիտեր՝ զոհվել է, թե գուցե գերի է։ Երկար փնտրտուքների արդյունքում կարողացել են գտնել զինծառայողների, ովքեր գիտեին դեպքը տեղի ունենալու վայրը և ուղեկցել են ընտանիքին։

Արեգը միշտ լեռներում է ու ամեն անգամ լեռներ գնալիս կհանդիպեք իրեն։

Արեգ Ադուրյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։