Ազատ տարածք խորագրի արխիվներ

Թբիլիսյան օրագիր, օր 1

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 1-5-ը Թբիլիսիում անց է կացվում Tbilisi Sunrise մանկապատանեկան միջազգային կինոփառատոնը, որին ներկայացված են նաև «Մանանա» կենտրոնի երեք ֆիլմեր: Մեր պատվիրակությունը՝ Անուշ Հովհաննիսյանը, Դավիթ Ալեքսանյանը և Լիլիթ Կարապետյանը հրավիրված են փառատոնին և պարբերաբար մեզ կհաղորդեն փառատոնային օրագիրը: Եվ այսպես.

Թբիլիսյան հագեցած օրվա մասին խոսելը մի քիչ բարդ է, քանի որ շատ բաներ կան պատմելու ու տեսնելու, բայց սկսեմ։ Ծանոթություններ ՝ ինձ համար ամենահետաքրքիր պահերից մեկը։ Հաճելի է օտարերկրացուն, ով նույնպես քեզ պես է ֆիլմեր է նկարահանում, պատմել հայրենիքից, ներկայացված ֆիլմերից ու մշակույթից։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Առաջին օրը, կարելի է ասել, շատ հագեցած էր եւ մի քիչ բարդ, քանի որ ներկայանում էին բոլոր մասնակից երկրները, ու պետք է ինչ-որ չափով հիշես նրանց մասին, ով գիտի, կարող է հաջորդ օրը նրա հետ անձամբ ծանոթանաս։ Կազմակերպիչները մեզ ուղեկցեցին դեպի Թբիլիսիի Երիտասարդական պալատ: ։ Աստիճանների մոտ մեզ դիմավորեցին Չարլի Չապլինի հանդերձանքով շատ երեխաներ, ի միջի այլոց, շատ գեղեցիկ էր մտածված։ Երբ արդեն բարձրացել էինք, մեզ ասացին, որ այսօր Չարլի Չապլինի արձանի բացման արարողությունն է։ Չապլինյան ոգի ու շունչ կար մի տեսակ։ Բացման արարողությունից հետո մեզ հրավիրեցին դահլիճ, եւ փառատոնը շարունակվեց այնտեղ։ Մի աղջիկ ՝դաշնակահարուհի, նվագեց հետաքրքիր միքս, մասնակից բոլոր երկրներից երգերի հատվածներ։ Շվեդիայի համար հնչեց ABBA հայտնի խմբի երգերից մեկը, Ուկրաինայի համար՝ «Տի ժ մենե պիդմանուլա»-ն, իսկ Հայաստանի պատվին դաշնակահարուհին կատարեց «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգի մեղեդին։ Շատ հետաքրքիր մի բան նույնպես եղավ։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Մեզ ցուցադրեցին մի քանի կարճ ֆիլմեր, իսկ վերջում ցուցադրվեց 35 տարի առաջ նկարահանված մի ֆիլմ։ Ֆիլմում ներկայացված էր մի բազմազավակ ընտանիքի պատմություն: Նրանք ունեին 9 երեխա՝ 8 աղջիկ, իսկ վերջում երկար սպասված 1 տղա։ Ֆիլմի վերջին հատվածը նկարահանել էին արդեն վերջերս, ցուցադրելով նույն ընտանիքը, բայց արդեն ֆիլմի երեխաները մեծացել էին ու իրենց ընտանիքներն էին կազմել։ Իսկ վերջում՝ անակնկա՜լ, նրանք բոլորը դահլիճում էին։ Ընտանիքի միակ տղան փոքր ժամանակ հեծանիվ էր ուզեցել, ու քանի որ նա արդեն բավականին մեծ է, հեծանիվ նվեր ստանալու համար, նրա փոխարեն իր տղան ստացավ այն։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Շատ գեղեցիկ էր նվերի հանձման պահը: Հեծանիվը իջեցրին վերեւից։ Ըհն, արդեն ժամանակն է մեզ՝ մասնակիցներին ներկայացնելու։ Բոլորիս հրավիրեցին բեմ։ Հնչում էր փառատոնի հիմնը, որի ներքո բարձրացվեց փառատոնի դրոշը։ Լույսեր, հրավառություն ՝շատ-շատ գեղեցիկ էր։ Հետո Թբիլիսիի մշակույթի տան երեխաները ազգային պարերն ու երաժշտությունը ներկայացրին, որից հետո կինոսենյակ գնացինք, որտեղ պետք է ներկայացնեինք մեր երկիրն ու կազմակերպությունը, ժյուրիին ու մասնակիցներին։ Քանի որ Հայաստանից մեզ հետ մեկ ուրիշ կազմակերպությունից մարդիկ կան, որոշեցինք, որ նրանք կներկայացնեն երկիրը, իսկ մենք՝ մեր կենտրոնը։ Բացումը արեցինք մենք, մեզ ողջունեցին հայերեն «Բարեւ»-ով, ինչ խոսք՝ շատ հաճելի էր։ Մեր խոսքից հետո ներկայացան եւ մյուս բոլոր երկրների ներկայացուցիչ կազմակերպությունները, պատմեցին, թե ինչով են զբաղվում, ինչ ֆիլմեր կամ անիմացիաներ են նկարում։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Ամեն ինչ արված էր, բոլորս արդեն միմյանց ճանաչում էինք, մնում էր ճաշել ու գնալ քնելու։ Ճաշի սեղանի շուրջ ծանոթացա ուկրաինացիների հետ. պատմում էի մեր ավանդական ուտելիքների, մեր ֆիլմերի ու իմ մասին, նույնն էլ՝ իրենք։ Իսկ հիմա սպասում ենք վաղվան, քանի որ մեր ֆիլմերը պետք է առաջինը ցուցադրվեն, հուսանք ամեն ինչ շատ լավ կանցնի։

Անուշ Հովհաննիսյան

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

***

-Ձեզ Մեյդան իջացնեմ՝ լա՞վ ա,- տաքսու վարորդն էր, ով մեզ հասցրել էր Թիֆլիս։

Տաքսուց իջնելուց հետո սկսեցինք շարժվել դեպի «Բաբիլինա» հյուրանոց, որտեղ պետք է մնանք մոտակա մի շաբաթը։ Մենք մեկ օր շուտ էինք եկել Թբիլիսի, ազատ օր ունեինք, ուստի որոշեցինք մեր ազատ օրը անցկացնել զբոսնելով եւ քաղաքին ծանոթանալով։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Քայլում եմ նեղ փողոցներով, որտեղ հանդիպում եմ հին-հին, բայց նոր լուսամուտներով ու դռներով տների։ Ամեն երեք տունը մեկ հանդիպում են եկեղեցիներ։ Դրանցից որոշները հին են, եւ միայն հեռվից նայելուց կարելի է հասկանալ, որ եկեղեցի է։ Որոշներն էլ նոր են կառուցած, բայց թեև այդքան շատ եկեղեցիներին, կան այնպիսիները, որոնք դեռ կառուցվում են։

Թբիլիսիի փողոցներում, այգիներում եւ պուրակներում հանդիպում են օտարազգի մարդիկ, ովքեր միմյանց հետ խոսում են ինձ համար տարօրինկ հնչող լեզուներով։ Կհանդիպեք նաեւ այնպիսի մարդկանց, ում կողքով անցնելիս, պետք է ձեր հայացքը մի լավ բարձրացնեք, որ գոնե դեմքը տեսնեք։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Մի երկու ժամ զբոսնելուց հետո վերադարձանք հյուրանոց, որտեղ տեսանք մեր հայրենակիցներին, ովքեր նոր էին ժամանել։ Ծանոթացանք, զրուցեցինք, նրանք ներկայացնում էին Ռոլան Բիկովի հիմնադրամը։ Միասին նորից դուրս եկանք զբոսնելու գիշերային Թբիլիսիով։

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Վերադարձանք հոգնած ու մրսած, բայց տպավորություններով լի։ Հա, մեկ էլ մոռացա ասեմ՝ էս Թիֆլիսը շատ ցուրտ է ու քամոտ, ու հեչ կապ չունի, որ արեւոտ է։

Դավիթ Ալեքսանյան

Anushik Mkrtchyan

Արձակուրդային բաղադրատոմս

Աշնանային արձակուրդները քաղաքի երեխաների համար լավ ժամանակ անցկացնելու միջոց են, իսկ գյուղացիների համար՝ հողամասերի գործերի «փակում»: Գյուղի երեխաները արձակուրդներին, կարելի է ասել, հանգստանում են գործերից, այլ ոչ թե դասերից: Քաղաքի երեխաները կարող են այդ մի շաբաթում գնալ ֆիլմ դիտելու, զբոսնելու, ինչ-որ սրճարաններ: Դե, ինչ-որ ժամանցային տեղ: Գյուղերում չկան առօրյան հետաքրքիր անցկացնելու վայրեր, և ամբողջ արձակուրդներին տանն ենք: Բայց գիտե՞ք՝ դա էլ իր հետաքրքրությունն ունի: Ասեմ: Դե, պատկերացրեք: Մրսած մտնում ես տուն ու տեսնում ես վառարանը միացրել են, վրան թեյն է եռում, կամ էլ մի տաք, համով ապուր: Բա լավ չի՞:

Հիմա արձակուրդներ են, և ես էլ որոշեցի կարճատև արձակուրդս անցկացնել Երևանում: Դե, այդքան էլ վատ չէ: Ասացի՝ վատ չէ, այսինքն՝ լավից հանած մեկ: Մի տեսակ անհետաքրքիր է անցնում՝ բացի նախորդ ուրբաթ օրվանից: Այդ օրը «Մանանա» եմ գնում: Երևանում՝ ազգականիս տանը, որտեղ անց եմ կացնում արձակուրդս, տանն ապրում են հինգ հոգի, որոնցից չորսն աշխատում են, իսկ մեկն էլ՝ սովորում: Սովորողը գալիս է մյուսներից ավելի շուտ՝ ժամը 3-ին: Բայց, դե, դրանից հետո էլ դասերով է զբաղված: Ուսանող է:

Այնուամենայնիվ, չեմ կարող ասել, որ ընդհանրապես ոչինչ չունեմ անելու: Պարապությունն էլ առիթ է հանդիսանում նյութ գրելու: Ու դրա համար ուզում եմ մի քանի բան ասել. ինչ արժե անել, երբ պարապ եք:

Ամենալավը՝ գիրք կարդալ՝ թեյ խմելով: Իմ դեպքում՝ վառարանի կողքին:

Դե, իհարկե, ֆիլմ նայել՝ փոփքորնով կամ էլ էլի թեյով:

Մտածել ինչ-որ հավես հոդվածի կամ հարցազրույցի մասին ու անպայման իրականացնել:

Ընկերներով հավաքվել ու ինչ-որ հետաքրքիր բան կազմակերպել:

Գնել «Ստեղծիր կամ ոչնչացրու» առաջադրանքների գիրքն ու հավեսով լրացնել:

Կամ էլ, ինձ նման, ինչ-որ ուտելու բան փորձել պատրաստել: Խոսքս առօրյա ուտեստների մասին չէ, այլ նոր մի բանի:

Իրականում շատ ավելի հետաքրքիր բաներ կարելի է անել մի շաբաթ տևող արձակուրդների ընթացքում: Կարևորը՝ շեղվել արթնանալ-լվացվել-հաց ուտել-քնել հաջորդականությունից:

mariam barseghyan1

Սնահավատ պատմություններ. մաս 1

-Ասում են՝ որ ծիտը տուն ա մտնում, ուրեմն կա՛մ լավ խաբար ես ստանալու, կա՛մ վատ: Ես չէի հավատում, բայց այնպես ստացվեց, որ սկսեցի հավատալ: Մի օր մեր բալկոնում նստած էի, մեկ էլ մի թռչուն դրսից տուն մտավ ու պատին կախած խալու վրա կանգնեց, հետո առանց քշելու արագ թռավ, գնաց: Նշանակություն չտվեցի դրան, որովհետև դե, ծիտ ա, էլի, ի՞նչ անենք, որ տուն ա մտել: Այդ ժամանակ լամպերի գործարանում էի աշխատում ու հաջորդ օրը ինձ հետ աշխատողներին կատակով պատմեցի եղածը: Աղջիկներից մեկն ասեց, որ լավ բան չի եղել ու պատմեց, որ տարիներ առաջ իրենց տուն ծիտ էր մտել ու կանգնել իր տատի գլխին: Ուղիղ մեկ շաբաթ անց տատը մահացել էր: Ես էլ ասեցի, որ ուղղակի համընկել է, բայց մեջս կասկած ընկավ: Ամուսինս Թիֆլիսում էր ու մի քանի օր մերոնց տանն էր մնացել: Երբ վերադարձավ, ասեց, որ ծնողներս լավ են: Բայց մի շաբաթ հետո Թիֆլիսից վատ լուր ստացանք՝ մամաս մահացել էր: Ու այդ օրվանից սնահավատ եմ դարձել, այդ թռչուններին էլ չեմ սիրում:

-Էդ վատը հիշում ես, բա լավն էլ ասա, է: Ազիզ ջան, էդ դեպքից տարիներ հետո, էլի տուն ծիտ մտավ, ու հաջորդ օրը խաբար եկավ, որ մորքուրս գալու է Ամերիկայից: Ու էլի է եղել, որ տուն ծիտ է մտել, ու լավ լուր ենք ստացել,- խոսակցությանը միացավ զրուցակցիս որդին:

Այն, ինչին մենք հավատում ենք, հաճախ իրականության է վերածվում: Մի քիչ լավատեսությունը և սնահավատ լինելու, վախենալու փոխարեն պատահականության սկզբունքին հակված լինելը մեզ չէր խանգարի: Բայց մեր մեջ բացարձակ անվախ մարդիկ չկան, ես էլ եմ սնահավատ, ես էլ կատուներից եմ վախենում, հետո ի՞նչ:

hripsime baloyan

Ձմռան պաշար

Մոտենում է ձմեռը: Ահա, ժամանակն է ձմեռվա պաշարը հավաքելու, տան դռները փակելու և ներսում հանգիստ նստելու: Այս օրերին Գյումրիի շուկան լիքն է մարդկանցով: Եկել են հեռու-մոտիկ գյուղերից՝ իրենց բերքը վաճառելու:

Իսկ ի՞նչ է պետք գյումրեցուն ձմռանը հանգիստ լինելու համար. պահածոներ, կարտոֆիլ, սոխ: Եթե գյումրեցու նկուղը լիքն է դրանցով, ուրեմն նա երջանիկ է:

Շուկան լիքն է սառած, կարմրած առևտրականներով, որոնք կանգնած են անթիվ պարկերի, արկղերի կողքին ու վաճառում են դրանց մեջ եղած կարտոֆիլը, սոխը, բազուկը, գազարը:

Վաճառում են, էն էլ ոնց են վաճառում: Այնպես են գովում իրենց ապրանքը, որ փոշմանում ես, որ դու կարտոֆիլ կամ սոխ չես ծնվել:

-Արի, արի հլը տես՝ ինչ կարտոլ է, ըսպես կարտոլ սաղ աշխարհ չկա:

Աջից, ձախից սկսում են միջամտել մյուս առևտրականները:

-Արի, արի, իմ բոստանի կարտոլն առ, բանմ երկուս ավել կուտամ:

-Տո մեռնիմ սրտիդ, էս կառտոշկեն թողած՝ ի՞նչխ ուրիշ կառտոշկեքի կնայես, ամոթ չե՞ս էնե, արի, արդեն կշռել եմ, որ տանիս:

-Հլը միամ նայե, հլը տես՝ կպեճը՝ բարակ-բարակ, միջինը՝ սիպտակ- սիպտակ, տանիս սաղ ձմեռ բանցնես, ընձի կօրհնես, որ ըսպես կարտոլ եմ տվել:

-Քա վայ, հլը ստեղ գծած կարտոշկի նայե, դաժե կափսոսաս՝ ուտես:

Ու վայ այն առևտրականին, ում մոտից վերջում գնում են կարտոֆիլը: Կողքի վաճառողները էնպես վերից վար չափող հայացքով են նայում, որ խեղճը «թամամն առնում է»:

Կանչում են ու կանչում: Ընտրության հսկայական հնարավորություն կա. շուկան լիքն է կարտոֆիլով՝ տարբեր չափի, ձևի:

Ու էս ամենը քիչ է, մեկ էլ շուկայի ծայրից հանկարծ կլսվի.

-Ըբը սոխ պետք չէ՞:

Ու սկսվում է սոխի գովքն ու երկրպագությունը:

Աշնան պատառիկներ

Զորամասերում

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Ինչպես նշել էի նախորդ հոդվածում՝ ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» զորագնդի կազմավորման 25-ամյակի առիթով այցելություն էր կազմակերպվել Արցախ։ Այցելությունը կազմակերպել էր «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ն, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ աջակցությամբ սեպտեմբերի 28-30-ին, Ասկերան- Գանձասար-Չլդրան-Դադիվանք ուղղություններով: Մասնակցում էին ոչ միայն արծիվ մահապարտներ, այլև կազմակերպության համակիրներ՝ պատերազմի բովով անցած ազատամարտիկներից մինչև երիտասարդ ու պատանի հայրենասերներ։

Ես, որպես պատանի լրագրող, տեղավորվեցի այն ավտոբուսում, որտեղ իմ հասակակիցներն էին: Եվ քանի որ այցելությունը երեք օրով էր, գիշերելու համար մեզ տեղ էր հատկացվել ՊԲ Ասկերանում տեղակայված զորամասերից մեկում։

Ստացվում էր՝ ինչ-որ չափով պետք է ապրեինք այն պայմաններում, որոնցում ապրում են մեր զինվորները։ Սկզբում թվում էր թեթև ու հետաքրքիր արկած է լինելու, բայց տեղ հասնելուն պես հասկացա, որ իրականությունը բոլորովին այլ էր:
-Տեսախցիկն անջատեք, էստեղ նկարահանել չի կարելի,- ակամա զգաստացա, և միանգամից գիտակցեցի՝ այստեղ ամեն ինչ զինվորական կարգ ու կանոնով է։

Դե ինչ, մնում էր ծանոթանալ բոլորիս համար ընդհանուր որոշ կանոնների: Որպես լրագրող՝ ինձ շատ էին հետաքրքրում գաղտնիությանը վերաբերող կանոնները, քանի որ զորամասում դրանց պահպանումը շատ կարևոր է՝ բացասական հետևանքներից խուսափելու համար։
Զորանոց մտանք գիշերը: Առաջինը, որ ուշադրությունս գրավեց, ննջարաններում առանձնացված մահճակալներն էին, և դրանց վրա խոնարհված ծաղիկները:

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Կարելի էր ենթադրել, թե ինչ խորհուրդ ունեին դրանք, բայց այդ խորհրդի մասին ներկայացրեց նաև մեզ դիմավորած սպաներից մեկը.
-Զոհված ազատամարտիկների և զինվորների անկողիններն են, որ պահպանում ենք սրբորեն։ Մենք երբեք չենք մոռանա նրանց: Նրանք միշտ իրենց տեղն ունեն մեր կողքին։ Այ, օրինակ, այն մեկն իմ զինվորի անկողինն էր, մի հրաշալի երիտասարդ էր, զոհվեց ականի պայթյունից…

Քնելու ժամանակն էր կամ մտորելու, քանզի ասում են՝ զինվորական անկողնում սկսում ես շատ բաների մասին մտածել։ Մտածում էի, թե քանի զինվորի է դիմավորել ու ճանապարհել այս մահճակալը, ի՞նչ են նրանք մտածել այստեղ պառկած, ի՞նչ են երազել, և քանի՜սն են դեռ գալու, այդ թվում և ես, ու ինչ պիտի մտածեմ կամ երազեմ ես, ո՞վ գիտե:
Առավոտյան արդեն հաջորդ բացահայտումը մեզ սպասում էր ճաշարանում. զինվորական նախաճաշն էինք համտեսելու։ Դե, իհարկե, ինչպես ասում են՝ մամայի եփածն ուրիշ է, բայց այստեղ էլ վատ չեն կերակրում։

Նախաճաշից հետո տղերքը նորից անցնում են իրենց ծառայությանը՝ ըստ օրակարգի, սակայն վերջինս այս անգամ մի փոքր փոփոխված էր։ Զորամասում «Արմինա» պարային ստուդիայի (տնօրեն՝ Արմինե Ալեքսանյան, պարուսույց՝ Անի Գալստյան) համույթը համերգային հանդիպում պետք է անցկացներ։

Ի դեպ, սա «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի աջակցությամբ այս համույթի հերթական համերգային այցն էր ՊԲ զորամասեր, որին մասնակցում էին համույթի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի և Շիրակի մարզի Արևշատ գյուղի սանուհիները և երգիչ Հովհաննես Ղուկասյանը։

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Նրանք իրենց հետ բերել էին նաև Նոր Գեղիի միջնակարգ դպրոցի աշակերտների նամակները, որոնց հասցեատերը հայ զինվորն էր՝ անկախ անունից կամ կոչումից։ Նամակները բաժանեցին զինվորներին, նրանցից ոմանք հենց տեղում սկսեցին կարդալ, ոմանք մինչև միջոցառման ավարտն ամուր պահել էին ձեռքերում։ Կարծում եմ՝ սա շատ հետաքրքիր և թանկ անակնկալ էր, քանզի ես գուշակում եմ, թե ինչ էր գրված այդ նամակներից յուրաքանչյուրում:

Զինվորներն ուրախ էին, մեկ-երկու ժամով կտրվել էին ծառայողական հոգսերից ու վայելում էին գեղեցիկ կատարումները, հետո իրենք էլ միացան՝ երգում ու պարում էին:

Հանդիպումներ կայացան ՊԲ երկու զորամասերում։ Երկուսում էլ հայրենապաշտպան զինվորի երդումին հավատարիմ ծառայության համար «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի կողմից մի խումբ զինվորներ պարգևատրվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով:

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Զինվորների ժպտացող դեմքերը հուշում էին, որ կազմակերպված միջոցառումները յուրովի հետաքրքիր էին դարձրել զինվորական ծառայության այդ օրը։
Մահապարտներն էլ իրենց հերթին ոգևորող-ուսուցանող պատմություններ էին պատմում՝ յուրաքանչյուր զինվորի իրենց որդին համարելով, խրատներ ու խորհուրդներ տալով, և, իհարկե, չէին մոռանում հիշեցնել՝ մենք ձեր կողքին ենք։ Իսկ զինվորների փայլող աչքերից երևում էր, որ այդ ամենն իրոք ոգևորում է նրանց։

Մեր զինվորներն էլ իրենց ծառայողական կյանքի հետ կապված կարճ ու կոնկրետ պատասխան ունեին.
-Ամեն ինչ կարգին է:

Երանի էլ երբեք զինվորական ննջարաններում չավելանան այն՝ հիշատակի մահճակալները:

Արիանա Կաոլին ու շախմատային աշունը

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Հոկտեմբերի 21-ին Մասիս քաղաքում անցկացվում էր «Շախմատային աշուն» խորագիրը կրող միջոցառում, որի հատուկ հյուրն էր ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոլին՝ Լևոն Արոնյանի կինը:

Զրուցակիցս Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցի շախմատի մարզիչ Անահիտ Վարդանյանն է:

-Պատմեք միջոցառման գաղափարի և ֆորմատի մասին: 

-Միջոցառումը, որը կրում է «Շախմատային աշուն» խորագիրը, այս տարի անցկացվում է առաջին անգամ, բայց նպատակ ունի դառնալու ամենամյա: Միջոցառման նպատակն է՝ պատանի շախմատիստներին հնարավորություն ընձեռել խաղալ փորձառու շախմատիստի հետ և նոր հմտություններ ձեռք բերել:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

-Այսօր ձեր հյուրն է Արիանա Կաոլին: Ինչպե՞ս հաջողվեց նրան դարձնել օրվա հյուրը: 

-Երբ նպատակ կար միջոցառումն իրականացնելու, մենք փնտրում էինք հարմար թեկնածու, ով կհամաձայներ անցկացնել խաղի միաժամանակյա սեանս երեխաների հետ: Մի օր ես համացանցում տեսա, որ Արիանան շախմատային սեանս է անցկացրել բանտարկյալների հետ և որոշեցի, որ հենց նա կարող է դառնալ մեր հյուրը: Օգոստոս ամսվանից սկսած համագործակցում ենք նրա օգնականի հետ, և այսօր դուք տեսնում եք արդյունքը:

-Ըստ ձեզ՝ ի՞նչ կտա երեխաներին այս միջոցառումը:

-Կարծում եմ՝ երեխաները առաջին հերթին կունենան փորձի փոխանակում: Սա երեխաների համար կարևոր է, քանի որ նրանք կհասկանան, որ պարտությունը աշխարհի վերջը չէ, և որ յուրաքանչյուր կայացած շախմատիստ իր հաջողություններին է հասել պարտությունների գնով:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Արիանան անցնում է ավելի քան 20 խաղատախտակների մոտով և խաղում տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ: 10-ամյա Լիլիան Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից է: Նրան հինգ տարեկանում խաղալ է սովորեցրել եղբայրը, որը 13 տարեկանում արդեն շախմատի առաջին կարգ ունի: Լիլիան, իր հաջորդ քայլը մտածած, սպասում է Արիանային:

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշ Մկրտչյանի

Աչքերում տեսնում եմ լարվածություն, հույս ու հավատ, որ մի օր ինքն էլ Արիանայի տեղում կանգնած կասի՝ շախ և մատ:

Emma Kosakyan

Աշունը չորացած տերև չէ

Շատերի համար եկել է երկար սպասված ժամանակը սոցկայքերում աշնան մասին բանաստեղծություններ ու աշնանային բնության նկարներ տեղադրելու համար: Բնականաբար, փոխվում է նաև էջի գլխավոր նկարը. հաստ ժակետով, թեյով ու գրքով նկար է պետք: Սովորաբար այդ նկարներում բաժակը լինում է դատարկ, քանի որ այն պետք է միայն թեյի տեսք ունենա, խմելու կարիք չկա: Դե, իսկ նկարի գիրքը շատերի համար առաջին պատահած գիրքն է լինում, իսկ ավելի ճիշտ՝ այն գիրքը, որն ունենում է առավել գեղեցիկ ու աշունոտ կազմ: Ու մնաց վերջին քայլը՝ սոցկայքում նշելը, որ դու լսում ես Ռուբեն Հախվերդյանի «Մեր սիրո աշունը» երգը: Վերջ, ամեն ինչ արված է:

Իմ աշունն այսպիսին չէ, բայց ես սիրում եմ այն ամենը, ինչ կապված է աշնան հետ: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են, որ աշունը ռոմանտիկների եղանակն է ու հպարտորեն ավելացնում, որ իրենք աշունը չեն սիրում, ռոմանտիկ չեն: Մի կողմ դնենք, որ ռոմանտիկ լինելը իրենց պատկերացրած սարսափելի հատկանիշը չէ, բայց մյուս կողմից միանշանակ չէ, որ աշունը սիրող բոլոր մարդիկ խիստ ռոմանտիկներ են: Կարծում եմ՝ այդպես մտածողները պարզապես լսել են այն գիտական նյութի միայն առաջին մասը, ըստ որի աշնանը բոլոր մարդիկ դառնում են առավել զգացմունքային:

Մենք գրքեր ենք կարդում, դասընթացների մասնակցում, որոնք մեզ սովորեցնում են ինչ-որ օրենքներ, մեխանիզմներ երջանիկ, հաջողակ լինելու համար: Սակայն իրականում այդ ամենը մեզ տրվում է ավելի պարզ տեսքով. պետք է պարզապես վերցնել: Բնության մեջ կատարվող ցանկացած երևույթ մարդկանց ինչ-որ բան ունի սովորեցնելու: Աշնանը քամին ծառերից պոկում է չորացած տերևներն ու քշում ծառից հեռու, փոխարենը որոշ ժամանակ անց ծառն ունենում է նոր տերևներ՝ կանա՜չ, կյանքով լի: Այդպես էլ պետք է թույլ տանք աշնան քամին անցնի նաև մեր զգացմունքների կողքով՝ պոկելով այնտեղ եղած չորացած զգացմունքները, որոնք մեզ այլևս պետք չեն: Դրանց փոխարեն մենք ունենալու ենք նորերը ՝ կանաչ, կյանքով լի: Պետք է թույլ տանք, որ աշնան քամու հետ գնան այն մարդիկ, ովքեր մեր կողքին են դողացող տերևի նման ու միևնույնն է՝ մի օր գնալու են: Թող գնան հիմա այս թեթև, աշնանային քամուց և ոչ թե անսպասելի փոթորկի պահին նկատենք, որ մենակ ենք մնացել: Աշնանը սիրում ենք փաթաթվել վերմակի մեջ ու թեյել: Բայց ամենահաստ վերմակն էլ մեզ չի տաքացնի, եթե մեր ներսում չունենք ջերմություն դեպի կյանքը, ընտանիքը, դեպի մի սեր: Դե, իսկ թեյն առանց ընկերների ոչինչ է: